Թուրքիան և Բուլղարիան պայմանավորվել են ընդլայնել համագործակցությունը սահմանների պահպանության, անօրինական միգրացիայի և անդրսահմանային հանցավորության դեմ պայքարի ոլորտներում, հայտնում է Turkish Minute-ը։
Պայմանավորվածությունը ձեռք է բերվել երեքշաբթի Սոֆիայում՝ Թուրքիայի ներքին գործերի նախարար Մուստաֆա Չիֆթչիի և նրա բուլղարացի գործընկեր Իվան Դեմերջիևի բանակցությունների ընթացքում։
Կողմերը քննարկել են թուրք-բուլղարական սահմանին անվտանգության հարցերը, մարդկանց թրաֆիքինգի, ներգաղթյալների և թմրանյութերի մաքսանենգության դեմ պայքարը, ինչպես նաև սահմանային վերահսկողության կատարելագործման միջոցները։
Բուլղարիայի սահմանը Թուրքիայի հետ Եվրամիության արտաքին սահմանի մի մասն է և այն երթուղիներից մեկը, որով ներգաղթյալներն ու փախստականները մուտք են գործում Եվրոպա։ Դրա նշանակությունն աճել է այն բանից հետո, երբ Բուլղարիան 2025 թվականի հունվարին դարձավ Շենգենյան գոտու լիիրավ անդամ։
Չիֆթչին հայտարարել է, որ Թուրքիայի, Բուլղարիայի և Հունաստանի համագործակցությունը հնարավորություն է ընձեռել տարածաշրջանում անօրինական միգրացիան կրճատել 97%-ով։ Միաժամանակ նախարարը չի հստակեցրել, թե որ ժամանակահատվածի համար է հաշվարկվել այդ ցուցանիշը, և չի ներկայացրել այն հաստատող տվյալներ։ Ըստ նրա՝ արդյունքում միգրացիոն երթուղիները սկսել են տեղաշարժվել։
Նախարարները միաժամանակ պայմանավորվել են համատեղ պայքարել այսպես կոչված «նոր սերնդի կազմակերպված հանցավոր խմբավորումների» դեմ։ Դեմերջիևը հայտարարել է, որ Թուրքիան Բուլղարիային կօգնի բացահայտել կոռուպցիոն ճանապարհով ձեռք բերված և արտասահման տեղափոխված ակտիվները, ինչպես նաև վերադարձնել դրանք։
Բացի դրանից, երկու երկրների ոստիկանական ակադեմիաները ստորագրել են փոխըմբռնման հուշագիր, որը նախատեսում է ընդլայնել համագործակցությունը կադրերի պատրաստման ոլորտում և ավելի սերտ կապեր հաստատել իրավապահ մարմինների աշխատակիցների միջև։