ԱՄՆ արդարադատության նախարարությունը չի բացառել, որ նախագահական արտոնությունը կարող է տարածվել Դոնալդ Թրամփի արտաքին խորհրդականների վրա, որոնք դաշնային կառավարության աշխատակիցներ չեն։ Դա կարող է նրանց պաշտպանել Կոնգրեսի ապագա հետաքննությունների կամ դատական վարույթների շրջանակում գաղտնի խորհրդատվությունների բովանդակությունը բացահայտելու պահանջից, հաղորդում է CBS News-ը։
Այդ եզրակացությունը պարունակում է ԱՄՆ արդարադատության նախարարության իրավախորհրդատուի վարչության 21 էջանոց եզրակացության մեջ, որը հրապարակվել է երկուշաբթի օրը։ Ըստ փաստաթղթի՝ նախագահական արտոնությունը կարող է տարածվել մասնավոր խորհրդականների վրա, եթե նրանց շփումը նախագահի հետ վերաբերում է պաշտոնական որոշումների ընդունմանը, ունի գաղտնի բնույթ և տեղի է ունենում Թրամփի՝ իր անմիջական խորհրդականների թիմի հետ խորհրդակցությունների շրջանակում։
Միաժամանակ, եզրակացությունը պարտադիր իրավական ուժ չունի։ Դրա հրապարակումը տեղի է ունեցել Կոնգրեսի միջանկյալ ընտրություններից մի քանի ամիս առաջ, որոնց արդյունքներով Դեմոկրատական կուսակցությունը կարող է վերահսկողություն ստանալ պալատներից մեկի կամ երկուսի նկատմամբ։ Այդ դեպքում Թրամփի վարչակազմը կարող է բախվել լայնածավալ հետաքննությունների։
Նախագահական արտոնությունը սովորաբար կիրառվում է պետության ղեկավարի՝ գործադիր իշխանության աշխատակիցների, այդ թվում՝ Սպիտակ տանը աշխատող իրավաբանների հետ գաղտնի շփման նկատմամբ։ Արդարադատության նախարարության նոր դիրքորոշումը տեսականորեն թույլ է տալիս այն տարածել նաև Թրամփի մասնավոր փաստաբանների և այլ խորհրդականների վրա։
Իրավախորհրդատուի վարչությունում հայտարարել են, որ գաղտնիության պաշտպանությունն անհրաժեշտ է նախագահական որոշումների ընդունման գործընթացն ապահովելու համար։
Գերատեսչության կարծիքով՝ մասնավոր խորհրդականը կարող է ունենալ եզակի փորձ կամ գիտելիքներ, որոնք անհրաժեշտ են նախագահին որոշումներ ընդունելու համար, ուստի այն փաստը, որ նման խորհրդատուն պետական պաշտոն չի զբաղեցնում, չպետք է ինքնաբերաբար զրկի նրան այդ պաշտպանությունից։
Արդարադատության նախարարության նոր դիրքորոշումն արդեն իսկ կարող է գործնական նշանակություն ունենալ Թրամփի արտաքին խորհրդական և փաստաբան Բորիս Էպշտեյնի համար։ Ամերիկյան փաստաբանների ասոցիացիան դատարանի միջոցով պահանջում է ստանալ Էպշտեյնի և Սպիտակ տան միջև նամակագրությունը՝ վարչակազմի՝ խոշոր իրավաբանական ընկերությունների նկատմամբ քաղաքականությանը վերաբերող գործի շրջանակում։ Արդարադատության նախարարությունն, իր հերթին, փորձում է չեղարկել համապատասխան պահանջը՝ պնդելով, որ Էպշտեյնը նախագահին գաղտնի խորհրդատվություն է տրամադրել։
Սա առաջին դեպքը չէ, երբ Թրամփի վարչակազմի օրոք Իրավախորհրդատուի վարչությունը նախկին գործելակերպից տարբերվող դիրքորոշում է զբաղեցնում։
Ապրիլին գերատեսչությունը հանգել էր այն եզրակացության, որ Ուոթերգեյթյան սկանդալից հետո ընդունված օրենքը, որը նախագահին պարտավորեցնում է պահպանել որոշակի փաստաթղթեր՝ հետագայում Ազգային արխիվ փոխանցելու համար, հակասում է Սահմանադրությանը։ Ավելի ուշ դաշնային դատարանը Սպիտակ տան աշխատակիցներին և Թրամփի խորհրդականներին պարտավորեցրել է պահպանել այդ օրենքը։