«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ երեկ տեղի ունեցած իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստի օրակարգային հարցերից մեկը պետք է լիներ Կոտայքի նոր մարզպետի թեկնածության քննարկումը։ Սակայն մեր իշխանական աղբյուրները փոխանցում են, որ նիստում ներքաղաքական առավել հրատապ հարցեր են եղել, ինչի պատճառով մարզպետի թեկնածության օրակարգային քննարկումը հետաձգվել է։
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Կոտայքի նախկին մարզպետ Ահարոն Սահակյանի՝ Ազգային ժողով տեղափոխվելուց հետո թափուր մնացած պաշտոնի համար իշխանության ներսում հիմնական, ըստ մեր աղբյուրների՝ նաև միակ թեկնածուն ՔՊ-ական պատգամավոր Լիլիթ Ստեփանյանն էր։
Սակայն «Ժողովուրդ» օրաթերթին նոր մանրամասներ են հայտնի դարձել այս պաշտոնի շուրջ ընթացող ներիշխանական գործընթացներից։ Կառավարության մոտ կանգնած մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Կոտայքի մարզպետ դառնալու մեծ ցանկություն ունի նաև ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի նախկին օգնական Աշխեն Հայրապետյանը, որը մամուլում հայտնի է նաև Ալեն Սիմոնյանի «արդուկ անող» բնորոշմամբ։
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ հենց Հայրապետյանն է տարբեր օղակներից փորձում հասկանալ՝ ինչպես կարող է այդ պաշտոնին «հասնել»։
Ըստ էության, իշխանության ներսում փորձում են հասկանալ Ստեփանյանի վերջնական դիրքորոշումը՝ մինչև մարզպետի թեկնածության հարցը կրկին ՔՊ վարչության օրակարգ բերելը։
Հիշեցնենք, որ Աշխեն Հայրապետյանի հայրը՝ Համլետ Հայրապետյանը, 2015 թվականից մինչև 2018 թվականի հունիսը զբաղեցրել է Կոտայքի փոխմարզպետի պաշտոնը և հայտնի է եղել որպես ՀՀԿ-ի անդամ կամ համակիր։
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ 2018 թվականին Համլետ Հայրապետյանի՝ փոխմարզպետի պաշտոնից հեռանալու որոշումը կայացրել է այն ժամանակվա մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը, թեև պաշտոնապես նրա ազատումը ձևակերպվել է «սեփական դիմումի համաձայն»։
Այսպիսով, Կոտայքի մարզպետի նշանակումը, որը պետք է քննարկվեր երեկ, առայժմ հետաձգվել է»։
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում