Նորածնի ծնողները չեն գտնվել․ եթե 3 ամսում չհայտնվեն, երեխային կարող են որդեգրել

Եթե առաջիկա երեք ամիսների ընթացքում նորածնի ծնողները կամ նրա օրինական ներկայացուցիչները չհայտնվեն, երեխայի տվյալները կընդգրկվեն որդեգրման ենթակա երեխաների ցանկում։ Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից։

Նախարարությունից նշեցին, որ «Մանուկ» տեղեկատվական համակարգում այս պահին որդեգրման համար հաշվառված է 108 անձ։

Ընտանեկան օրենսգրքի համաձայն՝ օտարերկրյա քաղաքացիներին, քաղաքացիություն չունեցող անձանց, ինչպես նաև Հայաստանից դուրս բնակվող ՀՀ քաղաքացիներին որդեգրման ենթակա երեխաների մասին տեղեկությունները տրամադրվում են երեխային կենտրոնացված հաշվառման վերցնելուց երեք ամիս անց։

Երեխայի ծնողները չեն գտնվել, ձեռնարկվում են ակտիվ օպերատիվ-հետախուզական աշխատանքներ դեպքը բացահայտելու ուղղությամբ, NEWS.am-ին հայտնեցին Ներքին գործերի նախարարությունից։

Հիշեցնենք, որ օգոստոսի 10-ին, ժամը 20:40-ի սահմաններում, Հալաբյան 13 շենքի խաղահրապարակում՝ երկաթե թիթեղների տակ, նորածին երեխա են հայտնաբերել։ Նորածին աղջկան տեղում անհրաժեշտ բուժօգնություն է ցուցաբերվել, տեղափոխել են Երևանի «Վերարտադրողական առողջության պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ»։

Այս պահի դրությամբ երեխայի կյանքին վտանգ չի սպառնում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *