Եղոյան․ Եթե ԵԱՏՄ-ում ծիրանի շուկան սահմանափակվում է, ինչպե՞ս կարելի է խոսել գազի շուկայի մասին

Հայաստանը ԵԱՏՄ-ի լիիրավ անդամ է. ԵԱՏՄ-ից բացառման մեխանիզմ չկա, եթե պետությունն ինքը դուրս գալու մասին չի հայտարարում կամ դուրս գալու գործընթաց չի նախաձեռնում։ Այս մասին, այսօր՝ օգոստոսի 12–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Հայաստանում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը։

Պատասխանելով Հայաստանում համապատասխան հանրաքվե անցկացնելու անհրաժեշտության վերաբերյալ ռուսական կողմի հայտարարության մասին հարցին՝ Եղոյանն, ըստ էության, հստակություն չմտցրեց հայկական կողմի մտադրությունների հարցում։

Նրա խոսքով՝ Մաքսային միությունում չեն կարող լինել պատժամիջոցներ, իսկ եթե պատժամիջոցներ կան, ապա դա կազմակերպություն չէ։ «Չեն կարող լինել ոչ պատժամիջոցներ, ոչ մաքսատուրքեր, ոչ էլ առևտրի խոչընդոտող արգելքներ։ Եթե կիրառվում են խոչընդոտման գործիքներ, ապա դա արդեն միություն չէ։ Եթե դուք (լրագրողներդ) սա անվանում եք պատժամիջոցներ, ապա դրանք պատժամիջոցներ են հենց Մաքսային միության դեմ», – հայտարարել է Եղոյանը՝ հավելելով, որ տուժում է ոչ միայն Հայաստանը, այլև հենց կազմակերպության հեղինակությունն ու գործառութային կարողությունը։

Եթե սահմանափակվում է ծիրանի շուկան, ապա ինչպե՞ս կարելի է խոսել գազի շուկայի մասին, կարծում է Եղոյանը։ Այն հարցին, թե ինչու Փաշինյանը վերջին հանդիպման ժամանակ չի բարձրացրել Երևանին մտահոգող հարցը, այլ արել է լիովին հակառակ հայտարարություններ, Եղոյանը առանց թարթելու հայտարարել է՝ իսկ ո՞վ ասաց, որ վարչապետը նույն բանը պետք է 50 անգամ կրկնի։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *