Ամեն ինչ պետք է անել՝ Ալիևի հագով գրված Սահմանադրությունը ձախողելու համար. Իշխան Սաղաթելյան

Դաշնակցական պատգամավոր Իշխան Սաղաթելյանը հայտարարել է, որ իշխանափոխության օրակարգը շարունակում է մնալ ընդդիմության առաջնային հարցերից մեկը։ Նրա խոսքով՝ առաջիկայում գլխավոր բախումներից մեկը լինելու է Սահմանադրության փոփոխության հարցը, իսկ ընդդիմադիր ուժերի միջև քննարկումներ են ընթանում հնարավոր համախմբման շուրջ։

«Այս իշխանությունը սպառնալիք է հայկական պետականության համար։ Հետևաբար իշխանափոխության հարցը շարունակում է մնալ օրակարգում։ Պետք է համախմբում ստեղծենք, ճանապարհային քարտեզ ձևավորենք և փորձենք հասնել մեր նպատակին»,- ասել է նա։

Սաղաթելյանի խոսքով՝ իշխանության հետագա քայլերը կարող են նոր տարածքային և քաղաքական զիջումների հանգեցնել։ Նա առանձնացրել է Սահմանադրության փոփոխության և հնարավոր «անկլավների» հարցերը՝ ընդգծելով, որ ընդդիմությունը պետք է դրանց դիմագրավելու մեխանիզմներ ստեղծի։

Ադրբեջանի հետ հնարավոր էներգետիկ համագործակցությունը Սաղաթելյանը նույնպես ռիսկային է համարել՝ նշելով, որ Հայաստանի կախվածությունը Բաքվից և Անկարայից հետագայում կարող է օգտագործվել ճնշման համար։

Իշխանափոխության ճանապարհին նա կարևորել է թե՛ խորհրդարանական աշխատանքը, թե՛ փողոցային պայքարը՝ չբացառելով դրա ակտիվացումը Սահմանադրության փոփոխության գործընթացի մեկնարկին զուգահեռ։

«Ես ուրիշ տարբերակ չգիտեմ իշխանության հեռացնելու։ Փողոցը և խորհրդարանը պետք է լինեն համատեղ»,- ասել է Սաղաթելյանը։

Վերջում նա հայտարարել է. «Ամեն ինչ պետք է անել՝ Ալիևի հագով գրված Սահմանադրությունը ձախողելու համար»։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *