Կոլումբիայում տեղի ունեցած հզոր երկրաշարժից հետո 36 ժամ փլատակների տակ անցկացրած և ողջ մնացած 32-ամյա կնոջը փրկել, հաղորդում է BBC News-ը։
Դանիելա Լարգոյին հաջողվել է դուրս բերել Պերեյրա քաղաքում փլուզված շենքի տակից 10-ժամյա փրկարարական գործողությունից հետո։ Փրկարարները կնոջը հայտնաբերել են չորս բետոնե սալերի տակ և երկու թունել են փորել, որպեսզի հասնեն նրան։
Սկզբում վերևից բացված անցքով Լարգոյին թթվածին են մատակարարել։ Նրան հաջողվել է ազատել երկրորդ թունելով, որը փրկարարները բացել էին ներքևից։
Տեղի բնակչուհին լսել է, թե ինչպես է կինն օգնություն կանչում, ինչից հետո փրկարարները ժամանել են վայր և փոքրիկ տեսախցիկի օգնությամբ հայտնաբերել Լարգոյին։ Գործողությանը մասնակցել են Պերեյրայի հրշեջները, մայրաքաղաք Բոգոտայի նրանց գործընկերները և ազգային ոստիկանության աշխատակիցները։
Կոլումբիայի նախագահ Աբելարդո դե լա Էսպրիելյան կնոջ փրկությունն անվանել է «լուր, որը մեզ հույսով է լցնում»։ Լարգոյի մայրը պատմել է, որ տանը նրա վերադարձին սպասում է 12-ամյա որդին։
Պաշտոնական տվյալներով՝ 7,4 մագնիտուդով երկրաշարժի զոհ է դարձել առնվազն 188 մարդ, հարյուրավոր մարդիկ էլ համարվում են անհայտ կորած։
Պերեյրայում փլուզվել է առնվազն 92 շենք։ Զոհվել է 79 մարդ, ևս 15-ը շարունակում են մնալ փլատակների տակ, իսկ 37-ը համարվում են անհայտ կորած։ Կալիում, որտեղ զոհվել է 95 մարդ, երեքշաբթի 16:00-ի դրությամբ փլատակների տակ մնում էր ավելի քան 200 մարդ։ Ընդհանուր առմամբ քաղաքում փրկվել է 87 մարդ։
Երկրաշարժը տեղի է ունեցել երկուշաբթի՝ տեղական ժամանակով 07:34-ին։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Չոկո նահանգի Սան-Խոսե-դել-Պալմար գյուղից ոչ հեռու։ Ստորգետնյա ցնցումները զգացվել են մեծ տարածքում, իսկ էպիկենտրոնի շրջանում ցնցումների տևողությունը կազմել է 90 վայրկյանից մինչև երկու րոպե։
Հիմնական երկրաշարժից հետո գրանցվել է ավելի քան 100 հետցնցում։