Նիկոլ Փաշինյանը հրավիրում է ավտոերթի

Նիկոլ Փաշինյանը ավտոերթ է կազմակերպել և ցանկացողներին հրավիրում է մասնակցել անձնական մեքենաներով:

«Ապրիլի 19-ին ավտոերթով նշում ենք Հյուսիս-Հարավի Գյումրի տանող հատվածի պաշտոնական բացումը։

Բոլորիդ հրավիրում եմ՝ Ձեր ավտոմեքենաներով։

Գնում ենք Գյումրիում մեր սիրելի գյումրեցիների հետ լավ օր անցկացնելու, իրար շնորհավորելու»,- սոցցանցի իր էջում գրել է նա։

Ավտոերթին մասնակցելու համար պետք է նախապես գրանցվել։

Նիկոլ Փաշինյանը սովորել է օրենքը. նա ու ԿԳՄՍ նախարարն այլևս չեն խախտի սանիտարահիգիենիկ նորմերը

Օրեր առաջ Oragir.Newsհրապարակում էր արել, նշելով, որ Նիկոլ Փաշինյանը, ԿԳՄՍ և ՏԿԵ նախարարների ուղեկցությամբ այցելել էր մանկապարտեզ, մտել խոհանոց՝ խախտելով սանիտարահիգիենիկ մի շարք նորմեր։ Խոսքը վերաբերում է հաստատություններում գործող կանոնների՝ պատշաճ կերպով չպահպանելուն, ինչը հատկապես կարևոր է երեխաների առողջության պահպանման առումով։

Oragir.News-ը խնդրի վերաբերյալ գրավոր հարցում էր ուղարկել ԿԳՄՍՆ, որին ի պատասխան նախարարությունից հայտնել են, որ Սննդի անվտանգության տեսչական մարմնի կողմից արձանագրվել են դիտարկումներ։

«Սննդի անվտանգության տեսչական մարմնի կողմից արձանագրված դիտարկումների հիման վրա սահմանված է նմանատիպ այցերի ժամանակ պահպանել սանիտարահիգիենիկ պահանջները, ինչը հաշվի է առնվել կազմակերպված հետագա այցերի ժամանակ»,- ասված է պատասխանում։

Նշենք, որ նախորդ հրապարակման մեջ, մեզ հետ զրույցում ՍԱՏՄ-ից հայտնել են, որ նման դեպքերի վերահսկողությունը իրենց անմիջական լիազորությունների շրջանակում չէ։ Սակայն, ստացվում է, որ ՍԱՏՄ-ն ԿԳՄՍ նախարարություն է ուղարկել դիտարկումներ մի բանի մասին, որն իրենց լիազորությունների մեջ չի մտնում։

Այս դեպքը կրկին ընդգծում է, որ սանիտարահիգիենիկ կանոնների պահպանումը պարտադիր է բոլորի համար՝ անկախ զբաղեցրած պաշտոնից, հատկապես այնպիսի միջավայրերում, որտեղ գտնվում են երեխաներ։

Այնուհանդերձ, ԿԳՄՍ նախարարության պատասխանը հուսադրող է, ստացվում է՝ Նիկոլ Փաշինյանն ու նախարարներն այլևս տիրապետում են օրենքին և այսուհետ չեն խախտի սանիտարահիգիենիկ նորմերը։

ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստ է հրավիրվել. ՈւՂԻՂ

Ներքին
18:03 20-07-2022

Արցախի ԱԺ գիտության, կրթության, մշակույթի,երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստ է հրավիրվել

Ինչպես տեղեկացնում են ԱՀ ԱԺ-ից, օրակարգում երկու նախագծերի քննարկում էր, օրենսդրական նախաձեռնությունների հեղինակը ԱՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն է:

Իրանը և Հայաստանը հարևանության և բարոյակենտրոն դիվանագիտության կիզակետում. Իրանի դեսպանատան կցորդի հոդվածը

Անսասան մշակութային կապեր. Իրանը և Հայաստանը հարեւանության և բարոյակենտրոն դիվանագիտության կիզակետում. նահատակ հոգեւոր առաջնորդ Այաթոլլահ Խամենեի հայեցակարգը

Այսօր՝ Իսլամական հեղափոխության առաջնորդի եւ իսլամական աշխարհի նշանավոր մտավորականի նահատակության քառասուներորդ օրը, աշխարհակարգը առավել քան երբեւէ բախվում է մի երեւույթի, որը քաղաքական հասարակագիտության տեսաբանները բնորոշում են որպես «համաճգնաժամ» (Polycrisis)՝ ի նկատի ունենալով բարոյական, ինքնության եւ անվտանգային տիպի բազմաշերտ ճգնաժամեր, որոնք ժամանակակից աշխարհը կանգնեցրել են աննախադեպ մարտահրավերների առաջ։

Պատմության գերլարված այս շրջափուլում այսօրվա աշխարհը ծարավ է խոշոր նարատիվների
համակարգված ուսումնասիրության, որոնք կարող են հատել աշխարհաքաղաքական սահմանները եւ կրոնական ու ռասայական խտրականության վրա հիմնված արհեստական անջրպետերը՝ հանուն մարդու հիմնարար արժանապատվության։

Լուսահոգի հոգեւոր առաջնորդի մտահայեցակարգի համատեքստում քաղաքականությունը եւ դիվանագիտությունը դիտվում էին ոչ թե որպես ինքնանպատակ մեխանիզմներ, այլեւ որպես մարդկային կյանքի հիմնաքարային արժեքների, իմա՝ մշակույթի, բարոյականության եւ հոգեւորի պաշտպանական շերտեր։ Նրա կերպարը սոսկ որպես ստրատեգ կամ կուսակցական առաջնորդ դիտարկելը իմացաբանական եւ մեթոդական սխալ է մեր՝ ժամանակի ըմբռնման եւ կոորդինատային հարթության դիտակետից։

Նախ եւ առաջ, նա հասարակական-կրոնական բարեփոխիչ էր եւ քաղաքակրթական տեսաբան, ով իր կյանքն ու գործունեությունը նվիրաբերեց նյութապաշտության, նիհիլիզմի եւ ինքնաօտարման ճգնաժամերից տառապող աշխարհում «մարդու» գաղափարի ամբարձմանը։

Մշակույթի ճարտարապետությունը՝ ի հակադրություն պոստմոդեռնի գաղութատիրությանը Նահատակ Այաթոլլահ Խամենեիի անձի մշակութային եւ աստվածաբանական հատույթները իրենց հիմքում ունեին կույր ծայրահեղականության մերժման եւ բանականության ու կրոնի միասնության վրա հիմնված գաղափարները։ Նրա ուսմունքի համաձայն մշակույթը ոչ թե հեգեմոնիկ, այսինքն՝ այլ ժողովուրդների նկատմամբ «փափուկ իշխանություն» հաստատելու համար նախատեսված լծակ էր, այլեւ էվդեմոնիկ (հունարեն՝ eudaimonia «բարիք, բարգավաճում, երջանկություն») գործիք է, որի միջոցով մարդը կարող է զարգացնել իր բնածին ներուժը եւ ինքնադրսեւորվել՝ հասնելով անեղծելի երջանկության։

Խամենեիի տեսական եւ կիրառական ջանքերը՝ ուղղված արեւելյան ինքնության վերականգնմանը եւ զարգացող հասարակարգերի մշակութային դիմադրողականության ամրապնդմանը՝ ի հակակշիռ գլոբալիզացիայի եւ համահարթեցման, վկայում են նրա ռազմավարական եւ հասարակագիտական խորը մտահայեցողության մասին։ Նա քաջ գիտակցում էր, որ ժողովուրդներին իրենց մշակութային եւ պատմական արմատներից զրկելը նրանց քաղաքական անկախության փլուզման առաջին նախադրյալն է։

Հանդուրժողականությունից դեպի քաղաքակրթական սիներգիա. կրոնների երկխոսության վերաձեւումը

Խամենեիի տեսանկյունից մի աշխարհում, որտեղ շրջանառվող «քաղաքակրթությունների բախման» տեսությունները նորանոր պատերազմներ ու կրոնական հակամարտություններ հրահրելու եւ նմանատիպ իրողությունները արդարացնելու գործիք են դարձել, կրոնների
երկխոսությանը ո՛չ թե ժամանակավոր դիվանագիտական քայլ էր, այլ սկզբունքային եւ
անշրջելի դիրքորոշում։ Անկյունաքարային գաղափարը միաստվածական կրոնների խաղաղ համակեցությունն է՝ հիմնված մարգարեական ուսմունքների վրա։ Այս մոտեցումը բացառում եւ մերժում է ծայրահեղականությունը՝ ընդգծելով, որ միաստվածական կրոնները բաժանարար գծերից զատ ունեն հիմքային ընդհանրություններ, որոնք կարեւոր են հասարակական կայունության եւ անվտանգության ամրապնդման հարցում։

Կայուն խաղաղություն. մարդու իրավունքների վերընթերցումը եւ կանանց դերը առողջ հասարակարգ ստեղծելու հարցում

Միջազգային հարաբերություններին նվիրված արեւմտյան գրականության մեջ խաղաղությունը հաճախ սահմանվում է որպես հրադադար կամ պատերազմի բացակայություն։ Խամենեիի համաձայն, կայուն խաղաղությունը հնարավոր է միայն կառուցվածքային արդարության հաստատմամբ եւ խտրականության վերացմամբ։ Մարդու իրավունքների վերաբերյալ նրա մոտեցումը գործիքային չէր, այլ հիմնված էր ինքնիշխանության եւ մարդու բնածին արժանապատվության գաղափարների վրա։

Այս համատեքստում կանանց դերի վերաիմաստավորումը ստանում է ռազմավարական նշանակություն։ Բարձր արժեւորելով կնոջ դերը՝ նա առաջարկում էր մարդու իրավունքների վերընթերցում՝ քաղաքակրթական առումով հիմնված հետեւյալ առանցքային դրույթների զարգացման վրա՝

• Կանայք՝ որպես ընտանեկան սիրո եւ կայունության առանցք
• Կանայք՝ որպես կրթության եւ ապագա սերունդների ձեւավորման հիմք
• Կանայք՝ որպես ակտիվ դերակատարներ գիտական, տնտեսական եւ քաղաքական
ոլորտներում։

Ճնշվածների աշխարհաքաղաքականություն. սահմաններից դուրս մտածողություն

Նահատակ հոգեւոր առաջնորդի ուսմունքի կարեւորագույն բաղադրիչներից մեկը անարդար համակարգերի դեմ դիմադրության ռազմավարության մշակումն էր։ Այս մոտեցումը չէր սահմանափակվում ազգայնական կամ գաղափարական սահմաններով եւ դրա համաձայն անհրաժեշտ է պաշտպանել ճնշվածների իրավունքները՝ անկախ նրանց կրոնական պատկանելությունից կամ աշխարհագրությունից։ Այս մտածողության համատեքստում մարդկային ցավը սահմաններ չի ճանաչում, իսկ անարդարության հանդեպ ցուցաբերվող լռությունը դիտվում է որպես բարոյական սկզբունքներին դավաճանություն։

Անքակտելի կապեր. Հայաստանը՝ բարոյակենտրոն հարեւանության դիվանագիտության ծիրում

Հարեւան ժողովուրդների, մասնավորապես՝ բարեկամ հայ ժողովրդի հետ հարաբերությունները Խամենեիի մարդակենտրոն աշխարհայացքի եւ մոտեցման բյուրեղացումն են եւ դրանց գործնական արտահայտությունը։ Իրանի մշակութային դիվանագիտությունը Հայաստանի նկատմամբ հիմնված է ոչ թե կարճաժամկետ շահերի, այլեւ խոր քաղաքակրթական ընդհանրությունների վրա։ Ասվածի վառ վկայությունն է՝ Իրանում հայ համայնքի իրավունքների ճանաչումը եւ խորը հարգանքն ու հոգածությունը հայ պատմամշակութային ժառանգության նկատմամբ։

Խամենեիի կողմից հայ ժողովուրդը իր հարուստ պատմությամբ եւ մշակույթով դիտվում էր որպես վստահելի քաղաքակրթական գործընկեր Կովկասում խաղաղության պահպանման եւ ամրապնդման գործում։

Այսօր, թեեւ այս մեծ մտավորականը ֆիզիկապես մեզ հետ չէ, նրա մտավոր ժառանգությունը շարունակում է ապրել որպես ուղեցույց՝ հիմնված արդարության, բազմակողմանի համագործակցության, մշակութային բազմազանության եւ մարդկային արժանապատվության վրա։
Իրան-Հայաստան հարաբերությունների խորացումը, մշակութային դիվանագիտության զարգացումը եւ քաղաքակրթական երկխոսության շարունակությունը մնում են այդ ուղու պահպանման եւ համաշխարհային արդարության տեսլականի իրականացման ամենահստակ ճանապարհը։

Մոհամմադ Ասադի Մովահեդ
ՀՀ-ում ԻԻՀ դեսպանության մշակույթի կենտրոնի ղեկավար

Ադրինե Աճեմյանի նոր լուսանկարը. ով է գաղտնի երկրպագուն

Մոդել և դերասանուհի Ադրինե Աճեմյանը շարունակում է ակտիվ մնալ սոցիալական հարթակներում՝ մշտապես հետաքրքրության կենտրոնում պահելով իր հետևորդներին։ Նա հաճախ է կիսվում թե՛ առօրյա հույզերով, թե՛ աշխատանքային նոր նախագծերով։

Այս անգամ դերասանուհին հրապարակել է նուրբ ու գեղեցիկ ծաղկեփնջի լուսանկար՝ ընդգծելով իր նախասիրությունները։ Լուսանկարին կից կարճ գրառում է կատարել. «Իսկ ես պիոններ սիրում եմ»։

Թե ով է այս գեղեցիկ անակնկալի հեղինակը, Ադրինեն դեռ չի բացահայտում, ինչն էլ ավելի է մեծացնում երկրպագուների հետաքրքրությունը։

Հարկ է նշել, որ դերասանուհուն հաճախ են վերագրում տարբեր սիրավեպեր նկարահանման հրապարակում իր գործընկերների հետ։ Սակայն Ադրինեն բազմիցս շեշտել է՝ եթե ինքը փայլուն է կատարում իր դերը և էկրանին կարողանում է համոզիչ սեր խաղալ, դա դեռ չի նշանակում, թե իրական կյանքում ևս կապ կա։

Ըստ դերասանուհու՝ մասնագիտական հաջողությունը չպետք է շփոթել անձնական կյանքի հետ։

Այնուամենայնիվ, «խորհրդավոր» ծաղկեփունջը նոր քննարկումների առիթ է տվել։

Մնում է սպասել Ադրինեի հաջորդ հրապարակումներին՝ հասկանալու համար, թե արդյո՞ք նրա սիրտը զբաղված է։

Արծվիկ Մինասյանից պահանջվում է ակնթարթային պատասխան, քաղաքապետարանից՝ 30 օր

Օրվա իշխանությունների վարքագիծն օրեցոր դառնում է անհամաչափ և հակասական։

Ըստ ՀՀ գլխավոր դատախազության ներկայացրած մեղադրանքի, նախկին բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը պետք է նախարար նշանակվելուց հետո շատ կարճ ժամանակում՝ ընդամենը մի քանի ժամում կամ առավելագույնը մեկ-երկու օրում, արդեն լիարժեք տեղեկացված լիներ Սևանի ափին իրականացվող շինարարական աշխատանքների մասին և անմիջապես միջոցներ ձեռնարկեր դրանք կանգնեցնելու համար։ Խոսքը՝ Սևանի տարածքում «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանին վերագրվող ինչ-որ ապօրինի շինության մասին է։

Այլ կերպ ասած՝ ձևավորվում է մոտեցում, ըստ որի՝ պետական պաշտոնյան պարտավոր է ակնթարթային արագությամբ իրազեկել՝ անկախ տեղեկատվության ծավալից, փոխանցման մեխանիզմներից և փաստացի իրազեկման գործընթացից։

Մինչդեռ նույն պետական համակարգում, նույն տրամաբանությամբ գործող մեկ այլ մարմին՝ Երևանի քաղաքապետարանը, Մյասնիկյան 1/4 հասցում գործող FreeNews հեռուստաընկերության տարածքում հնարավոր ինքնակամ շինության առկայության կամ բացակայության վերաբերյալ Oragir.News-ի հարցմանը, պաշտոնապես արձագանքում է՝ հղում անելով «Տեղեկատվության ազատության մասին» օրենքին՝ պահանջելով մինչև 30-օրյա ժամկետ՝ լրացուցիչ ուսումնասիրություններ կատարելու համար։

Այս իրավիճակում առաջանում է ակնհայտ տրամաբանական հակասություն․ մի դեպքում պետական պաշտոնյայից պահանջվում է գրեթե անմիջական տեղեկատվական ամբողջականություն և արագ արձագանք՝ նույնիսկ բարդ քաղաքաշինական կամ վերահսկողական հարցերում, իսկ մյուս դեպքում՝ նույնպիսի վերահսկողական մարմինը մեկ հստակ «այո» կամ «ոչ» պատասխան ձևակերպելու համար օգտագործում է օրենքով առավելագույն թույլատրելի ամբողջ ժամկետը՝ 30 օրը։

Հարցը, բնականաբար, միայն ժամկետների մեջ չէ։ Խնդիրն այն է, որ նույն պետական համակարգում տեղեկատվության հասանելիության և պատասխանատվության չափանիշները կիրառվում են ոչ համաչափ՝ պայմանավորված քաղաքական գործիչների անձով և կամ հասցեատիրոջ կարգավիճակով։ Խոսքն «ընտրովի մոտեցման» մասին է․ մի դեպքում ակնկալվում է գրեթե անմիջական տեղեկացվածություն, իսկ մյուս դեպքում՝ նույնիսկ պարզ հարցերի պատասխանները ձգձգվում են։

ՀԷՑ աշխատակիցների պայմանագրերը լուծարելու հրամաններն անվավեր են ճանաչվում. հայտարարություն

ՀՀ դատարանները անվավեր են ճանաչում «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանի՝ ընկերության աշխատակիցների աշխատանքային պայմանագրերը լուծարելու հրամանները:

Այս մասին հայտարարություն է տարածել ՀԷՑ վերահսկողական կոմիտեն։

«Շուրջ երեք տասնյակ աշխատակիցների մասով աշխատանքից ազատման հրամանների անվավեր ճանաչման արդյունքում հօգուտ աշխատակիցների բռնագանձման ենթակա գումարը հասնում է հարյուրավոր միլիոն դրամների, ինչն ուղիղ վնաս է հասցնելու ընկերության սեփականատերերին»,– նշել է կոմիտեն։

ՀԷՑ վերահսկողական կոմիտեն հիշեցրել է, որ սակագնով փոխհատուցվող աշխատավարձային ֆոնդի գերազանցող մասը` շուրջ 12 մլրդ դրամ, «Տաշիր» ընկերությունների խումբն իր սեփական միջոցներից է ֆինանսավորել 2016–2025 թթ.:

«Ներկա պահին ընկերության աշխատավարձային ֆոնդը չի տեղավորվում սակագնով փոխհատուցող գումարի սահմաններում և մասամբ ֆինանսավորվում է «Տաշիր» խմբի միջոցների հաշվին, դա նաև վերաբերում է ընտրություններից առաջ շուրջ 3500 աշխատակցի վարձատրության բարձրացմանը, քանի որ սակագնով աշխատավարձային հոդվածի բարձրացում չի եղել»,– ընդգծել են կոմիտեից:

ՀԷՑ վերահսկողական կոմիտեից վստահեցրել են` այս ամենի արդյունքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Ռոմանոս Պետրոսյանը ՔՊ–ի նախընտրական PR–ն է անում «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության սեփականատերերի հաշվին՝ առանց նրանց հետ համաձայնեցնելու:

Վանդալիզմի հետևանքով խեղվել է հանրապետական նշանակության հուշարձանի ամբողջականությունը. Հայկ Դեմոյան

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն, պատմաբան Հայկ Դեմոյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

Ու այս տեսարանը ապրիլի 24-ին ձեզ կհրամցնեն որպես Մեծ Եղեռնի հուշահամալիրի վերականգնում: Ու կասեն, որ ստում էիք, ասելով, թե իբր հուշահամալիրի Հավերժության տաճարի արտաքին երեսպատման բնօրինակ սալաքարերի մեկ երրորդը վերածվել է խճազանգվածի:

Նախագծով արձանագրված ապամոնտաժման ու վերատեղադրման փոխարեն հուշահամալիրի այս մասում կտեսնենք երեք տարբեր երանգներով արտաքին երեսպատում: Ու կլծվեն վարձու գրչակները, ֆեյքերն ու սուտի ակադեմիականները՝ այս տեսարանը հիմնավորելու ու արդարացնելու համար:

Այս տեսարանը ստացվել է քրեական պատասխանատվության ենթակա գործողության արդյունքում: Փաստերն ու ապացույցներն անհամեմատ շատ են ու անհերքելի:

Տեղի ունեցած վանդալիզմի հետևանքով խեղվել ու աղճատվել է հանրապետական նշանակության հուշարձանի տեսքն ու ամբողջականությունը:

Հայաստանում կա՞ արդյոք դատավոր կամ դատախազ, որ պատիվ ու արժանապատվություն կունենա ու ընթացք կտա այդ քրեական գործին…

ՀՀ-ում արդեն պրոբացիայի տակ գտնվողներն են գողություն անում

2025 թվականի դեկտեմբերի 26-ին Երևան քաղաքի Առնո Բաբաջանյան 49 շենքում կատարված բնակարանային գողությունը նախադեպը չունեցող դեպք է։

Համաձայն «Դատալեքսի» տվյալների, գողություն կատարած հանցագործը բազմաթիվ գողություններ է կատարել Լեռնային Ղարաբաղում և ՀՀ-ում, սակայն այսօր պատասխանատվության ենթարկվելու փոխարեն ոչ միայն ազատության մեջ է, այլև ոտքին ամրացված էլեկտրոնային «բրասլետով» ցանկացած պահի բնակարաններ է թալանում։ Այս դեպքի առնչությամբ ՆԳՆ-պաշտոնական հաղորդագրություն տարածեց, ըստ որի՝ Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ․ պարզվել է, որ բնակարանային գողությունը կատարել է Վիլնյուսի փողոցի բնակիչ, 47-ամյա մի տղամարդ։

Փետրվարի 9-ին նշված տղամարդու նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում, որից հետո ձերբակալվել և ներկայացվել է նախաքննական մարմին։ Վերջինի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել կալանքը։ Նա տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ։

Դեպքին անդրադարձել է նաև ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը՝ ներկայացնելով լրացուցիչ մանրամասներ։ Ըստ հրապարակման՝ գողության զոհ են դարձել նշված հասցեում բնակվող արցախցի երիտասարդ ամուսիններ, որոնց բնակարանից հափշտակվել էր շուրջ 7 միլիոն դրամի ոսկյա զարդեր և դրամական միջոցներ։

Դեպքից անցել է շուրջ 4 ամիս։ Այդ ընթացքում թե ինչ «գործընթացներ» են տեղի ունեցել իրավապահ համակարգի և հանցագործների միջև, կարելի է ենթադրել այն փաստից, որ գողը կրկին ազատության մեջ է։

Որքան էլ տարօրինակ է, դեկտեմբերից մինչ օրս իրավապահները չեն կարողանում կամ չեն ցանկանում գողոնը գտնել և վերադարձնել տիրոջը։

Ավելին՝ գործի շրջանակում առկա են բազմաթիվ փաստեր, ըստ ամենայնի, պատշաճ չեն ուսումնասիրվել։

Տեսախցիկների առկայության պայմաններում, ինչպես հայտնում է Oragir.News-ի աղբյուրը, հստակ ֆիքսված է, թե քանի մարդ է մասնակցել գողությանը, ինչպես է բացվել մուտքի դուռը, ինչպես են հանցագործները մուտք գործել բնակարան և րոպեների ընթացքում իրականացրել գողությունը։

Չնայած դրան՝ կարևոր վկաներից մեկը մինչ օրս չի հարցաքննվել, ինչը լուրջ կասկածներ է առաջացնում նախաքննության լիարժեքության վերաբերյալ։

Հարցերը շատ են․ ինչո՞ւ տեսագրությունները չեն ուսումնասիրվել ամբողջ ծավալով, ինչո՞ւ մուտքի անվտանգության համակարգի (դոմոֆոն) տվյալները չեն ներառվել գործի նյութերում, ինչո՞ւ հարևանների վկայությունները անտեսվել են, ինչո՞ւ հեռախոսային տվյալներն ու հնարավոր գաղտնալսման փաստերը չեն վերլուծվել ամբողջությամբ։

Կամ եթե ըստ վկայությունների և տեսագրության տվյալների, մի քանիսն են եղել, նշվում է երեք մարդու անուն, ինչու են մյուս երկուսն ազատության մեջ, կամ Հրաչյա Մարգարյանն ինչու է 2 ամիս անց ազատ արձակվել և այժմ էլ ազատ շրջում ու կարող է էլի բնակարաններ թալանել։ Գործում առկա է նաև ուշագրավ հանգամանք․ կա հեռախոսահամար, որի միջոցով, ըստ աղբյուրի, իրականացվել է տվյալ ընտանիքի նկատմամբ գաղտնալսում։

«Ընտանիքի նկատմամբ իրականացվել է գաղտնալսում, և դրա վերաբերյալ կան որոշ փաստեր։ Չի պարզվում՝ ով է դա կազմակերպել, սակայն գործի նյութերում առկա հեռախոսահամարը, ամենայն հավանականությամբ, օգտագործվել է այդ նպատակով։ Ընդ որում, այդ գործողությունները տեղի են ունեցել ինչպես դեպքից առաջ, այնպես էլ հենց այդ օրը և դրանից հետո»,- նշում է մեր աղբյուրը՝ հավելելով, որ սա արդեն գործին տալիս է հնարավոր կազմակերպված հանցագործության բնույթ։

Ըստ նույն աղբյուրի՝ կատարվածը մեկ կամ երկու անձի գործ չէ․ տեսանյութերի և այլ տվյալների համադրումը ցույց է տալիս, որ գործել է խումբ։ Ավելին՝ տեսախցիկներում արձանագրվել է նաև կեղծ համարանիշներով ավտոմեքենա, որի վերաբերյալ ոստիկանությունը մինչ օրս հստակ պարզաբանում չի տվել։ Առկա են նաև էական հակասություններ։ Գործի նյութերում նշվում է, որ կասկածյալը հանցանքի պահին հեռախոս չի ունեցել կամ օգտագործել է կնոջ հեռախոսը։

Սակայն հեռախոսային տվյալները ցույց են տալիս, որ տվյալ համարն այդ պահին ընդհանրապես չի գտնվել Մալաթիայի բջջային ծածկույթի տիրույթում, այլ ֆիքսվել է Նորքի 8-րդ զանգվածում։ Միևնույն ժամանակ, պրոբացիայի տվյալներով հաստատվում է, որ նույն անձը գտնվել է հենց դեպքի վայրում։ Ստացվում է պարադոքսալ իրավիճակ․ մարդը միաժամանակ «կա» և «չկա» դեպքի վայրում։ Ավելին՝ տվյալ շենքում նրան որևէ մեկը չի ճանաչում, և նա որևէ կապ չի ունեցել այդ հասցեի հետ։ Ուստի առաջանում է պարզ հարց՝ ի՞նչ նպատակով էր նա այնտեղ։

Չորս ամիս անց քննությունը որևէ շոշափելի արդյունք չի տվել։ Տուժածներին չեն տրամադրվել ամբողջական տեսագրությունները․ փոխանցվել են միայն աղոտ, սև-սպիտակ լուսանկարներ, որոնք գործնականում ոչինչ չեն ապացուցում։ Կասկածյալը շուրջ երկու ամիս գտնվել է կալանքի տակ, սակայն հետագայում ազատ է արձակվել այն բանից հետո, երբ վերաքննիչ դատարանը մերժել է կալանքի ժամկետը երկարացնելու միջնորդությունը։ Այսօր նա ազատության մեջ է։ Իսկ տուժածները՝ անպատասխան հարցերի առաջ։

Եվ ամենակարևոր հարցը շարունակում է կախված մնալ օդում․ եթե պրոբացիայի վերահսկողության տակ գտնվող անձը կարող է շարունակել ենթադրյալ հանցագործություններ կատարել, ապա որքանո՞վ է արդյունավետ գործող համակարգը։

Բնականաբար, Oragir.News-ը վերը նշված հարցերի շուրջ փորձեց պարզաբանում ստանալ այս գործը քննող քննիչ Արմինե Ավետիսյանից։ Լսելով մեր հարցը սույն գործի վերաբերյալ՝ քննիչը կարճ կապեց․ «Ես այդ հարցին չեմ կարող պատասխանել․ խնդրում եմ կապվել Քննչական կոմիտեի լրատվության բաժնի հետ, իրենք ավելի մանրամասն տեղեկությունները կտրամադրեն։ Ես իրավունք չունեմ Ձեր հարցերին պատասխանել»։

Քննչական կոմիտեից Oragir.News-ին հայտնեցին, որ հիշյալ գործի վարույթով նախաքննությունն ավարտվել է, գործն ուղարկվել է Դատախազություն, և քանի որ իրենց տիրույթում չէ, մեկնաբանել չեն կարող։

Oragir.News-ը գրավոր հարցում կուղարկի նաև ՀՀ դատախազությանը՝ ակնկալելով իր հարցերի հստակ պատասխանները։

Հասմիկ Մովսիսյան

Ցավոք՝ Բաքվում դեռ կան գերիներ, և այդ մարդիկ օր առաջ պետք է ազատ արձակվեն. Արարատ Միրզոյան

«Հաստատված խաղաղությունն ակնհայտորեն ինստիտուցոնալացման կարիք ունի: Խաղաղությունը կա, մենք դրա պտուղները վայելում ենք, բայց հասկանում ենք, որ այն դեռ նոր է, խնամքի ու հոգատարության կարիք ունի»:

Այս մասին Հայաստանի ու Էստոնիայի ԱԳ նախարարների համատեղ ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:

«Կան բազմաթիվ հարցեր, որ լուծվել են, բայց ցավոք սրտի և հասկանալիորեն՝ բոլոր հարցերը չեն, որ լուծված են:

Ցավոք Բաքվում դեռ կան գերիներ և մեր դիրքորոշումը մեկն է՝ օր առաջ այս մարդիկ պետք է ազատ արձակվեն ու նրանց ազատ արձակումը կգա ամրապնդելու հաստատված խաղաղությունը:

Շարունակում ենք մեր երկխոսությունը այս թեմայով: Դա մեր օրակարգի ամենագլխավոր հարցերից մեկն է:

Կարմիր խաչի գործունեության ավարտը Ադրբեջանում ավելի է բարդացրել իրավիճակը այս առումով, համաձայնվում ենք, որ խնդիրը կա և շարունակում ենք մեր ջանքերն այդ ուղղությամբ», – ասաց Արարատ Միրզոյանը: