Անսասան մշակութային կապեր. Իրանը և Հայաստանը հարեւանության և բարոյակենտրոն դիվանագիտության կիզակետում. նահատակ հոգեւոր առաջնորդ Այաթոլլահ Խամենեի հայեցակարգը
Այսօր՝ Իսլամական հեղափոխության առաջնորդի եւ իսլամական աշխարհի նշանավոր մտավորականի նահատակության քառասուներորդ օրը, աշխարհակարգը առավել քան երբեւէ բախվում է մի երեւույթի, որը քաղաքական հասարակագիտության տեսաբանները բնորոշում են որպես «համաճգնաժամ» (Polycrisis)՝ ի նկատի ունենալով բարոյական, ինքնության եւ անվտանգային տիպի բազմաշերտ ճգնաժամեր, որոնք ժամանակակից աշխարհը կանգնեցրել են աննախադեպ մարտահրավերների առաջ։
Պատմության գերլարված այս շրջափուլում այսօրվա աշխարհը ծարավ է խոշոր նարատիվների
համակարգված ուսումնասիրության, որոնք կարող են հատել աշխարհաքաղաքական սահմանները եւ կրոնական ու ռասայական խտրականության վրա հիմնված արհեստական անջրպետերը՝ հանուն մարդու հիմնարար արժանապատվության։
Լուսահոգի հոգեւոր առաջնորդի մտահայեցակարգի համատեքստում քաղաքականությունը եւ դիվանագիտությունը դիտվում էին ոչ թե որպես ինքնանպատակ մեխանիզմներ, այլեւ որպես մարդկային կյանքի հիմնաքարային արժեքների, իմա՝ մշակույթի, բարոյականության եւ հոգեւորի պաշտպանական շերտեր։ Նրա կերպարը սոսկ որպես ստրատեգ կամ կուսակցական առաջնորդ դիտարկելը իմացաբանական եւ մեթոդական սխալ է մեր՝ ժամանակի ըմբռնման եւ կոորդինատային հարթության դիտակետից։
Նախ եւ առաջ, նա հասարակական-կրոնական բարեփոխիչ էր եւ քաղաքակրթական տեսաբան, ով իր կյանքն ու գործունեությունը նվիրաբերեց նյութապաշտության, նիհիլիզմի եւ ինքնաօտարման ճգնաժամերից տառապող աշխարհում «մարդու» գաղափարի ամբարձմանը։
Մշակույթի ճարտարապետությունը՝ ի հակադրություն պոստմոդեռնի գաղութատիրությանը Նահատակ Այաթոլլահ Խամենեիի անձի մշակութային եւ աստվածաբանական հատույթները իրենց հիմքում ունեին կույր ծայրահեղականության մերժման եւ բանականության ու կրոնի միասնության վրա հիմնված գաղափարները։ Նրա ուսմունքի համաձայն մշակույթը ոչ թե հեգեմոնիկ, այսինքն՝ այլ ժողովուրդների նկատմամբ «փափուկ իշխանություն» հաստատելու համար նախատեսված լծակ էր, այլեւ էվդեմոնիկ (հունարեն՝ eudaimonia «բարիք, բարգավաճում, երջանկություն») գործիք է, որի միջոցով մարդը կարող է զարգացնել իր բնածին ներուժը եւ ինքնադրսեւորվել՝ հասնելով անեղծելի երջանկության։
Խամենեիի տեսական եւ կիրառական ջանքերը՝ ուղղված արեւելյան ինքնության վերականգնմանը եւ զարգացող հասարակարգերի մշակութային դիմադրողականության ամրապնդմանը՝ ի հակակշիռ գլոբալիզացիայի եւ համահարթեցման, վկայում են նրա ռազմավարական եւ հասարակագիտական խորը մտահայեցողության մասին։ Նա քաջ գիտակցում էր, որ ժողովուրդներին իրենց մշակութային եւ պատմական արմատներից զրկելը նրանց քաղաքական անկախության փլուզման առաջին նախադրյալն է։
Հանդուրժողականությունից դեպի քաղաքակրթական սիներգիա. կրոնների երկխոսության վերաձեւումը
Խամենեիի տեսանկյունից մի աշխարհում, որտեղ շրջանառվող «քաղաքակրթությունների բախման» տեսությունները նորանոր պատերազմներ ու կրոնական հակամարտություններ հրահրելու եւ նմանատիպ իրողությունները արդարացնելու գործիք են դարձել, կրոնների
երկխոսությանը ո՛չ թե ժամանակավոր դիվանագիտական քայլ էր, այլ սկզբունքային եւ
անշրջելի դիրքորոշում։ Անկյունաքարային գաղափարը միաստվածական կրոնների խաղաղ համակեցությունն է՝ հիմնված մարգարեական ուսմունքների վրա։ Այս մոտեցումը բացառում եւ մերժում է ծայրահեղականությունը՝ ընդգծելով, որ միաստվածական կրոնները բաժանարար գծերից զատ ունեն հիմքային ընդհանրություններ, որոնք կարեւոր են հասարակական կայունության եւ անվտանգության ամրապնդման հարցում։
Կայուն խաղաղություն. մարդու իրավունքների վերընթերցումը եւ կանանց դերը առողջ հասարակարգ ստեղծելու հարցում
Միջազգային հարաբերություններին նվիրված արեւմտյան գրականության մեջ խաղաղությունը հաճախ սահմանվում է որպես հրադադար կամ պատերազմի բացակայություն։ Խամենեիի համաձայն, կայուն խաղաղությունը հնարավոր է միայն կառուցվածքային արդարության հաստատմամբ եւ խտրականության վերացմամբ։ Մարդու իրավունքների վերաբերյալ նրա մոտեցումը գործիքային չէր, այլ հիմնված էր ինքնիշխանության եւ մարդու բնածին արժանապատվության գաղափարների վրա։
Այս համատեքստում կանանց դերի վերաիմաստավորումը ստանում է ռազմավարական նշանակություն։ Բարձր արժեւորելով կնոջ դերը՝ նա առաջարկում էր մարդու իրավունքների վերընթերցում՝ քաղաքակրթական առումով հիմնված հետեւյալ առանցքային դրույթների զարգացման վրա՝
• Կանայք՝ որպես ընտանեկան սիրո եւ կայունության առանցք
• Կանայք՝ որպես կրթության եւ ապագա սերունդների ձեւավորման հիմք
• Կանայք՝ որպես ակտիվ դերակատարներ գիտական, տնտեսական եւ քաղաքական
ոլորտներում։
Ճնշվածների աշխարհաքաղաքականություն. սահմաններից դուրս մտածողություն
Նահատակ հոգեւոր առաջնորդի ուսմունքի կարեւորագույն բաղադրիչներից մեկը անարդար համակարգերի դեմ դիմադրության ռազմավարության մշակումն էր։ Այս մոտեցումը չէր սահմանափակվում ազգայնական կամ գաղափարական սահմաններով եւ դրա համաձայն անհրաժեշտ է պաշտպանել ճնշվածների իրավունքները՝ անկախ նրանց կրոնական պատկանելությունից կամ աշխարհագրությունից։ Այս մտածողության համատեքստում մարդկային ցավը սահմաններ չի ճանաչում, իսկ անարդարության հանդեպ ցուցաբերվող լռությունը դիտվում է որպես բարոյական սկզբունքներին դավաճանություն։
Անքակտելի կապեր. Հայաստանը՝ բարոյակենտրոն հարեւանության դիվանագիտության ծիրում
Հարեւան ժողովուրդների, մասնավորապես՝ բարեկամ հայ ժողովրդի հետ հարաբերությունները Խամենեիի մարդակենտրոն աշխարհայացքի եւ մոտեցման բյուրեղացումն են եւ դրանց գործնական արտահայտությունը։ Իրանի մշակութային դիվանագիտությունը Հայաստանի նկատմամբ հիմնված է ոչ թե կարճաժամկետ շահերի, այլեւ խոր քաղաքակրթական ընդհանրությունների վրա։ Ասվածի վառ վկայությունն է՝ Իրանում հայ համայնքի իրավունքների ճանաչումը եւ խորը հարգանքն ու հոգածությունը հայ պատմամշակութային ժառանգության նկատմամբ։
Խամենեիի կողմից հայ ժողովուրդը իր հարուստ պատմությամբ եւ մշակույթով դիտվում էր որպես վստահելի քաղաքակրթական գործընկեր Կովկասում խաղաղության պահպանման եւ ամրապնդման գործում։
Այսօր, թեեւ այս մեծ մտավորականը ֆիզիկապես մեզ հետ չէ, նրա մտավոր ժառանգությունը շարունակում է ապրել որպես ուղեցույց՝ հիմնված արդարության, բազմակողմանի համագործակցության, մշակութային բազմազանության եւ մարդկային արժանապատվության վրա։
Իրան-Հայաստան հարաբերությունների խորացումը, մշակութային դիվանագիտության զարգացումը եւ քաղաքակրթական երկխոսության շարունակությունը մնում են այդ ուղու պահպանման եւ համաշխարհային արդարության տեսլականի իրականացման ամենահստակ ճանապարհը։
Մոհամմադ Ասադի Մովահեդ
ՀՀ-ում ԻԻՀ դեսպանության մշակույթի կենտրոնի ղեկավար