Առուշ Առուշանյանի պատիժն ազատազրկմամբ փոխարինելու հարցով նոր քննություն կիրականացվի

Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի պատիժն ազատազրկմամբ փոխարինելու հարցով նոր քննություն կիրականացվի՝ Հակակոռուպցիոն դատարանում։

Վճռաբեկ դատարանը որոշել է բեկանել Առուշ Առուշանյանի պատիժն ազատազրկմամբ փոխարինելու որոշման դեմ բողոքները մասնակի բավարարելու և դրանց արդյունքում նրա նկատմամբ ընտրված ազատազրկումը 3 ամսով ծանրացնելու Վերաքննիչ դատարանի որոշումը և գործն ուղարկել Հակակոռուպցիոն դատարան՝ նոր քննության, գրում է «Փաստինֆոն»։

Հիշեցնենք, որ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Գնել Գասպարյանի նախագահությամբ, 2022թ․ մարտի 28-ին հրապարակել է Առուշ Առուշանյանի և մյուսների գործով վճիռը, որով Առուշանյանն արդարացվել է իրեն մեղսագրվող ընտրական հանցավոր ենթադրյալ արարքների դրվագով, իսկ մյուս դրվագով՝ մեղավոր ճանաչվել և դատապարտվել ազատազրկման՝ 1 տարի 6 ամիս ժամկետով, որին հաշվակցելով Առուշանյանի՝ ութ ամիս արգելանքի տակ գտնվելու ժամկետը, դատարանը որպես վերջնական պատիժ սահմանել է ազատազրկումը՝ 6 ամիս ժամկետով, որը պայմանականորեն չի կիրառվել։ Դատարանն Առուշանյանի նկատմամբ փորձաշրջան է սահմանել 1.5 տարի ժամկետով, միևնույն ժամանակ, Առուշանյանի նկատմամբ որպես պատիժ է կիրառվել տուգանքը և 5 տարի ժամկետով ՏԻՄ ղեկավար պաշտոն զբաղեցնելու սահմանափակումը։ Արդարացվել են նաև Քարահունջ բնակավայրի ղեկավար Լուսինե Ավետյանը և ամբաստանյալներից ևս երկուսը՝ Սամվել Դինունցը և Հրայր Բաղդասարյանը, իսկ Էրիկ Աղաջանյանը և Հարութ Լալազարյանը՝ մեղավոր են ճանաչվել։ Դատական ակտի դեմ բողոքներ են ներկայացվել։

Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանն անփոփոխ է թողել դատական ակտը, Վճռաբեկ դատարանը մերժել է վարույթ ընդունել բողոքը։ Ըստ այդմ, դատական ակտը մտել է օրինական ուժի մեջ։ Պրոբացիայի ծառայությունը դիմել է Գորիսի ավագանուն՝ Առուշանյանի լիազորությունները դադարեցնելու հարցով, սակայն ավագանին մերժել է միջնորդությունը՝ արձանագրելով, որ դա իրենց լիազորություններից չի բխում։

Արդյունքում՝ ԱՆ Պրոբացիայի ծառայության Սյունիքի մարզային մարմնում կազմվել է արձանագրություն Առուշանյանի կողմից պատժից խուսափելու մասին, և միջնորդություն ներկայացվել ՀՀ Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ Առուշ Առուշանյանի նկատմամբ դատավճռով նշանակված պատիժը՝ 5 տարի պետական պաշտոն զբաղեցնելու իրավունքից զրկելը ազատազրկմամբ փոխարինելու, ինչպես նաև ազատազրկման ձևով պատիժը պայմանականորեն չկիրառելու վերաբերյալ որոշումը վերացնելու և պատիժը կրելու վերաբերյալ։ Միևնույն ժամանակ, Առուշ Առուշանյանը վիճարկել է ՊԾ գործողությունների իրավաչափությունը, սակայն դատարանը մերժել է բողոքը։

Դատական ակտի դեմ բողոք է ներկայացվել, որը քննվել է գրավոր ընթացակարգով և մերժվել։ Ինչ վերաբերում է Պրոբացիայի ծառայության միջնորդությանը, ապա Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Վարսենիկ Մելքոնյանի նախագահությամբ, սեպտեմբերի 10-ին մասնակի բավարարել է Պրոբացիայի ծառայության միջնորդությունը՝ Առուշ Առուշանյանի նկատմամբ 2022թ․ մարտի 28-ի դատավճռով նշանակված պատիժը՝ ՏԻՄ ղեկավար պաշտոն զբաղեցնելու իրավունքից 5 տարի ժամկետով զրկելը փոխարինելով 1 տարի 8 ամիս 3 օր ժամկետով ազատազրկմամբ։ Այս դատական ակտը ևս բողոքարկվել է՝ թե դատախազության, թե՛ Առուշանյանի պաշտպանի կողմից։

Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Մնացական Հարությունյանի նախագահությամբ, որոշել է մասնակի բավարարել բողոքները։ Արդյունքում՝ համակցման կանոններով մասնակիորեն գումարելով՝ դատարանը վերջնական պատիժ է սահմանել 1 տարի 11 ամիս ժամկետով ազատազրկումը։ ՀՀ Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2024 թվականի սեպտեմբերի 10 ի որոշումը մնացած մասով թողնվել է անփոփոխ: Վերաքննիչ դատարանի որոշման դեմ բողոքներ են ներկայացվել։ 2025թ․ մարտին հայտնի դարձավ, որ բողոքները վարույթ են ընդունվել և մեկ տարի անց միայն դրանց վերաբերյալ որոշում կայացվեց։

Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ խախտվել է ընդդատությունը և այդ հարցը պետք է քննարկվեր Հակակոռուպցիոն դատարանում, ըստ այդմ, գործը ուղարկվել է Հակակոռուպցիոն դատարան՝ նոր քննության։

Ըստ էության․ Փաշինյանը մի օր Քրիստոսն է, մի օր՝ Պապը․ ի ուրախություն մեզ՝ Տիգրան Մեծին դեռ չի պղծել

Oragir.News-ի «Ըստ էության» հաղորդաշարի տաղավարում հյուրընկալել ենք «Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ Անդրանիկ Գրիգորյանին։

Նրա հետ խոսել ենք «Ժառանգություն» կուսակցության 14-րդ համագումարի, հանրությանը ներկայանալու գաղափարական հենքի, հունիսի 7-ի ընտրություններին չմասնակցելու, Սամվել Կարապետյանի «Ուժեղ Հայաստան» կուսակցությանն աջակցելու որոշման, արտաքին աջակցության պարագայում Նիկոլ Փաշինյանին ընտրություններով հեռացնելու հնարավորության, նախօրեին «Գելլափի» հրապարակած հարցումների արդյունքների, ըստ դրանց՝ Ռոբերտ Քոչարյանի ուժի անցողիկ շեմը չհաղթահարելու և մի շարք այլ հարցերի շուրջ։

«Եթե որևէ մեկը կարծում է, որ Նիկոլ Փաշինյանն արևմտամետ քաղաքականություն է վարում, ինքը չարաչար սխալվում է, Փաշինյանն աթոռամետ քաղաքականություն է վարում, իր աթոռի դիրքը որ ռակուրսում հարմար է, այդ քաղաքականությունն էլ ինքը վարում է»,- ասաց Գրիգորյանը։

Նրա խոսքով՝ պետք չէ Նիկոլ Փաշինյանի գործողություններում լուրջ քաղաքական պարադիգմա փնտրել։

«Մի օր ինքը համեմատվում է Հիսուս Քրիստոսի հետ, մի օր՝ Սմբատ Երկրորդի, մի օր Պապ թագավոր է։ Դեռ Տիգրան Մեծ չի դարձել, և ի ուրախություն մեզ, գոնե պատմության այդ անկյունը անպիղծ է մնացել»,- նշեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում․

Արաղչին Իսլամաբադում է, սակայն չի հանդիպի ամերիկացի բանակցողների հետ

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին Իսլամաբադ կատարած այցի շրջանակում չի հանդիպի ամերիկացի բանակցողների հետ, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով աղբյուրներին։

Աղբյուրի տեղեկություններով՝ Պակիստան կատարած կարճ այցի ընթացքում Արաղչին կքննարկի ԱՄՆ-ի հետ բանակցությունների վերաբերյալ Իրանի առաջարկները, որոնք այնուհետև պակիստանցի միջնորդները կփոխանցեն Վաշինգտոնին։

Ավելի վաղ Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը հայտնել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախատեսում է Իսլամաբադ բանակցություններին ուղարկել իր հատուկ ներկայացուցիչներ Սթիվ Ուիթքոֆին և Ջարեդ Քուշներին՝ Արաղչիի հետ հանդիպելու համար։

Իրանը օրենք կընդունի Հորմուզի նեղուցով անցման նոր ընթացակարգերի վերաբերյալ

Իրանը պատրաստվում է օրենք ընդունել Հորմուզի նեղուցով անցման նոր ընթացակարգերի վերաբերյալ։

Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության խորհրդարան ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության կոմիտեի անդամ Ալաեդդին Բորուջերդին։

«Բազմաթիվ հանդիպումներ են անցկացվել «Հորմուզի նեղուցի անվտանգության ծրագրի» իրավական և միջազգային ասպեկտները վերանայելու համար։ Այս ծրագիրը խորհրդարանի բացումից անմիջապես հետո կընդունվի որպես պարտադիր օրենք և կուղարկվի կառավարությանը՝ իրականացման համար»,- նրա խոսքերը մեջբերել է մեջլիսի մամուլի ծառայությունը։

Բորուջերդին նշել է, որ Իրանի Կենտրոնական բանկը բացել է չորս հատուկ հաշիվ իրանական ռիալներով, յուաններով, դոլարներով և եվրոներով՝ Հորմուզի նեղուցով անցման վճարները հավաքելու համար, բայց երբ թվային արժույթի ենթակառուցվածքը գործարկվի, վճարումները կկատարվեն ռիալներով։

Իրանը «համաձայնել է ամեն ինչի», այդ թվում՝ հարստացված ուրանի արտահանմանը. Թրամփ

Դոնալդ Թրամփը CBS News-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Իրանը «համաձայնել է ամեն ինչի», այդ թվում՝ հարստացված ուրանի արտահանմանը։

Նրա խոսքով՝ Իրանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ համատեղ դուրս բերել և փոխանցել հարստացված ուրանը։ Դոնալդ Թրամփը նաև նշել է, որ Իրանը համաձայնել է դադարեցնել իր աջակցությունը միջնորդ խմբավորումներին, այդ թվում՝ Հեզբոլլահին և ՀԱՄԱՍ-ին։

Նա հավելել է․

«Սա հիանալի գործարք է։ Սա հրաշալի գործարք է։ Նրանք համաձայնել են ամեն ինչի»։

Վատիկանի գաղտնի արխիվից. Մայր աթոռը լույս է ընծայել «Հայոց ցեղասպանություն» աշխատությունը

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հրատարակչատունը լույս է ընծայել գերմանացի պատմաբան, լրագրող Միքայել Հեզեմանի «Հայոց ցեղասպանություն» կոչվող աշխատությունը։

Տեղեկությունը հայտնում է Մայր աթոռի տեղեկատվական համակարգը։

Գիրքը տպագրվել է Վահե Զարգարյանի թարգմանությամբ, որը խմբագրել ու գերմաներեն բնագրի հետ համեմատել է Աշոտ Հայրունին։ Հատորն անդրադառնում է Հայոց ցեղասպանությանն ըստ Վատիկանի գաղտնի արխիվի անտիպ փաստաթղթերի։

«Ես 2008 թ․-ին թույլտվություն ստացա ուսումնասիրել Վատիկանի արխիվները։ Բոլորովին ուրիշ թեմա էի հետազոտում, երբ պատահաբար հայտնաբերեցի Հայոց ցեղասպանության մասին նյութերի մի գաղտնի թղթապանակ, որը հայերի հալածանքի մասին էր։ Խորապես տպավորված էի իմ բացահայտած տեղեկություններով։ Պարզվում է` Պապը 2 անգամ անձամբ գրել է սուլթանին` դադարեցնելու կոտորածները։ Կապվեցի Գերմանիայում ապրող հայ գործընկերոջս՝ Ազատ Օրդուխանյանի հետ և հարցրի՝ արդյոք հայաստանցի պատմաբանները տեղյակ են այս փաստաթղթերի մասին։ Նա վստահ ասաց, որ ոչ, տեղյակ չեն, անգամ դիմեց Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիա և ճշտեց, որ նրանք էլ տեղյակ չեն։Ես նրան հարցրի՝ արդյոք իրեն հետաքրքրո՞ւմ են այդ փաստաթղթերը, թե՞ չէ։ Նա խնդրեց անպայման շարունակել հետաքննությունը, ու ես գտա ավելի քան 3000 թերթ, դրանց միջոցով հստակ ու պարզ էր պատկերը, թե ինչ է տեղի ունեցել։ Այդ փաստաթղթերը տարբեր աղբյուրներից էին հասել Վատիկան»,–ասում է Հեզմանը։

Գերմանացի պատմաբանը,ուսումնասիրելով Վատիկանի արխիվներում պահվող բազմաթիվ արժեքավոր փաստաթղթեր, վկայություններ, նամակներ ու հաշվետվություններ`անառարկելիորեն վերահաստատում է Հայոց ցեղասպանության իրողությունն ու ծրագրված իրագործումը։

«Բացահայտեցինք այդ սարսափելի դեպքերի մասին վկայություններ, Սուրբ աթոռ ուղարկված զեկույցներ, որոնք ուղղակի ցնցում էին, սահմռկեցուցիչ էին։ Այդ տեղեկությունները հրապարակվեցին իմ գրքում՝ 2015 թ․-ին Գերմանիայում, և դրանց հիման վրա Գերմանիայի խորհրդարանը ճանաչեց այդ դեպքերն իբրև ցեղասպանություն։ Զեկույցները լիովին անկախ և հիմնականում չեզոք աղբյուրներից էին։ Չեզոք աղբյուրները շատ ավելի ազդեցիկ ու կարևոր են։ Մեծ նշանակություն ունեին Հայ կաթոլիկ եկեղեցուց եկող տեղեկույթները, չէ՞ որ հայ կաթոլիկներ կային այդ բոլոր տուժած տարածքներում»,–ասում է պատմաբանը։

Գաղտնի արխիվից հայտնաբերված վավերագրերը նորովի են բացահայտում բազմաթիվ դրվագներ։ Օրինակ՝ կան տեղեկություններ, որ գերմանացիներից ոմանք դիմել են Գերմանիայի կանցլերին և ռազմական հրամանատարությանը, որ կանխեն ջարդը, սակայն թուրքերին դա հետ չի պահել։Կաթոլիկ եկեղեցին ուղիղ և միջնորդավորված փորձեր է կատարել դադարեցնելու կոտորածները։

Արխիվներում Վենետիկոս պապի ձեռագիր նամակի պատճենը կա, ուղղված Թուրքիայի սուլթան Մեհմեդին, սակայն նույնիսկ պապական դիվանագիտությունն է ձախողվել։ Այս բոլոր փաստաթղթերը ներկայացված են թարգմանված բնագրային տեսքով։

Հեզեմանը մեծ պատասխանատվություն է համարում Հայոց ցեղասպանությամբ զբաղվելը ժամանակակից Գերմանիայում։

2016 թ․-ին գերմանացի օրենսդիրները գրեթե միաձայն ճանաչեցին Հայոց ցեղասպանությունը և դատապարտեցին դրա գլխավոր կազմակերպիչ կառավարությանը, որի դաշնակիցն էր Գերմանիան ցեղասպանության տարիներին։ Իր գրքով նա հանձն է առնում այդ պատասխանատվությունը՝ նպաստելու Հայոց ցեղասպանության ճանաչմանը և դատապարտմանը։

Հեզեմանը գրում է, որ Հայոց ցեղասպանությանը հաջորդեց ասորի, ապա հույն քրիստոնյաների ցեղասպանությունը։

Երիտթուրքերի ծրագրած կոտորածներին զոհ գնացին եզդիներն ու Դերսիմի ալևիները։ Գերմանացի պատմաբանը Հայոց ցեղասպանությունը բոլոր ցեղասպանությունների մայրն է համարում։
1915 թվականի ուրվականները կվերադառնան այնքան ժամանակ, քանի դեռ փորձում են ժխտել նրանց, նշում է Հզեմանը և բարձրացնում նաև հայերի հայրենիքի հարցը՝ ի՞նչ պետք է լինի Արևմտյան Հայաստանի հետ, ի՞նչ իրավունքներ ունի Ցեղասպանությունն ու հայրենազրկումը վերապրած հայը։

Այս ամենից բացի գերմանացի պատմաբանն իր գրքում անդրադառնում է ազգի անցած ճանապարհին Հայաստանում քրիստոնեության ընթացքին։

Գյումրիում անկարգությունների մասնակից 7 անձի վերաբերյալ քրվարույթի նախաքննությունն ավարտվել է

ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում ավարտվել է 2025 թվականի հոկտեմբերի 20-ին Գյումրու համայնքապետարանի վարչական շենքի մոտ զանգվածային անկարգությունների մասնակիցներից 7-ի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը:

Նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Գյումրու համայնքապետարանի մի խումբ աշխատակիցներ, նախնական համաձայնությամբ, չարաշահելով իրենց իշխանական և ծառայողական լիազորությունները՝ կատարել են համայնքի ղեկավարի խորհրդականի և համայնքապետարանի բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատարի հանձնարարությունները, որից հետո զանգահարել են համայնքապետարանի ենթակայությամբ գործող մանկապարտեզների տնօրեններին և հանձնարարել երեխաներին տուն ուղարկել, փակել պարտեզները և անձնակազմով գալ Գյումրու համայնքապետարան՝ Վ.Ղ.-ին աջակցելու:

Գյումրու համայնքապետարանի աշխատակիցներ Ա.Պ.-ի, Ա.Մ.-ի, Ա.Գ.-ի, Ա.Ե.-ի, Բ.Ա.-ի, Վ.Փ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով (պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը, որը կատարվել է մի խումբ պաշտոնատար անձանց կողմից նախնական համաձայնությամբ), իսկ Ա.Դ.-ի նկատմամբ՝ 441-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը):

Ա.Պ.-ի, Ա.Մ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է վարչական հսկողությունը, գրավը, բացակայելու արգելքը և պաշտոնավարման կասեցումը, Բ.Ա.-ի նկատմամբ՝ բացակայելու արգելք, գրավ և պաշտոնավարման կասեցում, Վ.Փ.-ի, Ա.Գ.-ի, Ա.Ե.-ի և Ա.Դ.-ի նկատմամբ՝ բացակայելու արգելք և պաշտոնավարման կասեցում:

7 անձի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ:

Գյումրիում անկարգությունների մասնակից 7 անձի վերաբերյալ քրվարույթի նախաքննությունն ավարտվել է

ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում ավարտվել է 2025 թվականի հոկտեմբերի 20-ին Գյումրու համայնքապետարանի վարչական շենքի մոտ զանգվածային անկարգությունների մասնակիցներից 7-ի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը:

Նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Գյումրու համայնքապետարանի մի խումբ աշխատակիցներ, նախնական համաձայնությամբ, չարաշահելով իրենց իշխանական և ծառայողական լիազորությունները՝ կատարել են համայնքի ղեկավարի խորհրդականի և համայնքապետարանի բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատարի հանձնարարությունները, որից հետո զանգահարել են համայնքապետարանի ենթակայությամբ գործող մանկապարտեզների տնօրեններին և հանձնարարել երեխաներին տուն ուղարկել, փակել պարտեզները և անձնակազմով գալ Գյումրու համայնքապետարան՝ Վ.Ղ.-ին աջակցելու:

Գյումրու համայնքապետարանի աշխատակիցներ Ա.Պ.-ի, Ա.Մ.-ի, Ա.Գ.-ի, Ա.Ե.-ի, Բ.Ա.-ի, Վ.Փ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով (պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը, որը կատարվել է մի խումբ պաշտոնատար անձանց կողմից նախնական համաձայնությամբ), իսկ Ա.Դ.-ի նկատմամբ՝ 441-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը):

Ա.Պ.-ի, Ա.Մ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է վարչական հսկողությունը, գրավը, բացակայելու արգելքը և պաշտոնավարման կասեցումը, Բ.Ա.-ի նկատմամբ՝ բացակայելու արգելք, գրավ և պաշտոնավարման կասեցում, Վ.Փ.-ի, Ա.Գ.-ի, Ա.Ե.-ի և Ա.Դ.-ի նկատմամբ՝ բացակայելու արգելք և պաշտոնավարման կասեցում:

7 անձի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ:

Քուվեյթը և ԱՄԷ-ի ենթակառուցվածքները ենթարկվել են ԱԹՍ-ների հարվածների. սա պատասխան է Իսրայելի՝ Լիբանանում չդադարող հարվածների

Իրանագետ Վարդան Ոսկանյանի տելեգրամյան գրառումը.

Քուվեյթը և ԱՄԷ-ի Դուբայ էմիրության ենթակառուցվածքները քիչ առաջ ենթարկվել են ԱԹՍ-ների հարվածների։

Քուվեյթի ՊՆ-ն հայտարարել է, որ թիրախավորվել են էներգետիկ ենթակառուցվածքներ, իսկ ԱՄԷ-ից առայժմ թիրախների մասին տեղեկատվություն չկա։

Հարձակումը իրականացրել են Իրաքի իրանամետ զինված խմբավորումները, ըստ որոնց՝ Քուվեյթի տարածքից տեղի է ունեցել հրադադարի խախտում Իրաքի ուղղությամբ։

Հիմնավոր ենթադրություններ կան, որ իրաքցիների հարձակումները պատասխան են Իսրայելի՝ Լիբանանում չդադարող հարվածների։

Հորմուզի նեղուցում իրավիճակն ամբողջովին կառավարվում է Իրանի կողմից։ Օրական ոչ իրանական միայն 15 տանկեր կարող են անցնել նեղուցով՝ Իրանի հետ նախապես համաձայնեցմամբ և անցման համար վճարելով։

Ֆելիքսը սկսել է բուժումը․ Գոռ Հակոբյանը որդու հետ լուսանկար է հրապարակել

Սոցիալական տիրույթում Գոռ Հակոբյանը նոր հրապարակում է արել որդու՝ Ֆելիքսի հետ։ Լուսանկարն արվել է Գերմանիայում, որտեղ այս օրերին գտնվում է դերասանի ընտանիքը։

Ինչպես ավելի վաղ հայտնի էր դարձել, Գոռ Հակոբյանը մեկնել է Գերմանիա՝ որդու բուժման նպատակով։ Օրեր առաջ դերասանը տեսանյութ էր հրապարակել, որտեղ երևում էր, որ փոքրիկ Ֆելիքսն արդեն սկսել է անհրաժեշտ բուժական գործընթացը։

Նոր հրապարակումը ևս մեկ անգամ փաստում է, որ ընտանիքն այս պահին կենտրոնացած է երեխայի առողջական խնդիրների լուծման վրա։ Հետևորդները բազմաթիվ մաղթանքներ և քաջալերանքի խոսքեր են ուղղել դերասանին ու նրա որդուն՝ մաղթելով շուտափույթ ապաքինում։

Հիշեցնենք, որ Գոռ Հակոբյանը հանրությանը մշտապես ներկայանում է որպես հոգատար հայր, և նրա ընտանեկան հրապարակումները միշտ ջերմ ընդունելության են արժանանում երկրպագուների կողմից։