18-ամյա Դավիթ Մինասյանի մոտ հաստատվել է փակ գանգուղեղային տրավմա՝ ուղեղի ցնցում. փաստաբան

18-ամյա Դավիթ Մինասյանի փաստաբանը տեղեկացնում է, որ տղայի մոտ բժշկական հետազոտության արդյունքում հաստատվել է փակ գանգուղեղային տրավմա, ուղեղի ցնցում:

«Բժշկական հետազոտությունների արդյունքում 18 ամյա Դավիթ Մինասյանի մոտ հաստատվել է փակ գանգուղեղային տրավմա, ուղեղի ցնցում … Այնինչ, այդ օրը, եկեղեցում Դավիթն ընդամենը մասնակցում էր պատարագի»:

Փաշինյանը զուգարաններից գոհ էր, աղմկոտ ձերբակալություններ, Իրանում հրադադար հաստատվեց․ Ամփոփ լուրեր

Oragir.News-ը ներկայացնում է ապրիլի 8-ի ամփոփ լուրերը՝ լրագրող Արփինե Նավասարդյանի մեկնաբանությամբ:

Այսօր՝ Իրանի դեմ պատերազմի 40-րդ օրը, Միացյալ Նահանգները և Իրանը համաձայնել են երկշաբաթյա անհապաղ հրադադար հաստատել բոլոր ուղղություններով։ Այս մասին հայտարարել է Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը, ով դիմել էր կողմերին հրադադարի առաջարկով։ Վերջինս նշել է, որ իրանական և ամերիկյան պատվիրակություններին ուրբաթ հրավիրել է Իսլամաբադ՝ բանակցությունների։ Ըստ Իրանի կիսապաշտոնական ԻՍՆԱ գործակալության՝ Իրանից կբանակցի խորհրդարանի նախագահ Մոհամադ Բաղեր Ղալիբաֆը, իսկ ԱՄՆ-ից՝ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը: ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ հրադադարին համաձայնել է, քանզի Իրանում գերազանցել են բոլոր ռազմական նպատակները և մեծ առաջընթաց ունեն «երկարաժամկետ խաղաղության և Մերձավոր Արևելքում խաղաղության վերաբերյալ վերջնական համաձայնագրի կնքման հարցում»։ Թրամփը սոցցանցում հայտնել է, որ ԱՄՆ-ն Իրանից ստացել է 10 կետից բաղկացած նոր առաջարկ, որը, ըստ նրա, գործնական հիմք է բանակցությունների համար: Նա նաև նշել է, որ նախկինում վիճելի գրեթե բոլոր կետերի շուրջ համաձայնության են եկել, իսկ երկշաբաթյա ժամկետը թույլ կտա վերջնական տեսքի բերել համաձայնագիրը: Իսրայելը հայտարարել է, որ սատարում է ԱՄՆ որոշումը և դադարեցրել է Իրանի դեմ ռազմական գործողությունները, սակայն Նեթանյահուի գրասենյակից ընդգծել են՝ հրադադարը չի վերաբերում Լիբանանին, որտեղ շարունակվում են «Հեզբոլա»-ի դեմ գործողությունները: Թեև Իրանի աջակցությունը վայելող շարժման աղբյուրն ասել է, որ դադարեցրել են հարձակումները: Հրադադարի մասին լուրից հետո նավթի գինը նվազել է 100 դոլարից, ֆինանսական շուկաներն աճ են արձանագրել: Իրաքը բացել է իր օդային տարածքը: Մի շարք երկրներ ողջունել են հրադադարը, իսկ Իրանում մարդիկ փողոց են դուրս եկել՝ տոնելու հրադադարը: Թեհրանում նաև այրել են ԱՄՆ-ի և Իսրայելի դրոշները: Շատ իրանցիներ չեն հավատում, որ ԱՄՆ-ն և Իսրայելը հավատարիմ կմնան հրադադարին:

Որքան մոտենում են հունիսի 7-ի ընտրությունները, այնքան Նիկոլ Փաշինյանի ու Սամվել Կարապետյանի հեռակա բանավեճն ավելի է սրվում, և Փաշինյանն այն համեմում է վիրավորական խոսքերով ու զգուշացումներով: «Ցիլոյով մա՛րդ, մի՛ վախեցիր Կարապետյանից: Ինքը քեզ վատ բան չի անելու, ինքը դուրս գա, մի երկու բան ունի քեզ ասելու», – Նիկոլ Փաշինյանին «Ուժեղ Հայաստանի» առաջնորդ Սամվել Կարապետյանից չվախենալու կոչ էր արել կուսակցության քաղխորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը, ինչին Փաշինյանը կոշտ էր արձագանքել՝ զգուշացնելով, որ վերջիններս զրկվելու են իրենց միլիարդներից և մենակ են մնալու: «Կալուգացի Սամվելն իր խոսնակների միջոցով ինձ հորդորում է չվախենալ: Ախր ո՞նց չվախենամ, վախենում եմ՝ մինչև տարվա վերջ միլիարդատերից դառնաս բոմժ», – ասել է Փաշինյանը: «Ահա թե ինչ է լինում, երբ հոգով բոմժը դառնում է վարչապետ», – արձագանքել է Նարեկ Կարապետյանը: Ի պատասխան՝ Փաշինյանն էլ խոստացել էր փակել էլ Կարապետյանների փողերի իր խոսքով ապօրինի շրջանառության համակարգը։ Երկուստեք հնչող զգուշացումների ֆոնին երեկ ուշ երեկոյան Վահագն Խաչատուրյանը ստորագրեց ՔՊ-ի կողմից Ընտրական օրենսգրքում կատարված փոփոխությունը, որով արգելվում է Սամվել Կարապետյանի առաջնորդած դաշինքին անվանման մեջ օգտագործել վերջինիս անունը։ Հիշեցնենք, որ մարտի 31-ին «Ուժեղ Հայաստանը» հայտարարեց, որ ոչ այնքան հայտնի երկու ուժի հետ դաշինք է կազմում՝ «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ» անվանումով:

Կարապետյաններին ուղղված զգուշացումներից հետո Փաշինյանը կառավարության անդամների հետ ուղևորվեց դեպի Կոտայք՝ այցելելով մարզի տարբեր դպրոցներ ու մանկապարտեզներ: Փաշինյանն ի պատասխան բնակիչների տարբեր խնդրանքներին՝ խոստանում էր՝ բոլոր խնդիրները կլուծեն, ճանապարհների, մանկապարտեզների, փողոցների, կոյուղու, բայց պայմանը մեկն է՝ առևտուր անելիս բնակիչները պետք է ՀԴՄ կտրոն պահանջեն. «Ինչքան ձեր գյուղում չսարքած բան կա, դրա պատճառը մենակ այն է, որ տասնյակ տարիներով առևտուրն արել ենք, ՀԴՄ-ն չենք ուզել»: Աղավնաձոր համայնքում գյուղացիներից մեկն ասաց, թե իրենց միակ անհանգստությունը խաղաղությունն է, ուրիշ բան չեն ուզում: Փաշինյանն էլ կրկնեց իր հայտնի խոսքը՝ խաղաղությունն արդեն ներկա է, այն պարզապես պետք է փայփայել, քանի որ տասնամյակների թշնամանքը տասնամյակներ էլ պահանջելու է դա հաղթահարելու համար: «Երկու տարի արդեն լրացավ, որ մենք սահմանին մի զոհ, մի վիրավոր չունենք», – ասաց նա: Նիկոլ Փաշինյանը Նոր Հաճն համայնքի Մրգաշեն բնակավայրի միջնակարգ դպրոցում հարկ համարեց նաև սանհանգույցները ստուգել․ «Բա սանհանգույցները չնայե՞նք մի հատ, այստեղ զուգարանակոնքերի որակն ակնհայտորեն ավելի լավն է»,- ասաց նա ասպա շարունակեց․ «Դա շինարարների բարեխղճությունից էլ է կախված, բայց պետք է աշխատենք ստանդարտիզացնենք, մի գծից ներքև չլինի»։ Քաղսիում տարեց բնակիչը դժգոհում էր, որ Հայաստանի կառավարությունը զենքեր է առնում Ֆրանսիայից, Հնդկաստանից, բայց հայրենական արտադրությանն ու գիտությանը ուշադրություն չեն դարձնում: Փաշինյանը չհամաձայնեց՝ հրավիրելով նրան Հանրապետության հրապարակ՝ մայիսի 28-ի զորահանդեսին՝ տեղում ծանոթանալու հայկական գիտության արդյունքներին: «ՀՀ ռազմարդյունաբերական համալիրը նախորդ 3 տարվա ընթացքում 170 միլիարդ դրամի պատվեր է ստացել, և ամսի 28-ի զորահանդեսին կտեսնեք, թե տեղական արտադրության ինչ զենքեր կան», – ասաց նա:

Մանրամասները՝ տեսանյութում:

45-ամյա վարորդը «Hyundai»-ով բախվել է հողաթմբերին և գլխիվայր հայտնվել երթևեկելի գոտում․ կան վիրավորներ

Երեկ՝ ապրիլի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Հայտնում է shamshyan.com-ը:

Ժամը 18։00-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 126,5 կմ հատվածում Սյունիքի մարզի բնակիչ 45-ամյա Վիլեն Ս․-ն իր վարած «Hyundai» մակնիշի ավտոմեքենայով բախվել է հողաթմբերին և գլխիվայր մասամբ հայտնվել ճանապարհի երթևեկելի գոտում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վայոց Ձոր» բժշկական կենտրոն։

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում:

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են

Փետրվարի 5-ին՝ ժամը 19:35-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Ճանապարհների սպասարկման համար պատասխանատու կազմակերպությունները շարունակում են ավտոճանապարհների մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքները:

Հայտնում են Ճանապարհային դեպարտամենտից․

«Շինուհայր-Հալիձոր-Տաթև-Կապան և Նորավան-Լծեն-Տաթև ավտոճանապարհները կցորդով տրանսպորտային միջոցների համար փակ են։

Վարդենյաց լեռնանցքը կցորդով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի է՝ անվաշղթաների կրառմամբ։

Հարգելի՛ վարորդներ, հորդորում ենք լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով»,- նշվում է հաղորդագրության մեջ։

Մոսկվան իր դիտորդներին կուղարկի ՀՀ խորհրդարանական ընտրություններին, եթե Երևանը հրավեր ուղարկի․ Մատվիենկո

Մոսկվան իր դիտորդներին կուղարկի ՀՀ խորհրդարանական ընտրություններին, եթե Երևանը համապատասխան հրավեր ուղարկի։

Այս հարցը քննարկվել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ հանդիպմանը, հայտարարել է Վալենտինա Մատվիենկոն:

«Մենք մի բան ենք ցանկանում, որ Հայաստանը լինի բարեկեցիկ, որ երկրում լինի կայուն քաղաքական իրավիճակ, որովհետև մենք շատ ենք գնահատում և արժևորում մեր կապերը հայ ժողովրդի հետ»,-նշել է նա։

«Ուժեղ Հայաստանից» կմնա ուժեղը. ինչ կտա 1 տոկոսի առավելությունը

Մեծամտությունը թուլացնում է, բթացնում զգոնությունը, թույլ չի տալիս համարժեք գնահատել իրականությունը, մրցակիցներին։ Այդ պատճառով փորձառու գործիչները առաջին մեծ հաջողություն ունեցած փոքրերին հետևյալ խորհուրդն են տալիս՝ չմեծամտանաս։

«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը օրեր առաջ տեղեկացրեց, թե հարցման տվյալներով՝ Սամվել Կարապետյանը վարկանիշային 1 տոկոսով առաջ է անցել Նիկոլ Փաշինյանից։ «Հարցումը կատարել է EMPIRICA և հարցը եղել է ում կընտրեիք եթե ընտրությունը լիներ այս երկու գործիչների միջև: Վստահ քայլերով գնում ենք դեպի հաղթանակ։ Սա է նաև պատճառը, որ Փաշինյանը սրում է մեր դեմ անձնական թիրախավորումը։ Սակայն փոքր առավելությամբ հաղթանակը բավարար չէ։ Մենք պետք է խորհրդարանում ունենանք բացարձակ մեծամասնություն։ Մեծ փոփոխություններ կատարելու համար անհրաժեշտ է մեծ և ուժեղ քաղաքական ուժ։ Որպեսզի կարողանանք բիզնեսների համար սահմանել զրոյական հարկ, ստեղծել 300․000 նոր աշխատատեղ և իրական տնտեսական վերափոխում իրականացնել, մեզ անհրաժեշտ է իրական իշխանություն և լայն աջակցություն։ Դրա համար դիմում եմ ձեզ. շարունակե՛ք տարածել մեր տեսլականը։ Խոսե՛ք մարդկանց հետ։ Մենք գնում ենք դեպի մեծ հաղթանակ, և դրա համար կարևոր է մեզնից յուրաքանչյուրը»,- գրել է Նարեկ Կարապետյանը:

Ըստ այս հարցման՝ Սամվել Կարաետյանը ստացել է հարցվածների 34 տոկոսը, իսկ Փաշինյանը՝ 33։ Եվ սա ներկայացվում է մեծ հաջողություն։ Ի՞նչ կարող է տալ այս մեկ տոկոս առավելությունը «Մեր ձևով» շարժմանը։

Նախ նկատենք, որ հարցումները մանիպուլյացիոն գործիք են։ Այդպես եղել է միշտ։ Եվ այսպիսի մանիպուլյացիան առավել պահանջված է դառնում է նախընտրական շրջանում։ Օրինակ՝ հեռավոր 1990-ին շատերը կարծում էին, թե հայ ժողովուրդը անկախություն չի ուզում։ Մի խումբ երիտասարդներ կոտրեցին այս վախը՝ անցկացնելով հասարակական կարծիքի հարցում, որի տվյալներով պարզվեց՝ 1990-ի մայիսին անկախությանը կողմ էին հարցվածների 67 տոկոսը։ Այսպես մարդկանց մեծ մասը հաղթահարեցին վախը, սկսեցին բաց աչքերով նայել Հայաստանի անկախությանը։ Եվ այս ընկալումը մեծապես ազդեց հետագա քաղաքական գործընթացների վրա։

2021-ի ընտրությունների նախաշեմին ևս հարցումներ էին անցկացվում, որոնց տվյալներով՝ Ռոբերտ Քոչարյանը գրեթե հավասար վարկանիշ ուներ, նույնիսկ մեկ տոկոսով ավելի բարձր, քան Նիկոլ Փաշինյանը։ Ընտրությունների արդյունքը ցույց տվեց լրիվ այլ պատկեր։ Հետադարձ հայացքով՝ ոմանք կարծիք հայտնեցին, թե Քոչարյանի ճամբարի մարդիկ վարկանիշային մեկ տոկոսի առավելության ազդեցությամբ մեծամտացան, թե հաստատ հաղթելու են, համարժեք չգնահատեցին Փաշինյանի ուժերը, հնարավորությունները։ Ու արդյունքում պարտվեցին, դարձան ընդդիմություն, նվեր։

Բոլորովին այլ մարտավարություն էր կիրառվում 1996-ին։ Այդ ժամանակ բոլոր հարցումները ցույց էին տալիս, թե Լևոն Տեր-Պետրոսյանը մեծ առավելությամբ առաջ է մրցակիցներից, շատ մեծ վարկանիշ ունի, մոտավորապես նունքան, ինչ 1995-ի հոլիսի 5-ի ընտրություններում։ Արդյունքում՝ ՀՀՇ-ականների զգոնությունը բթացավ, նրանք թերագնահատեցին մրացակիցներին, չկարողացան ռեալ գնահատել քաղաքական իրականությունը, և Տեր-Պետրոսյանի ճամբարում ստիպված կեղծեցին ընտրությունների արդյունքները։

Ներկայում Սամվել Կարապետյանի ճամբարում այս ոգևորությունը կարող է հակառակ արդյունք տակ։ Մարդիկ կարող են անհարկի ոգևորվել, կարծելով, թե հաղթում են։ Դրանից կարող են օգտվել Փաշինյանի թիմակիցներն ու ավելի կազմակերպված աշխատել։ Իսկ եթե հիմք ընդունենք այն վարկածը, թե Սամվել Կարապետյանին քաղաքական խաղի մեջ է ներքաշել Փաշինյանն ու նրան դարձրել գլխավոր մրցակից, ապա հարցման այս պատկերը թելադրված է Փաշինյանի կողմից և ուղղված է այլ ընդդիմադիր մրցակիցներին, որ նրանք հուսահատվեն ու չմասնակցեն ընտրություններին կամ լուրջ չմասնակցեն։

Պարզ ասած՝ եթե «Մեր ձևով» շարժումը ոգևորվի այս մեկ տոկոսի առավելությամբ ու թուլանա, ապա կարող է կրկնել Ռոբերտ Քոչարյանի ձեռքբերումը և դառնա ընդդիմություն, նվեր ՔՊ-ի համար և գործիք Մոսկվայի ձեռքում։ Ուստի՝ եթե նրանց շարքերում կան փորձառու գործիչներ, ապա հավանաբար՝ խորհուրդ կտան՝ չոգևորվել այս մեկ տոկոսով, հաղթահարել գայթակղությունը և շարունակել աշխատել ժողովրդի հետ։ Հակառակ պարագայում՝ «Ուժեղ Հայաստանից» կմնա ուժեղը, իսկ Հայաստանը ներկայացնելու իրավունքը կրկին կնվաճի ՔՊ-ն։

Թաթուլ Մկրտչյան

Հռոմի պապը շնորհավորել է Փաշինյանին և Ալիևին «Զայեդ» մրցանակի կապակցությամբ

Դուք հույսի սերմնացաններ եք այն աշխարհում, որը չափազանց հաճախ պատեր է կառուցում կամուրջների փոխարեն, ասել է Հռոմի պապ Լևոն XIV-ը՝ դիմելով Զայեդի մրցանակի դափնեկիրներ Փաշինյանին և Ալիևին:

«Անտարբերության հեշտ ճանապարհի փոխարեն համերաշխության փշոտ ճանապարհը ընտրելով՝ նրանք ցույց տվեցին, որ նույնիսկ ամենախորը բաժանումները կարող են բուժվել կոնկրետ գործողությունների միջոցով։

Նրանց աշխատանքը ցույց է տալիս նրանց համոզմունքը, որ եղբայրության լույսը կարող է հաղթահարել եղբայրասպանության խավարը»,- նշել է Պապը։

Գործարար Նարեկ Նալբանդյանը շինարարների պարտքը չի վճարում

Oragir.News-ին դիմած շինարարները ահազանգում են, որ արդեն երեք ամիս է՝ իրենց կատարած աշխատանքի դիմաց վարձատրություն չեն ստացել։ Գործարար Նարեկ Նալբանդյանին պատկանող՝ Բայանդուրի թռչնաբուծարանի հարևանությամբ վերակառուցվում է բրոլերի ֆերմա։

Թեև շինարարական աշխատանքները դեռ ավարտուն տեսք չունեն, շինարարների խոսքով՝ աշխատանքների շուրջ 60–65 տոկոսը արդեն իրականացված է։ Շինարարները խուսափում են տեսախցիկի առջև խոսելուց՝ պատճառաբանելով, որ դա կարող է էլ ավելի լարել իրավիճակը։ Միևնույն ժամանակ նրանք վրդովված են, որ արդեն երեք ամիս իրենց «գլխի տակ փափուկ բարձ են դնում»՝ խոստումներով ժամանակ ձգձգելով։

«Փաստացի երեք ամիս մատների վրա ֆռռացնում են, բստրում։ Ես առանց ձևակերպման, աշղեկի կարգավիճակով աշխատել եմ սեպտեմբերի կեսերից մինչև դեկտեմբերի վերջերը։ Գրեթե երկու ամիս աշխատավարձ չեն տվել, միլիոններով պարտք են մեզ։ Տարածքը պետք է դառնա բրոլերի ֆերմա․ թռչնաֆաբրիկայի հետ դեռ կապ չունի, հետո պիտի ֆերմա դառնա։ Ես Նարեկ Նալբանդյանին չեմ ճանաչում․ մեզ գումարը պետք է տա Արտաշես Գևորգյանը։ Չգիտեմ՝ իրեն Նարեկ Նալբանդյանը պիտի փող տա՞, թե՞ ոչ»,- Oragir.News-ի հետ զրույցում ասում է աշղեկ Լյովա Հովհաննիսյանը։

Շինարարական աշխատանքներն իրականացնում է «Էկոմիքս» ՍՊԸ-ն։ Աշղեկի փոխանցմամբ՝ միլիոնների հասնող պարտքը մինչ օրս չի մարվել, շուրջ 60 աշխատող չի ստացել աշխատավարձ։

Աշխատողները հիմնականում Շիրակի մարզից են։ Շինարարները իրենք էլ դեռ հստակ որոշում չունեն, թե ինչ քայլերի են դիմելու։

«Չեմ կարա ասեմ, թե ինչ ենք անելու, սիտոացիան դեռ տղերքի հետ կքննարկենք ու մի բան կմտածենք»,- ասում է Լյովա Հովհաննիսյանը։

Նշենք, որ Oragir.News-ը օրերս դարձյալ անդրադարձել էր այս հարցին։ Աշխատողներին խոստացել էին, որ երեկոյան կփոխանցեն իրենց աշխատավարձերը, բայց այդպես էլ գումարը տեղ չի հասնում։

Թեհրանը կտրականապես մերժում է ժամանակավոր զինադադարի գաղափարը․ ՄԱԿ-ում Իրանի ներկայացուցիչ

ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչն ասել է, որ Թեհրանը կտրականապես մերժում է ժամանակավոր զինադադար հաստատելու գաղափարը․ գրում է ТАСС-ը։

Նշվում է, որ Իրանը կիրագործի անհրաժեշտ բոլոր քայլերը՝ ժողովրդի անվտանգությունն ու երկրի տարածքային ամբողջությունը պաշտպանելու համար

«Պաշտոնական Թեհրանը հնարավոր հետևանքների ամբողջ պատասխանատվությունը դնում է ԱՄՆ-ի և Իսրայելի վրա»,- գրում է աղբյուրը։

Օրակարգ․ Իշխանությունը ոտից գլուխ բարենորոգման կարիք ունի՝ Նիկոլ Փաշինյանից սկսած․ Ժաննա Ալեքսանյան

Oragir.News-ի «Օրակարգ» հաղորդաշարի հյուրը իրավապաշտպան, «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ նախագահ Ժաննա Ալեքսանյանն է։

Հարցազրույցի շրջանակներում Ժաննա Ալեքսանյանի հետ զրուցել ենք Հայաստանում քաղբանտարկյալների թվի շեշտակի աճի, ԵԽԽՎ վերջին զեկույցի և դրանում քաղբանտարկյալների մասին հիշատակումներ չլինելու պատճառների, Արևմուտքի կողմից Փաշինյանի իշխանության պահպանմանը ցուցաբերվող աջակցության, Հայ առաքելական եկեղեցու դեմ շարունակվող արշավի, դրան վերջ տալու ճանապարհների, Բաքվում հայ պատանդների նկատմամբ կայացված դատավճիռների, այս ֆոնին Նիկոլ Փաշինյանին և Իլհամ Ալիևին «Զայեդ» մարդկային եղբայրության մրցանակով պարգևատրելու որոշման, ինչպես նաև օրակարգային մի շարք այլ հարցերի վերաբերյալ։

Անդրադառնալով տիրադավ Նիկոլ Փաշինյանին միացած հոգևորականների կողմից Հայ առաքելական եկեղեցին «բարենորոգելու» նախաձեռնությանը՝ Ժաննա Ալեքսանյանը նկատեց․ «Ոտից գլուխ բարենորոգման կարիք ունի ամբողջ էդ իշխանությունը՝ Նիկոլ Փաշինյանից սկսած։ Ու մենք տեսնում ենք և տեսել ենք, թե ինչ են անում, ոնց են իրենց պահում՝ հայհոյախոսում են, խուլիգանական արտահայտություններ անում։ Եվ ընդհանրապես հա, հիմա դուք էդ բարենորոգում բառը գոնե չդնեիք, որ մենք էսքան չբորբոքվեինք էլի։ Եվ գիտեք զոհվածներ կան գնդերեցներից՝ 44-օրյա պատերազմում։ Շատ վատ է, որ հանուն իրենց անձնական իշխանությունը պահելու՝ քանդում են ամեն ինչ։ Սա է․ վրեժխնդրություն՝ Կաթողիկոսի նկատմամբ, ամբողջ եկեղեցու դեմ է էս ամեն ինչը»։

Իրավապաշտպանը շեշտեց նաև՝ Նիկոլ Փաշինյանն օրենքի և Սահմանադրության վրա թքած ունի և փաստացի ինչ ուզում՝ անում է։

Ալեքսանյանի գնահատմամբ՝ Միքայել Սրբազանը խղճի բանտարկյալ է։

Մանրամասները՝ տեսանյութում․