Մեծամտությունը թուլացնում է, բթացնում զգոնությունը, թույլ չի տալիս համարժեք գնահատել իրականությունը, մրցակիցներին։ Այդ պատճառով փորձառու գործիչները առաջին մեծ հաջողություն ունեցած փոքրերին հետևյալ խորհուրդն են տալիս՝ չմեծամտանաս։
«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը օրեր առաջ տեղեկացրեց, թե հարցման տվյալներով՝ Սամվել Կարապետյանը վարկանիշային 1 տոկոսով առաջ է անցել Նիկոլ Փաշինյանից։ «Հարցումը կատարել է EMPIRICA և հարցը եղել է ում կընտրեիք եթե ընտրությունը լիներ այս երկու գործիչների միջև: Վստահ քայլերով գնում ենք դեպի հաղթանակ։ Սա է նաև պատճառը, որ Փաշինյանը սրում է մեր դեմ անձնական թիրախավորումը։ Սակայն փոքր առավելությամբ հաղթանակը բավարար չէ։ Մենք պետք է խորհրդարանում ունենանք բացարձակ մեծամասնություն։ Մեծ փոփոխություններ կատարելու համար անհրաժեշտ է մեծ և ուժեղ քաղաքական ուժ։ Որպեսզի կարողանանք բիզնեսների համար սահմանել զրոյական հարկ, ստեղծել 300․000 նոր աշխատատեղ և իրական տնտեսական վերափոխում իրականացնել, մեզ անհրաժեշտ է իրական իշխանություն և լայն աջակցություն։ Դրա համար դիմում եմ ձեզ. շարունակե՛ք տարածել մեր տեսլականը։ Խոսե՛ք մարդկանց հետ։ Մենք գնում ենք դեպի մեծ հաղթանակ, և դրա համար կարևոր է մեզնից յուրաքանչյուրը»,- գրել է Նարեկ Կարապետյանը:
Ըստ այս հարցման՝ Սամվել Կարաետյանը ստացել է հարցվածների 34 տոկոսը, իսկ Փաշինյանը՝ 33։ Եվ սա ներկայացվում է մեծ հաջողություն։ Ի՞նչ կարող է տալ այս մեկ տոկոս առավելությունը «Մեր ձևով» շարժմանը։
Նախ նկատենք, որ հարցումները մանիպուլյացիոն գործիք են։ Այդպես եղել է միշտ։ Եվ այսպիսի մանիպուլյացիան առավել պահանջված է դառնում է նախընտրական շրջանում։ Օրինակ՝ հեռավոր 1990-ին շատերը կարծում էին, թե հայ ժողովուրդը անկախություն չի ուզում։ Մի խումբ երիտասարդներ կոտրեցին այս վախը՝ անցկացնելով հասարակական կարծիքի հարցում, որի տվյալներով պարզվեց՝ 1990-ի մայիսին անկախությանը կողմ էին հարցվածների 67 տոկոսը։ Այսպես մարդկանց մեծ մասը հաղթահարեցին վախը, սկսեցին բաց աչքերով նայել Հայաստանի անկախությանը։ Եվ այս ընկալումը մեծապես ազդեց հետագա քաղաքական գործընթացների վրա։
2021-ի ընտրությունների նախաշեմին ևս հարցումներ էին անցկացվում, որոնց տվյալներով՝ Ռոբերտ Քոչարյանը գրեթե հավասար վարկանիշ ուներ, նույնիսկ մեկ տոկոսով ավելի բարձր, քան Նիկոլ Փաշինյանը։ Ընտրությունների արդյունքը ցույց տվեց լրիվ այլ պատկեր։ Հետադարձ հայացքով՝ ոմանք կարծիք հայտնեցին, թե Քոչարյանի ճամբարի մարդիկ վարկանիշային մեկ տոկոսի առավելության ազդեցությամբ մեծամտացան, թե հաստատ հաղթելու են, համարժեք չգնահատեցին Փաշինյանի ուժերը, հնարավորությունները։ Ու արդյունքում պարտվեցին, դարձան ընդդիմություն, նվեր։
Բոլորովին այլ մարտավարություն էր կիրառվում 1996-ին։ Այդ ժամանակ բոլոր հարցումները ցույց էին տալիս, թե Լևոն Տեր-Պետրոսյանը մեծ առավելությամբ առաջ է մրցակիցներից, շատ մեծ վարկանիշ ունի, մոտավորապես նունքան, ինչ 1995-ի հոլիսի 5-ի ընտրություններում։ Արդյունքում՝ ՀՀՇ-ականների զգոնությունը բթացավ, նրանք թերագնահատեցին մրացակիցներին, չկարողացան ռեալ գնահատել քաղաքական իրականությունը, և Տեր-Պետրոսյանի ճամբարում ստիպված կեղծեցին ընտրությունների արդյունքները։
Ներկայում Սամվել Կարապետյանի ճամբարում այս ոգևորությունը կարող է հակառակ արդյունք տակ։ Մարդիկ կարող են անհարկի ոգևորվել, կարծելով, թե հաղթում են։ Դրանից կարող են օգտվել Փաշինյանի թիմակիցներն ու ավելի կազմակերպված աշխատել։ Իսկ եթե հիմք ընդունենք այն վարկածը, թե Սամվել Կարապետյանին քաղաքական խաղի մեջ է ներքաշել Փաշինյանն ու նրան դարձրել գլխավոր մրցակից, ապա հարցման այս պատկերը թելադրված է Փաշինյանի կողմից և ուղղված է այլ ընդդիմադիր մրցակիցներին, որ նրանք հուսահատվեն ու չմասնակցեն ընտրություններին կամ լուրջ չմասնակցեն։
Պարզ ասած՝ եթե «Մեր ձևով» շարժումը ոգևորվի այս մեկ տոկոսի առավելությամբ ու թուլանա, ապա կարող է կրկնել Ռոբերտ Քոչարյանի ձեռքբերումը և դառնա ընդդիմություն, նվեր ՔՊ-ի համար և գործիք Մոսկվայի ձեռքում։ Ուստի՝ եթե նրանց շարքերում կան փորձառու գործիչներ, ապա հավանաբար՝ խորհուրդ կտան՝ չոգևորվել այս մեկ տոկոսով, հաղթահարել գայթակղությունը և շարունակել աշխատել ժողովրդի հետ։ Հակառակ պարագայում՝ «Ուժեղ Հայաստանից» կմնա ուժեղը, իսկ Հայաստանը ներկայացնելու իրավունքը կրկին կնվաճի ՔՊ-ն։
Թաթուլ Մկրտչյան