Եթե չկա տող բյուջեում, ուրեմն չկա դպրոց, չկա գույք, մարզահրապարակ, ուրեմն չկա ճանապարհ. վարչապետ


Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել էր՝ Արարատ համայնքի Պարույր Սևակ բնակավայրում կառուցվել է նոր կրթահամալիր։ Վարչապետը Պարույր Սևակի նորակառույց կրթահամալիրում ելույթի ընթացքում շնորհակալություն հայտնեց ՀՀ-ում աշխատող, արդյունք ստեղծող և հարկերը վճարող քաղաքացիներին, նաև այն անձանց, որոնք գուցե ՀՀ քաղաքացի չեն, սակայն տնտեսական գործունեություն են ծավալում մեր երկրում:

Փաշինյանը նաև շնորհակալություն հայտնեց այն քաղաքացիներին, որոնք իրենց ամենօրյա աշխատանքում ՀԴՄ կտրոն, հաշիվ-ապրանքագիր են դուրս գրում, այսինքն՝ ջանքեր են գործադրում, որ շրջանառությունը լինի ոչ ստվերային: Նա ՀՀ բոլոր քաղաքացիների ուշադրությունը հրավիրեց այն բանի վրա, թե ինչպես են դպրոցներն ու շենքերը ստեղծվում, կահավորվում գույքով, ինչպես է ապահովվում նրանց գործունեությունը: «Այդ ամենը ՀՀ պետական բյուջեի որևէ մի տող է: Եթե չկա տող բյուջեում, ուրեմն չկա դպրոց, չկա գույք, մարզահրապարակ, ուրեմն չկա ճանապարհ: Այդ ամենը ՀՀ բյուջեի մի որևէ տողում պետք է արտահայտվի: Տողը՝ տող, բայց այդ տողի դիմաց գրված է ինչ-որ թիվ: 

Եթե տողը լինի, թիվը լինի, ի դեպ, բյուջեում մենք նման տողեր ունենում ենք, որի դիմացը զրո է, այսինքն՝ սպասող տող, և մենք ունենք նաև բյուջեի հավելվածներ, որոնք, ըստ էության, այն ծրագրերն են, որի դիմաց 0 (զրո) է գրված: Հիմա այդ 0-ն երբ է սկսում դառնալ թիվ: Երբ մենք, օրինակ, ամեն օր գնում և հաց կամ ջուր ենք գնում, գնման դիմաց խնդրում և ստանում ենք ՀԴՄ կտրոն: Այսինքն՝ մեր գործունեությունից, մեր կատարած գնումներից ձևավորվում է այն գումարը, որը կաթիլ-կաթիլ այդ բյուջեի տողերը դառնում են 1, 0, 100, 100 հազար և այլն, և ստեղծվում է դպրոց»,- հայտնեց վարչապետը:

Նրա խոսքով՝ 16 միլիոնի ծրագրի ամենատպավորիչ տեսարաններից մեկը Պարույր Սևակում է, որովհետև 16 միլիոնի տները կառուցվում են մայրուղու երկայնքով: 

Վարչապետն ընդգծեց՝ իր համոզմունքը գնալով ամրապնդվում է, որ մարդու բարեկեցությունը կախված չէ նրանից, թե ինքն իր բարեկեցության համար որքան գումար է ծախսում, այլ իր բարեկեցության աստիճանն առաջին հերթին կախված է նրանից, թե իր պետության և համայնքի բյուջեն իր բարեկեցության վրա որքան է գումար ծախսում: «Մեզնից յուրաքանչյուրը չի կարող իր երեխայի համար առանձին դպրոց կառուցել, դեպի իր տուն եկող ճանապարհ կառուցել: Պետական բյուջեն նաև այն է, որ մենք մասհանում ենք անում ընդհանուր կարիքները հոգալու համար»,- ասաց վարչապետը՝ ընդգծելով, որ երբեմն քաղաքական նպատադրումներով, շահարկումների նպատակով դեմոնիզացվում է հարկային համակարգը:

Վարչապետը կարևորեց, որ դպրոցներում երեխաներն առաջին հերթին սովորեն՝ ինչ է պետությունը և պետականությունը, որովհետև պետությունը մեզնից յուրաքանչյուրի բարեկեցության պարտադիր պայմանն է:


Թրամփը Քրիստոսի կերպարով իր նկարը հեռացրել է սոցցանցից


Ոճ և դեմքեր


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social-ում տեղադրել է արհեստական բանականությամբ գեներացված նկար, որը քննադատել են ոչ միայն իր ընդդիմախոսները, այլեւ որոշ աջակիցներ։ Քննադատությունների ֆոնին նա հեռացրել է նկարը` նշելով, որ այնտեղ ինքը պատկերված է ոչ թե Քրիստոսի, այլ Կարմիր խաչի բժշկի կերպարով։

«Ես իսկապես հրապարակել էի այն, եւ կարծում էի, որ դա ես եմ՝ բժշկի կերպարում, եւ դա կապված է Կարմիր խաչի հետ։ Կարծես ես այնտեղ Կարմիր խաչի աշխատող եմ, որին մենք աջակցում ենք։

Եվ միայն կեղծ լուրերը կարող էին նման բան մտածել (Քրիստոսի կերպարը)։ Ես պարզապես վերջերս եմ այդ մասին լսել։ Եվ ես ասացի՝ «ինչպե՞ս նրանք այդպիսի բան մտածեցին»։ Ըստ գաղափարի, դա պետք է լինեի ես՝ բժշկի կերպարում, որը բուժում է մարդկանց։ Եվ ես իսկապես անում եմ այնպես, որ մարդկանց վիճակը լավանա։ Ես մարդկանց շատ ավելի լավ եմ դարձնում»,- նշել է ԱՄՆ նախագահը։




ԱՄՆ-ը, հնարավոր է, դադարեցնի Իրանի դեմ գործողությունները, քանի որ հասել է նպատակներին․ Վենս


Քաղաքականություն


ԱՄՆ-ը հասել է Իրանի վրա հարձակումների իր նպատակներին,  ուստի գործողությունները կարող է ավարտել` հայտարարել է փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։ «Կարծում եմ՝ մենք գտնվում ենք մի իրավիճակում, երբ հասել ենք մեր նպատակներին։ Կարող ենք սկսել դադարեցնել գործողությունը։ Ես կնախընտրեի, որ մենք այն ավարտենք լայնածավալ և հաջող բանակցությունների միջոցով»,- ասել է նա Fox News-ի հետ հարցազրույցում։

 

Վենսի խոսքով՝ երկխոսության վերսկսման հարցում գնդակը Թեհրանի դաշտում է։ Ըստ նրա` բանակցությունների բնույթը կարող է արմատապես փոխվել, եթե Իրանը չբացի Հորմուզի նեղուցը։

 

Փոխնախագահը հավելել է, որ հարստացված ուրանի հարցը մնում է խոչընդոտ հակամարտության կարգավորման գործում։ ԱՄՆ-ն շարունակում է պնդել, որ այդ նյութերը պետք է ամբողջությամբ  դուրս բերվեն Իրանից։

 

Շաբաթ Պակիստանում տեղի ունեցած իրանա-ամերիկյան բանակցություններից հետո Թեհրանը հայտնել էր, որ պատվիրակությունները տարաձայնություններ ունեն մի քանի հիմնական հարցի շուրջ:

 

«Ռոյթերս»-ի փոխանցմամբ՝ կողմերը քննարկել են Հորմուզի նեղուցը, միջուկային հարցերը, փոխհատուցումները, պատժամիջոցները և հակամարտության դադարեցումը: Նախկինում հաղորդվել էր, որ Իսլամական Հանրապետության` տասը կետից բաղկացած ծրագիրը կարող է հիմք հանդիսանալ ապագա համաձայնագրի համար:

 

Բանակցություններից կարճ ժամանակ անց ԱՄՆ զինված ուժերը  շրջափակել էին Հորմուզի նեղուցը: ԱՄՆ նախագահը հայտարարել էր, որ այդ երթուղուց օգտվելու փորձ կատարող բոլոր նավերը կկանգնեցվեն: Զինված ուժերին նաև հանձնարարվել էր հետևել և կասեցնել Իրանին անցման համար վճարող լցանավերի շարժը։



Մեկնարկել է «Գեղարվեստական տպագրության 1-ին մանկապատանեկան փառատոնը»


Տեսանյութեր


Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի նախաձեռնությամբ ապրիլի 6-ին մեկնարկել է Գեղարվեստական տպագրության 1-ին մանկապատանեկան փառատոնը:

Իրականացվող փառատոնի շրջանակներում Երևանի երաժշտական, արվեստի և կերպարվեստի դպրոցների շուրջ 500 սաների համար կգործեն աշխատարաններ՝ հատուկ սարքավորումներով և հաստոցներով, որտեղ 2 ամիս շարունակ դասընթացներ կիրականացնեն Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հրավերով Հայաստան ժամանող աշխարհահռչակ արվեստագետներ Տիագո Մոդեստոն (Բրազիլիա), Մատեուշ Օտրեմբան (Լեհաստան), Մինճիե Ժանգը (Չինաստան) և Վիկտոր Մանուել Հերնանդեզ Կաստիյոն (Մեքսիկա):

Հրավիրված արվեստագետները Երևանի ուսհաստատությունների դասատուների համար նաև կիրականացնեն վարպետության դասեր: Նախատեսվում է, որ 2026-2027 ուստարվա ընթացքում համայնքապատկան դպրոցներում կդասավանդվի «Գեղարվեստական տպագրություն» առարկան:

Փառատոնի ավարտին «Հայ Արտ» մշակութային կենտրոնում կկազմակերպվի փառատոնի ընթացքում ստեղծված լավագույն աշխատանքների ցուցահանդես և կհրատարակվի Փառատոնի պատկերագիրքը:



ԱԺ նախագահը Ստամբուլում կհանդիպի Ադրբեջանի և Վրաստանի խորհրդարանների ղեկավարների հետ


Քաղաքականություն


Այսօր խորհրդարանում ճեպազրույցի ժամանակ լրագրողները հարց ուղղեցին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին՝ հետաքրքրվելով ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ հեռախոսազրույցից: Սիմոնյանը պարզաբանեց՝ հեռախոսազանգը տեղի է ունեցել իր գործընկերոջ ծննդյան կապակցությամբ:

«Պետք է ասեմ, որ ամենալավ և հարգալից հարաբերություններն ունեմ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահի հետ: Մենք մշտապես խոսում ենք բաց և ուղիղ, երկուստեք հարգանքի տրամաբանության մեջ, ու հիմնական խոսակցությունը եղել է անձնական: Հեռախոսազանգը եղել է ծննդյան կապակցությամբ»,- պարզաբանեց ԱԺ նախագահը:

Սիմոնյանը նաև տեղեկացրեց՝ մի քանի օրից մեկնելու է Ստամբուլ և ենթադրում է՝ Մատվիենկոն նույնպես այնտեղ է լինելու 

«Ենթադրում եմ, որ այնտեղ կշփվենք, ոչ թե պաշտոնական հանդիպման մասին է խոսքը»,- հայտնեց նա:

Հարցին՝ ինչ միջոցառման է մասնակցելու Ստամբուլում ԱԺ նախագահը, պարզաբանեց՝ IPU-ի (Inter-Parliamentary Union, Միջխորհրդարանական միության) 152-րդ համաժողովին:

«Բազմաթիվ խորհրդարանների ղեկավարներ են այնտեղ լինելու: Այս պահի դրությամբ նախատեսված հանդիպում կա երկու գործընկերոջ հետ»,- ասաց Սիմոնյանը:

Լրագրողների ճշտող հարցին, թե ում հետ է հանդիպելու, հայտնեց՝ Ադրբեջանի և Վրաստանի գործընկերների՝ խորհրդարանների ղեկավարների հետ:



Վաշինգտոնը խոստացել է Լիբանանին ճնշում գործադրել Իսրայելի վրա


Այսօր երեկոյան Վաշինգտոնում մեկնարկում են Իսրայելի և Լիբանանի միջև ուղիղ բանակցությունների նախապատրաստական քննարկումները, որոնք անցկացվելու են Միացյալ Նահանգների հովանու ներքո։ Ինչպես հաղորդում են արաբական լրատվամիջոցները, ամերիկյան կողմը հանդիպման ժամը փոփոխել է, որպեսզի պետքարտուղար Մարկո Ռուբիոն անձամբ կարողանա մասնակցել գործընթացին։

Լիբանանյան կողմը հստակ դիրքորոշում է որդեգրել՝ հայտարարելով, որ որևէ հետագա քննարկում հնարավոր չէ առանց կրակի անհապաղ դադարեցման։ Ըստ իսրայելական զլմ-ների՝ Վաշինգտոնը Լիբանանին խոստացել է ճնշում գործադրել վարչապետ Բենիամին Նեթանյահուի վրա՝ հրադադարի պայմաններին համաձայնելու նպատակով։

Հանդիպումը, որին մասնակցելու են երկու երկրների դեսպանները, կենտրոնացած է լինելու բացառապես ռազմական գործողությունների դադարեցման մեխանիզմների վրա։ 



Միացե՛ք մեզ՝ հոգ տանելու մեր քաղաքի մասին. շաբաթօրյակ՝ Հրազդանի կիրճում


Հայաստան


Ապրիլի 18-ին Երևանի քաղաքապետարանը, «Գրին Գրին» բնապահպանական կազմակերպության հետ համատեղ և ԱԶԲ աջակցությամբ, կանցկացնի շաբաթօրյակ Հրազդանի կիրճում։ 

«Այս նախաձեռնությունը միայն մաքրապատում չէ։

Մենք կարևորում ենք նաև աղբի տեսակավորումը՝ նվազեցնելով աղբավայր տեղափոխվող թափոնների քանակը և նպաստելով շրջակա միջավայրի պահպանմանը։

Միջոցառման ընթացքում՝ 

* բնապահպանական մրցույթներ

* Հրազդանի կիրճի և Երևանյան լճի բարեկարգման հայեցակարգերի ներկայացում

* վերամշակված նյութերից ստեղծված արվեստի գործերի ցուցահանդես:

Միացեք մեզ ապրիլի 18-ին՝ 10:00-ին»,- հայտնում են քաղաքապետարանից:



Ըստ արաբական աղբյուրների՝ Սաուդյան Արաբիան ԱՄՆ-ից պահանջում է վերսկսել բանակցություններն Իրանի հետ

Սաուդյան Արաբիան ԱՄՆ-ից պահանջել է դադարեցնել Հորմուզի նեղուցի շրջափակումը եւ վերսկսել բանակցությունները Իրանի հետ, հաղորդում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով արաբ պաշտոնյաներին։

Պարբերականի աղբյուրների փոխանցմամբ՝ Էր Ռիադը Վաշինգտոնին զգուշացրել է, որ Իրանը կարող է փակել Բաբ էլ-Մանդեբի նեղուցը, որը «վճռորոշ նշանակություն» ունի թագավորության նավթի արտահանման համար։

Բաբ էլ-Մանդեբի նեղուցի հարակից հատվածը վերահսկում են Եմենի հութիները, որոնք աջակցում են Իրանին եւ համարվում իրանամետ ուժեր։

Ակնկալվում է ոսկեգործության ոլորտի զարգացման համար ձևավորել նպաստավոր հարկային միջավայր. նախագիծ


Խորհրդարանը քննարկում է Կառավարության ներկայացրած՝ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը: Հիմնական զեկուցող, ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանի խոսքով՝ օրենքի նախագծի հիմնական նպատակը ՀՀ տնտեսության վերամշակող ճյուղերից կարևորների՝ ոսկեգործության և ադամանդագործության համար նպաստավոր հարկային միջավայրի ձևավորումն է:

Նրա խոսքով՝ նախագծով համակարգային ձևով բարելավվում է այս երկու ճյուղերի հարկային միջավայրը, որովհետև առաջարկվում են ԱԱՀ-ի հարկով հարկման արտոնյալ, մնացած ոլորտներից խիստ տարբերվող կարգավորումներ:

«Թեև ոսկու և թանկարժեք քարերի վաճառքը ազատված է ԱԱՀ-ից, բայց ազատված է միայն որպես հումքային ապրանք վաճառելիս, և երբ այդ հումքային ապրանքների օգտագործմամբ ստեղծվում են արդեն պատրաստի արտադրանքներ, զարդեր, դրանց վաճառքն արդեն ենթակա է ԱԱՀ-ով հարկման: Այսինքն՝ վերջնարդյունքում մենք սպառողին այս հումքային ապրանքները հասցնում ենք ԱԱՀ-ով ծանրաբեռնված՝ գործող օրենսդրությամբ պայմանավորված»,- ասաց նա:

Պողոսյանի խոսքով՝ խնդիրն այն է, որ, մի կողմից, ոսկին և թանկարժեք քարերը, որպես հումքի տեսակներ, բարձրարժեք են այլ հումքերի համեմատությամբ, և ոսկյա զարդերը, լինելով բարձրարժեք ապրանքներ, երբ դրանց վաճառքը կազմակերպվում է շրջանառության հարկի համակարգում, կա հիմնավոր տեսակետ այն մասին, որ եթե գործարքներն ամբողջությամբ փաստաթղթավորվեն, իրացման ծավալների իրական հաշվառում և հայտարարագրում լինի, ապա, մեծ հավանականությամբ, այս ոլորտում գործող արտադրությամբ և վերավաճառքով զբաղվող մեր տնտեսվարող սուբյեկտները հատելու են շրջանառության հարկի շեմը, ինչը նշանակում է, որ այդ պահից հետո ձևավորվող հարկման բազաները ծանրաբեռնվելու են ԱԱՀ-ով:

«Սա էականորեն վնասում է մրցունակությանը՝ գնային իմաստով, և նաև անհավասարություն է ստեղծվում շուկայում, որովհետև շեմից ներքև գործողները շրջանառության հարկի համակարգում մի քանի անգամ ավելի ցածր հարկ են վճարում, քան շեմից գտնվողները կվճարեն»,- պարզաբանեց ֆինանսների նախարարի տեղակալը: 

Ըստ այդմ՝ հարկային միջավայրի բարելավման նպատակով առաջարկվում է 2 արտոնյալ կանոն՝ մեկը՝ արտադրողի համար, մյուսը՝ վերավաճառողի:

Խնդիրը նաև այն է, որ ոսկին՝ որպես առանձնահատուկ ապրանք, յուրաքանչյուր անգամ արժեշղթայի օղակներով անցնելիս նորովի չի ստեղծվում որպես արժեք, այլ պարզապես մի ձևից վերափոխվում է մեկ այլ ձևի՝ իր արժեքը փոխանցելով արժեշղթայի հաջորդական օղակներով: Այլ կերպ ասած՝ ոսկու ձուլակտորից ոսկյա զարդ պատրաստելու օղակում ոսկու արժեքը չի համարվում նոր ստեղծված արժեք: Հետևաբար, այս պարագայում ոսկու՝ ԱԱՀ-ով հարկումը մի կողմից խնդրահարույց է, մյուս կողմից՝ հանգեցնում է ոսկյա զարդերի գների բարձրացման՝ դրանով իսկ խոչընդոտելով ոսկեգործության ոլորտի զարգացմանը:

Իհարկե, նույն խնդիրն առկա կլինի նաև բոլոր այն դեպքերում, երբ որևէ հումք կամ նյութ ենթակա չէ ԱԱՀ-ով հարկման, սակայն դրա օգտագործմամբ ստացվող արտադրանքը ենթակա է ԱԱՀ-ով հարկման: Այդուհանդերձ, ոսկին առանձնահատուկ հումք է, քանի որ յուրաքանչյուր անգամ այն վերամշակելիս դրա արժեքը պահպանվում է, և յուրաքանչյուր անգամ արժեշղթայի օղակներով անցնելիս դրա՝ ԱԱՀ-ով հարկումը գործնականում կնշանակի ԱԱՀ-ով բազմակի անգամ հարկում, որը հիմնավոր մոտեցում չէ:

Նախագծով առաջարկվում է սահմանել, որ ոսկուց և թանկարժեք քարերից պատրաստված իրեր արտադրողի կողմից արտադրված՝ ոսկուց և թանկարժեք քարերից պատրաստված իրերի օտարման գործարքների մասով ԱԱՀ-ով հարկման բազա է համարվում Օրենսգրքով սահմանված կարգով հաշվարկվող ԱԱՀ-ով հարկման բազայի, իսկ անհատույց կամ իրական արժեքից էականորեն ցածր արժեքով հատուցմամբ գործարքների դեպքում՝ այդ գործարքների իրական արժեքի 80 տոկոսի և տվյալ իրի արտադրության համար օգտագործված ոսկու և թանկարժեք քարերի ձեռք բերման գնի դրական տարբերությունը, բայց ոչ պակաս, քան օրենսգրքով սահմանված ընդհանուր կարգով հաշվարկվող ԱԱՀ-ով հարկման բազայի, իսկ անհատույց կամ իրական արժեքից էականորեն ցածր արժեքով հատուցմամբ գործարքների դեպքում՝ այդ գործարքների իրական արժեքի 80 տոկոսի 10 տոկոսը, ոսկուց և թանկարժեք քարերից պատրաստված իրերի առևտրական (առք ու վաճառքի) գործունեությամբ զբաղվող անձանց կողմից ոսկուց և թանկարժեք քարերից պատրաստված իրերի օտարման գործարքների մասով ԱԱՀ-ով հարկման բազա է համարվում Օրենսգրքով սահմանված կարգով հաշվարկվող ԱԱՀ-ով հարկման բազայի, իսկ անհատույց կամ իրական արժեքից էականորեն ցածր արժեքով հատուցմամբ գործարքների դեպքում՝ այդ գործարքների իրական արժեքի 80 տոկոսի և տվյալ իրի ձեռք բերման գնի (ներառյալ՝ ԱԱՀ-ն) դրական տարբերությունը:

Միևնույն ժամանակ, հաշվի առնելով այն, որ առաջարկվող կարգավորումների կիրառության պարագայում հաճախ կլինեն իրավիճակներ, երբ պետական բյուջե վճարվող ԱԱՀ-ի գումարներն ավելի փոքր են, քան հաշվանցվող ԱԱՀ-ի գումարները (որի պարագայում վերջնարդյունքում կձևավորվեն պետական բյուջեից վերադարձման ենթակա ԱԱՀ-ի գումարներ)՝ նախագծով առաջարկվում է նաև ոսկուց և թանկարժեք քարերից պատրաստված իրերի առևտրական գործունեությամբ զբաղվող անձանց մասով սահմանափակել ոսկուց և թանկարժեք քարերից պատրաստված իրերի օտարման գործարքներին վերագրվող ձեռքբերումների մասով մատակարարի կողմից դուրս գրված հարկային հաշվում կամ մաքսային հայտարարագրում կամ ներմուծման հարկային հայտարարագրում առանձնացված ԱԱՀ-ի գումարների հաշվանցման իրավունքը:

Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է ոսկեգործության ոլորտի զարգացման համար ձևավորել նպաստավոր հարկային միջավայր:


2026-ի առաջին եռամսյակում ՀԷՑ-ի սեփական կարիքների սպառումը զգալիորեն նվազել է. խնայվել է շուրջ 125 մլն դրամ


2026 թվականի առաջին եռամսյակում ՀԷՑ-ի գլխամասային գրասենյակների բոլոր մասնաշենքերում, տարածքային մասնաճյուղերի և էլցանցերի մի քանի տասնյակ վարչական շենքերում ու բաշխման ցանցի ենթակառուցվածքներում սեփական կարիքների համար սպառվել է շուրջ 4,86 մլն կՎտ.ժամ էլեկտրաէներգիա։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը։

 

«2025 թվականի նույն ժամանակահատվածում սեփական կարիքների համար սպառումը կազմել է շուրջ 7,38 մլն կՎտ.ժամ էլեկտրաէներգիա։ Ըստ այդմ՝ ժամանակավոր կառավարման շրջանում՝ միայն այս երեք ամիսների ընթացքում, ՀԷՑ-ում սեփական կարիքների սպառման ուղղությամբ խնայվել է ավելի քան 2,5 մլն կՎտ.ժամ էլեկտրաէներգիա, ինչը գործող սակագնով՝ միջինացված ֆինանսական արտահայտությամբ, համարժեք է ավելի քան 125.000.000 ՀՀ դրամին։ Ընդ որում՝ ՀԾԿՀ-ի կողմից ՀԷՑ-ի սեփական կարիքների սպառման համար նախատեսված էլեկտրաէներգիայի սահմանաչափերը ներառված են էլեկտրաէներգիայի գործող սակագնի մեջ։

 

Հ.Գ. Կարող ենք ենթադրել, որ նշված ահռելի քանակի տարբերությամբ էլէներգիան նախկինում ՀԷՑ-ի սեփական կարիքների համար ոչ էլ սպառվել է, պարզապես նախկին կառավարիչների ձեռամբ այն «հավելագրվել» է սեփական հաշվիչների ցուցմունքներին՝ դրանով արհեստականորեն թե՛ նվազեցնելով բաշխման ցանցում առկա տեխնիկական կորուստների ցուցանիշները, և թե՛ պարտակելով առերևույթ հանցակազմի հատկանիշներ պարունակող այլ «մեքենայություններ», ինչի մասին մեր իրավապահներն արդեն լավագույնս են իրազեկված։

 

ՀԷՑ-ն այլևս ծառայում է մեր ժողովրդին»,- գրել է Պետրոսյանը։