«Սուր աղիքային վարակ» նախնական ախտորոշմամբ «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ» է տեղափոխվել երեք անձ. ՍԱՏՄ

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը օգոստոսի 6-ին ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն (ՀՎԿԱԿ) ՊՈԱԿ-ից հաղորդագրություն է ստացել այն մասին, որ, «սուր աղիքային վարակ» նախնական ախտորոշմամբ «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ» ՓԲԸ են տեղափոխվել երեք անձ․ հայտնում է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը։

«Պարզվել է, որ բուժառուներն այդ օրը «Բամբու» բար-ռեստորանում (ք. Երևան, Ազատության պողոտա 2/2) կերել են հավի և բադի միս, կարտոֆիլ ֆրի, տապակած պանիր, ծովամթերք, կեսար աղցան, բրուսկետա, ավոկադո, պանիր։

Արագ արձագանքելով հաղորդագրությանը՝ Տեսչական մարմնի կողմից վերահսկողություն է սկսվել «Բամբու» բար-ռեստորանում: Առկա սննդամթերքի նմուշները կներկայացվեն լաբորատոր հետազոտության:

Արդյունքները կհրապարակվեն»,- ասված է հայտարարության մեջ։

Մենք ինքներս դրա կարիքն ունենք․ Թրամփը՝ Ուկրաինային լրացուցիչ հրթիռներ  մատակարարելու մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները նույնպես «հրթիռների կարիք ունի»՝ պատասխանելով Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի՝ Patriot հակաօդային պաշտպանության համակարգերի համար հրթիռներ տրամադրելու նոր կոչերի վերաբերյալ լրագրողի հարցին․ հայտնում է Sky News-ը։

Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում Թրամփը նաև անդրադարձել է Ուկրաինային նախկին նախագահ Ջո Բայդենի ցուցաբերած ռազմական աջակցությանը՝ նշելով, որ Բայդենի վարչակազմը Կիևին տրամադրել է «հսկայածավալ» ռազմական օգնություն։

«Մենք նույնպես հրթիռների կարիք ունենք: Բայդենը (Ուկրաինային – խմբ․) տրամադրել է 300 միլիարդ դոլարի զինամթերք», – ասել է Թրամփը։

ԱՄՆ նախագահը նշել է, որ Ուկրաինային տրամադրած Բայդենի ռազմական օգնությունը նվազեցրել է ԱՄՆ-ի զինամթերքի պաշարները՝ նշելով, որ այժմ երկիրը համալրում է իր զինանոցը և օգտագործում է այն զինամթերքը, որի կիրառման անհրաժեշտությունն այլ պայմաններում, հնարավոր է, չառաջանար։

Այն, ինչ այսօր տեղի է ունենում հայկական ապրանքների շուրջ, խնդիր է Հայաստանի համար, բայց ավելի մեծ խնդիր է հենց ԵԱՏՄ-ի համար․ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Հայաստանի նպատակը երկրի համար այլընտրանքներ ստեղծելն է՝ ընդգծելով, որ դա ցանկացած պետության օրինական իրավունքն է։

«Մեր նպատակն է ստեղծել այլընտրանքներ Հայաստանի Հանրապետության համար։ Կարծում եմ՝ դա ցանկացած երկրի լեգիտիմ իրավունքն է։ Բոլոր երկրներն աշխատում են դրա վրա, որպեսզի ունենան այլընտրանքներ»,- ասել է նա։

Խոսելով Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) մասին՝ Փաշինյանը նշել է, որ միության համար լավագույն մոտեցումը կլինի ոչ թե խոչընդոտել այդ գործընթացին, այլ աշխատել սեփական մրցունակությունն ու գրավչությունը բարձրացնելու ուղղությամբ։

«Կարծում եմ՝ այս պահին ԵԱՏՄ-ի համար լավագույն դիրքորոշումը կլինի ոչ թե տորպեդահարել այս գործընթացը, այլ աշխատել, որպեսզի բարձրացվի Եվրասիական տնտեսական միության մրցունակությունն ու գրավչությունը։ Հայաստանը պատրաստ է աշխատել այդ ուղղությամբ»,- ասել է նա։

Հարցին, թե գուցե արդեն ժամանա՞կն է ընտրություն կատարել, Փաշինյանը պատասխանել է. «Սկզբում պետք է ստեղծել ընտրության հնարավորություն։ Դրանից հետո միայն հնարավոր կլինի ընտրություն կատարել»։

Անդրադառնալով Հայաստանի՝ Եվրոպական միությանն անդամակցելու հարցով հանրաքվեի հնարավոր անցկացմանը՝ Փաշինյանն ասել է, որ այն անպայման տեղի կունենա, սակայն միայն այն բանից հետո, երբ Հայաստանը պաշտոնապես դիմի ԵՄ-ին անդամակցության հարցով և այդ ուղղությամբ իրականացվի ինստիտուցիոնալ աշխատանք։

«Այսօր հանրաքվե անցկացնել հնարավոր չէ, որովհետև դրա անցկացման համար հիմք է պետք։ Եթե հիմա հանրաքվե կազմակերպենք և հարցնենք՝ Եվրոպական միությո՞ւն, թե՞ Եվրասիական տնտեսական միություն, քաղաքացիները կհարցնեն՝ ի՞նչ հեռանկարներ ունենք դառնալու ԵՄ անդամ, ո՞րն է ճանապարհային քարտեզը։ Այդ հարցերի պատասխաններն այսօր չկան»,- նշել է նա։

Փաշինյանի խոսքով՝ այն, ինչ այսօր տեղի է ունենում ԵԱՏՄ տարածքում, Հայաստանի հասարակության շրջանում բացասական վերաբերմունք է ձևավորում միության նկատմամբ։

«Եթե ԵԱՏՄ-ի հիմնարար սկզբունքները չեն գործում, ապա չի գործում նաև Եվրասիական տնտեսական միությունը։ Այն, ինչ այսօր տեղի է ունենում հայկական ապրանքների շուրջ, խնդիր է Հայաստանի համար, բայց ավելի մեծ խնդիր է հենց ԵԱՏՄ-ի համար»,- ասել է նա։

Սահմանն ապօրինի հատած 1000-ից ավելի միգրանտ երեխա մնում ու գիշերում է իսպանական Սեուտայի փողոցներում․ նրանց հեշտ չէ հետ ուղարկելը

Իսպանիային պատկանող Սեուտա անկլավում մնում է առնվազն 1100 երեխա ու դեռահաս, որոնք անօրինական կերպով ժամանել են վերջին միգրացիոն ճգնաժամից առաջ կամ դրա ընթացքում․  գրում է meduza.io-ն՝ քաղաքային պաշտոնյաներին հղումով։

Մարդասիրական կազմակերպություններից մեկի ներկայացուցչի խոսքով՝ իշխանություններն ու ոստիկանությունը ներկայում գրանցում են մինչև 15 տարեկան անչափահասներին, սակայն քաղաքում կարող են լինել հազարավոր դեռահասներ, որոնց ինքնությունը պետք է պարզվի։

Սեուտա ժամանած դեռահասներից շատերը ստիպված են քնել փողոցներում, քանի որ քաղաքը գերբնակեցված է. այն սովորաբար նախատեսված է մոտ 600 չափահաս միգրանտի և ընդամենը 29 երեխայի համար։

Սեուտայի բնակիչ Համզա Սիտունի Մորենոն Reuters-ին ասել է, որ ինքը քաղաք ներթափանցած երեխաներին տարել է իշխանությունների մոտ, բայց նրանք չեն կարողացել ընդունել նրանց, ուստի՝ Մորենոն ինքն է նրանց համար ժամանակավոր կացարաններ կառուցել՝ նրանց ապահովելով վերմակներով և սնունդով։ Մի աղջիկ քնել է նրա մեքենայում։

17-ամյա մի աղջիկ, որը լողալով հասել է Սեուտա, Associated Press-ին հայտնել է, որ իր 8-ամյա եղբայրը խեղդվել է, և ինքը հիմա ստիպված է մուրացկանություն անել քաղաքի փողոցներում։ Օգոստոսի 3-ին Associated Press-ի թղթակիցը նկատել է, թե ինչպես են իսպանացի զինվորները փորձում Սեուտա անօրինական ճանապարհով ժամանած մի տղայի վերադարձնել Մարոկկո:

«Նա լաց էր լինում և աղաչում, որ իրեն չվերադարձնեն Մարոկկո», – հաղորդել է գործակալությունը: Ի վերջո, տեղի բնակիչների ճնշման տակ և լրագրողների ներկայությամբ իսպանական բանակի փոխգնդապետը կասեցրել է տղայի արտաքսումը։

Իսպանական օրենսդրության համաձայն՝ անչափահաս միգրանտներին պարզապես հետ ուղարկել հնարավոր չէ: Նախ՝ պետք է պարզվի երեխայի անունը և տարիքը, պետք է գտնվի նրա ընտանիքը և պարզվի, թե արդյոք նրանց համար անվտա՞նգ է վերադառնալը: Այս ստուգման գործընթացում (որը կարող է տևել ամիսներ) երեխաները պետք է հեռացվեն գերբնակեցված Սեուտայից և բաշխվեն Իսպանիայի այլ շրջաններում, որտեղ նրանց մասին հոգ կտանեն տեղի սոցիալական ծառայությունները։


Սեուտայի իշխանություններն արդեն կոչ են արել «միջտարածքային համերաշխության», սակայն մայրցամաքային Իսպանիայում բոլորը չէ, որ պատրաստ են ընդունել անչափահաս միգրանտներին: Իսպանիայի 17 ինքնավար համայնքներից 4-ում տարածաշրջանային կառավարությունները ձևավորվում են աջակենտրոն «Ժողովրդական կուսակցության» (ԺԿ) և ծայրահեղ աջակողմյան «Ձայն» կուսակցության կողմից, որոնց կոալիցիոն համաձայնագրերը բացահայտորեն հայտարարում են Իսպանիայի սահմանն անօրինական ճանապարհով հատած երեխաների ընդունման դեմ:

«Ձայն»-ի առաջնորդ Սանտյագո Աբասկալը հայտարարել է, որ իսպանացի հարկատուների գումարներից ոչ մի եվրո չպետք է ծախսվի Սեուտայից անչափահաս միգրանտների ընդունման համար։ Իսաբել Դիաս Այուսոն՝ «Ժողովրդական կուսակցության» անդամ և Մադրիդի ինքնավար համայնքի ղեկավարը, ակնարկել է, որ Սեուտա մուտք գործած երեխաները պետք է ընդունվեն Մարոկկոյի կողմից. «Ես չեմ կարող պատկերացնել, որ Իսպանիան իր երեխաներին կթողնի արտասահմանում բախտի քմահաճույքին»:

Ընդհանուր առմամբ՝ Իսպանիայի իշխանությունները սկզբում Սեուտա ժամանած մարդկանց թիվը գնահատել էին 50․000, բայց այս գնահատականը հետագայում հասել է 72․000-ի: Քաղաքում, որի բնակչությունը 85․000 է, սրճարաններն ու խանութները փակվել են: Միգրանտները տեղ չունեին քնելու և ուտելու: Շուտով նրանց մեծ մասը վերադարձել է Մարոկկո: Իսպանիայի կառավարության տվյալներով՝ քաղաքում մնացել է մոտ 2000 օտարերկրացի, մինչդեռ Սեուտայի իշխանությունները գնահատում են 3000-5000։

Պեկինն ամրապնդում է դիրքերն ապագայի էներգետիկ շուկայում․ Չինաստանում ստեղծել են 582 տոննա կշռող մագնիս՝ «արհեստական Արեգակը» պահելու համար

Չինաստանն ավարտել է աշխարհում ամենամեծ ջերմամիջուկային մագնիսի ստեղծումը, որով երկիրը նպատակ ունի մինչև 2030 թվականը ջերմամիջուկային սինթեզի միջոցով հասնել էներգիայի արտադրության․ գրում է Forbes-ը։

Անցյալ շաբաթ Չինաստանի գիտությունների ակադեմիայի պլազմային ֆիզիկայի ինստիտուտը ստեղծել և ավարտել է աշխարհի ամենամեծ գերհաղորդիչ մագնիսի փորձարկումը: 582 տոննա կշռող սարքավորումն ունի 21 մետր երկարություն և 12 մետր լայնություն։

Մագնիսի բոլոր բաղադրիչները՝ սկսած գերհաղորդիչ լարից մինչև մետաղական կառուցվածք, արտադրվել են Չինաստանում։ Սա երբևէ ստեղծված ամենամեծ մագնիսն է՝ նախատեսված ջերմամիջուկային ռեակտորի համար. այն կարող է կուտակել երեք անգամ ավելի շատ էներգիա, քան 35 երկրների մասնակցությամբ իրականացվող ITER նախագծի համար Ֆրանսիայում պատրաստվող համանման մագնիսական կոճերը։

Մագնիսը ստեղծվել է BEST ՝ Burning Plasma Experimental Superconducting Tokamak ռեակտորի համար։ Ռեակտորն այժմ կառուցման փուլում է։ Այն պետք է պլազման տաքացնի մինչև ծայրահեղ բարձր ջերմաստիճանի՝ ավելի քան 100 միլիոն աստիճան Ցելսիուս՝ մոտ 7 անգամ ավելի տաք, քան Արեգակի միջուկը։ Իսկ մագնիսի գործառույթը գերշիկացած պլազման հզոր մագնիսական դաշտի միջոցով կայուն պահելն է՝ թույլ չտալով, որ այն դիպչի ռեակտորի խցիկի պատերին։

Նմանատիպ նախագծերի չափանիշներով՝ ծրագիրն ընթացել է աննախադեպ արագ տեմպերով։ Մագնիսի նախագծումից մինչև վերջնական փորձարկումներ անցել է ընդամենը վեց տարի։ Ռեակտորի կառուցումը նախատեսվում է ավարտել մինչև 2027 թվականը, իսկ մինչև 2030 թվականը հետազոտողները ցանկանում են սկսել ջերմամիջուկային էներգիայի արտադրությունը։

Նշվում է, որ Չինաստանն այժմ մեկ տասնամյակ կամ ավելի առաջ է այն ոլորտում, որին միացել էր համեմատաբար ուշ։ Այս քայլը Պեկինին հնարավորություն է տալիս առաջատար դիրք զբաղեցնելու ապագայի էներգետիկ շուկայում: Ջերմամիջուկային էներգիայի ոլորտում համաշխարհային մրցավազքի կարևոր խթաններից մեկն արհեստական բանականության (AI) տվյալների կենտրոնների գործարկման համար էներգիայի հսկայական պահանջարկն է։

1.3 մլրդ դրամի թաքցված հարկման օբյեկտ է հայտնաբերվել Գագիկ Ծառուկյանին պատկանող «Առինջ մոլում»․ ՊԵԿ

ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի շրջանակներում բացահայտել է շուրջ 1,3 մլրդ դրամի թաքցված հարկման օբյեկտ։

«Այսպես, վարչության 12-րդ բաժին օպերատիվ տվյալներ էին ստացվել, որ Կոտայքի մարզում առևտրի կենտրոնի գործունեությամբ զբաղվող ընկերությունն առևտրի իրականացման վայրում գտնվող պահեստային տարածքները տրամադրում է վարձակալության, որոնցից գոյացած հասույթները չի արտացոլում հարկային մարմին ներկայացվող հարկային հաշվարկներում։ Նույն տվյալների համաձայն առևտրի իրականացման վայրի կազմակերպիչը վաճառատեղերի վարձավճարներից բացի յուրաքանչյուր ամիս կանխիկ եղանակով գանձում է նաև հավելյալ գումարներ, որոնք չեն փաստաթղթավորվում օրենսդրությամբ սահմանված կարգով և չեն ներառվում հարկային մարմին ներկայացվող հարկային հաշվարկներում։

Վարչության աշխատակիցները ձեռնարկել են համակողմանի և  մեծածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, արդյունքում ստացված օպերատիվ տվյալները հաստատվել են:Հետազոտվել են առևտրի կենտրոնի ներքին հաշվապահական հաշվառման փաստաթղթերը և աշխատանքային համակարգիչներում առկա տեղեկատվությունը, միաժամանակ օպերատիվ հարցման են ենթարկվել առևտրի կենտրոնում գործունեություն իրականացնող մի շարք հարկ վճարողներ, որոնք հայտնել են արժեքավոր տեղեկություններ։ Ձեռք բերված ամբողջ տեղեկությունները մանրամասն վերլուծվել և ուսումնասիրվել են, այնուհետև տվյալները համադրվել են առևտրի կենտրոնի կողմից հարկային մարմին ներկայացրած համապատասխան հարկային հաշվարկներում ներառված տվյալների հետ: Պարզվել է, որ ընկերության կողմից թաքցվել է շուրջ 1,3 մլրդ  դրամի հարկման օբյեկտ։ Արդյունքում չի հաշվարկվել և չի վճարվել շուրջ 492 միլիոն ՀՀ դրամի հարկեր՝ պետությանը պատճառելով առանձնապես խոշոր չափերի վնաս։

Օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով նախատեսված առերևույթ հանցանքի վերաբերյալ հաղորդում է ներկայացվել ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ընկերությունում իրականացվող միջոցառումների ընթացքում հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության և հարկ վճարողների ընթացիկ հսկողության հարկային տեսչություն-վարչության աշխատակիցները օպերատիվ հսկողության տակ են պահել նաև առևտրի կենտրոնում գործող խանութների ընթացիկ գործունեությունը և ուշագրավ է այն հանգամանքը, որ այդ օրերին խանութների ընդհանուր ֆիսկալ շրջանառությունը նախորդ ժամանակահատվածի համադրելի օրերի համեմատ կտրուկ ավելացել է շուրջ 110 տոկոսով։

Պետական եկամուտների կոմիտեն առևտրի կենտրոններին և դրանցում գործող հարկ վճարողներին հորդորում է զերծ մնալ հարկային մարմին ներկայացված հաշվարկ-հաշվետվություններում ակնհայտ կեղծ տվյալներ ներառելու և հարկվող օբյեկտները թերհայտարարագրելու արատավոր վարքագծից։ Հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը հետևողական է լինելու նման արատավոր երևույթները կանխելու և դրանց կազմակերպիչներին բացահայտելու հարցում։

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի համար կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով»,- ասված է ՊԵԿ հայտարարության մեջ։

Ծովազարդ բնակավայրի բնակիչը հայտնաբերել է իրեն պատկանող 10 գլուխ գառներին հոշոտված. Shamshyan.com

Այսօր՝ օգոստոսի 7-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 06:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Սևանի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Ծովազարդ բնակավայրի Անդրանիկի փողոցի տներից մեկում գտնվող գետնափոր շինությունում կենդանիների կողմից հոշոտված գառներ կան. գրում է Shamshyan.c0m-ը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր է ժամանել ոստիկանության Սևանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Վարդան Սահակյանի գլխավորությամբ։

Տեղում գառների տերը ոստիկաններին ու պարեկներին հայտնել է, որ առավոտյան ժամը 05:30-ի սահմաններում է գառներին հայտնաբերել սատկած, և գայլերը, թե թափառող շներն են եղել, ինքը դժվարանում է պատասխանել։

Դեպքի փաստով ոստիկանության Սևանի բաժնում փաստաթղթեր են կազմվում։ Արդյոք Գեղարքունիքի մարզպետն ու Սևան խոշորացված համայնքի ղեկավարը օգնության ձեռք կմեկնեն սոցիալապես անապահով վիճակում գտնվող այս ընտանիքին, դեռևս հայտնի չէ։

Հնդկաստանում հայտարարվել է վտանգի կարմիր մակարդակ՝ հորդառատ անձնրևների պատճառով

Հնդկաստանի հիդրոօդերևութաբանական վարչությունը (IMD) հայտարարել է եղանակային վտանգի ամենաբարձր՝ կարմիր մակարդակ՝ Հնդկաստանի մայրաքաղաքում տեղացած հորդառատ անձրևների պատճառով․ գրում է ՏԱՍՍ-ը։

Վերջին ժամերի ընթացքում Նյու Դելին տուժել է ուժեղ անձրևներից, որոնք մի քանի շրջաններում առաջացրել են լայնածավալ խցանումներ և ջրհեղեղներ։ IMD-ն հայտարարել է տագնապի կարմիր մակարդակ՝ կանխատեսելով չափավոր անձրևներ երկրի մեծ մասում, իսկ որոշ վայրերում՝ ուժեղ անձրևներ, որոնք ուղեկցվում են ամպրոպներով և կայծակներով։

Նմանատիպ եղանակային պայմաններ են նաև Հնդկաստանի այլ մասերում։ Անձրևներն առաջացնում են սողանքներ ու ջրհեղեղներ։ Ասսամ նահանգում վերջին օրերին եղանակային պայմանների պատճառով արդեն մահացել է 97 մարդ։ Արևելյան Ջարկհանդ նահանգում կայծակի հարվածից մահացել է 20 մարդ։

Կոչ ենք անում Հայաստանի իշխանություններին վերջ տալ ՀԱԵ-ի նկատմամբ թշնամական գործողություններին

Արգենտինայի Հանրապետության հայկական հաստատությունները, իբրև հավատքի, մշակույթի և պատմական հիշողության ամուր կապերով միավորված համայնքի ներկայացուցիչներ, ամենայն խստությամբ դատապարտում են պետական այն գործողությունները, որոնք ոտնահարում են մեր Սուրբ Եկեղեցու ինքնավարությունը, ինչպես նաև Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը։

Իր շուրջ երկհազարամյա պատմության ընթացքում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին առանցքային դեր է ունեցել մեր ժողովրդի կյանքում՝ դառնալով նրա ազգային ինքնության, հոգևոր կյանքի և միասնականության ամուր հենասյունը։

Մեր ժողովրդի պատմության ամենածանր և փորձություններով լի ժամանակաշրջաններում Հայ Եկեղեցին եղել է այն լուսավոր փարոսը, որի շուրջ պահպանվել են ազգային միասնությունն ու հոգևոր ինքնությունը։ Աշխարհագրական սահմաններից անդին այն իր հովանու ներքո համախմբել, զորացրել և սատարել է աշխարհասփյուռ հայությանը։

Այս պատմական ժառանգության անբաժանելի մասն է նաև Արգենտինայի հայ համայնքը, որը ձևավորվել է Թուրքիայի կողմից իրագործված Հայոց ցեղասպանությունը վերապրած հայորդիների անձնազոհ ջանքերով ու տոկունությամբ և սերնդեսերունդ ամրացել ու զարգացել է։ Հայոց եկեղեցիները մշտապես եղել են մեր համայնքային, հասարակական, կրթական և հոգևոր կյանքի կենտրոնը։

Արգենտինական հասարակության մեջ մեր համայնքի լիարժեք հաստատումն ու հայրենական արմատների պահպանումն անհնարին կլինեին առանց մեր Մայր Եկեղեցու հոգևոր և ինստիտուցիոնալ հովանավորության։ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին այն անքակտելի կապն է, որ Սփյուռքի մեր ներկան միավորում է մեր հայրենիքի անցյալի, ներկայի և ճակատագրի հետ։

Ելնելով այս պատմական փորձառությունից՝ անընդունելի ենք համարում աշխարհիկ դատական մարմինների միջամտությունը Հայ Եկեղեցու ներքին՝ բացառապես կանոնական և կազմակերպական հարցերին և այն գնահատում ենք որպես Եկեղեցու ինքնավարության նկատմամբ ծանր ոտնձգություն։

Եկեղեցական կառույցի ներքին կյանքին պետական այս բացահայտ միջամտությունը հակասում է ժողովրդավարական կարգի հիմնարար սկզբունքներին և ուղղակի սպառնալիք է կրոնական ազատության իրացման նկատմամբ։

Այնպիսի ժամանակաշրջանում, երբ Հայաստանը կանգնած է աշխարհաքաղաքական լրջագույն մարտահրավերների առջև, պետական համակարգից հրահրվող առճակատումը թուլացնում է մեր ազգի ընդհանուր դիմակայունությունը և խաթարում այն ներքին համերաշխությունն ու միասնականությունը, որոնք կենսական նշանակություն ունեն մեր հայրենիքի անվտանգության և ապագայի համար։

Ստեղծված իրավիճակն առավել մտահոգիչ է օգոստոսի 7-ին նշանակված դատական նիստի նախաշեմին, որի ընթացքում քննության առարկա են դառնալու այս գործի առանցքային հարցերը։ Արգենտինայի հայ համայնքը մեծ ուշադրությամբ հետևելու է դատական գործընթացին և դրա հետագա զարգացումներին։

Հաշվի առնելով վերոնշյալը՝ Արգենտինայի Հանրապետության հայ համայնքը պահանջում է անհապաղ և անվերապահորեն կարճել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Գերագույն հոգևոր խորհրդի անդամների նկատմամբ հարուցված քրեական գործերը։

Դատական այս հետապնդումների դադարեցումը անհրաժեշտ պայման է մեր ազգային հաստատությունների բնականոն գործունեությունը, Հայ Եկեղեցու արժանապատվությունն ու մեր ժողովրդի ներքին համերաշխությունը պահպանելու համար։

Կոչ ենք անում Հայաստանի Հանրապետության իրավասու իշխանություններին վերջ տալ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու և նրա նվիրապետության նկատմամբ թշնամական գործողություններին, անվերապահորեն հարգել Եկեղեցու ինքնավարությունը, կանոնական կարգն ու պատմական առաքելությունը և նպաստել այն հասարակական խաղաղության ու համերաշխության հաստատմանը, որի կարիքն այսօր առավել քան երբևէ ունի մեր ժողովուրդը։

Արգենտինայի հայ համայնքը չի կարող և չի մնա անտարբեր այս գործընթացի հանգուցալուծման նկատմամբ։ Մենք շարունակելու ենք ուշադիր և գործուն կերպով հետևել զարգացումներին՝ համագործակցելով Սփյուռքի հայկական կառույցների, ինչպես նաև մարդու իրավունքների և կրոնական ազատությունների պաշտպանության միջազգային կազմակերպությունների հետ։
IARA

Արգենտինայի Հանրապետության հայկական հաստատություններ

Հարավային Ամերիկայի Հայ օգնության միություն (ՀՕՄ)
Հայ մշակութային միություն
Արգենտինահայ արդյունաբերության և առևտրի պալատ
«Դեպորտիվո Արմենիո» մարզական ակումբ
«Արզումանյան» հիմնադրամ
«Արմենիա» հիմնադրամ
Հայոց ցեղասպանության հիշատակի հիմնադրամ
«Վիսենտե Լոպես» կրթական հիմնադրամ
Հայ Եկեղեցու վարչական հաստատություն — Հայ կենտրոն
«Արարատ» օթյակ
Հայ ազատական-ժողովրդավարական կազմակերպություն
Մարաշի հայրենակցական միություն
Հայ մշակութային միություն
«Շարժում» հայ մշակութային միություն
Հայկական բարեգործական ընդհանուր միություն (ՀԲԸՄ)
Հայ մարմնակրթական ընդհանուր միություն «Հոմենեթմեն» (ՀՄԸՄ)
Այնթապի հայ հայրենակցական միություն
Հաճընի հայ բնակիչների միություն
ԱՐԱՄԱ (ARAMÁ)

Թրամփը կրկին քայլեր է ձեռնարկում ԱՄՆ-ում ծննդյան իրավունքով քաղաքացիությունը սահմանափակելու ուղղությամբ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին փորձում է սահմանափակել Միացյալ Նահանգներում ծննդյան իրավունքով քաղաքացիություն ստանալու հնարավորությունները․ գրում է BBC-ն։

Նախօրեին Թրամփը ստորագրել է գործադիր երկու հրամանագիր, որոնցից մեկն ընդլայնում է այն ոչ քաղաքացիների շրջանակը, որոնց երեխաները ծննդյան իրավունքով ԱՄՆ քաղաքացիություն ստանալու իրավունք չունեն։ Երկրորդ հրամանագրով արգելվում է այսպես կոչված «ծննդաբերական տուրիզմը»՝ պրակտիկա, երբ հղի կանայք մեկնում են ԱՄՆ՝ այնտեղ ծննդաբերելու և այդկերպ իրենց երեխաների համար ԱՄՆ քաղաքացիություն ապահովելու նպատակով։

«Սա պետք է արվեր դեռ տարիներ առաջ, բայց մենք հիմա լուծում ենք այդ հարցը», – ասել է Թրամփը՝ քննադատելով Գերագույն դատարանի որոշումը, որով մերժվել էր 150 տարի գոյություն ունեցող այս քաղաքականությունը վերացնելու իր նախորդ նախաձեռնությունը։

Ըստ նոր հրամանագրերի՝ արգելվում է ծննդյան իրավունքով քաղաքացիություն տալ ԱՄՆ-ում ծնված այն երեխաներին, որոնց երկու ծնողներն էլ քաղաքացի չեն, և ծնողներից մեկն օտարերկրյա ահաբեկչական խմբավորման անդամ է, օտարերկրյա կառավարության աշխատակից է, խարդախությամբ քաղաքացիություն ստանալու փորձ է կատարել կամ բնակվում է ԱՄՆ-ի այն տարածքներում, որտեղ դաշնային օրենքի համաձայն՝ քաղաքացիություն չի շնորհվում ծննդյան իրավունքով։

ԱՄՆ միգրացիոն քաղաքականության ինստիտուտը նշել է, որ Միացյալ Նահանգներում տարեկան մոտ 22․000-26․000 երեխա է ծնվում «ծննդաբերական տուրիզմի» շրջանակում։ Ըստ կազմակերպության՝ կառավարության տվյալները վկայում են, որ 2024 թվականին ԱՄՆ-ում ծնվել է 9600 երեխա, որոնց մայրերն ունեցել են օտարերկրյա բնակության հասցե։