Հովիկ Աբրահամյանի որդուն՝ Արգամ Աբրահմյանին, մեղադրում են սպանություն պատվիրելու համար

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում իրականացվող քրեական վարույթով կատարված նախաքննությամբ, ինչպես նաև ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից կատարված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ դեռևս 2023 թվականի ապրիլի 30-ին Երևան քաղաքի Մյասնիկյան պողոտայի շենքերից մեկի մուտքի մոտ կատարված Ս․Վ․-ի սպանությունը պատվիրվել է Արտաշատ համայնքի նախկին ղեկավար, ԱԺ նախկին պատգամավոր Ա.Ա.-ն․ հայտնում է Քննչական կոմիտեն

«Մասնավորապես՝ պլանավորված, համակողմանի ապացուցողական ու վարութային գործողությունների արդյունքում պարզվել է, որ Ա.Ա.-ն կնոջը՝ Է.Ծ.-ին կասկածելով «Ավետարանի հավատքի քրիստոնյաներ» կրոնական կազմակերպության անդամ, հոգևոր հովիվ Ս․Վ․-ի հետ անձնական փոխհարաբերություններ ունենալու, ինչպես նաև՝ նրան խոշոր գումարներ տալու մեջ, վրեժխնդիր լինելու շարժառիթով նպատակադրվել է կյանքից զրկել Ս․Վ․-ին, սակայն որոշել է իր հանցավոր մտադրությունն իրագործել ոչ թե անձամբ, այլ իրենից ֆինանսական և անձնական կախվածության մեջ գտնվող հավատարիմ անձի՝ իր անվտանգության աշխատակից Գ.Հ.-ի միջոցով»,- ասված է հաղորդագրությունում:

Նշենք, որ Արգամ Աբրահամյանը ԲՀԿ կալանավորված առաջնորդ Գագիկ Ծառուկյանի փեսան է։

Ադրբեջանը վաշինգտոնյան հանդիպումից հետո էլ շարունակում է մեծ ծավալի սպառազինություն ձեռք բերել․ Տիգրան Աբրահամյան

ԱԺ-ում քննարկումներից մեկի ժամանակ իշխող ուժի ներկայացուցիչը հարցադրում է անում՝ սպառնալի՞ք էր ՌԴ-ի՝ Ադրբեջանին 5 մլրդ դոլարի սպառազինություն վաճառելը․ Facebook-ի իր էջում գրել է ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

«ՀՀ-ի համար սպառնալիք են եղել, կան ու կլինեն բոլոր այն գործընթացները՝ լինեն դրանք ռազմական, քաղաքական կամ տնտեսական, որոնցով Ադրբեջանն ամրացել, ուժեղացել ու ամրապնդել է իր պոտենցիալը։

Այստեղ հարցն այլ է․ իսկ ինչպե՞ս են տարբեր ժամանակներում դրան արձագանքել ՀՀ իշխանությունը։

Օրինակ՝ նույն այդ գործարքների ժամանակ Սերժ Սարգսյանը ոչ միայն փակ հանդիպումներում, այլև իր հրապարակային խոսքում, բազմաթիվ անգամ, տարբեր ձևաչափերով հանդիպումներում, ՌԴ իշխանությանը զգուշացրել է, որ այդ գործարքները մեր երկրում ընկալելի և ընդունելի չեն։ Մեկ այլ թեմա է, թե այդ ժամանակ խնդիրն ինչպես է քննարկվել ու, որպես արդյունք, ինչ մատակարարումների է հանգեցրել ՀՀ-ի համար։

Ադրբեջանը վաշինգտոնյան պայմանավորվածությունից առաջ և հետո շարունակում է մեծածավալ ռազմական գնումներ իրականացնել Իսրայելից, Պակիստանից, Չինաստանից, Թուրքիայից, եվրոպական տարբեր երկրներից։

Գործող իշխանությունը որևէ ձայն կամ հակազդեցություն ապահովե՞լ է։ Որ հարցնես, կասեն՝ եթե խոսենք, սահմանին խաղաղություն չի լինի, պատերազմ կսադրենք և այլ հիմարություններ»,- նշել է Աբրահամյանը։

 

Երևանի կենտրոնում գրեթե ամբողջ շաբաթ օդը թույլատրելիից աղտոտ է եղել

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը հուլիսի 29-ից օգոստոսի 4-ը։

Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․

  • Կենտրոնում՝ գրեթե ամբողջ շաբաթ,
  • Արաբկիրում՝ հուլիսի 29-30-ը և օգոստոսի 2-ին,
  • Նոր Նորքում՝ հուլիսի 30-ին,

Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել Է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․

  • Կենտրոնում՝ հուլիսի 31-ին և օգոստոսի 2-4-ը,
  • Նոր Նորքում՝ հուլիսի 29-31-ը, օգոստոսի 2-ին և 4-ին։

Հայ ուշուիստները Բաթումիի մրցաշարում 37 մեդալ են նվաճել

Վրաստանի Բաթումի քաղաքում կայացել է Ուշուի միջազգային բաց առաջնությունը․ հայտնում են Հայաստանի ավանդական ուշուի ֆեդերցիայից։

«Ֆեդերացիան Վրաստան էր մեկնել 44 հոգանոց պատվիրակությամբ, որոնցից 36-ը մարզիկներ էին։ Նրանցից 6-ը մրցաշարին մանակցել են «թաոլու», 30-ը` սանդա ոճում: Հայաստանի հավաքականն ընդհանուր առմամբ նվաճել է 37 մեդալ․ 27-ը` Սանդայից, 10-ը` Թաոլուից:

Առաջնությանը մասնակցել է նաև 4 հայ մրցավար»,- ասված է հաղորդագրությունում:

 

Մտահոգված ենք եկեղեցական ներքին գործերին անհարկի միջամտության կապակցությամբ․ Եկեղեցիների համաշխարհային խորհուրդ

Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը խոր մտահոգություն է հայտնել Հայ Առաքելական եկեղեցու շուրջ ստեղծված ընթացիկ իրավիճակի կապակցությամբ․ տեղեկանում ենք կազմակերպությունից։

«Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը, որպես եկեղեցիների համաշխարհային եղբայրություն, վերահաստատում է Հայ Առաքելական եկեղեցու առանցքային դերը հայ ժողովրդի և համաքրիստոնեական ընտանիքի հոգևոր, մշակութային ու պատմական կյանքում։

Որպես ԵՀԽ՝ մեր մտահոգությունն ենք հայտնում եկեղեցական ներքին գործերին անհարկի միջամտության կապակցությամբ։

Հուսով ենք՝ ստեղծված հակամարտությունը կլուծվի այնպիսի ճանապարհով, որը կնպաստի ողջ հայ ժողովրդի բարօրությանը և առաջընթացին։

Այս ժամանակահատվածում մենք մեր աղոթքներով և աջակցությամբ կանգնած ենք Հայ Եկեղեցու և նրա ժողովրդի կողքին»,- ասված է հաղորդավգրությունում։

 

Մասկը մերժել է Զելենսկիին – ABCMEDIA

Իլսոն Մասկը հրաժարվում է Կիևին թույլատրել օգտագործել Starlink-ը Ռուսաստանին հարվածելու նպատակով․ ըստ ռուսական ТАСС-ի գրում է The Atlantic-ը՝ հղում անելով սեփական աղբյուրներին։

Ավելի վաղ ամսագիրը հայտնել էր, որ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին դիմել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ խնդրելով դիմել Իլոն Մասկին ու համոզել, որ նա թույլ տա Ուկրաինային օգտագործել Starlink-ը՝ թիրախներին ճշգրիտ հարվածելու համար։

Ռուսական գործակալությունը նշում է, որ մեկնաբանություն ստանալու համար դիմել են Սպիտակ տանն ու SpaceX ընկերությանը, բայց չեն արձագանքել։

 

Ի՞նչ հիմքով է Աննա Հակոբյանին պետական պահպանություն տրամադրվում

Աննա Հակոբյանի հասցեին հնչած բռնության կոչերի և կյանքից զրկելու սպառնալիքների մասին նրա հրապարակումից հետո ՀՀ գլխավոր դատախազությունը տեղեկացրեց, որ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Այդ զարգացումների ֆոնին ABC Media-ն հարցում է ուղարկել ՀՀ պետական պահպանության ծառայություն՝ պարզելու, թե ինչ իրավական հիմքով է Աննա Հակոբյանը գտնվում պետական պահպանության ներքո և ինչ կարգավիճակով է օգտվում այդ պաշտպանությունից։

ABC Media-ի հարցմանն ի պատասխան՝ ՀՀ պետական պահպանության ծառայությունը հայտնել է, որ Աննա Հակոբյանը պետական պահպանության ներքո է և համարվում է վարչապետի ընտանիքի անդամ։ Մենք հետաքրքրվել էինք՝ արդյոք Աննա Հակոբյանը ներկայում կամ երբևէ գտնվել կամ գտնվո՞ւմ է պետական պահպանության ներքո, ինչպես նաև՝ հաշվի առնելով, որ Նիկոլ Փաշինյանի և Աննա Հակոբյանի ամուսնությունը պաշտոնապես գրանցված չէ, արդյոք նա օրենքի ուժով ունի՞ վարչապետի ընտանիքի անդամի կարգավիճակ։

Պետական պահպանության ծառայությունը պարզաբանել է, որ թեև նրանց ամուսնությունը գրանցված չէ, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի մի շարք մեկնաբանությունների համաձայն՝ համատեղ բնակությունը, ընդհանուր երեխաների առկայությունը, փոխադարձ խնամքը, ինչպես նաև տնտեսական և սոցիալական կապերը թույլ են տալիս նրանց հարաբերությունները դիտարկել որպես ընտանեկան հարաբերություններ։ Հենց այս հիմքով, ծառայության տեղեկացմամբ, Աննա Հակոբյանին տրամադրվում է պետական պահպանություն՝ «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենքի 6.1-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն։Այդ դրույթը նախատեսում է, որ վարչապետի պաշտոնավարման ընթացքում պետական պահպանություն տրամադրվում է նաև նրա հետ համատեղ բնակվող և նրան ուղեկցող ընտանիքի անդամներին։ Այսպիսով, Պետական պահպանության ծառայությունը հաստատում է, որ Աննա Հակոբյանի պետական պահպանության իրավական հիմքը ոչ թե պաշտոնապես գրանցված ամուսնությունն է, այլ վարչապետի հետ նրա ընտանեկան հարաբերությունների իրավական գնահատականը և համատեղ բնակության փաստը։

 

Սպիտակ տունը նոր թշնամի է ձեռք բերել՝ ի դեմս Marvel-ի երկրպագուների

Սպիտակ տունը նոր թշնամիներ է ձեռք բերել․ այս անգամ այն հայտնվել է Marvel-ի երկրպագուների քննադատության թիրախում․ գրում է Euronews-ը։

Սպիտակ տան Instagram-ի պաշտոնական էջում հրապարակված վերջին գրառման մեջ մարվելյան հայտնի հերոս Սարդ-մարդու (Spider-Man) պատկերներն օգտագործվել են ԱՄՆ ներգաղթի և մաքսային հսկողության ծառայությանը (ICE) ներկայացնող տեղեկատվական արշավի շրջանակում։

«Ձեր բարեկամ հարևան ICE գործակալները» (Your friendly neighborhood ICE agents) գրությամբ ուղեկցվող չորս նկարից բաղկացած հրապարակման մեջ երևում է՝ ինչպես է Սարդ-մարդը սարդոստայն արձակում։ Սարդոստայնը վերջին պատկերում հասնում է մի խումբ տղամարդկանց, որոնք հայտնվում են դրա մեջ։ Այս վերջին պատկերի վրա նաև գրված է․ «Հանցագործություն կատարած անօրինական ներգաղթյալները կբացահայտվեն և կարտաքսվեն»։

Այստեղ Սպիտակ տունը դիմել է բառախաղի օգնությանը։ «Your friendly neighborhood ICE agents» («Ձեր բարեկամ հարևան ICE գործակալները») արտահայտությունը կառուցվել է Սարդ-մարդու կողմից հաճախ օգտագործվող «Your Friendly Neighborhood Spider-Man» («Ձեր բարեկամ հարևան Սարդ-մարդը») հայտնի արտահայտության նմանությամբ։ Հերոսը հաճախ է հումորով ինքն իրեն ներկայացնում որպես իր համայնքի սովորական մարդկանց օգնող և պաշտպանող տեղացի հերոս՝ ասելով․ «Եվս մեկ ծառայություն՝ ձեր բարեկամ հարևան Սարդ-մարդուց»։

Հրապարակումը համացանցում բացասական արձագանքների է արժանացել․ օգտատերերը պահանջում են հեռացնել այն, իսկ Marvel-ի երկրպագուները վրդովված են, որ իրենց սիրելի հերոսին օգտագործել են ICE-ի գործունեությունը խթանելու համար։ Շատերը Marvel ընկերությանը կոչ են անում իրավական քայլեր ձեռնարկել։

Դոնալդ Թրամփը և նրա վարչակազմը, սակայն, առաջին անգամը չէ, որ նման քայլի են դիմում․ նրանք հաճախ են օգտագործում փոփ մշակույթի տարրեր ու կերպարներ՝ որպես իրենց «մեմային պատերազմի» (memetic warfare) գործիք։ Վերջերս Սպիտակ տունը հայտնվել էր նաև երգչուհի Քեթի Փերիի քննադատության թիրախում, երբ TikTok-ի իր պաշտոնական էջում հրապարակած ռազմական հարվածների պատկերներով տեսանյութում որպես երաժշտական ուղեկցություն օգտագործել էր Փերիի «Firework» երգը։ 

 

Երթևեկության կարգի փոփոխություն՝ մայրաքաղաքի կենտրոնում

Երևան քաղաքում սույն թվականի օգոստոսի 10-ից տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ապահովելու նպատակով երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Սայաթ-Նովայի պողոտայում․ հայտնում են քաղաքապետարանից։

«Մասնավորապես` Սայաթ-Նովա 6 հասցեին հարակից ճանապարհահատվածից մինչև Սայաթ-Նովայի պողոտա-Աբովյան փողոցի խաչմերուկ տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվի, իսկ Սայաթ-Նովայի պողոտայի երթևեկելի ուղեմասի 1-ին գոտիով Տերյան փողոցի կողմից դեպի Սայաթ-Նովայի պողոտա-Աբովյան փողոցի խաչմերուկ ընթացող տրանսպորտային միջոցների երթևեկությունը կկազմակերպվի միայն աջ ուղղությամբ»․- ասված է հաղորդագրությունում:

 

Ձեռքեր լվանալը դատավորի լավագույն վարքագիծը չէ․ փաստաբան

Շատերն են դրական գնահատում դատավորի ինքնաբացարկը, այնուհանդերձ, իմ կարծիքով, ձեռքերը լվանալ դատավորի լավագույն վարքագիծը չէ․ Facebook-ի իր էջում գրում է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։

«Ինչ-որ վատ զուգահեռներ են մտքիդ գալիս»,- նշում է նա։

Հիշեցնենք, որ այսօր՝ օգոստոսի 7-ին, Գարեգին Բ կաթողիկոսի և 6 սրբազանների գործով դատական առաջին նիստին դատավորն ինքնաբացարկ է հայտնել։