ՆԱՏՕ-ի ռազմական օգնությունը ծովային երթուղով Ուկրաինա չի հասնում․ ռուսական ԶԼՄ-ներ

ՆԱՏՕ-ի երկրները դադարեցրել են սպառազինության և երկակի նշանակության բեռների (դրանք կարող են օգտագործվել թե՛ քաղաքացիական, թե՛ ռազմական նպատակներով-խմբգ․) մատակարարումն Օդեսայի մարզի նավահանգիստներ՝ ռուսական բանակի ամենօրյա հարվածների պատճառով․ «Грузы НАТО почти перестали попадать на Украину морем, заявили в подполье – РИА Новости, 05.08.2026»-ին հայտնել է Ուկրաինայի հարավում գտնվող Նիկոլաև քաղաքի աղբյուրը։

«Բեռների մեծ մասը կուտակվում է Լեհաստանի և Ռումինիայի հետ սահմանային անցակետերում, քանի որ երկաթուղային լոգիստիկան չի հասցնում տեղափոխել այն ծավալները, որ նախկինում ապահովվում էին ծովային փոխադրումների միջոցով։ Բացի այդ, Ուկրաինայում կիրառվում է խորհրդային ստանդարտի երկաթուղային գիծ, ուստի բեռները հարկավոր է վերաբեռնել այլ հարթակների և վագոնների վրա, ինչը թանկացնում և բարդացնում է փոխադրումը»,- ասել է գործակալության զրուցակիցը։

Հուլիսի կեսերից ռուսական բանակը ամեն օր հարվածներ է հասցնում ուկրաինական նավերին և նավահանգստային պահեստներին։ Ռուսաստանի ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Ռոդիոն Միրոշնիկի պնդմամբ՝ Կիևը ծովային ուղին օգտագործում է որպես սպառազինության մատակարարման շուրջօրյա միջանցք։ Իսկ վերջին երեք տարում Օդեսայի նավահանգիստներով անցել է շուրջ ռազմական բեռ տեղափոխող 8 հազար նավ։

Լոնդոնում մեկ ամիս անձրև չի եկել․ մեկուկես դարում նման բան առաջին անգամ է տեղի ունեցել

Լոնդոնի Քյուի Թագավորական բուսաբանական այգում, որտեղ 1871 թվականից գործում է օդերևութաբանական կայան, առաջին անգամ 155 տարվա դիտարկումների պատմության ընթացքում արձանագրվել է մի ամբողջ օրացուցային ամիս՝ առանց որևէ տեղումների․ Facebook-ի իր էջում գրել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը։

«Ավելի վաղ Mirror-ը, հղում անելով Մեծ Բրիտանիայի Ֆերմերների ազգային միությանը (NFU), հայտնել էր, որ աննախադեպ շոգի և դրա հետևանքով առաջացած երաշտի պատճառով, երկիրը կարող է բախվել պարենային մթերքների պակասի վտանգի։

Հուլիսի վերջին Անգլիայում վերջին մի քանի ամիսների ընթացքում արդեն չորրորդ անգամ հաստատվել է անոմալ շոգ։ Շրջակա միջավայրի պահպանության գործակալությունը երաշտ է հայտարարել Անգլիայի տարածքի գրեթե կեսում։

Մեծ Բրիտանիայի օդերևութաբանական ծառայության տվյալներով՝ երկրի հարավարևելյան հատվածում գրանցվել է վերջին 30 տարվա ամենաերկար անընդմեջ ժամանակահատվածը առանց տեղումների։

Հիշեցնենք, որ հունիսին Մեծ Բրիտանիայում օդի ջերմաստիճանը գերազանցել էր +37°C՝ սահմանելով նոր ռեկորդ։ Իսկ Լիդսի համալսարանի օդերևութաբանության պրոֆեսոր Դուգլաս Փարքերի գնահատմամբ՝ կլիմայի փոփոխության հետևանքով առաջիկա 25 տարիների ընթացքում + 40°C ամառային շոգը կարող է դառնալ Մեծ Բրիտանիայի համար սովորական երևույթ»,- նշել է նա։

 

Զգուշացե՛ք «խաղարկություններից», դրանց հետևում ցանցահեններն են․ ՆԳՆ

Սոցիալական ցանցերում սուպերմարկետներից մեկի անունից շարունակվում է շրջանառվել կեղծ էջ, որի միջոցով քաղաքացիներին առաջարկվում է մասնակցել խաղարկության, ստանալ նվեր կամ օգտվել հատուկ առաջարկից․ հայտնում են ՆԳՆ-ից։

«ՆԳՆ կիբեռոստիկանությունից տեղեկացնում են, որ կեղծ էջի նպատակը քաղաքացիների անձնական և բանկային տվյալներին տիրանալն ու նրանցից գումար հափշտակելն է։

Կիբեռոստիկանությունից հորդորում են՝ չանցնել կասկածելի հղումներով, չտրամադրել բանկային քարտի տվյալները, գաղտնաբառերը և մեկանգամյա հաստատման կոդերը, մինչև որևէ գործողություն կատարելը՝ ստուգել էջի իսկությունը»,- ասված է հաղորդագրությունում։

 

Մհեր Գրիգորյանն ու Խաղաղության հարցերով ԱՄՆ հատուկ բանագնացը քննարկել են ԹՐԻՓՓ նախագիծը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Խաղաղության առաքելությունների հարցերով ԱՄՆ հատուկ բանագնացի ավագ խորհդական Արյե Լայթսթոունին. հայտնում են Կառավարությունից։

«Հանդիպմանը ներկա էր նաև ՏրանսԿասպյան ձեռնարկությունների հիմնադիր նախագահ Կոնստանտին Սոկոլովը և ՀՀ-ում ԱՄՆ գործերի հավատարմատար Դեյվիդ Ալենը:

Ողջունելով հյուրերին՝ փոխվարչապետը կարևորել է 2025 թվականի օգոստոսի 8-ին ձեռք բերված պայմանավորվածությունների ազդեցությունը տարածաշրջանում խաղաղության և կայունություն ապահովման տեսանկյունից:

Կողմերը քննարկել են ԹՐԻՓՓ նախագիծը և դրա իրականացման կարևորությունը՝ կարևորելով նաև ԹՐԻՓՓ-ի իրականացման ուղղությամբ տարվող աշխատանքները»,- ասված է հաղորդագրությունում:

 

«Մենք Սևան չգնացինք, «Սևանը» եկավ մեր բակ». Էջմիածնի Սպանդարյան 28 Վ շենքի բակը լճի է վերածվել

«Մենք Սևան չգնացինք, «Սևանը» եկավ մեր բակ». Էջմիածնի Սպենդարյան 28 Վ շենքի բնակիչները բակի կատաստրոֆիկ վիճակը այսպես են նկարագրում։ Նրանց խոսքով՝ շենքի խմելու ջրի խողովակը պայթել է, ամբողջ բակը լցվել։

Զանգել են «Վեոլիա ջուր» ընկերություն, տեղեկացրել խնդրի մասին, բայց մինչ այս պահը որևէ քայլ չի ձեռնարկվել. ABC Media-ին պատմել է շենքի բնակիչը։

 

Հայ ուսանողները մաթեմատիկայի միջազգային օլիմպիադայում 4 մեդալ են նվաճել

Մաթեմատիկական միջազգային ուսանողական օլիմպիադային հայաստանյան մասնակիցները նվաճել են  1 ոսկե, 2 արծաթե և 1 բրոնզե մեդալներ, ինչպես նաև 1 գովասանագիր․ տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:

«Հուլիսի 27-ից օգոստոսի 3-ը  տեղի է ունեցել  33-րդ մաթեմատիկական միջազգային ուսանողական օլիմպիադան (International Mathematics Competition), որին մասնակցել է 447 ուսանող՝ աշխարհի 135 համալսարանից։

Վահան Բաղդասարյանն արժանացել է ոսկե, Ռուբեն Համբարձումյանը և Ծովակ Եգորյանը՝ արծաթե, Ստեփան Գևորգյանը՝ բրոնզե մեդալների, իսկ Էդգար Հողմրցյանը՝գովասանագրի:

Ուսանողական միջազգային օլիմպիադայի հայաստանյան թիմը ղեկավարել է Կարեն Քեռյանը, իսկ մարզել են Ալբերտ Գևորգյանը, Վազգեն Միքայելյանը և Կարեն Քեռյանը»,- ասված է հաղորդագրությունում։

 

Տիգրան Քեոսայանի մրցանակն այս տարի դաղստանցի պատանի կստանա․ ի՞նչ սխրանք է նա գործել

15-ամյա Աբդուլան Կասպիյսկից (գտնվում է Դաղստանում) կարժանանա Տիգրան Քեոսայանի մրցանակին։ Այս մասին հայտնել է Մարգարիտա Սիմոնյանը․ գրում է РИА Новости-ն։

Պատանին փրկել է պատուհանագոգին հայտնված երկամյա երեխային։ Նախ փորձել է մտնել տուն և այդպես կանխել ողբերգությունը, բայց երբ չի ստացվել, ինչից հետո կանգնել է մեկ այլ տղամարդու ուսերին ու այդպես փրկել երկրորդ հարկի պատուհանագոգին կանգնած փոքրիկին։

Սիմոնյանի խոսքով՝ Աբդուլայի ծնողները տեղյակ չեն եղել տղայի հերոսական արարքի մասին։ Պատանին վախեցել է, որ ծնողները կհանդիպամեն  նրան՝ ասելով, թե ինչո՞ւ է մտել ուրիշի տուն։

Տիգրան Քեոսայանի անվան մրցանակը Սիմոնյանը սահմանել է Օրենբուրգի մարզի Բուգուրուսլան քաղաքի դաստիարակներ Լիա Գալեևայի և Լյուդմիլա Պլատոնովայի սխրանքից հետո։ Նրանք, վտանգելով կյանքը, երեխաներին պաշտպանել էին դանակով զինված տղամարդուց։

Մրցանակը շնորհվում է խիզախության, անձնազոհության և հերոսական արարքների համար։ Պարգևը 1 միլիոն ռուբլի է։ Այս տարի այն կհանձնվի 22-րդ անգամ։

 

Ճապոնիան արագորեն վերածվում է պատերազմական պետության․ Հս․ Կորեայի առաջնորդի քույր

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի քույրը՝ Կիմ Յո Չոնը, մեղադրել է Ճապոնիային արագորեն «պատերազմական պետության» վերածվելու համար․ գրում է Euronews-ը։

Հայտարարությունը հնչել է մի ժամանակ, երբ Տոկիոն աստիճանաբար հեռանում է Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո որդեգրած խաղաղասիրական քաղաքականությունից՝ ավելացնելով ռազմական ծախսերը և ընդլայնելով պաշտպանական համագործակցությունները։

Հյուսիսային Կորեայի պետական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ երկրի առաջնորդի քույրը, որն Աշխատավորական կուսակցության գլխավոր գործերի վարչության տնօրենն է, հայտարարել է, որ «Ճապոնիայի վերափոխմամբ պայմանավորված՝ երկրի ղեկավարությունը կձեռնարկի լրացուցիչ ռազմական քայլեր»:

«Ճապոնիան, որը պատերազմական հանցագործություններ իրականացրած պետություն է, արագորեն վերածվում է պատերազմական պետության», – հայտարարել է Կիմ Յո Չոնը։

Կիմը որպես Վաշինգտոնի՝ Խաղաղ օվկիանոսի տարածաշրջանում «վտանգավոր ռազմական քայլերին» աջակցելու ապացույցներ ներկայացրել է Տոկիոյի՝ ամերիկյան Tomahawk հեռահար թևավոր հրթիռների վերջին փորձարկումը և մայիսին Ֆիլիպիններում ԱՄՆ գլխավորած զորավարժություններին մասնակցությունը։

Ճապոնիան մինչև 1945 թվականին Երկրորդ աշխարհամարտում պարտվելն ամբողջությամբ օկուպացրել էր Կորեան։ Պատերազմից հետո թերակղզին բաժանվեց երկու առանձին պետության։

Չինաստանը ևս վերջերս մտահոգություն է հայտնել Ճապոնիայի «նոր ռազմականացման» կապակցությամբ։

Թրամփի գոլֆի ակումբի մոտ զինված տղամարդու են ձերբակալել

Իրավապահ մարմինների աշխատակիցները Հարավային Կալիֆոռնիայում՝ Թրամփի գոլֆի ակումբի մոտ, ձերբակալել են զինված տղամարդու․ հայտնում է BBC-ն՝ հղում անելով Լոս Անջելեսի շրջանի շերիֆի դեպարտամենտի հայտարարությանը։

Դեպարտամենտի տվյալներով՝ դաշնային գործակալները հայտնել են գոլֆի դաշտում կասկածելի անձի մասին, որից հետո նա ձերբակալվել է։ Ձերբակալված տղամարդը 38-ամյա Ջինին Ջոն Թեյլն է։

Նրան «նկատել են գոլֆի դաշտով քայլելիս՝ լուսանկարելով և տեսանկարահանելով, ինչպես նաև, կարծես, հետևելով անվտանգության պլանավորման աշխատանքներին»։

Դաշնային իրավապահ մարմինների աղբյուրը CNN-ին հայտնել է, որ ներկայում որևէ հիմք չկա կարծելու, որ տղամարդը մահափորձ էր ծրագրում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դեմ։ Այնուամենայնիվ, հետաքննությունը շարունակվում է։

Նշվում է, որ Դոնալդ Թրամփը Կալիֆոռնիայում է՝ Հանրապետական կուսակցության դրամահավաքի համար կազմակերպված ճաշկերույթին մասնակցելու համար։

Բաքուն ողջունել է Փաշինյանի «իրական Հայաստան» հայեցակարգը

Պաշտոնական Բաքուն ողջունում է Երևանի ընդունած «իրական Հայաստան» հայեցակարգը․ թուրք լրագրողներին ասել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։

Նրա խոսքով՝ հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը բաղկացած է ոչ միայն թղթի վրա հայտարարություններից։ Նա հավելել է, որ Ադրբեջանը «գործնական քայլերով հաստատել է խաղաղության հարցում իր հանձնառությունը»։

«Մենք դրական ենք գնահատում այն փաստը, որ Հայաստանի ներկայիս վարչակազմը որպես հիմնարար մոտեցում ընդունել է «իրական Հայաստան» հայեցակարգը։ Մենք ակնկալում ենք, որ դա կներառվի Սահմանադրության մեջ։ Մենք մտադիր չենք միջամտել Հայաստանի ներքին գործերին։ Նրանք հայտարարություններ են արել նոր սահմանադրություն ընդունելու մասին», – նշել է Հաջիևը։

Նա հավելել է, որ նոր սահմանադրության ընդունումից հետո Հայաստանը խնդիրներ չի ունենա խաղաղության պայմանագիր ստորագրելու հարցում։

«Մեր նպատակն է ավարտել Հայաստանի և Ադրբեջանի, ինչպես նաև Թուրքիայի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացները՝ դրանք զուգահեռաբար անցկացնելով», – հավելել է նա։

Ալիևի օգնականը նաև հայտարարել է, որ «Զանգեզուրի միջանցքի» բացումը նոր աշխարհաքաղաքական իրականության մի մասն է։ «Դա ծառայում է թե՛ մեր, թե՛ Հայաստանի շահերին, քանի որ երկիրը գիտակցում է տարածաշրջանում տարանցիկ հնարավորությունների անհրաժեշտությունը», – նշել է Հաջիևը։