Լատվիայի ԱԳ նախարարը ստիպված է եղել թաքնվել ապաստարանում Կիևի վրա Ռուսաստանի հարձակման ժամանակ

Լատվիայի արտաքին գործերի նախարար Բայբա Բրաժեն որոշ ժամանակ անցկացրել է ապաստարանում՝ օգոստոսի 5-ի գիշերը Կիևի վրա Ռուսաստանի իրականացրած զանգվածային օդային հարվածի ժամանակ․ գրում է eurointegration.com.ua-ն։

Նա այս մասին խոսել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիհայի հետ համատեղ մամուլի ասուլիսում։

Բրաժեն ցավակցություն է հայտնել հարվածի հետևանքով զոհերի ընտանիքներին։

«Մենք նաև թաքնվել ենք ռմբապաստարանում։ Սա առաջին անգամը չէր, և, ցավոք, վերջինը չի լինի»,- ասել է նա։

Բրաժեն ընդգծել է, որ չնայած այն հանգամանքին, որ «ռուսները կարող են կոտրել պատուհաններ և ոչնչացնել շենքեր», նրանք «երբեք չեն կարողանա ոչնչացնել Ուկրաինան կամ նրա ոգին»։

«Նրանք անկարող են կոտրել ուկրաինացիներին։ Եվ սա ամենակարևոր եզրակացությունն է, որ կարելի է անել այս այցից և այս բոլոր քննարկումներից», – ընդգծել է Լատվիայի արտաքին գործերի նախարարը։

Այս ֆոնին Սիբիհան ընդգծել է Ռուսաստանի վրա պատժամիջոցների միջոցով ճնշում գործադրելու անհրաժեշտությունը։

Ձերբակալվել է Գագիկ Ծառուկյանի «Մուլտի գրուպի» տնօրեն Սեդրակ Առուստամյանը․ ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվում է Գ.Ծ.-ի և այլ անձանց կողմից առանձնապես խոշոր չափերով՝ 8 մլրդ 126 մլն 946 հզր 460 ՀՀ դրամին համարժեք 21 մլն 72 հզր 827 ԱՄՆ դոլար արժողության գույքերը և դրամական միջոցները խաբեությամբ հափշտակելու և փողերի լվացում կատարելու առերևույթ դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթը․ հայտնում է Քննչական կոմիտեն։

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա կոնցեռնի նախկին գլխավոր տնօրեն, տնօրենների խորհրդի նախագահ Ս.Ա.-ի և ընկերության տնօրեն Ա.Դ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 46-255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով խարդախությանն օժանդակելը) և 46-296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով փողերի լվացմանն օժանդակելը):

2026 թվականի օգոստոսի 5-ին վարույթն իրականացնող մարմնի կողմից կայացված որոշումների հիման վրա Ս.Ա.-ն և Ա.Դ.-ն ձերբակալվել են՝ դատարան ներկայացնելու նպատակով:

Նախաքննությունը շարունակվում է։

Ադրբեջանը երբեք թույլ չի տա, որ իր տարածքն օգտագործվի հարևան երկրի դեմ․ Հիքմեթ Հաջիև

Աշխարհաքաղաքական տեսանկյունից մեր տարածաշրջանում իրավիճակը չափազանց բարդ է։ Բաքվից 200 կիլոմետր հարավ մոլեգնում է Իրանի, ԱՄՆ-ի և Իսրայելի միջև պատերազմը։ 200 կիլոմետր հյուսիս շարունակվում է ռուս-ուկրաինական պատերազմը․ հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։

Մեկնաբանելով «Մոսադ»-ի կողմից ադրբեջանական տարածքն օգտագործելու մասին պնդումները՝ նա նշել է, որ պաշտոնական Բաքուն Իրանը համարում է «եղբայրական երկիր»։

«Նախ՝ տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը մեզ համար հիմնարար սկզբունքներ են։ Երկրորդ՝ Ադրբեջանը երբեք թույլ չի տա, որ իր տարածքն օգտագործվի հարևան երկրի դեմ։ Երրորդ՝ մենք բարոյական պարտականություն ունենք այնտեղ ապրող մարդկանց նկատմամբ։ Ինչպես արդեն ասացի, սահմանի մյուս կողմում ապրողները, անկախ իրենց ազգությունից կամ կրոնից, մեր եղբայրներն են։ Ինչպե՞ս կարող ենք դա թույլ տալ։ Չորրորդ՝ ինչպե՞ս է դա հնարավոր տեխնիկական տեսանկյունից։ Ինչպե՞ս են նրանք այստեղ հասնելու Իսրայելից։ Նրանք պետք է անցնեին Թուրքիայով։ Ո՛չ Թուրքիան, ո՛չ էլ Ադրբեջանը թույլ չեն տա դա։ Ինչպե՞ս կարող է դա տեղի ունենալ։ Այստեղ կան նաև կեղտոտ քարոզչության տարրեր», – նշել է Հաջիևը։

Նա ընդգծել է, որ Իսրայելի հետախուզական ծառայությունների կողմից Ադրբեջանի տարածքն օգտագործելու մասին պնդումները չեն համապատասխանում պաշտոնական Բաքվի դիրքորոշմանը։

Չեղարկե՛ք ընտրության արդյունքները, եթե գեթ մեկ պատգամավոր այստեղ ընտրակաշառքով է հայտնվել․ Արեգա Հովսեփյան

Եթե խորհրդարանում կան ընտրակեղծիքների արդյունքում ընտրված պատգամավորներ, ապա իշխանությունը պարտավոր է նախաձեռնել ընտրությունների արդյունքների չեղարկման գործընթաց․ այսօր ԱԺ ամբիոնից հայտարարեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգա Հովսեփյանը։

«Եթե գեթ մեկ պատգամավոր այստեղ ընտրակաշառքով է հայտնվել, դուք իշխանություն եք, դիմեք, չեղարկեք ընտրությունների արդյունքները և նոր ընտրություններ նշանակեք։ Ոչ ոք իրավունք չունի այս դահլիճում հայտնվել ընտրակեղծիքով։ Եթե դա այդպես է, ինչո՞ւ եք օրինականացնում անօրինականը»,-ասաց նա։

Պատգամավորն անդրադարձավ նաև Հայաստանում ադրբեջանցիների հնարավոր «վերադարձի» շուրջ քննարկումներին՝ նշելով, որ ընդդիմությունն այդ հարցը բարձրացնում է՝ հետագայում նոր իրողությունների առաջ չկանգնելու համար։

«Մենք այդ թեման բարձրացնում ենք, որպեսզի հետո ստիպված չլինեք հերթական անգամ ներողություն խնդրել։ Ինչո՞ւ եք ասում՝ Ադրբեջանի նախագահի հայտարարությունները կարևոր չեն, այդպես չեն աշխատում։ Բանակցային գործընթացում պետք է հաշվի առնել և վերլուծել հակառակ կողմի յուրաքանչյուր հայտարարություն»,- նշեց Հովսեփյանը։

Նա հավելեց, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունները պետք է հրապարակայնորեն հերքի հենց Հայաստանի իշխանությունը։

«Եթե ասում եք, որ նման օրակարգ գոյություն չունի, ապա դա պետք է ասեք ոչ թե ընդդիմությանը, այլ Իլհամ Ալիևին։ Պետք է հայտարարեք՝ «Դուք ստում եք, նման օրակարգ չկա»»,- հայտարարեց ընդդիմադիր պատգամավորը։

Արեգա Հովսեփյանը քննադատեց նաև ՔՊ պատգամավոր Արման Եղոյանի ելույթը՝ նշելով, որ իշխող խմբակցությունը չպետք է սեփական պատկերացումները հայրենիքի մասին վերագրի ամբողջ հասարակությանը։

«Եթե դուք 64 պատգամավորով մինչ օրս չգիտեք, թե որն է ձեր հայրենիքը և ինչպես է ընկալվում հայ ժողովրդի պատմությունը, խնդրում եմ, ձեր պատկերացումները մի պրոյեկտեք ամբողջ ժողովրդի վրա»,- նշեց Հովսեփյանը։

Անդրադառնալով մանկապարտեզների թեմային՝ պատգամավորը հայտարարեց, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության ղեկավարն իր անձնական միջոցներով կառուցել է 5 մանկապարտեզ՝ Իջևանում, Ստեփանավանում, Սպիտակում և Ալավերդիում, և շեշտեց, որ կուսակցությունը դատապարտում է մանկապարտեզների վաճառքը։

Միաժամանակ նա նշեց, որ ավելի ծանր խնդիր է Արցախի կրթական և մշակութային ենթակառուցվածքների ճակատագիրը։

«Արցախում 217 դպրոց, 7 քոլեջ և 4 համալսարան անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ։ Շատ դպրոցներ, մշակույթի տներ և համայնքային կենտրոններ օգտագործվում են ռազմական նպատակներով։ Ստեփանակերտի, Շուշիի, Մարտակերտի և այլ բնակավայրերի մի շարք կրթական հաստատություններ այսօր գործում են որպես ադրբեջանական հաստատություններ։ Այս ամենը հնարավոր է արձանագրել անգամ արբանյակային լուսանկարներով, քանի որ ձեր իշխանության օրոք մենք չենք կարող այնտեղ գնալ և դա տեսնել»,- ասաց նա։

Պենտագոնը մշակում է միջուկային նոր ռազմավարություն, որը կենտրոնացած կլինի Չինաստանի և Ռուսաստանի դեմ ուղղված գործողությունների վրա. NBC News

Պենտագոնը մշակում է միջուկային նոր ռազմավարություն, որը կենտրոնացած կլինի Չինաստանի և Ռուսաստանի դեմ ուղղված գործողությունների վրա․ գրում է NBC News-ը՝ հղում անելով թեմային ծանոթ 5 աղբյուրի։

Նոր ռազմավարությունը կենտրոնացած կլինի Չինաստանի կամ Ռուսաստանի հետ տարածաշրջանային պատերազմի դեպքում կարճ հեռահարության մարտավարական զենքի հնարավոր կիրառման վրա։ Նոր հայեցակարգը քննարկում է նաև ճգնաժամային իրավիճակներում ԱՄՆ-ի հնարավոր միջուկային արձագանքի տարբերակները։

Ռազմավարության նախագծի մշակումը, ըստ տեղեկությունների, վերահսկում է ԱՄՆ Պատերազմի նախարարության քաղաքականության հարցերով փոխնախարար Էլբրիջ Քոլբին։

Ներկայիս ռազմավարության համաձայն՝ Չինաստանին չպետք է թույլ տալ իր միջուկային ընդլայնվող ներուժի միջոցով ամրապնդել ազդեցությունը Հնդկա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում։ Միևնույն ժամանակ, ԱՄՆ-ն պատրաստ է քայլեր ձեռնարկել, եթե Ռուսաստանը դառնա ավելի լուրջ սպառնալիք ՆԱՏՕ-ի համար։

Ունե՞նք օկուպացված տարածք, այո՛, ունենք․ ՔՊ-ական պատգամավոր

Հայաստանը չի զիջել միջանցք, չի զիջելու միջանցք։ Վաշինգտոնում լուծվել է հնարավոր միջանցքի հարցը․ 9-րդ գումարման ԱԺ առաջին նստաշրջանում ելույթի ժամանակ ասաց ՔՊ-ական պատգամավոր Սոնա Ղազարյանը։

«Նշեք գեթ մի բան, որ զիջել է գործող իշխանությունը ՀՀ սուվերեն տարածքից։ Հայաստանն ունի՞ օկուպացված տարածք, այո՛, ունի։ Ինչպե՞ս է գործող իշխանությունը պատկերացնում այդ տարածքների դեօկուպացիան, սահմանազատման և սահմանագծման միջոցով»,- ասաց Սոնա Ղազարյանը։

Նա իր այս ելույթով արձագանքեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վաղինակ Վարդանովին, որը հայտարարել էր, որ հասարակության մի ստվար զանգված իշխանություններից «ավելի շուտ հերթական տարածքի հանձնում է սպասում, քան դիմադրության իրական պատրաստակամություն»։ 

Տեղեկացնենք, որ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը CNN TÜRK հեռուստաալիքին տված հարցազրույցում վստահություն էր հայտնել, որ «Զանգեզուրի միջանցքը» կբացվի մոտ ապագայում։

Հաջիևի խոսքով՝ Ադրբեջանը գրեթե ավարտել է նախագծի իր մասը։ Նա նշել է, որ Թուրքիան շարունակում է Կարսից նոր երկաթուղային գծի կառուցումը, իսկ Հայաստանն ԱՄՆ-ի հետ համատեղ պարտավորվել է կառուցել 42 կիլոմետրանոց հատված։

«Եթե ամեն ինչ ավարտվի, Ստամբուլի և Բաքվի միջև ազատ տեղաշարժը հնարավոր կլինի մոտ ապագայում»,- հայտարարել է Հաջիևը։

Ադրբեջանում ջրի պակասն ավելի լուրջ խնդիր է դառնում․ FAO

Ադրբեջանում ջրի պակասն ավելի ու ավելի լուրջ մարտահրավեր է դառնում․ Report-ին տված հարցազրույցում ասել է ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) ներկայացուցիչ և FAO գործընկերության և համակարգման գրասենյակի ղեկավար Նասար Հայաթը։

«Աշխարհում քաղցրահամ ջրերի պաշարների մոտ 70%-ն օգտագործվում է գյուղատնտեսական նպատակներով։ Ադրբեջանում ջրի պակասը դառնում է ավելի ու ավելի լուրջ խնդիր։ Նախ, Ադրբեջանը բոլոր գետերի համար հոսանքն ի վար գտնվող երկիր է։ Ադրբեջանի քաղցրահամ ջրերի մեծ մասը գալիս է հարևան երկրներից հոսող գետերից։ Հետևաբար, անհրաժեշտ է որոշել, թե ինչպես արդյունավետ օգտագործել ջուրը», – նշել է նա։

Գաղտնի բանակցություններ և նոր օգնություն ԵՄ-ից․ ռուս-ուկրաինական պատերազմի վերջին զարգացումները․ Bloomberg

Եվրամիությունն Ուկրաինային կհատկացնի 1.4 միլիարդ եվրո՝ օգտագործելով սառեցված ռուսական ակտիվներից ստացված եկամուտները․ այս մասին գրել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը X սոցիալական ցանցում։ Նա նշել է, որ միջոցները կօգտագործվեն Ուկրաինայի պաշտպանական կարողություններն ամրապնդելու համար։

«Մենք ամեն առավոտ արթնանում ենք՝ իմանալու համար Ռուսաստանի կողմից Ուկրաինայի քաղաքացիական ենթակառուցվածքներին ուղղված ավիահարվածների միջոցով կատարված սարսափելի հանցագործությունների մասին։ Ռուսաստանը պետք է պատասխան տա իր պատճառած ավերածությունների համար։ Դա ապահովելու համար մենք կօգտագործենք սառեցված ռուսական ակտիվներից ստացված եկամուտները», – նշել է Ֆոն դեր Լեյենը։

Միևնույն ժամանակ, Bloomberg-ը, հղում անելով աղբյուրներին, գրել է, որ եվրոպացի և ռուս քաղաքական գործիչները գաղտնի բանակցություններ են վարել Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու վերաբերյալ։

Ըստ տեղեկությունների՝ հանդիպումը տեղի է ունեցել հուլիսին, Վիեննայում։ Բանակցություններին մասնակցել են Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի և Ռուսաստանի նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ։

Ըստ աղբյուրների՝ կողմերը քննարկել են ռուս-ուկրաինական պատերազմը դադարեցնելու նպատակով հնարավոր խաղաղ բանակցությունների պայմանները։

«Մուլտի Վելնես» կենտրոնը դատական կարգով վիճարկում է Երևանի քաղաքապետարանի որոշումը․ «Ազատություն»

«Մուլտի Վելնես» կենտրոնը դատական կարգով վիճարկում է Երևանի քաղաքապետարանի որոշումը, որով օրերս ընկերությանը զրկել էին կառուցապատման իրավունքից և տարածքն անցել էր համայնքին․ գրում է «Ազատությունը»։

Ըստ դատալեքս տեղեկատվական համակարգի, «Մուլտի Վելնեսի» ներկայացուցիչը դատարանից խնդրում է անվավեր ճանաչել հունիսի 8-ին Երևան քաղաքապետի կողմից կատարած գործարքը, որով քաղաքապետարանը միակողմանիորեն դադարեցրել է կալանավորված գործարար Գագիկ Ծառուկյանի հետ կնքած պայմանագիրը:

Գագիկ Ծառուկյանի փաստաբանը դատարանից պահանջում է նաև անվավեր ճանաչել Կադաստրի որոշումը, որով այս հուլիսի 14-ին դադարեցվել է «Մուլտի Վելնեսի» կառուցապատման իրավունքը և գույքն ամբողջությամբ գրանցվել է որպես Երևան համայնքի սեփականություն: Կադաստրից չեն մեկնաբանում իրենց որոշումը:

Երևանի քաղաքապետարանը շաբաթներ առաջ խզել էր Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսի» վարձակալության պայմանագիրը: Անցած շաբաթավերջին էլ արդեն քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարեց՝ այն վերաբացվել է նոր անունով և կլինի մայրաքաղաքային իշխանությունների վերահսկողության ներքո։ Մինչդեռ, ընկերությունը քաղաքային իշխանության հետ դեռ 2016 թվականի հողի վարձակալության պայմանագրով այդ հողը կառուցապատման իրավունքով վարձակալել էր մինչեւ 2065 թվականը: Բայց Ավինյանը ծառուկյանից վերցրեց ոչ միայն հողը, այլև դրա վրա կառուցված շենքն ու ներսի գույքը:

Քաղաքապետարանից չեն մանրամասնում, թե որո՞նք են այս փոփոխության հիմքերը և արդյո՞ք պայմանագրում կան նման դրույթներ: «Ազատությունը» գրավոր հարցում է ուղարկել թե՛ այդ հիմքերի, թե՛ այս պահին համալիրի եկամուտները տնօրինելու օրինականության, ինչպես նաև գործարարին փոխհատուցում տրամադրելու վերաբերյալ:

Գործը մակագրվել է դատավոր Արշակ Պետրոսյանին, նիստի օրը դեռ հայտնի չէ:

Օրերս հաղորդվել էր, որ ապօրինի գույքի բռնագանձման վարույթի շրջանակում պետության կառավարմանն է անցել Ծառուկյանի ընտանիքին պատկանող Երևանի «Արարատ» կոնյակի-գինու- օղու կոմբինատը, Արարատի ցեմենտի գործարանը:

«Հանձնվել թուրքական ողորմածությա՞նը, թե՞ պայքարել մինչև վերջ»․ Չալաբյանի ուղերձը՝ կալանավայրից

«Հայաքվե» ազգային քաղաքացիական միավորման համակարգող Ավետիք Չալաբյանը ուղերձ է հղել կալանավայրից․

«Նորընտիր Ազգային ժողովի անդրանիկ նիստն ստիպեց, որ խախտեմ լռությունս և անդրադառնամ այնտեղ տեղի ունեցած բանավեճի առանցքային դրույթին։ Այդ դրույթը (ընդ որում` քննարկումների միայն երկրորդ օրը) ձևակերպեց ՔՊ-ական պատգամավոր Արման Եղոյանը, որը հայտարարեց, թե այս խորհրդարանում առկա հիմնական հակասությունը վերաբերում է նրան, թե արդյոք մենք ցանկանում ենք տեսնել ինքնիշխան և ինքնուրույն Հայաստա՞ն, թե՞ Ռուսաստանից կախյալ և նրա կողմից ուղղորդված պետություն։

Սա, բնականաբար, ՔՊ-ի տեսանկյունից շահեկան ձևակերպում է, քանզի այն փորձում է իրեն ներկայացնել որպես առաջին մոտեցման կրող։ Սակայն այն արմատապես կեղծ է և նենգափոխում է իրականությունը։ Իսկ իրականությունն այն է, թե արդյոք մենք ցանկանում ենք մեզ տեսնել թուրքական աշխարհի մեջ ինտեգրված, ապազգային կիսապետական միավո՞ր, թե՞ ցանկանում ենք կառուցել ազգային պետություն` հենվելով թե´ ՌԴ-ի և թե´ մնացած բնական դաշնակիցների աջակցության վրա։

Այս հակասության հիմքում ՔՊ-ի կողմից համառորեն շրջանառվող այն թեզն է, թե հայության ներսում հակաթուրքականությունը սերմանվել է Ռուսական կայսրության կողմից` դրա միջոցով հայությանը սեփական էքսպանսիոնիստական քաղաքականության գործիք սարքելու նպատակով։ Սա ևս կեղծ թեզ է։ Թուրք-հայկական հարաբերոթյունների ողջ պատմության ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ մեր միջև հակասությունները ծնվել և խորացել են դեռևս մինչև Ռուսական կայսրության առաջխաղացումը մեր տարածաշրջանում և պայմանավորված են մի քանի պարզ իրողություններով․

ա) թուրքերը (օսմանները) ռազմական ճանապարհով նվաճել էին ողջ Մերձավոր Արևելքը և իրենց այնտեղ ապրող ժողովուրդների տիրակալ էին համարում։ Քրիստոնյա ազգերին և, մասնավորապես, հայերին, նրանք պարզապես ստրուկ էին համարում, և նրանց հետ վարվում էին ստրուկի պես։

բ) Օսմանյան կայսրությունն ուներ հզոր բանակ, սակայն նրա վարչական համակարգը խայտառակ հետամնաց և կոռումպացված էր: Արդյունքում` հայերն ապրում էին կրկնակի հարկման ներքո, բացարձակ իրավազուրկ էին, կայսրության տարբեր հատվածներում պարբերաբար ստիպված էին լինում ապստամբել տեղի ունեցող անօրինությունների դեմ։

գ) ավելի ուշ շրջանում թուրքերը, կորցնելով իրենց բոլոր եվրոպական տարածքները, հայացքը հառեցին դեպի Արևելք՝ Թուրան, և այդ ընդարձակման ճանապարհին տեսան հայերին՝ որպես խոշորագույն պատնեշ, որը պետք էր հաղթահարել՝ Թուրքիան և Թուրանը միավորելու ճանապարհին։

Վերջին 150 տարիների ընթացքում` լինեն դա 1894-1896 թթ․ համիդյան ջարդերը, 1915 թ․Ցեղասպանությունը, 1918 և 1920 թթ․ ցեղասպան ներխուժումներն Արևելյան Հայաստան, 2023 թ. Արցախի հայաթափումը, թե Նախիջևանի լուռ հայաթափումը խորհրդային տարիներին՝ այս բոլոր գործողությունները մեկ նպատակ են ունեցել՝ վերացնելու Թուրքիայի և Թուրանի միջև գտնվող հայկական պատնեշը, և ցավոք` նրանք մեծ մասամբ հաջողել են` չնայած մեր ժողովրդի համառ դիմադրությանը։

Այսօր ասպարեզ են եկել ՔՊ-ի նորելուկ ռազմավարները և, ըստ էության, իրենց առաջնորդի շուրթերով պնդում են, որ մեր փրկության միակ ճանապարհը Թուրքիայի և Թուրանի միջև կամուրջ դառնալն է, քանի որ պատնեշն այլևս չի աշխատում և վաղ թե ուշ փլվելու է։ Այս պնդումը կատարելիս պարոնին պետք է մի պարզ հարց տալ` Թուրքիան ունի այսօր մոտ 85 միլիոն բնակիչ, մոտ այդքան էլ ունեն Թուրանի 5 թուրքական պետությունները, այն դեպքում, երբ Հայաստանն ունի մոտ 3 մլն բնակիչ։ Եթե մենք դառնանք կամուրջ 170 միլիոն բնակչություն ունեցող թուրքական տարածքում, արդյո՞ք վաղ թե ուշ չենք տարրալուծվելու նրա մեջ և ինքներս դառնանք թուրք, և կամ փորձելով մնալ հայ և քրիստոնյա` նորից վերադառնանք 200 տարի առաջվա ստրկական կարգավիճակին, երբ 170 միլիոն (և հեռանկարում ավելի) իսլամադավան թուրքերը նորից հայերին վերաբերվեն որպես իրենց սպասարկող իրավազուրկ կաստայի, իսկ պատեհ պահին էլ տեղահանեն կամ կոտորեն, ինչպես արել են անցյալում բազմիցս, ներառյալ և 3 տարի առաջ։

Սա է մեր հակասության հիմական հարցը, և յուրաքանչյուրս պետք է այս հարցին պատասխանենք։

Ես ինձ համար այս հարցին պատասխանել եմ, և այո´` գիտակցում եմ, որ իմ տված պատասխանը ենթադրում է ավելի մեծ կախվածություն Իրանից, նաև Հնդկաստանից, Չինաստանից և բոլոր նրանցից, ովքեր պատրաստ են դիմագրավելու թուրքական էքսպանսիային, դեպի Կենտրոնական Ասիա, և ովքեր դիտարկում են մեզ` հայերիս, որպես բնական դաշնակցի։

Եթե կարդում եք սա, դուք էլ ձեզ տվեք այդ հարցը, և փորձեք պատասխանել, թե ի՞նչ ապագա եք պատկերացնում ձեր երեխաների համար՝ թուրքացված և թուրքական ողորմածությանը հանձնվա՞ծ, թե՞ պայքարող և սեփական ազատությունը մինչև վերջ պաշտպանող։

Աստված զորավիգ է իր պայքարող տեսակին, ուստի դուք էլ մի վարանեք ընտրել պայքարը»,- ասված է ուղերձում։