ԱՄՆ-ն նախատեսում է այսօր հրապարակել Հորմուզի նեղուցի վերաբերյալ համաձայնագիրը․ Axios

ԱՄՆ-ն, Իրանը և Օմանը մոտենում են Հորմուզի նեղուցը վերաբացելու ժամանակավոր համաձայնագրի կնքմանը, որի մասին ԱՄՆ-ն մտադիր է հայտարարություն անել չորեքշաբթի․ գրում է Axios-ը՝ հղում անելով տարածաշրջանային 2 աղբյուրի և ամերիկացի մի պաշտոնյայի։

Համաձայնագիրը, որի շուրջ բանակցություններն ընթանում են մի քանի շաբաթ, նպատակ ունի վերականգնել ԱՄՆ-ի և Իրանի միջև հրադադարը և վերսկսել միջուկային համաձայնագրի շուրջ բանակցությունները։

ԱՄՆ նախագահը որոշել է չիրագործել լայնածավալ հարվածների սպառնալիքները, սակայն, եթե շուտով համաձայնագիր չկնքվի, Թրամփը կարող է կանաչ լույս վառել խոշոր հարվածների համար։

Համաձայնագիրը կբավարարի Իրանի որոշ պահանջներ՝ Հորմուզի նեղուցում նավագնացության նկատմամբ ավելի մեծ վերահսկողության վերաբերյալ, որը պատերազմից առաջ չուներ։

Ըստ երկու աղբյուրների՝ քննարկվող համաձայնագիրը սահմանում է Օմանի և Իրանի միջև 60-օրյա ժամանակավոր համաձայնագիր Հորմուզի նեղուցում, որը կարող է երկարաձգվել։

Մուտքային նավերը նեղուցով և դեպի Պարսից ծոց կանցնեն հյուսիսային գծով՝ Իրանի ջրերով։

Նեղուցով և Արաբական ծովով բոլոր ելքային նավերը կանցնեն հարավային գծով՝ Օմանի ջրերով՝ համաձայնեցնելով Իրանի հետ։

60-օրյա ժամանակահատվածում վճարներ չեն գանձվի։

Կողմերը 30 օրվա ընթացքում կաշխատեն նեղուցի միջնագիծը ծովային ականներից մաքրելու ուղղությամբ։

Միջին գիծը մաքրելուց հետո այն կօգտագործվի մուտքային և ելքային նավարկության համար՝ Օմանի և Իրանի միջև բանակցային մշտական պայմանագրի պայմաններով։

Օմանի և Իրանի միջև բանակցություններից բացի՝ միջնորդական ջանքերին մասնակցել են նաև Քաթարի, Պակիստանի և Սաուդյան Արաբիայի պաշտոնյաները։

Տարածաշրջանային աղբյուրները հայտնում են, որ Սպիտակ տունն ակտիվորեն մասնակցել է բանակցություններին։ Վերջին օրերին Թրամփի դեսպան Սթիվ Ուիթքոֆի, Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի և Օմանի արտաքին գործերի նախարար Բադր ալ-Բուսաիդիի միջև մի քանի հեռախոսազրույց է տեղի ունեցել։

Ֆինլանդիան հնարավոր է՝ գործարկի օգտագործված միջուկային վառելիքի մշտական պահեստավորման առաջին կայանն աշխարհում

Ֆինլանդիայում հնարավոր է շահագործման հանձնվի օգտագործված միջուկային վառելիքի մշտական պահեստավորման առաջին կայանն աշխարհում։

Նախօրեին երկրի ռադիացիոն և միջուկային անվտանգությունը կարգավորող մարմինն (STUK) Էկոնոմիկայի և զբաղվածության հարցերով նախարարությանը ներկայացրել է եզրակացություն՝ Posiva Oy ընկերության՝ օգտագործված միջուկային վառելիքի մշտական պահեստավորման կայանի շահագործման լիցենզիա ստանալու հայտի վերաբերյալ։

STUK-ի գնահատմամբ՝ ընկերությանը շահագործման լիցենզիա տրամադրելու համար անհրաժեշտ անվտանգության պահանջները բավարարված են։

Posiva Oy ընկերությունն առաջարկում է վերգետնյա կայանում ռադիոակտիվ վառելիքը տեղադրել հատուկ տարաների մեջ, այնուհետև տարաները մշտապես պահեստավորել հատուկ ստորգետնյա կայանում։ Այսպիսով, օգտագործված միջուկային վառելիքը կմեկուսացվի մարդկանցից և կենսամիջավայրից։

Սա աշխարհում առաջին դեպքն է, երբ օգտագործված միջուկային վառելիքի վերջնական պահեստավորման նպատակով ստեղծված կայանը հասնում է շահագործման լիցենզիա ստանալու փուլին։

Նշվում է, որ կառավարությունը լիցենզիա տրամադրելու վերաբերյալ որոշում պետք է կայացնի՝ հիմնվելով Էկոնոմիկայի և զբաղվածության հարցերով նախարարության նախապատրաստական աշխատանքների վրա, իսկ STUK-ի դրական եզրակացությունը շահագործման լիցենզիա տրամադրելու պարտադիր նախապայման է։

Թուրք լրագրողները մեկնել են օկուպացված Ակնա

Թուրքիա-Ադրբեջան բարեկամության, համագործակցության և համերաշխության հիմնադրամի (TADİV) և Միջմշակութային ցանցային ասոցիացիայի համագործակցությամբ կազմակերպվել է «Ղարաբաղ․ խաղաղության աշխարհագրություն. վերակառուցում, կայունություն և տարածաշրջանային համագործակցություն Հարավային Կովկասում» ծրագիրը. գրում է Ermenihaber-ը։

Ծրագրի շրջանակներում Թուրքիայից Արցախ է մեկնել 20 հոգուց բաղկացած լրագրողների պատվիրակություն։ Նրանք այցելել են Աղդամ  ու ծանոթացել ականազերծման աշխատանքներին։

Ականազերծման փորձագետ Հալիկ Զուլֆուկարովը նրանց տեղեկատվություն է տրամադրել ընթացող աշխատանքների մասին և նշել, որ Աղդամի ավելի քան 20 տարածքում ընթանում են ականազերծման աշխատանքներ։ Ըստ նրա՝ ականազերծման աշխատանքներին մասնակցում է 350 ականազերծող, վնասազերծվել է 42․664 մարտական ​​ական ու ականազերծվել է 291․684 հա տարածք:

Նա նաև հայտնել է, որ ինքը 2017 և 2018 թվականներին ներկա է գտնվել Իրան-Թուրքիա սահմանին ընթացող ականազերծման աշխատանքներին։

Ընտրությունից հետո անգամ Սիրուշոյի խանութներում ու գրասենյակներում են ուժայիններ եկել․ Լևոն Քոչարյան

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը չի բացառում, որ իրենց ընտանիքին պատկանող բիզնեսները ևս կարող են արժանանալ այնպիսի ճակատագրի, ինչպիսին, իր գնահատմամբ, այսօր տեղի է ունենում Գագիկ Ծառուկյանի բիզնեսների շուրջ։

«Այն, ինչ ունենք, ունենք օրինական ճանապարհով։ Սա ասել եմ թե՛ Ազգային ժողովի ամբիոնից, թե՛ հիմա եմ կրկնում։ Այդ ամենի վերաբերյալ դատական գործընթացներ են ընթանում, և մենք ամեն ինչ ցույց ենք տալու։ Ոչնչից չենք հրաժարվել, ամեն ինչ մեր անունով է գրանցված, որևէ քողարկված սեփականություն չկա»,- ասաց նա։

Քոչարյանի խոսքով՝ եթե իրենց նպատակը միայն ունեցվածքը պահպանելը լիներ, ապա չէին մտնի քաղաքական պայքարի մեջ։

«Եթե գերնպատակը ունեցվածքը պահելն լիներ, կարող էինք վաճառել, հեռանալ ու հանգիստ ապրել։ Մենք այս պայքարի մեջ մտնելով հասկացել ենք, որ մեր դիմաց ոչ թե օրենքն է գործում, այլ մեկ մարդու ցանկությունը։ Գիտակցում ենք, որ այն, ինչ այսօր տեղի է ունենում Գագիկ Ծառուկյանի հետ, վաղը կարող է տեղի ունենալ նաև մեզ հետ»,- նշեց նա։

Պատգամավորը շեշտեց, որ իրենց պայքարը նյութական արժեքների համար չէ։

«Այս պայքարը ունեցվածքի մասին չէ, ինչ-որ բան ավել ունենալու մասին չէ։ Սա գաղափարական պայքար է։ Այո՛, պատրաստ ենք նաև նման զարգացումների։ 2018 թվականից հետո մեր կյանքը բոլորովին այլ ռեժիմի մեջ է ընթանում։ Կան բազմաթիվ ճնշումներ, որոնց մասին չենք բարձրաձայնում՝ ընտանիքի, երեխաների հետ կապված։ Այսօր ընդդիմադիր, առավել ևս ընդդիմադիր պատգամավոր լինելը որևէ արտոնություն կամ հաճույք չէ»,- ասաց նա։

Անդրադառնալով ընտրություններից հետո իրենց ընտանիքին պատկանող ընկերությունների նկատմամբ իրավապահ և հարկային մարմինների գործողություններին՝ Քոչարյանը հայտարարեց, որ ընտրություններից մոտ մեկ շաբաթ անց ստուգումներ են սկսվել։

«Ընտրություններից ընդամենը մեկ շաբաթ հետո այն գրեթե բոլոր ընկերություններում, որոնցում մեր ընտանիքի որևէ անդամ մասնակցություն ունի, ՊԵԿ-ի համապատասխան ստորաբաժանումները համազգեստով մտել են ստուգումների։ Ստուգումներ են իրականացվել ամենուր՝ նաև կնոջս՝ Սիրուշոյի խանութներում, նրանց գրասենյակում, նույնիսկ արտադրամասերում»,- ասաց նա։

Նրա խոսքով՝ մինչ այժմ որևէ խախտում չի հայտնաբերվել։

«Ոչ մի բան չեն կարողացել հայտնաբերել, որովհետև իսկապես խախտում չկա»,- նշեց պատգամավորը։

Լևոն Քոչարյանը մեկնաբանեց նաև «Պռեգոմեշ» խանութ-սրահից մեծ խաչի հեռացման դեպքը՝ նշելով, որ դա առնվազն հարցեր է առաջացնում։

«Ես չեմ կարող պնդել այն, ինչ փաստերով չգիտեմ, բայց առնվազն հարց է առաջանում։ Նույն չափի այլ դեկորատիվ տարրեր են եղել, որոնք խաչ չեն եղել, և դրանց նկատմամբ որևէ գործողություն չի իրականացվել։ Իսկ հենց խաչի դեպքում նման քայլ է կատարվել։ Սա, բնականաբար, հարցեր է առաջացնում»,- ասաց Լևոն Քոչարյանը։

Նա անդրադարձել է նաև Սահմանադրությունը փոխելու ժամանակ իրենց խմբակցության անդամների ընտրությանը, ասաց՝ վստահ է՝ ոչ մեկ կողմ չի քվեարկելու։

Այն, ինչ Փաշինյանը չէր ուզում ասել իր բերանով, ասում էր Ալեն Սիմոնյանի բերանով, հիմա որտե՞ղ է Սիմոնյանը․ Սևակ Խաչատրյան

Այն, ինչ Փաշինյանը չէր ուզում ասել իր բերանով, ասում էր Ալեն Սիմոնյանի բերանով։ Հիմա որտե՞ղ է Ալեն Սիմոնյանը․ այսօր 9-րդ գումարման ԱԺ նստաշրջանում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Սևակ Խաչատրյանը։

«Բացի այդ՝ ամենաշատ ատելություն ՌԴ-ի նկատմամբ գեներացրել է Ալեն Սիմոնյանը, որի հետևանքները կրում են գյուղացիները։ Դա ավելի շատ երևալու է աշնանը»,- ասաց պատգամավորը։

Երևանում կայացել է Անիի կամրջի վերականգնման հարցերով Հայաստան-Թուրքիա խմբի երկրորդ հանդիպումը

Երևանում օգոստոսի 4-ին կայացել է Անիի պատմական կամրջի վերականգնման հարցերով Հայաստան-Թուրքիա համատեղ աշխատանքային խմբի երկրորդ հանդիպումը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հանդիպման ընթացքում կողմերն ընդգծել են Անիի պատմական կամրջի համատեղ վերականգնման մասին 2026թ. մայիսի 4-ին Երևանում ստորագրված արձանագրության կարևորությունը։

Կողմերը պայմանավորվել են շարունակել  ստորագրված արձանագրության շուտափույթ իրականացմանն ուղղված ջանքերը:

Հայաստանը և Թուրքիան Երևանում Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի շրջանակում մայիսի 4-ին ստորագրել են Անիի կամրջի վերականգնման վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր։ Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության սահմանին տեղակայված պատմական Անիի (Մետաքսի ճանապարհի) կամրջի վերականգնման աշխատանքների իրականացման վերաբերյալ արձանագրությունը ստորագրել են Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ, Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը և դեսպան, Թուրքիա-Հայաստան կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը։ Հուշագրի ստորագրման արարողությունը տեղի է ունեցել Անիի կամրջի վերականգնման հարցով աշխատանքային խմբի առաջին հանդիպման շրջանակներում։

ՌԴ-ն և Իրանը կորցնում են ՀՀ-ն, իսկ ԱՄՆ-ն օգտագործում է պահը՝ ամրապնդելու իր ազդեցությունը․ The National Interest

Հայաստանում սպասվող սահմանադրական հանրաքվեն կարող է խնդիր դառնալ Թեհրանի համար։ Ռուսաստանի փորձը՝ վերականգնելու իր վերահսկողությունը Հարավային Կովկասում, ձախողվում է, և արձագանքները տարածվում են Մոսկվայից այն կողմ։ Իրանը գրեթե կորցրել է իր հյուսիսային թևը՝ հօգուտ ԱՄՆ-Թուրքիա-Ադրբեջան առանցքի, իսկ Արաբական ծոցի երկրներն ավելի ու ավելի են դիտարկում Անդրկասպյան տարածաշրջանը որպես Իսլամական Հանրապետության դեմ հակազդեցության լծակ։ Այն, ինչը մի ժամանակ Ռուսաստանի և Իրանի ազդեցության ոլորտն էր, արագորեն վերածվում է իրենց մրցակիցների միջանցքի․ գրում է The National Interest-ը։

Ինչպես նշվում է, հուլիսի 31-ին Կասպից ծովում իրանական նավի վրա ուկրաինական հարվածն ընդլայնեց Կիևի արշավանքը մարտադաշտից այն կողմ՝ թիրախավորելով Ռուսաստան-Իրան գործընկերության հիմքում ընկած լոգիստիկան։

Կասպից ծովի ավազանում ուժ գործադրելով՝ Ուկրաինան մարտահրավեր նետեց այն բանին, ինչը Մոսկվան և Թեհրանը համարում էին ռազմական բեռների և երկակի նշանակության ապրանքների անվտանգ միջանցք։ Ավելի լայն առումով՝ միջադեպն ընդգծեց եվրոպական և մերձավորարևելյան թատերաբեմերի աճող մերձեցումը, քանի որ Իրանի աջակցությունը Ռուսաստանին այն դարձրեց ուկրաինական հակահարվածի անմիջական թիրախ։

Հարվածը նաև բարձրացրեց հավանականությունը, որ Կասպից ծովը կարող է դառնալ ևս մի վիճելի ասպարեզ, որը կապում է Ուկրաինայի պատերազմն Իրանի մասնակցությամբ ավելի լայն տարածաշրջանային պայքարի հետ։

Ըստ աղբյուրի՝ Իրանի վրա ճնշում են գործադրում բոլոր ուղղություններից, և հունիսի 7-ին Հայաստանում կայացած համապետական ընտրությունների արդյունքն այդ վատթարացող պատկերի ևս մի մասն է։

Նիկոլ Փաշինյանի հաղթանակը նշանակալի ձախողում է Մոսկվայի համար։ Սա նաև, ըստ էության, պարտություն է Թեհրանի համար, որի տարածաշրջանային գործընկերությունները մեծապես հենվել են Արևմուտքի և Թուրքիայի ազդեցությանը դիմադրության նույն առանցքի վրա։ Նույնքան կարևոր է, որ սա կփորձարկի, թե արդյոք Միացյալ Նահանգները կարո՞ղ է այս պահը վերածել երկարատև ազդեցության այն տարածաշրջանում, որը Ռուսաստանը վաղուց համարում է իր բակը, իսկ Իրանը հույսը դնում է դրա վրա՝ որպես ռազմավարական ցամաքային կամրջի:

Գործընթացը ծավալվում է նուրբ դիվանագիտական ֆոնին: Հուլիսի 6-ին Փաշինյանը կատարեց իր առաջին արտասահմանյան ուղևորությունն ընտրություններից հետո՝ մեկնելով Ռուսաստան՝ վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ հանդիպելու: Միշուստինն ազդանշան տվեց, որ Մոսկվան ուշադիր հետևում է նոր կառավարությանը, ինչը հստակ հիշեցում է խաղադրույքների մասին՝ հաշվի առնելով քարոզարշավի արևմտամետ թեքումը:

Ռուսաստանի հաջորդ նպատակն է կանխել Փաշինյանի կողմից սահմանադրական փոփոխության իրականացումը, որն անհրաժեշտ է Ադրբեջանի հետ 2025 թվականի խաղաղության համաձայնագրի ավարտի համար։ Այստեղ թվաբանությունը բարդանում է։ «Քաղաքացիական պայմանագիրը» չի կարողացել հավաքել սահմանադրական փոփոխությունների համար անհրաժեշտ երկու երրորդի մեծամասնությունը։ Փաշինյանի կառավարության ստորագրած ցանկացած համաձայնագիր կարող է չպարտավորեցնել ապագա կառավարություններին կատարել դրանք։

Փաշինյանը, հավանաբար, կաշխատի խաղաղության համաձայնագրի դրույթների շուրջ նեղ, կոնկրետ հարցերի շուրջ կոալիցիա կառուցելու վրա։ Ահա թե որտեղ է Վաշինգտոնը մտնում խաղի մեջ։ Թրամփի վարչակազմը կարող է կարևոր դիվանագիտական ծածկոց ապահովել՝ օգտագործելով իր հարաբերությունները և՛ Երևանի, և՛ Բաքվի հետ՝ սահմանադրական ճշգրտումների տրամաբանությունն ամրապնդելու համար՝ որպես «Թրամփի երթուղի» նախագծի հետ կապված ավելի լայն կարգավորման մաս։

Հայաստանի սահմանադրական գործընթացին աջակցելն ուղղակիորեն ծառայում է ԱՄՆ ռազմավարական շահերին այն պահին, երբ և՛ Ռուսաստանը, և՛ Իրանը համեմատաբար սահմանափակված են Հարավային Կովկասում։

Snapchat-ը միանում է YouTube-ին և LinkedIn-ին՝ AI-ի դեմ պայքարում

Snapchat-ը միացել է YouTube-ի, LinkedIn-ի և Substack-ի՝ ամբողջությամբ արհեստական բանականության (AI) գործիքներով ստեղծվող գրավոր նյութերի, պատկերների և տեսանյութերի դեմ պայքարի նախաձեռնությանը․ գրում է BBC-ն։

Նմանատիպ բովանդակությունը, որ հաճախ անվանում են «AI slop» (AI-ով ստեղծված ցածրորակ բովանդակություն), մեծ տարածում է գտել համացանցում․ տեխնոլոգիական ոլորտը մրցավազքի մեջ է՝ ստեղծելու ավելի մեծ թվով և ավելի հեշտ օգտագործելի AI գործիքներ, որոնք կարող են ստեղծել ամեն ինչ՝ էսսեներից մինչև իրականին մոտ տեսանյութեր։

Snap-ը՝ Snapchat-ի մայր ընկերությունը, հայտարարել է, որ հարթակն իր հայտնի Spotlight բաժնում այլևս չի առաջարկի «ամբողջությամբ AI-ով ստեղծված տեսանյութեր»՝ նախապատվությունը տալով «իրական, մարդու կողմից ստեղծված բովանդակությանը»։

Վերջին երկու շաբաթների ընթացքում YouTube-ը, LinkedIn-ը և Substack-ը նույնպես հանդես են եկել նմանատիպ նախաձեռնությամբ։

Ադրբեջանի իշխանությունները սրում են ընդդիմության կալանավորված առաջնորդի նկատմամբ բռնությունները. HRW

Ադրբեջանի իշխանություններն ավելի խիստ կալանքի պայմաններ են սահմանել ընդդիմադիր «Ադրբեջանի ժողովրդական ճակատ» կուսակցության (ԱԺՃԿ) նախագահ Ալի Քերիմլիի նկատմամբ, ինչը լուրջ մտահոգություններ է առաջացնում անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի վերաբերյալ․ նշվում է Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերոպության տարածած հայտարարությունում։

61-ամյա Քերիմլին 2025 թվականի նոյեմբերի 29-ից պահվում է Պետական անվտանգության ծառայության կալանավայրում։ Իշխանությունները նրան մեղադրանք են առաջադրել Քրեական օրենսգրքի 278.1 հոդվածով՝ «իշխանությունը բռնի զավթելու և սահմանադրական կարգը բռնի կերպով փոխելուն ուղղված գործողություններ» հոդվածով, որը կարող է պատժվել ցմահ ազատազրկմամբ։ Տարիներ շարունակ նրան պարբերաբար ձերբակալել են։ Այդ ընթացքում Ադրբեջանի իշխանությունները հրաժարվել են նրան անձնագիր տրամադրել՝ փաստացի խոչընդոտելով նրա ելքը երկրից։

Քերիմլին հերքում է մեղադրանքները և դրանք համարում է քաղաքական դրդապատճառներով պայմանավորված։

Դատարանը երկու անգամ երկարաձգել է նրա նախնական կալանքը, վերջին անգամ՝ հունիսի 10-ին՝ 5 ամսով, ինչը նշանակում է, որ նա կարող է կալանքի տակ մնալ առնվազն մինչև նոյեմբեր։

Նրա կալանքի պայմանները, ըստ հաղորդումների, վատթարացել են այն բանից հետո, երբ France 24-ը հունիսին հրապարակել է նրա հետ հարցազրույց, որում քաղաքական գործիչը նկարագրել է իր նկատմամբ վերաբերմունքը և քննադատել եվրոպական կառավարություններին՝ Ադրբեջանի հետ էներգետիկ համագործակցությունը մարդու իրավունքներից գերադասելու համար։ Իշխանությունները կրճատել են հեռախոսազանգեր կատարելու ժամանակը՝ թույլատրելով 15 րոպեանոց զանգերից միայն 4 րոպե։ Նրա փաստաբանները նշել են, որ դատարանները հրաժարվել են գրանցել նրա հաղորդակցման իրավունքի վերականգնման վերաբերյալ դիմումները։

Ավելի ուշ իշխանությունները Քերիմլիի խցում են տեղավորել մեկ այլ կալանավորի, որը, ըստ նրա փաստաբանների, ամբողջ գիշեր խոսում և արտասանում է կրոնական արտահայտություններ։ Ըստ տեղեկությունների՝ Քերիմլին չի կարողանում նորմալ քնել և շարունակում է զգալի հոգեբանական լարվածություն զգալ։ Իշխանությունները մերժել են խցակցին տեղափոխելու խնդրանքները։

Մտցվել են այլ սահմանափակումներ ևս։ Ըստ տեղեկությունների՝ իշխանություններն արգելել են ընտանիքի կողմից բերվող սննդի ծանրոցները, անջատել են նրա հեռուստացույցը, առգրավել թերթերը և արգելել նրա փաստաբաններին տրամադրել գրավոր նյութեր։ Նրա պաշտպանական թիմը հուլիսի 13-ին հայտարարել է, որ Քերիմլիի նկատմամբ վերաբերմունքը խախտում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածով սահմանված անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի և պայմանների արգելքը։

2025 թվականի նոյեմբերից ի վեր կուսակցության ավելի քան 20 անդամ կալանավորվել է, նախնական կալանքի տակ պահվել կամ ենթարկվել ճանապարհորդական արգելքի։ Իշխանությունները նաև բազմիցս մերժել են կուսակցության՝ Բաքվի կենտրոնում հանրահավաքներ անցկացնելու թույլտվությունը։

Ադրբեջանի իշխանությունները պետք է վերացնեն պատժիչ սահմանափակումները, ազատ արձակեն Քերիմլիին և չեղարկեն անհիմն մեղադրանքները։ Ադրբեջանի միջազգային գործընկերները պետք է հրապարակայնորեն և երկկողմ հանդիպումների ժամանակ բարձրացնեն նրա գործը։

SpaceX-ի հրթիռի բեկորը շարժվում է Լուսնի ուղղությամբ․ NASA-ն վստահեցնում է՝ բախումը Երկրի համար վտանգ չի ներկայացնում

SpaceX ընկերության հրթիռից պոկված բեկորն այժմ տիեզերքում է․ այն մոտ 8690 կմ/ժ արագությամբ շարժվում է Լուսնի ուղղությամբ․ գրում է BBC-ն։

Նշվում է, որ բախումը տեսանելի չի լինի անզեն աչքով, սակայն աստղադիտակների միջոցով հնարավոր կլինի Լուսնի մակերևույթին տեսնել լույսի կարճատև բռնկում։

Հայտարարության մեջ NASA-ի ներկայացուցիչ Ջիմի Ռասելը նշել է, որ բախումը «Երկրի համար որևէ վտանգ չի ներկայացնում»։

SpaceX ընկերության Falcon 9 հրթիռը տիեզերք էր արձակվել 2025 թվականի հունվարին։