SpaceX-ի հրթիռի բեկորը շարժվում է Լուսնի ուղղությամբ․ NASA-ն վստահեցնում է՝ բախումը Երկրի համար վտանգ չի ներկայացնում

SpaceX ընկերության հրթիռից պոկված բեկորն այժմ տիեզերքում է․ այն մոտ 8690 կմ/ժ արագությամբ շարժվում է Լուսնի ուղղությամբ․ գրում է BBC-ն։

Նշվում է, որ բախումը տեսանելի չի լինի անզեն աչքով, սակայն աստղադիտակների միջոցով հնարավոր կլինի Լուսնի մակերևույթին տեսնել լույսի կարճատև բռնկում։

Հայտարարության մեջ NASA-ի ներկայացուցիչ Ջիմի Ռասելը նշել է, որ բախումը «Երկրի համար որևէ վտանգ չի ներկայացնում»։

SpaceX ընկերության Falcon 9 հրթիռը տիեզերք էր արձակվել 2025 թվականի հունվարին։

OpenAI-ի և Anthropic-ի AI համակարգերն անվտանգության նոր խախտումներ են իրականացրել

OpenAI-ի և Anthropic-ի արհեստական բանականության մոդելների փորձարկումների ընթացքում AI համակարգերից մեկը կեղծ օգտահաշիվներ է ստեղծել՝ անվտանգության միջոցներով պաշտպանված համակարգեր չարտոնված մուտք գործելու համար․ գրում է Reuters գործակալությունը՝ հղում անելով Մեծ Բրիտանիայի Արհեստական բանականության անվտանգության ինստիտուտին (AISI)։

«Փորձարկվող AI համակարգերից մի քանիսը ծավալել են իրական անձանց և կազմակերպությունների դեմ ուղղված պոտենցիալ վնասակար գործունեություն», – հայտարարել է AISI-ն։

Փորձարկման ընթացքում հայտնաբերվել է 19 չարտոնված գործողություն։ Դրանցից 17-ի հեղինակը եղել է Anthropic-ի համակարգը, իսկ մյուս երկուսինը՝ OpenAI-ի համակարգը։

Թեև AISI-ն չի նշել՝ որ ընկերության AI համակարգն է ստեղծել կեղծ օգտահաշիվները, Anthropic-ը հաստատել է, որ դա եղել է իր համակարգը։

Հիշեցնենք, որ վերջին շրջանում գրանցվել են այլ դեպքեր ևս, երբ վերահսկողությունից դուրս են եկել թե՛ OpenAI-ի, թե՛ Anthropic-ի AI մոդելները՝ կոտրելով այլ ընկերությունների համակարգեր։

 

ԱՄՆ-ն Իրանի դեմ պատերազմում օգտագործել է իր THAAD հրթիռային պաշարների 80%-ը․ CNN

ԱՄՆ հրթիռային պաշարների հիմնական քանակը զգալիորեն նվազել է Իրանի հետ պատերազմի 5 ամիսների ընթացքում։ Զինվորական պաշտոնյաները զգուշացնում են, որ դա կարող է ազդել ԱՄՆ-ի պատրաստության վրա նոր հակամարտությունների հարցում․ գրում է CNN-ը՝ հղում անելով Պենտագոնի ներքին գնահատականներին ծանոթ աղբյուրներին։

Հեռուստաալիքի տվյալներով՝ ԱՄՆ-ն նախապատերազմական մակարդակի համեմատ օգտագործել է իր THAAD հակահրթիռային պաշտպանության համակարգի հրթիռորսիչների գրեթե 80%-ը և Patriot հրթիռների մոտ կեսը։ Հակաօդային պաշտպանության պաշարներն ամենամեծ անկումն են ապրել։

Ըստ CNN-ի աղբյուրների՝ սա վերջին շաբաթների ընթացքում առնվազն երկրորդ դեպքն է, երբ զինվորականները զգուշացնում են նախագահին զենքի պաշարների արագ նվազման մասին։

«Բոնուս» սուպերմարկետների ցանցի գրասենյակում հայտնաբերվել է գլխավոր տնօրենի մարմինը․ Shamshyan.com

Այսօր՝ օգոստոսի 5-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 02:30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևանի քրեական վարչությունում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ Ներքին Շենգավիթ 11-րդ փողոց 1/23 հասցեում դի կա․ գրում է Shamshyan.com-ը։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ մահացածը Երևանի բնակիչ 59-ամյա Անդրանիկ Մ-ն է, որը Հայաստանում հայտնի «Բոնուս» սուպերմարկետների ցանցի հիմնադիրներից էր և  գլխավոր տնօրենը։

Տեղի ունեցածը սպանություն է, ինքնասպանություն, թե դժբախտ դեպք՝ քննչական բաժինը պարզում է։Նախաքննության շահերից ելնելով՝ որոշ հանգամանքներ այս պահին չեն հրապարակվում։

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Վրաստանին և Ուկրաինային խաբել են՝ խոստանալով ՆԱՏՕ-ին անդամակցություն․ Թբիլիսիի քաղաքապետ

Տարիներ շարունակ ՆԱՏՕ-ի ղեկավարությունը խաբել է թե՛ Վրաստանին, թե՛ Ուկրաինային՝ խոստանալով նրանց ընդունել դաշինքի կազմում՝ առանց դա անելու իրական մտադրության․ հայտարարել է իշխող «Վրացական երազանք» կուսակցության գլխավոր քարտուղար և Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն։

«Այս բոլոր տարիների ընթացքում Վրաստանի և Ուկրաինայի նման երկրներին ստել են, թե ՆԱՏՕ-ի դռները բաց են, բայց մենք բոլորս էլ գիտակցում ենք իրականությունը։ Նրանք իրենք այլևս չեն ամաչում բացահայտորեն ասել, որ դա փաստացի անհնար է և բացառված», – նշել է Կալաձեն։

Կա՛մ հովանավորվում են, կա՛մ չեն կանխվում․ Աբրահամյանը՝ Երուսաղեմում հայերի դեմ հարձակումների մասին

Երուսաղեմի հայկական թաղամասում հրեա մոլեռանդների հարձակումը Սուրբ Հակոբ վանքի ուղղությամբ անթույլատրելի է, և դրա պարբերական բնույթը խիստ մտահոգիչ հարցեր է առաջացնում․ գրել է ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

«Հիշեցնեմ, որ մի քանի օր առաջ 6 հրեաներ հավաքվել էին Հայոց պատրիարքարանի Սուրբ Հակոբ վանքի դիմաց, թքել էին դռան վրա, ապա հայհոյել ու քարեր շպրտել՝ այդ ամենը հեռախոսով ֆիքսելով հայի ուղղությամբ։

Թեպետ ոստիկանությունը հայտնել է ձերբակալված անձանց մասին, սակայն նման դեպքերը եզակի չեն, ինչը ցույց է տալիս, որ դրանք կամ հովանավորվում են, կամ իշխանությունները նմանատիպ դեպքերը կանխելու ուղղությամբ առանձնապես ջանքեր չեն գործադրում։

Իսրայելի կառավարությունը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցն ըստ իրավիճակի օգտագործելու փոխարեն պետք է պատշաճ վերաբերմունք ձևավորի նմանօրինակ գործընթացների նկատմամբ»,- գրել է նա։

ՀՀ-ին պատասխանել իր իսկ մեթոդով․ ԵԱՏՄ-ն կարող է սառեցնել Երևանի անդամակցությունը միությանը․ ռուսական մամուլի ամփոփում

Ռուսաստանի Դաշնային խորհրդի պետական ինքնիշխանության պաշտպանության և ներքին գործերին միջամտության կանխարգելման հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Ջաբարովը հայտարարել է, որ Եվրոպական միությանը միանալու ձգտման մեջ Երևանը կտրում է այն ճյուղը, որի վրա նստած է․ գրում է EADaily-ն։

Ինչպես նշել է սենատորը, եվրոպական էլիտային պետք է ևս մեկ ռուսաֆոբ պետություն, որն անընդհատ կսրի Ռուսաստանի հետ հարաբերությունները։

«Երևանը գիտակցում է այս ամենը, բայց նրանք ապրում են մի տեսակ եվրոէյֆորիայի մեջ, քանի դեռ ռուսական գազի մատակարարումները շարունակվում են ցածր գներով», – նշել է Ջաբարովը։

Սակայն եթե Հայաստանը դառնա Ռուսաստանի նկատմամբ անբարյացակամ երկիր, ինչպես երազում են Եվրամիության և ՆԱՏՕ-ի ղեկավարները, գործնականում բոլոր տնտեսական գործընթացները կդադարեցվեն, ինչը, իհարկե, առաջին հերթին, կազդի հենց Հայաստանի վրա։

РБК-ն գրում է, որ Մոսկվայի և Երևանի միջև կուտակվել են մի շարք լուրջ անհամաձայնություններ, հիմնականում՝ դեպի Եվրամիություն Հայաստանի շրջադարձի և մայիսից ի վեր Ռուսաստանի կողմից հայկական ներմուծման ոլորտում  սահմանափակումների պատճառով։

Փորձագետ Նիկոլայ Սիլաևը կայքի հետ զրույցում հիշեցրել է՝ Ռուսաստանի ղեկավարությունը բազմիցս նշել է Նիկոլ Փաշինյանին, որ այս մոտեցումը՝ ԵԱՏՄ-ում մնալ, մինչև որևէ մեկի կողմից հրավեր ստանալը, չի կարող շարունակվել։ Մայիսին Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը միացան ռուսական դիրքորոշմանը։

Փորձագետը ենթադրում է, որ ԵԱՏՄ-ն կարող է Հայաստանին վերաբերել այնպես, ինչպես Հայաստանը վերաբերվել է ՀԱՊԿ-ին։

«Հայաստանը, ինչպես ինքն է ասում, սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ին։ Նրա գործընկերները նշել են, որ պայմանագրում նման մեխանիզմ չկա, բայց Երևանն անտեսել է դա», – նշում է Սիլաևը։

«Հարց է առաջանում. ի՞նչն է խանգարում ՀԱՊԿ անդամ ԵԱՏՄ չորս երկրներին այժմ նմանատիպ մոտեցում ցուցաբերել՝ կասեցնելով Հայաստանի անդամակցությունը միությանը։ Երևանը կարծում է, որ դա անհնար է, քանի որ ԵԱՏՄ-ն նման մեխանիզմ չունի։ ՀԱՊԿ-ը նույնպես չունի», – նշել է փորձագետը։

Հայաստանի ու Ռուսաստանի հարաբերություններում առկա կոնֆլիկտը կարող է հեռուն գնալ․ «Коммерсантъ»

Ռուսաստանի Դաշնությունը նախորդ օրը կասեցրել է Հայաստանից ներմուծվող ավելի քան 70.000 շիշ խմելու ջրի և գազավորված ըմպելիքների վաճառքը: Պաշտոնական հայտարարության համաձայն՝ արտադրողը խախտել է այդ ապրանքների պարտադիր պահանջները:

Միևնույն ժամանակ օգոստոսի 2-ին ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել Նիկոլ Փաշինյանին վարչապետի պաշտոնում վերանշանակելու մասին՝ համաձայն հանրապետության օրենսդրության: Հետևաբար, սա կարելի է համարել յուրատեսակ նվեր հանդիսավոր առիթով․ գրում է «Коммерсантъ»-ը:

Նախկինում ՀՀ կառավարության ղեկավարը հստակեցրել էր, որ մտադիր չէ կատարել Ռուսաստանի պահանջները, որոնք ավելի շատ նման են վերջնագրի, և ընտրություն կատարել Եվրոպայի և Եվրասիական տնտեսական միության միջև: Ավելին, Փաշինյանը հրաժարվել է լքել ԵԱՏՄ-ն՝ հղում անելով կազմակերպության կանոնակարգին: Փաստաթղթում նշվում է, որ ոչ ոք չի կարող ինտեգրացիոն գործընթացի մասնակցին վտարել առանց նրա համաձայնության: Ավելին, Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ կարող է տարեկան 2 միլիարդ դոլար պահանջել Ռուսաստանից՝ հայկական երկաթուղու վարձակալության համար:

Ըստ պարբերականի՝ ամեն ինչ վկայում է այն մասին, որ հարաբերությունները կայուն կերպով կվատթարանան: Ամեն ինչ շարժվում է դեպի այն կետը, երբ Գյումրիում ռուսական ռազմաբազայի հարցը կդառնա հրատապ հարց: Ռուսաստանի ներքին անձնագրով Հայաստան մուտք գործելը, հավանաբար, շուտով անհնարին կլինի։

ԵՄ օրենքները նախատեսում են համընդհանուր սահմանային վերահսկողություն Շենգենյան համաձայնագրից դուրս գտնվող երկրների հետ․ պարզ ասած՝ վիզային ռեժիմ: Ավելին, երբ Եվրոպայի համար գործնականում գլխավոր սպառնալիք ճանաչված պետության զորքերը տեղակայված են ԵՄ անդամակցության հայտ ներկայացրած երկրի տարածքում: Այսպիսով՝ այս դիմակայությունը կարող է շատ ավելի հեռու գնալ։

«Ի դեպ, Կրեմլի գլխավոր հաղթաթղթի վերաբերյալ. Երևանը համատեղ «գազ էլեկտրաէներգիայի դիմաց» ծրագիր է իրականացնում Իրանի հետ: Սա թույլ է տալիս նվազեցնել նախկին մետրոպոլիայից կախվածությունն այս կարևոր ռեսուրսի մատակարարման հարցում: Չնայած, իհարկե, կա նոր դաշնակիցներին, ինչպիսին է Դոնալդ Թրամփը, զայրացնելու ռիսկ: Թեհրանը Ռուսաստանի ռազմավարական գործընկերն ու դաշնակիցն է: Սակայն Իսլամական Հանրապետությունը էլեկտրաէներգիայի խիստ կարիք ունի՝ հատկապես հաշվի առնելով իր ռազմավարական օբյեկտներին հարվածների հավանականությունը։ Ընդհանուր առմամբ՝ սա հետաքրքիր համադրություն է», – գրում է կայքը։

Հայկ Դեմոյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել․ առանցքում «կասկածելի, անհայտ ծագման» էքսպոնատի գնումն է

Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն Հայկ Դեմոյանը հանցագործության մասին հաղորդում է տվել։ Այդ մասին նա գրել է Facebook-ի իր էջում։ Դեմոյանի հրապարակման մի հատվածը ներկայացնում ենք ստորև․

«Սույն հաղորդումը կազմված է երկու առանցքային մեղադրանքների վրա, որոնք ունեն գիտական-ակադեմիական և քրեաիրավական հիմքեր։

Հիմնական պնդումը հետևյալն է. ՀՀ կառավարությունն ի դեմս վարչապետ Նիկոլ Փաշինյանի, վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի և ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի, առանց հիմնավոր ուսումնասիրության և գիտական փորձաքննության, պետական պահուստային խոշոր միջոցների հաշվին կասկածելի եղանակով իրականացրել են վիճելի ու ոչնչով չհիմնավորված գնում` միջազգային աճուրդից ձեռք բերված իրը ներկայացնելով որպես հայկական մշակութային ժառանգության նմուշ:

Նախապատմություն

2025 թվականի դեկտեմբերին մի քանի ՀՀ բարձրաստիճան պետական պաշտոնյաններ հայտարարություններ տեղադրեցին իրենց ֆեյսբուքյան էջերում՝ ազդարարելով, որ Լոնդոնի միջազգային աճուրդում վաճառվող հայկական բացառիկ մշակութային արժեքի ձեռքբերման և Հայաստան տեղափոխման համար պետական բյուջեի պահուստային ֆոնդից 175 միլիոն 360 հազար դրամ է հատկացվել (մոտ 550 հազար ԱՄՆ դոլար): Մասնավորապես, ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, 2025 թվականի դեկտեմբերի 19-ին, ֆեյսբուքյան իր էջում հրապարակեց անհայտ ծագման դռան փեղկի լուսանկարը, դրան կցելով հետևյալ տեքստը. «Միջնադարյան հայկական փայտագործության այս եզակի նմուշը՝ 12-րդ դարի հայկական եկեղեցու դռան փեղկը, կառավարության այսօրվա որոշմամբ կգնվի Լոնդոնի միջազգային աճուրդից և կտեղափոխվի Հայաստանի պատմության թանգարան»։ Համանման հայտարարություններ տարածեցին ԿԳՄՍ նախարարությունն ու նախարար Ժաննա Անդրեասյանը:

Ակնհայտ էր, որ պետական պահուստային միջոցներից ահռելի գումարների դիմաց այս կասկածելի ցուցանմուշի գնումն ուղիղ կապ ուներ 2026 թվականի հունիսի 7-ին տեղի ունենալիք խորհրդարանական ընտրությունների հետ և նպատակ ուներ այսպիսի ձեռքբերումը ծառայեցնել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական քարոզարշավին և Նիկոլ Փաշինյանի վարկանիշի բարձրացմանը:

Հետաքննչական ու քրեաիրավական հիմքեր

Խիստ վիճելի և ծագումնաբանության առումով կասկածելի այս ցուցանմուշին վճարված գումարը չի արտահայտում միջազգային աճուրդներում համանման ցուցանմուշների աճուրդային գները և խիստ ուռճացված է առնվազն տասնապատիկ անգամ։ Այս պարագայում, պետք է ենթադրել, որ ամենայն հավանականությամբ տեղի է ունեցել հանցավոր համաձայնություն աճուրդ իրականացնող կողմի հետ` խոշոր գումար աշխատելու և գումարի զգալի մասը գնող կողմին վերադարձնելու նախապես ձեռք բերված պայմանավորվածության հիմքով։

Հետաքննող մարմինները պետք է պարզեն, թե արդյո՞ք այստեղ գործ ունենք հնաոճ իրերի սև շուկայի մեջ ներքաշված պետական պաշտոնյաների հետ, երբ վերջիններս հանցավոր համաձայնության գալով հնաոճ իրերի վաճառքով զբաղվող և շուկան վերահսկող գործակալների հետ, գործարք են կնքում խիստ թանկ գնով հնաոճ իր ձեռքբերելու և իրացնելու համար: Արդյունքում մեծ վնաս է հասցվել ահռելի չափերի արտաքին պետական պարտք ունեցող ՀՀ պետական բյուջեին:

Պատկերացրեք այսպիսի մի սխեմա. պայմանավորվածություն է ձեռք բերվում ինչ որ միջազգային, ոչ առաջնային կարգի աճուրդի հետ, վերջինիս վաճառքի կատալոգում շատ բարձր գնով ցուցանմուշ կամ ձեռագիր մատյան զետեղելու և այն փոխշահավետ պայմանով ձեռք բերելու համար: Ապա իրի լուսանկարն ու գինը որոշ ժամանակով տեղադրելուց հետո այն հեռացվում է վաճառքից: Հաջորդիվ մշակույթի ու արժեքների հանդեպ «սրտացավ» պետական պաշտոնյաներն ի լուր աշխարհր հայտնում են, որ խնդրել են այս կամ այն ցուցանմուշը հանել աճուրդից՝ դրանք ֆիքսված գնով ձեռք բերելու համար:

Վերջին տարիներին նույն բովանդակությամբ հայտարարությունների հիմքով միևնույն աղբյուրից աճուրդային գնումներ են իրականացվել մի քանի անգամ:

Հարգելով անմեղության կանխավարկածի սկզբունքը, այնուամենայնիվ պետք է արձանագրենք, որ ձեռք բերված ցուցանմուշի գինը աստղաբաշխական է և չի համապատասխանում իրականությանը: Ուղղակի գոյություն չունի այսպիսի գնով հենց այս կատեգորիայի ցուցանմուշ, այն էլ վիճելի ինքնությամբ ու ծագումնաբանությամբ: Ի դեպ, խնդրահարույց դռան փեղկը լոնդոնյան SAM FOGG աճուրդում վաճառքի է եղել առնվազն 20 տարի, հաշվի առնելով 2000-ականներին տպագրված կատալոգը, ուստի սրտաճմլիկ պատմություններն աճուրդից հանելու վերաբերյալ բանից անտեղյակ լսարանի համար է:

Վերջին 25 տարիների ընթացքում հետևում եմ բազմաթիվ միջազգային աճուրդներում վաճառվող ցուցանմուշների գներին, պարբերաբար ստանում եմ կատալոգներ հեղինակավոր աճուրդներից և պետք է խոստովանեմ, որ թերի, այսինքն` ոչ ամբողջական հնաոճ այսպիսի իրի համար 175 մլն 360 հազար դրամ հատկացնելը կատարյալ աբսուրդի ժանրից է: Ավելին, դա հանցագործություն է: Համեմատության համար նշենք, որ 20 տարի առաջ տասնապատիկ անգամ էժան գնով՝ 50 հազար ԱՄՆ դոլարով, աճուրդում վաճառվել էր Մշո Սուրբ Կարապետ վանքի երկու փեղկերով ամբողջական ու լավ պահպանված դուռը՝ հայերեն արձանագրությամբ ու ստույգ թվագրմամբ»,- նշում է Դեմոյանը։

Հրապարակումն ամբողջությամբ՝ այստեղ։

 

Ինչպե՞ս հասարակությունն իմացավ Կոնջորյանի կնոջ աշխատավարձի մասին․ մեկնաբանել է Մեսրոպ Առաքելյանը

Մի քանի օր է՝ հանրությունը տեղեկացել է, որ  «Հայփոստ»-ի տնօրենը ստանում է ամսական 10․000 դոլար աշխատավարձ․ Facebook-ի իր էջում գրել է  «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը։

«Իսկ գիտե՞ք՝ որտեղից իմացանք։ Պարզապես պետական ընկերության տնօրենը պաշտոնատար անձի կին է և ամուսնու հետ հայտարարագիր է ներկայացրել։ Եվ եթե «Հայփոստ»-ի տնօրենը լիներ ոչ թե այդ պատգամավորի կինը, այլ մեկ այլ պատգամավորի քեռակինը, ապա մենք այդպես էլ չէինք իմանա, թե նա ինչքան աշխատավարձ է ստանում։

Չէինք իմանա այնպես, ինչպես չգիտենք մնացած այլ պետական ընկերությունների ղեկավարների աշխատավարձերը և ծախսերը, օրինակ տարեկան 300 մլն դոլար շրջանառություն ունեցող պետական ինչ-որ հիմնադրամի ղեկավարների աշխատավարձերը և ընդհանրապես, այդ շատ հետաքրքիր հիմնադրամի գործունեության մասին շատ ու շատ բաներ»,- նշել է նա։