Սպիտակի «Հայաստան» դաշինքի գրասենյակից մեկ անձ է ձերբակալվել

«Հայաստան» դաշինքի Սպիտակի գրասենյակում խուզարկություն է տեղի ունեցել, մեկ անձ ձերբակալվել է։ ABC Media-ին հայտնում են գրասենյակից։

Ձերբակալված անձը տեղափոխվել է Երևան։ Խուզարկությունն իրականացրել է Հակակոռուպցիոն կոմիտեն։

Ի՞նչ ընթացք ստացավ Տիգրան Ավինյանի՝ 20-ամյա աղջկան ֆոտոխցիկ նվիրելու գործը

Քաղաքապետ Տիգրան Ավինյանի՝ 20-ամյա աղջկան ֆոտոխցիկ նվիրելու գործը դեռ ուսումնասիրման փուլում է․ ABC media-ին հայտնեցին Հակակոռուպցիոն կոմիտեից։ Ուսումնասիրելու մասին կոմիտեից տեղեկացրել էին նաև մայիսի 8-ին։

Հենց այդ օրն էր Ավինյանը հրապարակել լուսանկարը՝ կից գրելով «Լիլիթին նվիրեցի խոստացված ֆոտոխցիկը»։

Հենց նույն օրն էլ՝ մայիսի 8-ին՝ մեկնարկել էր քարոզարշավը։ Ավելի ուշ թե՛ Ավինյանը, թե՛ նկարը հրապարակած Radar Armenia կայքը հեռացրել էին լուսանկարը։

Տեղեկացնենք՝ Քրեական օրենսգրքի 221 հոդվածի համաձայն՝ ընտրությունների կամ հանրաքվեի նշանակման պահից մինչև արդյունքների ամփոփումը արգելվում է թեկնածուների, կուսակցությունների, կուսակցությունների դաշինքի, նրանց ներկայացուցիչների կամ նրանց անունից գործող անձանց կողմից ընտրողներին նվերներ, գումար, ապրանք կամ ծառայություններ տրամադրել՝ նույնիսկ բարեգործության անվան տակ։ Օրենքը վերաբերում է նաև արտոնյալ պայմաններով որևէ աջակցություն ցուցաբերելուն կամ դրա խոստմանը։ Միակ բացառությունը քարոզչական փոքր նյութերն են՝ որոնց արժեքը չի գերազանցում 3000 դրամը և դրանց վրա կա թեկնածուի կամ կուսակցության նշանը։

ՔՊ-ական Տիգրան Ավինյանի նվիրած տեսախցիկը, ըստ երևացող կադրերի թվային տեսախցիկ է։ Արտաքինով շատ նման է Sony-ի կոմպակտ ZV-1 կամ Cyber-shot RX100 շարքի մոդելներին, որոնց գինը սովորաբար մոտ 700-900 դոլարի սահմանում է՝ կախված վիճակից և կոմպլեկտացիայից։ Հայաստանյան շուկայում կամ օգտագործված տարբերակների դեպքում արժեքը կարող է լինել մոտավորապես 250-400 հազար դրամ։
Բարեգործության արգելքը խախտելու դեպքում նախատեսվում է 3-ից 6 տարվա ազատազրկում։

Մանրամասները՝ ռեպորտաժում։

Milka շոկոլադե սալիկների արտադրողը մեղավոր է ճանաչվել սպառողներին մոլորեցնելու համար

Գերմանական դատարանը որոշում է կայացրել, որ ամերիկյան սննդի հսկա Mondelēz ընկերությունը մոլորեցրել է գնորդներին՝ իր Milka շոկոլադե սալիկները 100 գրամից կրճատելով մինչև 90 գրամ՝ փաթեթավորման տեսքը գրեթե չփոխելով․ գրում է BBC-ն։

Երեք շաբաթ տևած դատական ​​գործը հարուցել էր Համբուրգի սպառողների պաշտպանության գրասենյակը (VZHH)։

Արձագանքելով որոշմանը՝ Mondelēz ընկերությունն ասել է, որ «լուրջ է վերաբերվում դատարանի որոշմանը» և «մանրամասն կուսումնասիրի այն»։

Ընկերությունը հավելել է, որ փոփոխության մասին իր կայքում և սոցիալական ցանցերում տեղեկացրել է գերմանացի սպառողներին։

 

Սա էթնոքաղաքական վենդետա է, էթնոքաղաքական լինչ է՝ ուղղված մեր ժողովրդի անցյալի, ներկայի և ապագայի դեմ․ Դավիթ Բաբայանի ուղերձը՝ կետերով

Արցախի նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը ձայնային ուղերձ է հղել Բաքվի բանտից։ Ուղերձի առանցքային կետերը ներկայացնում ենք ստորև․

  • Դատական գործընթացներ ենք ընթանում խախտումներով, դրանց վերջերս գումարվել է ևս մեկը, անհետացել են վերաքննիչ դատարանին ուղղված բողոք-նամակներս։
  • Այս դատավարությունը, որ ընթանում է, իհարկե, շինծու է, խախտում են կոպտորեն բոլոր նորմերը՝ մարդասիրության, արդարադատության, արդարության, միջազգային իրավունքի, իրենց սեփական օրենսդրությունը։
  • Ես կոչ եմ անում, որ մեր հայրենանվեր հայությունը միավորվի և պաշտպանենք մեր իրավունքները։
  • Իրենց բոլոր փաստարկները շինծու են, փուչիկ են, շատ թույլ են։
  • Այս դատավարությունը ոչ թե դատավարություն է, սա էթնոքաղաքական վենդետա է, էթնոքաղաքական լինչ է՝ ուղղված մեր ժողովրդի անցյալի, ներկայի և ապագայի դեմ։
  • Այնքան են շատ այդ խախտումները, որ երբեմն նաև տրագիկոմեդիայի է հասնում։
  • Ասում են՝ խուզարկության ժամանակ իմ մոտ մետաղական իրեր են հայտնաբերել՝ սպիտակ ու դեղին գույնի․ այդ իրերն իմ ոսկյա խաչն ու «տեր ողորմյան»՝ թզբեհս, որը արծաթյա է։
  • Ինձ «ճանաչող» վկաներից մեկն ինձ ասաց՝ դու Վիտալի Բավասանյանն ես, քեզ լավ հիշում եմ, ծեծում էիր ինձ․․․
  • Ինձ «ճանաչեց» ևս մեկ մարդ, որն ասում էր՝ 1994-ին ես իրեն խոշտանգել եմ, ասում էր՝ «չես փոխվել, հասակդ նույն 2 մետրն է, ոսկեգույն մորուքով, բեղերով․ չես փոխվել»։

Վթարների պատճառով 5, 15, 31 համարի ավտոբուսները խցանման մեջ են, կլինեն որոշակի ուշացումներ

Թևոսյան և Աշոտ Հովհաննիսյան փողոցներում մի քանի մարդատար մեքենաների մասնակցությամբ տեղի ունեցած վթարների պատճառով թիվ 5, 15, 31 երթուղիները սպասարկող մի քանի ավտոբուսներ արգելափակվել են խցանման մեջ, հետևաբար կլինեն որոշակի ուշացումներ. այս մասին հայտնում են Երևանի ավտոբուս ՓԲԸ-ից։

 

 

ՌԴ-ն իր քաղաքացիների ձերբակալման բարձր ռիսկ ունեցող երկրների թվում ընդգրկել է նաև Հայաստանը

Ռուսաստանի քաղաքացիներն արտասահման մեկնելիս պետք է հաշվի առնեն երրորդ երկրներում կալանավորվելու և ԱՄՆ-ին արտահանձնվելու ռիսկը․ РИА Новости-ին հայտնել է ՌԴ ԱԳՆ մարդու իրավունքների բազմակողմ համագործակցության վարչության տնօրեն Գրիգորի Լուկյանցևը։

«Շատ պետություններ՝ ոչ միայն Եվրամիության, այլև ավելի լայն շրջանակներում, ունեն որոշակի պարտավորություններ արտահանձնման վերաբերյալ», – նշել է Լուկյանցևը։

Դիվանագետն ընդգծել է, որ Արտաքին գործերի նախարարությունը չի որոշում, թե որտեղ կարող են ռուսները մեկնել։ Նախարարությունը կարող է խորհուրդ տալ չայցելել որոշակի երկրներ միայն այն դեպքում, եթե քաղաքացիները կարծում են, որ կարող են խնդիրներ ունենալ ամերիկյան կամ եվրոպական իշխանությունների հետ։

Ռուսաստանի ԱԳՆ-ի կողմից հրապարակված տեղեկատվության համաձայն՝ ԱՄՆ-ի խնդրանքով Ռուսաստանի քաղաքացիների ձերբակալման բարձր ռիսկ ունեցող երկրների թվում են Եվրոպայի և Լատինական Ամերիկայի մեծ մասը, ինչպես նաև Ավստրալիան, Կանադան, Հայաստանը, Իսրայելը, Մալդիվները, Հարավային Կորեան, Սինգապուրը, Թաիլանդը, Ֆիջին, Շրի Լանկան, Լիբերիան և Մարոկկոն։ Նախարարությունը, սակայն, նշում է, որ այս ցանկը չի ներառում բոլոր այն երկրները, որոնք ԱՄՆ-ի հետ ունեն արտահանձնման պայմանագրեր։

ԵՄ-ն ողջունել է Թուրքիայի և Հայաստանի միջև երկկողմ առևտրի մեկնարկի մասին հայտարարությունը

Եվրոպական Միությունը ողջունել է Թուրքիայի և Հայաստանի միջև երկկողմ առևտրային հարաբերությունների մեկնարկը՝ որպես նշանակալի իրադարձություն։

«ԵՄ-ը ջերմորեն ողջունում է Թուրքիայի հայտարարությունը Հայաստանի հետ երկկողմ առևտրի մեկնարկի մասին։ Սա նշանակալի զարգացում է հարաբերությունների կարգավորման գործընթացում, ինչը հաստատվել է նաև ապրիլի 28-ին երկու երկրների միջև երկաթուղային կապերի վերականգնման վերաբերյալ երկկողմ աշխատանքային խմբի վերջերս կայացած նիստով»,-նշվել է Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության հայտարարությունում։

Ինչպես նշվել է, այս կարևոր քայլը կարող է նպաստել երկու երկրների միջև առևտրային և տնտեսական հնարավորությունների ընդլայնմանը՝ դրական ազդեցություն ունենալով ամբողջ Հարավային Կովկասի, ինչպես նաև ԵՄ-ի վրա։ «Մենք խրախուսում ենք, որ երկու երկրներին շարունակեն համագործակցությունը, այդ թվում՝ ընդհանուր սահմանի բացման ուղղությամբ», – նշվել է հայտարարությունում։

ԱՄՆ դեսպանատունը ողջունում է Հայաստանի և Թուրքիայի միջև երկկողմ առևտրի սահմանափակումները հանելու մասին հայտարարությունը

Միացյալ Նահանգները ողջունում է Հայաստանի և Թուրքիայի միջև երկկողմ առևտրի սահմանափակումները հանելու մասին հայտարարությունը․ այս մասին հայտարարել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը։

«Այս քայլը ցույց է տալիս երկու երկրների՝ տնտեսական կապերն ընդլայնելու և Հարավկովկասյան տարածաշրջանում տևական խաղաղության ու բարեկեցության խթանելու հանձնառությունը։ Համագործակցությունն ամրապնդելու ուղղությամբ Հայաստանի ու Թուրքիայի շարունակական ջանքերը՝ ի շահ տարածաշրջանի ժողովուրդների բարօրության, արժանի են գովեստի»,- ասված է հայտարարության մեջ։

Հրանտ Թոխատյանը երկրորդ անգամ հաղթահարել է հիվանդությունը

«Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի վիրաբույժ Սուրեն Ստեփանյանը հայտնել է, որ Հրանտ Թոխատյանը արդեն երկրորդ անգամ՝ բժիշկների, ընտանիքի անդամների, հարազատների համատեղ ջանքերի շնորհիվ, հաղթահարել է ծանր հիվանդությունը։

«Լիահույս ենք, որ մոտ ապագայում Ձեզ կրկին կտեսնենք բեմում»,- գրել է բժիշկը։

Հիշեցնենք, որ Հրանտ Թոխատյանը 2023 թվականին ենթարկվել էր սրտի վիրահատության, որից հետո դերասանի մոտ առողջական այլ խնդիրներ էին առաջացել, ինչից հետո նա մեկնել էր ԱՄՆ՝ բուժումը շարունակելու։

Համացանցում շրջանառվող լուրերի համաձայն՝ դերասանի մոտ ախտորոշվել էր օնկոլոգիական հիվանդություն։

Փաշինյանի ջղաձգումները սկսված են․ Իշխան Սաղաթելյան

Ընտրարշավի 5-րդ օրն է, և ինչպես որ սպասվում էր, Փաշինյանի ջղաձգումները սկսված են․ հայհոյախառը ելույթներ է ունենում՝ անդրադառնալով նույնիսկ ընդդիմադիր գործիչների ընտանիքների անդամներին, այս մարդուց ոչ մեկ այլ բան չէր էլ սպասում․ ֆեյսբուքյան իր էջում տարածած տեսանյութում ասել է ՀՅԴ ՀԳՄ ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան»  խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը:

Նրա խոսքով՝ Փաշինյանն այդպես է անում, որպեսզի ընդդիմադիրները սկսեն նրան հայհոյել, և ընտրարշավը վերածվի հայհոյանքների մրցավազքի, իսկ ՀՀ քաղաքացիները, հոգնելով այդ վիճակից, չմասնակցեն ընտրությանը։