Էկոնոմիկայի նախարարությունում ընդունել են «Wildberries»-ի ներկայացուցիչներին

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալներ Նարեկ Հովակիմյանը և Լիլյա Սիրականյանը հուլիսի 30-ին ընդունել են «Wildberries» առևտրային հարթակի ներկայացուցիչներին․ այս մասին հայտնել են նախարարությունից։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանում էլեկտրոնային առևտրի զարգացման, ձեռնարկատերերի աջակցության, ընթացակարգերի դյուրացման, ինչպես նաև համագործակցության հետագա ուղղություններին առնչվող հարցեր։

«Wildberries»-ի ներկայացուցիչները կարևորել են Հայաստանի դերը՝ տարածաշրջանում էլեկտրոնային առևտրի զարգացման հեռանկարի տեսանկյունից։

Հանդիպման ընթացքում հատուկ քննարկման առարկա են դարձել այն վաճառողների հարցերը, որոնց ապրանքները տուժել են «Wildberries»-ի լոգիստիկ ենթակառուցվածքի հետ կապված վերջին իրադարձությունների հետևանքով։

«Wildberries»-ի ներկայացուցիչները հայտնել են, որ ընկերությունն արդեն սկսել է իրականացնել հաշվարկներ, իսկ փոխհատուցման և աջակցության մեխանիզմներն ու մոտեցումներն ավարտական փուլում են։

«Ռուսական երկաթուղիներից» արձագանքել են Փաշինյանի հայտարարություններին

«Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ից արձագանքել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին՝ նշելով, որ զարմանքով և տարակուսանքով է ընդունել հայկական երկաթուղիների համար հնարավոր վարձավճարների մասին հնչեցված գնահատականները․ փոխանցում է TACC-ը։

Ընկերության գլխավոր տնօրեն Օլեգ Բելոզյորովի խոսքով՝ ընկերությունը շարունակելու է կատարել Հայաստանի հետ գործող կոնցեսիոն պայմանագրի բոլոր դրույթները։

Բելոզյորովը հավելել է, որ պայմանագրի փոփոխման կամ դադարեցման դեպքում «Ռուսական երկաթուղիներն» իրավունք կունենա ակնկալելու կատարված ներդրումների փոխհատուցում։

Նա նաև նշել է, որ 2008 թվականից ի վեր ընկերության ստացած շահույթն ամբողջությամբ ուղղվել է Հայաստանի երկաթուղային ենթակառուցվածքների զարգացմանը։

Բելոզյորովի գնահատմամբ՝ կոնցեսիոն կառավարումը հնարավորություն է տվել արդիականացնել Հայաստանի երկաթուղային համակարգը՝ առանց պետական բյուջեի վրա լրացուցիչ բեռ ստեղծելու։

Նա ընդգծել է նաև, որ «Հարավկովկասյան երկաթուղին» շարունակում է մնալ երկրի խոշորագույն գործատուներից մեկը, իսկ վերջին տարիներին իրականացվել է նաև ուղևորատար շարժակազմի արդիականացում, այդ թվում՝ 2021 թվականին Հայաստան են մատակարարվել 27 նոր վագոն։

Ջրի ճգնաժամ՝ Բաքվում․ Ալիևի ցուցադրական հաջողությունների դարձերեսը

Մինչ Ադրբեջանը միլիարդներ է ծախսում բռնազավթված Արցախում շինարարության և վերաբնակեցման ծրագրերի համար, Բաքվին հարակից Ապշերոնի բնակավայրերում մարդիկ խմելու ջրի խնդիր ունեն։ Ինչպե՞ս է պաշտոնական Բաքուն բացատրում վիճակը, և ի՞նչ համակարգային խնդիրներ են դրա տակ տեսնում փորձագետները։

Ռուսաստանը չի մասնակցի հոկեյի աշխարհի առաջնությանը

Հոկեյի միջազգային ֆեդերացիայի (IIHF) խորհուրդը մերժել է Ռուսաստանի հոկեյի ֆեդերացիայի դիմումը՝ 2026/27 մրցաշրջանում ռուսական հավաքականներին միջազգային մրցաշարերին մասնակցելու թույլտվություն տրամադրելու վերաբերյալ․ գրում է РИА Новости-ն՝ հղում անելով ֆեդերացիայի հայտարարությանը։

IIHF-ը նշել է, որ Ռուսաստանի՝ տարբեր տարիքային խմբերի հավաքականները չեն մասնակցի առաջնություններին «անվտանգության և մարզական արդարության հետ կապված շարունակվող մտահոգությունների» պատճառով։

Նույն որոշմամբ միջազգային մրցաշարերից հեռացված են նաև Բելառուսի հավաքականները։

Թուրքիան պատրաստ է աջակցել Լիբանանի հարավի վերականգնմանը․ Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան պատրաստ է լիակատար աջակցություն ցուցաբերել Լիբանանին՝ Իսրայելի հարձակումներից տուժած հարավային շրջանների վերականգնման գործում։

Նրա խոսքով՝ միջազգային ուժերի դուրսբերումից հետո Թուրքիան ցանկանում է մասնակցել Լիբանանի «ինքնիշխանության ապահովմանն ու ամրապնդմանն» ուղղված բոլոր նախաձեռնություններին։

Էրդողանը նաև նշել է, որ Թուրքիան կշարունակի աջակցել Լիբանանի զինված ուժերին։

ՈւԵՖԱ-ն կարող է բոյկոտել Աշխարհի առաջնությունը

ՈւԵՖԱ-ն կբոյկոտի ՖԻՖԱ-ի մրցաշարերը, այդ թվում՝ Աշխարհի առաջնությունը, եթե կազմակերպության նախագահ Ջաննի Ինֆանտինոն իրականացնի Աշխարհի առաջնության առևտրային իրավունքների բաժնեմասի վաճառքի ծրագիրը․ գրում է Sky Sports-ը։

Այս որոշումը, ըստ հաղորդագրության, ընդունվել է այսօր կայացած արտահերթ նիստում, որին մասնակցել են ՈւԵՖԱ-ի բոլոր 55 անդամ երկրները։

Նշվում է, որ նման բոյկոտը հավանաբար կխափանի Ինֆանտինոյի նախաձեռնությունը, քանի որ եվրոպական հավաքականների բացակայության դեպքում ներդրողները դժվար թե ցանկանան ներդրումներ կատարել մրցաշարում։

Հիշեցնենք՝ Ինֆանտինոյի առաջարկած ծրագրով նախատեսվում է մասնավոր ներդրողներին վաճառել Աշխարհի առաջնության մրցաշարի առևտրային իրավունքների մի մասը՝ լրացուցիչ ֆինանսավորում ներգրավելու նպատակով։

Իլոն Մասկը կրկին դառնում է Հանրապետական կուսակցության գլխավոր ֆինանսավորողներից մեկը

Ամերիկացի գործարար Իլոն Մասկը մտադիր է լայնածավալ ֆինանսավորում տրամադրել ԱՄՆ Հանրապետական կուսակցությանը՝ առաջիկա Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում դրա դիրքերն ամրապնդելու նպատակով։ Այդ մասին հայտնում է Axios պարբերականը՝ նշելով, որ միլիարդատերը վերագործարկում է իր քաղաքական America PAC հիմնադրամի գործունեությունը, որի միջոցներն ուղղվելու են Դոնալդ Թրամփի կուսակցության օգտին ընտրողների մոբիլիզացմանը։

Axios-ի աղբյուրների փոխանցմամբ՝ America PAC-ը միջոցներ կհատկացնի թիրախային թվային գովազդի, փոստային քարոզարշավների և տնետուն այցելությունների համար՝ ընտրողներին համոզելու քվեարկել Հանրապետական կուսակցության թեկնածուների օգտին։ Հատուկ ուշադրություն կդարձվի այն ընտրողներին, որոնք սովորաբար հանրապետականներին աջակցում են միայն նախագահական ընտրություններում, սակայն չեն մասնակցում Կոնգրեսի ընտրություններին կամ չեն քվեարկում նույն ակտիվությամբ։

Իլոն Մասկի ներկայացուցիչները չեն հրապարակում նախատեսվող ֆինանսավորման չափը, սակայն Axios-ի հարցված փորձագետները համոզված են, որ այն կլինի «հսկայական»։

Պարբերականը հիշեցնում է, որ America PAC-ը 2024 թվականի նախընտրական քարոզարշավի ընթացքում ներդրել էր ավելի քան 260 միլիոն դոլար՝ Դոնալդ Թրամփի հաղթանակին աջակցելու նպատակով։ Այդ ներդրման շնորհիվ Իլոն Մասկը դարձել էր ԱՄՆ պատմության ամենախոշոր քաղաքական դոնորը։

Axios-ի տվյալներով՝ նույնիսկ առանց Մասկի նոր ֆինանսավորման Հանրապետական կուսակցությունն արդեն շուրջ 300 միլիոն դոլարով ավելի շատ նախընտրական միջոցներ ունի, քան Դեմոկրատական կուսակցությունը։

Աղմուկ ԱԺ-ում. լրագրողների աշխատանքի հին կանոնակարգը՝ նոր վեճի կենտրոնում

ԱԺ-ում լրագրողների աշխատանքի շուրջ նոր վեճ է ծագել․ լրատվամիջոցները պնդում են՝ խորհրդարանում լրագրողների աշխատանքը սահմանափակող նոր կանոններ են հայտնվել, մինչդեռ ՔՊ-ից հակադարձում են՝ խոսքը նոր կարգավորումների մասին չէ, դրանք գործում են դեռ 2021 թվականից։

Ի՞նչ է իրականում փոխվել, անվտանգության կանոնները կարո՞ղ են արդյոք սահմանափակել լրագրողների աշխատանքը։

Նոր Հաճնի կամրջի տակ՝ գետի ափին, հայտնաբերվել է կնոջ մարմին․ Shamshyan.com

Այսօր՝ հուլիսի 30-ին, առեղծվածային մահվան դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։Ժամը 17.50–ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Կոտայքի մարզային վարչությունում ահազանգ է ստացվել, որ Նոր Հաճնի կամրջի տակ՝ գետի ափին, դի կա. գրում է Shamshyan․com-ը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Կոտայքի մարզային փրկարարական վարչության ծառայողները՝ վարչության պետ Սեդրակյանի և Աբովյանի հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ՝ ջոկատի հրամանատարի գլխավորությամբ։

Տեղում պարզվել է, որ ստացված տեղեկությունը հավաստի է․ փրկարարներն այնտեղ հայտնաբերել են երիտասարդ կնոջ մարմին։

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է մահացածի ինքնությունը։

«Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանը կշարունակի մնալ կալանքի տակ

Փաշինյանական արդարադատությունը մերժեց «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանի վաղաժամ ազատ արձակման միջնորդությունը. հայտնում է ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

«Դրսից ներկրված անարժեքության և գաղափարան սնանկության պայմաններում, Աշոտ Մինասյանը որպես հայրենիքի նվիրյալ կշարունակի մնալ ճաղերի հետևում, իսկ տեսակ և սկզբունք չունեցողները կշարունակեն որոշումներ կայացնել:

Ինչ խոսք, պետք է ընդունել, որ բռնատիրության կառուցումն այսպիսի իրողություններ է ենթադրում և պայքարը պետք է կազմակերպել այդ իրողությունները հաշվի առնելով»,- գրել է նա։