«ՀայաՔվե»-ն դատապարտում է Ադրբեջանի կողմից Արցախի զավթված տարածքում հայկական պատմամշակութային և հոգևոր ժառանգության ոչնչացման շարունակական քաղաքականությունը

«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը խստիվ դատապարտում է Ադրբեջանի կողմից Արցախի զավթված տարածքում հայկական պատմամշակութային և հոգևոր ժառանգության ոչնչացման շարունակական քաղաքականությունը, որի հերթական դրսևորումն է Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանի Մայր Տաճարի ամբողջական հիմնահատակ քանդումը․ այս մասին հայտարարություն է տարածել «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման խորհուրդը։

«Մշակութային և կրոնական ժառանգության նպատակային ոչնչացումը հակասում է միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներին, մասնավորապես՝ մշակութային արժեքների պաշտպանության վերաբերյալ միջազգային կոնվենցիաներին, ներառյալ՝ զինված հակամարտությունների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության մասին 1954 թ. Հաագայի կոնվենցիան։ Նման ավերիչ գործողությունները հանդիսանում են մշակութային ժառանգության դեմ ուղղված համակարգային ոտնահարում և, համապատասխան հանգամանքներում, մշակութային ցեղասպանություն։

Բազմիցս փաստագրվել է, որ Ադրբեջանի վարած քաղաքականությունը միտված է Արցախի տարածքում հայկական պատմամշակութային ներկայության հետևողական վերացմանը, ինչը պահանջում է միջազգային խիստ արձագանք` իրավական գնահատական և հետագա նմանօրինակ քայլերի կանխարգելմանն ուղղված գործուն միջոցների անհապաղ ձեռնարկում։

Միաժամանակ արձանագրում ենք, որ ադրբեջանական ավերիչ գործողությունների վերաբերյալ` Հայաստանի Հանրապետության պետական մարմինների կողմից միջազգային համապատասխան հարթակներում հասցեական քաղաքական և իրավական գնահատականի հնչեցման, փաստահավաք և իրավական մեխանիզմների կիրարկման, ինչպես նաև բարբարոսական գործողությունների կրկնության բացառման ուղղությամբ կանխարգելիչ քայլերի բացակայությունը դատապարտելի և ապազգային վարքագիծ է։

Հաշվի առնելով վերոնշյալը՝ անհրաժեշտ ենք համարում.

  • անհապաղ նախաձեռնել հոգևոր-մշակութային ժառանգության ոչնչացումն ապացուցող փաստերի ներկայացում` համապատասխան միջազգային հարթակներում և կազմակերպություններում,
  • Արդարադատության միջազգային դատարանից պահանջել կիրառել 2023թ. նոյեմբերի 17-ին` «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» հայցի շրջանակներում ընդունված` Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի ժամանակավոր միջոցառումների հրամանը, մասնավորապես` «ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ կանխելու և պատժելու հայկական մշակութային ժառանգությանը, այդ թվում՝ եկեղեցիներին և այլ պաշտամունքի վայրերին, հուշարձաններին, տեսարժան վայրերին, գերեզմանատներին և արտեֆակտներին վնասող վանդալիզմի և սրբապղծության գործողությունները»։
  • ապահովել փաստերի պատշաճ հավաքագրում, նյութական և իրավական վնասի գնահատում,
  • մշակել հստակ և հետևողական պետական քաղաքականություն՝ ուղղված Արցախի տարածքում հայկական մշակութային ժառանգության պաշտպանությանն ու պահպանմանը։

Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանի Մայր Տաճարի ոչնչացումը` որպես մշակութային և հոգևոր ժառանգության դեմ ուղղված ցեղասպանական գործողության արդյունք, պետք է արժանանա միջազգային կոշտ իրավաքաղաքական գնահատականի և ունենա համապատասխան հետևանքներ»,- ասված է հայտարարության մեջ։

Ի՞նչ է փոխանցել Խաչիկ Գալստյանը փաստաբանի միջոցով

Փաստաբան Արսեն Բաբայանը հրապարակել է Խաչիկ Գալստյանի խոսքը․

«Ադրբեջանում հայերին դատում են սեփական հայրենիքը պաշտպանելու, նախնիների արյան կանչի հետևից գնալու ու ազգային մեծ երազանք ունենալու համար:

Հայաստանում հայերին դատում են սեփական հավատքին տեր կանգնելու ու հայրենիքը շատ սիրելու համար։

Եթե աշուղ Ջիվանին ապրեր մեր օրերում, ապա Հայաստանում տեղի ունեցող քաղաքական կրկեսի մասին կգրեր հետևյալ տողերը.

Հայը կանչում է թուրքին,

Էստի՛ համեցեք,

Թուրքը մորթում է հային,

Խելքի՛ աշեցեք։

Թուրքը դատում է հային,

Աշխարհ, իմացե՛ք,

Հայը դատում է հային,

Խելքի՛ աշեցեք։

Խաչիկ Գալստյան

Խղճի, հավատքի ու հայրենիքի կալանավոր»,- հայտարարել է նա։

Նշենք, որ քիչ առաջ հայտնի դարձավ, որ Խաչիկ Գալստյանի և Արամ Քոչարյանի տնային կալանքը երկարաձգվեց ևս 3 ամսով։

 

Ո՞ր ուժերն են դիմել ԿԸՀ՝ ընտրությանը մասնակցելու համար

Այսօր 18։00-ին ավարտվում է հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար առաջադրվելու ժամկետը։ ԿԸՀ մամուլի խոսնակ Սեդա Ղուկասյանը ներկայացրել է մինչ այժմ ԿԸՀ դիմած ուժերի անունները։ Ըստ այդմ՝ ընտրությանը մասնակցելու հայտ են ներկայացրել

  • «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը
  • ԲՀԿ-ն
  • Հայաստանի շնորհապետական կուսակցությունը
  • «Բոլորին դեմ եմ»  ժողովրդավարական կուսակցություն
  • «Ուժեղ Հայաստան» դաշինք
  • «Ժողովրդավարական համախմբում» կուսակցություն
  • Լուսավոր Հայաստան
  • Ազգային ժողովրդավարական բևեռ համահայկական կուսակցությունը

ԿԸՀ-ն գրանցումները հաստատելու է մինչև մայիսի 3-ը՝ ժամը 18։00-ն։

Այսօր ԿԸՀ դիմում է ներկայացրել նաև «Հայաստան» դաշինքը։

 

ԱՄՆ դեսպանատունը կոչ է արել իր քաղաքացիներին լքել Լիբանանը, քանի դեռ առևտրային թռիչքների տարբերակները հասանելի են

Բեյրութում ԱՄՆ դեսպանատունն ուշադիր հետևում է Լիբանանում անվտանգության իրավիճակին: Ըստ դեսպանատան հայտարարության՝ անվտանգության միջավայրը մնում է բարդ և կարող է արագ փոխվել:

«Մենք կոչ ենք անում ԱՄՆ քաղաքացիներին լքել Լիբանանը, քանի դեռ առևտրային թռիչքների տարբերակները հասանելի են: Մենք խորհուրդ ենք տալիս Լիբանանում գտնվող ԱՄՆ քաղաքացիներին, որոնք որոշում են չմեկնել, պատրաստել արտակարգ իրավիճակների համար նախատեսված ծրագրեր և հետևել նորություններին` կարևոր զարգացումների համար», – նշվում է հայտարարությունում:

Բեյրութում ԱՄՆ դեսպանատունը հիշեցնում է Լիբանանում գտնվող ԱՄՆ քաղաքացիներին, որ Լիբանանում ահաբեկչության և առևանգման շարունակական ռիսկեր կան:

ԱՄՆ քաղաքացիները պետք է խուսափեն ցույցերից կամ որևէ մեծ հավաքներից, քանի որ դրանք, առանց որևէ նախազգուշացման, կարող են արագ վերաճել բռնության:

Դատարանը 3 ամսով երկարաձգեց Արամ Քոչարյանի և Խաչիկ Գալստյանի տնային կալանքը․ Արսեն Բաբայան

Դատարանը 3 ամսով երկարաձգեց Արամ Քոչարյանի և Խաչիկ Գալստյանի տնային կալանքը տեղեկացրեց նրանց փաստաբան Արսեն Բաբայանը։

Հիշեցնենք, որ  «Հայրենիք» կուսակցության գլխավոր քարտուղար Խաչիկ Գալստյանը ձերբակալվել էր Վաղարշապատում նոյեմբերի 16-ի ավագանու ընտրություններին ընտրակաշառք տալու գործի շրջանակում։

 

Թրամփի դեսպանորդը խնդրել է ՖԻՖԱ-ին Աշխարհի առաջնությունում Իրանին փոխարինել Իտալիայով

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի բանագնաց Պաոլո Զամպոլին խնդրել է ՖԻՖԱ-ին առաջիկա Աշխարհի առաջնությունում Իրանին փոխարինել Իտալիայով․ գրում է Reuters գործակալությունը՝ հղում անելով Financial Times-ին։ 

Իրավիճակին ծանոթ աղբյուրների հաղորդմամբ՝ սա Թրամփի և Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիի միջև սրված հարաբերությունները վերականգնելու փորձ է․ երկու երկրների առաջնորդների միջև լարվածություն առաջացավ Իրանի դեմ պատերազմի առնչությամբ Հռոմի պապ Լևոն XIV-ի դեմ ԱՄՆ նախագահի քննադատությունների ֆոնին։

«Հաստատում եմ, որ Թրամփին և ՖԻՖԱ-ի նախագահ Ջաննի Ինֆանտինոյին առաջարկել եմ, որ Աշխարհի առաջնությունում Իտալիան փոխարինի Իրանին։ Ես իտալացի եմ, և ինձ համար երազանք կլիներ տեսնել «Կապույտ թիմին» (Իտալիայի ֆուտբոլի ազգային հավաքական) ԱՄՆ-ում անցկացվող մրցաշարում»,- ասել է Զամպոլին՝ հավելելով, որ Իտալիայի՝ Աշխարհի առաջնության քառակի չեմպիոն լինելն արդարացնում է մրցաշարում նրա ընդգրկվելը։

Սպիտակ տունը, ՖԻՖԱ-ն, Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիան և Ասիայի ֆուտբոլի կոնֆեդերացիան չեն արձագանքել Reuters-ի` մեկնաբանելու խնդրանքներին։

Իտալիան երրորդ անգամ անընդմեջ չի մասնակցի Աշխարհի առաջնությանը․ մարտին որակավորման փլեյ-օֆֆի եզրափակչում Բոսնիա և Հերցեգովինայի հետ խաղում Իտալիան 4-1 հաշվով պարտություն կրեց։

Իրանը, սակայն, չորրորդ անգամ անընդմեջ որակավորվել է Աշխարհի գավաթի խաղարկության համար․ պատերազմի սկսվելուց հետո, Իսլամական Հանրապետության ազգային հավաքականը ՖԻՖԱ-ին խնդրել էր թիմի երեք խաղերն ԱՄՆ-ից տեղափոխել Մեքսիկա։

Լևոն Զուրաբյանն արձագանքել է Տեր-Պետրոսյանի դաշնակցական լինելու Փաշինյանի պնդմանը

«Հայաստանի պատմության մեջ մեր երկրին ամենամեծ վնասը տված մարդու գնահատականը ո՞նց կարելի է լուրջ ընդունել»,- ABC Media-ի հետ զրույցում ասել է ՀԱԿ-ի՝ վարչապետի թեկնածու Լևոն Զուրաբյանն՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այսօրվա հայտարարությանը, որում վերջինս պնդել է, թե ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն դաշնակցական է։

«Հեղափոխությունից հետո պարզվեց, որ Լևոն Տեր Պետրոսյանը ամենաիսկական դաշնակցական է, ընդ որում՝ ամենաանհաջողակ և ամենաանհաջող դաշնակցականը»,-ասել էր Փաշինյանը։

Կենդանաբանական այգու դիմաց բախվել են «Mercedes CLS»-ը, «Jaguar»-ը, «Toyota»-ն և թիվ 53 երթուղին սպասարկող ավտոբուսը. կան տուժածներ․ Shamshyan.com

Այսօր՝ ապրիլի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12:40-ի սահմաններում Մյասնիկյան պողոտայում՝ Կենդանաբանական այգու դիմաց, բախվել են Երևանի բնակիչներ 19-ամյա Վարդան Մ.-ի վարած «Mercedes CLS» մակնիշի, 28-ամյա Կորյուն Մ.-ի վարած «Jaguar» մակնիշի, 34-ամյա Տաթևիկ Ա.-ի վարած «Toyota» մակնիշի և Գեղարքունիքի մարզի բնակիչ 40-ամյա Սամվել Ա.ի վարած՝ Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված թիվ 53 երթուղին սպասարկող ավտոբուսը. գրում է Shamshyan.com-ը։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի, որոնց առաջինն օգնության են հասել քաղաքացիները և ըստ քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվորեն ժամանած Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը, տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ։

Բժիշկները վիրավորներին մինչև հիվանդանոցներ տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։

Ֆոտոլրագրողը հայտնում է՝ երբ «Mercedes»-ը բախվել է «Jaguar»-ին, «Jaguar»-ն անցել է բաժանարար գոտում տեղադրված բետոնե պատնեշին վրայով, կոտրել այն և հայտնվել հանդիպակաց երթևեկելի գոտում բենզալցակայանի պատի, շինության մոտ՝ հետիոտնի համար նախատեսված մայթին։ Իսկ հարվածի հետևանքով վնասվել է նաև «Toyota»-ն։

Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ, սակայն «Mercedes»-ի վարորդի ավտոմեքենա վարելու իրավունքը եղել է կասեցված։

Կենդանաբանական այգու դիմաց բախվել են «Mercedes CLS»-ը, «Jaguar»-ը, «Toyota»-ն և թիվ 53 երթուղին սպասարկող ավտոբուսը. կան տուժածներ․ Shamshyan.com

Այսօր՝ ապրիլի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12:40-ի սահմաններում Մյասնիկյան պողոտայում՝ Կենդանաբանական այգու դիմաց, բախվել են Երևանի բնակիչներ 19-ամյա Վարդան Մ.-ի վարած «Mercedes CLS» մակնիշի, 28-ամյա Կորյուն Մ.-ի վարած «Jaguar» մակնիշի, 34-ամյա Տաթևիկ Ա.-ի վարած «Toyota» մակնիշի և Գեղարքունիքի մարզի բնակիչ 40-ամյա Սամվել Ա.ի վարած՝ Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված թիվ 53 երթուղին սպասարկող ավտոբուսը. գրում է Shamshyan.com-ը։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի, որոնց առաջինն օգնության են հասել քաղաքացիները և ըստ քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվորեն ժամանած Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը, տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ։

Բժիշկները վիրավորներին մինչև հիվանդանոցներ տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։

Ֆոտոլրագրողը հայտնում է՝ երբ «Mercedes»-ը բախվել է «Jaguar»-ին, «Jaguar»-ն անցել է բաժանարար գոտում տեղադրված բետոնե պատնեշին վրայով, կոտրել այն և հայտնվել հանդիպակաց երթևեկելի գոտում բենզալցակայանի պատի, շինության մոտ՝ հետիոտնի համար նախատեսված մայթին։ Իսկ հարվածի հետևանքով վնասվել է նաև «Toyota»-ն։

Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ, սակայն «Mercedes»-ի վարորդի ավտոմեքենա վարելու իրավունքը եղել է կասեցված։

Թրամփը պնդում է՝ Իրանի ռեժիմը պառակտված է, սակայն իրականությունն ավելի բարդ է․ CNN

«Լրջորեն պառակտված». այսպես է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նկարագրել Իրանի կառավարությանը՝ երկարաձգելով հրադադարը՝ նրանց ժամանակ տալու «միասնական» առաջարկ ներկայացնելու համար:

Սպիտակ տունը պնդում է, որ Պակիստանում ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի հետ բանակցությունների երկրորդ փուլին Իրանի չներկայանալը ցույց տվեց, թե որքան անհամաձայնեցված է դարձել նրա ղեկավարությունը գրում է CNN-ը։ 

Իրանի դիտորդներն այլ կերպ են նայում իրավիճակին: Իրանը պնդում է, որ Միացյալ Նահանգները պետք է դադարեցնի իրանական նավահանգիստների շրջափակումը, նախքան բանակցությունների վերսկսվելը, և շատ վերլուծաբանների կարծիքով՝ Իրանի ղեկավարությունն ավելի համախմբված է, քան ներկայացվում է:

«Կարծում եմ՝ սա Իրանի ղեկավարության վերաբերյալ ընկալման լուրջ սխալ է։ Նրանք բավականին համախմբված են եղել, և մենք դա տեսել ենք պատերազմի և բանակցությունների ընթացքում», – CNN-ի հետ զրույցում նշել է Ջորջթաունի համալսարանի պրոֆեսոր Մեհրաթ Կամրավան:

Ինչպես նշվում է, Իրանում կառավարումը շատ է բարդացել այն բանից հետո, երբ Միացյալ Նահանգները և Իսրայելը սպանեցին ռեժիմի բարձրագույն ռազմական և քաղաքական առաջնորդների մեծ մասին, այդ թվում՝ Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեիին: Իսլամական Հանրապետության քաղաքական սպեկտրի մի խումբ, որը նախկինում մրցակցում էր միմյանց հետ, այժմ որոշում է երկրի ապագան գոյաբանական պատերազմի սպառնալիքի տակ և վերջնական որոշում կայացնող Մոջթաբա Խամենեիի ակնհայտ բացակայության պայմաններում։

Այս պաշտոնյաները նաև ստիպված են հավասարակշռել Իրանի ապագայի իրենց տեսլականը պարտություն չհայտարարող կոշտ գծի խմբերի ներքին ճնշման և հաղթանակ հայտարարելու Թրամփի ջանքերի արտաքին ճնշման հետ:

Այնուամենայնիվ, չնայած իրենց քաղաքական տարաձայնություններին, պաշտոնյաների այս խումբը, կարծես, վճռականորեն է տրամադրված հրապարակայնորեն ցուցադրելու համախմբվածություն, նույնիսկ եթե նրանք տարբեր կերպ են մոտենում պատերազմում կողմնորոշվելու և ԱՄՆ-ի հետ դիվանագիտություն վարելու հարցերին։

Ըստ փորձագետների՝ իրանական ղեկավարության տարբեր խմբեր հիմա ավելի համախմբված են, քան պատերազմից առաջ։