Ցեղասպանությունն, այո, վերապրեց մեր ժողովուրդը, բայց նաև վերականգնվեց ու պետականություն ունեցավ․ Իշխան Սաղաթելյան

Հայոց ցեղասպանությունից 111 տարի անց կանգնած ենք հայկական պետության մայրաքաղաքում՝ մեր հիշողությանը տեր կանգնելու, Ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելու, այլևս երբեք նոր ցեղասպանություն և հայրենազրկում թույլ չտալու համար․ Իշխան Սաղաթելյան

Հանրապետության հրապարակում մեկնարկած հավաքի ժամանակ, ինչին հաջորդելու է ՀՅԴ-ի նախաձեռնությամբ իրականացվող ջահերով ամենամյա երթը, Աժ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչն ասել է նաև, որ Հայոց Ցեղասպանությունը 1000-ամյա մեր պատմության մեջ ընդդեմ հայերի իրականացրած ամենազազրելի և ամենասարսափելի հարձակումն-հանցագործությունն էր։ «Դա, այո, վերապրեց մեր ժողովուրդը, բայց կարողացավ նաև ուժ գտնել, վերականգնվել և պետականություն ունենալ»,- ընդգծել է նա։

Վրաստանում 10 տարվա ազատազրկման է դատապարտվել պաշտպանության նախկին նախարարը

Վրաստանում պաշտպանության նախկին նախարար Ջուանշեր Բուրչուլաձեին դատապարտվել է 10 տարվա ազատազրկման․ գրում են տեղական ԶԼՄ-ները։

Տեղեկությունների համաձայն՝ նա մեղավոր է ճանաչվել կոռուպցիային առնչվող գործով։

3 տարի առաջ այս օրը Ադրբեջանն ամբողջությամբ շրջափակեց Արցախը՝ Հակարիի կամրջին անցակետ դնելով․ պատգամավոր

3 տարի առաջ այս օրը Ադրբեջանը Քաշաթաղի շրջանից դեպի Կոռնիձոր՝ Հակարի գետի կամրջի վրա անցակետ տեղակայեց՝ ամբողջական դարձնելով Արցախի շրջափակումը․ Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

«Ռուս խաղաղապահների և հայաստանյան իշխանությունների լռության ներքո Ադրբեջանը ևս մեկ քայլ արեց Արցախի ադրբեջանացման ուղղությամբ՝ անխոչընդոտ իրականացնելով գործողություններ, որոնք հակասում էին 2020 թվականի նոյեմբերի համատեղ հայտարարությանը։

Արցախցիների զրկանքներն ու փորձությունները մտան նոր՝ ավելի ծանր փուլ՝ սաստկացնելով առանց այդ էլ առկա բարդ իրադրությունը։

Ինչպես հետագայում պարզվեց, դա ՀՀ իշխանությունների համար կանխատեսելի սցենար էր, որը ճանապարհ էր բացելու Նիկոլ-Ալիև մեծ երազանքի` Արցախի հայաթափման համար»,- նշել է նա։

Իմ օրոք ԵՄ-ի հետ առևտուրը մոտավորապես նույնն էր, ինչ Ռուսաստանի հետ առևտուրը․ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը RTVI-ին

Եվրամիությունը կսառեցնի իր ընդլայնման քաղաքականությունը․ նման կարծիք է հայտնել ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը RTVI-ին տված հարցազրույցում՝ մեկնաբանելով Երևանի և Բրյուսելի հարաբերությունների հեռանկարը։

Ըստ Քոչարյանի՝ «ոչ ոք դեմ չէ Եվրամիության հետ համագործակցությանը»։

«Ի դեպ, իմ օրոք Եվրամիության հետ առևտուրը մոտավորապես նույնն էր, ինչ Ռուսաստանի հետ առևտուրը։ Բայց մենք երբեք չենք ասել, որ քաղաքականապես շարժվում ենք դեպի Եվրամիություն», – հայտարարել է Ռոբերտ Քոչարյանը։ Ըստ նախկին նախագահի՝ «դա անիրատեսական է»։

«Երկրորդ, մենք ապրում ենք մի տարածաշրջանում, որտեղ Եվրամիությունը մտադիր չէ մտնել… Ես պարզապես համոզված եմ, որ Եվրամիությունն ընդհանրապես կսառեցնի իր ընդլայնման քաղաքականությունը։ Այնտեղ շատ լուրջ ճգնաժամ կա. նրանք պետք է պարզեն իրենց ինքնությունը, թե ինչ են ուզում և ուր են գնում», – ասել է Քոչարյանը։

Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ երկիրը կդիմի ԵՄ-ին անդամակցության՝ դաշինքին միանալու բոլոր պայմանները կատարելուց և ԵՄ-ից այն ընդունելու պատրաստակամության հաստատում ստանալուց հետո։ Նա հավելել է, որ վերջին տարիներին Հայաստանը կոնկրետ քայլեր է ձեռնարկել եվրոպական ինտեգրման ուղղությամբ։

Ո՞ր ուժերն են խորհրդարանական ընտրություններին առաջադրման հայտ ներկայացրել

Խորհրդարանական ընտրություններին առաջադրման հայտ ենք ստացել 19 քաղաքական ուժից, որից 2-ը՝ դաշինք, 17-ը՝ կուսակցություն․հայտնել են Կենտրոնական ընտրական հանձնաժողովից։

Ո՞ր ուժերն են առաջադրվել․

  • «Ազգային ժողովրդավարական բևեռ» համահայկական կուսակցություն – Գևորգ Կարապետյան
  • «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցություն – Տիգրան Ուրիխանյան
  • «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն – Գագիկ Ծառուկյան
  • «Բոլորին դեմ եմ» ժողովրդավարական կուսակցություն – Սպարտակ Կյուրեղյան
  • «Դեմոկրատիա, օրենք, կարգապահություն» կուսակցություն – Վարդան Ղուկասյան
  • «Ժողովրդավարական համախմբում» կուսակցություն – Սուրեն Պետրոսյան
  • «Լուսավոր Հայաստան» կուսակցություն – Էդմոն Մարուքյան
  • «Հայ ազգային կոնգրես» կուսակցություն – Լևոն Զուրաբյան
  • Հայաստանի շնորհապետական կուսակցություն – Գուրգեն Սիմոնյան
  • «Հայաստան» դաշինք – Ռոբերտ Քոչարյան
  • «Հանրապետություն» կուսակցություն – Արամ Սարգսյան
  • «Հանուն հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք» կուսակցություն – Արման Բաբաջանյան
  • «Միասնության թևեր» կուսակցություն – Արման Թաթոյան
  • «Նոր ուժ» ռեֆորմիստական կուսակցություն – Հայկ Մարության
  • Ռեֆորմիստների կուսակցություն – Վաղարշակ Հարությունյան
  • «Ուժեղ Հայաստան» դաշինք – Նարեկ Կարապետյան
  • «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն – Նիկոլ Փաշինյան
  • «Քոչարի ազգային վերածնունդ և ազգի զարթոնք» կուսակցություն – Արտակ Սարգսյան
  • Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցություն – Լևոն Շիրինյան

 

 

Աշխատանքային սթրեսը տարեկան սպանում է 840․000 մարդու․ ՄԱԿ

ՄԱԿ-ի Աշխատանքի միջազգային կազմակերպության (ILO) նոր զեկույցի համաձայն՝ ամեն տարի ավելի քան 840․000 մարդ մահանում է աշխատավայրում հոգեսոցիալական ռիսկերի հետ կապված առողջական խնդիրներից․ գրում է Euronews-ը։

Աշխատանքի հետ կապված հոգեսոցիալական ռիսկերը հիմնականում կապված են սրտանոթային հիվանդությունների և հոգեկան առողջության խանգարումների, այդ թվում՝ ինքնասպանության հետ. նշվում է զեկույցում։

Ամենատարածված խնդիրներից են դեպրեսիան, տագնապային խանգարումները, գերհոգնածությունը, քնի խանգարումները և հոգնածությունը։

Նշվում է, որ աշխատավայրում խնդիրների պատճառով ծխելը, ալկոհոլի օգտագործումը, չափից շատ ուտելը և ֆիզիկական անշարժությունը կարող են հանգեցնել ճարպակալման, արյան բարձր ճնշման և այլ քրոնիկ հիվանդությունների։

Զեկույցն աշխատողների առողջության վատթարացման հիմնական պատճառներից է համարում երկար աշխատանքային ժամերը, աշխատավայրում լարվածությունը, աշխատանքի ծավալների և պարգևատրման անհավասարակշռությունը։

Գործակալության գնահատականներով՝ ամբողջ աշխարհում մարդկանց 35%-ն աշխատում է շաբաթական 48 ժամից ավելի։

Գործակալությունը կոչ է անում աշխատավայրերում ուշադրություն դարձնել աշխատանքի կազմակերպմանը և կառավարմանը՝ ներառյալ աշխատանքային ծանրաբեռնվածության կազմակերպմանը, դերերի և աշխատանքային ժամերի բաշխմանը։

 

«Մայքլ»․ Ջեքսոնի մասին կենսագրական ֆիլմը հակասական արձագանքներ է առաջացրել

«Մայքլ»․ 7 տարի տևած նկարահանումներից հետո Մայքլ Ջեքսոնի մասին առաջին կենսագրական ֆիլմն արդեն հասանելի է եվրոպական կինոթատրոններում, իսկ ամերիկյան կինոթատրոններում կցուցադրվի վաղը․ գրում է Euronews-ը։

Անտուան ​​Ֆուկուայի ֆիլմը, որը պատմում է փոփի արքայի աստղային վերելքի մասին, լայն քննադատության է արժանացել և մեղադրվել Ջեքսոնի խնդրահարույց կյանքը «սպիտակեցնելու» համար:

Ֆիլմի հասցեին բազմաթիվ քննադատությունների պատճառը Ջեքսոնի դեմ ուղղված մանկական սեռական բռնության մեղադրանքներին չանդրադառնալու որոշումն է․ նշվում է, որ ֆիլմում ներառված չէ ոչինչ, որը կարող է բացասական անկյունից ներկայացնել փոփի արքային։

Քննադատների բացասական արձագանքը, սակայն, լավ չեն ընդունել երգչի ընտանիքի անդամները և ֆիլմի դերասանները, որոնք դեմ են արտահայտվել Մայքլի մասին բացասական ակնարկներին։

Խիստ մտահոգիչ են նաև Ստեփանակերտի Առաջնորդանիստ Սուրբ Աստվածածին մայր տաճարի ոչնչացման վերաբերյալ ստացվող տեղեկությունները․ Մայր Աթոռ

Վրդովմունքով տեղեկացանք, որ Ադրբեջանի իշխանությունները հողին են հավասարեցրել Ստեփանակերտ քաղաքի Սուրբ Հակոբ եկեղեցին և հարակից տարածքում գտնվող խաչքարերն ու կոթողները, որոնք ըստ ադրբեջանական աղբյուրների իբրև թե անօրինական և ապամոնտաժման ենթակա կառույցներ էին. Տեղեկացնում են Մայր Աթոռից։

«Խիստ մտահոգիչ են նաև Ստեփանակերտի Առաջնորդանիստ Սուրբ Աստվածածին մայր տաճարի ոչնչացման վերաբերյալ ստացվող տեղեկությունները։

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը խստորեն դատապարտում է Ադրբեջանի իշխանությունների կողմից իրականացվող Արցախի հոգևոր և մշակութային ժառանգության հետևողական ոչնչացումը։ Ակնհայտ է, որ Ադրբեջանի իշխանությունը շարունակում է թիրախավորել հայկական քրիստոնեական սրբավայրերը՝ նպատակ ունենալով ջնջել հայկական հետքն Արցախից։

Պետական մակարդակով իրագործվող այս վանդալիզմը հերթական անգամ փաստում է, որ Ադրբեջանի հայատյաց քաղաքականությունը որևէ փոփոխություն չի կրել, որով և կասկածելի են դառնում Հայաստանի հետ կայուն ու երկարատև խաղաղություն հաստատելու մասին հայտարարությունները։

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը կոչ է անում ՀՀ կառավարության ղեկավարին և իշխանության ներկայացուցիչներին հրատապ ու գործուն քայլեր ձեռնարկել՝ կանխելու Արցախի հոգևոր և մշակութային ժառանգության համակարգված յուրացումն ու ոչնչացումը։

Կոչ ենք անում նաև մշակութային ժառանգության պահպանությամբ, տարածաշրջանում ժողովուրդների խաղաղ համակեցությամբ և փոխգործակցությամբ շահագրգիռ բոլոր պետություններին ու միջազգային կազմակերպություններին ազդու միջոցներ ձեռնարկել՝ կասեցնելու մշակութային ոճրագործություններն Արցախում»,- ասված է հաղորդագրությունում։

 

Արցախի հայաթափումը փաստում է Ցեղասպանության շարունակական լինելը. ՀՅԴ Հայ դատի հայտարարությունը

ՀՅԴ Հայ դատի կենտրոնական խորհրդի հայտարարությունը Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի առթիվ․

«Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման 111-րդ տարելիցն է։ Թվում է թե տարեթվերը մեզ հեռացնում են մարդկության դեմ իրագործված այդ զազրելի հանցագործության հետևանքներից, սակայն մեր պատմության վերջին զարգացումները՝ Արցախի բռնգրավումը և հայաթափումը, անգամ ևս փաստում են, որ Հայոց ցեղասպանությունը ոչ թե ժամանակի և տարածության մեջ իրականացված և ավարտված ոճիր էր, այլ շարունակական հանցագործություն, որ միտված է բնաջնջելու կամ տեղահանելու հայությանն իր հայրենիքից։

Ցեղասպանությունը շարունակում է լինել հանցագործություն և կենսական վտանգ այնքան ժամանակ քանի դեռ ցեղասպան կողմը չի ընդունել իր քաղաքական ու բարոյական պատասխանատվությունը, իսկ միջազգային հանրությունը՝ չի պարտադրել դա։ Ցեղասպանության ընդունումը հավասարապես անհրաժեշտ է ինչպես ցեղասպանին՝ մաքրվելու պատմական խարանից ու դադարելու հանդիսանալ քաղաքակրթական վտանգ, այնպես էլ ցեղասպանվածին՝ իբրև երաշխիք ցեղասպանական մտադրությունների դադարեցման։

Տասնամյակներ շարունակ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման, դատապարտման և հատուցման պայքարը նախ և առաջ միտված է եղել Հայաստանի և հայության անվտանգ գոյության երաշխավորմանը։ Հայոց ցեղասպանության ճանաչման պայքարը թե՛ Հայաստանի Հանրապետության, թե՛ հայկական սփյուռքի և թե՛ միջազգային հանրության կողմից երբե՛ք ինքնանպատակ չի եղել և միտված է տարածաշրջանում կայուն և երկարատև խաղաղության ու համակեցության ստեղծմանը՝ արդարության վերականգնման և սեփական պատմության հետ առերեսման միջոցով։

Հայ-թուրքական հարաբերություններում չկա՛ հակամարտություն դասական իմաստով։ Հետևաբար միջպետական հարաբերությունների կարգավորմանը սխա՛լ է մոտենալ հակամարտությունների լուծման միջազգայնորեն ընդունված մեխանիզմներով։ Այս հարաբերություններում կա ցեղասպան կողմ, ում ոչ միայն ժխտողական քաղաքականությունը, այլ նաև շարունակական գործողություններն են վկայում ցեղասպանական գործողությունների մտադրության պահպանման մասին, և կա ցեղասպանված կողմ, ով ցանկանում է բացառել ապագայում նման գործողությունների հավանականությունը։

Ասվածի լավագույն ապացույցը Հայաստան-Թուրքիա բանակցային գործընթացն է։ Այն պայմաններում, երբ Հայաստանի իշխանությունները անմտորեն և անվերապահորեն բավարարել են Թուրքիայի բոլոր նախապայմանները, թուրքական կողմը ոչ միայն հրաժարվում է գործադրել համաձայնեցված նույնիսկ խորհրդանշական քայլերը, այլ նաև առաջադրում է նոր նախապայմաններ և շարունակում է Հայաստան-Թուրքիա հարաբե­րությունները պայմանավորել Հայաստան-Ադրբեջան հարաբերություններով։ Թուրքական կողմը ըստ էության շարունակում է Հայաստանի Հանրապետությանը ենթարկել անօրի­նական շրջափակման, ինչն իր բնույթով թշնամական քաղաքականության դրսևորում է։

Արդյունքում, ստեղծվել է մի իրավիճակ, երբ պաշտոնական Երևանի գործիքակազմում չի մնացել Հայաստան-Թուրքիա միջպետական հարաբերությունների կարգավորման գործընթացի վրա ազդելու որևէ  գործուն հնարավորություն։ Այս պայմաններում է, որ ակնհայտ է դառնում՝ Հայաստան-Թուրքիա հարաբերություններին պետք չէ մոտենալ, որպես հակամարտության։ Թուրքական պետության կողմից այնպիսի քաղաքական վարքի դրսևորումը, որը չի հետապնդում Հայաստանի անվտանգային համակարգի կազմաքանդում, և որը չի ենթադրում Հայոց ցեղասպանության ոճրագործության շարունակականություն, այն նախադրյալն է, որ կհանգեցնի Հայաստան-Թուրքիա միջպետական, իսկ ապագայում, գուցե նաև հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը։

Հայոց ցեղասպանության հերթական տարելիցի առթիվ ոգեկոչում ենք մեր անմեղ զոհերի հիշատակը և վերահաստատում, որ Հայոց ցեղասպանության հիշողությունը ենթակա չէ՛ ուրացման, իսկ միջազգայնացումը՝ սակարկման»,- ասված է հայտարարության մեջ։

Բագրատ սրբազանի կալանքը երկարաձգվեց – ABCMEDIA

Բագրատ սրբազանի կալանքը երկարաձգվեց ևս 2 ամսով;

Հանրային մեղադրողը միջնորդեց Բագրատ սրբազանի կալանքը երկարաձգել ևս 3 ամսով։

Բագրատ սրբազանի և նրա աջակիցների գործով դատը սկսվել է ամիսներ առաջ, նրա աջակիցներից մի քանիսի խափանման միջոցը փոխվել է, որոշները շարունակում են մնալ կալանքի տակ։

Ինչպես հաղորդվել էր ավելի վաղ, Բագրատ սրբազանի դիրքորոշումը մնում է անփոփոխ՝ կալանավայր կամ ամբողջական ազատագրություն. նրա համար ընդունելի չէ որևէ միջանկյալ խափանման միջոց՝ տնային կալանք, վարչական հսկողություն հատուկ սարքերով և այլն։