Երևանն ու Բաքուն զգալի օգնություն են ցուցաբերել Իրանից Ռուսաստանի քաղաքացիների տարհանման գործում․ ՌԴ ԱԳՆ

Երևանն ու Բաքուն զգալի օգնություն են ցուցաբերել Իրանից Ռուսաստանի քաղաքացիների տարհանման գործում․ ТАСС-ի հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության հյուպատոսական վարչության տնօրեն Ալեքսեյ Կլիմովը։ «Հայաստանն ու Ադրբեջանը զգալի օգնություն են ցուցաբերել մեր հայրենակիցների՝ Իրանից տարհանման գործում։

Օրինակ՝ Բաքուն թույլ է տվել ռուսներին օգտվել Աստարայի սահմանային անցակետից, որը 2020 թվականից փակ է առանձին անցակետերի համար՝ Թեհրանում Ռուսաստանի դեսպանատան նախնական խնդրանքով», – նշել է դիվանագետը։

Վենսը կներկայացնի ԱՄՆ-ն Իրանի հետ նոր բանակցություններում․ CNN

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը կարող է գլխավորել ամերիկյան պատվիրակությունը՝ իրանցի պաշտոնյաների հետ բանակցությունների հնարավոր երկրորդ փուլի համար․ հաղորդում է CNN-ը՝ հղում անելով աղբյուրներին։

Երեքշաբթի օրը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծիք է հայտնել, որ Վաշինգտոնի և Թեհրանի միջև բանակցությունների հաջորդ փուլը կարող է տեղի ունենալ Պակիստանում՝ առաջիկա երկու օրերի ընթացքում։

«Եթե բանակցությունները հանգեցնեն ևս մեկ անձնական հանդիպման՝ մինչև հաջորդ շաբաթ հրադադարի ժամկետի լրանալը, ապա փոխնախագահ Ջեյ Դի Վենսը, ինչպես սպասվում է, կգլխավորի իրանցի պաշտոնյաների հետ բանակցությունների երկրորդ փուլը»,- հաղորդում է հեռուստաալիքը։

Պաշտոնյաների խոսքով՝ երկու կողմերն էլ առաջարկել են դադարեցնել ուրանի հարստացումը Իրանում, բայց չեն կարողանում համաձայնության գալ ժամանակացույցի շուրջ։

«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամներ Գոհար Ղումաշյանի և Վերժինե Ստեփանյանի նկատմամբ կիրառվեց վարչական հսկողություն

«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամներ Գոհար Ղումաշյանի և Վերժինե Ստեփանյանի նկատմամբ կիրառվեց վարչական հսկողություն:

Դատարանը մերժեց տնային կալանքի քննիչի միջնորդությունը:

Հիշեցնենք, որ ըստ Հակակոռուպցիոն կոմիտեի` Գոհար Ղումաշյանը խախտել է նախընտրական շրջանում բարեգործության արգելքը:

Քննչական կոմիտեի փոխանցմամբ՝ Վերժինե Ստեփանյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելը կամ հարկադրելը, հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելը հոդվածով

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ․ ՔԿ

Ապրիլի 14-ին զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 523-րդ հոդվածի 1-ին մասով (զինծառայողին ինքնասպանության հասցնելը)․ Facebook-ում գրել է ՔԿ խոսնակ Կիմա Ավդալյանը։

Նշանակվել են փորձաքննություններ։ Կատարվում է նախաքննություն՝ դեպքի ամբողջական հանգամանքները պարզելու ուղղությամբ:

ՊՆ զինծառայող է մահացել – ABCMEDIA

Ապրիլի 14-ին մահացել է զինծառայող Նարեկ Արշակի Հակոբյանը․ հայտնել է ՊՆ մամուլի քարտուղարը։

Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն, այլ մանրամասներ չեն հրապարակվել։

 

«Հորմուզի նեղուցի ժամը»․ ինչո՞ւ Իրանն ունի նեղուցի կառավարումն իրականացնելու բնական իրավունք

Միջազգային իրավունքի դոկտրինում ռազմավարական նեղուցները մշտապես հանդիսացել են «նավարկության ազատության» և «առափնյա պետության ինքնիշխանության» շահերի հատման կետ: Այդուհանդերձ, նախքան Հորմուզի նեղուցը համաշխարհային տնտեսության կենսական զարկերակ և միջազգային ջրուղի ճանաչվելը, այն գեոմորֆոլոգիայի և իրավական աշխարհագրության տեսանկյունից հանդիսանում է Իրանի Իսլամական Հանրապետության ինքնիշխան տարածքի և տարածքային ջրերի անբաժանելի մասը:

Մի կողմ թողնելով երկու թշնամական պետությունների անհաջող ռազմական փորձերը՝ վերջերս Բահրեյնի կողմից ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ ներկայացվեց բանաձևի նախագիծ՝ ուղղված այս նեղուցում «նավարկության անվտանգությանն ու անցման ազատությանը», որը, սակայն, կասեցվեց Ռուսաստանի և Չինաստանի վետոյի շնորհիվ: Այս նախագիծը, որն այս օրերին Հորմուզի նեղուցի շուրջ ընթացող իրավական վեճերի ամենակարևոր փաստաթուղթն էր, ձախողվեց հենց Իրանի տարածքային իրավունքներն անտեսելու պատճառով․ գրում է միջազգային իրավունքի դոկտոր Մոհսեն Ասադի Մովահեդն իր «Հորմուզի նեղուցի ժամը» հոդվածում՝ վերլուծելով նեղուցի նկատմամբ Իրանի տարածքային իրավազորության իրավական հիմքերը և հիմնավորելով, թե ինչու Իրանն ունի նեղուցի կառավարումն իրականացնելու բնական իրավունք, և ինչու էր նշված բանաձևի նախագիծը զուրկ իրավական հիմնավորումից:

Իրավական էությունը. ինքնիշխանության բացարձակ տարածումը տարածքային ծովի վրա

Հորմուզի նեղուցի կարգավիճակի վերլուծության մեջ առաջին և մեծագույն ռազմավարական սխալը դրա հանգեցումն է սոսկ միջազգային անցումային ուղու՝ անտեսելով տարածքային պատկանելությունը և փորձելով դրա նկատմամբ կիրառել «բաց ծովի» հայեցակարգը։ Միջազգային սովորութային իրավունքի անվիճելի կանոնների և ՄԱԿ-ի 1982թ. Ծովային իրավունքի մասին կոնվենցիայի (UNCLOS) 3-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր երկրի տարածքային ծովի լայնությունը տարածվում է մինչև 12 ծովային մղոն։

Հաշվի առնելով, որ Հորմուզի նեղուցի լայնությունն իր ամենանեղ կետում ընդամենը մոտ 21 ծովային մղոն է, Իրանի և Օմանի տարածքային ջրերի համընկնումը հանգեցնում է նրան, որ այս նեղուցի և ոչ մի հատված, ըստ էության, չի դասվում «բաց ծովի» (High Seas) շարքին։ Իրավական տեսանկյունից 1982թ. կոնվենցիայի 2-րդ հոդվածը հստակ սահմանում է, որ առափնյա պետության ինքնիշխանությունը ցամաքային տարածքից և ներքին ջրերից այն կողմ տարածվում է նաև տարածքային ծովի, դրա հատակի, ընդերքի և օդային տարածքի վրա։ Հետևաբար, Հորմուզի նեղուցի հյուսիսային կեսի նկատմամբ Իրանի օրենսդրական և գործադիր իրավազորությունն ունեն բացարձակ ու բնական բնույթ, իսկ օտարերկրյա նավերի անցման իրավունքը սոսկ սահմանափակ բացառություն է այս ինքնիշխան կանոնից, այլ ոչ թե դրա խախտում կամ սահմանափակում։

«Անմեղ անցման» սկզբունքայնությունը և Իրանի իրավունքը՝ կանխելու անօրինական անցումը

Հորմուզի նեղուցում Իրանի իշխանության առանցքը կայանում է նավերի անցումը կարգավորող իրավական ռեժիմի մեջ։ Մինչ 1982թ. Կոնվենցիան ներմուծեց «տարանցիկ անցման» հայեցակարգը, Իրանի Իսլամական Հանրապետությունը, հիմնվելով «պայմանագրերի հարաբերական ազդեցության» հիմնարար սկզբունքի վրա (Pacta Tertiis Nec Nocent Nec Prosunt), որևէ իրավական պարտավորություն չունի ճանաչելու այդ ռեժիմը Կոնվենցիային չանդամակցող երկրների (այդ թվում՝ ԱՄՆ-ի) նկատմամբ։

Իրանի իրավական դոկտրինը և գործնական մոտեցումը հստակ են. Հորմուզի նեղուցում գործող ռեժիմը, համաձայն սովորութային նորմերի և Ժնևի 1958թ. կոնվենցիայի, համարվում է «առանց կասեցման իրավունքի անմեղ անցման» (Non-suspendable Innocent Passage) ռեժիմ։ Այս պայմաններում օտարերկրյա նավը պարտավոր է անվերապահորեն պահպանել առափնյա պետության օրենքները։ Ցանկացած գործողություն, որը խաթարում է Իրանի «խաղաղությունը, կարգն ու անվտանգությունը», խախտում է համարվում։ Դա Իրանին տալիս է անվիճելի իրավական իրավունք՝ համաձայն 1958թ. Կոնվենցիայի 25-րդ հոդվածի, հարկադրանքի միջոցով կանխելու նման անցումը։

Ծովային մոնիթորինգ և իրավական իրավազորության իրականացում

Իրանը, որպես իր տարածքային ջրերի անվիճելի տիրակալ, իրականացնում է ինքնիշխան իրավունքների օրինական գործադրում, որը ներառում է.

  1. Ծովային միջավայրի պաշտպանություն. Միջազգային կանոնակարգերը (օրինակ՝ MARPOL) խախտող նավերի կալանում տարածքային ջրերում։
  2. Նավագնացության անվտանգություն. Երթևեկության տարանջատման սխեմաների (TSS) պահպանման պահանջ և պատժամիջոցներ այն նավերի նկատմամբ, որոնք, անջատելով AIS համակարգերը, վտանգում են նեղուցի անվտանգությունը։
  3. Օրենքի կիրառում. Պայքար մաքսանենգության դեմ և ներպետական մաքսային ու քրեական օրենսդրության կիրառում։

Բանաձևի նախագծի ոչ լեգիտիմությունն ու անօրինականությունը

Բահրեյնի առաջարկած բանաձևի նախագիծը ոչ այլ ինչ էր, քան առափնյա պետությանն իրավազորությունից զրկելու (De-jurisdiction) անօրինական փորձ։ Այն ունի հետևյալ հիմնարար թերությունները.

  • Ինքնիշխանության խախտում. Նեղուցի իրավական ռեժիմն առանց առափնյա պետությունների համաձայնության փոխելու փորձը ՄԱԿ-ի կանոնադրության 2-րդ հոդվածի 7-րդ կետի (չմիջամտելու սկզբունքի) կոպիտ խախտում է։
  • Հակասություն պայմանագրերին. Անվտանգության խորհուրդն իրավասու չէ քաղաքական բանաձևերով վերախմբագրել ծովային իրավունքի հաստատված սովորութային նորմերը։
  • Իրավական հասկացությունների չարաշահում. «Անցման ազատություն» եզրույթն օգտագործվում էր որպես քող՝ Իրանի տարածքային ջրերում արտատարածաշրջանային ռազմական նավատորմերի անխոչընդոտ տեղաշարժն ապահովելու համար։

Բանաձևի վետոն՝ որպես պետությունների ինքնիշխան հավասարության պաշտպանություն

Ռուսաստանի և Չինաստանի կողմից այս բանաձևի նկատմամբ վետոյի կիրառումն անհրաժեշտ քայլ էր՝ ուղղված միջազգային ծովային իրավունքի կառուցվածքի պահպանմանը։ Այս վետոն թույլ չտվեց, որ Անվտանգության խորհուրդը դառնա գործիք՝ ինքնիշխան պետությունների տարածքային ջրերում միջամտությունը լեգիտիմացնելու համար։ Նման բանաձևի ընդունումը կարող էր ստեղծել վտանգավոր նախադեպ՝ թույլ տալով տերություններին ՄԱԿ-ի լծակներով յուրացնել առափնյա պետության ինքնիշխան իրավունքներն ամբողջ աշխարհում:

Սրբազան Հայրն է դատում այս իշխանությանը․ քաղաքագետ

Բագրատ Սրբազանի կեցավայրի խուզարկության կադրերը դիտելիս մի միտք էր անընդհատ հետապնդում ինձ։ Մտածում էի՝ լավ է՝ Ավետարան չեն գտել․ գրքւոմ է քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը։

«Հատկապես լավ է, որ Հովհաննու Հայտնությունը չեն կցել քրեական գործերին, թե չէ 18 արդարներին նաև Ահեղ դատաստանի պլանավորումն էր մեղսագրվելու…

Իսկ եթե լուրջ, ապա արդեն տևական ժամանակ է ինձ համար մեկ բան շատ հստակ է՝ 18 արդարների գործով ոչ թե դատարանն ու ամբաստանողներն են դատում Բագրատ Սրբազանին, այլ ճիշտ հակառակը՝ Սրբազան Հայրն է դատում այս իշխանություններին։

Դատավճիռն էլ արդեն հասունանում է։ Եվ դա լինելու է այն վճիռը, որը երբեք չի մաքրվելու դավաճան իշխանությունների ճակատից։ Մինչ Ահեղ դատաստան հենց այդ վճռով են հիշվելու նրանք սերունդների մեջ»,- նշել է նա։

 

Արաղչին ու Ֆիդանը քննարկել են Իրան-ԱՄՆ բանակցությունները

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին և նրա թուրք գործընկեր Հաքան Ֆիդանը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները․ Al Jazzera-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել են իրանական ԶԼՄ-ները։

Նախարարները նաև մտքեր են փոխանակել Միացյալ Նահանգների և Իրանի ներկայացուցիչների միջև Իսլամաբադում տեղի ունեցած բանակցությունների մասին։

Վարդենիսում 29-ամյա կինը վերցրել է խոհանոցային դանակն ու վնասել իրենց հյուրընկալված ամուսիններին․ shamshyan. com

Ապրիլի 8-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում․ գրում է shamshyan.com-ը։

«Կեսգիշերին ահազանգ է ստացվել, որ Շատվան բնակավայրի 1-ին փողոցի տներից մեկում դանակահարված քաղաքացիներ կան։ Իրավապահները պարզել են, որ նույն օրը ժամը 29-ամյա Մարիամ Զ․-ի տանը ծննդյան առիթով հավաքվել են 26-ամյա Թագուհի Զ․-ն, նրա ամուսինը՝ 35-ամյա Էդգար Խ․-ն և Մարիամ Զ․-ի ընկեր՝ 29-ամյա Սերյոժա Թ․-ն։

Կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ Մարիամ Զ․-ն սեղանից վերցնելով խոհանոցային դանակը անկանոն շարժումներ է կատարել՝ ինչի հետևանքով Թագուհի Զ․-ն և Էդգար Խ․-ն ստացել են մարմնական վնասվածքներ և տեղափոխվել են «Վարդենիս» բժշկական կենտրոն»,- նշում է լրատվամիջոցը։

 

Թուրքիայից 6.5 մլրդ դոլարի անհայտ ծագման կապիտալի արտահոսք է գրանցվել

Թուրքիայի կենտրոնական բանկի հրապարակած տվյալների համաձայն՝ 2026-ի փետրվարին արձանագրվել է երկրից 6.5 մլրդ դոլարի անհայտ ծագման կապիտալի արտահոսք․ գրում է ermenihaber-ը։

«Տվյալների համաձայն՝ վերջին 12 ամսում ընդհանուր արտահոսքը կազմել է 21.4 մլրդ դոլար, իսկ վերջին 30 ամսում՝ 36.4 մլրդ դոլար։

Թուրքական մամուլում ուշադրություն է հրավիրվում այն փաստի վրա, որ արտահոսքը գրանցվել է ԱՄՆ–Իսրայել–Իրան բախումներից առաջ։ Միևնույն ժամանակ, վերջին 1 տարում գրանցված 35.5 մլրդ դոլարի ընթացիկ հաշվի դեֆիցիտի ֆոնին Թուրքիայում ֆինանսավորման ընդհանուր պահանջը հասել է մոտ 57 մլրդ դոլարի»,- նշում է լրատվամիջոցը։