ԱՄՆ-ն և Իրանը բաց են թողնում երկխոսության դուռն Իսլամաբադի լարված բանակցություններից հետո․ Reuters

Իսլամաբադում անքուն և լարված գիշերվանից հետո իրանցի և ամերիկացի պաշտոնյաները տասնամյակների ընթացքում ամենաբարձր մակարդակի բանակցություններն ավարտել են  առանց առաջընթացի, սակայն բանակցություններին ծանոթ 11 աղբյուրներ Reuters-ի հետ զրույցում նշել են, որ երկխոսությունը դեռևս շարունակվում է։

ԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտությունը լուծելու համար շաբաթավերջյան հանդիպումն ԱՄՆ-ի և Իրանի պաշտոնյաների միջև առաջին անմիջական հանդիպումն էր ավելի քան մեկ տասնամյակի ընթացքում և ամենաբարձր մակարդակի հանդիպումը Իրանի 1979 թվականի Իսլամական հեղափոխությունից ի վեր։ Իսլամաբադի «Սերենա» հյուրանոցում բանակցությունները տեղի են ունեցել երկու առանձին թևերում և մեկ ընդհանուր տարածքում՝ մեկը ամերիկյան կողմի համար, մյուսն՝ իրանցիների, և մեկը՝ պակիստանցի միջնորդների մասնակցությամբ եռակողմ հանդիպումների համար։

Բազմաթիվ հարցերի թվում խաղադրույքին էին Հորմուզի նեղուցը՝ համաշխարհային էներգամատակարարման հիմնական տարանցիկ կետը, որն Իրանը գործնականում փակել է, բայց ԱՄՆ-ն խոստացել է վերաբացել, ինչպես նաև Իրանի միջուկային ծրագիրը և Թեհրանի նկատմամբ միջազգային պատժամիջոցները։

«Բանակցությունների կեսին մեծ հույս կար, որ առաջընթաց կլինի, և երկու կողմերը կհասնեն համաձայնության: Այնուամենայնիվ, իրավիճակը փոխվեց շատ արագ», – նշել է Պակիստանի կառավարության աղբյուրը:

Բանակցություններին մասնակցող մեկ այլ աղբյուրի խոսքով՝ կողմերը «շատ մոտ են» համաձայնության և «80%-ով պատրաստ են»։

Երկու բարձրաստիճան իրանական աղբյուրներ մթնոլորտը նկարագրել են որպես ծանր և անբարյացակամ՝ հավելելով, որ մինչ Պակիստանը փորձում էր մեղմել տրամադրությունը, պատերազմող կողմերից ոչ մեկը չէր ցուցաբերում լարվածությունը մեղմելու որևէ պատրաստակամություն:

ԱՄՆ աղբյուրի խոսքով՝ իրանցիները լավ չեն հասկացել, որ ԱՄՆ-ի հիմնական նպատակը այնպիսի համաձայնագիր կնքելն էր, որը կապահովի, որ Իրանը երբեք միջուկային զենք չունենա։ Իրանի մտահոգությունների թվում էր ԱՄՆ մտադրությունների նկատմամբ անվստահությունը։

Ավելի ուշ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանից «զանգահարել են» և որ «նրանք կցանկանային համաձայնության գալ»։

ԱՄՆ պաշտոնյան, անդրադառնալով Թրամփի մեկնաբանությանը, հայտնել է, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև շարունակական փոխգործակցություն կա և համաձայնագրի հասնելու փորձերն ընթացքի մեջ են։

Մեկնաբանության խնդրանքով Սպիտակ տան խոսնակ Օլիվիա Ուելսը նշել է, որ ԱՄՆ դիրքորոշումը երբեք չի փոխվել Իսլամաբադի հանդիպման ժամանակ։

Կոբլենցի ռազմական տեխնիկայի թանգարանն արգելել է ՀՀ-ի և Ադրբեջանի քաղաքացիների մոււտքը՝ անվտանգության պահանջներից ելնելով

Գերմանական Կոբլենցի ռազմական տեխնիկայի թանգարանը մի քանի երկրների քաղաքացիների արգելել է մուտք գործել իր ցուցանմուշների ցուցադրությանը․ նշվում է թանգարանի պաշտոնական կայքում տեղադրված հայտարարությունում։ «Ռազմական անվտանգության պահանջներից ելնելով՝ հավաքածուի ցուցադրության մուտքն այժմ արգելված է…», – նշում է հայտարարությունում։

Ցուցակում ներառված են Ռուսաստանի, Բելառուսի և Ուկրաինայի, ինչպես նաև Մոլդովայի, Տաջիկստանի, Թուրքմենստանի, Ղրղզստանի, Ադրբեջանի, Վրաստանի և Հայաստանի քաղաքացիներ։

Ցուցակն, ընդհանուր առմամբ, պարունակում է 23 երկրի անուն։ Նշվում է, որ նմանատիպ սահմանափակումներ են մտցվել դեռևս մարտ ամսին։

Իրանը փոխհատուցում է պահանջում արաբական հինգ երկրից

Թեհրանը փոխհատուցում է պահանջել հինգ արաբական պետություններից՝ մեղադրելով նրանց Իսլամական Հանրապետության դեմ Իսրայելի և ԱՄՆ-ի հետ ռազմական գործողություններում համագործակցության մեջ․ հայտնում է իրանական Tasnim լրատվական գործակալությունը։

«Բահրեյնը, Հորդանանը, Քաթարը, Արաբական Միացյալ Էմիրությունները և Սաուդյան Արաբիան պարտավոր են լիովին փոխհատուցել Իրանին իրենց անօրինական գործողությունների հետևանքով պատճառված նյութական և բարոյական վնասները»,- հայտարարել է ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին։

Իրավանիի խոսքով՝ Թեհրանը կարծում է, որ վերոնշյալ պետությունները, խախտելով Իսլամական Հանրապետության նկատմամբ իրենց միջազգային պարտավորությունները, դարձել են Իսրայելի և Միացյալ Նահանգների մեղսակիցները Իրանի հետ ռազմական բախման մեջ։

13 տարեկանում՝ 109 հանցագործություն․ աղմկահարույց դեպք Ավստրալիայում

Ավստրալիայում 13-ամյա աղջիկը մեղադրվում է 109 հանցագործություն կատարելու համար․ գրում է The Age-ը։

Մեղադրանքները ներառում են գողություն, մեքենայի առևանգում և հեծանվորդի դիտավորյալ վրաերթ։ Դեպքից երեք րոպե անց դեռահասը Google-ում որոնել է վրաերթի և փախուստի համար նախատեսված ազատազրկման պատժաչափը և նաև հետաքրքրվել, թե որտեղ են ապրում հրեաները, որպեսզի կարողանա հետապնդել նրանց։

Ամենալուրջ հանցագործություններից մեկը տեղի է ունեցել մարտի 30-ին։ Մելբուռնի արվարձանում աղջիկը գողացված մեքենայով փորձել է հարվածել հեծանվորդին․ երկար հետապնդումներից հետո մեքենայով հարվածել է նրան։

Քննիչները նշում են, որ աղջիկը տառապում է «հիմար հայտնիությամբ» և շատ է ուրախանում իր հանցագործությունների համար գրված լրատվական հոդվածների և սոցիալական ցանցերում դիտումների քանակով։

Աղջկա պաշտպանական կողմը պահանջել է գրավի դիմաց ազատ արձակել, սակայն դատարանը մերժել է․ նա կալանքի տակ է։

Փակ և դժվարանցանելի․ի՞նչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։

Սարավան-Զանգեր հատվածը փակ է կցորդով բեռնատարների համար։

Գորիս-Սիսիան-Զանգեր, Տաթև-Լծեն ավտոճանապարհները և «Մեղրու սար» կոչվող հատվածը դժվարանցանելի են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Գյումրի-Բավրա ավտոճանապարհի՝ Ցողամարգ գյուղի հատվածը դժվարանցանելի է կցորդով բեռնատարների համար։

Վարդենյաց լեռնանցքը կցորդով տրանսպորտային միջոցների համար երթևեկելի է անվաշղթաների կիրառման դեպքում։

Վարորդներին հորդորում ենք երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

 

Արաղչին ու Լավրովը քննարկել են ԱՄՆ-Իրան բանակցությունները

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հեռախոսազրույց է ունեցել ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ․ հայտնում են Իրանի ԱԳՆ-ից։

Զրույցի ընթացքում Արաղչին տեղեկացրել է ռուսական կողմին Իսլամաբադում ԱՄՆ-ի հետ կայացած բանակցությունների մասին։

Իրանի ԱԳՆ-ի հայտարարության համաձայն՝ նախարարները նաև քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները։

Դավիթ Մինասյանին «Նաիրի» ԲԿ-ից տարան բանտ․ փաստաբան

18-ամյա Դավիթ Մինասյանին «Նաիրի» ԲԿ-ից տեղափոխել են ՔԿՀ․ Facebook-ում գրել է փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը։

Այլ մանրամասներ պաշտպանը չի հայտնել։

Հիշեցնենք՝ Դավիթ Մինասյանին կալավարեց ապրիլի 1-ին․ նա մարտի 29-ին Սուրբ Աննա եկեղեցում Նիկոլ Փաշինյանի հետ միջադեպի մասնակիցներից մեկն է։ Դպրոցական Դավիթին մեղադրում են «Խուլիգանություն» և «Պաշտոնատար անձի ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելու» համար։

ԱՄՆ-ի հետ բանակցությունները կհանգեցնեն Իսրայելի հետ հրադադարի. Լիբանանի նախագահ

Վաշինգտոնում Լիբանանի և Իսրայելի դեսպանների միջև հանդիպումը ճանապարհ կբացի երկկողմ շփումների համար և կհանգեցնի սահմանին հրադադարի վերաբերյալ նոր համաձայնության․ TACC-ի փոխանցմամբ՝ հայտարարել է Լիբանանի նախագահ Ջոզեֆ Աունը։

«Լիբանանի բանակցային թիմը կբանակցի՝ նպատակ ունենալով դադարեցնել բոլոր ռազմական գործողությունները և իրականացնել գործնական քայլեր՝ հարավային Լիբանանում վիճակը կայունացնելու համար», – ընդգծել է նա։

Աունի խոսքով՝ այժմ հնարավորություն կա ԱՄՆ-ի հովանու ներքո կայուն կարգավորման հասնելու, ինչին Լիբանանը ձգտում է։

Արցախի ԱԺ պատվիրակությունն այցելել է Ֆրանսիայի հայոց թեմ

Արցախի պատվիրակությունն այցելել է Ֆրանսիայի հայոց թեմ․ տեղեկացնում է Արցախի Հանրապետության ազգային ժողովը։

Հայտարարության համաձայն՝ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Դանիելյանի գլխավորած պատվիրակությանն ընդունեց Հայ Առաքելական եկեղեցու Ֆրանսիայի թեմի առաջնորդ Գրիգոր եպիսկոպոս Խաչատրյանը, հանդիպումը տեղի ունեցավ Ֆրանսիայի հայոց թեմի առաջնորդարանում։

Հանդիպման ընթացքում երկուստեք շեշտվեց Արցախի ժողովրդի իրավունքների վերականգնան ուղղությամբ տարվող աշխատանքների կարևորությունը․ նշվեց այդ աշխատանքում միասնական ջանքերի կետրոնացման անհրաժեշտությունը` միջազգային մակարդակում հաջողություններ արձանագրելու համար։

«Մտահոգության առարկա էր Հայ Առաքելական Եկեղեցու դեմ ՀՀ իշխանությունների կողմից սանձազերծված ոտնձգությունները։ ԱՀ Ազգային ժողովի նախագահը շեշտեց, որ Արցախի ժողովուրդն ու իշխանություններն իրենց անվերապահ աջակցությունն են հայտնել Հայ Առաքելական սուրբ եկեղեցուն և այդ մասին տեղեկացրել Ամենայն հայոց կաթողիկոս ՆՍՕՏՏ Գարեգին Բ-ին։

Գրիգոր Սրբազանը պատվիրակությանը ընկերակցեց Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցի և ներկայացրեց եկեղեցու ու Ֆրանսիայի համայնքի պատմությունը»,- ասված է հրապարակման մեջ։

Լիբանանում Իսրայելի հարձակումներից զոհվածների թիվը գերազանցել է 2000-ը

Մարտի 2-ից ի վեր Լիբանանում իսրայելական հարձակումների հետևանքով զոհվել է 2089 մարդ․ Al Jazeera-ի փոխանցմամբ՝ հայտնել է երկրի առողջապահության նախարարությունը։

Նախարարությունից նշել են, որ տուժել է առնվազն 6762 մարդ։