Իրանի պատվիրակությունն Իսլամաբադ չի մեկնի այնքան ժամանակ, քանի դեռ Իրսայելը հրավածում է Լիբանանին

Իրանի պատվիրակությունն Իսլամաբադ չի մեկնի այքան ժամանակ, քանի դեռ Իրսայելը հրավածում է Լիբանանին․ գրում է Press TV-ին։

Նշենք, որ Պակիստանի մայրաքաղաքում նախանշված են ԱՄՆ-Իրան բանակցությունները։

Պաշտոնական Թեհրանը հայտարարել է, որ իր ճնշման արդյունքում՝ Բեյրութի վրա հարձակումների ինտենսիվությունը նվազել է։

Հիշեցնենք, որ Իրանից ազդակներ էին հնչել՝ եթե Լիբանանի վրա հարձակումը կանձ չառնի, բանակցային գործընթացը կարող է և տեղի չունենալ։

 

Իրանի հետ բանակցությունների արդյունքը պարզ կդառնա 24 ժամվա ընթացքում․ Թրամփ

Իրանի հետ բանակցությունների արդյունքը պարզ կդառնա 24 ժամվա ընթացքում․ ասել է Դոնալդ Թրամփը New York Post-ին տված հարցազրույցում։

«Մոտավորապես 24 ժամից մենք դա կիմանանք։ Շուտով ամեն ինչ պարզ կլինի»,- նշել է ԱՄՆ նախագահն ու ամելացրել, որ եթե համաձայնություն չկնքվի, ԱՄՆ-ն կշարունակի հարձակումները։

Թրամփը նշել է նաև, որ Միացյալ Նահանգները նավերը զինել է զենք-զինամթերքի ավելի մեծ ծավալով, քան՝ նախկինում, և պատրաստ է կիրառել դրանք։

 

Դատարանը որոշեց վերացնել Կաթողիկոսի նկատմամբ կիրառված խափանման միջոցը

Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի քրեական դատարանը բավարարել է Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ կիրառված խափանման միջոցը փոխելու վերաբերյալ պաշտպանության կողմի միջնորդությունը․ Facebook-ի իր էջում գրել է փաստաբան Արա Զոհրաբյանը:

Նա ընդգծել է՝ Դատարանի որոշման հիման վրա Վեհափառի նկատմամբ կիրառված խափանման միջոցը ենթակա է վերացման։

Հիշեցնենք՝ Քննչական կոմիտեն Գարեգին Բ-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառեց բացակայելու արգելքը, ինչի պատճառով նա չկարողացավ մեկնել Վրաստան՝ մասնակցելու Իլիա Երկրորդի հուղարկավորության արարողությանը:

Հորմուզի նեղուցով տարանցման վճարները հնարավոր է՝ իրականացվեն իրանական արժույթով

Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության հանձնաժողովի ղեկավարը հայտարարել է, որ խորհրդարանն առաջարկում է՝ Հորմուզի նեղուցով տարանցման վճարներն իրականացվեն իրանական ազգային արժույթով՝ ռիալով․ գրում է Al Jazeera-ն՝ հղում անելով Մումբայում Իրանի գլխավոր հյուպատոսությանը։ 

Վերլուծաբանները նշում են, որ Իրանը և Չինաստանն ակտիվորեն փնտրում են ԱՄՆ դոլարի համաշխարհային գերիշխանությունը նվազեցնելու եղանակներ։

Նշվում է, որ ըստ բազմաթիվ հաղորդագրությունների՝ Հորմուզի նեղուցի փակման ժամանակ ներդրված համակարգի համաձայն՝ առևտրային նավերից տարանցիկ վճարները գանձվում էին չինական յուանով։

Թեև պարզ չէ, թե շրջափակման ընթացքում քանի նավ է վճարումները կատարել յուանով, Lloyd’s List-ի տվյալներով՝ մարտի 25-ի դրությամբ առնվազն երկուսը դա արել են։

 

ՌԴ-ում եզդի ընտանիքն անօթևաններին ստիպել է մասնակցել ռազմական գործողություններին, ապա շորթել նրանց հասանելիք գումարը

Եզդի ընտանիքը, որը Թաթարստանում խաբեությամբ գումար է շորթել Ուկրաինայում ռազմական գործողության վճարների շրջանակում, զրկվել է քաղաքացիությունից։ Նրանք Ռուսաստանում պատիժը կրելուց հետո կարտաքսվեն հայրենիք․ գրում է Mash տելեգրամյան ալիքը։

Ընտանիքն անօթևաններին ստիպողաբար ամուսնացրել է իրենց հարազատների հետ և նրանցից գումարներ ստացել պատերազմում վնասվածքի կամ մահվան դեպքում։

56-ամյա Արամ Բաքոյանը, նրա որդիները՝ 35-ամյա Մրազը և 34-ամյա Արմենը, գործել են հանրապետության Ակտանիշի շրջանում։ Նրանք քաղաքացիություն են ստացել 2009 և 2015 թվականներին։ Նրանք գտել են անօթևան մարդկանց և ստիպել են նրանց աշխատել իրենց ֆերմաներում։

Բաքոյան եղբայրներին բազմիցս մեղադրել են անասնագողության և ապօրինությունների համար։

Ինչ-որ պահի նրանք հասկացել են, որ կարող են ավելի շատ գումար վաստակել անօթևաններին շահագործելով, և սկսել են նրանց պատերազմ ուղարկել՝ իրենց ծանոթների հետ ամուսնացնելուց հետո։ Նրանցից մեկը Դմիտրի Բելոկրիլովն էր, որին եզդիները ստիպել էին ամուսնանալ իրենց խորթ մոր՝ 54-ամյա Զոզան Խուդոյանի հետ, ապա ուղարկել ռազմական գործողության։ Նրա առցանց բանկային հաշվին մուտք գործելով՝ չարագործները գողացել են 1 միլիոնից ավելի ռուբլի աշխատավարձ և մահվան նպաստներ՝ ընդհանուր առմամբ 7 միլիոն ռուբլի։

Մեկ տարվա ընթացքում ընտանիքը գտել է 15 մարդու, որոնցից 13-ն ուղարկվել են պատերազմական գոտի։ Նրանցից 5-ը մահացել են, իսկ 3-ը՝ անհետ կորել։ Բաքոյաններն իրենց սխեմայի միջոցով ստացել են մոտ 35 միլիոն ռուբլի։ Նրանց գործունեությունը քողարկել է Ակտանիշի շրջանի ղեկավարի տեղակալ Իլշատ Գաբդուլխաևը։

Սխեմայի բոլոր մասնակիցներն այժմ ձերբակալված են։ Նրանց Ռուսաստանի քաղաքացիությունը չեղարկվել է։ Պաշտոնյան մեղադրվում է պաշտոնեական դիրքի չարաշահման և կաշառակերության համար։

 

Շիրակում վթարի հետևանքով 6 զոհերից 5-ը նույն ընտանիքից են՝ ղեկին ընտանիքի 31-ամյա հայրն է եղել, ուղևորները՝ կինը, մայրն ու 2 երեխան

Շիրակի մարզի ողբերգական վթարի հետևանքով մահացած 6 քաղաքացիներից 5-ը նույն ընտանիքից են։ Ըստ լրատվամիջոցների՝ մեքենայի ղեկին եղել է ընտանիքի 31-ամյա հայրը, ուղևորները՝ կինը, մայրն ու երկու երեխան։ Նրանք Շիրակի մարզի Ջրառատ գյուղից էին։

Մյուս մահացածը 64-ամյա կին է՝ Շիրակի Սարակապ գյուղից։ Ղեկին որդին է եղել, որն այժմ բժշկական կենտրոններից մեկի վերակենդանացման բաժանմունքում է։

Առողջապահության նախարարությունից հայտնել էին, որ վթարից հետո 5 երեխա տեղափոխվել ու հոսպիտալացվել է մայրաքաղաքի բուժհաստատություններում։

«Նրանցից երկուսի կյանքը, ցավոք, փրկել չի հաջողվել: Մյուս տուժածների առողջական վիճակը գնահատվում է ծանր և ծայրահեղ ծանր»,- հայտնել էին նախարարությունից:

 

Դավիթ Մինասյանը կշարունակի մնալ կալանքի տակ

Գլխավոր դատախազությունը մերժել է մոտ 2 շաբաթ անազատության մեջ գտնվող 18-ամյա Դավիթ Մինասյանին ազատ արձակել կալանքից․ ABC Media-ի հետ զրույցում ասաց փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը։

Դավիթ Մինասյանի փաստաբաններն անցած շաբաթ դիմել էին գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին՝ խնդրելով կիրառել իր բացառիկ լիազորությունն ու վերացնել կալանքը:

Ավելին՝ Դատախազությունը դիմել է Վերաքննիչ քրեական դատարան, որպեսզի մյուս հանգամանքները ևս հաշվի առնվեն, քանի որ իրենց ներկայացրած հանգամանքներից միայն մեկն է քննության առնվել։

Գալուզինը և ՌԴ-ում ՀՀ դեսպանը քննարկել են Հարավային կովկասում տրանսպորտային հաղորդակցությունների  հաստատման վերաբերյալ հարցեր

Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինը և Մոսկվայում Հայաստանի դեսպան Գուրգեն Արսենյանը քննարկել են երկու երկրների ղեկավարների միջև բանակցությունների արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքը․ նշվում է Ռուսաստանի դիվանագիտական գերատեսչության հայտարարության մեջ։

«Կայացել է մտքերի փոխանակում երկկողմ հարաբերությունների արդիական հարցերի շուրջ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև Մոսկվայում վերջերս կայացած բանակցությունների լույսի ներքո։ Ընդգծվել է ամենաբարձր մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ուղղությամբ ակտիվ համատեղ աշխատանքի կարևորությունը, այդ թվում՝ առևտրային, տնտեսական, մշակութային և հումանիտար ոլորտներում, ինչպես նաև համատեղ ինտեգրացիոն միավորումների շրջանակներում համագործակցության վերաբերյալ»,- նշել է նախարարությունը։

Կողմերը քննարկել են նաև տարածաշրջանային հարցեր՝ Հարավային Կովկասում տնտեսական համագործակցության զարգացման և տրանսպորտային հաղորդակցությունների  հաստատման, ինչպես նաև «3+3» տարածաշրջանային համագործակցության հարթակի գործունեության շարունակման վերաբերյալ։

Նախարարությունն ընդգծել է, որ հանդիպումն անցել է բարեկամական մթնոլորտում։

 

 

Ստեփան Դեմիրճյանը ԴՕԿ կուսակցության հետ երբևէ հանդիպում կամ քննարկում չի ունեցել․ ՀԺԿ-ից կրկին հերքում են

Երեկ ԴՕԿ կուսակցության անունից, Լևոն Բաղդասարյանը հայաստանյան լրատվադաշտում ստահոդ տեղեկություն էր տարածել իբրև թե ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանի և վերոնշյալ կուսակցության միջև ձեռք բերված համագործակցության համաձայնության մասին, ինչը անմիջապես հրքել էր պրն Դեմիրճյանը․ հայտնում են ՀԺԿ կուսակցությունից։

«Թվում էր՝ այսքանով լուծվում է թյուրիմացությունը, սակայն զարմանալիորեն այսօր նույն անձը վերստին ոչ պատշաճ ձևով, կրկնել է երեկվա հրապարակած սուտը ՀԺԿ և ԴՕԿ համագործակցության մասին՝ այս անգամ հավելելով իբր իրեն հայտնի են համագործակցության փաստեր, որոնք կարող է հանրայնացնել, ինչը ակնհայտ  անթաքույց շանտաժի փորձ է:

ՀԺԿ-ի հետ վերջնագրերի լեզվով խոսելը, մեղմ ասած, անհեռանկար է և ոչ պարկեշտ:

Ի գիտություն հանրության, ևս մեկ անգամ պաշտոնապես հայտարարում ենք՝ Հայաստանի ժողովրդական կուսակցությունը և նրա նախագահ Ստեփան Դեմիրճյանը ԴՕԿ կուսակցության հետ երբևէ հանդիպում կամ քննարկում չեն ունեցել»,- ասված է հաղորդագրությունում:

 

 

 

Բաքվում հանդիպել են ՀՀ-ի և Ադրբեջանի քաղհասարակության ներկայացուցիչները (լուսանկարներ)

Բաքվում Հայաստանի ու Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներն անցկացնում են կլոր սեղան-քննարկում․ գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Ապրիլի 10-12-ն Ադրբեջանում անցկացվող միջոցառումն իրականացվում է «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակում։

Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ «Խաղաղության կամուրջ» նախաձեռնությունն ուղղված է խթանելու երկխոսությունը և Ադրբեջանի ու Հայաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների միջև ուղիղ շփումները։

Այս անգամ հայկական պատվիրակությունն Ադրբեջան է ժամանել ցամաքային սահմանով՝ անցնելով «սահմանազատված և սահմանագծված հատվածով» և բոլոր համապատասխան սահմանային և անձնագրային վերահսկողության ընթացակարգերով։

Հանդիպման օրակարգում են խաղաղության գործընթացի ներկայիս վիճակը, «Խաղաղության կամրջի» մասնակիցների գործունեությունն իրենց երկրներում, ինչպես նաև տարածաշրջանում ստեղծված իրավիճակի քննարկումը։