Արցախի Խնուշինակ գյուղը դարձել է մշակութային ցեղասպանության և բնաջնջման խորհրդանիշ

Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմեն, «Ազգային» պատմամշակութային ՀԿ փոխնախագահ Հովիկ Ավանեսով, Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմենի գրասենյակը հայտարարություն է տարածել․

«Մշակութային և պատմական ժառանգության ոչնչացումը երբեք չի եղել պատահական կամ ինքնաբուխ երևույթ։ Այն նպատակային, համակարգված և պետականորեն խրախուսվող քաղաքականության գործիք է, որի հիմնական նպատակը ոչ միայն նյութական արժեքների վերացումն է, այլ՝ ժողովրդի պատմական հիշողության, ինքնության և գոյության հիմքերի քանդումը։ Նման քաղաքականությունը միտված է վերաձևակերպելու անցյալը՝ ջնջելով այն բոլոր վկայությունները, որոնք հակասում են իշխող նարատիվներին։

Արցախի Մարտունու շրջանի Խնուշինակ գյուղում Հայրենական մեծ պատերազմի և արցախյան պատերազմների զոհերին նվիրված հուշահամալիրի ոչնչացումը պետք է դիտարկել հենց այս համատեքստում։ Սա ոչ թե մեկուսացված վանդալիզմի ակտ է, այլ հետևողական ռազմավարության բաղկացուցիչ մաս, որի նպատակը տարածքի պատմական հիշողության լիակատար ապամոնտաժումն է։ Հուշարձանների ոչնչացումը այստեղ հանդես է գալիս որպես «լռեցված պատմության» կառուցման մեխանիզմ, որտեղ անցյալի վկաները ֆիզիկապես վերացվում են, որպեսզի հնարավոր դառնա նոր՝ կեղծված պատմության պարտադրումը։

Խնուշինակի հուշահամալիրը պարզապես քարե կառույց չէր։ Այն խորհրդանշական տարածք էր, որտեղ նյութականացված էր հիշողությունը՝ մարդկանց մասին, ովքեր ապրել, պայքարել և զոհվել են իրենց հայրենիքի համար։ Այդ հուշարձանը փաստագրում էր հայկական ներկայությունը, պատմական շարունակականությունը և զոհաբերության գաղափարը։ Հետևաբար դրա ոչնչացումը ուղղված է ոչ միայն անցյալի, այլ նաև ապագայի դեմ՝ զրկելով սերունդներին իրենց ինքնության հենասյուներից։

Առավել մտահոգիչ է այն հանգամանքը, որ նման գործողությունները հաճախ ուղեկցվում են միջազգային կառույցների լռությամբ։ Այդ լռությունը, ըստ էության, վերածվում է անուղղակի համակրանքի կամ առնվազն անտարբերության, որը խրախուսում է նման քաղաքականության շարունակականությունը։ Երբ մշակութային ժառանգության ոչնչացումը չի ստանում համարժեք քաղաքական, իրավական և բարոյական արձագանք, այն դառնում է համատարած գործելակերպ։

Խնուշինակը այսօր այլևս պարզապես բնակավայր չէ։ Այն վերածվել է խորհրդանշական տարածքի, որտեղ ակնառու կերպով արտահայտվում է մշակութային ցեղասպանության մեխանիզմը։ Այստեղ ոչնչացվում է ոչ միայն նյութական մշակույթը, այլ նաև հիշողությունը որպես ինքնության կրող։ Եվ եթե այս գործընթացը շարունակվում է անպատիժ, ապա դրա ամենամեծ դաշնակիցը ոչ թե միայն գործող կողմն է, այլ նաև այն լռությունը, որը թույլ է տալիս իրականացնել պատմության համակարգված վերաշարադրումը»,- ասված է հայտարարության մեջ։

Իրանի պատվիրակությունը ապրիլի 9-ին կժամանի Պակիստան՝ ԱՄՆ-ի հետ բանակցություններ վարելու համար

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ապրիլի 7-ին հայտարարեց Իսլամական Հանրապետության հետ երկշաբաթյա փոխադարձ հրադադարի մասին։

Իրանի պատվիրակությունը ապրիլի 9-ի երեկոյան կժամանի Իսլամաբադ՝ ԱՄՆ-ի հետ բանակցություններ վարելու համար, այս մասին հայտնել է  Պակիստանում Իրանի դեսպան Ռեզա Ամիրի Մոգադամի։

 

Քանաքեռ-Զեյթուն առողջության կենտրոնի սրտաբանը ստացել է այնպիսի ցածր աշխատավարձ, որ դուրս է եկել աշխատանքից

Սկսվում է այն, ինչի մասին Բժշկի ձայն նախաձեռնությունը զգուշացնում էր դեռ 2 ամիս առաջ, գրել է  «Բժշկի ձայն» նախաձեռնող խմբի անդամ, բժիշկ Գևորգ Գրիգորյանը։

Նա տեղեկացնում է, որ Քանաքեռ-Զեյթուն առողջության կենտրոնի սրտաբանը ստացել է այնպիսի ցածր  աշխատավարձ, որ սեփական դիմումի համաձայն դուրս է եկել աշխատանքից։

«Առողջապահության նախարարությանը պետք չեն արժանապատվություն և սեփական անձի ու մասնագիտության նկատմամբ հարգանք ունեցող բուժաշխատողներ… Իրենց պետք են «համր», իրենցից վախեցող և աշխատանքի մնալու համար ցանկացած նվաստացուցիչ պայմաններին պատրաստ «կատարողներ», ովքեր կլինեն ե՛վ օպերատոր, ե՛վ բժիշկ, ե՛վ բուժքույր, ե՛վ մայրապետ ու այդ ամենի հաշվին իրենք կհավաքեն «ռեյտինգ» ու «ժողովրդի քվե»: Սա է իրականությունը, որը պետք է հասկանան վախեցած և անընդհատ «սպասող» բուժաշխատողները», – գրել է նա։

Հայաստանի մի շարք հատվածներում ձյուն  է տեղում

Ապրիլի 9-ին՝ ժամը 9:00-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են․ հայտնում է Ճանապարհային դեպարտամենտը։

«Ճանապարհների սպասարկման համար պատասխանատու կազմակերպությունները շարունակում են ավտոճանապարհների մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքները։

Թալինի, Արթիկի, Ախուրյանի, Աշոցքի, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Վանաձորի, Ստեփանավանի, Դիլիջանի, Տավուշի, Սևանի, Հրազդանի, Ճամբարակի տարածաշրջաններում, Մաստարա-Լանջիկ ավտոճանապարհին, Տիգրանաշենի ոլորաններում, Վարդենյաց լեռնանցքում և Մ-4 միջպետական ավտոճանապարհի Չարենցավանի հատվածում ձյուն է տեղում»,- ասված է հայտարարության մեջ։

 

Քուվեյթի օդային տարածքը փակ կմնա 41-րդ օրն անընդմեջ

Քուվեյթի օդային տարածքը, որը փակվել էր փետրվարի 28-ին, չի բացվի առնվազն ևս 12 ժամ․ TACC-ին հայտնել է Մերձավոր Արևելքի օդային երթևեկության կառավարման շրջանակների աղբյուրը։

«Քուվեյթի ավիացիոն իշխանությունները երկարաձգել են թռիչքների արգելքը ևս 12 ժամով՝ մինչև UTC ժամը 16:00-ն (Երևանի ժամանակով՝ 20:00-ն)։ Սա նշանակում է, որ երկրի երկինքը քաղաքացիական ավիացիայի համար փակ կլինի 41-րդ օրը»,- գործակալությանը հայտնել է աղբյուրը։

Նա հիշեցրել է, որ էմիրությունում թռիչքները դադարեցվել էին փետրվարի 28-ի առավոտյան՝ Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական գործողության պատճառով։

ԱՄՆ-ի և Իրանի հրադադարից հետո Իրաքը, Սիրիան և Բահրեյնը վերաբացել են իրենց օդային տարածքը։ Բահրեյնը պատրաստ է ընդունել ինքնաթիռներ և թույլատրել տարանցումը՝ նախնական համաձայնությունից հետո։ Մասնակի սահմանափակումներ են մնում Քաթարի և ԱՄԷ-ի օդային տարածքում։

Ռուսաստանն ակնկալում է, որ Հայաստանում ռուսամետ ուժերը կկարողանան մասնակցել ընտրություններին․ ՌԴ ԱԳՆ

Մոսկվան ակնկալում է, որ ռուսամետ ուժերը կկարողանան ազատորեն մասնակցել Հայաստանի խորհրդարանական ընտրություններին. ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան։

«Մենք չենք կարող անտեսել հանրապետությունում տեղի ունեցող գործընթացները, և ակնկալում ենք, որ ռուսամետ ուժերը կկարողանան ազատորեն մասնակցել Հայաստանի քաղաքացիների կամարտահայտմանը», – ասել է նա։
«Այսպիսով՝ մենք կրկին չենք քննարկում ներքին գործերին միջամտությունը. դա բացառվում է։ Փոխարենը` մենք խոսում ենք այն մասին, որ ապահովվի, որ Հայաստանի բոլոր քաղաքացիները, որոնք ունեն ընտրելու իրավունք, բայց նաև աջակցում են Ռուսաստանի հետ կապերին և հարաբերությունների զարգացմանը՝ հիմնվելով մի շարք ակնհայտ, օբյեկտիվ և անվիճելի գործոնների և փաստերի վրա, նույնպես կարողանան դա անել ազատորեն և ժողովրդավարական ճանապարհով, ինչպես արվում է քաղաքակիրթ երկրներում», – նշել է դիվանագետը։

Ռուսաստանը հետաքրքրված է ՀԱՊԿ-ին Հայաստանի լիիրավ մասնակցությամբ․ Զախարովա

Ռուսաստանը հետաքրքրված է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը (ՀԱՊԿ) Հայաստանի լիիրավ մասնակցությամբ. ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան։

«Կա իրավաբանորեն ձևակերպված համաձայնագիր. անվանեք այն ինչպես կուզեք՝ փոխըմբռնում, որոշում, որը հստակ ցույց է տալիս, որ Երևանը ՀԱՊԿ-ի լիիրավ անդամ է՝ դրանից բխող բոլոր իրավունքներով և պարտավորություններով։ Ինչպես մենք բազմիցս ընդգծել ենք, մենք այլ տարբերակ չենք տեսնում», – նշել է Զախարովան՝ հավելելով, որ ոչ ոք որևէ այլ որոշում չի կայացրել՝ չնայած բազմաթիվ բանավոր ենթադրություններին։ «Իհարկե, մենք հետաքրքրված ենք, որ Հայաստանը վերսկսի իր լիիրավ մասնակցությունը մեր համատեղ անվտանգային կառույցի գործունեությանը», – նշել է դիվանագետը։

Ռուսաստանը հետաքրքրված է ՀԱՊԿ-ին Հայաստանի լիիրավ մասնակցությամբ․ Զախարովա

Ռուսաստանը հետաքրքրված է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը (ՀԱՊԿ) Հայաստանի լիիրավ մասնակցությամբ. ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան։

«Կա իրավաբանորեն ձևակերպված համաձայնագիր. անվանեք այն ինչպես կուզեք՝ փոխըմբռնում, որոշում, որը հստակ ցույց է տալիս, որ Երևանը ՀԱՊԿ-ի լիիրավ անդամ է՝ դրանից բխող բոլոր իրավունքներով և պարտավորություններով։ Ինչպես մենք բազմիցս ընդգծել ենք, մենք այլ տարբերակ չենք տեսնում», – նշել է Զախարովան՝ հավելելով, որ ոչ ոք որևէ այլ որոշում չի կայացրել՝ չնայած բազմաթիվ բանավոր ենթադրություններին։ «Իհարկե, մենք հետաքրքրված ենք, որ Հայաստանը վերսկսի իր լիիրավ մասնակցությունը մեր համատեղ անվտանգային կառույցի գործունեությանը», – նշել է դիվանագետը։

Գարեգին Բ-ն դրսի լրատվամիջոցների ներկայացուցիչներին ներկայացրել է եկեղեցական կյանքի ներկա վիճակը

Ապրիլի 8-ին Գարեգին Երկրորդը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց «Ռենովաբիս» բարեգործական կազմակերպության գլխավոր գործադիր տնօրեն դոկտոր Հայր Թոմաս Շվարցի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում ընդգրկված էին եվրոպական տարբեր լրատվամիջոցների ներկայացուցիչներ․ տեղեկացնում են Մայր Աթոռից։

«Հանդիպմանը Հայր Թոմաս Շվարցը Նորին Սրբությանը ներկայացրեց պատվիրակության անդամներին՝ ընդգծելով, որ վերջիններս Հայաստան են ժամանել՝ տեղում ծանոթանալու երկրում առկա իրավիճակին և եկեղեցական ու հասարակական կյանքի ներկա իրողություններին։

Վեհափառ Հայրապետը, ողջունելով հյուրերի այցը Հայաստան և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, անդրադարձավ Հայոց Եկեղեցու՝ հայ ժողովրդի կյանքում կարևոր դերակատարությանը, արձանագրեց, որ պատմության ամենադժվար պահերին Եկեղեցին իր հոգեխնամ և ազգապահպան առաքելությամբ առաջնորդել է ազգին հավատով և հույսով դիմագրավելու բոլոր մարտահրավերներին։ Նորին Սրբությունն իր խոսքում անդրադարձ կատարեց նաև Հայաստանում և տարածաշրջանում առկա մարտահրավերներին ու զարգացումներին։

Վերջում Ամենայն Հայոց Հայրապետը պատասխանեց հյուրերի հարցերին, որոնք առնչվում էին Եկեղեցի-պետություն հարաբերություններին, Հայաստանյայց Առաքելական և Քույր Եկեղեցիների փոխհարաբերություններին, ինչպես նաև տեղահանված արցախահայերին ուղղված Եկեղեցու կողմից իրականացվող սոցիալական ծրագրերին»,- ասված է հաղորդագրությունում։

 

Անհապաղ վերացնել Դավիթ Մինասյանի խափանման միջոց կալանավորումը․ ՀԿ-ները դիմել են Դատախազին

Դավիթ Մինասյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցի համաչափության վերաբերյալ մի շարք կազմակերպություններ հայտարարություն են տարածել, որում ասված է․

«Մենք՝ ներքոստորագրյալ հասարակական կազմակերպություններս, խստորեն դատապարտում ենք և մեր մտահոգությունն ենք հայտնում Դավիթ Մինասյանի նկատմամբ կալանավորումը` որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ։

2026 թ. մարտի 29-ին Երևանի Սուրբ Աննա եկեղեցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ միջադեպի արդյունքում հարուցված քրեական վարույթով Դավիթ Մինասյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել «խուլիգանության և պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելը» հանցակազմերով։ Նրա նկատմամբ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանի կողմից կիրառվել է կալանավորումը որպես խափանման միջոց՝ երկու ամիս ժամկետով։

Դավիթ Մինասյանը 18 տարեկան է, դեռևս դպրոցական։ Ծնողի ու փաստաբանների հրապարակած տեղեկությունների համաձայն՝ նա ունի  առողջական խնդիրներ, այդ թվում՝ ազատազրկման հետ անհամատեղելի։ Նման պայմաններում կալանավորումը նրա նկատմամբ ընտրվել և կիրառվում է կամայականորեն՝ առանց բավարար հիմնավորման և համաչափության սկզբունքի պահպանման` որպես պատիժ, ինչպես նաև վախի մթնոլորտ տարածելով հասարակության շրջանում։

Ավելին, անազատության մեջ գտնվելու երկու օրվա ընթացքում նրա ինքնազգացողությունը վատացել է,  Դավիթը կորցրել է գիտակցությունը, ունեցել շնչահեղձություն։ Ներկայումս գտնվում է Նաիրի ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքում։

Հաշվի առնելով վերոգրյալը և Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պարտավորությունները, այդ թվում՝ ազատության իրավունքի և անմարդկային վերաբերմունքի չենթարկվելու իրավունքի ապահովման հրամայականը, ինչպես նաև կրթության իրավունքի պատշաճ ապահովման անհրաժեշտությունը՝  պահանջում ենք.

ՀՀ գլխավոր դատախազից՝

Անհապաղ վերացնել Դավիթ Մինասյանի խափանման միջոց կալանավորումը։

ՀՀ քննչական կոմիտեից և դատախազությունից՝

իրականացնել Սուրբ Աննա Եկեղեցում տեղի ունեցած միջադեպի անկախ, անաչառ քննություն՝ երաշխավորելով վարույթում ներգրավված բոլոր անձանց իրավունքները, ինչպես նաև

իրականացնել միջադեպի բազմակողմանի քննություն՝ պարզելով միջադեպի բոլոր հանգամանքները, այդ թվում՝ Դավիթ Մինասյանի ենթադրյալ արարքին նախորդող հանգամանքներն ու պատճառները, ինչպես նաև քրեաիրավական գնահատական տալով վարչապետ Փաշինյանի անվտանգությունն ապահովող ՊՊԾ ծառայողի կողմից Դավիթ Մինասյանի նկատմամբ ֆիզիկական ներգործության դրվագին,

Հանրային պաշտոն զբաղեցնող բոլոր անձանցից՝

ձեռնպահ մնալ Դավիթ Մինասյանի անմեղության կանխավարկածը խախտող, վիրավորական և արժանապատվությունը ոտնահարող հանրային խոսքից։

Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների ՀԿ

Արդարության նոր մշակույթ ՀԿ 

«Հելսինկյան ասոցիացիա» ԻՀԿ

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ

Լրագրողներ Հանուն Մարդու Իրավունքների  ՀԿ

«Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ

Երևանի մամուլի ակումբ

Հանրային լրագրության ակումբ 

«ԳորիսԼԱԲ» համայնքային զարգացման կենտրոն ՀԿ

Դիգնիթի ՀԿ»։