Իրանին ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածներից հասցված վնասը գնահատվել է 270 մլրդ դոլար

ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածներից Իրանին հասցված վնասը գնահատվել է 270 միլիարդ դոլար․ РИА Новости-ին ասել է կառավարության խոսնակ Ֆաթեմեհ Մոհաջերանին։

«Նախնական և շատ մոտավոր թվերը ցույց են տալիս, որ վնասը մինչ օրս կազմում է 270 միլիարդ դոլար»,- ասել է նա։

Մոհաջերանիի խոսքով՝ ավելի ճշգրիտ թվեր կհրապարակվեն ավելի ուշ՝ բազմափուլ գործընթացից հետո։ Առաջինը կլինի շենքերին հասցված վնասի գնահատումը, իսկ երկրորդը՝ բյուջետային եկամուտների կորստի և արդյունաբերական գործարանների փակման արդյունքում կրած վնասները։

Կառավարության խոսնակը նշել է, որ իրանական բանակցային թիմը քննարկում է նաև Միացյալ Նահանգներից Իրանին պատերազմական փոխհատուցում ստանալը։ Այս հարցը քննարկվել է անցյալ շաբաթ Իսլամաբադում կայացած բանակցությունների ժամանակ։

 

Ադրբեջանցին մեկնաբանությունում հայ հարևանին շախմատ խաղալու է հրավիրում

Ադրբեջանում չորրորդ հանդիպումն է եղել հայ և ադրբեջանցի քաղհասարակության ներկայացուցիչների հետ։ 20+20 ձևաչափով էր հանդիպումը։ Ի՞նչ են քննարկել Բաքվում։ Խաղաղությանը նպաստելու քայլերը որքանո՞վ են իրական։ Մանրամասները՝ ռեպորտաժում։

Բագրատ սրբազանի գործում որպես իրեղեն ապացույց ներկայացվել է անգլերեն պլան՝ Իրանի, Իսպանիայի, ՌԴ, Չինաստան, Հնդկաստանի մասնակցությամբ

Բագրատ սրբազանի պաշտպանական թիմը ապացույցներ է ներկայացրել։ Ապրիլի 9-ին ավարտվել է Սրբազանի գործով նախանական դատալսումների փուլը։

Այսօր հրավիրած մամուլի ասուլիս ընթացքում փաստաբանական թիմը ներկայացրել է փաստաթուղթ, որը Քննչական կոմիտեն ներկայացնում է որպես ահաբեկչության պլան, որն իբր գրել է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։

«Դատաձեռագրափորձաքննություն չեն իրականացրել, այն գրված է անգլերենով։ Ըստ բովանդակության՝ ահաբեկչության մեջ ներառված են՝ Իրանը, Իսպանիան, Ռուսաստանը, Չինաստանն ու Հնդկաստանը։ Ըստ այս պլանի՝ պետք էր անցնել թշնամու տարածք ու գերեվարել  150 հազար թշնամի»,-մամուլի ասուլիսի ժամանակ ասել են փաստաբանները։

Փաստաբանները հիշեցնում են՝ ակցիաների ժամանակ շատ մարդիկ են մոտեցել ու Սրբազանին տարբեր թղթեր տվել՝ անգամ «Հայաստանի փրկության ծրագիր», որոնք ֆիքսել են նաև տեսախցիկները։ Սրբազանը ծանոթ չի որպես իրեղեն ապացույց ներկայացրած թղթի բովանդակությանը։

ԱՄՆ փոխնախագահը կոչ է արել Հռոմի պապին զբաղվել բարոյական հարցերով, իսկ քաղաքական հարցերը թողնել Թրամփին

Մեկնաբանելով Հռոմի Պապ Լևոն XIV-րդին ուղղված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի գրառումը՝ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը խորհուրդ է տվել կաթոլիկ աշխարհի առաջնորդին զբաղվել եկեղեցուն վերաբերող հարցերով, իսկ ամերիկյան քաղաքականությամբ թողնել, որ զբաղվի ԱՄՆ նախագահը։

«Կարծում եմ՝ նախագահն ունի ամերիկյան արտաքին քաղաքականությունը ձևավորելու իրավասություն, նա ունի ամերիկյան ներգաղթային քաղաքականությունը սահմանելու իրավասություն, նա պետք է հոգ տանի ԱՄՆ շահերի մասին, և դա անխուսափելիորեն նշանակում է, որ երբ Վատիկանը հանդես է գալիս հանրային քաղաքականության հարցերի վերաբերյալ մեկնաբանություններով, երբեմն կլինի համաձայնություն, իսկ երբեմն՝ անհամաձայնություն», – ասել է Վենսը։ 

Նրա խոսքով՝ «որոշ դեպքերում ավելի ճիշտ կլինի՝ Վատիկանը զբաղվի բարոյական հարցերով, կենտրոնանա Կաթոլիկ եկեղեցում տեղի ունեցող գործընթացների վրա, և ԱՄՆ նախագահին թողնի ամերիկյան հանրային քաղաքականության ձևավորմամբ զբաղվելը»։

Մրգաշենում սպանությունը եղբայրներ են կատարել, մեկն անչափահաս է․ ՔԿ-ն մանրամասներ է հայտնել

Մրգաշենում ապրիլի 13-ին տեղի ունեցած սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում կատարված քննչական և օպերատիվ-հետախուզական գործողությունների և միջոցառումների արդյունքում պարզվել է, որ արարքը կատարել են եղբայրներ, որոնցից մեկն անչափահաս է․ հայտնում է Քննչական կոմիտեն։

«Նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ եղբայրները ապրիլի 13-ին Ա.Ա.-ին կյանքից ապօրինաբար զրկելու ուղղակի դիտավորությամբ, փոխլրացնելով միմյանց գործողությունները՝ սուր կտրող-ծակող գործիքներով բազմաթիվ հարվածներ են հասցրել վերջինիս մարմնի տարբեր հատվածներին՝ սպանելով նրան:

Եղբայրներից մեկի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով (մի խումբ անձանց կողմից կատարված սպանությունը), իսկ անչափահասի նկատմամբ՝ 155-րդ հոդվածի 1-ին մասով (սպանությունը): Վերջիններիս վերաբերյալ կայացվել են ձերբակալման որոշումներ»,- ասված է հայտարարության մեջ։

Իրանում պատերազմի ավարտից հետո վառելիքի և պարարտանյութերի համաշխարհային գները դեռ երկար ժամանակ կմնան բարձր

Արժույթի միջազգային հիմնադրամը, Համաշխարհային բանկը և Միջազգային էներգետիկ գործակալությունը համատեղ հայտարարությամբ զգուշացրել են, որ Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի պատերազմի ավարտից հետո վառելիքի և պարարտանյութերի համաշխարհային գները դեռ երկար ժամանակ կմնան բարձր։

Ընդգծվել է, որ իրավիճակը մնում է խիստ անորոշ, քանի որ Հորմուզի նեղուցով նավագնացությունը դեռևս չի վերադարձել նորմալ վիճակի։ Նույնիսկ նավագնացության նորմալ վիճակի վերականգնումից հետո հիմնական ապրանքների մատակարարումները ժամանակ կպահանջվի պատերազմից առաջ եղած մակարդակին վերադառնալու համար։ Գները կարող են բարձր մնալ ենթակառուցվածքների վնասման պատճառով, ինչը բացասաբար կանդրադառնա էներգետիկայի և սննդի շուկաների վրա։ Ապրիլի 13-ին Արժույթի միջազգային հիմնադրամի, Համաշխարհային բանկի և Միջազգային էներգետիկ գործակալության ղեկավարների հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են առավել տուժած երկրներում ստեղծված իրավիճակը, ինչպես նաև կազմակերպությունների արձագանքման միջոցառումները։

«Մեր թիմերը նաև սերտորեն համագործակցում են երկրների մակարդակով՝ մեր փորձագիտությունն օգտագործելու և օգնություն ցուցաբերելու համար՝ անհատականացված քաղաքականության խորհրդատվության, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում՝ Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի ֆինանսական աջակցության միջոցով», – նշվում է հայտարարությունում։

Իրանում պատերազմի ավարտից հետո վառելիքի և պարարտանյութերի համաշխարհային գները դեռ երկար ժամանակ կմնան բարձր

Արժույթի միջազգային հիմնադրամը, Համաշխարհային բանկը և Միջազգային էներգետիկ գործակալությունը համատեղ հայտարարությամբ զգուշացրել են, որ Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի պատերազմի ավարտից հետո վառելիքի և պարարտանյութերի համաշխարհային գները դեռ երկար ժամանակ կմնան բարձր։

Ընդգծվել է, որ իրավիճակը մնում է խիստ անորոշ, քանի որ Հորմուզի նեղուցով նավագնացությունը դեռևս չի վերադարձել նորմալ վիճակի։ Նույնիսկ նավագնացության նորմալ վիճակի վերականգնումից հետո հիմնական ապրանքների մատակարարումները ժամանակ կպահանջվի պատերազմից առաջ եղած մակարդակին վերադառնալու համար։ Գները կարող են բարձր մնալ ենթակառուցվածքների վնասման պատճառով, ինչը բացասաբար կանդրադառնա էներգետիկայի և սննդի շուկաների վրա։ Ապրիլի 13-ին Արժույթի միջազգային հիմնադրամի, Համաշխարհային բանկի և Միջազգային էներգետիկ գործակալության ղեկավարների հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են առավել տուժած երկրներում ստեղծված իրավիճակը, ինչպես նաև կազմակերպությունների արձագանքման միջոցառումները։

«Մեր թիմերը նաև սերտորեն համագործակցում են երկրների մակարդակով՝ մեր փորձագիտությունն օգտագործելու և օգնություն ցուցաբերելու համար՝ անհատականացված քաղաքականության խորհրդատվության, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում՝ Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի ֆինանսական աջակցության միջոցով», – նշվում է հայտարարությունում։

Պետք է արգելվի Փաշինյանի կուսակցության մասնակցությունը հունիսյան ընտրություններին․ Հարութ Սասունյան

2021 թվականի հունիսին կայացած խորհրդարանական ընտրություններից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) կուսակցությունը բազմաթիվ խոստումներ տվեց, որոնք պետք է իրականացվեին հինգ տարվա ընթացքում, այդ թվում՝ Արցախի և նրա ժողովրդի իրավունքների պաշտպանությունը և այլն: Սակայն այդ խոստումները մնացին անկատար, կամ էլ հակասեցին կառավարության հետագա գործողություններին․ գրել է  The California Courier թերթի գլխավոր խմբագիր Հարութ Սասունյանը։

«ՔՊ ղեկավարները, չունենալով անհրաժեշտ որակավորում, իրենց նշանակեցին տարբեր բարձր պետական պաշտոններում և հարստացան բացառիկ պետական պայմանագրերի, բարձր աշխատավարձերի ու միլիոնավոր դոլարների չարդարացված պարգևավճարների շնորհիվ։ Այսօր նույն կուսակցությունը կրկին փորձում է խաբել հանրությանը։

2026 թվականի ապրիլի 3-ին ՔՊ-ն հրապարակեց իր նախընտրական ծրագիրը 2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների համար, և ներկայացրեց 100 հիմնական գործողություններ, որոնք պետք է իրականացվեն 2026-2031 թվականներին։

Կներկայացնեմ խոստացված անելիքներից երկուսը․

Ծրագրի 10-րդ կետում, որը վերնագրված է «Արժեքահեն հանրություն», ներկայացվում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ծրագրերը՝ ուղղված Հայ Առաքելական Եկեղեցու «բարեփոխմանը»: ՔՊ-ն պնդում է, որ «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու փաստացի ղեկավարության գործունեության հետևանքով հավատավոր հանրությունն օտարվել է և շարունակում է օտարվել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուց, ինչը, այդ թվում, հոգևոր անվտանգության խնդիր է, քանի որ դա հնարավորություն է ստեղծել, որ արտաքին ուժերը փորձ անեն Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին դարձնել Հայաստանի Հանրապետության անկախության, ինքնիշխանության դեմ հիբրիդային պայքարի հենակետ»: Այս անհիմն հայտարարությունը նպատակ ունի շեղել ուշադրությունը Փաշինյանի դեմ ուղղված նմանատիպ մեղադրանքներից։ Եթե որևէ քաղաքացի, աշխարհիկ անձ կամ հոգևորական օտարերկրյա գործակալ է, կառավարությունը պարտավոր է ձերբակալել և մեղադրանք առաջադրել նրան: Սա զրպարտչական հայտարարություն է, նման այն հայտարարություններին, որոնք հնչում են Փաշինյանի հասցեին:

10-րդ կետում մանրամասն նկարագրվում են կոնկրետ քայլեր, որոնք խախտում են ՀՀ Սահմանադրության՝ եկեղեցու և պետության բաժանման սկզբունքը: Ստորև ներկայացված է ՔՊ-ի պլանը.
ա) Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու փաստացի պետի հեռացում (հանգստի կոչում),

բ) Սահմանված կարգով Կաթողիկոսական տեղապահի ընտրություն,

գ) Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Կանոնադրության ընդունում․ Կանոնադրությամբ պետք է սահմանվեն ամրագրված սկզբունքների պահպանման, ֆինանսական թափանցիկության և հոգևորականների բարեվարքության ապահովման կառուցակարգեր,

դ) Սահմանված կարգով Ամենայն Հայոց Կաթողիկոսի ընտրություն։

Կուսակցություններն իրավունք չունեն որոշել վերոնշյալ չորս քայլերից որևէ մեկը։ Սահմանադրությունն արգելում է կառավարությանը միջամտել եկեղեցու ներքին գործերին, որն ունի վաղուց հաստատված ընթացակարգեր։ Կառավարությունը հազիվ է կարողանում կառավարել երկիրը, սակայն այժմ ձգտում է կառավարել նաև եկեղեցին։

Ավելին, ՔՊ-ն փորձում է հոգևորականներին առաջարկել անձնական արտոնություններ: 10-րդ կետում ասվում է. ««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ձևավորած խորհրդարանական մեծամասնությունը և Կառավարությունը ձեռնամուխ կլինեն հոգևոր ծառայողներին սոցիալական երաշխիքների պետական համակարգում ներառելուն»: Ես դեմ չեմ, որ հոգևորականները ստանան այնպիսի արտոնություններ, ինչպիսիք են առողջության ապահովագրությունը և սոցիալական ապահովությունը, ինչպես մյուս բոլոր հայ քաղաքացիները, սակայն խնդրահարույց է այդ արտոնությունները կապել կառավարության կողմից եկեղեցու հիերարխիայի գործերին միջամտելու հետ:

Տարօրինակ է, բայց 10-րդ կետում կրկին շեշտվում է, որ «կրոնական կազմակերպությունները անջատ են պետությունից», սակայն կառավարությունը բազմիցս խախտել է Սահմանադրությունը և շատ այլ օրենքներ՝ միաժամանակ դասեր տալով հասարակությանը «եկեղեցին քաղաքականությունից հեռացնելու» մասին: ՔՊ ղեկավարները գործում են այնպես, կարծես միայն իրենք իրավունք ունեն անպատժելիորեն խախտել Սահմանադրությունը:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հայտարարություն տարածեց, որով դատապարտում է ՔՊ-ի՝ «Հայոց եկեղեցին բարեփոխելու» անօրինական ծրագրերը: Մայր Աթոռը հայտարարել է. «Սա սահմանադրական կարգի, Եկեղեցու ինքնակառավարման իրավունքի, ինչպես նաև խղճի ու կրոնի ազատության միջազգային հիմնարար սկզբունքների բացահայտ ոտնահարում է»:

Այժմ անդրադառնանք 100-րդ կետին, որտեղ նշված է․«Սփյուռքիպետականակենտրոնկազմակերպությունների համաժողովի կազմակերպում՝ խաղաղության պայմաններում Հայաստան–Սփյուռք գործակցության հայեցակարգ ընդունելու և իրագործման մեխանիզմներ ձևավորելու նպատակով»։

Սա Փաշինյանի կառավարության վերջին փորձն է՝ պառակտելու և թուլացնելու Հայաստան-Սփյուռք գոյություն ունեցող հարաբերությունները՝ ի լրումն այն բազմաթիվ քայլերի, որոնք Փաշինյանի վարչակարգը ձեռնարկել է՝ վնասելով համայն հայության շահերին։

Ահա մի քանի այլ քայլեր, որոնք Փաշինյանը և նրա նշանակած անգործունակ Զարեհ Սինանյանը՝ այսպես կոչված «Հայաստանի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը», ձեռնարկել են Սփյուռքի դեմ։

Սփյուռքը որպես արժեքավոր ռեսուրս օգտագործելու փոխարեն, Հայաստանի կառավարությունը խաթարում է իր հարաբերությունները յոթ միլիոն սփյուռքահայերի հետ։

Փաշինյանը ութ տարի առաջ իր կառավարումը սկսեց՝ փակելով Սփյուռքի նախարարությունը՝ Հայաստանի և Սփյուռքի միջև գլխավոր կամուրջը։

Նա հաճախ բացահայտ հակադրվել է Սփյուռքին։ 2024 թվականին Երևանում կազմակերպված կառավարական համաժողովում, որտեղ հավաքվել էին հարյուրավոր սփյուռքահայեր աշխարհի տարբեր անկյուններից, Փաշինյանը կոպիտ ձևով ասաց. «Մենք ձեր օգնության կարիքը չունենք։ Հայաստանը կարող է հոգալ իր կարիքները»։

2025 թվականին, Թուրքիա կատարած այցի ժամանակ, Փաշինյանը պոլսահայերի խմբին ասաց. «Իմ վրա հույս չդնե՛ք։ Հայաստանի վարչապետն աշխարհի բոլոր հայերի պատասխանատուն չի։ Դուք ձեր համայնքներում ձեր խնդիրները լուծեք»։

Ավելացնենք նաև Փաշինյանի կողմից կազմված սփյուռքահայերի սև ցուցակը, որոնց մուտքն արգելված է Հայաստան պարզապես այն պատճառով, որ նրանք ասել են մի բան, որը Փաշինյանին դուր չի եկել։

Եզրափակելով՝ եթե Փաշինյանի կուսակցությունը հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններում ստանա մանդատների մեծամասնությունը, իրավիճակը կդառնա առավել վտանգավոր համայն հայության համար՝ թե՛ Հայաստանի ներսում, թե՛ նրա սահմաններից դուրս»,- գրել է Սասունյանը։

ՔՊ-ն դեմ քվեարկեց զինծառայության մասին Հայկ Սարգսյանի նախագծին

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը դեմ քվեարկեց կուսակցի՝ Հայկ Սարգսյանի ներկայացրած զինծառայության մասին օրենսդրական նախաձեռնությանը։

ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը պարզաբանեց՝ քանի որ Կառավարությունն ու գլխադասային հանձնաժողովը դեմ են, իրենք ևս դեմ կքվեարկեն նախագիծը ԱԺ նիստում ընդգրկելուն։

«Սիրելի հայրենակիցներ, ճիշտ է նոր Ազգային ժողովում չընդունվեց իմ կողմից ներկայացված օրենքի նախագծերի փաթեթը, բայց չենք ընկճվում ու առաջիկայում քննարկումները շարունակվելու են կառավարության և հատկապես պաշտպանության նախարարության հետ։ Ես վստահ եմ, որ մեխանիզմներ ներդրվելու են որպեսզի ծառայողները չգտնվեն անարդար վիճակում և լինեն հավասար պայմաններ բոլորի համար։ Ծառայությունից խուսափելը պետք է չլինի այդքան հեշտ և նաև պետք է չլինեն օրինական մեխանիզմներ, որոնք այսօր գործում են»,-ասաց պատգամավորը։

Միայն հաղթելը բավարար չէ․ Օսկանյանը՝ խորհրդարանական ընտրությունների մասին

Հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ՝ ընդդիմադիր դաշտը հիմնականում արդեն ձևավորվել է. գրել է ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը։

«Նրանց ցուցակները հրապարակված են, ծրագրերը՝ ներկայացված։ Ծրագրերի մեջ ակնհայտ է ընդհանուր օրակարգը՝ խաղաղությունը, տնտեսական զարգացումը, աղքատության հաղթահարումը, արդարության վերականգնումը, ազգային վերածնունդն ու միասնությունը։

Այժմ, երբ հիմքը դրված է, ժամանակն է հանրային գիտակցության մեջ ձևավորելու և ամրապնդելու «հավաքական ընդդիմություն» գաղափարը։ Սա այլևս անհատական ջանքերի մասին չէ, այլ ընդհանուր նպատակի։ Հավատացած եմ՝ այս հավաքական ընդդիմությունը հաղթելու է ընտրություններում։

Սակայն միայն հաղթելը բավարար չէ։ Պետք է ավելի բարձր նշաձող սահմանել։ Այս միտքը նշել եմ նաև իմ նախորդ գրառման մեջ և շարունակելու եմ կրկնել։ Նպատակը չպետք է լինի պարզապես թույլ չտալ, որ Փաշինյանը վերարտադրվի իշխանության մեջ, այլ նաև ապահովել, որ նրա կուսակցությունը նույնիսկ չհաղթահարի խորհրդարան անցնելու շեմը։

Միայն այդ դեպքում կկարողանանք վերջնականապես փակել անցած ութ տարիների էջը՝ այդ շրջանն ու հիշողությունները թողնելով պատմության էջերում»,- գրել է Օսկանյանը։