Արաղչին ու Ֆիդանը քննարկել են Իրան-ԱՄՆ բանակցությունները

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին և նրա թուրք գործընկեր Հաքան Ֆիդանը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները․ Al Jazzera-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել են իրանական ԶԼՄ-ները։

Նախարարները նաև մտքեր են փոխանակել Միացյալ Նահանգների և Իրանի ներկայացուցիչների միջև Իսլամաբադում տեղի ունեցած բանակցությունների մասին։

Վարդենիսում 29-ամյա կինը վերցրել է խոհանոցային դանակն ու վնասել իրենց հյուրընկալված ամուսիններին․ shamshyan. com

Ապրիլի 8-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում․ գրում է shamshyan.com-ը։

«Կեսգիշերին ահազանգ է ստացվել, որ Շատվան բնակավայրի 1-ին փողոցի տներից մեկում դանակահարված քաղաքացիներ կան։ Իրավապահները պարզել են, որ նույն օրը ժամը 29-ամյա Մարիամ Զ․-ի տանը ծննդյան առիթով հավաքվել են 26-ամյա Թագուհի Զ․-ն, նրա ամուսինը՝ 35-ամյա Էդգար Խ․-ն և Մարիամ Զ․-ի ընկեր՝ 29-ամյա Սերյոժա Թ․-ն։

Կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ Մարիամ Զ․-ն սեղանից վերցնելով խոհանոցային դանակը անկանոն շարժումներ է կատարել՝ ինչի հետևանքով Թագուհի Զ․-ն և Էդգար Խ․-ն ստացել են մարմնական վնասվածքներ և տեղափոխվել են «Վարդենիս» բժշկական կենտրոն»,- նշում է լրատվամիջոցը։

 

Թուրքիայից 6.5 մլրդ դոլարի անհայտ ծագման կապիտալի արտահոսք է գրանցվել

Թուրքիայի կենտրոնական բանկի հրապարակած տվյալների համաձայն՝ 2026-ի փետրվարին արձանագրվել է երկրից 6.5 մլրդ դոլարի անհայտ ծագման կապիտալի արտահոսք․ գրում է ermenihaber-ը։

«Տվյալների համաձայն՝ վերջին 12 ամսում ընդհանուր արտահոսքը կազմել է 21.4 մլրդ դոլար, իսկ վերջին 30 ամսում՝ 36.4 մլրդ դոլար։

Թուրքական մամուլում ուշադրություն է հրավիրվում այն փաստի վրա, որ արտահոսքը գրանցվել է ԱՄՆ–Իսրայել–Իրան բախումներից առաջ։ Միևնույն ժամանակ, վերջին 1 տարում գրանցված 35.5 մլրդ դոլարի ընթացիկ հաշվի դեֆիցիտի ֆոնին Թուրքիայում ֆինանսավորման ընդհանուր պահանջը հասել է մոտ 57 մլրդ դոլարի»,- նշում է լրատվամիջոցը։

 

Վերացվեց Դավիթ Մինասյանի կալանքը․ պաշտպան

18-ամյա աշակերտ Դավիթ Մինասյանի պաշտպան Լուսինե Մարտիրոսյանը գրել է․ «Հսկող դատախազի որոշմամբ վերացվեց Դավիթ Մինասյանի կալանքը, հենց նոր Դավիթն ազատ արձակվեց Արմավիր ՔԿՀ-ից»։

Հակակոռուպցիոնը բացահայտել է բարեգործության արգելքի խախտման դեպքեր․ կոմիտեն ձայնագրություն է հրապարակել

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ-հետախուզական ստորաբաժանումների իրականացրած միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ ՀՀ Ազգային ժողովի հերթական ընտրությունները նշանակելու մասին ՀՀ նախագահի հրամանագրի՝ 2026 թվականի փետրվարի 7-ին ուժի մեջ մտնելուց հետո՝ բարեգործություն իրականացնելու օրենսդրական արգելքի պայմաններում, համապետական ընտրություններին մասնակցող ՀՀ տարբեր բնակիչների, բարեգործության անվան տակ, «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամի կողմից այլ անձի օժանդակությամբ 2026 թվականի մարտ ամսվա ընթացքում մի դեպքում անհատույց տրամադրվել է դրամական միջոց, մեկ այլ դեպքում՝ արտոնյալ պայմանով խոստացվել է ծառայության մատուցում․ տեղեկացնում է Հակակոռուպցիոն կոմիտեն։

«Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով նախաձեռնվել է քրեական վարույթ, հանրային քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ, ովքեր ձերբակալվել են։

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն կրկին հորդորում է զերծ մնալ բարեգործության վերաբերյալ օրենսդրական արգելքը խախտելու հանցավոր վարքագծից, իսկ քաղաքացիներին կոչ է արվում խուսափել ընտրական հանցագործությունների կամ դրանց հետ առնչվող կասկածելի գործողությունների մեջ ներգրավվելուց»,- ասված է հաղորդագրությունում։

Ձայանգրությունն՝ այստեղ

 

Հարցաքննության է հրավիրվել նաև Վայքի գրասենյակի պատասխանատու Վերժինե Ստեփանյանը․ «Ուժեղ Հայաստան» կուսակցության մամուլի քարտուղար

«Ուժեղ Հայաստան» կուսակցության մամուլի քարտուղար Մարիաննա Ղահրամանյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ հարցաքննության է հրավիրվել նաև Վայքի գրասենյակի պատասխանատու Վերժինե Ստեփանյանը։

Ղահրամանյանը նշել է, որ իրավապահները նրան ուղեկցել են Եղեգնաձորի քննչական մարմին՝ անհայտ ու անհասկանալի պատճառներով։

«Սա քաղաքական հետապնդում է ու մեզ ճնշելու փորձ։ Բայց մեր կանայք չեն վախենում հետապնդումներից, «Ուժեղ Հայաստանը» չի վախենում հետապնդումից։ Այս պահին արձանագրում ենք, որ «Ուժեղ Հայաստան» խմբակցության երկու կանանց՝ Գոհար Ղումաշյանի և Վերժինե Ստեփանյանի նկատմամբ իրավական անհասկանալի և ապօրինի գործընթաց է տեղի ունենում»,- նշել է նա։

Գոհար Ղումաշյանի ձերբակալումը Փաշինյանի խուճապի հերթական դրսևորումն է. Կարապետյան

Գոհար Ղումաշյանի ձրբայալումը Փաշինյանի խուճապի հերթական դրսևորումն է․ գրել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանը։

«Փաշինյանը իրավապահներ է ուղարկել՝ բերման ենթարկելու կրծքով կերակրող, բազմազավակ մորը` Ուժեղ Հայաստան կուսակցության անդամ Գոհար Ղումաշյանին։

Փաշինյան, Հայաստանը չի՛ դառնալու Ադրբեջան»։

 

Մեր առաքելությունն Իրանում կշարունակվի մինչև ռեժիմի փոփոխությունը․ Իսրայելի հետախուզության ղեկավար

 Մոսադի ղեկավար Դեյվիդ Բարնեան հայտարարել է Իրանի դեմ արշավի շարունակելու մտադրության մասին։

«Մեր առաքելությունը դեռ չի ավարտվել։ Մենք չէինք սպասում, որ այս առաքելությունը կավարտվի ռազմական գործողությունների ավարտից անմիջապես հետո, բայց մենք նաև պլանավորել էինք, որ մեր արշավը կշարունակվի և կդրսևորվի Թեհրանում տեղի ունեցած հարձակումներից հետո։ Մեր նպատակին կհասնենք միայն այն դեպքում, երբ այս ծայրահեղական ռեժիմը փոխարինվի», – հայտարարել է Բարնեան։

Սա հերթական ցեխոտ, կեղտոտ ոտքերով միջամտությունն է եկեղեցական գործերին․ Արշակ սրբազանը՝ Արման Սարոյանի վերաբերյալ Փաշինյանի որոշման մասին

Այդ մարդուն, որը հեռացված է Եկեղեցուց, ընդգրկել եկեղեցական ծառայության մեջ, նույնն է, որ շարքային ՔՊ-ականին նշանակես ինչ-որ հոգևոր ծառայության։ Նույնն է, ոչ մի տարբերություն չկա։ Հիմա սա հերթական միջամտությունն է, ցեխոտ, կեղտոտ ոտքերով միջամտությունն է եկեղեցական գործերինայսօր լրագրողների հետ զրույցում ասաց Մայր Աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը՝ մեկնաբանելով  Փաշինյանի կողմից կարգալույծ Արման Սարոյանին (նախկին Գևորգ եպիսկոպոսը) «Ներման հարցերի քննարկման խորհրդակցական հանձնաժողովի» անդամ նշանակելը՝ որպես Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ներկայացուցիչ։

ՀՀ վարչապետի 2026 թ. մարտի 27-ի որոշմամբ Արման Սարոյանը նշանակվել է «Ներման հարցերի քննարկման խորհրդակցական հանձնաժողովի» անդամ՝ որպես Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ներկայացուցիչ։

«Սույն նշանակումը, որը կատարված է առանց Հայ Առաքելական Եկեղեցու համաձայնության, անընդունելի է ու անօրինական, ինչպես նաև խախտում է ՀՀ օրենսդրությունը»,- հայտնել էին Մայր Աթոռից։

ԱՄՆ-ն Իրանին ճնշում է՝ համաձայնելու միջուկային գործունեության 20-ամյա մորատորիումին․ The Financial Times

ԱՄՆ-ն ճնշում է գործադրում Իրանի վրա՝ համաձայնելու իր միջուկային գործունեության, այդ թվում՝ ուրանի հարստացման 20-ամյա մորատորիումին: Դա պատերազմն ավարտելու համապարփակ համաձայնագրի հասնելու պայմաններից մեկն է գրում է The Financial Times-ը։

Իսլամաբադում բանակցություններն ավարտվել են նրանով, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը, որը գլխավորում էր ամերիկյան պատվիրակությունը, մեղադրել է իսլամական հանրապետությանը, իր խոսքով, միջուկային զենք երբեք չմշակելու պարտավորության բացակայության համար:

Դիրքորոշումների տարբերությունն ընդգծում է պատերազմող կողմերի միջև առկա հսկայական անջրպետը և այն խոչընդոտները, որոնք պետք է հաղթահարվեն, եթե ԱՄՆ-ն և Իրանը ցանկանում են համաձայնության գալ իրենց ավելի քան 5 շաբաթ տևած պատերազմն ավարտելու համար։

Պակիստանցի դիվանագետը նշել է, որ երկրի ռազմական ղեկավար Ասիմ Մունիրը, որը միջնորդել է շաբաթավերջյան բանակցությունները, «ակտիվորեն աշխատում է ոսկե միջին» գտնելու ուղղությամբ։

FT-ն հաղորդում է, որ ԱՄՆ-ն և Իրանը շարունակում են հաղորդագրություններ փոխանակել միջնորդների միջոցով։ Վերջիններս ձգտում են համոզել կողմերին անցկացնել ավելի ցածր մակարդակի «տեխնիկական բանակցություններ»՝ տարաձայնությունները լուծելու համար, այդ թվում՝ նեղուցի վերաբացման և Իրանի միջուկային ծրագրի շուրջ։

Դիվանագետները հայտնել են, որ երկու կողմերն էլ բանակցությունների մեջ են մտել մաքսիմալիստական դիրքորոշումներով։

Հետագա բանակցությունների մասին հարցին Վենսը պատասխանել է, որ «գնդակը իրականում նրանց դաշտում է»։ Նա կրկնել է, որ Վաշինգտոնը ցանկանում է, որ Թեհրանն իր հարստացված ուրանի պաշարները դուրս բերի հանրապետությունից։

Սակայն Իրանը դա համարում է «կարմիր գիծ»՝ հղում անելով իր իրավունքին՝ որպես չտարածման մասին պայմանագրի ստորագրող կողմ։

Իրանը պնդում է պատժամիջոցների մեղմման և իր արտասահմանյան ակտիվների ապասառեցման վրա՝ որպես ցանկացած համաձայնագրի մաս։