13 տարեկանում՝ 109 հանցագործություն․ աղմկահարույց դեպք Ավստրալիայում

Ավստրալիայում 13-ամյա աղջիկը մեղադրվում է 109 հանցագործություն կատարելու համար․ գրում է The Age-ը։

Մեղադրանքները ներառում են գողություն, մեքենայի առևանգում և հեծանվորդի դիտավորյալ վրաերթ։ Դեպքից երեք րոպե անց դեռահասը Google-ում որոնել է վրաերթի և փախուստի համար նախատեսված ազատազրկման պատժաչափը և նաև հետաքրքրվել, թե որտեղ են ապրում հրեաները, որպեսզի կարողանա հետապնդել նրանց։

Ամենալուրջ հանցագործություններից մեկը տեղի է ունեցել մարտի 30-ին։ Մելբուռնի արվարձանում աղջիկը գողացված մեքենայով փորձել է հարվածել հեծանվորդին․ երկար հետապնդումներից հետո մեքենայով հարվածել է նրան։

Քննիչները նշում են, որ աղջիկը տառապում է «հիմար հայտնիությամբ» և շատ է ուրախանում իր հանցագործությունների համար գրված լրատվական հոդվածների և սոցիալական ցանցերում դիտումների քանակով։

Աղջկա պաշտպանական կողմը պահանջել է գրավի դիմաց ազատ արձակել, սակայն դատարանը մերժել է․ նա կալանքի տակ է։

Փակ և դժվարանցանելի․ի՞նչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։

Սարավան-Զանգեր հատվածը փակ է կցորդով բեռնատարների համար։

Գորիս-Սիսիան-Զանգեր, Տաթև-Լծեն ավտոճանապարհները և «Մեղրու սար» կոչվող հատվածը դժվարանցանելի են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Գյումրի-Բավրա ավտոճանապարհի՝ Ցողամարգ գյուղի հատվածը դժվարանցանելի է կցորդով բեռնատարների համար։

Վարդենյաց լեռնանցքը կցորդով տրանսպորտային միջոցների համար երթևեկելի է անվաշղթաների կիրառման դեպքում։

Վարորդներին հորդորում ենք երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

 

Արաղչին ու Լավրովը քննարկել են ԱՄՆ-Իրան բանակցությունները

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հեռախոսազրույց է ունեցել ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ․ հայտնում են Իրանի ԱԳՆ-ից։

Զրույցի ընթացքում Արաղչին տեղեկացրել է ռուսական կողմին Իսլամաբադում ԱՄՆ-ի հետ կայացած բանակցությունների մասին։

Իրանի ԱԳՆ-ի հայտարարության համաձայն՝ նախարարները նաև քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները։

Դավիթ Մինասյանին «Նաիրի» ԲԿ-ից տարան բանտ․ փաստաբան

18-ամյա Դավիթ Մինասյանին «Նաիրի» ԲԿ-ից տեղափոխել են ՔԿՀ․ Facebook-ում գրել է փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը։

Այլ մանրամասներ պաշտպանը չի հայտնել։

Հիշեցնենք՝ Դավիթ Մինասյանին կալավարեց ապրիլի 1-ին․ նա մարտի 29-ին Սուրբ Աննա եկեղեցում Նիկոլ Փաշինյանի հետ միջադեպի մասնակիցներից մեկն է։ Դպրոցական Դավիթին մեղադրում են «Խուլիգանություն» և «Պաշտոնատար անձի ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելու» համար։

ԱՄՆ-ի հետ բանակցությունները կհանգեցնեն Իսրայելի հետ հրադադարի. Լիբանանի նախագահ

Վաշինգտոնում Լիբանանի և Իսրայելի դեսպանների միջև հանդիպումը ճանապարհ կբացի երկկողմ շփումների համար և կհանգեցնի սահմանին հրադադարի վերաբերյալ նոր համաձայնության․ TACC-ի փոխանցմամբ՝ հայտարարել է Լիբանանի նախագահ Ջոզեֆ Աունը։

«Լիբանանի բանակցային թիմը կբանակցի՝ նպատակ ունենալով դադարեցնել բոլոր ռազմական գործողությունները և իրականացնել գործնական քայլեր՝ հարավային Լիբանանում վիճակը կայունացնելու համար», – ընդգծել է նա։

Աունի խոսքով՝ այժմ հնարավորություն կա ԱՄՆ-ի հովանու ներքո կայուն կարգավորման հասնելու, ինչին Լիբանանը ձգտում է։

Արցախի ԱԺ պատվիրակությունն այցելել է Ֆրանսիայի հայոց թեմ

Արցախի պատվիրակությունն այցելել է Ֆրանսիայի հայոց թեմ․ տեղեկացնում է Արցախի Հանրապետության ազգային ժողովը։

Հայտարարության համաձայն՝ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Դանիելյանի գլխավորած պատվիրակությանն ընդունեց Հայ Առաքելական եկեղեցու Ֆրանսիայի թեմի առաջնորդ Գրիգոր եպիսկոպոս Խաչատրյանը, հանդիպումը տեղի ունեցավ Ֆրանսիայի հայոց թեմի առաջնորդարանում։

Հանդիպման ընթացքում երկուստեք շեշտվեց Արցախի ժողովրդի իրավունքների վերականգնան ուղղությամբ տարվող աշխատանքների կարևորությունը․ նշվեց այդ աշխատանքում միասնական ջանքերի կետրոնացման անհրաժեշտությունը` միջազգային մակարդակում հաջողություններ արձանագրելու համար։

«Մտահոգության առարկա էր Հայ Առաքելական Եկեղեցու դեմ ՀՀ իշխանությունների կողմից սանձազերծված ոտնձգությունները։ ԱՀ Ազգային ժողովի նախագահը շեշտեց, որ Արցախի ժողովուրդն ու իշխանություններն իրենց անվերապահ աջակցությունն են հայտնել Հայ Առաքելական սուրբ եկեղեցուն և այդ մասին տեղեկացրել Ամենայն հայոց կաթողիկոս ՆՍՕՏՏ Գարեգին Բ-ին։

Գրիգոր Սրբազանը պատվիրակությանը ընկերակցեց Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցի և ներկայացրեց եկեղեցու ու Ֆրանսիայի համայնքի պատմությունը»,- ասված է հրապարակման մեջ։

Լիբանանում Իսրայելի հարձակումներից զոհվածների թիվը գերազանցել է 2000-ը

Մարտի 2-ից ի վեր Լիբանանում իսրայելական հարձակումների հետևանքով զոհվել է 2089 մարդ․ Al Jazeera-ի փոխանցմամբ՝ հայտնել է երկրի առողջապահության նախարարությունը։

Նախարարությունից նշել են, որ տուժել է առնվազն 6762 մարդ։

Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Toyota Camry»-ն, «Volkswagen»-ը և «Mercedes Vito»-ն․ կա 5 վիրավոր․ Shamshyan.com

Այսօր՝ ապրիլի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 52 կմ հատվածում բախվել են Շիրակի մարզի բնակիչներ 35-ամյա Բարսեղ Գ․-ի վարած «Toyota Camry» մակնիշի, 58-ամյա Գագիկ Բ․-ի վարած «Volkswagen» մակնիշի և 43-ամյա Էդուարդ Գ․-ի վարած «Mercedes Vito» մակնիշի ավտոմեքենաները․ հայտնում է Shamshyan.com-ը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 5 հոգի տեղափոխվել են «Թալին» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով Թալինի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են ավտոմեքենաների սեփականատերերի և վիրավորների ինքնությունը։

Նախատեսվում է վարորդական վկայականի գործնական քննությանը մասնակցելու ժամկետը դարձնել 2 տարի․ ՆԳ նախարարությունը հանրային քննարկման է դրել նոր նախագիծ

Ներքին գործերի նախարարությունը հանրային քննարկման է դրել Կառավարության որոշման փոփոխությունների նախագիծ, որի նպատակն է վարորդական իրավունքի վկայական ստանալու գործընթացն ավելի ճկուն և արդար դարձնելը։

Այսուհետ մեր քաղաքացիների համար տեսական քննությունը հաջողությամբ հանձնելուց հետո գործնական քննությանը մասնակցելու համար սահմանված առավելագույն ժամկետը մեկ տարվա փոխարեն կդառնա երկու տարի։ Սա հնարավորություն կտա ավելի շատ ժամանակ տրամադրել գործնական քննությանը պատրաստվելուն, ինչպես նաև կմեղմացնի ժամկետային սահմանափակումների խնդիրը։

Նոր կարգով հստակեցվում է նաև տեսական քննության բովանդակությունը․ թեստերում ընդգրկվելու են միայն այն կարգին կամ ենթակարգին վերաբերելի հարցերը, որի համար քաղաքացին հանձնում է քննությունը։ Փոփոխությունը թույլ կտա` քննությունը դարձնել ավելի նպատակային։

Փոփոխությունները հանդիսանում են Ներքին գործերի նախարարության կողմից հանրությանը մատուցվող ծառայությունների որակի բարելավման հանձնառության հերթական դրսևորումը։

Կարգավորման ընդունումը կբարձրացնի վարորդական վկայական ստանալու գործընթացի արդյունավետությունը, քննությունները կկազմակերպվեն ավելի արդար և ճկուն, ինչպես նաև կապահովվի իրավական հստակություն։

Մրգաշեն բնակավայրում հայտնաբերվել է տղամարդու դի. Shamshyan.com

Այսօր՝ ապրիլի 13-ին, սպանություն է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 12։00-ի սահմաններում Եղվարդ քաղաքի շտապօգնությունից ահազանգ է ստացվել, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նաիրի բաժին, որ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Նաիրի խոշորացված համայնքի Մրգաշեն բնակավայրի 1-ին փողոցի 8-րդ նրբանցք, որտեղ հայտնաբերել են տղամարդու դի. հայտում է Shamshyan.com-ը։

Դեպքի մասին ոստիկանության Նաիրիի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա հերթապահ քննիչի գլխավորությամբ։ Տեղում պարզվել է, որ մահացածը Մրգաշեն գյուղի բնակիչ 52-ամյա Արթուր Ավագյանն է։

Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ֆոտոլրագրողի հետ զրույցում ասում էին, որ մահացածի վրա դանակի մի քանի հարվածներ են եղել, ու նա գյուղում հարգված ու համեստ անձնավորություն էր և աշխատում էր որպես ատամնաբույժ։

Դեպքի փաստով Նաիրիի քննչական բաժնում սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն, որի ժամանակ էլ կպարզվի դանակի մե՞կ, թե՞ մի քանի հարվածի հետևանքով է մահացել Ա․ Ավագյանը։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով քրեական և համայնքային ոստիկանները ճշտել են կասկածյալի ինքնությունը և ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ՝ նրանց և հանցագործության գործիք առարկան հայտնաբերելու ուղղությամբ։