Այժմ առավել քան երբևէ անհրաժեշտություն է ազգային միասնությունն ու համազգային շահերին նվիրումը․ Գարեգին Բ

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հուլիսի 30-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Համահոմենըթմենական 13-րդ բանակումի մասնակիցներին․ տեղեկացնում են Մայր Աթոռից։

«Չորս տարին մեկ կազմակերպվող բանակումին այս տարի մասնակցում է շուրջ 900 սկաուտ՝ աշխարհի 26 երկրներից։

Հայոց Հայրապետն ընդգծեց, որ գտնվելով հայրենիքում՝ երիտասարդները հաղորդ են դառնում հայրենի իրականությանը, ծանոթանում հայ ժողովրդի պատմությանը, մշակույթին, հոգևոր ժառանգությանն ու նվիրական սրբություններին և առավել խորությամբ ճանաչում իրենց ինքնությունը։ Նորին Սրբությունը վստահություն հայտնեց, որ Հայաստանում անցկացրած օրերը նրանց համար կդառնան անմոռանալի՝ հարստացած նոր հոգևոր ապրումներով, ջերմ տպավորություններով ու բացահայտումներով։

Իր խոսքում Վեհափառ Հայրապետն ուրախությամբ անդրադարձավ երիտասարդների հայրենասիրական ոգուն, աստվածսիրությանն ու եկեղեցասիրությանը՝ նշելով, որ հենց այդ արժեքներն են ամուր պահում ազգային կյանքը, միավորում աշխարհասփյուռ հայությանը և զորացնում հայ ժողովրդի հավատն ու հույսը ապագայի հանդեպ։

Անդրադառնալով հայ ժողովրդի և հայրենիքի առջև ծառացած մարտահրավերներին՝ Նորին Սրբությունն ընդգծեց, որ ներկա ժամանակներում առավել քան երբևէ անհրաժեշտ են ազգային միասնականությունը, եղբայրասիրությունն ու անսակարկ նվիրումը համազգային շահերին։ Հայոց Հայրապետի խոսքով՝ միայն սիրով, միաբանությամբ և համախմբված ջանքերով հնարավոր կլինի հաղթահարել առկա փորձությունները և կերտել խաղաղ, ապահով ու բարօր հայրենիք»,- ասված է Մայր Աթոռի տարածած հաղորդագրությունում։

 

Ի՞նչ է լինելու «Օլիմպավանում» փաթեթներ վերցրած հաճախորդների հետ

Ավելի քան 20 օր է, ինչ «Օլիմպավան» մարզահամալիրի դռները փակ են։ Աշխատողները և մարզիչները մնացել են առանց աշխատանքի, իսկ հարյուրավոր մարզիկներ ու հաճախորդներ՝ առանց մարզվելու հնարավորության։

Մարզիչների խոսքով՝ մարզահամալիրի փակումը լուրջ հետևանքներ է ունեցել հատկապես երեխաների համար, որոնք զրկվել են պլանավորված մարզումներից և մրցումներից։

MMA մարզաձևի հրահանգիչ Էրիկ Օհանյանն ABC Media-ին հայտնեց, որ հուլիսի 26-ին նախատեսված մրցաշարին «Օլիմպավանը» պետք է մասնակցեր շուրջ 90 սանով, սակայն փակվելուց հետո մասնակցել է ընդամենը 20-ը։

«Տարվա պլանի մեջ կար հուլիսի 26-ի մրցաշարը։ Ծնողները չեն կարողանում երեխաներին տեղափոխել այլ մարզադահլիճներ։ Սաները նորմալ պայմաններում չեն մարզվել. մի օր հավաքականի հետ են պարապել, մի օր՝ բակում, մի օր՝ տնային առաջադրանք ենք ուղարկել, որ վարժությունները կատարեն ու տեսանյութ ուղարկեն։ Փորձում ենք երեխաներին չասել, որ պատճառն «Օլիմպավանն» է, բայց մրցումների եկած 20 երեխաներն էլ պարտվեցին»,- պատմեց հրահանգիչը։

Լողի մարզիչ Կարինե Թանգամյանն էլ ասաց, որ հարյուրավոր երեխաներ գրեթե մեկ ամիս է՝ զրկված են լողի մարզումներից։

«Ցավ եմ ապրում, որ երեխաները չեն կարողանում մարզվել։ Ծնողները վճարել են, աբոնեմենտներ են ձեռք բերել, բայց չեն կարողանում օգտվել իրենց վճարած ծառայությունից։ Ցավալի է նաև ինձ համար, որովհետև ես մնացել եմ անգործ, և չգիտեմ՝ այս իրավիճակը որքան կշարունակվի»,- նշեց լողի մարզիչը։

Նրա խոսքով՝ բազմաթիվ աշխատակիցներ սոցիալական խնդիրների առաջ են կանգնել․ «Օլիմպավանցիները վարկեր ունեն, ընտանիքներ ունեն, բայց այս պահին աշխատանք չունեն, և չգիտեն՝ ինչպես են լուծելու սոցիալական խնդիրները»։

Թանգամյանի խոսքով՝ երեխաները չեն կարող նույնիսկ այլ մարզահամալիր տեղափոխվել, քանի որ ծնողներն արդեն վճարել են «Օլիմպավանի» ծառայությունների համար։

Սոցիալական ցանցերում ևս բազմաթիվ հաճախորդներ են փորձում տեղեկանալ, թե երբ կվերաբացվի մարզահամալիրը, և ինչ ճակատագիր կունենան իրենց վճարած աբոնեմենտները։

«Օլիմպավանի» գլխավոր տնօրենը մեզ հետ զրույցում վստահեցրեց, որ աշխատանքների վերսկսման դեպքում կփորձեն լուծել հաճախորդների խնդիրները։

«Երբ մեզ թույլ տան վերսկսել աշխատանքը, անպայման կլսենք մեր հաճախորդներին, կսառեցնենք փաթեթները և կփորձենք վերականգնել այն օրերը, որոնց ընթացքում մարդիկ չէին կարողացել մարզվել»,- ասաց «Օլիմպավանի» գլխավոր տնօրեն Իշխան Սեդրակյանը։

Թե երբ կբացվեն մարզահամալիրի կապարակնքված դռները, տնօրենը չի կարող ասել։

ABC Media-ն փորձեց պարզաբանում ստանալ նաև Քննչական կոմիտեից՝ հասկանալու, թե երբ են ավարտվելու իրականացվող քննչական գործողությունները, սակայն մեկնաբանություն չհաջողվեց ստանալ։

Մարզիկներն ու մարզիչները ստեղծված վիճակը համեմատում են դպրոց փակելու հետ։

«Պատկերացրեք՝ սեպտեմբերի 1-ից փակեն որևէ դպրոց և աշակերտներին թույլ չտան հաճախել։ Չեմ կարծում՝ աշխարհում կա պետություն, որտեղ դպրոցը կարող են օրերով փակ պահել։ Սա նույնպես ուսուցում է, մարմնի ուսուցում։ Ես ուզում եմ իմանալ պատճառը, որպեսզի կարողանամ բացատրել ծնողին ու երեխային, թե ինչու է մարզահամալիրը փակ»,- ասաց Էրիկ Օհանյանը։

Հիշեցնենք, որ Քննչական կոմիտեի փոխանցմամբ՝ «Օլիմպավանում» իրականացվում են քրեական վարույթի շրջանակում նախատեսված քննչական գործողություններ։ Այլ մանրամասներ կառույցը չի հայտնել։

Մարզահամալիրը փակվել է հուլիսի 6-ին։ Այդ օրը վաղ առավոտյան մարզիկներին դուրս են բերել շենքից, իրականացվել են խուզարկություններ։ Նույն օրը խուզարկություններ էին կատարվում նաև գործարար Գագիկ Ծառուկյանի տանը և տասնյակ այլ հասցեներում։

ԱՄՆ դպրոցներում կկիրառվեն պղպեղային գազով անօդաչուներ՝ ահաբեկիչներին վնասազերծելու համար

ԱՄՆ 3 նահանգի մի շարք դպրոցներ նոր ուսումնական տարին կսկսեն անվտանգության նոր միջոցառումով՝ պղպեղային գազով և ուժեղ թարթող լույսերով (ստրոբոսկոպային լույսեր) հագեցած անօդաչու սարքերով․ գրում է CBS News-ը։

Արտադրողի խոսքով՝ անօդաչուները կարող են ակտիվ հրաձիգի դեմ օգտագործվել վայրկյանների ընթացքում։

Կոլորադո, Ֆլորիդա և Ջորջիա նահանգների մի շարք դպրոցներ կլինեն առաջինը, որ կներդնեն Mithril Defense ընկերության անօդաչու սարքերը։ Ընկերությունը փորձարկում է այս սարքերի հնարավորությունները՝ պարզելու՝ արդյոք դրանք կարող են իրավապահների հետ համատեղ ավելի արդյունավետ արձագանքել դպրոցներում զինված հարձակումներին։

Mithril ընկերության գործադիր տնօրեն Ջասթին Մարսթոնը հայտարարել է, որ անօդաչուները կարող են դպրոցի միջանցքներով թռչել մինչև 80 կմ/ժ արագությամբ՝ կառավարվելով ընկերության` Տեխաս նահանգի Օսթին քաղաքում գտնվող կենտրոնակայանի օպերատորների կողմից։

Մարսթոնի խոսքով՝ դրոնները նախատեսված են 15 վայրկյանի ընթացքում զինված հարձակվողին հայտնաբերելու և տագնապի ազդանշանների, ուժեղ թարթող լույսերի և պղպեղային գազի միջոցով վնասազերծելու համար։

Learning Policy Institute կազմակերպությունը նշում է, որ ԱՄՆ-ի դպրոցներն այժմ տարեկան շուրջ 4 միլիարդ դոլար են ծախսում իրենց շենքերի անվտանգության ամրապնդման համար՝ տեղադրելով մետաղորսիչներ և տեսահսկման համակարգեր։

K-12 School Shooting Database-ի տվյալներով՝ ԱՄՆ-ի դպրոցներում հրաձգությունների թիվը 2023 թվականին հասել է առավելագույն՝ 352 դեպքի, իսկ վերջին 2 տարում դրանց թիվը նվազել է։ Տվյալների համաձայն՝ 1970-80-ականներին ԱՄՆ դպրոցներում տարեկան, որպես կանոն, գրանցվում էր 30-ից պակաս հրաձգության դեպք։

 

Ուկրաինայում անօդաչու թռչող սարքերը հարվածել են ադրբեջանցի նավաստիներ տեղափոխող նավի

Ուկրաինայի Օդեսայի նավահանգստի մոտակայքում անօդաչու թռչող սարքերը հարվածել են ATA-2 բեռնատար նավին, որը տեղափոխում էր ադրբեջանցի նավաստիների․ հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները։

Տեղեկությունների համաձայն՝ Albatros Corporation-ին պատկանող նավը հարձակման է ենթարկվել 3 անօդաչու թռչող սարքով, ինչի հետևանքով լուրջ վնաս է հասցվել։ Այն այժմ ուղևորվում է դեպի Ռումինիայի Սուլինա նավահանգիստ։

Նավում եղել է անձնակազմի 13 անդամ՝ Թուրքիայի 1 քաղաքացի և Ադրբեջանի 12 քաղաքացի։

Նախնական տեղեկությունների համաձայն՝ հարձակման հետևանքով ոչ ոք չի զոհվել կամ վիրավորվել։

 

 

Ամեն ինչ վկայում է այն մասին, որ ռուսական թևավոր հրթիռը հարվածել է Լեհաստանին․ Տուսկ

Հինգշաբթի վաղ առավոտյան Ուկրաինայի վրա Ռուսաստանի վերջին հարձակման ժամանակ օբյեկտ է կործանվել Լեհաստանի արևելքում՝ թողնելով 10 մետր լայնությամբ խառնարան և ցրված բեկորներ. հայտնել են լեհական իշխանությունները։

Politico-ի փոխանցմամբ՝ Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիհան X-ում հայտարարել է, որ դա «ռուսական Kh-101 թևավոր հրթիռ» է, որը խախտել է ՆԱՏՕ-ի օդային տարածքը։

Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը, որը հինգշաբթի առավոտյան այցելել է դեպքի այդ վայր, կարծես, համաձայնել է՝ նշելով, որ Լեհաստանը «պատրաստ էր խոցել հրթիռը, եթե այն շարունակեր թռիչքը»։ Ամեն ինչ ցույց է տալիս, որ դա ռուսական Kh-101 թևավոր հրթիռ է եղել։

Երկրի օպերատիվ հրամանատարության տվյալներով՝ օբյեկտը հայտնաբերվել է Լեհաստանի օդային տարածքով արևմուտք շարժվելիս՝ ժամը 3:40-ին։ F-16 կործանիչ է ուղարկվել այն նույնականացնելու և որսալու համար, սակայն օբյեկտն անհետացել է ռադարներից 6 րոպե անց, նախքան այն կնույնականացվեր։ Հետագայում Մի-24 հարձակողական ուղղաթիռը հայտնաբերել է հավանական վթարի վայրը՝ ուկրաինական սահմանի մոտ գտնվող Լյուբլինի նահանգում։

Ոստիկանությունը մոտակա շենքերից մոտ 2 կիլոմետր հեռավորության վրա գտնվող դաշտում խառնարան և բեկորներ է հայտնաբերել, երբ բնակիչները հայտնել են ուժեղ պայթյունի մասին։ Զոհերի մասին տեղեկություններ չկան։

«Սա ևս մեկ անգամ հստակ ցույց է տալիս, որ Ուկրաինայի օդային պաշտպանության ամրապնդումը հիմա հրատապ է և ծառայում է որպես ամբողջ եվրաատլանտյան համայնքի պաշտպանության երաշխիք», – X-ում գրել է Սիբիհան։

ԵՄ խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան «Ռուսաստանի ագրեսիան» որակել է որպես «սպառնալիք ամբողջ Եվրոպայի անվտանգությանը»։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին սոցցանցերում հաստատել է, որ հարվածների ժամանակ զոհվել է 8 մարդ՝ հավելելով, որ զոհերի թվում են Դնեպրի շրջանում գտնվող 3 երեխա և նրանց ծնողները։ Նա նաև կրկնել է Ուկրաինայի դաշնակիցներին օգնության կոչը։

«Օգնության և հակաբալիստիկ հրթիռների մատակարարման ուշացումները հանգեցնում են այսպիսի ավերածությունների, այսպիսի զոհերի, որոնք, ցավոք, մենք տեսնում ենք այսօր», – գրել է նա։

 

14-ամյա Վահեն գտնվել է – ABCMEDIA

Ժամը 14։45-ի սահմաններում ոստիկաններն ու քաղաքացիները Գառնիում հայտնաբերել են որպես անհետ կորած որոնվող, 2012թ. ծնված Վահե Ապիկյանին․ հայտնում են ՆԳՆ-ից։

«Նրա կյանքին վտանգ չի սպառնում»,- տեղեկացնում են ուժային կառույցից։

Հիշեցնենք, որ 14-ամյա պատանին երեկ՝ հուլիսի 29-ին, տանից դուրս էր եկել ու չէր վերադարձել։

 

Այսօր ագրեսորը կպատժվի․ ԻՀՊԿ-ն խոստացել է պատժել ԱՄՆ-ին

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հուլիսի 30-ին «կպատժի ագրեսորին»՝ Իրանին հարվածելու համար․ գրում է ՌԻԱ Նովոստի-ն՝ ԻՀՊԿ մամուլի ծառայությանը հղումով։

Ավելի վաղ ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) հայտնել էր, որ ԱՄՆ ուժերը հինգշաբթի գիշերն ավարտել են Իրանին ուղղված հարվածների հերթական ալիքը։

«Այսօր ագրեսորը կպատժվի», – ասվում է ԻՀՊԿ-ի հայտարարության մեջ, որը մեջբերել է իրանական Fars լրատվական գործակալությունը։

 

Արմեն Աշոտյանի կալանքի ձևը փոխվել է․ փաստաբան

Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի որոշմամբ՝ Արմեն Աշոտյանի նկատմամբ կիրառված բանտային կալանքը փոխարինվել է տնային կալանքով. Facebook-ի իր էջում հայտնել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։

«Անազատության ռեժիմի փոփոխությունը տեղի կունենա արդեն այսօր»,- նշել է նա։

Մարտունիում արջի քոթոթ է հայտնաբերվել

Վայրի կենդանիների փրկարար կենտրոնի (WRC) մասնագետները Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից (ԲԸՏՄ) ահազանգ են ստացել Մարտունի քաղաքի սեփական տներից մեկում գտնվող արջի քոթոթի մասին․ տեղեկանում ենք կազմակերպության տարածած հաղորդագրությունից։

«Կենտրոնի մասնագետները, տեսուչների ուղեկցությամբ, անմիջապես մեկնել են նշված հասցե։

Ըստ հայտնաբերողների՝ քոթոթին նկատել են Այրիջայի լեռներում, որտեղ կենդանին հայտնվել էր շների հարձակման թիրախում։ Բնակիչները միջամտել են, կենդանուն ազատել վտանգից, ժամանակավորապես տեղափոխել անվտանգ տարածք և կապ հաստատել ԲԸՏՄ տեսուչների հետ»,- ասված է հաղորդագրությունում։

 

Բելառուսի և ՌԴ-ի երկքաղաքացի ներդրողը ծանուցել է ՀՀ-ի դեմ ներդրումային վեճի մասին

Բելառուսի և Ռուսաստանի երկքաղաքացի ներդրող Նիկոլայ Վինիցկին ՀՀ կառավարությանը տրամադրել է արբիտրաժ ներկայացվելիք պահանջների վերաբերյալ ծանուցում՝ պնդելով, որ ՀՀ իշխանությունների գործողությունների հետևանքով խախտվել են Հայաստանում իր ներդրումային իրավունքներն ու տնտեսական շահերը։ Այս մասին տեղեկանում ենք «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանի՝ Facebook-ի անձնական էջում տեղադրված հայտարարությունից, որտեղ մասնավորապես ասված է․

«Բելառուսի և Ռուսաստանի երկքաղաքացի ներդրող պարոն Նիկոլայ Վինիցկին հայտարարել է, որ 2026 թվականի հուլիսի 27-ին Հայաստանի Հանրապետության կառավարությանը ներկայացրել է ներդրումային վեճի մասին ծանուցում՝ պաշտոնապես տեղեկացնելով արբիտրաժ ներկայացվելիք պահանջների մասին՝ ներդրումների պաշտպանության վերաբերյալ հետևյալ երեք միջազգային պայմանագրերի շրջանակում՝

  • 2001 թվականի մայիսի 26-ի՝ Բելառուսի Հանրապետության կառավարության և Հայաստանի Հանրապետության կառավարության միջև ներդրումների իրականացմանն աջակցելու և փոխադարձ պաշտպանության մասին համաձայնագրի,
  • 2001 թվականի սեպտեմբերի 15-ի՝ Ռուսաստանի Դաշնության կառավարության և Հայաստանի Հանրապետության կառավարության միջև կապիտալ ներդրումների խրախուսման և փոխադարձ պաշտպանության մասին համաձայնագրի,Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի։
  • Այս հայցը կարող է դառնալ առաջին վեճերից մեկը, որով Հայաստանի Հանրապետության դեմ պահանջներ կներկայացվեն Եվրասիական տնտեսական միության մասին համաձայնագրի՝ ներդրումների պաշտպանությանը վերաբերող դրույթների հիման վրա՝ ստեղծելով կարևոր նախադեպ Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններում ներդրումների պաշտպանության համար։
  • 2026 թվականի հուլիսի 29-ին Հայաստանի Հանրապետության կառավարությունը պաշտոնապես հաստատել է ծանուցման ստացումը։

Վեճը վերաբերում է պարոն Վինիցկու ներդրումներին և տնտեսական շահերին, որոնք առնչվում են հայկական հետևյալ չորս ընկերություններին (այսուհետ՝ «Ձեռնարկություններ»).

  • «ԱՐԱՐԱՏՑԵՄԵՆՏ» ՓԲԸ,
  • «ՄՈՒԼՏԻ ԳՐՈՒՊ ԿՈՆՑԵՌՆ» ՍՊԸ,
  •  «ՄՈՒԼՏԻ ՎԵԼՆԵՍ ԿԵՆՏՐՈՆ» ՍՊԸ,
  • «ԵՐԵՎԱՆԻ ԱՐԱՐԱՏ ԿՈՆՅԱԿԻ-ԳԻՆՈՒ-ՕՂՈՒ ԳՈՐԾԱՐԱՆ» ԲԲԸ։

Գործը վերաբերում է այն պնդումներին, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը 2026 թվականի հունիսին կայացած խորհրդարանական ընտրություններին նախորդած ժամանակահատվածում և դրանցից հետո իրականացրել է շարունակական բնույթ կրող գործողություններ, որոնց արդյունքում ապօրինաբար բռնագրավել է պարոն Վինիցկու ներդրումները, չի ապահովել դրանց՝ միջազգային իրավունքով պահանջվող պաշտպանությունը և քաղաքական նպատակներով ընդունված անհիմն, կամայական ու խտրական միջոցների կիրառմամբ էականորեն խոչընդոտել դրանց կառավարումը, շահագործումն ու դրանցից օգտվելը։

Գործը նաև վերաբերում է այն պնդումներին, որ երկարատև ժամանակահատվածում իրավապահ մարմինները, դատական իշխանությունը և տեղական ինքնակառավարման մարմինները, գործելով համակարգված կերպով և գործադիր իշխանության կողմից տրված ցուցումների հիման վրա, իրականացրել են գործողություններ՝ ուղղված Ձեռնարկությունների նկատմամբ վերահսկողություն հաստատելուն։ Ձեռնարկությունների հիմնական բաժնետեր պարոն Գագիկ Ծառուկյանը, որը նաև պարոն Վինիցկու գործարար գործընկերն է, ինչպես նաև Ձեռնարկությունների ղեկավարության անդամները, ձերբակալվել են, մինչդեռ իշխանությունների ձեռնարկած միջոցառումները կաթվածահար են արել Ձեռնարկությունների գործունեությունը։ Ձեռնարկությունները Հայաստանի խոշորագույն գործատուներից և հարկատուներից են։

Ներդրողը Կառավարությանը կոչ է արել ձեռնպահ մնալ ցանկացած հետագա գործողությունից, որը կհանգեցնի Ձեռնարկությունների բռնագրավմանը կամ այլ կերպ կխաթարի պարոն Վինիցկու իրավունքներն ու տնտեսական շահերը։ Նա նաև պահանջել է, որ Կառավարությունը վերականգնի նախկին իրավական և փաստացի վիճակը, այդ թվում՝ Ձեռնարկությունների կառավարումն ու վերահսկողությունը վերադարձնելով դրանց օրինական բաժնետերերին և կառավարման մարմիններին, ձեռնպահ մնալով հայտարարված ազգայնացման միջոցառումների իրականացումից և հնարավորություն ընձեռելով Ձեռնարկություններին վերսկսել իրենց բնականոն տնտեսական գործունեությունը՝ առանց պետական կամ քաղաքական միջամտության։

Ծանուցմամբ Հայաստանի Հանրապետությանը առաջարկվում է վեճը կարգավորել բանակցությունների միջոցով։ Միաժամանակ, դրանում արձանագրվում է պարոն Վինիցկու կողմից Հայաստանի Հանրապետության՝ արբիտրաժին տրված համաձայնության ընդունումը ներդրողի կողմից՝ կիրառելի երեք միջազգային համաձայնագրերի շրջանակում։

Եթե վեճը հնարավոր չլինի կարգավորել բանակցությունների միջոցով, պարոն Վինիցկին մտադիր է հարուցել միջազգային ներդրումային արբիտրաժային վարույթ՝ պահանջելով ամբողջական փոխհատուցում Հայաստանի Հանրապետության կողմից կիրառելի ներդրումային համաձայնագրերով և Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրով ստանձնած պարտավորությունների խախտմամբ իրեն պատճառված վնասների համար։

Նիկոլայ Վինիցկի»։