Շիրակում բախվել են մարդատար մեքենան ու կոմբայնը․ վարորդներին ոչինչ չի եղել, տուժել է 75-ամյա ուղևորը

Այսօր՝ հուլիսի 30-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում. գրում է shamshyan.com-ը։

«Ժամը 14:30-ի սահմաններում Գյումրի-Երևան ավտոճանապարհի 14-րդ կմ հատվածում բախվել են Շիրակի մարզի բնակիչներ 42-ամյա Ռոբերտ Ե․-ի վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան և 48-ամյա Սմբատ Բ․-ի վարած կոմբայնը։

Վթարի հետևանքով «Opel Astra»-ի ուղևոր 75-ամյա Մարիետա Չ․-ն «Ձախ հոնքի բաց վերք, ԳՈՒՎ հարցական» ախտորոշմամբ տեղափոխվել է «Գյումրի» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ»,- նշում է կայքը։

 

Գանայում սգում են՝ մահացել է երկրի ամենաբարձրահասակ մարդը

Գանայում սգում են․ 33 տարեկանում մահացել է երկրի ամենաբարձրահասակ մարդը՝ հազվագյուտ գենետիկ հիվանդության հետևանքների դեմ երկարատև պայքարից հետո․ հայտնում է բրիտանական BBC-ն։

Սուլեյմանա Աբդուլ Սամեդը, որն առավել հայտնի է Ավուչե մականունով, մահացել է երկուշաբթի օրը։ Պատճառը ոտքի խոցի վարակն է եղել։

Հարազատները լրագրողներին պատմել են մահացածի անհավանական բարության մասին։ Նրանցից մեկը՝ Սուլեմանա Աբդուլ Կուդուսը, նշել է, որ նույնիսկ իր մահից հետո մարդիկ շարունակում են այցելել տուն՝ պարզելու տեղի ունեցածի հանգամանքները։
Ընտանիքի խոսքով՝ Ավուչեն իսկական հռչակ է բերել իր հեռավոր Գամբագա գյուղին։ Ուր էլ որ նա այցելել է, երբ հիշատակվել է իր հայրենի գյուղը, մարդիկ անմիջապես հիշել են, որ այն երկրի ամենաբարձրահասակ բնակչի ծննդավայրն է։

Տղամարդը տառապում էր Մարֆանի համախտանիշով։ Այս վիճակն ազդում է շարակցական հյուսվածքի վրա՝ առաջացնելով աննորմալ աճ, վերջույթների երկարացում և սրտի լուրջ խնդիրներ։

Նրա իրական հասակը որոշելու պատմությունը երկար ժամանակ վիճելի է եղել։ 2023 թվականին, համապատասխան սարքավորումների բացակայության պատճառով, հիվանդանոցի անձնակազմը նրա հասակը գնահատել է 2.9 մետր, ինչը նրան կդարձներ պատմության մեջ ամենաբարձրահասակ մարդը։ Սակայն, ավելի ուշ գյուղ այցելած լրագրողները չափել են տղամարդու հասակը սովորական չափիչ ժապավենով, և չափումները շատ ավելի համեստ են եղել՝ մոտ 2.2 մետր։ Դատելով լուսանկարներից՝ թվում է, թե լրագրողների չափումները մոտ էին ճշմարտությանը։

Սամեդի խոսքով՝ իր հանկարծակի կտրուկ աճը սկսվել է միայն 20 տարեկանում։

Իր հասակը վերջ է դրել վարորդ դառնալու և ֆուտբոլ խաղալու նրա ծրագրերին։ Բժշկական օգնություն ստանալու դժվարությունը սրել է իրավիճակը, մինչև որ, ըստ լրատվամիջոցների հաղորդագրությունների, Գանայի նախագահ Ջոն Մահամայի եղբայրը չի հոգացել նրա բուժման ծախսերը։

Հայտնի է՝ Վեհափառի և վեց եպիսկոպոսների գործով առաջին նիստի օրը

Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ներսիսյանի և վեց եպիսկոպոսների (արքեպիսկոպոսների) վերաբերյալ քրեական գործը հանձնվել է Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան և մակագրվել դատավոր Հակոբ Մանուկյանին․ տեղեկացնում է փաստաբան Արա Զոհրաբյանը։

«Այսօր հայտնի է դարձել, որ նախնական դատալսումների առաջին նիստը նշանակվել է 2026թ. օգոստոսի 7-ին՝ ժամը 16:00-ին, Էջմիածին քաղաքում (Էջմիածին, Սբ. Գրիգոր Լուսավորչի փող., 15 շենք, թիվ 1 դահլիճ):

Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեղադրվում է այն արարքի համար, որ նա, լինելով նաև Գերագույն Հոգևոր Խորհրդի նախագահ, իր ծառայողական լիազորություններն օգտագործելով, իբրև խոչընդոտել է օրինական ուժի մեջ մտած դատական այլ ակտի՝ «Հայցի ապահովման միջոց կիրառելու մասին միջնորդությունը բավարարելու» վերաբերյալ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր Էդգար Հովհաննիսյանի) որոշման կատարմանը:

Այդպիսի խոչընդոտում է համարվել Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ Արման Վոլոդիայի Սարոյանին կարգալույծ հռչակելու վերաբերյալ Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից ընդունված տնօրինությունը:

Միջազգային և ներպետական օրենսդրությամբ Հայ Առաքեալական Սուրբ Եկեղեցու ներքին գործերին չմիջամտելու պարտավորություն ունեցող պետության մեջ իշխանությունը մեղադրյալի կարգավիճակ է շնորհել Հայոց Հայրապետին՝ եկեղեցական գործառույթ իրականացնելու համար:

Սա պատմական ամոթալի իրադարձություն է։

Վերջին հարյուր տարվա ընթացքում սա երկրորդ դեպքն է, երբ պետական իշխանությունը քրեական կամ բռնի ճնշման թիրախ է դարձնում Ամենայն Հայոց Կաթողիկոսին։

Առաջին նման դեպքը կապված էր Ամենայն Հայոց Կաթողիկոս Խորեն Ա Մուրադբեկյանի հետ: Նա խորհրդային հակաեկեղեցական բռնաճնշումների տարիներին գործել է աննախադեպ ճնշումների պայմաններում, իսկ 1938 թվականի ապրիլի 6-ին Պետանվտանգության գործակալները Խորեն Ա Մուրադբեկյանին խեղդամահ են արել:

2018 թվականից ի վեր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու նկատմամբ իրականացված քայլերը, ձևավորել են եկեղեցու նկատմամբ շարունակական պետական ճնշումների պատկեր, որոնց թվում են՝

  • եպիսկոպոսների դիվանագիտական անձնագրերի չեղարկումը (2018 թ.),
  • Ամենայն Հայոց Կաթողիկոսին ուղեկցող պետական ոստիկանական պահպանության դադարեցումը (2020 թ.),
  • «Հայ եկեղեցու պատմություն» առարկայի դուրսբերումը հանրակրթական առանձին ուսումնական ծրագրից (2020 թ.),
  • քրեակատարողական հիմնարկներում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հոգևոր ծառայության դադարեցումը (2024 թ.),
  • զինված ուժերում եկեղեցու ինստիտուցիոնալ ներկայության էական սահմանափակումները և Հայ Առաքեալական Սուրբ Եկեղեցուն բանակից հեռացնելը (2024–2025 թթ.),
  • Անմահ և Սուրբ Պատարագների խմբագրման փորձերը (2025–2026 թթ.),
  • Ամենայն Հայոց Կաթողիկոսին փոխելու և նրա լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ հրապարակային քաղաքական նախաձեռնությունների մեկնարկը (2025–2026 թթ.),
  • բարձրաստիճան հոգևորականների նկատմամբ քրեական հետապնդումների և սահմանափակող միջոցների կիրառումը (2025–2026 թթ.),
  • և այժմ՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսի և վեց եպիսկոպոսների նկատմամբ քրեական հետապնդումները (2026 թ.)։

Անկախ քաղաքական հայացքներից և իրավական գնահատականներից, ակնհայտ է, որ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ինստիտուտը Հայաստանի պատմության, ազգային ինքնության և պետականության հիմնասյուներից են։ Այդ պատճառով նրանց շուրջ ծավալվող ցանկացած գործընթաց դուրս է մեկ քրեական գործի շրջանակներից և ունի պատմական, սահմանադրական ու ազգային նշանակություն։

Պատմությունը ցույց է տալիս, որ եկեղեցու և նրա առաջնորդների նկատմամբ ճնշումները երբեք չեն եղել միայն անձի դեմ ուղղված գործողություններ. դրանք միշտ անդրադարձել են նաև ազգային համերաշխությանը, հասարակական վստահությանը և պետականության հիմքերին։

Ցավալի է, որ իշխանությունների այս գործողությունների համար պատասխան է տալու ամբողջ հայ ազգը»,- նշել է Զոհրաբյանը։

Առուշ Առուշանյանի պատիժը չի փոխարինվի ազատազրկմամբ. դատարանը մերժել է դատախազության բողոքը. «ՓաստԻնֆո»

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի պատիժն ազատազրկմամբ չի փոխարինվի։ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը՝ դատավոր Ժենյա Մելիքսեթյանի նախագահությամբ, մերժել է դատախազության վերաքննիչ բողոքը՝ անփոփոխ թողնելով առաջին ատյանի դատարանի որոշումը. գրում է «ՓաստԻնֆո»-ն։

«Հակակոռուպցիոն դատարանը՝ դատավոր Տիգրան Դավթյանի նախագահությամբ, մերժել էր Պրոբացիայի ծառայության միջնորդությունը, որով կառույցը պահանջում էր Առուշ Առուշանյանի նկատմամբ կիրառված պատիժը փոխարինել ազատազրկմամբ։ Դատարանի այդ որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազությունը վերաքննիչ բողոք էր ներկայացրել Հակակոռուպցիոն վերաքննիչ դատարան։

Նշենք, որ Առուշ Առուշանյանի պատժի փոփոխման հարցն արդեն ավելի քան երկու տարի է, ինչ գտնվում է դատական քննության փուլում։

Մասնավորապես, Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Գնել Գասպարյանի նախագահությամբ, 2022 թվականի մարտի 28-ին հրապարակած վճռով Առուշ Առուշանյանին արդարացրել էր ընտրական հանցագործության դրվագով, իսկ մյուս դրվագով ճանաչել մեղավոր և դատապարտել 1 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման։ Հաշվակցելով նրա՝ ութ ամիս արգելանքի տակ գտնվելու ժամկետը՝ դատարանը վերջնական պատիժ էր սահմանել 6 ամիս ազատազրկում, որը պայմանականորեն չէր կիրառվել։ Առուշանյանի նկատմամբ սահմանվել էր նաև 1,5 տարվա փորձաշրջան, նշանակվել տուգանք և 5 տարի ժամկետով ՏԻՄ ղեկավար պաշտոն զբաղեցնելու իրավունքից զրկելու պատիժ։ Վճիռը բողոքարկվելուց հետո մտել էր օրինական ուժի մեջ։

Այնուհետև Պրոբացիայի ծառայությունը դիմել էր Գորիսի ավագանուն՝ Առուշանյանի լիազորությունները դադարեցնելու հարցով, սակայն ավագանին մերժել էր միջնորդությունը՝ արձանագրելով, որ այդ հարցը չի բխում իր լիազորություններից։ Դրանից հետո ԱՆ Պրոբացիայի ծառայության Սյունիքի մարզային մարմնում կազմվել էր արձանագրություն՝ պատժից խուսափելու վերաբերյալ, և դատարան էր ներկայացվել միջնորդություն՝ 5 տարի ժամկետով ՏԻՄ ղեկավար պաշտոն զբաղեցնելու իրավունքից զրկելու պատիժը ազատազրկմամբ փոխարինելու, ինչպես նաև պայմանականորեն չկիրառելու որոշումը վերացնելու վերաբերյալ։
Միաժամանակ Առուշ Առուշանյանը վիճարկել էր Պրոբացիայի ծառայության գործողությունների իրավաչափությունը, սակայն դատարանը մերժել էր նրա բողոքը։ Այդ դատական ակտի դեմ ներկայացված վերաքննիչ բողոքը նույնպես քննվել էր գրավոր ընթացակարգով և մերժվել»,- նշում է լրատվամիջոցը։

Հրապարակումն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուրում։

 

 

Այժմ առավել քան երբևէ անհրաժեշտություն է ազգային միասնությունն ու համազգային շահերին նվիրումը․ Գարեգին Բ

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հուլիսի 30-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Համահոմենըթմենական 13-րդ բանակումի մասնակիցներին․ տեղեկացնում են Մայր Աթոռից։

«Չորս տարին մեկ կազմակերպվող բանակումին այս տարի մասնակցում է շուրջ 900 սկաուտ՝ աշխարհի 26 երկրներից։

Հայոց Հայրապետն ընդգծեց, որ գտնվելով հայրենիքում՝ երիտասարդները հաղորդ են դառնում հայրենի իրականությանը, ծանոթանում հայ ժողովրդի պատմությանը, մշակույթին, հոգևոր ժառանգությանն ու նվիրական սրբություններին և առավել խորությամբ ճանաչում իրենց ինքնությունը։ Նորին Սրբությունը վստահություն հայտնեց, որ Հայաստանում անցկացրած օրերը նրանց համար կդառնան անմոռանալի՝ հարստացած նոր հոգևոր ապրումներով, ջերմ տպավորություններով ու բացահայտումներով։

Իր խոսքում Վեհափառ Հայրապետն ուրախությամբ անդրադարձավ երիտասարդների հայրենասիրական ոգուն, աստվածսիրությանն ու եկեղեցասիրությանը՝ նշելով, որ հենց այդ արժեքներն են ամուր պահում ազգային կյանքը, միավորում աշխարհասփյուռ հայությանը և զորացնում հայ ժողովրդի հավատն ու հույսը ապագայի հանդեպ։

Անդրադառնալով հայ ժողովրդի և հայրենիքի առջև ծառացած մարտահրավերներին՝ Նորին Սրբությունն ընդգծեց, որ ներկա ժամանակներում առավել քան երբևէ անհրաժեշտ են ազգային միասնականությունը, եղբայրասիրությունն ու անսակարկ նվիրումը համազգային շահերին։ Հայոց Հայրապետի խոսքով՝ միայն սիրով, միաբանությամբ և համախմբված ջանքերով հնարավոր կլինի հաղթահարել առկա փորձությունները և կերտել խաղաղ, ապահով ու բարօր հայրենիք»,- ասված է Մայր Աթոռի տարածած հաղորդագրությունում։

 

Ի՞նչ է լինելու «Օլիմպավանում» փաթեթներ վերցրած հաճախորդների հետ

Ավելի քան 20 օր է, ինչ «Օլիմպավան» մարզահամալիրի դռները փակ են։ Աշխատողները և մարզիչները մնացել են առանց աշխատանքի, իսկ հարյուրավոր մարզիկներ ու հաճախորդներ՝ առանց մարզվելու հնարավորության։

Մարզիչների խոսքով՝ մարզահամալիրի փակումը լուրջ հետևանքներ է ունեցել հատկապես երեխաների համար, որոնք զրկվել են պլանավորված մարզումներից և մրցումներից։

MMA մարզաձևի հրահանգիչ Էրիկ Օհանյանն ABC Media-ին հայտնեց, որ հուլիսի 26-ին նախատեսված մրցաշարին «Օլիմպավանը» պետք է մասնակցեր շուրջ 90 սանով, սակայն փակվելուց հետո մասնակցել է ընդամենը 20-ը։

«Տարվա պլանի մեջ կար հուլիսի 26-ի մրցաշարը։ Ծնողները չեն կարողանում երեխաներին տեղափոխել այլ մարզադահլիճներ։ Սաները նորմալ պայմաններում չեն մարզվել. մի օր հավաքականի հետ են պարապել, մի օր՝ բակում, մի օր՝ տնային առաջադրանք ենք ուղարկել, որ վարժությունները կատարեն ու տեսանյութ ուղարկեն։ Փորձում ենք երեխաներին չասել, որ պատճառն «Օլիմպավանն» է, բայց մրցումների եկած 20 երեխաներն էլ պարտվեցին»,- պատմեց հրահանգիչը։

Լողի մարզիչ Կարինե Թանգամյանն էլ ասաց, որ հարյուրավոր երեխաներ գրեթե մեկ ամիս է՝ զրկված են լողի մարզումներից։

«Ցավ եմ ապրում, որ երեխաները չեն կարողանում մարզվել։ Ծնողները վճարել են, աբոնեմենտներ են ձեռք բերել, բայց չեն կարողանում օգտվել իրենց վճարած ծառայությունից։ Ցավալի է նաև ինձ համար, որովհետև ես մնացել եմ անգործ, և չգիտեմ՝ այս իրավիճակը որքան կշարունակվի»,- նշեց լողի մարզիչը։

Նրա խոսքով՝ բազմաթիվ աշխատակիցներ սոցիալական խնդիրների առաջ են կանգնել․ «Օլիմպավանցիները վարկեր ունեն, ընտանիքներ ունեն, բայց այս պահին աշխատանք չունեն, և չգիտեն՝ ինչպես են լուծելու սոցիալական խնդիրները»։

Թանգամյանի խոսքով՝ երեխաները չեն կարող նույնիսկ այլ մարզահամալիր տեղափոխվել, քանի որ ծնողներն արդեն վճարել են «Օլիմպավանի» ծառայությունների համար։

Սոցիալական ցանցերում ևս բազմաթիվ հաճախորդներ են փորձում տեղեկանալ, թե երբ կվերաբացվի մարզահամալիրը, և ինչ ճակատագիր կունենան իրենց վճարած աբոնեմենտները։

«Օլիմպավանի» գլխավոր տնօրենը մեզ հետ զրույցում վստահեցրեց, որ աշխատանքների վերսկսման դեպքում կփորձեն լուծել հաճախորդների խնդիրները։

«Երբ մեզ թույլ տան վերսկսել աշխատանքը, անպայման կլսենք մեր հաճախորդներին, կսառեցնենք փաթեթները և կփորձենք վերականգնել այն օրերը, որոնց ընթացքում մարդիկ չէին կարողացել մարզվել»,- ասաց «Օլիմպավանի» գլխավոր տնօրեն Իշխան Սեդրակյանը։

Թե երբ կբացվեն մարզահամալիրի կապարակնքված դռները, տնօրենը չի կարող ասել։

ABC Media-ն փորձեց պարզաբանում ստանալ նաև Քննչական կոմիտեից՝ հասկանալու, թե երբ են ավարտվելու իրականացվող քննչական գործողությունները, սակայն մեկնաբանություն չհաջողվեց ստանալ։

Մարզիկներն ու մարզիչները ստեղծված վիճակը համեմատում են դպրոց փակելու հետ։

«Պատկերացրեք՝ սեպտեմբերի 1-ից փակեն որևէ դպրոց և աշակերտներին թույլ չտան հաճախել։ Չեմ կարծում՝ աշխարհում կա պետություն, որտեղ դպրոցը կարող են օրերով փակ պահել։ Սա նույնպես ուսուցում է, մարմնի ուսուցում։ Ես ուզում եմ իմանալ պատճառը, որպեսզի կարողանամ բացատրել ծնողին ու երեխային, թե ինչու է մարզահամալիրը փակ»,- ասաց Էրիկ Օհանյանը։

Հիշեցնենք, որ Քննչական կոմիտեի փոխանցմամբ՝ «Օլիմպավանում» իրականացվում են քրեական վարույթի շրջանակում նախատեսված քննչական գործողություններ։ Այլ մանրամասներ կառույցը չի հայտնել։

Մարզահամալիրը փակվել է հուլիսի 6-ին։ Այդ օրը վաղ առավոտյան մարզիկներին դուրս են բերել շենքից, իրականացվել են խուզարկություններ։ Նույն օրը խուզարկություններ էին կատարվում նաև գործարար Գագիկ Ծառուկյանի տանը և տասնյակ այլ հասցեներում։

ԱՄՆ դպրոցներում կկիրառվեն պղպեղային գազով անօդաչուներ՝ ահաբեկիչներին վնասազերծելու համար

ԱՄՆ 3 նահանգի մի շարք դպրոցներ նոր ուսումնական տարին կսկսեն անվտանգության նոր միջոցառումով՝ պղպեղային գազով և ուժեղ թարթող լույսերով (ստրոբոսկոպային լույսեր) հագեցած անօդաչու սարքերով․ գրում է CBS News-ը։

Արտադրողի խոսքով՝ անօդաչուները կարող են ակտիվ հրաձիգի դեմ օգտագործվել վայրկյանների ընթացքում։

Կոլորադո, Ֆլորիդա և Ջորջիա նահանգների մի շարք դպրոցներ կլինեն առաջինը, որ կներդնեն Mithril Defense ընկերության անօդաչու սարքերը։ Ընկերությունը փորձարկում է այս սարքերի հնարավորությունները՝ պարզելու՝ արդյոք դրանք կարող են իրավապահների հետ համատեղ ավելի արդյունավետ արձագանքել դպրոցներում զինված հարձակումներին։

Mithril ընկերության գործադիր տնօրեն Ջասթին Մարսթոնը հայտարարել է, որ անօդաչուները կարող են դպրոցի միջանցքներով թռչել մինչև 80 կմ/ժ արագությամբ՝ կառավարվելով ընկերության` Տեխաս նահանգի Օսթին քաղաքում գտնվող կենտրոնակայանի օպերատորների կողմից։

Մարսթոնի խոսքով՝ դրոնները նախատեսված են 15 վայրկյանի ընթացքում զինված հարձակվողին հայտնաբերելու և տագնապի ազդանշանների, ուժեղ թարթող լույսերի և պղպեղային գազի միջոցով վնասազերծելու համար։

Learning Policy Institute կազմակերպությունը նշում է, որ ԱՄՆ-ի դպրոցներն այժմ տարեկան շուրջ 4 միլիարդ դոլար են ծախսում իրենց շենքերի անվտանգության ամրապնդման համար՝ տեղադրելով մետաղորսիչներ և տեսահսկման համակարգեր։

K-12 School Shooting Database-ի տվյալներով՝ ԱՄՆ-ի դպրոցներում հրաձգությունների թիվը 2023 թվականին հասել է առավելագույն՝ 352 դեպքի, իսկ վերջին 2 տարում դրանց թիվը նվազել է։ Տվյալների համաձայն՝ 1970-80-ականներին ԱՄՆ դպրոցներում տարեկան, որպես կանոն, գրանցվում էր 30-ից պակաս հրաձգության դեպք։

 

Ուկրաինայում անօդաչու թռչող սարքերը հարվածել են ադրբեջանցի նավաստիներ տեղափոխող նավի

Ուկրաինայի Օդեսայի նավահանգստի մոտակայքում անօդաչու թռչող սարքերը հարվածել են ATA-2 բեռնատար նավին, որը տեղափոխում էր ադրբեջանցի նավաստիների․ հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները։

Տեղեկությունների համաձայն՝ Albatros Corporation-ին պատկանող նավը հարձակման է ենթարկվել 3 անօդաչու թռչող սարքով, ինչի հետևանքով լուրջ վնաս է հասցվել։ Այն այժմ ուղևորվում է դեպի Ռումինիայի Սուլինա նավահանգիստ։

Նավում եղել է անձնակազմի 13 անդամ՝ Թուրքիայի 1 քաղաքացի և Ադրբեջանի 12 քաղաքացի։

Նախնական տեղեկությունների համաձայն՝ հարձակման հետևանքով ոչ ոք չի զոհվել կամ վիրավորվել։

 

 

Ամեն ինչ վկայում է այն մասին, որ ռուսական թևավոր հրթիռը հարվածել է Լեհաստանին․ Տուսկ

Հինգշաբթի վաղ առավոտյան Ուկրաինայի վրա Ռուսաստանի վերջին հարձակման ժամանակ օբյեկտ է կործանվել Լեհաստանի արևելքում՝ թողնելով 10 մետր լայնությամբ խառնարան և ցրված բեկորներ. հայտնել են լեհական իշխանությունները։

Politico-ի փոխանցմամբ՝ Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիհան X-ում հայտարարել է, որ դա «ռուսական Kh-101 թևավոր հրթիռ» է, որը խախտել է ՆԱՏՕ-ի օդային տարածքը։

Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը, որը հինգշաբթի առավոտյան այցելել է դեպքի այդ վայր, կարծես, համաձայնել է՝ նշելով, որ Լեհաստանը «պատրաստ էր խոցել հրթիռը, եթե այն շարունակեր թռիչքը»։ Ամեն ինչ ցույց է տալիս, որ դա ռուսական Kh-101 թևավոր հրթիռ է եղել։

Երկրի օպերատիվ հրամանատարության տվյալներով՝ օբյեկտը հայտնաբերվել է Լեհաստանի օդային տարածքով արևմուտք շարժվելիս՝ ժամը 3:40-ին։ F-16 կործանիչ է ուղարկվել այն նույնականացնելու և որսալու համար, սակայն օբյեկտն անհետացել է ռադարներից 6 րոպե անց, նախքան այն կնույնականացվեր։ Հետագայում Մի-24 հարձակողական ուղղաթիռը հայտնաբերել է հավանական վթարի վայրը՝ ուկրաինական սահմանի մոտ գտնվող Լյուբլինի նահանգում։

Ոստիկանությունը մոտակա շենքերից մոտ 2 կիլոմետր հեռավորության վրա գտնվող դաշտում խառնարան և բեկորներ է հայտնաբերել, երբ բնակիչները հայտնել են ուժեղ պայթյունի մասին։ Զոհերի մասին տեղեկություններ չկան։

«Սա ևս մեկ անգամ հստակ ցույց է տալիս, որ Ուկրաինայի օդային պաշտպանության ամրապնդումը հիմա հրատապ է և ծառայում է որպես ամբողջ եվրաատլանտյան համայնքի պաշտպանության երաշխիք», – X-ում գրել է Սիբիհան։

ԵՄ խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան «Ռուսաստանի ագրեսիան» որակել է որպես «սպառնալիք ամբողջ Եվրոպայի անվտանգությանը»։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին սոցցանցերում հաստատել է, որ հարվածների ժամանակ զոհվել է 8 մարդ՝ հավելելով, որ զոհերի թվում են Դնեպրի շրջանում գտնվող 3 երեխա և նրանց ծնողները։ Նա նաև կրկնել է Ուկրաինայի դաշնակիցներին օգնության կոչը։

«Օգնության և հակաբալիստիկ հրթիռների մատակարարման ուշացումները հանգեցնում են այսպիսի ավերածությունների, այսպիսի զոհերի, որոնք, ցավոք, մենք տեսնում ենք այսօր», – գրել է նա։

 

14-ամյա Վահեն գտնվել է – ABCMEDIA

Ժամը 14։45-ի սահմաններում ոստիկաններն ու քաղաքացիները Գառնիում հայտնաբերել են որպես անհետ կորած որոնվող, 2012թ. ծնված Վահե Ապիկյանին․ հայտնում են ՆԳՆ-ից։

«Նրա կյանքին վտանգ չի սպառնում»,- տեղեկացնում են ուժային կառույցից։

Հիշեցնենք, որ 14-ամյա պատանին երեկ՝ հուլիսի 29-ին, տանից դուրս էր եկել ու չէր վերադարձել։