Նիկոլ Փաշինյանի՝ Մոսկվա այցի ժամկետները դեռ համաձայնեցված չեն։
«Դեռ ամսաթիվը հստակ համաձայնեցված չէ։ Կա պայմանավորվածություն, որ նման այց տեղի կունենա մոտ ժամանակներս»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Նիկոլ Փաշինյանի՝ Մոսկվա այցի ժամկետները դեռ համաձայնեցված չեն։
«Դեռ ամսաթիվը հստակ համաձայնեցված չէ։ Կա պայմանավորվածություն, որ նման այց տեղի կունենա մոտ ժամանակներս»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Ես չեմ տեսնում Թուրքիայից ՀՀ ինքնիշխանությանը վտանգ, ռուսական ռազմաբազայի ներկայությունը Թուրքիայի հետ չեմ ուզում կապել»,- ասել է ԱԽՔ Ալեն Սիմոնյանը։
Նրա խոսքով՝ օգոստոսի 8-ից հետո Հայաստանի համար որևէ վտանգ չի տեսնում, իսկ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության բացակայության պայմաններում տարածաշրջանում փոխվել են նաև տնտեսական ու քաղաքական հարաբերությունները։
Սիմոնյանը նշել է, որ փոխվում են նաև Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները, քանի որ Ռուսաստանում ևս շատ բան է փոխվել։ Նրա խոսքով՝ Հայաստանը որևէ հանդիպման ժամանակ «ռազմաբազա» բառը չի օգտագործել, մինչդեռ այդ արտահայտությունը հնչել է Ռուսաստանի կողմից։
«Եթե իրենք ուզում են, կարող են լքել, եթե ուզում են, կարող են մնալ»,- նշել է Սիմոնյանը՝ հավելելով, որ Հայաստանի դիրքորոշումը վարչապետը ներկայացրել է։
Հայաստանից Ադրբեջան ալյումինե փայլաթիթեղ է արտահանվել։ Այս մասին Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
«Ալյումինե փայլաթիթեղ է արտահանվել»,- ասաց Պապոյանը՝ չմանրամասնելով մատակարարման ծավալը։
Հարցին՝ նախատեսվո՞ւմ է Հայաստանից այլ ապրանքներ ևս արտահանել Ադրբեջան, նախարարը կարճ պատասխանեց․ «Տեսնենք»։
Խուզարկություն է իրականացվում «Առինջ մոլ»-ի տնօրեն Ալիկ Նազարյանի տանը: Այս մասին հայտնել են Քննչական կոմիտեից:
«Առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարվում են անհրաժեշտ քննչական և վարութային գործողություններ»,- նշել են Կոմիտեից:
Նշենք՝ Ալիկ Նազարյանը կալանավորված է:
Սեպտեմբերի 24-ին դեռևս չպարզված հանգամանքներում պայթյունի հետևանքով մահացել է պայմանագրային զինծառայող Դ. Կ.-ն (զինծառայողի ընտանիքը սահմանված կարգով տեղեկացված է):
Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն:
Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին։
ՀՀ վարչապետի աշխատակազմի արտասահմանյան գործուղումների ծախսերի համար լրացուցիչ 94 մլն 622,1 հազար դրամ կհատկացվի։ Համապատասխան որոշումն ընդունվեց կառավարության այսօրվա նիստին։
Նշվում է, որ գումարը կտրամադրվի ոչ թե պետական բյուջեի ծախսերն ավելացնելու, այլ վարչապետի աշխատակազմի այլ ծախսերից տնտեսված միջոցները վերաբաշխելու հաշվին։
Որոշման նախագծի հիմնավորման համաձայն՝ 2026 թվականի բյուջեով արտասահմանյան գործուղումների համար նախատեսված միջոցներն արդեն չեն բավարարում լրացուցիչ գործուղումների ծախսերը հոգալու համար։
ՀՀ կառավարությունն ավելի քան 4,52 մլրդ դրամ հատկացրեց գյուղմթերքի, սննդամթերքի և խմիչքի արտահանման, ինչպես նաև դեղձի ու թզի մթերման աջակցության ծրագրերին։ Գործադիրը հաստատեց նախագիծը։
Գումարը նախատեսվում է հատկացնել պետական պարտքի սպասարկման համար նախատեսված միջոցներից։
Էկոնոմիկայի նախարարության մշակած նախագծով ջերմատնային արտադրանքի արտահանման աջակցության համար նախատեսվում է 2,065 մլրդ դրամ, իսկ թարմ պտղի, սննդամթերքի ու խմիչքի արտահանման և վերամշակման նպատակով մթերման աջակցության համար՝ ընդհանուր 2,456 մլրդ դրամ։ Հատկացումները նախատեսված են 2026 թվականի երրորդ եռամսյակի համար։
Լրացուցիչ ֆինանսավորման անհրաժեշտությունն առաջացել է օգոստոսին արտահանված ապրանքների ծավալների և դրանց դիմաց պետության ստանձնած աջակցության պարտավորությունների պատճառով։ Մասնավորապես, օգոստոսին արտահանվել է շուրջ 2481 տոննա լոլիկ, 460 տոննա չերրի լոլիկ, 1580 տոննա պղպեղ, 624 տոննա պալերմո տեսակի պղպեղ, 124 տոննա ելակ և ավելի քան 3,17 մլն հատ ծաղիկ։
«Ջերմուկ Գրուպին» 270,7 մլն դրամի մաքսատուրքային արտոնություն է տրամադրել ՀՀ կառավարությունը։
«Ջերմուկ Գրուպ» ՓԲԸ-ն նախատեսում է ներմուծել 215 մլն դրամի սարքավորումներ և 656,9 մլն դրամի հումք՝ առանց ներմուծման մաքսատուրքի։
«Ջերմուկ Գրուպը» պատկանում է գործարար, ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Աշոտ Արսենյանին և նրա ընտանիքին։ Արսենյանի որդին՝ Վահագն Արսենյանը, այժմ Վայոց Ձորի մարզպետն է։
Նշենք, որ Ռուսաստանում «Ջերմուկ» հանքային ջրի վաճառքը տևական ժամանակ է՝ կասեցված է։
Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ՝ ՄԻՊ ներկայացուցիչները չհայտարարված մշտադիտարկման այց են իրականացրել Շիրակի մարզի «Գյումրու թիվ 4 հիմնական դպրոց» ՊՈԱԿ։
Այցի ընթացքում ուսումնասիրվել են դպրոցի շենքային և սանիտարահիգիենիկ պայմանները, մանկավարժական անձնակազմի և սովորողների միջև հարաբերությունները, ինչպես նաև սովորողների իրավունքների պաշտպանության վիճակը։
Դպրոցի տնօրինության հետ քննարկվել են շենքային պայմանների բարելավմանը, սովորողների իրավունքների ապահովմանը, այդ թվում՝ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող և հաշմանդամություն ունեցող անձանց կրթության իրավունքի լիարժեք ու անխոչընդոտ իրացմանը վերաբերող և այլ հարցեր։
ՄԻՊ ներկայացուցիչները ծանոթացել են դասապրոցեսի կազմակերպման գործընթացներին, առանձնազրույցներ ունեցել սովորողների հետ, որոնց ընթացքում անդրադարձ է կատարվել կրթության իրավունքի արդյունավետ իրացման հետ կապված խնդիրներին։ Ուսուցիչների և ուսուցիչների օգնականների հետ անցկացված առանձնազրույցների ընթացքում, ի թիվս այլնի, քննարկվել են նաև սովորողների գնահատման չափանիշներին վերաբերող հարցեր։
Այցի ընթացքում արձանագրվել են մի շարք խնդիրներ, որոնց մի մասը համակարգային բնույթ ունի և պահանջում է անհետաձգելի լուծում։
Մասնավորապես՝
Դպրոցի շենքային պայմաններն ընդհանուր առմամբ ոչ բարվոք վիճակում են, իսկ ֆիզիկական միջավայրը մատչելի չէ հաշմանդամություն ունեցող անձանց համար։ Մասնավորապես՝ առկա չէ վերելակ, թեքահարթակները և սանհանգույցները չեն համապատասխանում միջազգային չափորոշիչներին, մուտքերի, ելքերի և առանձին սենյակների դռներն ունեն շեմեր և այլն։
• Դպրոցի հանդերձարանների վիճակն անբավարար է, դրանք պատշաճ կահավորված չեն և ունեն էական վերանորոգման անհրաժեշտություն։ Միաժամանակ, արձանագրվել են սանիտարահիգիենիկ պայմանների և դպրոցի առանձին հատվածների պատշաճ լուսավորության ապահովման հետ կապված խնդիրներ։
• Արձանագրվել են նաև բուժկետում առկա դեղամիջոցների օգտագործման համար պիտանելիության ժամկետի ապահովման, ինչպես նաև բուժկետի սանիտարահիգիենիկ պայմաններին առնչվող խնդիրներ։
Ուսումնասիրվել են դպրոցի ճաշարանի պայմանները և այնտեղ պահվող սննդամթերքի որակը։ Առանձին դեպքերում սննդամթերքի պիտանիության ժամկետը պարզել չի հաջողվել։
Արձանագրված խնդիրների մի մասը ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչները քննարկել են դպրոցի տնօրենի հետ։ Վերջինս ներկայացրել է խնդիրների լուծման ուղղությամբ ձեռնարկված քայլերը, ինչպես նաև դրանց հետագա լուծման տեսլականը։
Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել անվտանգ և սովորողների նկատմամբ բռնության բոլոր ձևերից զերծ միջավայրի ձևավորմանը, այդ թվում՝ սովորողների պաշտպանության թիմի ձևավորմանը, կազմին և գործառույթներին առնչվող հարցերին։
Այցի ընթացքում դպրոցի տնօրինությունն ու մանկավարժական անձնակազմն արդյունավետ համագործակցել են ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչների հետ։
Մշտադիտարկման չհայտարարված այցի արդյունքները կամփոփվեն և համապատասխան առաջարկությունների հետ մեկտեղ կներկայացվեն ոլորտի իրավասու մարմիններին:
Մարդու իրավունքների պաշտպանն ընդգծում է, որ դպրոցում արձանագրված խնդիրները բազմաթիվ են և իրավասու մարմինների կողմից պետք է ստանան շուտափույթ լուծում: