Յունիբանկի Թեժ հեռախոսակապի կենտրոնն աշխատանքային օրերին գործում է շուրջօրյա

ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի․/ԱՌԿԱ/․ Յունիբանկն ընդլայնել է Թեժ հեռախոսակապի կենտրոնի աշխատանքային գրաֆիկը՝ հաճախորդների համար բանկային աջակցությունը դարձնելով ավելի հասանելի։ Բանկի Թեժ հեռախոսակապի կենտրոնը երկուշաբթիից ուրբաթ աշխատում է շուրջօրյա, իսկ շաբաթ և կիրակի օրերին՝ ժամը 10:00-ից մինչև 22:00-ն, հաղորդում է Յունիբանկի մամուլի ծառայությունը։

Նոր գրաֆիկը հնարավորություն է տալիս հաճախորդներին դիմել Բանկ՝ խորհրդատվություն և աջակցություն ստանալու իրենց հարմար ժամին։

Թեժ հեռախոսակապի կենտրոնի աշխատանքային գրաֆիկի ընդլայնումը բանկային սպասարկման հասանելիության և որակի բարձրացմանն ուղղված ևս մեկ քայլ է։ Յունիբանկը հետևողականորեն զարգացնում է հեռավար սպասարկման ուղիները՝ հաշվի առնելով հաճախորդների կարիքներն ու դիմումների բնույթը։ Այսօր բազմաթիվ բանկային ծառայություններ հասանելի են առցանց շուրջօրյա, ուստի Բանկի համար կարևոր է հաճախորդներին անհրաժեշտ խորհրդատվություն և աջակցություն օպերատիվ ստանալու հնարավորություն ապահովելը։ Նոր աշխատանքային ռեժիմը հատկապես հարմար է արտերկրում գտնվող և այլ ժամային գոտիներում բնակվող հաճախորդների համար: 

Յունիբանկի Թեժ հեռախոսակապի կենտրոն կարող եք դիմել +374 10 71 22 22 և +374 10 59 55 55 հեռախոսահամարներով։

ԿԲ նախագահը պարզաբանել է, թե ինչու դրամի արժևորումը չի փոխհատուցում ապրանքների համաշխարհային գների աճը

ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի․/ԱՌԿԱ/․ Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը երեքշաբթի կայացած ասուլիսի ժամանակ մեկնաբանել է դրամի արժևորման ազդեցությունը ներմուծվող ապրանքների գների դինամիկայի վրա:

«Մեր փոխարժեքն արժևորվել է, բայց արժևորումը բավականին չափավոր է եղել: Չնայած նրան, որ մեզ մոտ նկատվում է կապիտալի հսկայական ներհոսք, այդ կապիտալի ներհոսքի մեծ մասն հիմնականում իր արտացոլումն է գտնում մեր պահուստներում և այդքան զգալի ազդեցություն չի ունենում շուկայի վրա»,- պարզաբանեց Գալստյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչու Հայաստանում չի գործում այն կանոնը, ըստ որի՝ ազգային արժույթի արժևորման դեպքում արտերկրից ներմուծվող ապրանքների գները պետք է նվազեն:

 Նրա խոսքով՝ պարենային ապրանքների հիմնական խմբերի գների համաշխարհային ինդեքսը՝ FAO–ն, տարեբկզբից աճել է 6,1%-ով: «Ես նույնիսկ չեմ խոսում էներգակիրների մասին: Այսօր Brent տեսակի նավթի գինն արդեն կազմում է 107 դոլար մեկ բարելի դիմաց»,- հավելեց նա։

 Ազգային վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ Հայաստանում 2026 թվականի օգոստոսին, 2025 թվականի օգոստոսի համեմատ, գրանցվել է 4,4% գնաճ: Հաշվետու ժամանակահատվածում պարենային ապրանքների և ոչ ալկոհոլային խմիչքների գներն ավելացել են 6,4%-ով (տ/տ), ոչ պարենային ապրանքների գներն աճել են 2,4%-ով (տ/տ), իսկ ծառայությունների սակագները՝ 2,8%-ով (տ/տ):

Համաշխարհային բանկի «Armenia Monthly Economic Update – September 2026» ամփոփագրի համաձայն՝ օգոստոսին հայկական դրամն ԱՄՆ դոլարի նկատմամբ արժևորվել է 0,4%-ով, իսկ եվրոյի նկատմամբ՝ 1,1%-ով՝ նախորդ ամսվա համեմատ, և 4,6%-ով ավելի ամուր է եղել ԱՄՆ դոլարի նկատմամբ՝ 2025 թվականի օգոստոսի համեմատ, թեև ռուսական ռուբլու նկատմամբ արժեզրկվել է 8,6%-ով տարեկան կտրվածքով:

Պահանջարկ և հնարավոր խնդիրներ տնտեսությունում․ ԿԲ նախագահը նշել է վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացման պատճառն ու դրա նվազեցման պայմանները

ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի․/ԱՌԿԱ/․ Հայաստանի Կենտրոնական բանկի Խորհրդի՝ վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացման մասին որոշումը հիմնականում պայմանավորված էր պահանջարկի գործոնների չափազանց դրսևորմամբ, «ԱՌԿԱ» գործակալության հարցին ի պատասխան հայտարարեց ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը:

Բարդ ընտրություն

ՀՀ ԿԲ Խորհուրդը սեպտեմբերի 15-ին որոշում է կայացրել բարձրացնել դրամավարկային քաղաքականության (ԴՎՔ) տոկոսադրույքը 0,25 տոկոսային կետով՝ հասցնելով 6,75%-ի:

Կարգավորողի հաղորդագրության համաձայն՝ Խորհուրդը դիտարկել է երկու տիպի սցենարներ: A տիպի սցենարները կապված են ներքին տնտեսությունում ավելի բարձր պահանջարկի առկայության, արտաքին պահանջարկի հետագա ընդլայնման և գնաճային սպասումների աճի ռիսկերի հետ, որոնք պահանջում են դրամավարկային քաղաքականության տոկոսադրույքի ավելի բարձր հետագիծ՝ շուկայական սպասումների համեմատ:

B տիպի սցենարները կապված են համաշխարհային տնտեսության աճի դանդաղման հեռանկարի, դեպի ՌԴ արտահանման սահմանափակումների հետևանքով դեֆլյացիոն ռիսկերի ձևավորման և Հայաստանի երկրի ռիսկի պարգևավճարի հիմնարար նվազման հետ, որոնք ենթադրում են ԴՎՔ տոկոսադրույքի ավելի ցածր հետագիծ՝ շուկայական սպասումների համեմատ:

 Վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացման մասին որոշումը կայացվել է՝ հաշվի առնելով A տիպի սցենարներից բխող մակրոտնտեսական հետևանքների կառավարման անհրաժեշտությունը:

 «Տեղի ունեցավ Կենտրոնական բանկի Խորհրդի բավականին բարդ նիստ, որովհետև ձայները բաշխվեցին 4-ը 4-ի: Խորհրդի չորս անդամ գտնում էին, որ տոկոսադրույքը պետք է թողնել անփոփոխ: Խորհրդի չորս անդամ, ներառյալ ես, գտնում էինք, որ տոկոսադրույքը պետք է բարձրացնել: Այսինքն՝ տոկոսադրույքի բարձրացման մասին որոշումը բավականին բարդ էր, դրան նախորդել են շատ երկար քննարկումներ»,- նշեց Գալստյանն այսօր կայացած ասուլիսի ժամանակ։

Պահանջարկի արագացում

 ՀՀ ԿԲ նախագահը հիշեցրել է, որ հունիս-հուլիսին գնաճը պայմանավորված էր առաջարկի գործոններով:

«Այժմ մենք տեսնում ենք իրավիճակ, երբ և՛ ներքին պահանջարկը, և՛ արտաքին պահանջարկը՝ պայմանավորված Հայաստան ժամանող մարդկանց նոր ալիքով, հանգեցրել են մի իրավիճակի, որտեղ, օրինակ, այնպիսի ծառայությունների գները, որոնք չպետք է էապես փոխվեն և որոնք, հիմնականում, պայմանավորված են պահանջարկով, նորից սկսել են արագացման միտումներ ցուցադրել»,- պարզաբանեց նա:

Տնտեսությունում հնարավոր են խնդիրներ

Խոսելով ԿԲ-ի՝ տոկոսադրույքի նվազեցման քաղաքականությանը վերադառնալու պայմանների մասին՝ Գալստյանը նշեց, որ դրա համար պետք է ձևավորվի բացասական թողարկման ճեղքվածք (negative output gap, իրավիճակ, որի դեպքում տնտեսությունում արտադրության փաստացի ծավալը ցածր է լինում դրա պոտենցիալ մակարդակից, խմբ.):

«Այլ կերպ ասած՝ պետք է առաջանա իրավիճակ, որի դեպքում մեր տնտեսական աճը էապես կդանդաղի, և նման սցենարներ գոյություն ունեն. այսինքն՝ կարող է առաջանալ իրավիճակ, երբ Հայաստանի Հանրապետությունում աճի այս երկար տարիներից հետո տնտեսությունում ի հայտ գան որոշակի խնդիրներ», – ասաց նա։

 ԿԲ նախագահի խոսքով՝ եթե այդ խնդիրներն ի հայտ գան և սկսեն նյութականանալ B տիպի սցենարները՝ ինչպես համաշխարհային տնտեսության կողմից տնտեսական աճի թուլացման հետևանքով, այնպես էլ անմիջապես Հայաստանում, կարգավորողը կարձագանքի հակառակ ուղղությամբ:

Այս պահին, ինչպես նշեց Գալստյանը, Խորհրդի հիմնական մտահոգությունը կապված է A տիպի սցենարների իրականացման հետ:

ԿԲ տվյալներով՝ 2026 թվականի II երկամսյակում Հայաստանում տնտեսական աճն արագացել է՝ գերազանցելով երկարաժամկետ կայուն մակարդակը: Աճի մեջ նշանակալի ավանդ շարունակել են ունենալ շինարարության ոլորտը և ծառայությունների ոլորտը, ինչը ցույց է տալիս ավելցուկային պահանջարկի առկայությունը: Այն արտահայտվում է նաև վերջնական սպառման ապրանքների ներմուծման և մանրածախ առևտրի աճի բարձր տեմպերով:

 Ավելին, նկատվում են արտաքին պահանջարկի ընդլայնման ազդակներ, որոնք արտահայտվում են առավելապես դեպի Հայաստան այցելությունների թվի նշանակալի աճով: Սա ձևավորում է համապատասխան ոլորտներում աշխատավարձերի աճի և ծառայությունների գների արագացման էական ռիսկեր:

Մյուս կողմից, պահպանվում են դեպի ՌԴ արտահանման սահմանափակումների հետևանքով ներքին շուկայում ավելցուկային առաջարկի ձևավորման, ինչպես նաև սպառողական և ներդրումային վստահության թուլացման ռիսկերը:

ԿԲ-ի «բազեական» դիրքորոշումը և շուկայի մասնակիցների սպասումները

ԿԲ նախագահի գնահատմամբ՝ տնտեսությունում նկատվող «բումը» վկայում է այն մասին, որ պահանջարկը գերազանցում է տնտեսության պոտենցիալ հնարավորությունները:

Նա նշեց, որ ԿԲ-ն որոշակի տարաձայնություններ ունի շուկայի մասնակիցների հետ: Չնայած ավելցուկային պահանջարկի նշաններին, գրեթե բոլոր ակտիվների, այդ թվում՝ անշարժ գույքի գների աճին և թիրախային մակարդակից բարձր պահպանվող գնաճին, շուկան սպասում էր, որ կարգավորողը կշարունակի նախկին դրամավարկային քաղաքականությունը:

ԿԲ տվյալների համաձայն՝ ընթացիկ մակրոտնտեսական միտումների պայմաններում Հայաստանի ֆինանսական շուկայի մասնակիցները միջինում սպասում են, որ առաջիկա տարվա ընթացքում ԿԲ-ն կպահպանի դրամավարկային քաղաքականության տոկոսադրույքը ընթացիկ մակարդակում, իսկ միջնաժամկետ հեռանկարում կնվազեցնի այն մինչև 6,25%:

«Այսօր Կենտրոնական բանկի Խորհուրդը որոշեց զբաղեցնել ավելի «բազեական» դիրքորոշում»,- ընդգծեց ԿԲ նախագահը։

ՀՀ ԿԲ տոկոսադրույքի նվազեցման ցիկլը սկսվել էր 2023 թվականի օգոստոսին, երբ կարգավորողը նվազեցրեց այն 10,75%-ից մինչև 10,5%: Հետագայում տոկոսադրույքը փուլ առ փուլ նվազեցվեց և 2025 թվականի դեկտեմբերին հասավ 6,5%-ի, որից հետո պահպանվում էր այդ մակարդակում: Սեպտեմբերի 15-ի որոշումը դարձավ տոկոսադրույքի առաջին բարձրացումը 2022 թվականի դեկտեմբերից ի վեր:

IDBank-ը, Visa-ն և Wizz Air-ը Հայաստանում ներկայացնում են ճամփորդական նոր արտոնությունները (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի․ /ԱՌԿԱ/․  IDBank-ը, առաջինը ԱՊՀ և Հարավարևելյան Եվրոպայի տարածաշրջանում, ներկայացնում է նոր Visa Wizz Air Platinum քո բրենդային ճամփորդական քարտը։

Քարտը ստեղծվել է հայ ճանապարհորդների համար՝ համատեղելով ժամանակակից բանկային ծառայությունները, Wizz Air-ի թռիչքային հնարավորություններն ու Visa-ի արտոնյալ ծառայությունների փաթեթը։

Քարտի միջոցով ճանապարհորդները կարող են օգտվել հարմարավետ և պրեմիում դասի ծառայություններից ու արտոնություններից՝ ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում։

IDBank-ի Visa Wizz Air Platinum քոբրենդային ճամփորդական քարտը սահմանում է նոր նշաձող հարմարավետ ճանապարհորդությունների համար՝ առաջարկելով հատուկ առավելություններ․

  • 20 եվրոյին համարժեք Welcome Bonus նոր քարտապանների համար, որը փոխանցվում է անմիջապես Ձեր Wizz օգտահաշվի դրամապանակին (Wizz Account wallet),
  • Անվճար Wizz Air Discount Club Standard անդամակցություն, որը հնարավորություն է տալիս ձեռք բերել ավիատոմսեր զեղչված արժեքով և օգտվել լրացուցիչ ծառայությունների համար տրամադրվող զեղչերից,
  • 10% idcoin GetTransfer.com-ի միջոցով կատարված վճարումների համար,
  • Մինչև 3% քեշբեք (cashback) Wizz Air-ից կատարված գնումների համար,
  • Մինչև 1,5% քեշբեք (cashback) ռեստորաններում, սուպերմարկետներում, կացության, հագուստի և նորաձևության ոլորտներում վճարումներ կատարելիս,
  • Մինչև 1% քեշբեք այլ վճարումներից, որոնք փոխանցվում են անմիջապես Ձեր Wizz օգտահաշվի դրամապանակին (Wizz Account wallet)։

Քեշբեքերի նկատմամբ կիրառելի է ամսական առավելագույն սահմանաչափ՝ 20,000 դրամ գումարի չափով (համարժեք եվրո)՝ օրացուցային ամսվա ընթացքում կատարված քարտային գործարքների նկատմամբ։  Քեշբեքը հաշվարկվում է նվազագույն 5,000 ՀՀ դրամի չափով գործարք կատարելու դեպքում։

Անդրադառնալով քարտի բազմաթիվ առավելություններին՝ IDBank-ի էկոհամակարգի և գործընկերների հետ համագործակցության բաժնի ղեկավար Գոհար Ղուկասյանը նշեց․ «Wizz Air-ի տրամադրած առավելությունների հետ մեկտեղ՝ մեր հաճախորդները կունենան բացառիկ հնարավորություն՝ օգտվելու Հայաստանում Visa Premium դասի քարտապանների համար նախատեսված հատուկ արտոնություններից, մասնավորապես՝

  • 50% զեղչ ճամփորդական ապահովագրության և պահատեղերի վարձակալության համար,
  • մուտք օդանավակայանների բիզնես սրահներ,
  • անվճար Fast Track՝ միջազգային և Զվարթնոց օդանավակայաններում,
  • մինչև 20% զեղչ Avis ավտովարձույթի ծառայություններից օգտվելիս և Visa-ի կողմից հասանելի այլ արտոնություններ»։

Քարտի թվային տարբերակն արդեն հասանելի է, իսկ ֆիզիկական քարտը հնարավոր կլինի պատվիրել շուտով։

IDBank-ի Visa Wizz Air Platinum քոբրենդային ճամփորդական քարտի արտոնությունների և պայմանների մասին ավելի մանրամասն կարդացեք այստեղ։

ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ

ՀՀ Կենտրոնական բանկը գրեթե 4 տարվա մեջ առաջին անգամ բարձրացրել է տոկոսադրույքը՝ հասցնելով 6,75%-ի

ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի․ /ԱՌԿԱ/․  Հայաստանի Կենտրոնական բանկի խորհուրդը երեքշաբթի  կայացրած նիստում որոշել է դրամավարկային քաղաքականության տոկոսադրույքը բարձրացնել 0,25 տոկոսային կետով՝ հասցնելով 6,75%-ի։

Ինչպես հայտնում է ԿԲ-ի մամուլի ծառայությունը, միաժամանակ ԿԲ խորհուրդը Կենտրոնական բանկի տրամադրած լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը սահմանել է 8,25%, իսկ բանկերից ԿԲ-ի ներգրավված միջոցների տոկոսադրույքը՝ 5,25%։

ՀՀ ԿԲ տոկոսադրույքի նվազեցման ցիկլը սկսվել էր 2023 թ.-ի օգոստոսին, երբ կարգավորողն այն 10,75%-ից իջեցրել էր մինչև 10,5%։ Հետագայում տոկոսադրույքը փուլ առ փուլ նվազել էր և 2025 թ.-ի դեկտեմբերին հասել 6,5%-ի, ինչից հետո պահպանվել էր այդ մակարդակում։ Սեպտեմբերի 15-ի որոշումը դարձել է տոկոսադրույքի առաջին բարձրացումը 2022 թ.-ի դեկտեմբերից ի վեր։

Հայաստան կատարվող փոխանցումների և կապիտալի զգալի ներհոսքը օգոստոսին ապահովել է ռեկորդային 6.5 մլրդ դոլարի պահուստներ. ՀԲ

ԵՐԵՎԱՆ, սեպտեմբերի 14 /ԱՌԿԱ/.  Դրամական փոխանցումների և կապիտալի զգալի մուտքերի շնորհիվ Հայաստանում համախառն պահուստներն օգոստոսին աճել են՝ հասնելով ռեկորդային 6,5 մլրդ դոլարի, ինչը համարժեք է ներմուծման 4,3 ամսվա ծածկույթին։

Այդ մասին ասվում է Համաշխարհային բանկի Armenia Monthly Economic Update – September 2026  ամփոփագրում։

«Հուլիսին զուտ ոչ առևտրային դրամական փոխանցումներն աճել են 40%-ով (տարեկան կտրվածքով)՝ ցածր բազայից, հիմնականում Ռուսաստանից միջոցների շարունակվող ներհոսքի (աճը՝ 37,3% տ.կ.), ինչպես նաև Հայաստան ռուսաստանցիների պահպանվող ներհոսքի շնորհիվ», – նշվում է հետազոտության մեջ։

ՀԲ վերլուծաբանները նշում են, որ այս զգալի մուտքերը նպաստել են դրամի ամրապնդմանը. օգոստոսին հայկական դրամն ամրապնդվել է ԱՄՆ դոլարի նկատմամբ 0,4%-ով՝ նախորդ ամսվա համեմատ, և եվրոյի նկատմամբ 1,1%-ով՝ նախորդ ամսվա համեմատ, ինչպես նաև 4,6%-ով ավելի կայուն է եղել ԱՄՆ դոլարի նկատմամբ՝ 2025 թ.-ի օգոստոսի համեմատ, թեև ռուսական ռուբլու նկատմամբ այն թուլացել է 8,6%-ով տարեկան կտրվածքով։

ՀՀ բանկային համակարգի միջոցով արտերկրից ստացված՝ ֆիզիկական անձանց օգտին անդրսահմանային փոխանցումների զուտ ներհոսքը Հայաստանում 2026 թ.-ի հունվար-հուլիսին կազմել է 1,56 մլրդ դոլար՝ 2025 թ.-ի հունվար-հուլիսի 716,6 մլն դոլարի դիմաց։ Ընդ որում, միայն հուլիսին դրամական փոխանցումների զուտ ներհոսքը կազմել է 179,1 մլն դոլար՝ նախորդ տարվա հուլիսի 129 մլն դոլարի դիմաց։

Սննդամթերքի գները կազմում են Հայաստանում գնաճի 57%-ը. Համաշխարհային բանկ

ԵՐԵՎԱՆ, սեպտեմբերի 14 /ԱՌԿԱ/.  Պարենային ապրանքների և ոչ ալկոհոլային խմիչքների գներին է բաժին ընկնում գնաճի 57%-ը՝ չնայած դրանց աճի տեմպերի դանդաղմանը հունիսի 8,6%-ից օգոստոսին հասնելով 6,4%-ի։

 Այդ մասին ասվում է Համաշխարհային բանկի Armenia Monthly Economic Update – September 2026  ամփոփագրում։

«Օգոստոսին գնաճը փոքր-ինչ նվազել է՝ հասնելով տարեկան 4,4%-ի՝ հուլիսի տարեկան 4,5%-ի համեմատ։ Հիմնական գնաճը մոտ է ընդհանուր գնաճին, ինչը արտացոլում է բարձր ներքին պահանջարկը և թողարկման բացը», – նշվում է հետազոտության մեջ։

ՀԲ-ը  նշել է, որ Հայաստանի Կենտրոնական բանկը օգոստոսի 4-ին դրամավարկային քաղաքականության տոկոսադրույքն անփոփոխ թողնելով 6,5% մակարդակում՝ վերահաստատել է իր հավատարմությունը 3% գնաճի նպատակային ցուցանիշին։

Հայաստանի 2026 թվականի պետական բյուջեում գնաճը նախատեսված է 3% (±1%) մակարդակում։ Կենտրոնական բանկի՝ ընթացիկ տարվա երկրորդ եռամսյակի դրամավարկային քաղաքականության հաշվետվության համաձայն՝ 2026 թվականի արդյունքներով Հայաստանում գնաճը սցենարներից (Ա-Բ) կախված ակնկալվում է 4,4-3,3%, 2027 թվականի կանխատեսումը՝ 3,5-3,1%, իսկ 2028 թվականինը՝ 3,2-3,1%:

Armbanks Weekly Digest․ Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (սեպտեմբերի 7–13)

ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի․/ԱՌԿԱ/․ Անցած շաբաթ Հայաստանի ֆինանսական օրակարգը կենտրոնացած էր հիմնականում կապիտալի շուկայի, բանկային հատվածի, պետական փոխառությունների և վճարային ենթակառուցվածքների զարգացման շուրջ:

1․ Բանկային հատված. վարկերը մոտեցել են 8,9 տրլն դրամին, ավանդները գերազանցել են 8,28 տրլն դրամը

Պաշտոնական վիճակագրական տվյալների համաձայն՝ 2026 թվականի հուլիսի վերջի դրությամբ Հայաստանի առևտրային բանկերի վարկերի ծավալը կազմել է 8,899 տրլն դրամ՝ մեկ ամիս առաջվա 8,775 տրլն դրամի համեմատ: Նույն ժամանակահատվածում բանկային ավանդների ծավալն ավելացել է 8,071 տրլն-ից մինչև 8,290 տրլն դրամ: Այսպիսով, մեկ ամսում վարկային պորտֆելն աճել է մոտ 1,4%-ով, իսկ ավանդների ծավալը՝ 2,7%-ով:

Բանկերի համար ընթացիկ դինամիկան կարող է նշանակել ռեսուրսային բազայի ավելացում՝ վարկային գործառնությունների ընդլայնմանը զուգահեռ:

2․ Բաժնետոմսերի շուկա. կապիտալիզացիան օգոստոսին գերազանցել է 356 մլրդ դրամը

2026 թվականի օգոստոսին Հայաստանի բաժնետոմսերի շուկայի կապիտալիզացիան գերազանցել է 356,2 մլրդ դրամը: Հայաստանի ֆոնդային բորսայի տվյալներով՝ բաժնետոմսերով բորսայական առևտրի ծավալը կազմել է ավելի քան 153,4 մլն դրամ, կնքվել է 288 գործարք: Միևնույն ժամանակ, կորպորատիվ պարտատոմսերի առուվաճառքի ծավալը, նախորդ տարվա օգոստոսի համեմատ, աճել է 72%-ով և գերազանցել 10,5 մլրդ դրամը: Անմսվա վերջի դրությամբ բորսայում շրջանառվում էր 221 կորպորատիվ պարտատոմս, իսկ ռեպո գործարքների ընդհանուր ծավալը գերազանցել է 22,8 մլրդ դրամը:

Շուկայի համար այս ցուցանիշները կարող են վկայել նախևառաջ պարտքային հատվածում ակտիվության պահպանման մասին, այնինչ բաժնետոմսերի շուկան առևտրի ծավալով մնում է էապես ավելի փոքր:

3․ Արտարժույթի շուկա. հիմնական փոխարժեքները փոխվել են նեղ միջակայքում

ՀՀ ԿԲ տվյալներով՝ դոլարի միջին շուկայական փոխարժեքը դրամի նկատմամբ սեպտեմբերի 7-ի 363.7 դրամից նվազել է մինչև 363.28 դրամ սեպտեմբերի 11-ին: Նույն ժամանակահատվածում եվրոյի փոխարժեքը 422.76 դրամից նվազել է մինչև 421.11 դրամ, իսկ ռուսական ռուբլու փոխարժեքն աճել է 4.2027 դրամից մինչև 4.2971 դրամ:

Բանկերի, ներմուծողների և արտարժութային պարտավորություններ ունեցող ընկերությունների համար նման ռեժիմը կարող է նշանակել ընթացիկ հաշվարկների և արտարժութային դիրքերի վերագնահատման համար համեմատաբար կայուն պայմանների պահպանում:

4․ Պարտատոմսերի շուկա. ՎԶԵԲ-ի և Cube Invest-ի նոր թողարկումները

ՎԶԵԲ-ի՝ 5 մլրդ դրամ ընդհանուր անվանական ծավալով պարտատոմսերը սեպտեմբերի 8-ին ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում և ներառվել Abond հիմնական ցուցակում: Առևտրին թույլատրվել է յուրաքանչյուրը 10 մլն դրամ անվանական արժեքով 500 պարտատոմս՝ լողացող կտրոնային տոկոսադրույքով և 36 ամիս շրջանառության ժամկետով:

Սեպտեմբերի 11-ին հայտարարվեց, որ Cube Invest ներդրումային ընկերությունը սկսել է 36 ամիս շրջանառության ժամկետով և 5 մլրդ դրամ ծավալով պարտատոմսերի սեփական թողարկման տեղաբաշխումը: Առաջին վեց ամսում գործում է 10,5% ֆիքսված տոկոսադրույք, հետագա արժեկտրոնային ժամանակահատվածներում տոկոսադրույքը կլինի լողացող և կհաշվարկվի ՀՀ Կենտրոնական բանկի վերաֆինանսավորման տոկոսադրույքի՝ գումարած 4 տոկոսային կետի հիման վրա

Ներքին շուկայի համար երկու թողարկումներն էլ կարող են ընդլայնել տարբեր տեսակի էմիտենտներով և եկամտաբերության ձևավորման մեխանիզմներով դրամային պարտքային գործիքների առաջարկը:

5. Վճարումներ. իշխանությունները բարձրացրել են POS գործառնությունների գծով միջնորդավճարների նվազեցման հարցը

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը սեպտեմբերի 8-ին Visa-ի պատվիրակության հետ հանդիպմանը առաջարկել է քննարկել POS տերմինալներով անկանխիկ վճարումների միջնորդավճարների նվազեցումը վճարային համակարգի գործընկեր բանկերի հետ համատեղ:

Բանկերի, առևտրային ձեռնարկությունների և հաճախորդների համար միջնորդավճարների չափի հարցն ուղղակիորեն կապված է վճարային ենթակառուցվածքի արժեքի և անկանխիկ գործառնությունների տնտեսագիտության հետ:

6․ Ներդրումային ընկերություններ. ակտիվները գերազանցել են 400 մլրդ դրամը

Հայաստանի ներդրումային ընկերությունների ակտիվները 2021 թվականից ի վեր աճել են մոտ վեց անգամ՝ 67 մլրդ դրամից հասնելով ավելի քան 400 մլրդ դրամի, սեպտեմբերի 11-ին «INVESTMENT PERSPECTIVES 2026» ֆորումում հայտնել է Dimension Investments-ի գլխավոր գործադիր տնօրեն Գրիգոր Հարությունյանը: Ներդրումային ընկերությունների քանակն ավելացել է՝ 14-ից հասնելով 27-ի, իսկ նրանց սեփական կապիտալն աճել է 12 մլրդ-ից մինչև շուրջ 130 մլրդ դրամ:

Ֆինանսական շուկայի համար սա կարող է նշանակել ոչ բանկային հատվածի դերի և պրոֆեսիոնալ մասնակիցների թվի ավելացում, որոնց միջոցով ընկերություններն ու ներդրողները հասանելիություն են ստանում կապիտալի շուկայի գործիքներին:

7․ Կապիտալի շուկայի կառուցվածք. բանկային ֆինանսավորումը պահպանում է գերիշխող դերը

Capital-ի գլխավոր գործադիր տնօրեն Գոր Գևորգյանը «ԱՌԿԱ» գործակալությանը տված գործընկերային հարցազրույցում անբավարար իրացվելիությունը անվանել է Հայաստանի կապիտալի շուկայի զարգացման հիմնական սահմանափակումներից մեկը: Նրա գնահատմամբ՝ տնտեսության ֆինանսավորումը նախկինի պես առավելապես իրականացվում է բանկային վարկերի միջոցով, այնինչ կապիտալի ներգրավման այլընտրանքային մեխանիզմներն օգտագործվում են ավելի փոքր չափով:

Նման գործիքների թվում նա առանձնացրել է կորպորատիվ պարտատոմսերը, բաժնետիրական ֆինանսավորումը, մասնավոր ֆինանսավորումը, կառուցվածքային ապրանքները և IPO շուկան: Ընդ որում, իրացվելիության ապահովումը նա վերագրում է նախևառաջ պրոֆեսիոնալ մասնակիցների՝ բանկերի և ներդրումային ընկերությունների, այլ ոչ թե մանրածախ ներդրողների ֆունկցիային:

Շուկայի համար սա կարող է նշանակել, որ ոչ բանկային ֆինանսավորման հետագա ընդլայնումը կախված է ոչ միայն ներդրողների և էմիտենտների թվից, այլև երկրորդային շուկայի խորությունից և իրացվելի գործիքների առկայությունից:

8․ Պետական պարտք. ծավալը առաջին կիսամյակում նվազել է մինչև 5,12 տրլն դրամ

Հայաստանի պետական պարտքը 2026 թվականի հունիսի 30-ի դրությամբ կազմել է 5,12 տրլն դրամ՝ 2025 թվականի վերջի 5,30 տրլն դրամի համեմատ, սեպտեմբերի 9-ին հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը: Դրամային արտահայտությամբ ցուցանիշը կիսամյակի ընթացքում նվազել է 3,5%-ով, իսկ դոլարային արտահայտությամբ գրեթե չի փոխվել և կազմել է 13,9 մլրդ դոլար:

Ֆինանսական շուկայի համար սա կարող է նշանակել ներքին պարտքային շուկայում պետության ներկայության պահպանում՝ նոր միջոցների ներգրավման ավելի զսպված տեմպի հետ մեկտեղ:

9․ Պետական պարտատոմսեր. աճուրդների ծավալը AMX-ում կազմել է շուրջ 38 մլրդ դրամ

Հայաստանի ֆոնդային բորսայում սեպտեմբերի 9-ին տեղի է ունեցել 35 մլրդ դրամ ծավալով պետական պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ և ավելի քան 2,9 մլրդ դրամ ծավալով արժեթղթերի փոխանակման աճուրդներ: Գործառնությունների համախառն ծավալը կազմել է շուրջ 38 մլրդ դրամ:

Բանկերի, ներդրումային ընկերությունների և ինստիտուցիոնալ ներդրողների համար աճուրդները կարող են ապահովել հասանելիություն պետական պարտքային գործիքներին՝ միաժամանակ ձևավորելով եկամտաբերության ուղենիշեր շուկայի դրամային պարտատոմսերի այլ հատվածների համար:

Շաբաթվա արդյունքները

Անցած շաբաթ Հայաստանի ֆինանսական շուկայում հրապարակվել են բանկային հատվածի և բորսայական առևտրի վերաբերյալ նոր տվյալներ, տեղի են ունեցել պարտքային գործիքների տեղաբաշխումներ և աճուրդներ, ինչպես նաև հնչել են իշխանությունների ներկայացուցիչների և շուկայի մասնակիցների հայտարարությունները վճարային ենթակառուցվածքների և կապիտալի շուկայի զարգացման հարցերի վերաբերյալ:

«Կուբ Ինվեսթ»–ը խթանում է Հայաստանի ներդրումային շուկայի զարգացումը

ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի․/ԱՌԿԱ/․ «Կուբ Ինվեսթ» առաջատարներդրումային ընկերության նախաձեռնությամբ առաջին անգամ տեղի ունեցավ «INVESTMENT PERSPECTIVES 2026» կոնֆերանսը, որը մեկ հարթակում համախմբեց ֆինանսական և բանկային ոլորտի առաջատար մասնագետների, պետական գերատեսչությունների ու կազմակերպությունների բարձրաստիճան ներկայացուցիչների, ներդրողների և գործարարների:

Կոնֆերանսը ձևավորեցմասնագիտական երկխոսության և փորձի փոխանակման հարթակ՝ բացահայտելով ներդրումային նոր հնարավորություններ և նպաստելով արագ փոփոխվող շուկաներում առավել ճկուն ու հիմնավորված ներդրումային մոտեցումների ձևավորմանը։ Համաժողովը համախմբեց շուրջ 500 մասնակից Հայաստանից և տարածաշրջանից։

Միջոցառման կարգախոսն էր՝ «Քո ֆինանսական տիեզերքը» (Your Financial Universe)։

«Մեր համոզմամբ՝ ապագան ձևավորվում է այսօր՝ առաջադեմ մտածողության, գիտելիքի, փորձի ու միջազգային համագործակցության շնորհիվ։ «Կուբ Ինվեսթ»-ը շարունակելու է իր առաքելությունը՝ լինել ոչ միայն մասնակից, այլև՝ ձևավորող ուժ ֆինտեխ դինամիկ ոլորտում: Եվ այս միջոցառումը ուղղված է այս գաղափարի իրականացմանը։ Հայաստանում կապիտալի շուկան մեծ հնարավորություններ ունի, և մենք էլ մեր հերթին նպաստում ենք դրան՝ շահավետ պայմաններ առաջարկելով մեզ հետ համագործակցել ցանկացող գործընկերներին և ներդրողներին», – նշել է «Կուբ Ինվեսթ»-ի գլխավոր տնօրեն Միքայել Մարգարյանը։

Միաժամանակ, կոնֆերանսը կարևոր հարթակ դարձավ նոր գործարար կապերի ձևավորման, հեռանկարային համագործակցությունների հաստատման և ներդրումային նոր հնարավորությունների բացահայտման համար՝ խթանելով Հայաստանում ու տարածաշրջանում ներդրումային մշակույթի զարգացումը։

«INVESTMENT PERSPECTIVES 2026» կոնֆերանսի ընթացքում «Կուբ Ինվեսթ»-ը ներկայացրեց իր երկու նորությունը`

Ա) Սեփական պարտատոմսերի թողարկումը

Բ) Cube Invest հավելվածը:

Պարտատոմսերի թողարկման ծավալը կազմում է 5 000 000 000 (հինգ միլիարդ) ՀՀ դրամ, շրջանառության ժամկետը՝ 36 ամիս, եկամտաբերության տոկոսադրույքը` առաջին անգամ Հայաստանում սահմանվում է լողացող տոկոսադրույք և առաջին 6 ամսվա համար կազմելու է 10.5%:

 Սա նաև ունիկալ է նրանով, որ առաջին անգամ Հայաստանում պարտատոմս է թողարկում ներդրումային ընկերությունը:

Կոնֆերանսի հաջորդ առանցքային պահերից էր «Կուբ Ինվեսթ» հավելվածի ներկայացումը։ Մասնակիցները հնարավորություն ունեցան ոչ միայն ծանոթանալու հավելվածի հնարավորություններին, այլև գործնական ցուցադրության միջոցով տեսնելու, թե ինչպես է այն աշխատում իրական պայմաններում՝ բացահայտելով հավելվածի հիմնական գործառույթներն ու ներդրումային գործընթացը ավելի պարզ և հասանելի դարձնող լուծումները։

Կոնֆերանսի խոսնակներն էին ներդրումային և ֆինանսական ոլորտի առաջատար ներկայացուցիչներ՝

• «Կուբ Ինվեսթ»-ի գլխավոր տնօրեն Միքայել Մարգարյանը,

• Եվրասիական ֆոնդային բորսաների ֆեդերացիայի՝ FEAS-ի գլխավոր քարտուղար Կոնստանտին Սարոյանը,

• Հայաստանի ֆոնդային բորսայի գլխավոր տնօրեն Հայկ Եգանյանը,

• Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի գլխավոր տնօրեն Անի Մակարյանը,

• C-Quadrat Ampega-յի ֆոնդի կառավարիչ Պետրոս Մարգարյանը,

• Amundi-Acba Asset Management-ի գլխավոր ներդրումային տնօրեն և զարգացման գծով տնօրենի տեղակալ Հրայր Ասլանյանը,

• Եվրասիական ֆոնդային բորսաների ֆեդերացիայի՝ FEAS-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Արմենուհի Հովակիմյանը,

• Վրաստանի Ֆոնդային բորսայի վերահսկիչ խորհրդի անդամ և Galt & Taggart բրոքերային ծառայության ղեկավար Դավիթ Նիշնիանիձեն,

• Ֆինանսական շուկայի մասնակիցների ասոցիացիայի՝ FINARM-ի գլխավոր տնօրեն Կարեն Զաքարյանը,

• TBC Capital-ի վաճառքների և թրեյդինգի գծով փոխնախագահ Սանդրո Չանտուրիձեն,

• Dimension Investments-ի գլխավոր գործադիր տնօրեն Գրիգոր Հարությունյանը,

• Կուբ Ինվեսթի Առևտրային հարթակով բրոքերային ծառայությունների մատուցման բաժնի պետ Սոնա Մադաթյանը,

• IB Technologies-ի գլխավոր տեխնիկական ղեկավար Միքայել Վալասանյանը։

Միջոցառման հատուկ հյուրերն էին՝ JPMorgan Chase & Co.-ի Զարգացող և թվային շուկաների փոխնախագահ Մարտին Մարտինովը և Ֆուտուրիստ, բիզնեսի ու կառավարման համաշխարհային փորձագետ Գերդ Լեոնհարդը: Մարտին Մարտինովը «Cryptocurrency & Digital Assets in Emerging Markets» ելույթում անդրադարձավ կրիպտոարժույթների և թվային ակտիվների ապագային՝ ընդգծելով դրանց աճող ազդեցությունը ներդրումային շուկաների, ֆինանսական համակարգերի վրա, իսկ Գերդ Լեոնհարդն իր «The Intelligence Revolution and The Good Future» եզրափակիչ ելույթում անդրադարձավ ապագային՝ նշելով, որ տեխնոլոգիական արագ զարգացումը պետք է դիտարկել ոչ թե ռիսկ, այլ որպես մեծ հնարավորություն։

«Ապագային պետք չէ մոտենալ վախով, այն կարող է լինել ավելի լավը, քան մենք այսօր պատկերացնում ենք» – նշել է նա։

Նրա համոզմամբ՝ «Tool AI, not God AI»՝ արհեստական բանականության դերը մարդուն փոխարինելը չէ, այլ նրա կարողությունները մեծացնելը։

Մասնակիցները հնարավորություն ունեցան ոլորտի առաջատար փորձագետների հետ քննարկելու ժամանակակից ներդրումային միջավայրի առանցքային հարցերը՝ինչպես գնահատել ռիսկերն ու բացահայտել նոր հնարավորությունները արհեստական բանականության և արագ զարգացող տեխնոլոգիաների պայմաններում, ինչպես տարբերակել իրական ու երկարաժամկետ արժեքը ժամանակավոր շուկայական միտումներից և, ամենակարևորը, ինչպես կապիտալը վերածել կայուն աճի ու զարգացման արդյունավետ գործիքի։

ԿԲ-ն շրջանառության մեջ է դնում հանրապետության 35-ամյակին նվիրված արծաթե հուշադրամ

ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի․/ԱՌԿԱ/․ 2026 թվականի սեպտեմբերի 14-ին ՀՀ կենտրոնական բանկը շրջանառության մեջ է դնում «Հայաստանի Հանրապետության 35-ամյակ» արծաթե հուշադրամը, հայտնում են ԿԲ-ից։

Հուշադրամը նվիրված է Հայաստանի Հանրապետության 35-ամյակին՝ 1991-2026 թվականներին։

Դիմերեսին պատկերված են ՀՀ զինանշանը և հայկական զարդանախշ։

Դարձերեսինպատկերված են ՀՀ Ազգային ժողովի շենքը, ոճավորված եռագույնը, «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 35-ամյակ» մակագրությունը և «Մեր հայրենիք» ՀՀ օրհներգի տողերից՝ «…Թող միշտ պանծա Հայաստան» (տեքստը՝ Մ. Նալբանդյանի, երաժշտությունը՝ Բ. Կանաչյանի):

Էսքիզների հեղինակը Էդուարդ Կուրղինյան: Հուշադրամը հատվել է Լիտվայի դրամահատարանում:

Հուշադրամն ունի 5000 դրամ անվանական արժեք։ Այն պատրաստված է 925 հարգի արծաթից, կշռում է 168.1 գրամ և ունի 63 մմ տրամագիծ։

Թողարկումը սահմանափակված է 300 օրինակով։