Պարզվել են «ՊԱԶ» ավտոբուսի և «Opel»-ի բախման հետևանքով մահացած 5 անձանց և վիրավորների ինքնությունները

Պարզվել է սեպտեմբերի 2-ին Արագածոտնի մարզում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով մահացածների և վիրավորների ինքնությունը։ 

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, մահացածներին են Ս․ Կարապետյանը, Ս․ Թմոյանը, Թ․ Թմոյանը, Մ․ Մանուկյանը և Ի․ Պապյանը։

Վիրավորներին են Ս. Երիցյանը, Վ․ Գևորգյանը, Ն․ Գևորգյանը, Մ․ Գրիգորյանը, Ք․ Գրիգորյանը, Մ․ Նիկողոսյանը, Մ․ Բեգոյանը, Գ․ Ավագյանը, Ա․ Գևորգյանը, Ա․ Ղարիբյանը և Լ․ Գևորգյանը։

Ըստ կայքի նախնական տեղեկությունների, վթարի մեղավորը եղել է «Opel Zafira»-ն, որը դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և ճակատային բախում ունեցել Երևան-Արթիկ երթուղին սպասարկող «ՊԱԶ» ավտոբուսին։

Քննիչի որոշմամբ նշանակվել են դիակի դատաբժշկական և ավտոտեխնիկական փորձաքննություններ։

Հիշեցնենք, որ երեկ Քուչակ-Ապարան ճանապարհահատվածում տեղի ունեցած վթարի հետևանքով մարզային բժշկական կենտրոններում հոսպիտալացվել է 10 տուժած: 

Առողջապահության նախարարությունից հայտնել են, որ նրանցից երկուսի առողջական վիճակը գնահատվում է կայուն ծանր, մյուսներինը` միջին և թեթև ծանրության:

Բոլորը տուժածները ստանում են անհրաժեշտ բուժօգնություն:

40 քաղաքացուց 7.9 մլն դրամի բջջային հեռախոսներ և կենցաղային իրեր գողանալու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. կա կալանավորված

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում տարբեր շինություններից և տրանսպորտային միջոցներից գողություններ կատարելու դեպքերի առթիվ իրականացված բազմադրվագ և մեծածավալ քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Վ․Հ․-ն, 2024-2026 թթ. ընթացքում մուտք գործելով Երևան քաղաքում և ՀՀ տարբեր մարզերում գործող ծաղկի վաճառասրահներ, դեղատներ և սննդի սպասարկման կետեր, օգտվելով այնտեղ գտնվող անձանց անուշադրությունից, որոշ դեպքերում նաև տարբեր վայրերում կայանված տրանսպորտային միջոցների դռները կողպված չլինելու հանգամանքներից՝ գողացել է շուրջ 40 քաղաքացիների պատկանող առանձնապես խոշոր չափերով՝ 7 մլն 950 հզր ՀՀ դրամ ընդհանուր արժողության բջջային հեռախոսներ և կենցաղային այլ իրեր: Այդ մասին հայտնում են ՔԿ-ից:

 

Նախաքննության ընթացքում նկարագրված արարքների համար Վ․Հ.-ի նկատմամբ հսկող դատախազի որոշմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝

 

Քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով գողությունը):

 

Նա կալանավորվել է:

 

Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին:

Կլուծվի աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ևս 15 ընտանիքի բնակարանային խնդիրը

Գործադիրն ընդունել է որոշում՝ աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով պետական աջակցությամբ իրականացվող բնակարանային ապահովման ծրագրի շրջանակում բնակապահովման իրավունքը վերականգնած ընտանիքներին ուղղակի ֆինանսական աջակցության կամ բնակարանի գնման վկայագրի միջոցով բնակելի տարածքով ապահովելու անհրաժեշտությամբ պայմանավորված։

Արդյունքում՝ պետական աջակցությամբ իրականացվող բնակարանային ապահովման ծրագրի շրջանակներում, կլուծվի աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ևս 15 ընտանիքի բնակարանային խնդիրը:

Սեպտեմբերի 10-13-ը Երևանում կանցկացվի ազատ ոճի ըմբշամարտի 26-րդ միջազգային մրցաշարը

Կառավարության որոշմամբ գումար է հատկացվել սեպտեմբերի 10-13-ը Երևանում անցկացվելիք ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն Ստեփան Սարգսյանին նվիրված ազատ ոճի ըմբշամարտի 26-րդ միջազգային մրցաշարը կազմակերպման և անցկացման նպատակով։

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերջին տարիներին ազատ ոճի ըմբշամարտ մարզաձևը գրանցել է մեծ հաջողություններ, ինչպես նաև Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի ավանդույթները և զարգացման ուղիները՝ միջազգային ֆեդերացիայի կողմից առաջարկվել է Հայաստանի Հանրապետությունում անցկացնել Ստեփան Սարգսյանին նվիրված ազատ ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշարը:

Միջազգային մրցաշարին ակնկալվում է շուրջ 15 երկիր, 181 մասնակիցների մասնակցություն: Միջազգային մրցաշարի անցկացումն իր կարևոր տեղն ունի մարզաձևի զարգացման և մասսայականացման գործում, ինչի արդյունքում Հայաստանի Հանրապետությունն էլ ավելի ճանաչելի կդառնա միջազգային մարզական հարթակներում՝ որպես առաջատար երկիր, ապահովելով երկրի մարզական հեղինակության բարձրացումը, Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդումը: Միևնույն ժամանակ այն կնպաստի մշակույթային արժեքների և տուրիզմի զարգացմանը՝ այդ թվում հյուրանոցային, մշակույթային կենտրոնների և մարզական կառույցների վերականգմանը՝ իր հերթին հետք թողնելով տնտեսության համընթաց զարգացման վրա:

ՀՀ-ում ՄԱԿ Մանկական հիմնադրամի ներկայացուցիչն իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալին

ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ Մանկական հիմադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) նորանշանակ ներկայացուցիչ Ղասան Խալիլին հավատարմագրերը հանձնելու կապակցությամբ:

Շնորհավորելով ՄԱԿ Մանկական հիմնադրամի ներկայացուցչի պաշտոնը ստանձելու կապակցությամբ՝ ԱԳՄԱ նախարարի տեղակալը հույս է հայտնել, որ վերջինիս փորձը և գիտելիքները լավագույնս կծառայեն վերջին տարիներին Հայաստանի և ՅՈՒՆԻՍԵՖ-ի միջև ձևավորված արդյունավետ համագործակցության շարունակական ամրապնդմանն ու զարգացմանը:

Ռոբերտ Աբիսողոմոնյանն ընդգծել է, որ կրթությունը ՀՀ կառավարության առաջնահերթություններից մեկն է՝ այս համատեքստում անդրադառնալով իրականացվող հավակնոտ բարեփոխումների գործընթացին և ոլորտային առաջնահերթություններին: Կարևորվել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի դերը երեխաների իրավունքների պաշտպանության և բարեկեցության ապահովմանն ուղղված օրակարգի առաջմղման գործում։

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև միջազգային հարթակներում մարդու իրավունքների, այդ թվում՝ երեխաների պաշտպանության և կրթության ոլորտում ՀՀ նախաձեռնություններին, մասնավորապես ՄԱԿ ԳԱ շրջանակներում միաձայն ընդունված «Կրթություն հանուն խաղաղության» բանաձևին:

Նորածնին պոլիկլինիկայում կարելի է գրանցել առցանց․ ԱՆ-ն մանրամասներ է ներկայացրել

ՀՀ քաղաքացիներն այսուհետ կարող են նորածին երեխային առողջության առաջնային պահպանման օղակում (պոլիկլինիկայում) գրանցել նաև առցանց։ Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։

Ծառայությունից օգտվելու համար անհրաժեշտ է «ԵսԵմ» ազգային նույնականացման հարթակի միջոցով մուտք գործել համակարգ, սեղմել «Շարունակել» կոճակը, անցնել նույնականացում, ապա ընտրել համապատասխան բժշկական հաստատությունն ու բժշկին։

Առցանց գրանցում իրականացնելու հնարավորություն ունի երեխայի մոր հետ գրանցված ամուսնություն ունեցող հայրը։ Մոր դեպքում գրանցված ամուսնության առկայությունը պարտադիր չէ։

Նորածնի ծնունդը պետք է գրանցված լինի մինչև բժշկական կազմակերպությունում երեխային գրանցելը։

Եթե նորածնի հաշվառման և փաստացի բնակության հասցեները չեն համընկնում, ծառայությունից հնարավոր է օգտվել միայն ֆիզիկապես՝ այցելելով փաստացի բնակության հասցեի մարզում գտնվող բժշկական կազմակերպություն:

Բժշկական կազմակերպությունում նորածնի գրանցումը կատարվում է անմիջապես։ Գրանցումից հետո մի քանի օրվա ընթացքում ընտանեկան բժիշկը պետք է կապ հաստատի ծնողի հետ՝ տնայց կազմակերպելու նպատակով։

Հղումը՝ այստեղ

Վստահ եմ՝ համատեղ ջանքերով ՀՀ-ի և Վիետնամի միջև գործընկերությունը կզարգանա և կամրապնդվի. Փաշինյանը՝ Վիետնամի վարչապետին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության վարչապետ Լե Մին Հունին՝ Անկախության օրվա առիթով։ Ուղերձում նշված է.

«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության ժողովրդին ազգային տոնի՝ Անկախության օրվա առիթով:

Ուրախ եմ արձանագրել, որ Հայաստան-Վիետնամ հարաբերությունները բնութագրվում են փոխադարձ հարգանքով և վստահությամբ: Վերջին տարիներին մեր երկրների միջև քաղաքական երկխոսությունը զարգացել է կառուցողական մթնոլորտում, ամրապնդվել է համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ամենատարբեր ոլորտներում:

Վստահ եմ, որ մեր համատեղ ջանքերով Հայաստանի և Վիետնամի միջև գործընկերությունը հետագայում ևս կզարգանա և կամրապնդվի՝ ի շահ մեր ժողովուրդների:

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություններ, իսկ Վիետնամի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն»:

Հայտնաբերվել է նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 61 անձ

ՆԳՆ ոստիկանության ծառայողները հանրապետության ողջ տարածքում շարունակում են իրականացնել հատուկ միջոցառումներ՝ հասարակական կարգի պահպանման և քաղաքացիների անվտանգության ապահովման նպատակով։

Տարբեր բնակավայրերի հավաքատեղիներում իրականացված շրջայցերի և ստուգողական միջոցառումների արդյունքում հայտնաբերվել և Համայնքային ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 61 անձ։

ՆԳՆ ոստիկանությունից հայտնում են, որ նման օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումները կրում են պարբերական բնույթ։

Քուչակ-Ապարան ճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով հոսպիտալացվել է 10 տուժած․ ԱՆ

Քուչակ-Ապարան ճանապարհահատվածում տեղի ունեցած վթարի հետևանքով մարզային բժշկական կենտրոններում հոսպիտալացվել է 10 տուժած: Այս մասին հայտնում են Առողջապահության նախարարությունից։

Նրանցից երկուսի առողջական վիճակն այս պահի դրությամբ գնահատվում է կայուն ծանր, իսկ մյուսներինը` միջին և թեթև ծանրության:

Բոլոր տուժածները ստանում են անհրաժեշտ բուժօգնություն: