Ռուսաստանի դեմ կիրառվել է ավելի քան 30000 պատժամիջոց. Վլադիմիր Պուտին

Ռուսաստանի դեմ սահմանվել է ավելի քան 30,000 պատժամիջոց, ինչը երկու անգամ ավելին է, քան աշխարհի մյուս բոլոր երկրների դեմ կիրառվածները միասին վերցրած։ Այս մասին Հնդկաստանում ընթացող BRICS-ի գագաթնաժողովի ընթացքում հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

Ռուսաստանի ղեկավարը, միևնույն ժամանակ, չի թերագնահատել այդ սահմանափակումների ազդեցությունը՝ նշելով, որ դրանց հետևանքով երկրի տնտեսությունում մեկնարկել են կառուցվածքային փոփոխություններ։ Ըստ նրա՝ հենց այդ վերափոխումների շնորհիվ Ռուսաստանը դարձել է ավելի ուժեղ, դիմացկուն և ճկուն։

Պուտինը վստահեցրել է գագաթնաժողովի մասնակիցներին, որ վերջին երեք տարիներին Ռուսաստանի տնտեսական աճի տեմպերը գերազանցել են համաշխարհային միջին ցուցանիշը։

Ավելին՝ նա ընդգծել է, որ պատժամիջոցներ սահմանած երկրներն իրենք են բախվել լուրջ հետևանքների՝ բյուջեի դեֆիցիտի, պետական պարտքի ավելացման և արդյունաբերական ոլորտի անկման։

Կբարձրանա խաղային գործունեության ոլորտում պետական վերահսկողության արդյունավետությունը

Գործադիրը սահմանել է շահումով խաղի, ինտերնետ շահումով խաղի և բուքմեյքերային գործունեության կազմակերպիչների կողմից վերահսկող մարմին իրենց գործունեության վերաբերյալ ամսական հաշվետվություններ ներկայացնելու կարգը, ժամկետները, բովանդակությունը և ձևը։

Արդյունքում՝ կապահովվի վերահսկող մարմնի կողմից ոլորտի նկատմամբ շարունակական վերահսկողության իրականացումը, կտրվի կազմակերպիչների գործունեության վերաբերյալ համադրելի և միասնական ձևաչափով տեղեկատվություն ստանալու հնարավորություն։

Որոշման ընդունումը կնպաստի ոլորտի թափանցիկության և հաշվետվողականության մակարդակի բարձրացմանը, խաղային գործունեության ոլորտում պետական քաղաքականության մշակման և իրականացման համար անհրաժեշտ տեղեկատվական բազայի ձևավորման ապահովմանը։ Ինչպես նաև կստեղծվեն իրավական և գործնական նախադրյալներ վերահսկողական միջոցառումների արդյունավետ իրականացման համար։

Որոշման ընդունումը կհանգեցնի խաղային գործունեության ոլորտում պետական վերահսկողության արդյունավետության բարձրացման, օրենսդրական կարգավորումների գործնական կիրառելիության ապահովման և վերահսկողական գործառույթների իրականացման համար անհրաժեշտ իրավական հիմքերի ձևավորման։

Գևորգ Պապոյանը հանդիպել է պողպատե ամրանների ներմուծմամբ զբաղվող ընկերությունների ներկայացուցիչների հետ

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը սեպտեմբերի 11-ին հանդիպել է պողպատե ամրանների ներմուծմամբ զբաղվող ընկերությունների ներկայացուցիչների հետ։ Հանդիպմանը մասնակցել է նաև նախարարի տեղակալ Տիգրան Գասպարյանը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից:

 

Քննարկվել են ոլորտի զարգացմանն ու հետագա աշխատանքների արդյունավետության բարձրացմանն առնչվող մի շարք հարցեր։ Անդրադարձ է կատարվել ամրանների ներմուծման շուկայում ձևավորված պայմաններին, տուրքերի սահմանաչափերին, ինչպես նաև ոլորտի առաջընթացին նպաստող հնարավոր քայլերին։

ՀՀ գլխավոր դատախազությունն ու Եվրոպական դատախազությունը ստորագրել են համագործակցության մասին աշխատանքային պայմանավորվածություն

2026 թվականի սեպտեմբերի 11-ին Լյուքսեմբուրգում Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը և Եվրոպական գլխավոր դատախազ Լաուրա Կոդրուտա Կովեշին ստորագրել են Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության և Եվրոպական դատախազության միջև համագործակցության մասին աշխատանքային պայմանավորվածություն։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից:

Փաստաթղթի նպատակն է ամրապնդել Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության և Եվրոպական դատախազության միջև համագործակցությունը՝ իրենց իրավասությունների շրջանակներում իրականացվող քննությունների և քրեական հետապնդումների ոլորտում։

Միջոցառմանը մասնակցել է նաև Եվրոպական միությունում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչության ղեկավար, Բելգիայի Թագավորությունում և Լյուքսեմբուրգի Մեծ Դքսությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Բալայանը:

Աշխատանքային պայմանավորվածությամբ առանձնահատուկ ուշադրություն է դարձվում ֆինանսական հանցագործությունների դեմ պայքարին՝ հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության ֆինանսական շահերի արդյունավետ պաշտպանության անհրաժեշտությունը։

Համաձայն աշխատանքային պայմանավորվածության՝ Կողմերը միմյանց կտրամադրեն առավելագույն աջակցություն կոնկրետ գործի շրջանակներում  տեղեկություններ և ապացույցներ ձեռք բերելու հարցում՝ գործող ազգային օրենսդրության և վերաբերելի միջազգային իրավական փաստաթղթերի շրջանակներում։

Համագործակցության կարևոր ուղղություններից են նաև հանցավոր ճանապարհով ձեռք բերված ակտիվների սառեցումը, առգրավումն ու բռնագրավումը։ Կողմերը, իրենց իրավասությունների շրջանակում և գործող իրավական կարգավորումներին համապատասխան, կարող են համագործակցել նաև համատեղ քննչական խմբերի ձևաչափով։

Աշխատանքային պայմանավորվածությունը  նախատեսում է նաև համատեղ վերապատրաստումների անցկացում, սեմինարների, աշխատաժողովների և համաժողովների կազմակերպման շրջանակներում համագործակցություն, ինչպես նաև փոխադարձ տեխնիկական և այլ աջակցություն։

ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, կարևորելով Եվրոպական դատախազության հետ համագործակցությունը որակապես նոր փուլ տեղափոխող փաստաթղթի ստորագրումը, նշել է.  «Ֆինանսական հանցագործություններն իրենց բնույթով հաճախ դուրս են գալիս մեկ պետության սահմաններից, իսկ հանցավոր ճանապարհով ձեռք բերված միջոցների շարժը կարող է անցնել բազմաթիվ իրավազորությունների միջով։ Հետևաբար, դրանց արդյունավետ բացահայտումն ու հանցավոր ճանապարհով ձեռք բերված ակտիվների վերականգնումը պահանջում են իրավապահ մարմինների միջև արագ, համակարգված և վստահելի համագործակցություն։ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունը կարևորում է Եվրոպական դատախազության հետ համագործակցության այս նոր մակարդակի ձևավորումը։ Համոզված եմ, որ աշխատանքային պայմանավորվածությունը գործնական նշանակություն կունենա ինչպես ԵՄ ֆինանսական շահերի պաշտպանության, այնպես էլ Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության համար հետաքրքրություն ներկայացնող ֆինանսական հանցագործությունների դեմ պայքարի արդյունավետության բարձրացման տեսանկյունից։ Մեր նպատակն է՝ ապահովել, որպեսզի հանցավոր գործունեության և ապօրինի ձեռք բերված ակտիվների դուրս բերումն այլ երկրներ չդառնա անպատժելիության երաշխիք»։

Եվրոպական գլխավոր դատախազ Լաուրա Կոդրուտա Կովեշին, անդրադառնալով պայմանավորվածության ձեռքբերմանը, նշել է. «Այսօր Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի հետ միասին մենք համաձայնության եկանք այն մասին, թե ինչպես ենք համագործակցելու խարդախության միջոցով ԵՄ բյուջեին  վնաս պատճառած հանցագործությունների դեմ պայքարում։ Հանցագործները կանգ չեն առնում սահմանների առջև, և մենք նույնպես կանգ չենք առնի։ Մենք կհետևենք նրանց կողմից խարդախության միջոցով հափշտակված գումարներին՝ անկախ նրանից, թե որտեղ են նրանք թաքցնում դրանք, և կվերադարձնենք այդ միջոցները»։

Աշխատանքային պայմանավորվածությունն ուժի մեջ է մտնում այսօրվանից՝ 2026 թվականի սեպտեմբերի 11-ից։

Քննարկվել են Հայաստան-Ռուսաստան միջխորհրդարանական հարաբերությունների զարգացման հարցեր

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արուսյակ Մանավազյանն ու խմբակցության քարտուղար Վոլոդյա Հակոբյանը սեպտեմբերի 11-ին հանդիպել են Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ։ Այս մասին տեղեկացնում են ԱԺ-ից:

 

Քննարկվել են Հայաստան-Ռուսաստան միջխորհրդարանական հարաբերությունների զարգացմանն ու միջտարածաշրջանային համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր։

 

Կողմերը մտքեր են փոխանակել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի և Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի հետագա աշխատանքի վերաբերյալ։

Այսօր ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը և ԱԺ նախագահի տեղակալ Արամ Վարդևանյանը նույնպես հանդիպել են Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ։

Քննարկվել են Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունների հետագա խորացման ու ընդլայնման հեռանկարներին վերաբերող հարցեր, այդ թվում՝ միջխորհրդարանական համագործակցության համատեքստում։

Կողմերը կառուցողական երկխոսությունը շարունակելու և երկկողմ փոխգործակցությանը նպաստող նախաձեռնություններին ու քայլերին աջակցելու պատրաստակամություն են հայտնել։

Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև աշխարհաքաղաքական զարգացումներին։

Նյարդը հանելու փոխարեն բորբոքել նյարդը. Ընդդիմությունը փորձում է Քյարքին դարձնել Կիրանց-2

Ռոբերտ Քոչարյանին առաջադրված նոր մեղադրանքը
«աշխարհաքաղաքական գործ» համարող նրա թիմակիցները՝ որդին, փաստաբանն ու վերջինիս փաստացի
ղեկավարմամբ գործող «Հայաստան» դաշինքի պատգամավոր Ագնեսա Խամոյանը, օրերս ասուլիսում
ազդարարեցին երկրորդ նախագահին կալանավորելու, «արանքից հանելու», եթե կուզեք՝ լիկվիդացնելու
իրական մոտիվը՝ վասնզի Քոչարյանը պատրաստվում էր դիմադրել՝ նորից ու վերստին,  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ավելի ստույգ՝ նրա
կողմից առաջիկայում կատարվելիք «հերթական զիջումներին»։ Եվ ահա, իշխանությունը «մի
ոտ շուտ» կալանավորեց  նախկին նախագահին, որ
ազատ ձեռքերով իրագործի իր «դավադիր պլանը»։  

Ուշագրավ է, որ ասուլիսի ժամանակ հնչած «հանճարեղ»
մտքերի ծաղկաքաղում, որը հրապարակվել է նախկին նախագահի ֆեյսբուքյան պաշտոնական էջում,
դիմադրությանն առնչվող երկու միտք է առանձնացվել։ Ահավասիկ. «Փաշինյանն ուզում է կոտրել
այն դիմադրությունը, որը ձևավորելու է Ռոբերտ Քոչարյանն ու «Հայաստան» դաշինքը»։ «Մեզ
առաջիկա 2-3 ամիսներին լուրջ իրադարձություններ են սպասվում, որոնց նախագահ Քոչարյանը
դիմադրելու է»։  Դիմադրություն տերմինը, համոզված
ենք, դեժավյու հարուցեց ընթերցողի մոտ ու ասոցացվեց այն խայտառակության, այն ձախողված
միջոցառման հետ, որին ընդդիմությունն առերեսվեց 2022-ին՝ Դիմադրության շարժում կոչվող
փողոցային պայքարի տեսքով։ Նույն դիմադրությանն այլ անվանումով՝ «սրբազան շարժում»,
ականատես եղանք նաև 2024-ին։  Այս շարժումն
էլ շուտով հյուծվեց ու մարեց՝ այդպես էլ  չհասնելով
իր նպատակին՝ Նիկոլ Փաշինյանին հեռացնելուն, ու առաջիկայում, փաստորեն, հերթական դիմադրության
 ռաունդին ենք ականատես լինելու։ Խնդիրն այն
է, սակայն, որ հիշյալ երկու դիմադրությունների ժամանակ էլ Ռոբերտ Քոչարյանն ազատ էր,
քան երբևէ՝ կալանքի տակ չէր։ Ավելին՝ անձամբ էր մասնակցում դիմադրություններից առաջինին։
Էլ ավելին ասենք՝ Սերժ Սարգսյանն էլ էր հավեսի ընկել ու Քոչարյանին զուգահեռ դիմադրում
էր Նիկոլ Փաշինյանի կառավարությանը՝ տուն ուղարկելու իղձը սրտում, սակայն նրանց դիմադրածից
Պողոս-Պետրոս դուրս չեկավ, էլ չասած, որ Լաոն էդպես էլ չզարթնեց՝  քնած մնալով մինչև օրս։    

 Քոչարյանի
քաղաքական կոնտորայում ակնհայտորեն ստեղծագործական կրիզիս է, նոր բրենդ, նոր անուն
ու փաթեթավորում չեն կարողանում գտնել իրենց հին, մաշված, բացասական փորձառության,
եթե կուզեք՝ կատարյալ ֆիասկոյի հետ նույնացվող գործիքակազմին։ Եվ արդեն իսկ հստակ կարելի
է պատկերացնել, թե ինչ տեսակի գործողություններ են սպասվելու հայ հանրությանն առաջիկայում
Դիմադրության երրորդ սեզոնի ժամանակ ՝ մի քանի հազար հոգանոց (լավագույն դեպքում՝ մեկ-երկու
հազար)  «սիթի տուրեր»՝ հերթական  «կենսական զիջումների», ենթադրաբար՝ «Տիգրանաշենը
հանձնելու» մասին ահաբեկչական հայտարարություններ հնչեցնելով,  ՀՀ վարչապետին ուղղված վերջնագիր, հրաժարական տալու
ժամկետ, ցուցարարների՝ ժամ առ ժամ նոսրացող շարքեր ու
․․․ ժողովրդին ուղղված մեղադրանք՝  մենք առաջարկեցինք
դիմադրել, ամեն ինչ կազմակերպեցինք, ծախս ու նեղություն կրեցինք, բայց դուք լայեղ չարեցիք
ողողել փողոցները՝ մեզ «պադերժկա» անելու, որ Նիկոլին հեռացնենք, վլաստը վերջապես վերցնենք
ու
․․․ բանակցենք  նույն օրակարգի շուրջ, ինչ Փաշինյանը, գնանք այն
նույն «կենսական զիջումներին», ինչում մեղադրում ենք  Փաշինյանին։ Մեր փորացավն իրականում Տիգրանաշենը
կամ այլ շեներ չեն,  այլ այն, որ Փաշինյանն
այլևս չկառավարի, հերիք է որքան կառավարեց, մեր օրոք բանակցային գործընթացում թույլ
տրված կենսական, ճակատագրական զիջումների հետևանքները կրեց՝ ժողովրդի հետ միասին։ Թող
թողնի մի քիչ էլ մենք կառավարենք՝ փրկելու այն միլիարդավոր դրամների ապօրինի գույքերը,
որոնք կուտակել ենք մեր պաշտոնավարման ընթացքում, և որոնցից զրկվելը՝ բռնագանձումը,
մեր կողմից պետությանն արված «կենսական զիջում» կլինի։ Կգանք իշխանության, արանքում
էլ ոնց պատահի՝ ոնց  Պուտինը կասի, կլուծենք
Տիգրանաշենի ու մնացած բոլոր  հարցերը։

 

 Վարչապետը
թեմայի նյարդը հանում է, ընդդիմությունը՝ բորբոքում      

Մինչ ՀՀ վարչապետը Քյարքիի հարցի վերաբերյալ
իր վերջին ասուլիսում ազդարարեց, որ պետք է «հանել նյարդը» թեմայի շուրջ՝ համոզմունք
հայտնելով, որ խնդիրը կլուծվի լավագույնս՝ սահմանազատման հանձնաժողովների աշխատակարգի
սկզբունքներին համապատասխան, Քոչարյանն ու «կոնտորան» ամեն ինչ անում և անելու են հարցի
նյարդը գրգռել-բորբոքելու համար։ Օրերս դիմադրություն ցույց տալու իրենց առաջիկա անելիքների
մասին «Ուժեղ Հայաստան» կուսակցության հետ փոխկապակցված ԶԼՄ-ի տաղավարում ազդարարել
է Դիմադրության շարժման անդիմադրելի առաջնորդ Իշխան Սաղաթելյանը։ «Մենք պետք է հասնենք
նրան, որ մեր ժողովրդի մեջ նյարդը չլինի այլևս Տիգրանաշենը հանձնելու շուրջ։ Այսինքն՝
էս փուլում ինքը փորձում ա հիմնավորել իր էս հակապետական գործունեությունը և նյարդը
հանել։ Իսկ մեր խնդիրն է բացատրել հասարակությանը, որ սա ինչ ծավալի ողբերգություն
և վտանգավորություն պարունակող խնդիր է մեր պետականության, ժողովրդի համար»։

 Տնային
կալանքի տակ գտնվող Սամվել Կարապետյանի եղբորորդի, ԱԺ պատգամավոր Նարեկ Կարապետյանն
էլ որոշել է ձայնակցել Սաղաթելյանին  և ուժեղների
իր  «փոքրիկ խմբակի» հետ զբաղվել Տիգրանաշենի
թեմայով հանրային նյարդը բորբոքելով։ «Ուժեղ Հայաստան»-ի ֆեյսբուքյան էջում մի տեսագրություն
է թողարկվել, որում երևում է, թե ինչպես է հիշյալ խմբակն ավտոբուսով ուղևորվել Քյարքի՝
տեղացիների հետ բացատրական աշխատանքներ տանելու։ «Մենք ունենք Տիգրանաշենը զարգացնելու
ծրագիր, և մեր հայրենակիցներին պետք է բացատրենք, որ իրենք խաբվել են, և իրենց գյուղը
հանձնման ենթակա չէ»,- ազդարարել է Կիրանցը անկլավ համարած «ուժեղական» տիկինը՝ Գոհար
Մելոյանը։ Նշենք, որ ուժեղաց խմբակը պատրաստվում է շուտով հայտարարություն տարածել
Տիգրանաշենից, ինչի մասին նույնպես անոնսել է կուսակցության ֆեյսբուքյան էջը։     

Ի դեպ, երբ շաբաթներ առաջ Քյարքիի թեման նոր-նոր
էր տաքացվել, Civic.am-ը հարց  հղեց Նարեկ Կարապետյանին՝
դիցուք, հրաշք է տեղի ունեցել, իրենց ուժը հունիսի 7-ին վերցրել էր իշխանությունը,
գնացել Ալիևի հետ բանակցությունների հերթական ռաունդին ու սեղանին անկլավների, մասնավորապես
Քյարքիի հարցն է. ի՞նչ տեսլական ունի «Ուժեղ Հայաստան»-ը՝ կողմ է Քյարքին Արծվաշենով
փոխանակելո՞ւն, թե՞ այլ, ավելի շահավետ լուծում ունի։ Կարապետյանը մեր հստակ հարցին
այդպես էլ հստակ պատասխան չտվեց՝  դիմելով հարցը
սվաղելու հնարքին։ «Ադրբեջանը առաջին հերթին պետք է վերադարձնի դելիմիտացիայի արդյունքում
հարյուրավոր հեկտարներ Պառավաքարում, Գորիսում, Ջերմուկում։ Դա է հիմնական ցուցիչը,
իրենք պատրա՞ստ են երաշխավորված խաղաղության, թե՞ ինչ կարում՝ ստանում են։ Նախևառաջ,
Ադրբեջանը պետք է վերադարձնի պաշտոնական Հայաստանին առնչվող, Հայաստանի ենթակայության
տակ գտնվող հողերը, որոնք պետք է մեր ենթակայության տակ գտնվեն՝ տասնյակ հազարավոր
հեկտարներ։ Դրանից հետո մենք կհասկանանք՝ էդ երկիրը երկարատև խաղաղությա՞նն է նայում,
թե՞ հիբրիդային ճնշման եղանակով բոլոր տեղերով ճնշում է մեզ»։  Երբ առարկեցինք՝ մեր հարցին պատասխանն այդպես էլ
չտրվեց, Կարապետյանը նետեց՝ հերթականության վրա շեշտ դնելով՝ պատասխանեցի։

Նույն հարցը շաբաթներ առաջ հղել ենք նաև Սաղաթելյանի,
Կարապետյանի  կոլեգա Արթուր Խաչատրյանին։  Նա անկլավների հարցի լուծումը համարեց բանակցային
մեծ փաթեթի մաս, որի բոլոր բաղադրիչները պետք է լուծվեն կոմպլեքս։ Խաչատրյանը օպտիմալ
լուծում համարեց  Քյարքին Արծվաշենով փոխանակելու
տարբերակը, բայց այդպես էլ չհստակեցրեց իրենց տեսլականը. «Սահմանները պետք է լինեն
այնպիսին, որպեսզի բավարարեն նորմալ կենսագործունեությունը, և դրա համար կա ԵԱՀԿ նախագահության
կողմից 2017 թ. մշակված սահմանազատման և սահմանագծման ուղեցույցը։ Հարցը պետք ա լուծվի
կոմպլեքս, խոսքը չի գնում միայն Արծվաշեն, Տիգրանաշեն, խոսքը գնում է բոլոր այդ տարածքների
մասին, որոնք սովետական ժամանակ մի ձև են եղել, հիմա մի քիչ այլ։  Բայց կրկնում եմ՝ չկա որևէ իրավական փաստաթուղթ,
որը ասի, որ ՀՀ-ն և Ադրբեջանը վարչական սահմաններն են դիտել որպես պետական սահմաններ»։

Հետևություն՝ շատ կոնկրետ հարցի՝ անկլավների
խնդրի վերաբերյալ ընդդիմադիր երկու հիմնական բևեռների ներկայացուցիչները չունեն հստակ
տեսլական, առարկայական լուծում՝ Քյարքին պահում ենք՝ տեղը տալիս ենք Արծվաշե՞նը, թե՞
Արծվաշենը, որը ՀՀ տարածքային ամբողջականության մաս է և այժմ Ադրբեջանի տիրապետության
տակ, վերադարձվում է ՀՀ-ին, Քյարքին էլ, որը ՀՀ զինված ուժերի վերահսկողության ներքո
է անցել 1992-ի մայիսին, վերադարձվում է Ադրբեջանին։

Ակնհայտ է, սակայն, մեկ բան՝ Քյարքիի հարցը
ներքաղաքական անկայունություն բորբոքելու համար օգտագործող, «Կիրանց 2»-ի վերածել փորձող
ընդդիմությունը դեմ է ՀՀ տարածքային ամբողջականությանը, որի մեջ է մտնում Արծվաշենը,
իսկ Քյարքին՝ ոչ։  

Հեղինե Մանուկյան

 

 

    

Second-hand-ի կարիք չունենք․ ՀՀ-Սփյուռք հարաբերություններում որակական փոփոխություն է տեղի ունենում

Second-hand-ի կարիք չունենք․ ՀՀ-Սփյուռք հարաբերություններում որակական փոփոխություն է տեղի ունենում

ՀՀ-ում գազը էժան չի՝ «Գազպրոմ Արմենիա»-ն մեծ շահույթներ է ստանում. բոլոր ոլորտներում ենք գնալու դիվերսիֆիկացիայի. Փաշինյան

ՀՀ-ում գազը էժան չի՝ «Գազպրոմ Արմենիա»-ն մեծ շահույթներ է ստանում. բոլոր ոլորտներում ենք գնալու դիվերսիֆիկացիայի. Փաշինյան

Տոլմա և խինկալի արտադրատեսակների արտադրության կասեցումը վերացվել է

«Բոնօստ» ՍՊ ընկերությունը պատկանող հանրային սննդի օբյեկտում (ք․ Երևան, Սարյան 16, տար․ 79, «Օստ. գինի և ուտելիք») արտադրվող «տոլմա» և «խինկալի» արտադրատեսակների նմուշների լաբորատոր կրկնակի փորձաքննությամբ պարզվել է, որ նախկինում հայտնաբերված մանրէաբանական խախտումները վերացվել են և արտադրատեսակները համապատասխանեցվել են «Սննդամթերքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի պահանջներին։

Հիմք ընդունելով վերոնշյալը, Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ, հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության առանձին գործառույթի՝ «տոլմա» և խինկալի» արտադրատեսակների արտադրության, կասեցումը վերացվել է։