15.09.2026
Քաղաքականություն
Հուսով եմ՝ Սամվել Կարապետյանի բրոնզաձույլ, կավից կամ, օրինակ, տիղմից արձանների մասին չի լինելու ձեր հարցը. Ալեքսանյանը՝ Մանավազյանին
15.09.2026
Քաղաքականություն
Հուսով եմ՝ Սամվել Կարապետյանի բրոնզաձույլ, կավից կամ, օրինակ, տիղմից արձանների մասին չի լինելու ձեր հարցը. Ալեքսանյանը՝ Մանավազյանին
Մի շարք անձինք, այդ թվում փաստաբան և Հարկադիր կատարումն ապահովող ծառայության նախկին պաշտոնյաներ են ձերբակալվել։
Տեղեկությունը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հաստատել են Հակակոռուպցիոն կոմիտեից։
«Տարբեր կատարողական վարույթներով արգելադրված և վերադարձման ենթակա գումարները հանցավոր մեխանիզմի գործադրմամբ հափշտակելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, կաշառք տալու, հանցավոր ճանապարհով ստացված գույքերն օրինականացնելու և այլ ենթադրյալ հանցանքներ կատարելու համար հանրային քրեական հետապնդումներ են հարուցվել մի շարք անձանց, այդ թվում՝ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության նախկին պաշտոնյաների և ՀՀ փաստաբանների պալատի անդամի (փաստաբանի) նկատմամբ:
Վերջիններս ձերբակալվել են»,- հայտնեցին կոմիտեից:
Մշակութային ժառանգության պահպանումն ու դրան աջակցելը ոչ միայն խաղաղության գործընթացների կարևոր մասն են, այլև էական արժեք են Եվրոպական Միության համար: Այս մասին «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն, որը սեպտեմբերի 14-ին ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի ուղեկցությամբ այցելել էր «Մատենադարան» Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ:
«Ուրախ եմ, որ այսօր հնարավորություն ունեցա այցելել Մատենադարան և տեսնել հայկական հնագույն հրաշալի հավաքածուները։ Ես տեսա այդ ժառանգության իսկական գեղեցկությունն ու խորությունը և խորապես տպավորված եմ։ Շատ շնորհակալ եմ ընդունող կողմին այս հնարավորությունն ընձեռելու համար և համոզված եմ, որ մշակութային ժառանգության պահպանումն ու դրան աջակցելը ոչ միայն խաղաղության գործընթացների կարևոր մասն են, այլև էական արժեք են Եվրոպական Միության համար»,-շեշտեց Մագդալենա Գրոնոն։
Ավելի վաղ Գրոնոն եղել էր Ադրբեջանում, այցելել էր Ղարաբաղ, ինչից հետո սոցցանցային գրառում էր կատարել՝ նշելով՝ «որոշ վայրերի ծագման վերաբերյալ խորապես տարբերվող տեսակետներ ու նարատիվներ կան»՝ չհստակեցնելով, սակայն, թե ինչ նկատի ունի։ Այդ գրառումը Հայաստանում քննադատությունների առիթ էր հանդիսացել:
Գործակալության թղթակցի հարցին, թե ինչպես է ԵՄ ներկայացուցիչը մեկնաբանում իր այդ գրառումը, Գրոնոն պատասխանեց.
«Ես, անշուշտ, չեմ վիճարկում Ղարաբաղի՝ նախկինում հակամարտությունից տուժած շրջաններում անցյալում հայկական ներկայությունն ու հարուստ հետքը։ Անցյալ շաբաթ Քելբաջարի (այցելել է Դադիվանք-խմբ.) և Աղդարայի (այցելել է Գանձասար-խմբ.) շրջաններ կատարած այցի ընթացքում առաջին անգամ հնարավորություն ունեցա անձամբ համոզվելու դրանում։ Ուրախ էի նաև այսօր կրկին այցելել Երևանի Մատենադարան։ Այս ժառանգությունը պետք է պահպանել և արժևորել՝ զերծ մնալով չհիմնավորված քաղաքականացումից և շահարկումներից»։
Գրոնոյի խոսքով՝ Եվրամիության համար գլխավորն այն է, որ անդրադարձ կատարվի խաղաղության գործընթացի բոլոր ասպեկտներին։ Ըստ նրա՝ դրանք ներառում են քաղաքական, անվտանգային և տնտեսական հարցեր, բայց նաև այնպիսի բարդ խնդիրներ, ինչպիսիք են հումանիտար հարցերն ու մշակութային ժառանգությանը վերաբերող խնդիրները։
«Կարծում եմ՝ հաշտեցումը լիարժեք դարձնելու համար ինչ-որ պահի անհրաժեշտ կլինի նաև երկխոսություն ծավալել այս հարցերի շուրջ։ Լսել եմ երկու կողմերի տեսակետները և գիտեմ, որ դրանք խորը զգացմունքներ են արթնացնում նրանց մոտ։ Ուրախ էի նաև հանգստյան օրերին կատարածս այցի ընթացքում հնարավորություն ունենալ տեսնելու այն կարևոր ժառանգությունը, որն իրականում առկա է Ղարաբաղում»,-եզրափակեց Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչը։
«Ընդդեմ ընտանեկան բռնության շարժումն այնպիսի մասշտաբներ է ստացել, որ այն կենտրոնացված համակարգելու անհրաժեշտություն է առաջացել։ Այդ նպատակով ստեղծել ենք «Այլևս չենք հանդուրժում» ընդդեմ ընտանեկան բռնության շարժման կենտրոն։ Այստեղից այլ կանանց օգնությամբ փորձելու ենք ղեկավարել շարժումը»:
Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղադրած տեսանյութում ասել է ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը:
«Այս ընթացքում հազարավոր կանայք դիմում են՝ բարձրաձայնելով իրենց հետ տեղի ունեցած անարդարության մասին և փորձում են մեզնից աջակցություն ստանալ։ Մեր ռեսուրսները բավարար չեն ձեզ օգնելու համար, որովհետև ձեր թիվը չափազանց մեծ է։
Ես ձեզ խնդրում եմ անպայման դիմել նաև ձեր ընտրատարածքներից ընտրված պատգամավորներին։ Նրանք կարող են նույնպես այս հարցում ձեզ օգնել։ Իսկ եթե շարունակվի անարդար վերաբերմունքը ձեր հանդեպ, անպայման դիմեք շարժման կենտրոն»,- մանրամասնել է նա:
Ընդդեմ ընտանեկան բռնության շարժման կենտրոնի հետ կապ հաստատելու համար պետք է զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով՝ 041 444 930, 041 444 970:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի Եվրոպական միության հարցերի հանձնաժողովի նախագահ Անտոն Հոֆրայթերի գլխավորած պատվիրակությանը։
Վարչապետը ողջունել է պատվիրակության այցը Հայաստան և կարևորել երկկողմ քաղաքական ակտիվ երկխոսությունը։ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է Հայաստան–Գերմանիա հարաբերությունների հետևողական զարգացման, այդ թվում՝ միջխորհրդարանական ձևաչափով տարբեր հարթակներում սերտ փոխգործակցության կարևորությունը։
Հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստան-Գերմանիա, Հայաստան–ԵՄ հարաբերությունների հետագա զարգացման, ինչպես նաև տարածաշրջանային գործընթացների շուրջ։
Կանզասի ազգային գվարդիան և ՀՀ պաշտպանության նախարարությունն անցկացրել են «Փյունիկ» դասակի ամենամյա սերժանտական վերապատրաստումը, որը շուրջ 15 տարի Կանզաս-Հայաստան գործընկերության կարևոր բաղադրիչներից է։
Այս մասին հայտնել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը։


Օգոստոսի 31-ից սեպտեմբերի 11-ը Կանզասի ազգային գվարդիայի զինծառայողները և ՀՀ զինված ուժերի տարբեր ստորաբաժանումների սերժանտական կազմի ներկայացուցիչները փոխանակվել են գիտելիքներով սերժանտական առաջնորդության ու մարտավարական պլանավորման ոլորտներում լավագույն փորձով։


Վերապատրաստումն ավարտվել է մի քանի օր տևողությամբ գործնական վարժանքներով, որոնք միտված են եղել անհատական և թիմային առաջնորդության հմտությունների զարգացմանն ու հայ և ամերիկացի զինծառայողների միջև համագործակցության խորացմանը։
Սեպտեմբերի 7-14-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 6124 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 203 ավտոմեքենա։ Այդ մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից:
Մասնավորապես, հայտնաբերվել են ոչ սթափ 219 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 121 անձ։ Հայտնաբերվել է հաշվառման համարանիշի հետ կապված՝ 19, չամրակապված վարելու՝ 327, առանց մանկական նստատեղի՝ քարսիթի՝ 20, վարելու ընթացքում ծխելու՝ 641, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 245, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 1903 և 1485 այլ իրավախախտում։ 22 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 87-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 68-ը՝ լուսարձակների անսարքությամբ, 38-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով։ Բացի այդ, տարբեր կասկածանքներով ձերբակալվել ու Համայնքային ոստիկանության բաժիններ է տարվել 98 անձ։
Նույն ժամանակահատվածում մարզերում պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 15787 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 272 տրանսպորտային միջոց։
Հայտնաբերվել են ոչ սթափ 308 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 362 անձ։ Հայտնաբերվել է նաև հաշվառման համարանիշի հետ կապված՝ 69, չամրակապված վարելու՝ 3288, առանց մանկական նստատեղի՝ քարսիթի՝ 239, վարելու ընթացքում ծխելու՝ 865, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 805, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 626, արագության գերազանցման՝ 2587 և 4972 այլ իրավախախտում։ 125 ավտոմեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 820-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 472-ը՝ լուսարձակների անսարքությամբ, 90-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով։ 21 վարորդ տուգանվել է վարելիս նվագարկչի՝ ստանդարտին չհամապատասխանող լրացուցիչ ուժեղացուցիչներ օգտագործելու համար։ Բացի այդ, տարբեր կասկածանքով ձերբակալվել ու Համայնքային ոստիկանության տարածքային բաժիններ է տարվել 45 անձ։
Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Արթիկ» տարածքային բաժնում ստացվել էին տեղեկություններ այն մասին, որ ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողը զբաղվում է թմրամիջոցների իրացմամբ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի բնակելի գոտում։ Այս մասին հայտնում են ՔԿԾ-ից:
Ստացված տեղեկությունների համաձայն՝ նշված ծառայողը սեպտեմբերի 13-ին նախատեսել էր որոշակի նյութական շահագրգռվածության դիմաց թմրամիջոց փոխանցել ազատազրկված անձանց։
Իրացնելով օպերատիվ տեղեկությունները՝ սեպտեմբերի 13-ին նույն տարածքային բաժնի ծառայողները «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողների հետ համատեղ խուզարկության են ենթարկել վերոնշյալ ծառայողին, ինչի արդյունքում նրա մոտից հայտնաբերվել է թմրամիջոցի նմանվող, 0,46 գրամ քաշով, սպիտակ, փոշենման զանգված։
Վերոնշյալ ծառայողը ձերբակալվել է Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Արթիկ» տարածքային բաժնի աշխատակիցների կողմից և հայտնաբերված զանգվածի հետ միասին ներկայացվել ՔԿ Շիրակի մարզային վարչության Արթիկի և Անիի քննչական բաժին։