Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպանին

Սեպտեմբերի 14-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ֆլորիան Էսկյուդիեին: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։

Նախարարը շնորհավորել է դեսպանին և մաղթել հաջողություններ Հայաստանում դիվանագիտական առաքելությունն իրականացնելու գործում:

Կողմերն ընդգծել են Հայաստանի և Ֆրանսիայի միջև պաշտպանության բնագավառում ձևավորված համագործակցության բարձր մակարդակը՝ վստահություն հայտնելով, որ այն կշարունակի զարգանալ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են գործակցության ընթացքին և հեռանկարներին առնչվող հարցեր։

ԹՐԻՓՓ-ը թևակոխել է գործնական իրականացման փուլ. Վահան Կոստանյան

ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարության և ՄԱԿ-ի Ասիայի և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողովի (ESCAP) համագործակցությամբ Երևանում մեկնարկել է «Կայուն տրանսպորտային միջանցքների խթանումը՝ միջտարածաշրջանային և ներտարածաշրջանային փոխկապակցվածության ամրապնդման նպատակով» խորագիրը կրող կարողությունների զարգացման երկօրյա աշխատաժողով։ Այս մասին հայտնում են ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարությունից։

Աշխատաժողովը նպատակ ունի խթանել քաղաքական երկխոսությունը, փորձի և գիտելիքի փոխանակումը, ինչպես նաև կարողությունների զարգացումը՝ Հարավային Կովկասի, Հյուսիսային և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում և դրանից դուրս կայուն տրանսպորտային երթուղիների զարգացման և առանցքային միջազգային տրանսպորտային միջանցքներով Արևելք–Արևմուտք կապակցվածության ամրապնդման ուղղությամբ։

Աշխատաժողովի բացմանը ելույթով հանդես է եկել ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը։

«…Նախ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ՄԱԿ-ի` Ասիայի և Խաղաղ օվկիանոսի տնտեսական և սոցիալական հանձնաժողովին (ESCAP)՝ այս կարևոր միջոցառումը համատեղ կազմակերպելու և դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրներին տրանսպորտային կապակցվածության շուրջ տարածաշրջանային երկխոսության խթանման միջոցով շարունակական աջակցություն ցուցաբերելու համար։ Դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների համար «Ավազայի գործողությունների ծրագիրը» նորացված միջազգային ջանքերի ուղենիշն է՝ ուղղված այս երկրների առջև ծառացած կառուցվածքային մարտահրավերների հասցեագրմանը։

Վերջին ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ տրանսպորտային երթուղիները պետք է կարողանան դիմակայել խափանումներին և ապահովել կանխատեսելի ծառայություններ բիզնեսի և համայնքների համար։ Միևնույն ժամանակ, նոր տրանսպորտային երթուղիների զարգացումը հնարավորություններ է ստեղծում կայուն մատակարարման շղթաների ապահովման, առևտրի դիվերսիֆիկացման, տարածաշրջանային տնտեսական ինտեգրման ամրապնդման և նախկինում առավել դժվար հասանելի շուկաների կապակցման համար։ 

Հայաստանի համար այս նպատակները սերտորեն փոխկապակցված են տարածաշրջանային կապակցվածության ամրապնդման և մեր տրանսպորտային ցանցի ներուժի իրացման ավելի լայն տեսլականի հետ։ Մենք կենտրոնացած ենք տրանսպորտային ենթակառուցվածքների բարելավման, սահմանային անցակետերի արդիականացման, լոգիստիկ կարողությունների զարգացման և արդյունավետ կառավարման ամրապնդման վրա, ինչը կարող է առավել արդյունավետ և հուսալի դարձնել ապրանքների և մարդկանց տեղաշարժը։ 

ԹՐԻՓՓ-ը նպատակ ունի Հայաստանի Հանրապետության տարածքում ապահովել անխոչընդոտ, բազմամոդալ տարանցիկ կապակցվածություն՝ նպաստելով տարածաշրջանային խաղաղությանը, կայունությանը և բարգավաճմանը՝ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավազորության նկատմամբ հարգանքի հիման վրա։ Այն փոխադարձ օգուտներ կապահովի Հայաստանի Հանրապետության համար՝ Ադրբեջանի տարածքով միջազգային և ներպետական կապակցվածության առումով: 

Այլ կերպ ասած՝ ԹՐԻՓՓ-ը համապարփակ շրջանակ է, որը ոչ միայն նախանշում է տարածաշրջանում առևտրի և տարանցիկ բեռնափոխադրումների իրականացման եղանակները, այլև հիմք է ստեղծում Հարավային Կովկասի՝ համաշխարհային մատակարարման շղթաներին առավել սերտ ինտեգրման համար։ Այս տարվա հունիսին Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև ԹՐԻՓՓ-ի վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագրի ստորագրմամբ նախագիծը թևակոխել է գործնական իրականացման փուլ»։ 

Երկօրյա միջոցառման ընթացքում քննարկվելու են կայուն տրանսպորտային միջանցքների զարգացման առանցքային ուղղությունները: Մասնակիցները հնարավորություն կունենան իրականացնելու փորձի փոխանակում, քննարկելու տրանսպորտային միջանցքների զարգացման ընդհանուր մարտահրավերները և դիտարկելու դրանց արդյունավետությունը, դիմակայունությունն ու կայունությունը բարձրացնելու գործնական մոտեցումները։

Աշխատաժողովին մասնակցում են անդամ երկրների կառավարությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև տրանսպորտային օպերատորներ, մասնավոր հատվածի, գիտական շրջանակների, միջազգային կազմակերպությունների, զարգացման գործընկերների և ոլորտի այլ շահագրգիռ ներկայացուցիչներ։

Ռուբեն Ռուբինյանն ու Էստոնիայի դեսպանը մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի և ՀՀ-ԵՄ համագործակցության շուրջ

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը սեպտեմբերի 14-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Էստոնիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարին։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ-ից։

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Հայաստանի և Էստոնիայի միջև երկկողմ հարաբերությունների զարգացմանը։

Զրուցակիցները պատրաստակամություն են հայտնել շարունակելու համագործակցությունը բոլոր ոլորտներում՝ առանձնահատուկ կարևորելով միջխորհրդարանական կապերի ակտիվացումը։

Ռուբեն Ռուբինյանը և Մարգ Մարդիսալու-Կահարը մտքեր են փոխանակել տարածաշրջանային մի շարք հարցերի շուրջ։

Կողմերն անդրադարձել են ՀՀ-ԵՄ օրակարգին և դրա շրջանակում համագործակցության ընդլայնմանը։


Ի գիտություն Ազգային ժողովում հավատարմագրված լրատվամիջոցների

Ազգային ժողովի հայտարարությունը հավատարմագրված լրագրողներին. 

Հաշվի առնելով «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքը և հիմք ընդունելով «Զանգվածային լրատվության մասին» օրենքի 7-րդ հոդվածը՝ Ազգային ժողովում լրատվական գործունեություն իրականացնողի հավատարմագրված ներկայացուցիչներին հորդորում ենք ԱԺ նիստերը լուսաբանելիս զերծ մնալ տեսաձայնագրմամբ ստացված այնպիսի տեղեկատվության տարածումից, որը վերաբերում է մարդու անձնական կյանքին և կարող է հանգեցնել անձնական և ընտանեկան կյանքի անձեռնմխելիության խախտման։

 

Հակառակ պարագայում, հիմք ընդունելով «Զանգվածային լրատվության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 6-րդ մասը, նույն օրենքի 7-րդ հոդվածը, Ազգային ժողովի խորհրդի 2024 թվականի դեկտեմբերի 2-ի թիվ 062-Լ որոշմամբ հաստատված Ազգային ժողովում լրագրողների հավատարմագրման կարգի 17-րդ կետի 3-րդ ենթակետը, լրատվական գործունեություն իրականացնողի հավատարմագրված լրագրողի հավատարմագրումը վաղաժամկետ կդադարեցվի։

Մեր պատմության մեջ դատարկ էջ չկա. Մատենադարանի տնօրենը՝ Հաջիևի հայտարարության մասին. 1lurer

Գանձասարում ինչ դատարկ էջեր էր դիվանագետներին ցուցադրում Հաջիևը. այս հարցին գիտական փաստերով են արձագանքում Մատենադարանից:

1216-38 թվականներին է կառուցվել Գանձասարը, որը եղել է հայության հոգևոր-մշակութային, գրչության կենտրոնը: Ղարաբաղից մեզ են հասել միջնադարյան մոտ 450 ձեռագրեր: Գանձասարի պատմությանը վերաբերող բացառիկ պատմագիտական նշանակության փաստաթղթերը հիմնականում պահվում են Մատենդարանում, վանական համալիրում ներկայացված են եղել բացառապես կրկնօրինակները: Մասնագետները մանրամասնում են՝ 1232 թվականի ձեռագիրը 14-րդ դարի սկզբին տեղափոխվել է Ղարաբաղ և Գանձասարում ցուցադրվողը, և Հաջիևի ձեռքում հայտնվածը նկարազարդված Թարգմանչաց ավետարանի մի էջի մանրանկարի կրկնօրինակն էր:

Տնօրեն Արա Խզմալյանը Բաքվում հավատարմագրված դիվանագետներին կոչ է անում այցելել Երևան, նշում Մատենադարանում պահպանվող հայկական գրավոր ժառանգության համաշխարհային նշանակությունը ճանաչել է ամբողջ աշխարհը:

Մանրամասները՝  1lurer-ի ռեպորտաժում։




https://www.youtube.com/watch?v=ZbftX3KYi2E

Ղարաբաղից վերադառնալուց հետո իրենք բնակարանային քաղցի մեջ են եղել

Հայաստանի սահմաններից դուրս գտնվող անտեսանելի օջախներ, աշխարհաքաղաքական
կենտրոններ կան, որոնք իրենց շահերից բխող նպատակներն իրագործելու համար պատրաստ են
ամեն ինչի և այստեղ ունեն աջակիցներ։ Այս մասին Civic.am-ի հետ զրույցում հայտարարեց
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը։ «Հայաստանում
իշխանության խնդիրը լուծելու համար այդ կենտրոնները պատրաստ են ամեն ինչի վրայով անցնել»,-նկատեց
Քոչարյանը և, ի պատասխան մեր ճշտման՝ արդյոք «ամեն ինչ» ասվածը ներառո՞ւմ է նաև ընդհուպ
ահաբեկչությունը, նոր «Հոկտեմբերի 27»-ը, հավելեց
․ «Եթե այդպիսի սցենար գործի, ապա նշանակում է՝ իրավապահ համակարգը
դասեր չի քաղել։ Մի մոռացեք, որ այդ սցենարը գործեց նաև նոյեմբերի 9-ից հետո, երբ մի
հրահանգով թաղերի խուժանը եկավ ու գրավեց պետական շենքերը։ Պարզապես իրենց չհաջողվեց
գտնել Նիկոլ Փաշինյանին, հակառակ դեպքում նույն «Հոկտեմբերի 27»-ն էր»։

Անդրադառնալով նախկին
նախագահ Ռոբերտ Քոչարյանին առաջադրված նոր մեղադրանքին և նրա թիմակիցների այն պնդմանը,
թե այդ գործը աշխարհաքաղաքական համատեքստ ունի, քանի որ Քոչարյանը դիմադրելու էր իշխանության
կողմից առաջիկայում սպասվելիք նոր զիջումներին՝ Անդրանիկ Քոչարյանը հակադարձեց
․ «Այսինքն՝ Քոչարյանը ինչ-որ բան կանխողն էր, հա՞։  Այդ դեպքում թող ինքն իր ընտանիքի հետ պատերազմից
հետո մնար ու ապրեր Ղարաբաղում, էնտեղից դուրս չգար։ Փրկիչները պետք է պատրաստ լինեն
նաև իրենց անձի զոհողությանը, ինչը մենք չենք տեսել։ Նրա հարստացումը տեսել ենք։ Հիմա
կտեսնենք հարստահարումը, և նոր կհասկանանք՝ ի՞նչ ծավալի հարստացման մեխանիզմներ են
դրված եղել «Հոկտեմբերի 27»-ից հետո։ Բա որ ասում են՝ պիտի կանխի, կանխող էր, 20 տարի
ինքն ու Սերժ Սարգսյանը բանակցում էին Ղարաբաղի հարցով, ինչի՞ չեն լուծել այդ հարցը։
Հենց նույն փոխզիջումային տարբերակներով կարող էին լուծել, չգիտեի՞ն, որ հեռանկար չկար,
գնում էր ուժերի անհամաչափ զարգացում, Ադրբեջանը մի քանի անգամ ավելի շատ միջոցներ
էր ծախսում իր զինված ուժերի կայացման համար»։

Անդրադառնալով Ռ․ Քոչարյանի ու նրա ընտանիքի ունեցվածքին, որը նրա որդու ու փաստաբանների
պնդմամբ օրինական է, և իրենք դա հիմնավորող բոլոր ապացույցները կներկայացնեն դատարանում,
մեր զրուցակիցը հակադարձեց՝ «այդ դեպքում թող ներկայացնեն այն նախնական ունեցվածքը,
որը իրենք ունեին ի սկզբանե, նախքան «Հոկտեմբերի 27»-ը և դրանից հետո։  «Հոկտեմբերի 27»-ից հետո ի՞նչ մեխանիզմներ գործեցին,
որ էժան առնում էին, թանկ ծախում էին, և դեռ կյանք չմտած նրա  զավակները դարձան միլիոնատերեր»։ Նկատեցինք՝ ասում
են՝ տաղանդավոր բիզնեսմեններ են եղել և կան, պատգամավորն էլ հակադարձեց՝ «մեկն էլ կար,
երբ հարցնում էին՝ միլիոնները որտեղի՞ց, ասում էր՝ պամիդոր եմ ծախել՝  խոսքը ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանի մասին
է։ Այո, Քոչարյանը շատ տաղանդավոր էր ու այդ տաղանդի հանգույն «Սիստեմա» ընկերությունից  ստացավ աշխատանք։ Մեկը պետք է հարց տա իրեն՝ այդ
ընկերությունում ինչ ծավալի գումար ներդրեցիր, որ եկամուտներդ դարձան միլիոններ։ «Սիստեման»
ՌԴ ամենախոշոր ընկերություններից է, և այն, այսպես ասած, ժեստ է արել՝ «Գույք պարտքի
դիմաց»-ի դիմաց տվել է տվել Քոչարյանին տնօրենների խորհրդում աշխատելու հնարավորությունուն»։ 


 

Անդրանիկ Քոչարյանի
հետ զրուցել ենք նաև ՀՀ արդարադատությունից խույս տված իշխանության նախկին ներկայացուցիչների,
նրանց՝ արդարադատության առաջ կանգնելու և այլ հարակից թեմաների մասին։

Զրույցի ուշագրավ մանրամասները՝
տեսանյութում։

Հեղինե Մանուկյան

 

    

Իջևան համայնքին է վերադարձվել 1 միլիոն 377 հազար դրամ արժեքով հերթական հողամասը. վարչապետ

Տավուշի մարզի Իջևան համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել քաղաքային զբոսայգում՝ Անկախության 1/61 հասցեում գտնվող 201.6 քմ մակերեսով հողամասի նկատմամբ:

Այս մասին #հատիկառհատիկ հեշթեգի ներքո իր էջերում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը՝ 1 միլիոն 377 հազար դրամ։

ՆԳ նախարարը և Վրաստանի վարչապետը քննարկելլ են երկու երկրի միջև ռազմավարական գործընկերության խորացման հնարավորությունները

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հանդիպել է աշխատանքային այցով Վրաստանում գտնվող Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի հետ։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ-ից:

 

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների իրավապահ ոլորտների համագործակցության հարցեր։ Ընդգծվել է, որ գործընկերության ամրապնդման և ընդլայնման համար հիմք է Հայաստանի և Վրաստանի ներքին գործերի նախարարությունների միջև ստորագրված Հանցավորության դեմ պայքարի մասին համաձայնագիրը։ Կարևորվել են թմրամիջոցների ապօրինի շրջանառության, անօրինական միգրացիայի և այլ հանցատեսակների դեմ պայքարի ուղղությամբ իրականացված համատեղ ծրագրերը։

 

 

Քննարկվել են Հայաստանի և Վրաստանի միջև ռազմավարական գործընկերության խորացման

հնարավորությունները։

 

Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանում ընթացող գործընթացներին։ Իրակլի Կոբախիձեն ընդգծել է, որ Վրաստանը հաստատակամորեն աջակցում է Հարավային Կովկասում խաղաղության և կայունության ամրապնդմանը։

 

Հանդիպմանը մասնակցել են նաև Վրաստանի ներքին գործերի նախարար Սուլխան Թամազաշվիլին, Վրաստանի կառավարության աշխատակազմի ղեկավար Լևան Ժորժոլիանին և Վրաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանը։

«Մեր ձեռագրերում ազատ էջեր չկան». Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյան

«Մեր ձեռագրերում ազատ էջեր չկան»,- «Ազատության» հետ զրույցում նշել է Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանն, արձագանքելով նախօրեին Գանձասարի՝ Հիքմեթ Հաջիևի կողմից Մատենադարանում հայկական գրքերի դատարկ էջերի ցուցադրությանը:

Արա Խզմալյանի փոխանցմամբ՝ որևէ բնօրինակ երբևէ չի տեղափոխվել Գանձասար՝ հաշվի առնելով ձեռագրերի անվտանգության և պահպանման համակարգի բացակայությունը:

«Գանձասարում ցուցադրվել են միայն ձեռագրերի կրկնօրինակները: Դրանցից յուրաքանչյուրի բնօրինակը պահպանվում է Մատենդարանում: Մատենադարանը պատրաստ է դրանք ցույց տալ յուրաքանչյուր դիվանագետի, դեսպանի, ով մեկ տոկոս անգամ կասկածում է դրանց իսկությանը», – «Ազատությանը» փոխանցեց Արա Խզմալյանը:

Նա նշել է, որ Գանձասարում պահպանված և այժմ Մատենադրանում պահվող ամենահին հայկական ձեռագիրը թվագրվում է 909 թվականին, և այն կոչվում է «Վեհափառի Ավետարան»:

Սեպտեմբերի 15-19-ը առանձին շրջաններում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ

Հանրապետության տարածքում սեպտեմբերի 14-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սեպտեմբերի 15-19-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ։

Քամին` արևմտյան` 2-5 մ/վ։

Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 14-ի ցերեկը, 15-ին աստիճանաբար կբարձրանա 1-3 աստիճանով, 18-19-ն ցերեկը աստիճանաբար կնվազի 2-4 աստիճանով։

Երևան քաղաքում սեպտեմբերի 14-ի ցերեկը, 15-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։