ԵՄ անդամակցության շուրջ դեռևս չենք ունեցել խորքային հանրային քննարկումներ. Արարատ Միրզոյան

Հոկտեմբերի 13-ին Վարշավայի անվտանգության ֆորումի շրջանակներում ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը մասնակցել է «Կիսապատրա՞ստ, թե՞ քայլ առ քայլ մոտեցում. վերանայելով ԵՄ ընդլայնումը» խորագրով ԵՄ ընդլայնման հեռանկարներին նվիրված պանելային քննարկմանը, հայտնում են ԱԳՄԱՆ-ից:

Բացման խոսքով հանդես է եկել Չեռնոգորիայի նախագահ Յակով Միլատովիչը: Պանելային քննարկմանը մասնակցել են նաև Լիտվայի արտաքին գործերի նախարար Կեստուտիս Բուդրիսը և Ռումինիայի արտաքին գործերի նախարար Օանա-Սիլվիա Ցոյուն։

«Մոդերատոր: Շնորհակալություն։ Այժմ կցանկանայի խոսքը փոխանցել նախարար Միրզոյանին։ Մենք լսեցինք, որ դա հրամայական է, որ երկարատև, բավական բարդ գործընթաց է: Երևանի տեսանկյունից Ձեր երկրի և Եվրոպական Միության միջև հարաբերություններում առկա է բավականին դրական դինամիկա։ Կարո՞ղ եք ասել՝ որն է վերջնակետը, երբ նստում եք դեպի Եվրոպա ընթացող այս գնացքը։ Ո՞րն է Ձեզ համար վերջնական նպատակակետը։

Արարատ Միրզոյան: Ողջունում եմ բոլորին։ Սկսեմ՝ ներկայացնելով, թե ինչ ունենք ներկայում:

Եվրոպական Միության հետ մեր հարաբերություններն աննախադեպ խոր ու սերտ են և ընդգրկում են ոլորտների ու ուղղությունների աննախադեպ լայն շրջանակ։ Մենք ունենք վիզաների ազատականացման շուրջ երկխոսություն։ Մենք ունեցել ենք և շարունակում ենք ունենալ ԵՄ դիտորդական առաքելությունը, որը դիտարկում է Հայաստան-Ադրբեջան սահմանին իրավիճակը։ Վերջերս մենք ընդունել ենք նաև երկրորդ առաքելությունը, որը ժամանակավոր բնույթ է կրում, սակայն գործում է մշտական հիմունքներով և աջակցում է մեզ հիբրիդային սպառնալիքներին դիմակայելու հարցում։

Չլինելով ԵՄ անդամակցության թեկնածու երկիր՝ մենք ստացել ենք ինքնավար առևտրային միջոցներ։ Սա ամենաթարմ նորությունն է. ԵՄ-ն ընդունել է ինքնավար առևտրային միջոցներ՝ աջակցելու Հայաստանի արտահանման շուկաների դիվերսիֆիկացմանը։ Մենք նաև Եվրոպական Միության հետ ստորագրել ենք համաձայնագիր, որը մեզ հնարավորություն կտա մասնակցելու աշխարհի տարբեր հատվածներում իրականացվող ԵՄ տարբեր առաքելություններին։

Screenshot_92.png (566 KB)

Կրկին չլինելով անդամակցության թեկնածու երկիր՝ մենք ստացել ենք Աճի և դիմակայունության ծրագիր և ԵՄ աջակցություն։ Չլինելով թեկնածու երկիր՝ մենք աջակցություն ենք ստացել նաև Խաղաղության եվրոպական գործիքի շրջանակներում։

Այսպիսով, խոսքը միայն քաղաքական երկխոսության, տնտեսության կամ առևտրի ոլորտում աջակցության մասին չէ։ Խոսքը նաև անվտանգության, արտաքին քաղաքականության և այլ ոլորտների մասին է։

Այս ամենը նշում եմ՝ ցույց տալու համար, որ Եվրոպական Միության հետ միասին մենք գտնվում ենք շարունակաբար նոր հորիզոններ բացահայտելու գործընթացում՝ ԵՄ-ն և Հայաստանը միմյանց ավելի ու ավելի մերձեցնելու նպատակով։

Ձեր հարցն այն է, թե որն է վերջնակետը, վերջնական նպատակակետը։ Վախենամ՝ հիասթափեցնեմ Ձեզ, բայց, կարծում եմ՝ ոչ ոք չգիտի՝ ո՛չ Հայաստանը, ո՛չ Եվրոպական Միությունը, ո՛չ էլ անդամ պետությունները։ Թույլ տվեք բացատրել իրական իրավիճակը։ Հայաստանում, եթե լիովին անկեղծ լինենք, ԵՄ անդամակցության վերաբերյալ լուրջ քննարկումները նոր են սկսվել։ Մենք այս հարցի շուրջ դեռևս չենք ունեցել խորքային հանրային քննարկումներ, թեև 2025 թվականի գարնանն ընդունել ենք «Եվրոպական Միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքը։ Սա հայկական կողմի ընկալումն է։

Այժմ դիտարկենք ԵՄ-ի ընկալումը։ Մենք արդեն լսեցինք այս հարցի վերաբերյալ մի քանի դիտարկում։

Կա նաև երրորդ շերտը, որը մեր դեպքում չափազանց կարևոր է՝ Հայաստանի հարևանությունը։ Եկեք թվարկենք մեր հարևաններին․ Ադրբեջան. մենք նոր ենք հաստատել խաղաղություն և սկսել երկկողմ առևտուրը։ Մենք բացում ենք միմյանց տարածքները փոխադրումների և տարանցման համար, ապաշրջափակում ենք տարածաշրջանային հաղորդակցությունները։ Սակայն դեռևս կան մի շարք զգայուն հարցեր, որոնք պետք է լուծվեն։ Արևմուտքում Թուրքիան է, որի հետ մենք շատ ինտենսիվ երկխոսություն ենք վարում։ Մենք կարգավորում ենք հարաբերությունները, սակայն սահմանը դեռևս փակ է։ Հարավում Իրանն է՝ իր բարդ տարածաշրջանային միջավայրով, հանգամանքներով և խնդիրներով։ Հյուսիսում Վրաստանն ու Ռուսաստանն են։

Ինչ վերաբերում է Ռուսաստանին, կարող եք պատկերացնել հնարավոր արձագանքը և այդ երկրի հետ հարաբերությունների առանձնահատկությունները։ Պատմականորեն մենք շատ սերտ հարաբերություններ ենք ունեցել և այսօր էլ պահպանում ենք ամուր կապեր, սակայն հնարավոր արձագանքը պետք է պատշաճ կերպով կառավարել։ Ոչ ոք չի ցանկանում նոր թշնամիներ ձեռք բերել և մենք որևէ երրորդ կողմի վնաս հասցնելու շահագրգռվածություն չունենք։

Ինչ վերաբերում է Վրաստանին, պատկերացրեք, թե որքան ավելի հեշտ կլիներ իրավիճակը, եթե Վրաստանը շարունակեր ԵՄ ինտեգրման իր ուղին։ Դա էական փոփոխություն կբերեր և կփոխեր նաև այս բեմում արտաքին գործերի նախարարի հետ մեր քննարկման բնույթը։

Այսպիսով, վերադառնալով հիմնական հարցին՝ կարծում եմ, որ ոչ ոք չգիտի վերջնական նպատակակետը։ Սակայն լավ նորությունն այն է, որ, առնվազն իմ տպավորությամբ, մենք երկուսս էլ՝ Հայաստանը և Եվրոպական Միությունը, ներառյալ անդամ պետությունները, հաճույք ենք ստանում այս գործընթացից։ Ուստի եկեք վայելենք այս ջերմ հարաբերությունները, բացահայտենք նոր հնարավորություններ և համագործակցության նոր շերտեր, իսկ ապագայում ինչ-որ պահի միասին կքննարկենք՝ արդյոք պետք է «ամուսնանանք», թե ոչ։

Մոդերատոր: Շատ շնորհակալություն։ Բրիտանական անգլերենում մի արտահայտություն կա՝ ավելի լավ է ճանապարհորդել հույսով, քան հասնել տեղ: Հաշվի առնելով Եվրոպական Միությունում քաղաքական իրավիճակը՝ թերևս սա տեղին արտահայտություն է։

(…)

Մոդերատոր։ Նախարար Միրզոյան, կցանկանայի վերադառնալ մի հարցի, որին Դուք արդեն անդրադարձաք՝ Հայաստանի տարածաշրջանային միջավայրին և հարևաններին։

Կարո՞ղ եք ավելի մանրամասն ներկայացնել, թե ինչպես կարող են Եվրոպական Միության հետ Ձեր երկրի ամրապնդվող հարաբերությունները, որոնց բազմաթիվ օրինակներ բերեցիք, դրական փոփոխությունների խթան կամ գործիք դառնալ, օրինակ, Ադրբեջանի կամ Թուրքիայի հետ հարաբերություններում։ Ինչպե՞ս կարող է դա օգնել Ձեզ ամրապնդելու հարաբերությունները հարևանների հետ։

Արարատ Միրզոյան։ Իմ ուղիղ և անկեղծ պատասխանն այն է, որ այս երկու հարցերը գուցե այնքան էլ սերտորեն փոխկապակցված չեն, քանի որ մենք, անկախ ամեն ինչից, շարունակելու ենք բարելավել հարաբերությունները մեր հարևանների հետ։ Դա պայմանավորված չէ մեր եվրոպական քաղաքականությամբ կամ եվրոպական ձգտումներով։

Մյուս կողմից պետք է ընդունենք, որ եթե մեր ձգտումը Եվրոպական Միության լիիրավ անդամ դառնալն է, ապա հարևանների հետ խնդիրների կամ հակամարտությունների առկայությունը, հավանաբար, կխոչընդոտի այդ գործընթացը։

Միևնույն ժամանակ պետք է ուշադրություն դարձնենք նաև այն ամենին, ինչ պարոն (Մոնտենեգրոյի) նախագահն ասում էր վերջին մի քանի րոպեների ընթացքում։ Նրանք կատարել են բոլոր գլուխներով նախատեսված պահանջները։ Նրանք ունեն բոլոր անհրաժեշտ նշումները՝ բոլոր կետերով, ենթակետերով և նույնիսկ ենթաենթակետերով։ Եվ մենք պետք է ընդունենք, որ, ի վերջո, դա միշտ էլ եղել է քաղաքական որոշում։ Ուրեմն որտե՞ղ է Չեռնոգորիայի վերաբերյալ քաղաքական որոշումը։

Սա շատ կարևոր է Հայաստանի համար՝ սեփական քայլերը ծրագրելիս վերլուծելու տեսանկյունից։ Մենք նաև լսեցինք (Լիտվայի) նախարարի ներկայացրածը, թե ինչպես են որոշումները կայացվում կուլիսներում՝ փակ դռների հետևում։ Այս ամենը կարևոր հանգամանքներ են նաև մեր որոշումների կայացման գործընթացում։

Այսպիսով, վերադառնալով Ձեր հարցին՝ անկախ ամեն ինչից՝ մենք շարունակելու ենք բարելավել հարաբերությունները և գրեթե հասել ենք մեր նպատակին։

Մենք խաղաղություն ունենք Ադրբեջանի հետ, թեև դեռևս մի քանի քայլ պետք է իրականացվի։

Մենք կարգավորում ենք հարաբերությունները Թուրքիայի հետ։ Սահմանը դեռևս փակ է, սակայն կարծում եմ՝ գործընթացն արդեն զգալիորեն հասունացել է, և միանգամայն հնարավոր է, որ վաղն առավոտյան արթնանանք ու լրահոսում տեսնենք հետևյալ վերնագիրը՝ «Հայաստան-Թուրքիա սահմանը բաց է»։

Մոդերատոր: Հուսանք, որ այդպես էլ կլինի։ Շնորհակալություն բոլորիդ այս դրական ազդակների համար։

(…)

Մոդերատոր։ Նախարար Միրզոյան, որպես եզրափակիչ անդրադարձ ի՞նչ կասեք Միացյալ Նահանգների և Ձեր տարածաշրջանում նրա դերակատարության մասին։

Արարատ Միրզոյան։ Ես կնախընտրեի ԱՄՆ-ԵՄ հարաբերությունների գնահատականը թողնել Եվրոպական Միության և Միացյալ Նահանգների պաշտոնյաներին։ Ինչ կարող եմ ասել, այն է, որ իմ երկրում և, հավանաբար, ընդհանուր առմամբ Հարավային Կովկասում նրանց շահերը չեն հակասում միմյանց, և նրանք հիանալի համագործակցում են։

Ինչպես գիտեք, Միացյալ Նահանգները մեծապես ներգրավված է Հարավային Կովկասում, մասնավորապես Հայաստանի և Ադրբեջանի միջև տրանսպորտային հաղորդակցությունների բացման և ապաշրջափակման գործընթացում։ Սա կարևորագույն կապող օղակ է լինելու հաղորդակցության և փոխադրումների համար, օրինակ, Պորտուգալիայի և Չինաստանի, Արևմուտքի և Արևելքի միջև։

Կարծում եմ՝ Եվրոպական Միությունը և նրա անդամ պետությունները նույնպես այս գործընթացի շահառուներից են։

Այսպիսով, Հարավային Կովկասի ապաշրջափակման հարցում համընկնում են աշխարհի բազմաթիվ երկրների և ուժային կենտրոնների շահերը»։

Քննարկվել են Հյուսիս-հարավ ներդրումային ծրագրի Արտաշատ-Սիսիան ճանապարհահատվածի իրականացմանն առնչվող հարցեր

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը հանդիպել է ՀՀ ֆինանսների նախարարության մասնագիտական խմբի հետ՝ փոխնախարար Էդգար Մկրտչյանի գլխավորությամբ։ Այդ մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից:

Մասնակցել են նաև ՀՀ ՏԿԵ նախարարի խորհրդական Արտյոմ Մեհրաբյանը, «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրենի տեղակալներ Կարեն Բադալյանը, Նարեկ Զուլալյանը, Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան ճանապարհի հյուսիսային հատվածի կառուցման ծրագրի ղեկավար Արթուր Սանոյանը, Քաջարան-Ագարակ և Արտաշատ-Սիսիան ճանապարհների կառուցման ծրագրի ղեկավար Մկրտիչ Կիրակոսյանը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հյուսիս-հարավ ներդրումային ծրագրի Արտաշատ-Սիսիան ճանապարհահատվածի իրագործելիության ուսումնասիրության և ծրագրի իրականացման ռազմավարությանն առնչվող հարցեր։

«Նշենք, որ 2016 թվականին պատրաստվել են Արտաշատ-Սիսիան ճանապարհահատվածի կառուցման տեխնիկատնտեսական ուսումնասիրություն և նախնական նախագիծ։ Այժմ աշխատանքներ են տարվում այս հատվածի մանրամասն նախագծի պատրաստման գործընթացը մեկնարկելու ուղղությամբ։

ՀՀ ՏԿԵՆ-ի, Ֆինանսների նախարարության և «Ճանապարհային դեպարտամենտի» ներկայացուցիչները մանրամասն անդրադարձել են Արտաշատ-Սիսիան ճանապարհահատվածի նախնական նախագծին, ճանապարհի ծրագրին, ծրագրի իրականացման առաջնահերթություններին, ֆինանսավորման մեխանիզմներին։ Կողմերը նախանշել են Արտաշատ-Սիսիան ճանապարհահատվածի մանրամասն նախագծի պատրաստման ուղղությամբ իրականացվելիք քայլերը։

Հիշեցնենք, որ ըստ նախնական նախագծի՝ նախատեսվում է, որ Արտաշատ-Սիսիան ճանապարհահատվածն ունենալու է 161.5 կմ երկարություն, այդ թվում՝ 59 կամուրջ՝ 13.2 կմ ընդհանուր երկարությամբ, 9 թունել՝ 12.4 կմ ընդհանուր երկարությամբ, 22 տրանսպորտային հանգույց»,- նշվում է հաղորդագրության մեջ։

Գևորգ Պապոյանն այցելել է նավթամթերքի, մետաղների վերամշակմամբ և կենսագազի արտադրությամբ զբաղվող ընկերություններ

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հոկտեմբերի 14-ին այցելել է նավթամթերքի վերամշակմամբ զբաղվող «Էկոքիմսինթեզ», մետաղների վերամշակմամբ զբաղվող «Էկո մետալ», ինչպես նաև օրգանական պարարտանյութերի և կենսագազի արտադրությամբ զբաղվող «Գրին օրգանիք» ընկերություններ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից:

Ընկերությունների տնօրենի ուղեկցությամբ նախարարը շրջել է արտադրական տարածքներում, ծանոթացել գործարանների արտադրական հնարավորություններին և զարգացման ծրագրերին։

Նշված ընկերություններում կատարված ներդրումների ընդհանուր ծավալը կազմում է շուրջ 7 մլն ԱՄՆ դոլար։ Առաջիկայում նախատեսվում է ընդլայնել ծրագրերը, ավելացնել արտադրական ծավալները և ստեղծել նոր աշխատատեղեր։

Զուտ եկամտային մասի հաշվարկները տարեկան 120-130 մլն դոլար են. Սանոսյանը՝ Ամուլսարի հանքից սպասվող եկամտի մասին

«Լիդիան Արմենիա» ընկերությունում Կառավարության ներկայացուցիչ
Գնել Սանոսյանն անդրադարձել է Ամուլսարի հանքի շահագործումից ստացվող տարեկան եկամտին.
«Զուտ եթե եկամտային մասը նայենք մոտ հաշվարկները տարեկան 120-130մլն դոլար են՝ այսօրվա
ոսկու արժեքի պարագայում։ Դա հարկեր և ռոյալիթիներ, որոնք կուղղվեն դեպի ՀՀ բյուջե։
Այսինքն այդտեղ չկա մեր 12.5% դիվիդենտներն ու մնացած մասերը։ Կան նաև այլ ածանցյալ
էֆեկտներ, տնտեսական ազդեցություններ»։

Հայաստան կժամանի ԵԱՀԿ նախագահ Իգնասիո Կասիսը. նախատեսվում է Արարատ Միրզոյանի հետ հանդիպում

Հոկտեմբերի 15-ին Հայաստան կժամանի ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեյցարիայի Համադաշնության փոխնախագահ և արտաքին գործերի դաշնային դեպարտամենտի ղեկավար Իգնասիո Կասիսը: Այդ մասին հայտնում է ԱԳՄԱՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը:

ԱԳՄԱ նախարարությունում կկայանա հանդիպում ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանի հետ, որին կհաջորդի համատեղ մամուլի ասուլիս:

Ամուլսարի հանքում աշխատելու է 1200-1300 մարդ, կից աշխատանքներում ներգրավվելու է առնվազն ևս 4000 մարդ. Գնել Սանոսյան

«Լիդիան Արմենիա» ընկերությունում Կառավարության ներկայացուցիչ Գնել Սանոսյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում խոսել է Ամուլսարի հանքի շահագործման արդյունքում աշխատատեղերի թվի ավելացման մասին:

«Այնտեղ աշխատելու է մոտ 1200-1300 մարդ, բայց հանքերի պարագայում հաշվում են, որ յուրաքանչյուր մեկ աշխատակցի համար ևս 4-5 աշխատակից այլ կազմակերպություններում, այլ ոլորտներում է աշխատում, այսինքն խոսքն առնվազն ևս 4000 մարդու մասին է։

Իր ազդեցությունը կտարածվի այդքան մարդ տարբեր կազմակերպություններ, տարբեր աշխատանքներ կկատարեն, տարբեր ծառայություններ կմատուցեն, մի մասն ուղիղ ներգրավված կլինի, մի մասն՝ ածանցյալ ծառայություններ կմատուցի»,- ասել է Սանոսյանը:

Սարատովում «Սբերբանկի» տվյալների մշակման կենտրոնը հարձակման է ենթարկվել ուկրաինական դրոնների կողմից

Հոկտեմբերի լույս 14-ի գիշերը ուկրաինական
անօդաչուները գրոհել են Սարատովի մարզը՝ հարվածելով «Սբերբանկի» տվյալների մշակման
կենտրոնին։

Սարատովի մարզի նահանգապետ Ռոման Բուսարգինը
հայտնել է, որ Բալակովո քաղաքում վնասվել են մի քանի բնակելի շենքեր, և նախնական
տեղեկություններով՝ զոհվել է  մեկ մարդ։

Մոնիթորինգային Telegram-ալիքները պնդում
են, որ Սարատովի մարզում հարվածները ուղղված են եղել «Սբերբանկի» տվյալների մշակման
կենտրոնին։ Բալակովոյում տվյալների մշակման կենտրոնի շինարարությունը սկսվել է
2021 թվականին, և փոխվարչապետ Դմիտրի Չեռնիշենկոն խոստացել էր, որ այդ կենտրոնը
կդառնա խոշորագույնը Ռուսաստանում։

 

 

Հռոմի պապի մոտ հայտնաբերել են թոքի քաղցկեղ. Նա ենթարկվել է վիրահատության

71-ամյա
Հռոմի պապ Լևոն XIV-ին  ախտորոշել են թոքերի
քաղցկեղ, հաղորդում է The Guardian-ը՝ հղում անելով Վատիկանին։

Նախօրեին
Հռոմի պապը վիրահատվել է՝ աջ թոքի ստորին մասը հեռացվել է։ Հետազոտությունները
հաստատել են
«թոքերի ադենոկարցինոմա» ախտորոշումը, որը թոքերի քաղցկեղի ենթատեսակ է։

Վատիկանի
տեղեկություններով՝ ախտորոշումը կասկածվել է մինչ վիրահատական
​​անալիզների արդյունքներով և հաստատվել վիրահատական
միջամտության
ժամանակ։ Հռոմի պապը վիրահատարանում անցկացրել է մոտ երեք ժամ, իսկ վիրահատությունը տևել է մոտ 90 րոպե։ Բժիշկները հայտնել են, որ վիրահատությունը բարեհաջող է անցել, և բարդություններ չեն առաջացել։ Ըստ հայտարարության՝ Հռոմի պապը վիրահատությունից հետո նորմալ արթնացել է և
կարճատև զննությունից հետո վերադարձել իր հիվանդասենյակ։

Վիրահատությունից
հետո վերականգնվելու համար Վատիկանը մինչև հոկտեմբերի 20-ը չեղարկել է Լևոն XIV-ի
բոլոր հանրային հանդիպումները։

 

 

 

Ինչպիսի՞ տեսք պետք է ունենա խաղաղությունը․ վարչապետը մանրամասնել է

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցի իր էջում տեսանյութ է հրապարակել՝ ներկայացնելով, թե ինչպիսի տեսք պետք է ունենա խաղաղությունը Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագրի ստորագրումից և վավերացումից հետո։

«Հայաստանը պետք է ունենա 29 հազար 743 քառակուսի կիլոմետր տարածք, սահմանների սահմանազատումը և սահմանագծումը Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա պետք է տեղի ունենա այս տրամաբանությամբ»,- ասել է վարչապետը։

Փաշինյանը խոսել է նաև անկլավ-էքսկլավների մասին։ Ըստ վարչապետի, դրանք չպետք է լինեն։

«Այսինքն, երկու երկրները՝ Հայաստանն ու Ադրբեջանը, ճշգրիտ չափերի տարածքների փոխանակում պետք է իրականացնեն։ Բոլոր ճանապարհները և հաղորդակցության ուղիները պետք է բաց լինեն Թրիփփ-ի, բայց ոչ միայն Թրիփփ-ի շրջանակներում»։

Հայաստանն ու Ադրբեջանը, ըստ վարչապետի, միմյանց որևէ պահանջ չպետք է ներկայացնեն և պետք է հանգիստ թողնեն իրար բոլոր հարցերով։

«Ոչ մի պահանջ, ներառալ Ղարաբաղ, Գարդման-Շիրվան-Նախիջևան տրամաբանությամբ կամ արևմտյան Ադրբեջան տրամաբանությամբ։

Հիմա ամենակարևոր հարցը․ կա՞ արդյոք իրական հնարավորություն խաղաղությանն այսիսի տեսք տալու։ Թուրքմենստանում Ադրբեջանի նախագահի հետ ունեցած հանդիպման արդյունքներով ես ունեմ նախնական տպավորություն, որ մենք խաղաղությանը նման տեսք տալու հնարավորություն ունենք, և մենք առաջիկայում զբաղված ենք լինելու այդ հնարավորությունն իրագործելով, այդ հնարավորությունն իրականություն դարձնելով»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։

Նոյեմբերի 1-ից մի շարք ապրանքախմբերի համար կներդրվեն նույնականացման միջոցներով դրոշմավորման փորձնական ծրագրեր

ՊԵԿ-ից հայտնում են, որ 2026 թվականի նոյեմբերի 1-ից մի շարք ապրանքախմբերի համար ներդրվելու է նույնականացման միջոցներով դրոշմավորման փորձնական ծրագրեր։

Փորձնական ծրագրերը կիրականացվեն հետևյալ ապրանքախմբերի համար․

  • կրակմարիչներ և հրդեհային անվտանգության սարքավորումներ, պիրոտեխնիկական արտադրանք,
  • հիգիենայի միջոցներ,
  • հեծանիվ,
  • ծխախոտի փոխարինիչներ,
  • կենցաղային ապրանքներ,
  • լուսանկարչական ապարատներ և ֆոտոլամպեր, այլ սարքավորումներ,
  • դողեր և ավտոդողեր, ավտոպահեստամասեր, քսայուղեր և տեխնիկական հեղուկներ,
  • կոշկեղեն, խաղալիքներ,
  • ծովամթերք, մակարոնեղեն, այլ պատրաստի մթերք, քացախ, հրուշակեղեն, սննդային հավելումներ,
  • բժշկական արտադրատեսակներ, անասնաբուժական դեղամիջոցներ, հակասեպտիկ և ախտահանիչ միջոցներ,
  • բնական մորթուց հագուստի առարկաներ, դրոշմավորում։

Փորձնական ծրագրերի շրջանակում կստուգվեն և կկարգավորվեն ապրանքների դրոշմավորման մեխանիզմներն ու տեղեկատվական համակարգի աշխատանքը։ Կփորձարկվեն նաև ծրագրի մասնակիցների տեղեկատվական համակարգերի ինտեգրումն օպերատորի տեղեկատվական համակարգի հետ։