Թրամփը նոր հրամանագրերով սահմանափակում է ծննդյան իրավունքով ԱՄՆ քաղաքացիության տրամադրումը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է երկու նոր գործադիր հրամանագիր, որոնց նպատակն է սահմանափակել ԱՄՆ-ում ծննդյան իրավունքով քաղաքացիության տրամադրումը և պայքարել այսպես կոչված «ծննդյան տուրիզմի» դեմ։

Առաջին հրամանագիրը սահմանափակում է ավտոմատ քաղաքացիության տրամադրումը որոշ դեպքերում՝ մասնավորապես, երբ երեխայի ծնողները ԱՄՆ քաղաքացիներ չեն և գործում են հրամանագրով սահմանված բացառությունները։ Երկրորդ հրամանագիրը խստացնում է վերահսկողությունը հղիների նկատմամբ, որոնք մեկնում են ԱՄՆ՝ երեխային այնտեղ ծննդաբերելու նպատակով։

Թրամփը հայտարարել է, որ այս քայլերն ուղղված են ԱՄՆ ներգաղթի համակարգի չարաշահումների կանխմանը՝ միաժամանակ քննադատելով Գերագույն դատարանի նախկին որոշումը, որով պահպանվել էր ծննդյան իրավունքով քաղաքացիության գործող կարգը։ Սպասվում է, որ նոր հրամանագրերը նույնպես կդառնան իրավական վիճարկումների առարկա։

Օրեր առաջ Երևանի Սարյան փողոցի բնակարաններից մեկում պայթյուն է եղել․ տուժածն այրվածքներվ հոսպիտալացվել է

Հուլիսի 31-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնում «Այրվածքաբանության ազգային կենտրոնից» տեղեկություն է ստացվել, որ Սարյան 18 հասցեում կաթսայի պայթյունի հետևանքով դեմքի, զույգ ականջների, պարանոցի, զույգ վերին վերջույթների շրջանում 3-րդ և 4-րդ աստիճանի այրվածքներով իրենց մոտ բուժօգնության է դիմել մի քաղաքացի։

Ինչպես օգոստոսի 7-ին հայտնել է Shamshyan.com-ը, պարզվել է, որ վիրավորը Երևանի բնակիչ 55-ամյա Սուրեն Ս․-ն է։ Նա աշխատանքներն իրականացրել է ոչ աշխատանքային ժամի և չի կրել պաշտպանության միջոց հանդիսացող հանդերձանքը։

Վիրավորը ոստիկաններին հայտնել է, որ կաթսան վերանորոգելու նպատակով այցելել է նշված հասցե, որտեղ տեխնիկական խնդիրների պատճառով առաջացած գազի կուտակումից տեղի է ունեցել պայթյուն, և ստացել է այրվածքներ։

Դեպքի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։

Պուտինն ու ԱՄԷ նախագահը քննարկել են իրավիճակը Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել ԱՄԷ-ի նախագահ Մուհամեդ բին Զայեդ ալ Նահյանի հետ։

Կրեմլի հաղորդմամբ՝ երկու երկրների ղեկավարները հանգամանալից քննարկել են Պարսից ծոցի տարածաշրջանում տիրող իրավիճակը՝ ընդգծելով լարվածության կարգավորման շուրջ հնարավորինս արագ պայմանավորվածությունների ձեռքբերման կարևորությունը՝ հաշվի առնելով տարածաշրջանի պետությունների օրինական շահերը։

Հեռախոսազրույցի ընթացքում կողմերը նաև կարծիքներ են փոխանակել Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ։

Կրեմլից հայտնել են, որ Պուտինը շնորհակալություն է հայտնել ԱՄԷ-ի ղեկավարությանը Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ռազմագերիների և պահվող անձանց փոխանակման կազմակերպմանն աջակցելու համար։

Ըստ հաղորդագրության՝ հեռախոսազրույցը կրել է կառուցողական և բարեկամական բնույթ, իսկ կողմերը վերահաստատել են ռուս-էմիրաթական բազմակողմ համագործակցության հետագա զարգացման հարցում փոխադարձ շահագրգռվածությունը։

Կայա Կալասը հայտարարել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին

Եվրամիությունը Ռուսաստանի ռազմարդյունաբերական համալիրի հետ առնչություն ունեցող հինգ անձի նկատմամբ նոր պատժամիջոցներ է սահմանել՝ ի պատասխան Ուկրաինայի դեմ ռուսական վերջին ավիահարվածների։ Այդ մասին X-ի իր էջում հայտնել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը։

«Մոսկվան շարունակում է սաստկացնել քաղաքացիական բնակչության դեմ իր ահաբեկչական արշավը։ ԵՄ-ն պետք է շարունակի ուժեղացնել ճնշումը, քանի դեռ Ռուսաստանը չի դադարեցրել պատերազմը», – գրել է Կալասը։

Նրա խոսքով՝ Ուկրաինայի դեմ յուրաքանչյուր նոր հարձակում ևս մեկ պատճառ է Եվրոպայի կողմից Ռուսաստանի նկատմամբ ճնշումն ուժեղացնելու համար։

Ժաննա Անդրեասյանն ընդունել է աշխարհի Մ17 առաջնությունում հաջողությամբ հանդես եկած հայ պատանի ըմբիշներին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է Հայաստանի հունահռոմեական և ազատ ոճի ըմբշամարտի պատանեկան հավաքականների անդամներին, որոնք օրերս մասնակցել են Բաքվում անցկացված աշխարհի մինչև 17 տարեկանների առաջնությանը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից:

Հանդիպմանը ներկա են եղել նաև Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արայիկ Բաղդադյանը, ազգային հավաքականի մարզչական շտաբի ներկայացուցիչներն ու մարզիչները։

Աշխարհի Մ17 առաջնությունում Հայաստանի հունահռոմեական ոճի հավաքականը նվաճել է մեկ ոսկե և երկու բրոնզե մեդալ։ Աշխարհի չեմպիոնի կոչմանն արժանացել է Ջանես Նազարյանը, իսկ Արարատ Ավետիսյանը (48 կգ) և Գևորգ Հարությունյանը (51 կգ) դարձել են բրոնզե մեդալակիրներ։

Շնորհավորելով մարզիկներին և մարզիչներին՝ Ժաննա Անդրեասյանն ընդգծել է, որ Հայաստանի հավաքականի մասնակցությունն այս առաջնությանն առանձնահատուկ նշանակություն ուներ։

«Սա շատ կարևոր մասնակցություն էր։ Բոլորս աննկարագրելի հպարտության զգացում ունեցանք, երբ հնչեց Հայաստանի Հանրապետության օրհներգը, ու բարձրացվեց մեր եռագույնը։ Շնորհակալ եմ այդ հպարտությունը մեզ և մեր պետությանը պարգևելու համար»,- ասել է նախարարը՝ հավելելով, որ բարձր գնահատանքի են արժանի ոչ միայն մեդալակիրները, այլև աշխարհի առաջնությունում Հայաստանը ներկայացրած բոլոր մարզիկները։

Անդրադառնալով պատանի մարզիկների ապագային՝ Ժաննա Անդրեասյանը վստահություն է հայտնել, որ աշխարհի առաջնությունում արձանագրված արդյունքները նրանց մարզական ճանապարհի միայն սկիզբն են։ «Այս մասնակցությամբ դուք ապացուցեցիք, որ դեռ շատ բարձունքներ ունեք նվաճելու»,- նշել է նախարարը՝ ընդգծելով, որ պետությունը շարունակելու է հետևողականորեն աջակցել բարձր նվաճումների սպորտի զարգացմանը։

Ժաննա Անդրեասյանը բարձր է գնահատել նաև մարզիչների և Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի ներդրումը՝ նշելով, որ գրանցված հաջողությունները համատեղ աշխատանքի արդյունք են։ ԿԳՄՍ նախարարի խոսքով՝ պետության համար սպորտի զարգացումը շարունակում է մնալ առաջնահերթ ուղղություններից մեկը. նա վստահեցրել է, որ պետությունը շարունակելու է կանգնել մարզիկների կողքին՝ նրանց աջակցելով միջազգային բոլոր կարևոր մրցաշարերում և ստեղծելով անհրաժեշտ պայմաններ՝ նոր հաջողությունների հասնելու համար։

Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արայիկ Բաղդադյանը շնորհակալություն է հայտնել ընդունելության և շարունակական աջակցության համար՝ նշելով, որ նպատակը պատանի մարզիկների հետ հասնելն է մինչև Լոս Անջելես-2028 Օլիմպիական խաղեր։

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է նաև սպորտային ենթակառուցվածքների զարգացմանը՝ նշելով, որ վերսկսվել են Արթուր Ալեքսանյանի անվան մարզահամալիրի շինարարական աշխատանքները, որոնք նախատեսվում է ավարտել երկու տարվա ընթացքում։

Նախարարի խոսքով՝ նպատակն է ստեղծել միջազգային չափանիշներին համապատասխան մարզահամալիր, որը հնարավորություն կտա Հայաստանում հյուրընկալել խոշոր միջազգային մրցաշարեր։ Այդ համատեքստում նա առաջարկել է արդեն սկսել աշխատանքները՝ մարզահամալիրի շահագործման առաջին տարում ըմբշամարտի Եվրոպայի առաջնություն անցկացնելու հայտ ներկայացնելու ուղղությամբ։

«Նման մրցաշարերը չենք դիտարկում միայն որպես մեկանգամյա միջոցառում։ Դրանք ներդրում են մեր մարզական համակարգի զարգացման, մարզական միջավայրի բարելավման և ապագա հաջողությունների համար»,- նշել է Ժաննա Անդրեասյանը:

Աշխարհի մինչև 17 տարեկանների չեմպիոն Ջանես Նազարյանը շնորհակալություն է հայտնել ընդունելության և շնորհավորանքների համար: Նազարյանի խոսքով՝ իր համար մեծ պատասխանատվություն և պատիվ էր Հայաստանն արժանավայել ներկայացնելը:

Նախարարը նաև առանձնահատուկ գնահատել է բրոնզե մեդալակիր Գևորգ Հարությունյանի կամային հատկանիշները, որը վնասվածքով շարունակել է պայքարը մինչև վերջ։

«Երբ տեսնում էի, թե ինչպես էիք պայքարում մինչև վերջ՝ նույնիսկ վնասվածքներով, հասկանում էի, թե որքան մեծ կամքի ուժ և նվիրում են պահանջվում՝ նման արդյունքների հասնելու համար։ Հենց այդ հատկանիշներն են ձևավորում մեծ մարզիկին»,- նշել է Ժաննա Անդրեասյանը՝ վստահություն հայտնելով, որ երիտասարդ ըմբիշների հաջողությունները շարունակական կլինեն։

Հանդիպման ընթացքում մարզիկներն ու մարզիչները նաև կիսվել են աշխարհի առաջնությունից ստացած տպավորություններով և ներկայացրել մրցաշարի կազմակերպման վերաբերյալ իրենց գնահատականները։

Երևանում արձանագրվել է առանց իրավական հիմքերի վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու 12 դեպք

Օգոստոսի 6-ին Երևանի Կենտրոն վարչական շրջանի վարչական տարածքում ոչ սահմանված տեղերում օրենսդրությամբ սահմանված պահանջների խախտմամբ ծառայություն մատուցելու դեպքեր են հայտնաբերվել։

«Վճարովի ավտոկայանատեղի կազմակերպման, ինչպես նաև Երևան քաղաքի ավագանու հ.175-Ն որոշմամբ սահմանված լռության կանոնները տնտեսվարողների կողմից պարտադիր պահպանելու նպատակով, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայության և Ներքին գործերի նախարարության ոստիկանության գվարդիայի համապատասխան աշխատակիցների կողմից կազմակերպված համատեղ միջոցառումների արդյունքում հայտնաբերվել են օրենսդրությամբ սահմանված պահանջների խախտմամբ ծառայություն մատուցելու, մասնավորապես`առանց իրավական հիմքերի վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու թվով 12 դեպք, որոնց վերաբերյալ վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 162-րդ հոդվածի համաձայն կազմվել են համապատասխան արձանագրություններ:

Իսկ լռության կանոնների պահպանման համար տնտեսվարողները նախազգուշացվել են հաստատված կանոնները խախտելու դեպքում առաջացող իրավական հետևանքների մասին»,- ասվում է քաղաքապետարանի հայտարարության մեջ:

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը մասնակցել է Շինարարի օրվան նվիրված միջոցառմանը

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն այսօր մասնակցել է շինարարների մասնագիտական տոնին և Հայաստանի շինարարների միության 30-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառմանը։

Շնորհավորելով շինարարներին մասնագիտական տոնի առթիվ՝ փոխվարչապետը բարձր է գնահատել նրանց նվիրումն ու պատասխանատու աշխատանքը՝ ընդգծելով, որ շինարարների ստեղծածն ու կառուցածը երկար տարիներ ծառայելու է հանրությանը՝ դառնալով երկրի դիմագծի, զարգացման և առաջընթացի անբաժանելի մասը։ Անդրադառնալով Հայաստանի շինարարների միության 30-ամյակին՝ փոխվարչապետը կարևորել է Միության դերակատարումը ոլորտի զարգացման գործում՝ վստահություն հայտնելով, որ այն կշարունակի նպաստել պետություն-մասնավոր արդյունավետ համագործակցության ամրապնդմանը։

Իր ելույթում Տիգրան Խաչատրյանն ընդգծել է, որ շինարարությունը մշտապես եղել է Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացման կարևոր հենասյուներից մեկը։ Այս համատեքստում փոխվարչապետը վստահեցրել է, որ շինարարության ոլորտի կայուն զարգացումն ու նոր ծրագրերի իրականացումն ապահովելու նպատակով Կառավարությունը կապիտալ ներդրումների ընդլայնման իր հանձնառությանը զուգահեռ շարունակելու է ոլորտային կարգավորումների լավարկմանն ու մասնավոր հատվածի հետ արդյունավետ համագործակցությանապահովմանն ուղղված աշխատանքները։

Շնորհավորական ելույթներով հանդես են եկել նաև Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը,Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը,Երևանի քաղաքապետի տեղակալ Լևոն Հովհաննիսյանը և Հայաստանի շինարարների միության նախագահ Վահան Հարությունյանը:

Ելույթներին հաջորդել է պարգևատրման արարողությունը:

ԱՄՆ էներգետիկայի դեպարտամենտի ներկայացուցիչներն այցելել են ՀԱԵԿ

2026 թվականի օգոստոսի 5-7-ը Հայկական ատոմային էլեկտրակայան են այցելել ԱՄՆ էներգետիկայի դեպարտամենտի Միջուկային անվտանգության ազգային վարչության (DOE/NNSA) Միջազգային միջուկային անվտանգության գրասենյակի (INS) և Խաղաղօվկիանոսյան հյուսիսարևմտյան ազգային լաբորատորիայի (PNNL) ներկայացուցիչները։ Այս մասին տեղեկացնում են ՀԱԵԿ-ից։

 

ԱՄՆ պատվիրակության կազմում են եղել PNNL-ի լաբորատորիայի ղեկավար Մայքլ Քարը, DOE/INS-ի երկրի ղեկավարի տեղակալ Լիլիթ Ավոյանը և ֆիզիկական պաշտպանության հարցերով փորձագետ Ջեյմս Բոնիլան։

 

Այցի շրջանակում պատվիրակության անդամները հանդիպումներ են ունեցել «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ ղեկավար կազմի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀԱԷԿ-ի և ԱՄՆ էներգետիկայի նախարարության Միջուկային անվտանգության ազգային վարչության միջև համագործակցության ընթացիկ ծրագրերը, իրականացված աշխատանքների արդյունքները և հետագա համագործակցության հեռանկարները։

 

Այցի շրջանակում մասնագետները ծանոթացել են իրականացված արդիականացումներին, քննարկել դրանց գործնական կիրառմանն ու արդյունավետությանը վերաբերող հարցեր։ ՀԱԷԿ-ի համապատասխան ստորաբաժանումների մասնագետների հետ կայացած աշխատանքային հանդիպումների ընթացքում անդրադարձ է կատարվել նաև ընթացիկ աշխատանքների կարգավիճակին և համագործակցության հետագա ուղղություններին։

 

ՀԱԷԿ-ի և ԱՄՆ էներգետիկայի դեպարտամենտի միջև երկարամյա համագործակցությունը նպաստում է կայանի ֆիզիկական պաշտպանության համակարգերի շարունակական կատարելագործմանը և անվտանգության ամրապնդմանը։

«Դոլֆին» թայֆունը շարժվում է դեպի Չինաստան․ վտանգի տակ է մինչև 30 միլիոն մարդ․ Լևոն Ազիզյան

«Դոլֆին» թայֆունը շարժվում է դեպի Չինաստան․ վտանգի տակ է մինչև 30 միլիոն մարդ։ Այս մասին գրել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը։

«Օգոստոսի 9–10-ին թայֆունը կհասնի Չինաստանի ափերին՝ բերելով փոթորկային քամիներ և հորդառատ անձրևներ, որոնք կարող են ազդել մինչև 30 միլիոն բնակչի վրա։

Ներկայումս թայֆունի կենտրոնում քամու արագությունը հասնում է 47 մ/վրկ-ի։ Կանխատեսումների համաձայն՝ ցամաք դուրս գալու պահին այն կնվազի մինչև 35–40 մ/վրկ։

Ափամերձ շրջաններում տեղումների քանակը կարող է հասնել 650 մմ-ի, ինչը հավասար է յուրաքանչյուր քառակուսի մետրի վրա մոտ 650 լիտր ջրի։ Այնուհետև, նախնական կանխատեսումների համաձայն, «Դոլֆին» թայֆունը կշարունակի շարժվել դեպի Չինաստանի ներքին շրջաններ։ Առանձին վայրերում տեղումների ընդհանուր քանակը կարող է հասնել 800 մմ-ի, ինչը զգալիորեն մեծացնում է լայնածավալ ջրհեղեղների և սողանքների վտանգը»,-գրել է նա։

Երթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Սայաթ-Նովայի պողոտայում

Երևան քաղաքում սույն թվականի օգոստոսի 10-ից տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ապահովելու նպատակով երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Սայաթ – Նովայի պողոտայում, այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։

Մասնավորապես` Սայաթ – Նովա 6 հասցեին հարակից ճանապարհահատվածից մինչև Սայաթ-Նովայի պողոտա – Աբովյան փողոցի խաչմերուկ տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվի, իսկ Սայաթ-Նովայի պողոտայի երթևեկելի ուղեմասի 1-ին գոտիով Տերյան փողոցի կողմից դեպի Սայաթ – Նովայի պողոտա – Աբովյան փողոցի խաչմերուկ ընթացող տրանսպորտային միջոցների երթևեկությունը կկազմակերպվի միայն աջ ուղղությամբ: