Մասկը չի թույլատրել Starlink-ի օգտագործումը Ռուսաստանի խորքում հարվածների համար․ The Atlantic

SpaceX-ի հիմնադիր Իլոն Մասկը չի թույլատրել Ուկրաինային Starlink համակարգն օգտագործել Ռուսաստանի խորքում գտնվող ռուսական հրթիռային արձակման կայանքների դեմ հարվածներ ուղղորդելու համար։ Այս մասին, իրազեկ աղբյուրների հղումով, հայտնում է The Atlantic-ը։

Պարբերականի տվյալներով՝ Ուկրաինայի նախկին պաշտպանության նախարար Միխայիլ Ֆյոդորովը ոչ պաշտոնական ուղիներով փորձել է համոզել Մասկին փոխել դիրքորոշումը, սակայն գործարարը շարունակում է դեմ լինել Starlink-ի նման կիրառմանը՝ մտավախություն ունենալով հակամարտության հետագա սրման վերաբերյալ։

The Atlantic-ի փոխանցմամբ՝ հուլիսի 28-ին Վաշինգտոնում Վլադիմիր Զելենսկին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին խնդրել է միջնորդել։ Զելենսկին նշել է, որ Ռուսաստանի խորքում գտնվող հրթիռային կայանքներին հարվածելու հնարավորությունը կարող է օգնել կանխել Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքի դեմ սպասվող ռուսական հարվածները։

Հանդիսավոր միջոցառման ընթացքում պարգևները հանձնվեցին ուժային կառույցների մասնակցությամբ բանակային խաղերի մրցանակակիրներին. Փաշինյան

Ուժային կառույցների մասնակցությամբ 4-րդ տարին անընդմեջ անցկացվեցին Բանակային խաղերը: Հանդիսավոր միջոցառման ընթացքում պարգևները հանձնվեցին մրցանակակիրներին: Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում տեսանյութին կից գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Բանակային խաղերը մասնակիցների համար ստեղծում են ինքնադրսևորման նոր հարթակներ և հնարավորություններ. վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տավուշի մարզում ներկա է եղել 4-րդ տարին անընդմեջ անցկացվող Բանակային խաղերի փակման հանդիսավոր արարողությանը։

Բանակային խաղերը մեկնարկել են Դիլիջան քաղաքի ՀՀ պաշտպանության նախարարության և «Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարան» հիմնադրամի մարզաբազաներում օգոստոսի 2-ին: Խաղերին մասնակցել են ՀՀ պաշտպանության, Ներքին գործերի, Արդարադատության նախարարությունների, Ազգային անվտանգության և Պետական պահպանության ծառայությունների, Պետական եկամուտների, Քննչական և Հակակոռուպցիոն կոմիտեների թիմերը: Վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերի նպատակն է մասսայականացնել ռազմակիրառական մարզաձևերը, բարձրացնել ֆիզիկական պատրաստվածության դերն ու նշանակությունը, ինչպես նաև ձևավորել մարզական առողջ մրցակցային մթնոլորտ և ամրապնդել համագործակցությունը խաղերին մասնակցող ուժային կառույցների միջև։

Ողջունելով ներկաներին՝ վարչապետը շնորհավորել է բանակային հերթական խաղերի անցկացման առիթով: Նիկոլ Փաշինյանը բանակային խաղերի անցկացումը կարևորել է այն հանգամանքով, որ ծառայության և աշխատանքի մեջ նոր հարթություններ են ստեղծվում, որտեղ համապատասխան մարմինների ներկայացուցիչները ստանում են ինքնադրսևորման նոր հարթակներ և հնարավորություններ. «Կարծում եմ, որ հենց այսօր՝ պարգևատրման արարողությունը դա ցույց տվեց։ Մեր գործընկերներից մի քանիսին պատվո հարթակին տեսանք ավելի քան մեկ անգամ, սա չի կարող պատահական լինել, սա ինչ-որ բան նշանակում է: Եվ հաստատ նշանակում է, որ այդ մարդիկ առավել մեծ ջանք են գործադրում և առավել կենտրոնացած են իրենց աշխատանքի և ծառայության մեջ»:

Վարչապետի խոսքով՝ այս հարթակը նաև ազդակ է տալիս, թե տարբեր ծառայություններում գործերի ընթացքն ինչ վիճակում է, ինչպես նաև մրցակցության որոշակի տարր է ստեղծում կազմակերպությունների ներսում, այդ թվում՝ գերատեսչությունների միջև: Երկրի ղեկավարը բանակային խաղերի անցկացումը կարևորել է նաև ծառայողների համար սոցիալական շփման նոր հարթակ, ինչպես նաև ուրախության և բերկրանքի առիթներ ստեղծելու առումով. «Կարծում ենք, որ սոցիալական կապերի ամրապնդումը կարևոր է պետության ամրապնդման համար, որովհետև, մանավանդ ժամանակակից կյանքում, աշխատանքն ավելի ու ավելի մեծ ժամանակ է տանում, կյանքի տեմպը մեծացել է, և հաճախ հնարավոր չի լինում սոցիալական շփման նոր հնարավորություններ ունենալ: Եվ ես հույս ունեմ, որ այս ժամանակաշրջանը, որ խաղերի մասնակիցներն անցկացնում են այստեղ, նաև նրանց որոշակի հնարավորություն է տալիս կտրվելու աշխատանքից»:

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է բոլոր մրցանակակիրներին և շնորհակալություն հայտնել իրենց գործադրած ջանքի համար: «Հայաստանի Հանրապետությունը գնահատում, կարևորում է այդ անհատական ջանքի գործադրումը, և այսօր այդ գործադրված անհատական ջանքը գնահատված է, ինչը, կարծում եմ, պակաս կարևոր չէ։ Շնորհակալություն եմ հայտնում Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանն արդեն 4-րդ անգամ խաղերը կազմակերպելու համար, Պաշտպանության նախարարությանը, որ աջակցում է խաղերի անցկացմանը, Մոնթե Մելքոնյանի անվան վարժարանին, որ հյուրընկալում է այս խաղերը, և նաև բոլոր մասնակից գերատեսչությունների ղեկավարներին, ովքեր քաջալերում են իրենց աշխատողներին, ծառայողներին, որ այսպիսի մասնակցություն ունենան»,- ասել է վարչապետը:

Ամփոփելով՝ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է բոլորին նաև օգոստոսի 8-ի առիթով և նշել. «Սա մի առիթ է, որը նոր էջ է բացել մեր պետության համար: Կարծում եմ՝ այն նոր հնարավորություններ և նոր հեռանկարներ է բացել մեր պետության համար: Ես համոզված եմ, որ բոլորս ունենք ուժ, կամք, վճռականություն և պատրաստ ենք լրացնել մեր իմացությունը, գիտելիքները և հմտությունները՝ այդ հնարավորություններն առավելագույն արդյունավետությամբ օգտագործելու համար»:

Վարչապետ Փաշինյանը հանձնել է ընդհանուր թիմային հաշվարկով մրցանակակիր թիմերի 3-րդ, 2-րդ, 1-ին տեղերը զբաղեցրած մասնակիցների պարգևները:

Իրավապահ մարմինների միջև թիմային հաշվարկով մրցանակակիր թիմերի 3-րդ, 2-րդ, 1-ին տեղերը զբաղեցրած մասնակիցներին պարգևները հանձնել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։

Ռազմականացված կրոսավազքի փոխանցումավազքի մրցանակակիր թիմերի 3-րդ, 2-րդ, 1-ին տեղերը զբաղեցրած մասնակիցներին պարգևները հանձնել է ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանը։

Հրաձգություն «ՊՄ» ատրճանակով մարզաձևի կանանց 3-րդ, 2-րդ, 1-ին և տղամարդկանց 3-րդ, 2-րդ, 1-ին տեղերը զբաղեցրած մասնակիցներին պարգևները հանձնել է ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը։

Հրաձգություն «ԴԴ» հրացանով մարզաձևի կանանց 3-րդ, 2-րդ, 1-ին և տղամարդկանց 3-րդ, 2-րդ, 1-ին տեղերը զբաղեցրած մասնակիցներին պարգևները հանձնել է Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։

1-ին տեղը զբաղեցրած մասնակցին հատուկ մրցանակը հանձնել է Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի տնօրեն Ալեքսանդր Մանուչարյանը։

Հրաձգություն «ԱԿ 103» ինքնաձիգով մարզաձևի կանանց 3-րդ, 2-րդ, 1-ին և տղամարդկանց 3-րդ, 2-րդ, 1-ին տեղերը զբաղեցրած մասնակիցներին պարգևները հանձնել է ԱԱԾ պետի տեղակալ Դավիթ Սանամյանը։

Ռազմամարզական կողմնորոշում մարզաձևի կանանց 3-րդ, 2-րդ, 1-ին և տղամարդկանց 3-րդ, 2-րդ, 1-ին տեղերը զբաղեցրած մասնակիցներին պարգևները հանձնել է ՊՊԾ պետ Արթուր Գասպարյանը։

Ռազմականացված կրոսավազք մարզաձևի կանանց 3-րդ, 2-րդ, 1-ին և տղամարդկանց 3-րդ, 2-րդ, 1-ին տեղերը զբաղեցրած մասնակիցներին պարգևները հանձնել է Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը։

Ռազմամարզական քառամարտ մարզաձևի կանանց 3-րդ, 2-րդ, 1-ին և տղամարդկանց 3-րդ, 2-րդ, 1-ին տեղերը զբաղեցրած մասնակիցներին պարգևները հանձնել է ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը:

Կազմակերպիչ կառույցներին շնորհակալագրեր և հուշանվերներ է հանձնել ԳՇ պետի տեղակալ Արթուր Երոյանը։

Ռազմամարզական քառամարտ, ռազմականացված կրոսավազք, ռազմամարզական կողմնորոշում, հրաձգություն «ԱԿ 103» ինքնաձիգով, հրաձգություն «ՊՄ» ատրճանակով, հրաձգություն «ԴԴ» հրացանով մրցաձևերում ընդհանուր հաշվարկով 1-ին, 2-րդ և 3-րդ տեղերը գրաված մասնակիցները (տղամարդիկ և կանայք) պարգևատրվել են համապատասխան կարգի հավաստագրերով, մեդալներով և դրամական պարգևներով` 1-ին տեղ՝ 1 մլն ՀՀ դրամ, 2-րդ տեղ՝ 500 հազար ՀՀ դրամ, 3-րդ տեղ՝ 300 հազար ՀՀ դրամ, իսկ 1-ին տեղ գրաված թիմը՝ նաև գավաթով: Ռազմականացված կրոսավազքի փոխանցումավազքի մրցանակակիր թիմի անդամները պարգևատրվել են մեդալներով, պատվոգրերով և դրամական պարգևներով. 1-ին տեղ՝ 300 հազար ՀՀ դրամ, 2-րդ տեղ՝ 200 հազար ՀՀ դրամ, 3-րդ տեղ՝ 150 հազար ՀՀ դրամ: Ընդհանուր հաշվարկով 1-ին, 2-րդ և 3-րդ տեղերը գրաված թիմերի ղեկավարները պարգևատրվել են դրամական պարգևներով. 1-ին տեղ՝ 700 հազար ՀՀ դրամ, 2-րդ տեղ՝ 500 հազար ՀՀ դրամ, 3-րդ տեղ՝ 300 հազար ՀՀ դրամ: Իրավապահ մարմինների միջև թիմային հաշվարկի արդյունքում մրցանակային տեղեր գրաված թիմերը պարգևատրվել են համապատասխան կարգի հավաստագրերով, հուշանվերով և գավաթով:

Ռուսական հարվածները հիմնականում ուղղված են քաղաքացիական ենթակառուցվածքներին. Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ ռուսական հարվածները հիմնականում ուղղված են բնակչության առօրյա կյանքն ապահովող օբյեկտներին։

Նրա խոսքով՝ Ուկրաինայում չվնասված էլեկտրակայաններ գրեթե չեն մնացել։ Վնասվել են նաև բազմաթիվ երկաթուղային կայարաններ, հիվանդանոցներ և համալսարաններ, իսկ քաղաքացիական ձեռնարկություններն ավերվել են։

Հրդեհի ահազանգ Սայաթ-Նովա պողոտայում. հրշեջ-փրկարարները շենքից տարհանել են 5 բնակչի

Օգոստոսի 8-ին՝ ժամը 18։20-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Սայաթ-Նովա պողոտայի շենքերից մեկի ութերորդ հարկում։ Այդ մասին հայտնում են ՆԳՆ ՓԾ-ից։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի ու Հոգեբանական աջակցության և բժշկական ապահովման վարչության հերթապահ խմբերը։ 

Նախնական տվյալներով՝ հրդեհը բռնկվել է բնակարանում, հրշեջ-փրկարարները շենքից տարհանել են 5 բնակչի։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19։19-ին։

Բացահայտվել է Հովիկ Աբրահամյանի որդու՝ Արգամ Աբրահամյանի կողմից պատվիրված սպանության դեպքը

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում իրականացվող քրեական վարույթով կատարված նախաքննությամբ, ինչպես նաև ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից կատարված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ դեռևս 2023 թվականի ապրիլի 30-ին Երևան քաղաքի Մյասնիկյան պողոտայի շենքերից մեկի մուտքի մոտ կատարված Սողոմոն Վլասյանի սպանությունը պատվիրվել է Արտաշատ համայնքի նախկին ղեկավար, ԱԺ նախկին պատգամավոր Արգամ Աբրահամյանի կողմից: Այս մասին տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից։

 

«Մասնավորապես՝ պլանավորված, համակողմանի ապացուցողական ու վարութային գործողությունների արդյունքում պարզվել է, որ Ա.Ա.-ն կնոջը՝ Է.Ծ.-ին կասկածելով «Ավետարանի հավատքի քրիստոնյաներ» կրոնական կազմակերպության անդամ, հոգևոր հովիվ Ս․Վ․-ի հետ անձնական փոխհարաբերություններ ունենալու, ինչպես նաև՝ նրան խոշոր գումարներ տալու մեջ, վրեժխնդիր լինելու շարժառիթով նպատակադրվել է կյանքից զրկել Ս․Վ․-ին, սակայն որոշել է իր հանցավոր մտադրությունն իրագործել ոչ թե անձամբ, այլ իրենից ֆինանսական և անձնական կախվածության մեջ գտնվող հավատարիմ անձի՝ իր անվտանգության աշխատակից Գ.Հ.-ի միջոցով:

 

Այնուհետև Ա․Ա․-ն, օգտագործելով Գ.Հ.-ի նկատմամբ ունեցած ազդեցությունը, ինչպես նաև վերջինիս՝ իր հանդեպ ունեցած հավատարմությունը և պատրաստակամությունը՝ հանձնարարելու եղանակով նրան դրդել է կյանքից զրկել Ս․Վ․-ին։

 

Ա.Ա.-ի կողմից տրված հանձնարարությունը որպես պատվեր ընդունելով՝ Գ.Հ.-ն 2023 թվականի ապրիլի 30-ին Երևան քաղաքի Մյասնիկյան 2 հասցեում գտնվող բնակելի շենքի դիմաց հրազենի գործադրմամբ սպանել է Ս․Վ․-ին։

 

Քրեական վարույթի նախաքննության ընթացքում քննիչի միջնորդության հիման վրա հսկող դատախազի որոշմամբ Ա.Ա.-ի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել՝ Քրեական օրենսգրքի 46-155-րդ հոդվածի 2-րդ մասի 11-րդ կետով (պատվերով սպանություն կատարելուն դրդելը)։

 

2026 թվականի օգոստոսի 8-ին քննիչի որոշման հիման վրա ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից Ա․Ա․-ն ձերբակալվել է՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանքը կիրառելու նպատակով դատարան ներկայացնելու հիմքով։

 

Հիշեցնենք, որ Ս․Վ․-ին ապօրինաբար կյանքից զրկելու համար Գ.Հ.-ի նկատմամբ հանրային քրեական հետապնդում էր հարուցվել Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով (սպանությունը) և 335-րդ հոդվածի 1-ին մասով (հրազենի ապօրինի շրջանառությունը), ապա՝ դեռևս 2024 թվականի ապրիլին, քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել էր դատարան:

 

Նախաքննությունը շարունակվում է, դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ իրականացվում են անհետաձգելի քննչական ու վարութային գործողություններ»,- ասվում է հաղորդագրությունում։

 

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը հեռախոսազրույց են ունեցել

2026 թվականի օգոստոսի 8-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը զանգահարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։

Հեռախոսազրույցի ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի աջակցությամբ 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում անցկացված
Խաղաղության գագաթնաժողովի առաջին տարեդարձի առիթով, որի ընթացքում Ադրբեջանի և Հայաստանի միջև հաստատվեց խաղաղություն, ինչպես նաև նախաստորագրվեց Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի տեքստը։

Կողմերը հատկապես նշել են նախագահ Դոնալդ Թրամփի և Ամերիկայի Միացյալ Նահանգների Կառավարության կարևոր դերը խաղաղության գործընթացի առաջխաղացման գործում։

Կողմերը նշել են Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործում վերջին մեկ տարվա ընթացքում արձանագրված առաջընթացը։

Զրույցի ընթացքում ընդգծվել է երկու երկրների միջև առևտրատնտեսական կապերի զարգացումը՝ որպես խաղաղության օգուտների շոշափելի դրսևորում։ Այս համատեքստում, կողմերը նշել են ադրբեջանական նավթամթերքի արտահանումը Հայաստան, ինչպես նաև տարանցիկ բեռների փոխադրումը Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան և Հայաստանից դեպի այլ ուղղություններ։

Բացի այդ, կողմերը մտքեր են փոխանակել TRIPP երթուղու իրականացման վերաբերյալ՝ համաձայն Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածությունների։

Կողմերն ընդգծել են խաղաղության գործընթացի առաջմղման և տարածաշրջանում երկարատև խաղաղության, կայունության, կապակցվածության և տնտեսական համագործակցության ապահովման ջանքերը շարունակելու կարևորությունը։

Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան է ուղարկվել 1049 տոննա ցորեն և 700 տոննա քարածուխ

Ինչպես հայտնում է ադրբեջանական մամուլը, օգոստոսի 8-ին Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան է  ուղարկվել 15 վագոն ցորեն՝ 1049 տոննա ընդհանուր քաշովև 10 վագոն քարածուխ՝ 700 տոննա ընդհանուր քաշով։

Մինչ օրս Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով տարանցմամբ ուղարկվել է ավելի քան 37 հազար տոննա ցորեն, շուրջ 9 հազար տոննա պարարտանյութ, 1136 տոննա պրոպան, 133 տոննա ալյումին, 414 տոննա անտրացիտ և 67 հազար տոննա փայտանյութ։

Միևնույն ժամանակ, Ադրբեջանից Հայաստան է արտահանվել շուրջ 15 հազար տոննա դիզելային վառելիք և մոտ 5 հազար տոննա ԱԻ-92 ու ԱԻ-95 տեսակի բենզին։

 

Հրազդանում բացվել է Firebird AI ընկերության «ԱԲ գործարանը»

Հրազդանում բացվել է Firebird AI ընկերության «ԱԲ գործարանը»՝ աշխարհի ամենամեծ ԱԲ ենթակառուցվածքներից մեկը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ԲՏԱ նախկին նախարար Մխիթար Հայրապետյանը։

 

«Աննկարագրելի ուրախությամբ հայտնում եմ, որ քիչ առաջ Հրազդանում բացվեց Firebird AI ընկերության «ԱԲ գործարանը»՝ աշխարհի ամենամեծ ԱԲ ենթակառուցվածքներից մեկը։

Կեցցե՛ մեր չքնաղ Հայաստանի Հանրապետությունը»,- գրել է նա։