Այս օրը՝ մեկ տարի առաջ․ Լիլիթ Մակունցը լուսանկարներ է հրապարակել Սպիտակ տնից

Մեկ տարի առաջ այս օրը` 2025 թվականի օգոստոսի 8-ին, նախագահ Դոնալդ Թրամփի նախաձեռնությամբ եւ մասնակցությամբ ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում` Սպիտակ տանը, հրավիրված եռակողմ հանդիպման արդյունքում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղություն հաստատվեց։

Հայաստանի Հանրապետությունը կարեկցանքի կարիք չունի, ունի գործընկերության կարիք․ ՀՀ-ն վստահելի գործընկեր է

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել «Firebird AI»-ի և համաշխարհային տեխնոլոգիական ընկերություն NVIDIA-ի համագործակցությամբ ստեղծված ԱԲ գործարանի պաշտոնական բացման արարողությանը։

Նիկոլ Փաշինյանը շրջել է գործարանում, ծանոթացել ընկերության հնարավորություններին, առաջիկա ծրագրերին։

Վարչապետին ներկայացվել է, որ Հայաստանում իրականացվող նախագիծը արտացոլում է ԱՄՆ-ի և Հայաստանի միջև զարգացող տեխնոլոգիական համագործակցությունը՝ ստեղծելով նոր հնարավորություններ բարձր տեխնոլոգիաների, նորարարության և արհեստական բանականության ոլորտներում համատեղ զարգացման համար։ Նշվել է, որ ՀՀ Կառավարությունը հանդես է գալիս որպես նախագծի ռազմավարական գործընկեր՝ աջակցելով Հայաստանում առաջադեմ ԱԲ ենթակառուցվածքի ձևավորմանը և Հայաստանի՝ որպես տարածաշրջանային տեխնոլոգիական կենտրոնի զարգացմանը։

Հաջորդիվ տեղի է ունեցել հանդիսավոր արարողություն, որին մասնակցել են ՀՀ Կառավարության անդամներ, Ղազախստանի Հանրապետության փոխվարչապետ, Արհեստական բանականության և թվային զարգացման նախարար Ժասլան Մադիևը, «Firebird AI» կենտրոնի համահիմնադիրներ Ալեքսանդր Եսայանը և Ռազմիկ Հովակիմյանը, NVIDIA-ի ֆիզիկական ԱԲ սիմուլիացիայի գծով փոխնախագահ Ռև Լեբարեդյանը, դիվանագետներ և այլք:

Վարչապետը ողջունել է ներկաներին և նշել. «Նախ՝ թույլ տվեք այսօր բոլորիս շնորհավորել այս իրադարձության և ընդհանրապես օգոստոսի 8-ի առիթով, որովհետև ես զգում եմ, որ օգոստոսի 8-ը գնալով ավելի ու ավելի ծանրակշիռ նշանակություն է ձեռք բերում Հայաստանի Հանրապետության պատմության մեջ: Եվ այն, ինչ հիմա այսօր տեղի է ունենում, իրականում շատ կարևոր, շատ ծանրակշիռ, բայց այդ կշռի մեջ բազում շերտեր ունեցող իրադարձություն է: Երկար ժամանակ մենք Կառավարությունում հրապարակային և ոչ հրապարակային քննարկում էինք արագության մասին մեր պատկերացումները փոխելու անհրաժեշտությունը և երբ նախորդ տարի Ռև Լեբարեդյանը, Ռազմիկ Հովակիմյանը, Ալեքսանդր Եսայանը պատմում էին մի տարվա, նույնիսկ ավելի քիչ ժամանակահատվածում նման նախագիծ իրականացնելու իրենց մտադրության մասին՝ պետք է խոստովանել, որ դա շատ տարօրինակ էր հնչում և անսովոր, բայց գոնե ես ցույց չէի տալիս իմ զգացողություններն այդ առումով:

Եվ ահա այսօր մենք այստեղ ենք՝ ճշգրիտ պայմանավորված տեղում և ժամին: Բայց պետք է արձանագրել, թե ինչն է հնարավոր դարձրել այս ամենը: Իհարկե, ակնհայտ է, որ 2025 թվականի օգոստոսի 8-ին Միացյալ Նահանգներում՝ Սպիտակ տանը, նախագահ Թրամփի նախաձեռնությամբ և մասնակցությամբ տեղի ունեցած խաղաղության գագաթնաժողովը և նրա արդյունքն էական և առանցքային նշանակություն ունեն այսօրվա իրադարձության համար։ Ես հիշում եմ, որ նախորդ տարի սեպտեմբերին մենք ստիպված էինք արդարանալ, որ Միացյալ Նահանգներից վերադարձել ենք տեխնոլոգիաների և արհեստական բանականության ոլորտում ընդամենը մտադրությունների հուշագիր ստորագրած, որովհետև անընդհատ համոզիչ չէր թվում շատերին մեր այն փաստարկը, թե այդ մտադրությունների հուշագիրը ծանրակշիռ փաստաթուղթ է և շատ շուտով ունենալու է իր արդյունքը, և ահա արդյունքն այստեղ է։

Արագությունների մասին խոսելով՝ ես նաև ուզում եմ ընդգծել, որ երբ նախորդ տարվա մայիսին գլխավոր խորհրդական Արյե Լայթսթոունը եկավ Երևան և ասաց, որ նախագահ Թրամփի ցանկությունն է, որ մենք մեկ ամսվա ընթացքում հասնենք խաղաղության գործարքի, մեր զգացողությունները կրկին նույն էին, մենք ասացինք՝ պատրաստ ենք անել մեզնից կախվածը: Եվ արեցինք մեզնից կախվածը, իհարկե, դա մի ամսում տեղի չունեցավ, բայց մոտ երկու ամսում տեղի ունեցավ:

Եվ ես ուզում եմ կրկին ընդգծել 2025 թվականի օգոստոսի 8-ը՝ որպես շրջադարձային իրադարձություն Հայաստանի, Ադրբեջանի համար: Ես այսօր, ի դեպ, զանգահարել եմ Ադրբեջանի նախագահին, և մենք խոսել ենք այսօրվա իրադարձության կարևորության մասին, և սա իսկապես շրջադարձային նշանակություն ունեցող իրադարձություն է: Ես ուզում եմ, որ մենք ծափահարենք նախագահ Թրամփին այս օրն իրականություն դարձնելու համար։

Պետք է արձանագրել, որ խաղաղությունը շրջադարձային է, ընդհանրապես մեր երկրում տնտեսական և ներդրումային միջավայրը փոխելու տեսակետից։ Այդ իրադարձությունից հետո միջազգային գործակալությունները մեկը մյուսի հետևից վերանայում են Հայաստանի սուվերեն վարկանիշները, ըստ էության, շատ հստակ ուղերձ հղելով ներդրումային հանրությանը, որ Հայաստանն այն տեղն է, ուր կարելի է վստահ ներդրումներ անել։

Առաջիկայում մենք կենտրոնանալու ենք միայն հսկայածավալ ծրագրի վրա, խոսքը TRIPP նախագծի մասին է, և որը ևս մեկ աստիճանով, իհարկե, բարձրացնելու է Հայաստանի կշիռը միջազգային ներդրումային քարտեզում: Բայց ես ուզում եմ ընդգծել, որ արագություններն ամբողջությամբ իրացնելու ճանապարհին նաև պետք է հասնեն իրենց կուլմինացիային»:

Վարչապետը շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր ներդրում են ունեցել Հայաստանում այսպիսի կենտրոն ստեղծելու հարցում: «Համոզված եմ, որ բազմաթիվ մարդիկ շատ մեծ ներդրում են ունեցել այսօրվա համար, բայց շատ կարևոր է այսօրվա իրադարձության տրամադրությունը, որովհետև ես հասկացա, որ մենք այսօր ավելի շատ խոսում ենք ապագայի, վաղվա մասին՝ հպարտ լինելով նրա համար, ինչն արդեն տեղի է ունեցել: Բայց այն, ինչ տեղի է ունեցել, շատ մեծ ակտիվ է և շատ կարևոր է, թե այդ հենքի վրա մենք դեպի ուր կշարժվենք։ Ես ուզում եմ ասել՝ շատ հետաքրքիր է, թե ինչպես են քաղաքական և տնտեսական պրոցեսներն իրար ուղեկցում: Եվ մեր իրականության մեջ, ճիշտ է, տեսական մակարդակում շատ է խոսվել դրա մասին` տնտեսության և քաղաքականության, ներդրումների և քաղաքականության փոխկապվածության, բայց իրականության մեջ մենք դա հաճախ չէ, որ տեսել ենք։ Եվ այսօրվա իրադարձությունը դրա շատ վառ օրինակ է։

Մեր քաղաքական ռազմավարական հարաբերությունների հաստատումը Միացյալ Նահանգների հետ 2025 թվականի հունվարին, և այդ կետից սկսած իրադարձությունների արագացումն է։ Այսօր այստեղ ներկա է Ղազախստանի փոխվարչապետը, և ընդամենը նախորդ շաբաթ ես հեռախոսազրույց եմ ունեցել Ղազախստանի նախագահի հետ, երեկ մենք Ղազախստանի վարչապետի հետ աշխատանքային քննարկումներ ենք ունեցել, այսօր Ղազախստանի փոխվարչապետը ներկա է այստեղ, ինչը մեզ համար մեծ ուրախություն է, և շնորհակալ ենք այդ ներկայության համար: Այսօր Հայաստանի և Ղազախստանի միջև հարաբերությունները զարգանում են աներևակայելի տեմպերով, և սա շատ լավ օրինակ է, թե ինչպես է քաղաքականությունը փոխվում Հայաստանի Հանրապետությունում, ինչպես է քաղաքական ընկալումը փոխվում Հայաստանի Հանրապետությունում, ինչպես է պետություն հասկացությունն ինքն իրեն վերահաստատում Հայաստանի Հանրապետությունում», -նշել է երկրի ղեկավարը:

Հայաստան-սփյուռք հարաբերությունների համատեքստում Նիկոլ Փաշինյանն ընդգծել է Հայաստանին ոչ թե կարեկցելու, այլ Հայաստանի զարգացմանը մասնակցելու և զարգացմանն իրենց նպաստը բերելու կարևորությունը. «Հարգելիներս, Հայաստանի Հանրապետությունը կարեկցանքի կարիք չունի, ես սա ասում եմ պաշտոնապես, Հայաստանի Հանրապետությունն ունի գործընկերության և գործակցության կարիք, և Հայաստանի Հանրապետությունը վստահելի գործընկեր է: Եվ ես ուզում եմ ձեզ, սիրելի հայրենակիցներ, շնորհակալություն հայտնել Կառավարության այս ուղերձին արձագանքելու համար։ Եվ սա իսկապես շատ բարձր եմ գնահատում և մեծ պատիվ է ինձ համար, որ մենք այսօր խոսում ենք բոլորովին ուրիշ օրակարգերի մասին, որը պետության օրակարգ է, որը կյանքի օրակարգ է, որը ապագայի օրակարգ է, և նրա համար, որ ապագան հիմա է, այստեղ է, այսօր է և դուք այսօր ձեր սեփական աչքերով տեսնում եք այդ ապագան:

Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր այդ ապագան ստեղծել են, շնորհակալ ենք»:

Գործարանը Հայաստանում ստեղծվող առաջադեմ արհեստական բանականության հաշվողական ենթակառուցվածք է, որը նախատեսված է ԱԲ մոդելների ուսուցման և գործարկման, ինչպես նաև մեծածավալ և բարդ հաշվարկային խնդիրների իրականացման համար։ Հրազդանի մերձակայքում՝ շուրջ 200,000 քառակուսի մետր տարածքում, տեղակայված ԱԲ գործարանի առաջին փուլը նախատեսվում է համալրել ավելի քան 6,000 NVIDIA Blackwell GPU-ներով և շուրջ 18 ՄՎտ հզորությամբ։ Մեգանախագծի առաջին փուլի ներդրումների ծավալը կազմում է 500 մլն ԱՄՆ դոլար։ Նախագծի հաջորդ փուլերում նախատեսվում է էականորեն ընդլայնել ենթակառուցվածքի հաշվարկային հզորությունները՝ այն համալրելով նոր սերնդի NVIDIA Vera Rubin GPU-ներով և ձևավորելով զարգացող շուկաներում առաջադեմ ԱԲ հաշվարկային հզորությունների խոշորագույն կլաստերներից մեկը։ Երկրորդ փուլում ընդհանուր ներդրումները կհասնեն ավելի քան 4 միլիարդ դոլարի, իսկ ենթակառուցվածքը կհամալրվի շուրջ 50,000 նոր սերնդի NVIDIA Vera Rubin GPU-ներով՝ ձևավորելով զարգացող շուկաներում աշխարհի ամենաառաջադեմ ԱԲ պրոցեսորների խոշորագույն կլաստերը։ Այն հնարավոր է դարձել ԱՄՆ կարգավորող մարմինների կողմից լրացուցիչ 41,000 NVIDIA GB300 չիպերի արտահանման արտոնագրի տրամադրումից հետո։ Արդեն հաստատված ընդլայնման երրորդ փուլը նախատեսվում է ավարտել մինչև 2027 թ. վերջ։ Դրա արդյունքում ԱԲ գործարանի ընդհանուր հզորությունը նախատեսվում է հասցնել ավելի քան 100,000 NVIDIA Blackwell և Vera Rubin GPU-ի, իսկ հարթակի ընդհանուր հզորությունը՝ ավելի քան 400 ՄՎտ-ի։ Արդյունքում՝ նախագիծը կարող է դասվել Եվրոպայի խոշորագույն ԱԲ ենթակառուցվածքային հարթակների և աշխարհի նշանակալի ԱԲ հաշվարկային կենտրոնների շարքին։ Նախագծի առաջին փուլում նախատեսվում է ստեղծել շուրջ 100 մշտական աշխատատեղ, իսկ երկրորդ փուլում աշխատակիցների թիվը նախատեսվում է հասցնել մինչև 300-ի։ 2026 թ. ապրիլի 17-ին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և «Firebird AI» ընկերության միջև ստորագրվել է բարձր արտադրողականությամբ հաշվողական ռեսուրսների ձեռքբերման պայմանագիր, որի համաձայն՝ պետությունը նախատեսում է ձեռք բերել 25 մլն ԱՄՆ դոլար արժեքով համապատասխան հաշվողական ռեսուրսներ։ Ծրագրի շրջանակում ձեռք բերվող ռեսուրսները նախատեսվում է տրամադրել արհեստական բանականության ոլորտի մասնագետներին, հետազոտողներին, գիտնականներին, գիտահետազոտական և կրթական հաստատություններին, ինչպես նաև ստարտափներին։

Ներկայում Չինաստան-Հայաստան հարաբերությունները զարգանում են կայուն դինամիկայով․ Չինաստանի ԱԳ նախարարը՝ Միրզոյանին

Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Ին շնորհավորել է Արարատ Միրզոյանին Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնում վերանշանակվելու առթիվ։Այս մասին տեղեկանում ենք Հայաստանի արտաքին գործերի նախարարությունից։

Իր ուղերձում Վան Ին նշել է, որ ներկայում Չինաստան-Հայաստան հարաբերությունները զարգանում են կայուն դինամիկայով, իսկ տարբեր ոլորտներում համագործակցությունն առաջ է ընթանում կանոնավոր կերպով։

«Անցյալ տարի նախագահ Սի Ծինփինը և վարչապետ Նիկոլ Փաշինյանը համատեղ հայտարարեցին երկու երկրների միջև ռազմավարական գործընկերության հաստատման մասին։ Ես պատրաստ եմ աշխատել Ձեզ հետ՝ մեր երկրների առաջնորդների ձեռք բերած կարևոր համաձայնությունները կյանքի կոչելու, մեր արտաքին գործերի նախարարությունների միջև համագործակցությունն ամրապնդելու և երկկողմ հարաբերությունների կայուն զարգացումը խթանելու ուղղությամբ»,- ասված է Չինաստանի արտաքին գործերի նախարարի ուղերձում։

Միասին մենք հաջողությամբ կնպաստենք Սերբիայի և Հայաստանի միջև համագործակցության ամրապնդմանը. Ջուրիչը` Միրզոյանին

Սերբիայի արտաքին գործերի նախարար Մարկո Ջուրիչը շնորհավորել է Արարատ Միրզոյանին Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնում վերանշանակվելու առթիվ։

«Համոզված եմ, որ մեր ժողովուրդների և երկրների միջև ձևավորված ավանդական բարեկամությունը, փոխադարձ աջակցությունն ու փոխըմբռնումը կշարունակեն զարգանալ, և միասին մենք հաջողությամբ կնպաստենք Սերբիայի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև ընդհանուր համագործակցության ամրապնդմանը՝ ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային կազմակերպությունների շրջանակներում»,- ասված է Սերբիայի ԱԳ նախարարի ուղերձում։

Խաղաղությունը շրջադարձային է մեր երկրում տնտեսական և ներդրումային միջավայրը փոխելու տեսակետից. Փաշինյանի ելույթը «Firebird AI»-ի բացման արարողությանը

Խաղաղությունը շրջադարձային է մեր երկրում տնտեսական և ներդրումային միջավայրը փոխելու տեսակետից։ Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է վարչապետ  Նիկոլ Փաշինյանը։

 

«Firebird AI արհեստական բանականության գործարանի բացման արարողությանը հանդես եկա ելույթով»,- նշել է նա:

Փարիզը կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև գործընթացին. Ֆրանսիայի ԱԳՆ

Ֆրանսիան հույս ունի, որ Հայաստանը և Ադրբեջանը կստորագրեն ու կվավերացնեն խաղաղության պայմանագիրը, կբացեն սահմանները և կզարգացնեն տարածաշրջանային հաղորդակցությունները։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի ԱԳՆ խոսնակ Պասկալ Կոնֆավրոն՝ 2025 թվականի օգոստոսի 8-ի Վաշինգտոնյան գագաթնաժողովի առաջին տարեդարձի կապակցությամբ։

Նրա խոսքով՝ Ֆրանսիան եվրոպացի գործընկերների հետ շարունակելու է ակտիվորեն աջակցել խաղաղության գործընթացին՝ հարգելով Հայաստանի և Ադրբեջանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։

Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Դոնալդ Թրամփի հեռախոսազրույցը

Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։

Վարչապետ Փաշինյանը նախագահ Թրամփին շնորհակալություն է հայտնել 2025թ. օգոստոսի 8-ի Խաղաղության գագաթնաժողովը Վաշինգտոնում՝ Սպիտակ տանը կազմակերպելու, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների կողմից ընդունված Խաղաղության հռչակագիրը որպես վկա ստորագրելու համար՝ ընդգծելով նախագահ Թրամփի անձնական ջանքերի որոշիչ նշանակությունը խաղաղության հաստատման գործում։

Զրուցակիցներն ուրախությամբ են արձանագրել, որ Վաշինգտոնի Խաղաղության գագաթնաժողովը հանգեցրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև իրական խաղաղության, որը տեսնում և զգում են երկու երկրների ժողովուրդները։

Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել է TRIPP նախագծի իրականացման ներկա վիճակը։

Վարչապետ Փաշինյանը և նախագահ Թրամփը վերահաստատել են TRIPP-ի կառուցման աշխատանքները մոտ ապագայում սկսելու իրենց հաստատակամությունը։

Քննարկվել են նաև Հայաստան-ԱՄՆ երկկողմ և միջազգային օրակարգի այլ հարցեր։

ԱՄՆ-ը շարունակում է լիովին հանձնառու լինել Հայաստանի և Ադրբեջանի հետ համագործակցությանը. Ռուբիո

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները պատմական է անվանել՝ ընդգծելով Դոնալդ Թրամփի դերը խաղաղության գործընթացում։

Ռուբիոն նշել է, որ համատեղ հռչակագիրը վերջ դրեց Հարավային Կովկասում տասնամյակներ շարունակվող հակամարտությանը և հիմք դրեց տարածաշրջանում խաղաղության ու տնտեսական զարգացման նոր փուլին։

Նրա խոսքով՝ վերջին մեկ տարվա ընթացքում ԱՄՆ-ը Հայաստանի և Ադրբեջանի հետ աշխատել է TRIPP նախագծի իրականացման ուղղությամբ։ Բազմամոդել տարանցիկ ուղին ներառում է երկաթուղային, ավտոմոբիլային, էներգետիկ և թվային ենթակառուցվածքներ։

Ռուբիոն հայտնել է նաև, որ սկսել է գործել Թրանս Կասպյան ձեռնարկությունների հիմնադրամը, որի կապիտալը կազմում է 201 մլն դոլար՝ ԱՄՆ կառավարության ֆինանսավորմամբ։ Հիմնադրամը նպատակ ունի խթանել մասնավոր ներդրումները Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում։

«TRIPP-ը պարզապես ենթակառուցվածքային նախագիծ չէ։ Այն Անդրկասպյան առևտրային երթուղու կարևոր օղակ է և օրինակ, թե ինչպես կարող է տնտեսական համագործակցությունն ամրապնդել խաղաղությունը»,- հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարը։

Ռուբիոն ընդգծել է, որ ԱՄՆ-ը շարունակելու է համագործակցությունը Հայաստանի և Ադրբեջանի հետ՝ Հարավային Կովկասում կայուն և տևական խաղաղության հաստատման նպատակով։

Մասկը չի թույլատրել Starlink-ի օգտագործումը Ռուսաստանի խորքում հարվածների համար․ The Atlantic

SpaceX-ի հիմնադիր Իլոն Մասկը չի թույլատրել Ուկրաինային Starlink համակարգն օգտագործել Ռուսաստանի խորքում գտնվող ռուսական հրթիռային արձակման կայանքների դեմ հարվածներ ուղղորդելու համար։ Այս մասին, իրազեկ աղբյուրների հղումով, հայտնում է The Atlantic-ը։

Պարբերականի տվյալներով՝ Ուկրաինայի նախկին պաշտպանության նախարար Միխայիլ Ֆյոդորովը ոչ պաշտոնական ուղիներով փորձել է համոզել Մասկին փոխել դիրքորոշումը, սակայն գործարարը շարունակում է դեմ լինել Starlink-ի նման կիրառմանը՝ մտավախություն ունենալով հակամարտության հետագա սրման վերաբերյալ։

The Atlantic-ի փոխանցմամբ՝ հուլիսի 28-ին Վաշինգտոնում Վլադիմիր Զելենսկին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին խնդրել է միջնորդել։ Զելենսկին նշել է, որ Ռուսաստանի խորքում գտնվող հրթիռային կայանքներին հարվածելու հնարավորությունը կարող է օգնել կանխել Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքի դեմ սպասվող ռուսական հարվածները։

Հանդիսավոր միջոցառման ընթացքում պարգևները հանձնվեցին ուժային կառույցների մասնակցությամբ բանակային խաղերի մրցանակակիրներին. Փաշինյան

Ուժային կառույցների մասնակցությամբ 4-րդ տարին անընդմեջ անցկացվեցին Բանակային խաղերը: Հանդիսավոր միջոցառման ընթացքում պարգևները հանձնվեցին մրցանակակիրներին: Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում տեսանյութին կից գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։