Հայոց ցեղասպանությունը բաց վերք է մարդկության խղճի վրա. Լիբանանի նախագահ

Լիբանանի նախագահ Ժոզեֆ Աունը Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի կապակցությամբ հայտարարել է, որ այդ ողբերգությունը բաց վերք է մարդկության խղճում։ «Արմենպրես»-ի  փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Լիբանանի նախագահական գրասենյակը։

«Խորը ցավով եմ հիշում այդ մարդկային ողբերգությունը, որը բաց վերք է դարձել մարդկության խղճի վրա, և վերահաստատում եմ իմ անսասան նվիրվածությունն արդարության, ճշմարտության և մարդկային արժանապատվության արժեքներին», – նշել է նախագահ Աունը։

Նա հավելել է, որ իր հիմնադրումից ի վեր Լիբանանը եղել է անվտանգ վայր երկրի սահմաններում ապաստան փնտրող հայերի համար և նրանց դարձրել է ազգային կառուցվածքի անբաժանելի մասը։

«Հայկական ծագումով լիբանանցիները երբեք հյուր չեն եղել այս երկրում, այլ իսկական գործընկերներ են եղել նրա կառուցման, տոկունության և բարգավաճման գործում։ Նրանք իրենց ներդրումն են ունեցել տարբեր ոլորտներում՝ տնտեսությունից մինչև մշակույթ, արդյունաբերությունից մինչև արվեստ, քաղաքականությունից մինչև կրթություն՝ հստակ հետք թողնելով ժամանակակից Լիբանանի պատմության վրա», – նշված է հաղորդագրության մեջ։

«Այս առիթով ես ողջունում եմ հայ ժողովրդի տոկունությունը և նրանց անսասանությունը՝ պահպանելու իր ինքնությունն ու հիշողությունը։ Ես հաստատում եմ, որ այս տարելիցի հիշատակումը ոչ միայն անցյալի հիշողություն է, այլև նոր կոչ՝ մերժելու անարդարությունը, որտեղ էլ որ այն լինի, և աշխատելու ավելի արդար և մարդկային աշխարհի համար», – նշել է նախագահը։

Աունը նաև հաստատել է, որ Լիբանանը հավատարիմ կմնա իր առաքելությանը՝ որպես ազատության և բազմակարծության երկիր՝ հավելելով, որ հիշողությունը ողբերգությունների կրկնությունը կանխելու բանալին է:

«Եկեք այս հիշողությունից քաղենք մեր ազգային միասնությունն ամրապնդելու, մարդկային արժանապատվությունը պաշտպանելու և մեր նախնիների զոհողություններին և ապագա սերունդների հույսերին արժանի ապագա կառուցելու վճռականությունը», – հավելել է նա:

Այս օրը մեզ հիշեցնում է՝ ինչ ենք կորցրել և ինչ ունենք հիմա. Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երկրի բարձրագույն ղեկավարության հետ Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի կապակցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Մեծ եղեռնի 1,5 միլիոն զոհերի հիշատակին:

Ավինյանը գրառում է կատարել:

«Սիրելի՛ հայրենակիցներ,

111 տարի անց մենք խոնարհվում ենք Մեծ եղեռնի զոհերի հիշատակի առջև։

Այս օրը մեզ հիշեցնում է՝ ինչ ենք կորցրել և ինչ ունենք այսօր։

Պետությունը արժեք է, որը պետք է ամեն օր պահել ու ամրապնդել։

Խաղաղությունն է դրա հիմքը՝ որպես մեր ժողովրդի անվտանգության և կայուն զարգացման գլխավոր պայման։

Մեր այսօրվա որոշումներից է կախված՝ ինչպիսի Հայաստանի Հանրապետություն ենք թողնելու մեր երեխաներին։

Խոնարհում մեր նահատակների հիշատակին»,- գրել է Ավինյանը:

Դրոշ վառելը ակցիա է խաղաղության պայմանագրի ստորագրման դեմ. Սասուն Միքայելյան

24.04.2026

Քաղաքականություն

Դրոշ վառելը ակցիա է խաղաղության պայմանագրի ստորագրման դեմ. Սասուն Միքայելյան

Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի մոտակայքում քաղաքացու հանկարծամահության դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի մոտակայքում քաղաքացու հանկարծամահության դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի հատկանիշներով:

Այս մասին լրատվամիջոցներին հայտնել են Քննչական կոմիտեից:

Երևան-Սևան-Իջևան ճանապարհին «Shacman» բետոնախառնիչը բախվել է հողաթմբին և կողաշրջված հայտնվել ճանապարհի երթևեկելի գոտում

Այսօր՝ ապրիլի 24-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 10։00-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհին՝ Դիլիջանի ոլորաններում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը բախվել է հողաթմբին և կողաշրջված հայտնվել ճանապարհի երթևեկելի գոտում։

Shamshyan.com-ի տեղեկություններով, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։

Վթարի փաստով ՊԾ Տավուշի մարզի գումարտակի 2-րդ վաշտում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում է վարորդի ինքնությունը։

Հալածանքներն ու ճնշումները չբուժվող վերք դարձան հայերի բազմաթիվ սերունդների համար. Պուտինի ուղերձը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության
111-րդ տարելիցի հիշատակի միջոցառումների մասնակիցներին՝ նշելով, որ այդ ողբերգությունը
միավորել է ժողովրդին և ընդգծել նրա իմաստությունն ու քաջությունը։

 

«Այսօր մենք գլուխ ենք խոնարհում 20-րդ դարի ամենասարսափելի ողբերգություններից
մեկի՝ Հայոց ցեղասպանության հարյուր հազարավոր զոհերի հիշատակի առջև։ Այդ տարիների
հալածանքներն ու ճնշումները ծանր վերք դարձան հայ ժողովրդի համար, սակայն նրանք ցուցաբերեցին
անսասան նվիրվածություն ավանդույթներին, իմաստությանը և քաջությանը», — ասված է Կրեմլի
կայքում հրապարակված ուղերձում։

 

Պուտինի խոսքով՝ անպաշտպան մարդկանց նկատմամբ իրականացված բռնությունները
ցնցել են քաղաքակիրթ աշխարհը և ցույց են տվել կրոնական ատելության, ազգայնականության
և քսենոֆոբիայի վտանգավոր հետևանքները։

 

Նա նշել է, որ Ռուսաստանի դիրքորոշումն այս հարցում մնացել է անփոփոխ՝
հիշեցնելով 1915 թվականի միջազգային հռչակագիրը և 1995 թվականի Պետդումայի հայտարարությունը,
որոնք դատապարտում էին հայ ժողովրդի նկատմամբ իրականացված բռնությունները։

 

Պուտինը ընդգծել է, որ էթնիկ պատկանելության հիմքով զանգվածային
բռնությունները չեն կարող արդարացվել, և միջազգային հանրությունը պետք է համատեղ ջանքերով
կանխի նման ողբերգությունների կրկնությունը։

 

Նա նաև բարեկեցություն և բարգավաճում է մաղթել հայ ժողովրդին։

Կեղծ և մանիպուլյատիվ. վարչապետի խոսնակը՝ Փաշինյան-Թրամփ հեռախոսազրույցի լուրի մասին

X սոցիալական հարթակում որոշ օգտահաշիվների կողմից տարածվում է ակնհայտ կեղծ և մանիպուլյատիվ տեղեկություն այն մասին, թե իբր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social հարթակում գրառում է կատարել՝ հայտնելով Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցի մասին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը։

 

«Հայտնում եմ, որ նման հեռախոսազրույց տեղի չի ունեցել։ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջև նման բովանդակությամբ քննարկում չի եղել։ Տարածվող տեղեկությունը կեղծ է և չի համապատասխանում իրականությանը։

 

Նշված պնդումն ունի օտարերկրյա տեղեկատվական մանիպուլյացիայի և միջամտության՝ FIMI-ի բնորոշ հատկանիշներ։ Մասնավորապես, հաշվի առնելով դրա տարածման մեթոդաբանությունը՝ X հարթակում մի շարք օգտահաշիվների կողմից նույնաբովանդակ կամ փոխկապակցված ձևակերպումներով ամպլիֆիկացված տարածումը, չստուգված աղբյուրի վրա հիմնված պնդման շրջանառումը, դիտարկում ենք որպես համակարգված տեղեկատվական մանիպուլյացիայի փորձ։

Հորդորում ենք լրատվամիջոցներին, հանրային դերակատարներին և սոցիալական ցանցերի օգտատերերին զերծ մնալ չստուգված տեղեկությունների տարածումից, հատկապես այն դեպքերում, երբ դրանք վերաբերում են Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգությանը, արտաքին քաղաքականությանը և տարածաշրջանային կայունությանը»,- գրել է Բաղդասարյանը։

Հայաստանում Կանադայի դեսպանն այցելել է Ծիծեռնակաբերդ

Հայաստանում Կանադայի դեսպան Էնդրյու Թըրներն այցելել է Ծիծեռնակաբերդ և կատարել հետևյալ գրառումը. «Ինձ համար մեծ պատիվ է ներկայացնել Կանադան՝ այսօր Ծիծեռնակաբերդում կայացած Հայոց ցեղասպանության հիշատակի օրվան նվիրված միջոցառմանը։ Հզոր և հուզիչ արարողություն»։

Անկեղծորեն կիսում ենք հայ ժողովրդի վիշտը՝ նախնիների կրած տառապանքների համար. Մարիկե Մոնրոյ-Վինթեր

ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության դեսպան Մարիկե Մոնրոյ-Վինթերը
այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության
զոհերի հիշատակին։

 

«Այսօր՝ ապրիլի 24-ին, մենք հիշատակում ենք 1915-1917 թվականներին
հայերի նկատմամբ իրականացված զանգվածային ոճրագործությունը։ Անկեղծորեն կիսում ենք
հայ ժողովրդի վիշտը՝ նախնիների կրած տառապանքների համար։ Միանում ենք հայերին և հարգանքի
տուրք ենք մատուցում այս ողբերգության բոլոր զոհերին և վերապրածներին»,— նշել է դեսպանը։

ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Փիթեր Անդրեոլին ծաղիկներ է դրել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի անմար կրակի մոտ

ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Փիթեր Անդրեոլին ծաղիկներ է դրել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի անմար կրակի մոտ՝ հարգանքի տուրք մատուցելով 1,5 միլիոն հայերի հիշատակին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից։