Գիտնականներին հաջողվել է լիակատար անհետացումից փրկել Հյուսիսային Ամերիկայի ամենահազվագյուտ թիթեռներից մեկը՝ Poweshiek skipperling-ը։ Դեռ 2022 թվականին ԱՄՆ-ի վայրի բնության մեջ հաշվվում էր ընդամենը ինը առանձնյակ, իսկ 2025 թվականին հետազոտողները բնական միջավայր են բաց թողել արդեն ավելի քան 1,3 հազար թիթեռ, գրում է Phys.org-ը։
Տեսակի վերականգնմամբ զբաղվում են Միչիգանի նահանգային համալսարանի մասնագետները՝ կենդանաբանական այգիների և բնապահպանական կազմակերպությունների հետ համատեղ։ Սկզբնական փուլում նրանց նպատակը պարզապես վերջին պահպանված պոպուլյացիաների անհետացումը կանխելն էր։ Այժմ գիտնականները փորձում են ոչ միայն պահպանել տեսակը, այլև ընդլայնել նրա տարածման արեալը։
Poweshiek skipperling-ը ժամանակին լայնորեն տարածված էր ԱՄՆ-ի Միջին Արևմուտքում՝ Այովայից և Դակոտայից մինչև Միչիգան և Կանադայի հարավ։ Սակայն 2000-ականների սկզբին նրա թվաքանակը սկսեց կտրուկ նվազել՝ կենսամիջավայրերի կորստի, մարգագետինների և ճահիճների ոչնչացման, գյուղատնտեսական մեթոդների փոփոխության և թունաքիմիկատների կիրառման պատճառով։
Թիթեռի փրկության գործում առանձնապես կարևոր դեր է ունեցել հազվագյուտ մարգագետնային ճահիճների՝ պրերիա-ֆենների վերականգնումը, որոնք նրա բնական կենսամիջավայրն են։ Աշխարհում պահպանված նման տարածքների մեծ մասը գտնվում է Միչիգանի հարավում։
Գիտնականները թիթեռներին աճեցնում են հատուկ վանդակապատ տարածքներում, որտեղ պահպանում են բնական կենսամիջավայրերին բնորոշ շոգ և խոնավ պայմաններ։ Դրանից հետո միջատներին բաց են թողնում վերականգնված պրերիաներում։ 2022 թվականին բաց է թողնվել 102 առանձնյակ, իսկ 2025-ին՝ արդեն ավելի քան 1300-ը։
Հետազոտողները նշում են, որ դեռ մի քանի տարի առաջ անազատ պայմաններում պահվող Poweshiek skipperling-ների թիվն ավելի մեծ էր, քան ամբողջ աշխարհում վայրի բնության մեջ գոյություն ունեցող առանձնյակների քանակը։ Այժմ մասնագետները նրանց բնակավայրերում արդեն հարյուրավոր թիթեռներ են դիտարկում։
«Մենք իսկապես կարողացանք այս տեսակը փրկել անհետացումից», — հայտարարել է Միչիգանի նահանգային համալսարանի գիտաշխատող Դևիդ Փավլիկը։
Ծրագրի հաջողությունը գիտնականներին հնարավորություն է տվել այն տարածել նաև թիթեռների այլ հազվագյուտ տեսակների վրա՝ Mitchell’s satyr և Karner blue։ Դրանք նույնպես աճեցվում են անազատ պայմաններում և վերադարձվում բնական միջավայր։
Հետազոտողները նշում են, որ այս փոքրիկ թիթեռի ճակատագիրը կարևոր է ոչ միայն մեկ տեսակի պահպանման համար։ Թիթեռները համարվում են էկոհամակարգերի վիճակի ցուցիչներ. դրանց անհետացումը կարող է վկայել շրջակա միջավայրի լայնածավալ փոփոխությունների մասին։
«Այս թիթեռները նման են ածխահանքում դեղձանիկների», — նշել է Միչիգանի համալսարանի պրոֆեսոր Նիք Հադդադը։ Ըստ նրա, վերջին 20 տարում Միջին Արևմուտքի թիթեռների տեսակների մոտ մեկ երրորդը կրճատել է իր թվաքանակը մոտ 40%-ով, և դրանցից ոչ մեկը աճ չի ցուցաբերում։
Poweshiek skipperling-ը կյանքի մեծ մասն անցկացնում է թրթուրի փուլում, իսկ հասուն թիթեռն ապրում է ընդամենը մոտ երկու շաբաթ, ինչը վերարտադրության յուրաքանչյուր սեզոն դարձնում է վերականգնման ծրագրի համար չափազանց կարևոր։
Այժմ գիտնականները հույս ունեն ստեղծել կայուն պոպուլյացիաներ և հեռանկարում հասնել նրան, որ տեսակը հանվի անհետացման եզրին գտնվողների ցանկից։ Նրանց վկայությամբ, այս փոքրիկ թիթեռի համար կենսամիջավայրի վերականգնումը միաժամանակ օգնում է նաև տասնյակ այլ հազվագյուտ միջատների, թռչունների և բույսերի։