Ապրիլի 24-ի միջոցառումներին պետք է պատշաճ պատրաստված լինենք. Ավինյան
Ներքին գործերի նախարարությունից հիշեցնում են՝ ապրիլի 1-ից գործում է Էլեկտրամոբիլների գույքահարկի հաշվարկման միատեսակ մեթոդաբանություն։
Էլեկտրամոբիլների վարորդները roadpolice.am հարթակում արդեն կարող են տեսնել տրանսպորտային միջոցների հաշվառման վկայագիրը շարժիչի նվազեցված հզորությամբ։
Մինչ փոփոխությունը հաշվարկի հիմքում էլեկտրամոբիլի շարժիչի պիկային հզորությունն էր, որն ավելի բարձր էր, քան իրական շահագործման պայմաններում առկա հզորությունն է։
Նոր մոտեցմամբ՝ հաշվարկը կատարվում է հետևյալ կերպ․
եթե մեքենան ունի էլեկտրոնային անձնագիր, ապա գույքահարկը հաշվելիս օգտագործվում է այնտեղ նշված տեղեկատվությունը, իսկ դրա բացակայության դեպքում՝
առաջին 250 ձիաուժը բաժանվում է 1.5-ի, իսկ մնացած մասը՝ 2.5-ի, հետո ստացված արդյունքները գումարվում են։
Էլեկտրամոբիլների շարժիչի հզորությունը հաշվելու նոր կարգը էականորեն թեթևացրել է վարորդների ֆինանսական բեռը։
Էլեկտրամոբիլի վարորդ Վահագն Ռաշոյանը նշում է, որ գոհ է փոփոխությունից, և գույքահարկը մոտ 80 հազար դրամից իջել է 29 հազար դրամ։
Էլեկտրամոբիլի վարորդ Հրաչյա Հովհաննիսյանի խոսքով՝ մեքենայի շարժիչի հզորության նոր հաշվարկով պայմանավորված գույքահարկը 50 տոկոսի չափով նվազել է։
Փոփոխությունը դրական է գնահատում նաև էլեկտրամոբիլի վարորդ Վաղարշակ Աբրահամյանը՝ նշելով, որ գույքահարկը նվազել է՝ դառնալով մոտ 33 հազար դրամ։
Վարորդների խոսքով՝ նախքան Կառավարության որոշման ուժի մեջ մտնելը քաղաքացիներից շատերը խուսափում էին գնել ավելի մեծ հզորությամբ էլեկտրամոբիլներ՝ բարձր գույքահարկ վճարելու հանգամանքով պայմանավորված։
ՆԳ նախարարության նախաձեռնությամբ կյանքի կոչված Էլեկտրամոբիլների գույքահարկի հաշվարկման նոր մեթոդաբանության նպատակն է գործընթացը դարձնել ավելի կանխատեսելի և հասկանալի քաղաքացիների համար։
Մանրամասները՝ տեսանյութում։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը մեկնարկել է այն պահից, երբ Հայաստանի իշխանությունները որդեգրել են հավասարակշռման և հավասարակշռված արտաքին քաղաքականության հայեցակարգը։ Այս մասին ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ներկայացնելով իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագիրը։
Վարչապետը նախ ընթերցել է նախընտրական ծրագրում ամրագրված դրույթը հավասարակշռված և հավասարակշռման արտաքին քաղաքականության վերաբերյալ.
«Հավասարակշռված և հավասարակշռման արտաքին քաղաքականությունը ցույց տվեց իր արդյունավետությունը՝ թույլ տալով կայունացնել Հայաստանի Հանրապետության արտաքին միջավայրը։ Հավասարակշռված և հավասարակշռման արտաքին քաղաքականությունը կորդեգրվի որպես ռազմավարություն, որի առանցքային խնդիրը արտաքին հարաբերությունների անհամաչափություններ թույլ չտալն է կամ անհամաչափությունները հավասարակշռելու գործիք ունենալը։
Հավասարակշռված և հավասարակշռման արտաքին քաղաքականության մեջ առանցքային դեր ունի տարածաշրջայնացումը, որի առանցքային նպատակը սեփական միջավայրում առանց արտաքին աջակցության ապրելը Հայաստանի Հանրապետության համար ոչ միայն հնարավոր, այլև հարմարավետ դարձնելն է։ Այս իմաստով հարաբերությունների հետագա զարգացումը Վրաստանի, Իրանի Իսլամական Հանրապետության, Թուրքիայի Հանրապետության, Ադրբեջանի Հանրապետության հետ ունի կարևոր նշանակություն, և կուսակցությունը գնալու է այս ճանապարհով։
Այս համատեքստում տարածաշրջանի տրանսպորտային ենթակառուցվածքների լիարժեք ապաշրջափակումը, այդ թվում և՛ TRIPP նախագծի կյանքի կոչումը, և՛ Գյումրի-Կարս երկաթուղու գործարկումը, ոչ միայն է՛լ ավելի կամրապնդեն տարածաշրջանում խաղաղությունը և համագործակցությունը, այլև այն կվերածեն արևելք-արևմուտք և հյուսիս-հարավ փոխկապակցվածության կարևոր հանգույցի՝ Խաղաղության խաչմերուկի:
Տարածաշրջայնացման գործնականացման համար կարևորում ենք նաև 3+3 ձևաչափի հետագա զարգացումը, և Հայաստանի Հանրապետությունը նպաստելու է դրան։ Ձևաչափում Ռուսաստանի Դաշնության ներգրավվածությունն այն կարևոր է դարձնում նաև ՀՀ-ՌԴ հարաբերությունների կառուցողական տրանսֆորմացիայի համար ևս։
Հայաստանի Հանրապետությունը որդեգրել է նաև Տարածաշրջայնացում-2 հայեցակարգը՝ նկատի ունենալով Կենտրոնական Ասիայի և Մերձավոր Արևելքի երկրները և Հնդկաստանը։ Նախորդող շրջանում մյուս երկրների հետ հարաբերությունների զարգացմանը զուգահեռ էական եղավ նաև Սաուդյան Արաբիայի և Պակիստանի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը: Այս ուղղությունը նոր ակտիվություն կստանա 2026-2031 թվականների ընթացքում։
Նախորդող շրջանում Հայաստանի Հանրապետությունը ռազմավարական գործընկերություն կամ երկխոսություն կամ օրակարգ է հաստատել Ամերիկայի Միացյալ Նահանգների, Վրաստանի, Նիդերլանդների, Չինաստանի, Մեծ Բրիտանիայի, Ղազախստանի, ԵՄ-ի, Գերմանիայի և Լյուքսեմբուրգի հետ։ Միևնույն ժամանակ Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերությունները գտնվում են կառուցողական տրանսֆորմացիայի փուլում․ Հայաստանը զարգացնելու է փոխշահավետ կառուցողական հարաբերություններ Ռուսաստանի Դաշնության հետ»։
Այնուհետև վարչապետը հիշեցրել է, որ մինչև վերջերս Հայաստանը չուներ դիվանագիտական հարաբերություններ Սաուդյան Արաբիայի և Պակիստանի հետ. «Եվ մենք հաստատեցինք դիվանագիտական հարաբերություններ այդ երկրների հետ, և ըստ այդմ՝ նախընտրական ծրագրի այս կետն արձանագրում է նախ հավասարակշռված և հավասարակշռման արտաքին քաղաքականության արդյունավետությունը։ Եվ պետք է արձանագրել, որ խաղաղությունը մեծ հաշվով մեկնարկել է հավասարակշռված և հավասարակշռման արտաքին քաղաքականության հայեցակարգը որդեգրելու պահից, երբ մենք այլ դիտանկյունից ենք նայել մեզ, մեր տարածաշրջանին և աշխարհին, ու այդ այլ դիտանկյունից նայելը բերել է կոնկրետ արդյունքների»,- նշել է ՀՀ վարչապետը։
Նա շեշտել է, որ Հայաստանում քաղաքական ընդդիմության որոշ ներկայացուցիչներ շատ հաճախ իշխող ուժին և կոնկրետ իրեն մեղադրում են ադրբեջանամետ և թրքամետ լինելու համար։
«Իսկ ի՞նչ է տեղի ունեցել և տեղի ունենում իրականում։ Իրականում տեղի է ունեցել հետևյալը, որ Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերություններում մենք միշտ գործել ենք երրորդ երկրների միջոցով, այսինքն՝ մեր ասելիքները և օրակարգերը 90 և ավելի տոկոսով քննարկել ենք երրորդ երկրների միջոցով։ Եվ ի՞նչ ենք մենք արձանագրել։ Արձանագրել ենք մի շատ պարզ բան, որն ունի օբյեկտիվ և սուբյեկտիվ հիմքեր։ Երբ դու երրորդ անձի միջոցով ես շփվում որևէ մեկի հետ, դու չես կարող երբեք համոզված լինել, որ քո ուղերձները երրորդ անձը հասցեատիրոջը ճիշտ է փոխանցում, և նրա ուղերձները փոխանցելիս նույնպես ճշգրիտ է գործում, որովհետև երրորդ անձը կարող է ունենալ իր պատկերացումները, իր շահերը, իր ընկալումները, և մենք երբեք չգիտենք, թե որոնք են երրորդ անձի և երրորդ անձանց շահագրգռությունները։
Սա է եղել նաև պատճառը, որ երկար տարիներ մեր տարածաշրջանում խաղաղություն չի հաստատվել։ Եվ մենք փոխել ենք մեր դիրքորոշումը, մենք ասել ենք՝ եթե մենք Թուրքիայի և Ադրբեջանի հետ խոսելու բան ունենք, իսկ մենք ունենք ակնհայտորեն, ինչո՞ւ չպետք է խոսենք, որովհետև սա է միակ երաշխիքը, որ մենք վստահ կլինենք, որ մեր ուղերձը ճիշտ է հասել տեղ, և վստահ կլինենք, որ ճշգրիտ պատասխան ենք ստանում։ Լավ կամ վատ՝ դա այլ հարց է, կարևոր է, որ հաղորդակցության մեջ դեֆորմացիաներ չլինեն, իսկ ես ձեզ ուզում եմ հավաստիացնել, որ այդ դեֆորմացիաները միշտ են լինում, երբ հաղորդակցությունը երրորդ անձանց միջոցով է։ Ընդ որում՝ երբեմն դիտավորյալ, երբեմն էլ ակամա, որովհետև կան նյուանսներ, նրբություններ, այդ թվում՝ տարածաշրջանին վերաբերող մենթալիտետային, ընկալումային, որ հեռավոր երկրները կարող են այդ նյուանսները չարձանագրել, իսկ այս իրավիճակներում, երբ կան տասնամյակների, երբեմն նույնիսկ դարավոր կոնֆլիկտներ, ամեն նրբությունը կարող է լինել էական։ Եվ մենք խաղաղության հասել ենք՝ հենց այս հանգամանքը հասկանալով, որ միշտ չէ, որ երրորդ անձի միջոցով փոխանցված ուղերձը փոխանցվում է այնպես, ինչպես ուղերձի հեղինակը կուզենար կամ նկատի ունի, կամ ձևակերպել է, ընդ որում՝ երկու ուղղություններով։
Եվ ահա մեր այս գործելակերպի փոփոխությունն է, որ ոմանց հիմք է տալիս կամ իրենք դա օգտագործում են մեզ կամ ինձ թրքամետության կամ ադրբեջանամետության մեջ մեղադրելու համար, որովհետև մեր գործելակերպը տասնամյակներով եղել է այն, որ Թուրքիային կամ Ադրբեջանին ասելիք ունենք, որտե՞ղ զանգենք, որ մեր ասելիքը տեղ հասցնենք։ Իսկ մենք նախընտրել ենք, նախընտրում ենք և նախընտրելու ենք ուղիղ հաղորդակցությունը՝ իհարկե չբացառելով երրորդ երկրների ներգրավվածությունը։ Օրակարգեր կան, որտեղ երրորդ երկրների ներգրավվածությունն անհրաժեշտ է, պարտադիր է, որովհետև դա արդեն ընդհանուր օրակարգ է, բայց երկկողմ հարաբերություններում մենք պետք է հաղորդակցությունը պահենք ակտիվ, և այս ընկալման շնորհիվ է նաև, որ մենք այսօր ունենք խաղաղություն»,- մանրամասնել է ՀՀ վարչապետը։
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը ապրիլի 18-ին Ինժեներական քաղաքում հանդիպել են NVIDIA ընկերության փոխնախագահ Ռև Լեբարեդյանին, ինչպես նաև արհեստական բանականության և ռոբոտաշինության ոլորտում գործող Agile Robots ընկերության պատվիրակությանը ընկերության ղեկավար Չժաոպենգ Չենի գլխավորությամբ։
Ժաննա Անդրեասյանն իր խոսքում կարևորել է կրթության և գիտության դերը՝ ընդգծելով կրթական հաստատությունների միջև միջազգային համագործակցության խորացման անհրաժեշտությունը։ Նա նաև ընդգծել է ենթակառուցվածքների շարունակական բարելավման կարևորությունը՝ որպես նոր ծրագրերի իրականացման և ժամանակակից գիտակրթական միջավայրի ձևավորման հիմք։

Ողջունելով հյուրերին՝ նախարար Հայրապետյանը ներկայացրել է ՀՀ կառավարության քաղաքականությունն ու ընթացիկ ծրագրերը՝ ուղղված տեխնոլոգիական էկոհամակարգի զարգացմանը։ Այդ համատեքստում նախարարն ընդգծել է պետություն-մասնավոր հատված համագործակցության կարևորությունը՝ նշելով, որ այդ փոխգործակցությունը ձևավորում է բարձր տեխնոլոգիաների զարգացման միասնական և համակարգված տեսլական։
Ռև Լեբարեդյանը, անդրադառնալով Հայաստանի հետ տարիների ընթացքում ձևավորված համագործակցությանը, նշել է, որ այն ուղղված է տաղանդների համախմբմանը և տեխնոլոգիական ներուժի հետևողական զարգացմանը։ Խոսելով արհեստական բանականության զարգացման տեմպերի մասին՝ ընդգծել է, որ այն արդեն լայնորեն կիրառվում է ֆիզիկական ռոբոտների ստեղծման և արտադրական գործընթացների վերափոխման մեջ, այդ թվում՝ մոդելավորման և սիմուլյացիոն տեխնոլոգիաների միջոցով։ Լեբարեդյանը բարձր է գնահատել նաև Հայաստանում ձևավորված տեխնոլոգիական միջավայրը՝ ընդգծելով առկա գործիքակազմի և ռեսուրսների նշանակալի ներուժը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի հնարավորությունները ֆիզիկական արհեստական բանականության և ռոբոտատեխնիկայի ոլորտներում որպես ռազմավարական ուղղություններ։ Անդրադարձ է կատարվել նաև պետական աջակցության գործիքներին և մեխանիզմներին՝ նպատակ ունենալով բացահայտել զարգացման նոր ուղիներ և խթանել միջազգային համագործակցությունը։
Քննարկել են նաև գիտակրթական ներուժը, մասնավորապես Երևանի պետական համալսարանի գերհամակարգչի հնարավորությունները, GPU ռեսուրսների հասանելիությունը և Firebird նախաձեռնությունը։ Կարևորվել է ենթակառուցվածքների շարունակական զարգացումը միջազգային տաղանդի ներգրավման և տեղական կարողությունների ամրապնդման տեսանկյունից, ինչպես նաև ԱԲ կիրառումը ռոբոտաշինության ոլորտում՝ ուսանողների համար նոր հետազոտական և գործնական հնարավորություններ ստեղծելու նպատակով։
Այցի շրջանակում պատվիրակությունը շրջայց է կատարել Ինժեներական քաղաքում՝ ծանոթանալով ենթակառուցվածքներին, լաբորատոր հնարավորություններին և տեխնոլոգիական միջավայրին։