Իսրայելն ու Լիբանանը «Հըզբոլլահի» վերահսկման մեխանիզմի համար չորս երկիր են ընտրել. Reuters

Իսրայելն ու Լիբանանը համաձայնեցրել են երկրների նախնական ցուցակը, որոնք կարող են մասնակցել «Հըզբոլլահի» զինաթափման վերահսկման մեխանիզմի ստեղծմանը։ Դրանում ընդգրկվել են Մեծ Բրիտանիան, Իտալիան, Շվեյցարիան և Ինդոնեզիան, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով բանակցությունների ընթացքին ծանոթ աղբյուրներին։

Ենթադրվում է, որ օտարերկրյա պետությունները կկարողանան մասնակցել մեխանիզմի մշակմանը, անձնակազմ տրամադրել՝ դրա իրականացման վերահսկման համար, ինչպես նաև զինծառայողներ ուղարկել դիտարկում իրականացնելու կամ այն ստուգումներին մասնակցելու համար, որոնք պետք է հաստատեն «Հըզբոլլահի» զինաթափումը։

Ցուցակը կազմվել է Իսրայելի և Լիբանանի միջև անցած շաբաթ Հռոմում ԱՄՆ-ի միջնորդությամբ անցկացված բանակցությունների արդյունքներով։ Դա հունիսին ձեռք բերված համաձայնագրի իրականացման քննարկումների հերթական փուլն է։ Փաստաթուղթը նախատեսում է իսրայելական ուժերի փուլային դուրսբերում Լիբանանից՝ «Հըզբոլլահի» զինաթափման հետ փոխկապակցված։

Բանակցություններին անմիջականորեն ծանոթ աղբյուրը նշել է, որ չորս երկրների մասնակցության քննարկումը դեռևս վաղ փուլում է։ Միաժամանակ, նրա կարծիքով, կողմերը «զգուշավոր լավատեսությամբ» են վերաբերվում այդ նախաձեռնության առաջխաղացմանը։

Շվեյցարիայի ԱԳՆ-ում հայտնել են, որ երկիրն ուսումնասիրում է «տարբեր կայունացման գործընթացներին» աջակցելու հնարավորությունները, սակայն մանրամասներ չեն բացահայտել։ Մեծ Բրիտանիայի ԱԳՆ ներկայացուցիչը հայտարարել է, որ Լոնդոնը պատրաստ է նպաստել լարվածության նվազեցմանը և երկարաժամկետ անվտանգության ապահովմանը, հատկապես Լիբանանի հարավում։

Իսրայելի և Լիբանանի միջև բանակցությունների հաջորդ փուլը նախատեսված է սեպտեմբերի սկզբին։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *