4 կրակոց Աշտարակի խճուղում․ ոստիկանները ձերբակալել են 19-ամյա երիտասարդին

ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից հայտնում են, որ Երևանի քրեական ոստիկանները ձերբակալել են խուլիգանություն կատարած անձին․ նա իրավապահներին է ներկայացրել գազային ատրճանակը։

Օգոստոսի 9-ին ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում էր ստացվել, որ Աշտարակի խճուղում մեքենայից գազային ատրճանակով օդ են կրակել ու հեռացել։ Փաստի առթիվ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում խուլիգանության հատկանիշներով նախաձեռնվել էր քրեական վարույթ։

Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները, ստացված տեղեկություններն իրացնելիս, ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ գազային ատրճանակով 4 անգամ օդ կրակոց արձակած և փախուստի դիմած անձը Երևանի 19-ամյա բնակիչ է։

Նա հայտնաբերվել, ձերբակալվել և ներկայացվել է նախաքննական մարմին։ Մայրաքաղաքի 19-ամյա բնակիչը իրավապահներին է ներկայացրել նաև գազային ատրճանակը։

Նախաքննությունը շարունակվում է։

Վահան Կոստանյանն ու Ուկրաինայի ԱԳ նախարարի տեղակալը Կիևում քննարկել են երկկողմ համագործակցության հարցեր

ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ օգոստոսի 14-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Վահան Կոստանյանը Կիև աշխատանքային այցի շրջանակներում հանդիպում է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարարի տեղակալ Օլեկսանդր Միշչենկոյի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Ուկրաինա երկկողմ համագործակցության օրակարգին առնչվող հարցեր. մասնավորապես անդրադարձ է կատարվել քաղաքական երկխոսության ակտիվացման, տնտեսական կապերի ընդլայնման, բազմակողմ հարթակներում փոխգործակցության ամրապնդման հեռանկարներին: Երկուստեք արձանագրվել է վերջին շրջանում գրանցվող առևտրաշրջանառության աճի դրական դինամիկան։

Վահան Կոստանյանը և Օլեկսանդր Միշչենկոն կարևորել են միջմարդկային կապերի առավել սերտացմանն ուղղված ծրագրերի իրականացումը: Քննարկվել են հումանիտար բնույթի հարցեր:

Հայաստանի և Ուկրաինայի ԱԳ նախարարի տեղակալները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային և միջազգային զարգացումների շուրջ՝ ընդգծելով կայուն և տևական խաղաղության առաջմղման կարևորությունը:

Ընդդիմության ընտրությունը՝ «Իվան Վասիլևիչը փոխում է մասնագիտությունը» ֆիլմի մոտիվներով

Շփոթմո՞ւնք, մտածված ընտրությո՞ւն,
թե «պռա՞նկ»՝ (չարաճճիություն, կատակ, շուլուխ)։ Խորհրդարանական անցուդարձին հետևողների
մոտ այսօրինակ հարցադրումներ ի հայտ եկան այն բանից հետո, երբ ԱԺ մշտական հանձնաժողովների
ընտրության ժամանակ «Ուժեղ Հայաստան» խմբակցությունն ընտրեց մասնավորապես Եվրոպական
ինտեգրման հանձնաժողովը, իսկ  «Հայաստան» խմբակցությունը,
ուշադրություն՝ Մարդու իրավունքների և հանրային հարցերի։ Պրոռուսական այս երկու խմբակցությունները,
թվում է, հետամուտ լինելով հյուսիսից այս օրերին ՀՀ  ներթափանցած «թրենդային» քամուն՝ «ԵԱՏՄ, թե՞ ԵՄ»,
պետք է հանձնաժողովների ընտրության հենց առաջին փուլում կռիվ տային, ՔՊ-ի ձեռքից խլեին,
միմյանց ձեռքից էլ խլխլեին հատկապես  այն հանձնաժողովը,
որի անվանումն ասոցացվում է նախընտրական շրջանում իրենց համար դոշ տված, իր հուժկու
աջակցությունը հայտնած երկրի՝ ՌԴ-ի հետ։ Երկիր, որը ճարտարապետն է Եվրասիական տնտեսական
միություն կոչվող կառույցի, որի, ինչպես նաև 
տարածաշրջանային երկրների հետ կապերն էլ՝ օրենսդրության ներդաշնակեցում, միասնականացում և այլն, հիշյալ
հանձնաժողովի գործունեության ոլորտն են։ «Ուժեղները», փաստորեն, չարենցյան ոճով՝ թողած
ԵԱՏՄ-ն ու Կարինե Քոթանջյանին, ներողություն՝ ԵԱՏՄ-ն նախագահող երկրի վարչապետին, «կուրս»
են վերցնում դեպի եվրոպական ինտեգրացիա։ Հարց է ծագում՝ այդ հանձնաժողովն են  վերցնում, որ ի՞նչ անեն, արդյոք տորպեդահարե՞ն Հայաստանի
եվրաինտեգրացիան՝ Հայաստանի տակից դավադրաբար փախցնելով աթոռը, թե՞ էլ ավելի փափկեցնեն
ու հարմարավետ դարձնեն հիշյալ աթոռի նստատեղը։ Ի դեպ, աթոռ ասացինք, հիշեցինք՝ ՌԴ-ն
է իր տարբեր պաշտոնյաների շուրթերով  7/24,
«նոն ստոպ» ռեժիմով աղաղակում, թե Հայաստանը չի կարող միաժամանակ նստել երկու աթոռի
և պետք է հանրաքվե անի ու կողմնորոշվի աթոռների հարցում՝  ԵԱՏՄ, թե՞, «վսյո տակի» ԵՄ։ Եվ մինչ հյուսիսից նման
վերջնագրեր են ներկայացվում, «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանն
ԱԺ-ում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ սառը ցնցուղի է ենթարկել նույն այդ հյուսիսին՝  ազդարարելով՝ նախկինում պասիվ աշխատած այս  հանձնաժողովի նախագահությունը ստանձնելով ակտիվացնելու
են դրա աշխատանքները։ «Նաև մեր հանրությանն ենք ցույց տալու, որ իրական դիվերսիֆիկացիա
ենք ուզում բերենք։ Ինչ ա նշանակում դիվերսիֆիկացիա՝ իրապես Եվրոպայի հետ առևտրաշրջանառության
աճ, եվրոպական ինստիտուտների տեղայնացում։ Ակտիվ աշխատացնելու ենք, որ ժողովուրդն էլ
տեսնի, որ իրենց ասած էն՝ մենք մի կողմի հետ հարաբերությունների լավարկման կողմնակիցն
ենք, դա սխալ է։ Մենք տեսնում ենք, որ Հայաստանը պետք է ունենա մի քանի գործընկեր,
որ տնտեսությունը կայուն լինի։ Այդ իսկ պատճառով դուք կտեսնեք, թե ինչ տեմպով ենք մենք
աշխատացնելու»։ Նարեկ Կարապետյանը չի բավարարվել այսքանով ու եվրաինտեգրացիայի մոլի
ակտիվիստի կերպարի մեջ մտնելով՝ էլ ավելի է «սառեցրել ցնցուղը».
«Մենք անունը դնում
ենք երկիրը դեպի եվրոպամետ ուղղություն, բան, բայց առևտրաշրջանառությունը տասնյակ անգամներ
ավելի քիչ է, քան ԵԱՏՄ-ի հետ, ինստիտուտներն էլ՝ Եվրոպան ինչ լավ ինստիտուտներ ունի,
դա չենք վերցնում։ Մենք վերցնում ենք միայն անունը, բրենդը, մարկետինգը, բայց չենք
վերցնում կարևոր բանը, օրինակ՝ դատական իշխանության անկախությունը, որը Եվրոպան կարող
էր տալ, քաղաքացիական հասարակության պաշտպանությունը, ձևավորումը»։

Նարեկ Կարապետյանի այս մտակառույցները ստիպեցին վերհիշել «Իվան
Վասիլևիչը փոխում է մասնագիտությունը» ֆիլմիհայտնի դրվագը՝
«Բոժե մոյ, կակոյ տիպաժ, բրավո, բրավո… Սլուշայտե, յա նե ուզնայու
վաս վ գրիմե»։

 

Ենթադրում ենք, նրա ճեպազրույցին հետևելուց հետո Կրեմլում գոռացել
են՝ «պալո՜ւնդրա», «պազո՜ռ»։  Մարիա Զախարովան
էլ երևի հիշյալ ֆիլմի հերոսի՝ Իվան Գռոզնու էնտուզիազմով մղկտացել է՝ «գորե մնե, գորե
մնե, Նարեկ, տի վ սվայո՞մ ումե»։ Ասել կուզի՝ մենք Վլադիմիր Վլադիմիրովիչի հետ ձեզ
մտցնենք քաղաքական խաղի մեջ, խախտելով դիվանագիտական խորհրդապահությունը՝ սատարենք,
ձեռքներիցս եկածն անենք ձեր ընտրվելն ապահովելու համար, որպեսզի Հայաստանին «դարձի
բերենք»  եվրաինտեգրացիայից, դուք գնաք ԱԺ ու
Նիկոլ Փաշինյանից է՛լ ավելի եվրոպասե՞ր դառնաք։ Մենք էստեղ շանտաժի ժանրին դիմենք՝
ՀՀ վարչապետին «տուպիկի» առաջ դնելու, Հայաստանին՝ երկրորդ Ուկրաինա դառնալու հեռանկարով
վախեցնելու ու այսպիսով ՀՀ-ԵՄ ապահարզանին հասնելու համար, դուք էդտեղ սեպարատիստական
խաղե՞ր տաք։  Փոխանակ մեզ ձայնակցեք՝ բալալայկան
ու գարմոշկան խոդի տալով, «Հավերժ ԵԱՏՄ-ի» հետ ռոմանսը քոքելով՝ կլառնետ- ֆլեյտան առել,  ԵՄ-ի հետ հարաբերությունների խորացման, առևտրի աճի,
եվրոպական ֆլան-ֆստանի լոբբինգո՞վ եք զբաղվում։ «Պռատեստո՛ւեմ»։ (Ի նշան «ուժեղների»
այս վարքագծի՝ հարվածներ սեղանին)։ Ի դեպ, այս ժեստը՝ ի նշան բողոքի և կամ համաձայնության
հարվածել սեղանին, հնարք, որը 9-րդ գումարման ԱԺ ներդրվեց խորհրդարանական օպոզիցիայի՝
մասնավորապես «Ուժեղ Հայաստան»-ի կողմից, ընդունված է եվրոպական մի շարք երկրներում,
մասնավորապես նաև Եվրոպական խորհրդարանում։ Այնպես որ, եվրոպական ինտեգրացիայի առաջին
քայլը «ուժեղների» կողմից կարելի է կատարված համարել։ Սպասենք իրադարձությունների զարգացմանը.
ինչ-որ բան մեզ հուշում է, որ այսօր երեկոյան Նարեկ Կարապետյանը կամ նրա հորեղբայրը
անցանկալի զանգ են ստանալու ՀՀ-ում ՌԴ դեսպանատնից, որով բողոքի նոտա է հղվելու Կարապետյանների
այսպիսի անսպասելի՝ աշխարհաքաղաքական շրջադարձի համար՝ դրանից բխող հետևանքներով:

 Մինչ այդ, սակայն, եկեք
անդրադառնանք «Հայաստան» դաշինքի հանձնաժողովային ոդիսականին։
Երբ իմացանք, որ Քոչարյանի փաստացի ղեկավարմամբ այս  դաշինքն է հավակնում ստանձնել մարդու իրավունքների
հանձնաժողովի նախագահությունը, անկեղծ ասած՝ մեզ Մարիա Զախարովայի վիճակում զգացինք՝
ցանկանալով Իվան Գռոզնու պես անզուսպ աղաղակել՝ «գորե նամ, գորե նամ»
․․․ Հիշյալ հանձնաժողովի գործունեության ոլորտը, հիշեցնենք, առնչվում
է
մարդու իրավունքների
պաշտպանությանը, երեխայի իրավունքներին, կրոնին, կանանց և տղամարդկանց իրավահավասարությանը,
ազգային փոքրամասնություններին, փաստաբանությանը, հասարակական կազմակերպություններին
և այդ ոլորտները կարգավորող օրենքներին։ 
Իր նախագահության շրջանում
մարդու իրավունքները, ներողություն կոպիտ համեմատության համար, «պոլի շոր» սարքած ու
դրանց վրայով խրոխտ քայլած Քոչարյանի խմբակցությունը՝ փաստորեն,  մարդու իրավունքների պաշտպան։ Այն Քոչարյանի, որի
օրոք բազում քաղաքական սպանություններ են տեղի ունեցել՝ մարդ է սպանվել հայտնի սրճարաններից
մեկի զուգարանում «անզգույշ քաշքշվելու» պատճառով, «Մարտի 1» է տեղի ունեցել, այժմյան
Հյուսիսային պողոտայից վռնդվել ու տնանկ են դարձել բազմաթիվ քաղաքացիներ, խախտվել է
նրանց սեփականության իրավունքը։ Այն Քոչարյանի, որի օրոք  «ընտրություններ» օպերացիայի անվան ներքո տեղի է
ունեցել ընտրական  իրավունքի՝ իշխանություն
ձևավորելու ժողովրդի կամքի անողոք բռնաբարում՝ քվեարկության պատկերը խեղելու, ապաև՝
հետընտրական բողոքի գործողությունները դուբինկաների ու ջրցանների միջոցով խեղդելու
ու նախագահի աթոռը ուզուրպացնելու ելքով։ Ի դեպ, Մարդու իրավունքների և հանրային հարցերի
մշտական հանձնաժողովի նախագահի պոտենցիալ հավակնորդ Ագնեսա Խամոյանը անցած մի քանի
օրերին խորհրդարանի ամբիոնից կուրծք էր ծեծում գործող իշխանության օրոք արձանագրված
 իրավունքի խախտումների մասին, «լացում» էր
մասնավորապես ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի դարդը, գործիչ, որի քաղաքական ճաշակը,
ինչպես օրերս հայտարարեց՝ երբեք չի կիսել, աղաղակում էր ԲՀԿ-ից գողացված մանդատների,
այդ կուսակցության առաջնորդին էլ բարոյապես ոչնչացնելու դրվագների մասին։ Ագնեսա Խամոյանը,
ինչպես գիտենք, նախքան պատգամավոր դառնալը եղել է լրագրող ու, ենթադրում ենք, տեղյակ
է իր փաստացի ղեկավարի օրոք տեղի ունեցած՝ իրավունքի խախտման վայրենի դրսևորումների
մասին։ Անկեղծ ասած, մեզ տհաճություն է պատճառում դրանց մասին անընդհատ հիշելն ու հիշեցնելը։
Պարզապես, երբ տիկին Խամոյանն է խոսում իրավունքից, խախտումներից, բարոյապես ոչնչացնելուց,
ակամա հարց է ծագում՝ արդյոք բարոյապես ճի՞շտ է լինել մի խմբակցության անդամ, որի փաստացի
ղեկավարի նախագահության տարիները ասոցացվում են իրավունքի զանգվածային խախտումների
հետ, ու ճամարտակել իրավունքի, ազատությունների, հետապնդումների թեմայով՝ առանց նեղություն
կրելու և իր քաղաքական պատրոնի օրոք տեղի ունեցածի համար ներողություն խնդրելու։ Խամոյանի
ու մյուս հայաստանականների ներողության ուշացման պատճառը թերևս այն է, որ նրանք կիսել
ու շարունակում են կիսել Ռոբերտ Քոչարյանի իրավաքաղաքական ճաշակը։

Հուսանք՝ հիշյալ հանձնաժողովի նախագահությունը ստանձնելուց հետո
դրա նախագահի առաջին ելույթը նվիրված կլինի երկրորդ, ինչու չէ՝ նրա իրավահաջորդ երրորդ
նախագահի օրոք արձանագրված զարհուրելի խախտումները թեկուզ ուշացումով, բայց  խստիվ, անվերապահորեն դատապարտելուն, դրանց համար
իրավական պատասխանատվություն կրելու հարցը բարձրացնելուն («գորե նամ» դեմքի արտահայտությամբ),
որը, ինչու չէ, կարող է ուղեկցվել «երաժշտական» ականջացունց կատարմամբ՝  սեղանին դմփդմփացնելով։   

Հեղինե Մանուկյան   

Բացահայտվել են եկեղեցիներից կատարված գողությունները․ երկու անձ ձերբակալվել է

ՆԳՆ ոստիկանությունից հայտնում են, որ վերջին երկու շաբաթների ընթացքում ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգեր էին ստացվել, որ հանրապետության տարբեր եկեղեցիներից ու մատուռներից գողություններ են կատարվում։ Հափշտակվել էին խաչեր, գավաթներ, մյուռամաններ և եկեղեցական այլ պարագաներ։

Համայնքային ոստիկանության Աշտարակի բաժնում ստացված օպերատիվ տեղեկությունն իրացվեց Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության, ինչպես նաև Արտաշատի, Արարատի, Արմավիրի բաժինների և պարեկների հետ։

Ձեռնարկած օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվեց, որ եկեղեցիներից ու մատուռներից գողությունները կատարում են Արմավիր քաղաքի 30 և 38-ամյա տղամարդիկ։

Օգոստոսի 14-ին՝ ժամը 16․50-ի սահմաններում, Երևան-Երասխ ճանապարհի Շահումյան գյուղի հատվածում նրանք հայտնաբերվեցին, գողություն կատարելու անմիջականորեն ծագած կասկածով ձերբակալվեցին և «Նիսան» մակնիշի մեքենայով հանդերձ տեղափոխվեցին Արտաշատի բաժին, իսկ մեքենան՝ պահպանվող հատուկ տարածք։

Պարզվել է նաև, որ տղամարդիկ հասցրել են գողոնի մի մասը վաճառել։ Գողոնի մնացած մասը հայտնաբերվեց մեքենայի ակնհայտ տեսանելի հատվածում։

Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։ Հանգամանքները պարզվում են։

Էդգար Ղազարյանը ներողություն չի խնդրելու. Նարեկ Կարապետյան

«Ուժեղ Հայաստան» խմբակցությունը քննարկել է Էդգար Ղազարյանի հետ կապված միջադեպը, և որոշում կայացվել է, որը բաղկացած է 2 մասից: Մեկը հրապարակային է, մյուսը՝ ոչ:

Այս մասին հայտարարել է խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը՝ շարունակելով. «Հրապարակային որոշումն այն է՝ Էդգար Ղազարյանը ներողություն չի խնդրելու»:

Բանկից 802 մլն դրամի հափշտակություն և փողերի լվացում կատարած անձը կալանավորվել է, նախաքննությունը՝ ավարտվել

ՀՀ քննչական կոմիտեի կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների քննության վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, Ս․Ղ․-ն տեղեկանալով համակարգչային համակարգ հանդիսացող ընկերության էլեկտրոնային հավելվածի ծրագրային ապահովման մոդուլի՝ հաշվից քարտ և քարտից քարտ փոխանցումներ կատարելիս ծրագրում հաշվի մնացորդի ստուգման գործառույթ իրականացնելու տեխնիկական խոտանի մասին, 2024 թվականի դեկտեմբերի 30-ից մինչև 2025 թվականի հունվարի 5-ն ընկած ժամանակահատվածում, նույն բանկում իր հաշվին ունենալով ընդամենը 92 հզր ՀՀ դրամ, վերը նշված հավելվածի միջոցով ապօրինի՝ առանց օրենքով, պայմանագրով կամ իրավաչափ այլ հիմքով նախատեսված թույլտվության, համակարգչային համակարգում 2709 անգամ մուտքագրել է համակարգչային տվյալ հանդիսացող փոխանցման թվային տարբեր արժեքներ, ինչի արդյունքում նշված խոտանով պայմանավորված իր քարտային հաշվին գեներացրել է 802 մլն 568 հզր ՀՀ դրամ, որը նույն խոտանով պայմանավորված՝ համակարգի կողմից դիտարկվել է որպես բարեհաջող կատարված գործարք:  Այս մասին տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից:

«Նշված եղանակով Ս․Ղ․-ն հափշտակել է ընկերությանը պատկանող առանձնապես խոշոր չափերով՝ 802 մլն 568 հզր ՀՀ դրամը և հնարավորություն ունեցել տնօրինել այն։

Բացի այդ, 2025 թվականի հունվարի 1-ից մինչև հունվարի 5-ն ընկած ժամանակահատվածում Ս.Ղ.-ն նպատակ ունենալով խեղաթյուրել ակնհայտ հանցավոր ծագում ունեցող՝ ընկերությունից հափշտակված առանձնապես խոշոր չափերով՝ 711 մլն 511 հզր ՀՀ դրամի ձեռքբերման աղբյուրը, հափշտակված գումարին օրինական տեսք հաղորդելու և հափշտակության համար քրեական պատասխանատվությունից խուսափելու դիտավորությամբ, օգտվելով կրիպտոակտիվների անանունության և նույնականացման բարդությունից, հափշտակված գումարները փոխանցել է ՀՀ-ում կրիպտոակտիվների առուվաճառք իրականացնող տնտեսվարողների հաշիվներին՝ փոխակերպելով հափշտակված միջոցները կրիպտոակտիվների, իսկ մնացած մասը փոխանցել է ավելի քան 100 ֆիզիկական անձանց քարտային հաշիվներին:

Նրա նկատմամբ հսկող դատախազի որոշմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ առանձնապես խոշոր չափերով համակարգչային հափշտակություն և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում կատարելու համար:

Ս.Ղ.-ն կալանավորվել է:

Նախաքննության ընթացքում բանկին պատճառված վնասից 44 մլն 701 հզր ՀՀ դրամը վերականգնվել է:

Նրա վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին»,- ասվում է հաղորդագրությունում:

Իրականությո՞ւն, թե՞ մանիպուլյացիա. բանակում տեղի ունեցողը՝ թվերից դուրս

Զինված ուժերում ոչ մարտական պայմաններում արձանագրվող մահվան դեպքերի վիճակագրությունն ու պատճառները շարունակում են մնալ հանրային ուշադրության կենտրոնում։

Օրերս Պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը մի շարք լրատվամիջոցների տված հարցազրույցներում անդրադարձել է բանակում տեղի ունեցած ողբերգական դեպքերի պատճառներին, դրանց նախադրյալներին և առկա խնդիրներին՝ նշելով, որ մահվան դեպքերը դասակարգվում են երկու հիմնական խմբի։ Դրանց մի մասն անմիջականորեն կապված է ծառայության հետ, իսկ մյուս մասը ծառայության հետ որևէ առնչություն չունի և պայմանավորված է անձնական կամ կենցաղային հանգամանքներով։

Թեմայի շուրջ շահարկումները պայմանավորված են նաև այն հանգամանքով, որ Պաշտպանության նախարարությունը փաստացի միակ պետական մարմինն է, որը հրապարակում է իր կառույցում արձանագրված մահվան դեպքերի վիճակագրությունը։ Այդ տվյալները որոշ շրջանակների կողմից երբեմն ներկայացվում են առանց անհրաժեշտ տարբերակման՝ փորձելով դրանք ամբողջությամբ վերագրել բանակում առկա խնդիրներին։

Ծառայության հետ չկապված դեպքերի շարքին են դասվում, օրինակ, տանը հիվանդության հետևանքով կամ հանկարծամահ լինելու դեպքերը, ինչպես նաև ծառայությունից դուրս անձնական ավտոմեքենայով երթևեկելիս տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարները։ Թեև դրանք տեղի են ունենում արտածառայողական պայմաններում, միևնույն է, ներառվում են ընդհանուր վիճակագրության մեջ, ինչը երբեմն հասարակության մոտ ստեղծում է թյուր պատկերացում։

Պաշտպանության նախարարության հավաստմամբ՝ բանակում տեղի ունեցած յուրաքանչյուր պատահար դառնում է ծառայողական քննության առարկա, իրականացվում է պատճառների մանրամասն ուսումնասիրություն, և կատարվում են համապատասխան հետևություններ՝ նման դեպքերի կրկնությունը կանխելու նպատակով։ Եթե առկա են իրավական հիմքեր, կիրառվում են նաև օրենքով նախատեսված պատասխանատվության միջոցներ՝ կարգապահական տույժերից և պաշտոնին անհամապատասխանության արձանագրումից մինչև ձերբակալություն կամ կալանավորում։

Միաժամանակ պետք է ընդունել, որ բանակը հասարակության անբաժանելի մասն է և արտացոլում է այն արժեքներն ու վարքագծային նորմերը, որոնք ձևավորվում են ընտանիքում և կրթական համակարգում։

Հետևաբար եթե նպատակ ունենք ունենալ առողջ միջանձնային հարաբերություններով և բարձր կարգապահությամբ բանակ, անհրաժեշտ է առանձնահատուկ ուշադրություն դարձնել երեխաների և պատանիների դաստիարակությանը, որպեսզի արատավոր երևույթները չարմատավորվեն հասարակության մեջ և հետագայում չարտահայտվեն նաև զինված ուժերում։

Աղբյուրը՝ «Հայկական ժամանակ»-ի      

Պուտինը պատրաստ է հերթական անգամ ընդունել ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացներ Սթիվ Ուիթքոֆին և Ջարեդ Քուշներին

«Եթե ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացներ Սթիվ Ուիթքոֆը և Ջարեդ Քուշները ժամանեն Ռուսաստան, ապա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստ է հերթական անգամ ընդունել նրանց, սակայն այլ հարց է, թե ինչ առաջարկներով են նրանք գալու»:

«ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

«Մենք չենք հրաժարվում նրանց հետ խոսելուց։ Եթե նրանք գան, գիտեն, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինը պատրաստ է հերթական անգամ ընդունել նրանց։ Այլ հարց է, թե ինչով են նրանք գալու»,- մասնավորապես ասել է Լավրովը։

Լավրովը միաժամանակ նշել է. «Ռուսաստանը ելնում է նրանից, որ եթե ԱՄՆ-ում Ուիթքոֆին և Քուշներին այդպիսի վստահություն է ցուցաբերվում, ապա նրանք ազդեցություն ունեն ԱՄՆ նախագահի վրա, նա վստահում է նրանց»:

Չգիտեմ՝ ասաց Ղազինյանը և խաչակնքեց՝ ի պատասխան աշխատավարձի վերաբերյալ Ծովինար Վարդանյանի հարցին

Չգիտեմ՝ ասաց Ղազինյանը և խաչակնքեց՝ ի պատասխան աշխատավարձի վերաբերյալ Ծովինար Վարդանյանի հարցին