Նիգերի պաշտպանության նախարար, գեներալ Սալիֆու Մոդին հայտնել է երկրի մայրաքաղաք Նիամեյում գիշերը տեղի ունեցած միջադեպի մանրամասները՝ հայտարարելով, որ մի խումբ զինծառայողներ փորձել են ապստամբություն բարձրացնել առանցքային ռազմական բազայում, հաղորդում է Associated Press-ը։
Ըստ նախարար, զինվորականները խախտել են զինվորական կարգապահության պահանջները և փորձել են հանդես գալ 101-րդ բազայի սպաների դեմ, որը գտնվում է Դիորի Համանիի անվան միջազգային օդանավակայանի տարածքում։ Դրանից հետո նրանք կրակ են բացել մայրաքաղաքի մի քանի «զգայուն օբյեկտների» ուղղությամբ։
Շաբաթ գիշերը Նիամեյում լսվել են տևական փոխհրաձգություններ և պայթյուններ, այդ թվում՝ օդանավակայանի շրջանում և վարչական Պլատո թաղամասում, որտեղ գտնվում են նախագահական պալատը և այլ կարևոր պետական հաստատություններ։
Մոդին հայտարարել է, որ իշխանություններին հաջողվել է վերականգնել իրավիճակի վերահսկողությունը։ Միջադեպից հետո անվտանգության ուժերը տեղակայվել են օդանավակայանի շուրջ և Պլատո շրջանում, իսկ մայրաքաղաք տանող հիմնական ճանապարհներից մեկը փակվել է։
Զինծառայողների ապստամբության փորձի պատճառներն առայժմ չեն բացահայտվում։