Արտադրողի ընդլայնված պատասխանատվություն․ իրազեկումից մինչև վարքագծային փոփոխություն

Արտադրողի ընդլայնված պատասխանատվություն․ իրազեկումից մինչև վարքագծային փոփոխություն

2026թ․ ապրիլի 3-ին «Հանրային իրազեկման և մոնիտորինգի կենտրոն» ՀԿ-ն նախաձեռնել էր «Արտադրողի ընդլայնված պատասխանատվություն․ հանրային իրազեկման գաղափարների» աշխատարանը։ Պետական, ՏԻՄ, մասնավոր և քաղաքացիական հատվածների ներկայացուցիչները քննարկեցին թափոնների կառավարման համակարգի և Արտադրողի ընդլայնված պատասխանատվության (ԱԸՊ) համակարգի ներդրման հանրային իրազեկման հնարավոր ուղիները։

Միջոցառման նպատակն էր ձևավորել թափոնների կառավարման վերաբերյալ իրազեկման նոր մոտեցումների նախատիպեր՝ ներգրավելով ոլորտի հիմնական դերակատարներին՝ պետական կառույցներից մինչև բիզնես և կրթական ոլորտ։

ԱԸՊ համակարգը մի գործիք է, որն արտադրողներին և ներմուծողներին պատասխանատու է դարձնում իրենց արտադրանքի սպառումից հետո առաջացող թափոնների կառավարման համար՝ տեսակավորումից մինչև վերամշակում կամ վնասազերծում։

«Հայաստանում թափոնների կառավարման քաղաքականություն» ծրագրի ղեկավար Հարություն Ալպետյանն աշխատարանի ընթացքում շեշտեց, որ համակարգի առանցքում «աղտոտողը վճարում է» սկզբունքն է․«Եթե որևէ մեկը վճարի օրինակ մեկ պլաստիկ շշի ճիշտ գործածության համար պահանջվող գումարը, ապա այդ շիշը չի հայտնվի աղբավայրում՝ առաջացնելով բնապահպանական և առողջապահական հետևանքներ»։

Մասնագետի խոսքով՝ Հայաստանը դեռևս հեռու է եվրոպական չափանիշներից, իսկ հիմնական մարտահրավերը ենթակառուցվածքների և համակարգային ֆինանսավորման պակասն է։ Նրա համոզմամբ՝ պետության դերը վերահսկողությունն է և վստահելի մեխանիզմների ձևավորումը, որպեսզի քաղաքացին և բիզնեսը վստահ լինեն՝ իրենց վճարած միջոցները ծառայում են նպատակին։

Ներկայում ԱԸՊ օրենքի նախագիծը գտնվում է վերջնականացման փուլում և լրամշակված տարբերակը շուտով կներկայացվի հանրային քննարկման։ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության ռազմավարական քաղաքականության վարչության ներկայացուցիչ Մերի Հարությունյանը նշեց․ «Ցանկացած նոր նախաձեռնություն, երբ փորձում ենք ներդնել մեր երկրում, շատ կարևոր է, որ առաջնորդվի հանրային իրազեկմամբ, որովհետև միայն օրենք փոխելով չենք կարող գործընթացն առաջ տանել: Թափոնների կառավարումը ՀՀ կառավարության առաջնահերթություններից է: Սակայն իրական աշխատանքը կսկսվի օրենքի ընդունումից հետո, երբ կսկսենք կիրառել այն»։

Միջոցառման շրջանակում խմբային քննարկումների միջոցով մշակվեցին հանրային իրազեկման արշավների գաղափարներ՝ ուղղված տարբեր թիրախային խմբերի։

Թափոնների կառավարումն ու երիտասարդների դերակատարությունը

«Հանրային իրազեկման և մոնիտորինգի կենտրոն» ՀԿ-ի ծրագրերի համակարգող Մանե Մադոյանն Էկոլուրի հետ զրույցում նշեց, որ ծրագրի շրջանակում կազմակերպության մոտեցման առանցքում երիտասարդների ներգրավումն է՝ որպես փոփոխությունների շարժիչ ուժ։ Նրա խոսքով՝ թեև Արտադրողի ընդլայնված պատասխանատվությունը (ԱԸՊ) առաջին հերթին ընկալվում է որպես բիզնեսին ուղղված մեխանիզմ, իրականում դրա արդյունավետ կիրառման համար անհրաժեշտ է սկսել շատ ավելի լայն հիմքից՝ թափոնների կառավարման մասին հանրային իրազեկումից։ «Երբ խոսում ենք ԱԸՊ-ի մասին, առաջին հերթին պետք է խոսել թափոնի կառավարման մասին։ Երիտասարդներն ավելի բաց են նոր վարքագծերի նկատմամբ և կարող են դառնալ այդ փոփոխության կրողներն իրենց համայնքներում։ Մենք օգտագործում ենք երիտասարդական այս ներուժը՝ թափոնի նկատմամբ նոր վերաբերմունք, նոր մշակույթ ձևավորելու համար», – ասաց նա։

Մանե Մադոյանի դիտարկմամբ՝ խնդիրների հիմքում հաճախ ոչ թե գիտակցված անպատասխանատվությունն է, այլ՝ իրազեկվածության պակասը․ մարդիկ հաճախ պարզապես չեն գիտակցում իրենց կողմից ստեղծված թափոնի հետագա ազդեցությունը։ «Մարդ կարող է կոկիկ հավաքել իր աղբը, բայց չմտածել, թե այն հետո որտեղ է հայտնվում և ինչ հետևանքներ է ունենում», – ասաց Մանե Մադոյանը։

Նրա խոսքով՝ ԱԸՊ համակարգը միաժամանակ բերելու է նաև տնտեսական փոփոխություններ, այդ թվում՝ սակագների աճ, և հենց այստեղ է, որ հանրային իրազեկումը դառնում է առանցքային։ «Օրինակ՝ եթե այսօր մեկ պլաստիկ շիշը արժե 100 դրամ, փոփոխություններից հետո այն կարող է թանկանալ։ Բայց եթե մարդը չի հասկանում՝ ինչի համար է այդ հավելյալ վճարը, առաջանում է բնական դիմադրություն։ Իրազեկված լինելու դեպքում այդ դիմադրությունը նվազում է», – ասաց Մանե Մադոյանը։

Նրա խոսքով՝ սպառողի վճարած գումարը պետք է ընկալվի ոչ թե որպես ավելորդ բեռ, այլ որպես նպատակային վճարում՝ թափոնի ճիշտ կառավարման և շրջակա միջավայրի վրա ազդեցության նվազեցման համար։

Կազմակերպության ներկայացուցիչը նշեց, որ ծրագրի շրջանակում կիրառվել է կրթական բազմաշերտ մոտեցում․ երիտասարդները հանդիպել են իրավաբանների, բիզնեսի, հասարակական կազմակերպությունների և ակադեմիական ոլորտի ներկայացուցիչների հետ՝ ստանալով թափոնների կառավարման վերաբերյալ ամբողջական պատկեր։ «Մեր նպատակը դասախոսություն տալը չէր։ Մենք ուզում էինք, որ երիտասարդները տեսնեն ամբողջ փազլը՝ իրավական, տնտեսական և բնապահպանական տեսանկյուններից։ Սա նրանց հնարավորություն է տալիս հասկանալ՝ ինչպես է աշխատում համակարգը իրական կյանքում», – ասաց նա։

Մադոյանի խոսքով՝ ծրագրի կարևոր արդյունքներից է նաև այն, որ մասնակից երիտասարդները կարողանում են իրենց համայնքներում տարածել ստացած գիտելիքը և դառնալ տեղական փոփոխության կրողներ։

Ծրագրի շրջանակում նաև իրականացվել է տեղեկատվական բովանդակության ընդլայնում՝ թափոնների կառավարման թեմայով հայալեզու նյութերի հասանելիությունը լայն հանրության համար բարձրացնելու նպատակով։ Արդեն մշակվել և Վիքիպեդիայում հրապարակվել է շուրջ 150 հայալեզու հոդված, որոնք վերաբերում են ոլորտի տարբեր ուղղություններին։

Այս նյութը ստեղծվել է Շվեդիայի կողմից ֆինանսավորվող և ՀԱՀ Յակոբեան բնապահպանական կենտրոնի կողմից իրականացվող «Հայաստանում թափոնների կառավարման քաղաքականություն» (WPA) ծրագրի շրջանակում՝ Շվեդիայի ֆինանսական և ՀԱՀ տեխնիկական աջակցությամբ:

Ներկայացված տեսակետները, եզրակացություններն ու կարծիքները պատկանում են հեղինակ(ներ)ին և պարտադիր չէ, որ արտահայտեն ծրագրի, Հայաստանի ամերիկյան համալսարանի կամ Շվեդիայի կառավարության դիրքորոշումը։

Ապրիլ 17, 2026 at 17:03

COP 17-ին ընդառաջ Հայաստանը հրապարակել է Կենսաբազմազանության պահպանության իր նպատակներն ու թիրախները

COP 17-ին ընդառաջ Հայաստանը հրապարակել է Կենսաբազմազանության պահպանության իր նպատակներն ու թիրախները

Հայաստանի Հանրապետությունը Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին (COP 17) ընդառաջ հրապարակել է կենսաբազմազանության պահպանության իր նպատակները և թիրախները։ Նպատակները 5-ն են, իսկ թիրախները՝ 30-ը, որոնք ուղղված են մինչև 2030թ-ը կենսաբազմազանության պահպանության և կայուն օգտագործման ապահովմանը։ Այս նպատակների ու թիրախների համար հիմք են հանդիսացել Կունմինգ-Մոնրեալի գլոբալ շրջանակով սահմանված 4 նպատակներն ու 23 թիրախները։

Կունմինգ-Մոնրեալի գլոբալ շրջանակն ընդունվել է 2022թ․ Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 15-րդ համաժողովի ընթացքում։  Այն հիմնված է նախկինում իրականացված 2011-2020 թվականների կենսաբազմազանության ռազմավարական պլանի վրա և նպաստում է Կայուն զարգացման նպատակների 2030 թվականի օրակարգի իրականացմանը: Գլոբալ շրջանակի նպատակն է ձեռնարկել հրատապ և արդյունավետ քայլեր՝ կենսաբազմազանության կորուստը կանխելու համար: 2026թ․ հոկտեմբերի 19-30-ին Երևանում կայանալիք Կենսաբազմազանության կոնվենցիայի COP17-ի կենտրոնական իրադարձությունը լինելու է Կունմինգ-Մոնրեալի գլոբալ շրջանակի առաջընթացի առաջին գլոբալ վերանայումը։ Երկրները կվերանայեն կենսաբազմազանության պահպանմանն ու կայուն օգտագործմանն ուղղված իրենց գործողությունները՝ պարզելու դրանց արդյունավետությունը, բացերն ու գնահատելու առաջընթացը։ Այս աշխատանքի համար հիմք են ընդունվելու կողմ երկրների ներկայացրած կոնվենցիայի իրականացման իրենց ազգային զեկույցները։ Հայաստանը ևս ներկայացրել է իր ազգային զեկույցը կոնվենցիայի քարտուղարություն։

Հայաստանի կենսաբազմազանության պահպանության նպատակներն ու թիրախներն ամրագրված են  ՀՀ շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանի «Հայաստանի Հանրապետության կենսաբանական բազմազանության պահպանության նպատակները և 2026-2030 թվականների գործողությունների ծրագիրը հաստատելու մասին» N100-Լ հրամանում, որը նախարարը ստորագրել է սույն թվականի ապրիլի 3-ին։

Հայաստանի կենսաբազմազանության պահպանության նպատակներն են՝

1) պահպանել Հայաստանի բուսական և կենդանական աշխարհի գենետիկ և տեսակային բազմազանությունը, բարելավել վտանգված տեսակների բնապահպանական կարգավիճակը

2) վերականգնել և պահպանել էկոհամակարգերի ամբողջականությունը, փոխկապակցվածությունը և կայունությունը

3) ապահովել կենսաբազմազանության կայուն օգտագործումը, էկոհամակարգերի կողմից տրամադրվող ծառայությունների արժևորումը, պահպանումը և վերականգնումը

4) երաշխավորել գենետիկական ռեսուրսներից և թվային հաջորդականություններից ստացվող դրամական և ոչ դրամական միջոցների արդարացի բաշխումը՝ հասանելիությունը տեղական համայնքների և այլ շահառուների համար

5) ապահովել ֆինանսական, նյութատեխնիկական և մարդկային անհրաժեշտ ռեսուրսները կենսաբազմազանության պահպանության և գործողությունների ծրագրով նախատեսված միջոցառումներն իրականացնելու համար:

 Թիրախներն են (այսուհետ՝ ԱՐՄ Թ)

1) ներառել կրիտիկական կենսամիջավայրերը տարածական պլանավորման մեջ

2) վերականգնել դեգրադացված էկոհամակարգերը

3) ընդլայնել բնության հատուկ պահպանվող տարածքների ցանցը, այդ թվում տարածքային բնապահպանական այլ արդյունավետ գործիքակազմերի (other effective conservation measures (OECM) կիրառման միջոցով

4) բարձրացնել բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարման արդյունավետությունը

5) պահպանել գլոբալ վտանգված տեսակները և կառավարել մարդ-վայրի կենդանիներ կոնֆլիկտը

6) զարգացնել վայրի տեսակների կարգավորող իրավական կարգավորման շրջանակը՝ կայուն հավաքի, օգտագործման և առևտրի համար

7) սահմանել օտարածին (ինվազիվ) տեսակների ներմուծման և տարածման կանխարգելման, կառավարման և վերահսկման համար կարգավորող իրավական շրջանակը

8) նվազեցնել Սևանա լճի էկոհամակարգի աղտոտումը, վերականգնել դրա էկոհամակարգի հավասարակշռությունը

9) նվազեցնել Հայաստանում ջրային ռեսուրսների աղտոտումը (նպաստում է Գլոբալ նպատակ Ա-ին, գլոբալ թիրախ 7-ին)

10) բարձրացնել անտառային լանդշաֆտների դիմակայությունը կլիմայի փոփոխությանը (նպաստում է Գլոբալ նպատակ Ա-ին, գլոբալ թիրախ 8-ին),

11) ներդնել կայուն որսորդության փորձառություններ (պրակտիկաներ) (նպաստում է Գլոբալ նպատակ Ա և Բ-ին, գլոբալ թիրախ 9-ին),

12) խթանել կայուն անտառտնտեսությունը և գյուղատնտեսությունը

13) կիրառել բնահեն լուծումներ

14) խթանել բնակավայրերի, այդ թվում քաղաքների կանաչ զարգացումը

15) ապահովել գենետիկական ռեսուրսների արդար հասանելիությունը և օգտագործումը

16) բարձրացնել կենսաբազմազանության պահպանության կարևորությունն ու նշանակությունը տեղականից մինչև պետական մակարդակներում

17) ներդնել բնապահպանական, սոցիալական և կառավարչական կարգավորումներ

18) զարգացնել պետական «կանաչ» գնումները

19) բարելավել թափոնների վերամշակման մակարդակը և խթանել կայուն սպառման ընտրության հնարավորություններ

20) նվազեցնել սննդի գերսպառումը և սննդի թափոնների գոյացումը

21) կարգավորել և ամրապնդել կենսաանվտանգության միջոցները և կառավարել կենսատեխնոլոգիան և դրա օգուտների տարածումը

22) նվազեցնել կենսաբազմազանության վրա վնասակար ազդեցությունները

23) գույքագրել ներքին ֆինանսական միջոցները

24) գույքագրել միջազգային ֆինանսական միջոցները

25) զարգացնել կենսաբազմազանության ոլորտի հետազոտությունները (այդ թվում կարողությունները) և տեխնիկական համագործակցությունը

26) ամրապնդել կենսաբազմազանության գույքագրումն πι մշտադիտարկումը

27) խթանել կենսաբազմազանության տվյալների հասանելիությունը, օգտագործումը և փոխանակումը

28) խրախուսել հանրության մասնակցությանը` կենսաբազմազանության վերաբերյալ հետազոտություններում և բարձրացնել բնապահպանական իրազեկվածության մակարդակը

29) ներգրավել համայնքներին բնապահպանական կառավարման մեջ

30) Կենսաբազմազանության պահպանման ոլորտում ապահովել գենդերային հավասարությունը։

 Շարունակելի

Ապրիլ 17, 2026 at 15:35

Առանց հանրային լսումների Եղեգիս ավագանին նիստ կանցկացնի «Մենդիա ռեսուրսիս» ՍՊԸ-ի առաջարկով

Առանց հանրային լսումների Եղեգիս ավագանին նիստ կանցկացնի «Մենդիա ռեսուրսիս» ՍՊԸ-ի առաջարկով

Սույն թվականի ապրիլի 17-ին Վայոց ձորի Եղեգիս համայնքի ավագանին արտահերթ նիստ կանցկացնի «Մենդիա ռեսուրսիս» ՍՊԸ-ի առաջարկով։ Օրակարգում մեկ հարց է՝ «Մենդիա ռեսուրսիս» ՍՊԸ-ի ՀՀ Վայոց ձորի մարզի Վարդենիսի ոսկի-բազմամետաղների հանքերևակման տեղամասում կատարվող երկրաբանահետախուզական աշխատանքների ժամկետի երկարաձգմանը համաձայնություն տալու մասին:  Նշենք, որ ընկերությանը տրված օգտակար հանածոների արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրության թիվ ԵՀԹ-29/370 թույլտվության ժամկետն ավարտվել է 2026թ․ ապրիլի 10-ին։

Եղեգիսի համայնքապետարանի պաշտոնական կայքում արդեն իսկ հրապարակված է  «Մենդիա ռեսուրսիս» ՍՊԸ-ի գործունեությանը հավանություն տալու որոշման նախագիծը։  

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի պահանջի համաձայն՝ «Մենդիա ռեսուրսիս» ՍՊԸ-ի դիմումի հիման վրա համայնքը պետք է կազմակերպեր հանրային լսում, որի հիման վրա համայնքի ավագանին պետք է կայացներ որոշում գործունեությանը համաձայնություն կամ անհամաձայնություն տալու մասին։ Մինչդեռ հանրային լսում տեղի չի ունեցել։

«Էկոիրավունք» ՀԿ-ի նախագահ, իրավաբան Արթուր Գրիգորյանը, Էկոլուրի հետ զրույցում ներկայացնելով օրենքի պահանջը, նշեց․ ««Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի 16 -րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ հանրային լսումից հետո՝ 30 աշխատանքային օրվա ընթացքում, համայնքի ավագանին որոշում է ընդունում նախատեսվող գործունեության իրականացմանը նախնական համաձայնություն կամ անհամաձայնություն տրամադրելու վերաբերյալ։ Նույն հոդվածի համաձայն, նախնական համաձայնություն տրամադրելու կամ չտրամադրելու մասին որոշումը պետք է պարունակի հիմնավորումներ դրա պատճառների մասին, հետևապես այն ընդամենը վարչական ակտ չէ, որը կարելի է պարզապես անվավեր ճանաչել, այն ընդգրկում է հիմնավորումներ համայնքի ավագանու դիրքորոշման վերաբերյալ։

Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն, նշված ավագանու որոշման կայացման օրվանից հետո՝ 5-օրյա ժամկետում համայնքի ղեկավարը լիազոր մարմնին և նախաձեռնողին է տրամադրում համայնքի ավագանու որոշումը, հանրային լսման արձանագրությունը, լուսանկարները կամ տեսաձայնագրությունները, առկայության դեպքում՝ նաև շահագրգիռ հանրության առաջարկությունները, դիտողությունները և կարծիքները։

ՇՄԱԳ օրենքի 17-րդ հոդվածի համաձայն՝ փորձաքննությունն սկսվում է փորձաքննության ներկայացվող փաստաթղթերի լրակազմ փաթեթն էլեկտրոնային տարբերակով նախաձեռնողի կողմից լիազոր մարմին ուղեկցող գրությամբ ներկայացնելու պահից։ Փաթեթը ներառում է տեղական ինքնակառավարման մարմնի ՇՄԱԳ օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված նախնական համաձայնության որոշումը, առանց որի փորձաքննությունը չի կարող սկսվել։

Այսպիսով, ՇՄԱԳ օրենքը սահմանում է համայնքի ավագանու որոշմամբ նախնական համաձայնության տրամադրման հստակ ժամկետներ, որոնք պետք է պահպանվեն գնահատման և փորձաքննության գործընթացում։ Դրանք չպահպանելու պարագայում, լիազոր մարմինն իրավասու չէ իրականացնել նախատեսվող գործունեության փորձաքննություն»։

Իր հերթին Եղեգիս համայնքի համայնքապետի պաշտոնակատար Ահարոն Գաբրիելյանն  Էկոլուրին ասաց, որ աշնանը «Մենդիա Ռեսուրսիս» ՍՊԸ-ն դատի է տվել Եղեգիսի ավագանուն իր  ընդունած որոշման համար։ Նա ասաց, որ պատրաստվում են որոշման նախագծին կցել դատական գործի հետ կապված փաստաթղթերը, որ հանրությանը պարզ դառնա, թե ինչու է որոշման նախագիծն առանց հանրային լսման օրակարգ մտել։  Էկոլուրի ճշտող հարցին՝ հանրային լսում չի՞ լինելու, Ահարոն Գաբրիելյանն ասաց․ «Դե արդեն, ոնց որ դա բաց թողված հարց է։ Իրավաբանն ասում է, քանի որ այդ գործառույթը չի ավարտվել, դատական պրոցեսով անցնում է․․․»։

Հիշեցնենք, որ «Մենդիա ռեսուրսիս» ՍՊԸ-ն Վարդենիսի բազմամետաղների հանքերևակման տեղամասում՝ 84 հա տարածքում, երկրաբանահետախուզական աշխատանքների իրականացման համար ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից 2023թ ապրիլի 10-ին ստացել էր եռամյա թույլտվություն։

Ընկերությունը երկրաբանական ուսումնասիրության ժամկետը երկարացնելու համար համայնքից թույլտվություն ստանալու նպատակով հանրային լսում էր անցկացրել 2025թ․ սեպտեմբերի 18-ին ՀՀ Վայոց ձորի մարզի Վարդահովիտ բնակավայրում։ Հանրային լսումն անցել էր լարված միջավայրում՝ ոստիկանների մասնակցությամբ։ Այնուհետև, Եղեգիս համայնքի ավագանին 2025թ-ի հոկտեմբերի 27-ին N 96-Ա որոշմամբ 8 դեմ, 0 կողմ, 0 ձեռնպահ ձայներով մերժել ընկերությանը՝ երկարաձգելու երկրաբանահետախուզական աշխատանքների ժամկետը։

Ապրիլ 16, 2026 at 15:57

Առանց հանրային լսումների Եղեգիս ավագանին նիստ կանցկացնի «Մենդիա ռեսուրսիս» ՍՊԸ-ի առաջարկով

Առանց հանրային լսումների Եղեգիս ավագանին նիստ կանցկացնի «Մենդիա ռեսուրսիս» ՍՊԸ-ի առաջարկով

Սույն թվականի ապրիլի 17-ին Վայոց ձորի Եղեգիս համայնքի ավագանին արտահերթ նիստ կանցկացնի «Մենդիա ռեսուրսիս» ՍՊԸ-ի առաջարկով։ Օրակարգում մեկ հարց է՝ «Մենդիա ռեսուրսիս» ՍՊԸ-ի ՀՀ Վայոց ձորի մարզի Վարդենիսի ոսկի-բազմամետաղների հանքերևակման տեղամասում կատարվող երկրաբանահետախուզական աշխատանքների ժամկետի երկարաձգմանը համաձայնություն տալու մասին:  Նշենք, որ ընկերությանը տրված օգտակար հանածոների արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրության թիվ ԵՀԹ-29/370 թույլտվության ժամկետն ավարտվել է 2026թ․ ապրիլի 10-ին։

Եղեգիսի համայնքապետարանի պաշտոնական կայքում արդեն իսկ հրապարակված է  «Մենդիա ռեսուրսիս» ՍՊԸ-ի գործունեությանը հավանություն տալու որոշման նախագիծը։  

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի պահանջի համաձայն՝ «Մենդիա ռեսուրսիս» ՍՊԸ-ի դիմումի հիման վրա համայնքը պետք է կազմակերպեր հանրային լսում, որի հիման վրա համայնքի ավագանին պետք է կայացներ որոշում գործունեությանը համաձայնություն կամ անհամաձայնություն տալու մասին։ Մինչդեռ հանրային լսում տեղի չի ունեցել։

«Էկոիրավունք» ՀԿ-ի նախագահ, իրավաբան Արթուր Գրիգորյանը, Էկոլուրի հետ զրույցում ներկայացնելով օրենքի պահանջը, նշեց․ ««Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի 16 -րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ հանրային լսումից հետո՝ 30 աշխատանքային օրվա ընթացքում, համայնքի ավագանին որոշում է ընդունում նախատեսվող գործունեության իրականացմանը նախնական համաձայնություն կամ անհամաձայնություն տրամադրելու վերաբերյալ։ Նույն հոդվածի համաձայն, նախնական համաձայնություն տրամադրելու կամ չտրամադրելու մասին որոշումը պետք է պարունակի հիմնավորումներ դրա պատճառների մասին, հետևապես այն ընդամենը վարչական ակտ չէ, որը կարելի է պարզապես անվավեր ճանաչել, այն ընդգրկում է հիմնավորումներ համայնքի ավագանու դիրքորոշման վերաբերյալ։

Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն, նշված ավագանու որոշման կայացման օրվանից հետո՝ 5-օրյա ժամկետում համայնքի ղեկավարը լիազոր մարմնին և նախաձեռնողին է տրամադրում համայնքի ավագանու որոշումը, հանրային լսման արձանագրությունը, լուսանկարները կամ տեսաձայնագրությունները, առկայության դեպքում՝ նաև շահագրգիռ հանրության առաջարկությունները, դիտողությունները և կարծիքները։

ՇՄԱԳ օրենքի 17-րդ հոդվածի համաձայն՝ փորձաքննությունն սկսվում է փորձաքննության ներկայացվող փաստաթղթերի լրակազմ փաթեթն էլեկտրոնային տարբերակով նախաձեռնողի կողմից լիազոր մարմին ուղեկցող գրությամբ ներկայացնելու պահից։ Փաթեթը ներառում է տեղական ինքնակառավարման մարմնի ՇՄԱԳ օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված նախնական համաձայնության որոշումը, առանց որի փորձաքննությունը չի կարող սկսվել։

Այսպիսով, ՇՄԱԳ օրենքը սահմանում է համայնքի ավագանու որոշմամբ նախնական համաձայնության տրամադրման հստակ ժամկետներ, որոնք պետք է պահպանվեն գնահատման և փորձաքննության գործընթացում։ Դրանք չպահպանելու պարագայում, լիազոր մարմինն իրավասու չէ իրականացնել նախատեսվող գործունեության փորձաքննություն»։

Իր հերթին Եղեգիս համայնքի համայնքապետի պաշտոնակատար Ահարոն Գաբրիելյանն  Էկոլուրին ասաց, որ աշնանը «Մենդիա Ռեսուրսիս» ՍՊԸ-ն դատի է տվել Եղեգիսի ավագանուն իր  ընդունած որոշման համար։ Նա ասաց, որ պատրաստվում են որոշման նախագծին կցել դատական գործի հետ կապված փաստաթղթերը, որ հանրությանը պարզ դառնա, թե ինչու է որոշման նախագիծն առանց հանրային լսման օրակարգ մտել։  Էկոլուրի ճշտող հարցին՝ հանրային լսում չի՞ լինելու, Ահարոն Գաբրիելյանն ասաց․ «Դե արդեն, ոնց որ դա բաց թողված հարց է։ Իրավաբանն ասում է, քանի որ այդ գործառույթը չի ավարտվել, դատական պրոցեսով անցնում է․․․»։

Հիշեցնենք, որ «Մենդիա ռեսուրսիս» ՍՊԸ-ն Վարդենիսի բազմամետաղների հանքերևակման տեղամասում՝ 84 հա տարածքում, երկրաբանահետախուզական աշխատանքների իրականացման համար ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից 2023թ ապրիլի 10-ին ստացել էր եռամյա թույլտվություն։

Ընկերությունը երկրաբանական ուսումնասիրության ժամկետը երկարացնելու համար համայնքից թույլտվություն ստանալու նպատակով հանրային լսում էր անցկացրել 2025թ․ սեպտեմբերի 18-ին ՀՀ Վայոց ձորի մարզի Վարդահովիտ բնակավայրում։ Հանրային լսումն անցել էր լարված միջավայրում՝ ոստիկանների մասնակցությամբ։ Այնուհետև, Եղեգիս համայնքի ավագանին 2025թ-ի հոկտեմբերի 27-ին N 96-Ա որոշմամբ 8 դեմ, 0 կողմ, 0 ձեռնպահ ձայներով մերժել ընկերությանը՝ երկարաձգելու երկրաբանահետախուզական աշխատանքների ժամկետը։

Ապրիլ 16, 2026 at 15:57

477 ջերմաարդիկանացված շենք, էներգաարդյունավետության բարելավում մինչև 60%-ով․ ՄԱԶԾ-ի կողմից իրականացված տասնամյա ծրագիրը թվերով

477 ջերմաարդիկանացված շենք, էներգաարդյունավետության բարելավում մինչև 60%-ով․ ՄԱԶԾ-ի կողմից իրականացված տասնամյա ծրագիրը թվերով

Երևանի և մարզերի 26 համայնքների 60 բնակավայրում 2017-2026թթ․ ջերմաարդիկանացվել է 477 շենք, որից՝ 209-ը բազմաբնակարան և 268-ը համայնքապատկան։ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից իրականացվող «Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում» ծրագրի արդյունքում այս շենքերում էներգաարդյունավետությունը բարելավվել է 20-60%-ով, բարելավվել են 600,000 մարդու կենսապայմաններ, ածխաթթու գազի (CO₂) տարեկան արտանետումները կրճատվել են 32,000 տոննայով կամ 640,000 տոննայով 20 տարվա կենսափուլի հաշվարկով։ Այս մասին ներկայացվեց 2026թ․ ապրիլի 14-ին ծրագրի ամփոփիչ միջոցառմանը։

Միջոցառմանը ներկա էին ՀՀ կառավարության, միջազգային կազմակերպությունների, մասնավոր հատվածի, քաղաքացիական հասարակության և լրատվամիջոցների ներկայացուցիչներ։

Ծրագիրն իրականացվել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) կողմից՝ Հայաստանի Հանրապետության կառավարության հետ համագործակցությամբ և Կլիմայի կանաչ հիմնադրամի (GCF) աջակցությամբ։ Կլիմայի կանաչ հիմնադրամը տրամադրել է 17.4 միլիոն դոլար դրամաշնորհ, ներգրավվել է ևս 64.8 միլիոն դոլար համաֆինանսավորման միջոց։

ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանն իր ողջույնի խոսքում նշեց․ «Որպես էներգետիկ անվտանգության և անկախության ձգտող երկիր՝ մեզ համար չափազանց կարևոր է շենքերի էներգաարդյուանվետության իրականացումը դիմակայունության բարձրացման համար։ Ծրագիրը մեզ տվեց հնարավորություն զարգացնել մեր ինստիտուցիոնալ կարողությունները, ամուր հիմքերի վրա դրանք դնել։ Ծրագիրը նաև ստեղծեց գործընկերների կայուն ցանց, ովքեր անհրաժեշտության դեպքում կարող են շարունակել այս աշխատանքը»։

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ, Առնակ Ավետիսյանը նշեց․ «Մենք սա համարում ենք մեր ամենահաջողված ծրագրերից և կարևորում նրա դերը հատկապես բնակչության էներգաարդյունավետության վարքագծի փոփոխության առումով։ Էներգիաարդյունավետության մտածողության փոփոխության առումով, վստահ եմ, ծրագիրը կարևոր նշանակություն է ունեցել մեր բոլորի համար։ Ծրագրի ամենակարևոր արդյունքն այս մոդելի փորձարկումը, ներդրումը և հաջող կիրառումն է, քանի որ բազմաշերտ համագործակցության հաջողված օրինակ է։ Ծրագրի շուրջ այս ամփոփոիչ քննարկումները մեզ ևս մեկ անգամ առիթ կտան մտածելու ծրագրի տված և ամրագրված արդյունքները շարունակական և ինստիտուցիոնալ դարձնելու ուղղությամբ»։

Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին Էկոլուրի հետ զրույցում նշեց․ «Սա ՄԱԶԾ-Կանաչ կլիմայի հիմնադրամ համագործակցության առաջատար ծրագիր է, որը հասցեագրել է Հայաստանի երեք փոխկապակցված առաջնահերթությունները՝ էներգետիկ անվտանգություն, էներգիայի մատչելիության խնդիրը տնային տնտեսությունների համար և Հայաստանի կլիմայի փոփոխությանն առնչվող պարտավորություններ։

Շատ կարևոր է շարունակել նման համագործակցությունը՝ գուցե ոչ հենց այս ծրագրի շրջանակում, բայց դրա նման նախաձեռնություններով։ Այս ծրագիրը հիմք դրեց այս երկրում էներգաարդյունավետության շատ հավակնոտ օրակարգի ձևավորմանը։ Կարևոր է, որ այս ծրագրի ստեղծած թափը պահպանվի, և էներգաարդյունավետության օրակարգը շարունակի մնալ առաջնահերթ»։

Նաթիա Նացվլիշվիլին ընդգծեց, որ Հայաստանը որդեգրել է շատ պատասխանատու դիրքորոշում իր կլիմայական պարտավորությունների հարցում։ «Երկրում Կենսաբազմազանության COP17 համաժողովի անցկացումը ևս մեկ օրինակ է այն առաջնորդության, որը Հայաստանը ցուցաբերում է միջազգային հարթակում՝ խթանելով կենսաբազմազանության պահպանությունը, որը սերտորեն կապված է կլիմայական գործողությունների հետ։ Հայաստանը միշտ ապացուցել է, որ պատասխանատու գործընկեր է միջազգային հանրության համար, և որ միջազգային հանրությունը կարող է ապավինել Հայաստանին գլոբալ օրակարգի առաջխաղացման գործում»։

Նրա խոսքով՝ էներգաարդյունավետությունն արդեն ոչ միայն ՀՀ կառավարության օրակարգն է, այլև՝ ազգային օրակարգ։ «Եվ սա ամենակարևոր դասն է, որը Հայաստանը կարող է փոխանցել այլ համայնքներին․ ինչպես կլիմայական միջամտությունները, որոնք բերում են կոնկրետ արդյունք, կարող են խթանել ավելի լայն գործողություններ և ձևավորել ավելի մեծ պահանջարկ»։

Շրջակա միջավայրի նախարարության Միջազգային համագործակցության վարչության պետ Ռուզաննա Գրիգորյանի խոսքով՝ երկրի ռազմավարական տեսլականն անցումն է դեպի ցածր ածխածնային, կլիմայական դիմակայուն և ներառական տնտեսություն։ Ըստ նրա՝ վերջին տարիներին նպատակային կերպով ամրապնդվել է իրավական և կարգավորող հենքը, ինչը հնարավորություն է տալիս իրական դարձնել այդ անցումը, որտեղ էներգաարդյունավետությունը կարևոր դեր ունի։

Ռուզաննա Գրիգորյանը շեշտեց, որ էներգաարդյունավետությունը միայն տեխնիկական լուծում չէ, այլ որոշումների համակարգ է, որը միաժամանակ նպաստում է արտանետումների կրճատմանը, օդի որակի բարելավմանը և բնական ռեսուրսների պահպանությանը՝ ծառայելով նաև սոցիալական և տնտեսական նպատակներին։

«Առաջիկայում շարունակելու ենք կանաչ անցման նախաձեռնությունների առաջմղմանն ուղղված բարեփոխումները, ինչը կօգնի ընդլայնել ներդրումային հնարավորությունները և ապահովել էներգաարդյունավետ լուծումների լայն կիրառումը երկրում», – ասաց նա։

«Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում» ծրագրի համակարգող Վահրամ Ջալալյանն Էկոլուրի հետ զրույցում նշեց, որ ծրագիրն իրականացվել է չորս հիմնական ուղղություններով և նպաստել է անցմանը պիլոտային ծրագրերից դեպի ավելի մասշտաբային նախաձեռնություններ։ «Մենք ոչ միայն ցույց ենք տալիս ջերմամեկուսացման տեխնոլոգիաների արդյունավետությունը, այլ նաև ներկայացնում ենք կենսունակ ֆինանսական և բիզնես մոդելներ, ինչպես նաև կազմակերպչական խնդիրների լուծման ուղիներ», – նշեց նա։

Նա ընդգծեց, որ կլիմայի փոփոխության բաղադրիչը ծրագրի առանցքային մասերից է․ «Ծրագիրը ֆինանսավորվում է Կլիմայի կանաչ հիմնադրամի կողմից և ուղղված է շենքերից ջերմոցային գազերի արտանետումների կրճատմանը»։ Վահրամ Ջալալյանի խոսքով՝ նույնիսկ ծրագրի ավարտից հետո այդ շենքերը շարունակելու են նվազեցնել արտանետումները։ Ծրագրի դրական փորձի և մշակված մոդելների հիման վրա հնարավոր է հետագայում մասշտաբավորել արդյունքները և մշակել նոր թիրախային ծրագրեր նույն ոլորտում։

Ծրագրի շինարար-ինժեներ Անդրե Օհանյանի խոսքով՝ համայնքապատկան շենքերը ներառել են մանկապարտեզներ, մշակույթի տներ, արվեստի դպրոցներ և այլ հասարակական շենքեր։

Բազմաբնակարան շենքերում կիրառվել է երկու մոտեցում՝ մասնակի և ամբողջական ջերմամեկուսացում։ «Մասնակիի դեպքում իրականացվել է տանիքների ջերմամեկուսացում կամ դռների և պատուհանների փոխարինում, իսկ ամբողջական տարբերակում՝ նաև արտաքին պատերի մեկուսացում», – նշեց նա։

Համայնքապատկան շենքերում իրականացվել են տարբեր միջոցառումներ՝ պատերի և տանիքների ջերմամեկուսացում, դռների և պատուհանների փոխարինում, LED լուսավորության տեղադրում, ջեռուցման համակարգերի արդիականացում, ինչպես նաև արևային ֆոտովոլտային համակարգերի և ջրատաքացուցիչների տեղադրում։

Անդրե Օհանյանի գնահատմամբ՝ ծրագրի արդյունքում համայնքներում ձևավորվել է զգալի գիտելիքի և փորձի բազա։  «Խնայողությունները շոշափելի են եղել՝ թե՛ էներգակիրների սպառման, թե՛ համայնքային բյուջեի վրա ազդեցության առումով», – հավելեց նա։

Ապրիլ 15, 2026 at 16:11

Էկոլուրը էկոկրթական հանդիպում անցկացրեց Երևանի Դավիթ Հովսեփյանի անվան թիվ 191 հիմնական դպրոցում

Էկոլուրը  էկոկրթական հանդիպում անցկացրեց Երևանի Դավիթ Հովսեփյանի անվան թիվ 191 հիմնական դպրոցում

2026թ․ ապրիլի 10-ին Երևանի Դավիթ Հովսեփյանի անվան թիվ 191 հիմնական դպրոցի հրավերով Էկոլուրի թիմն էկոկրթական հանդիպում անցկացրեց 9-րդ դասարանի աշակերտների հետ։

Հանդիպումը կազմակերպվել էր Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության 2025-2026թթ․ ուստարվա «Անվտանգ և ապահով կրթական միջավայր» կարգախոսի շրջանակներում, հանդիպան թեման էր «Բնապահպանական անվտանգություն, բնապահպանական աղետներ»։

Հանդիպմանը մասնակցեցին «Էկոլուր» տեղեկատվական ՀԿ-ի փոխնախագահ Վիկտորյա Բուռնազյանն ու լրագրող Քրիստինա Տեր-Մաթևոսյանը։ Վիկտորյա Բուռնազյանը ներկայացրեց կլիմայի փոփոխության հիմնական պատճառներն ու հետևանքները։ Խոսեց կլիմայի փոփոխության, կենսաբազմազանության կորստի և բնական աղետների փոխկապակցվածության մասին։

Աշակերտների հետ քննարկվեցին կլիմայի փոփոխության հարմարվողականության և մեղմման, կենսաբազմազանության պահպանության, բնական աղետների ռիսկերի նվազեցման հարցերը։  

Այնուհետև, խաղի միջոցով, իրենց ստացած գիտելիքներն օգտագործելով, աշակերտները քննարկեցին հնարավոր անտառահատման միջոցով ներդրումային ծրագրի իրականացման տնտեսական օգուտներն ու բնապահպանական վնասները, հնարավոր բնական աղետների ռիսկերը։ Թեժ քննարկման արդյունքում որոշեցին, որ անտառի պահպանումն ավելի կարևոր է։



Ապրիլ 15, 2026 at 14:30

Կովկասի բնության հիմնադրամը 285 հազար եվրո է հատկացրել ՀՀ պահպանվող տարածքներին

Կովկասի բնության հիմնադրամը 285 հազար եվրո է հատկացրել ՀՀ պահպանվող տարածքներին

Շրջակա միջավայրի նախարարության ենթակայության տակ գտնվող չորս ՊՈԱԿ-ներ Կովկասի բնության հիմնադրամի (CNF) կողմից ստացել են 2026թ․ ֆինանսական տարվա համար նախատեսված գումարային առաջին փոխանցումները՝ ընդհանուր 285 հազար եվրոյի չափով։ Այս մասին հայտնում են հիմնադրամից:

Հատկացված միջոցներից 90 հազար եվրոն ուղղվել է «Զանգեզուր» կենսոլորտային համալիրին, 75 հազար եվրոն՝ «Խոսրովի անտառ» պետական արգելոցին, 70 հազար եվրոն՝ «Դիլիջան» ազգային պարկին, իսկ 50 հազար եվրոն՝ «Արփի լիճ» ազգային պարկին։

Գումարները պետբյուջեի հետ համաֆինանսավորման սկզբունքով կուղղվեն ՊՈԱԿ-ների ընթացիկ ծախսերի ապահովմանը՝ նպաստելով պահպանվող տարածքների արդյունավետ կառավարմանը և բնական միջավայրի պահպանության աշխատանքների իրականացմանը։

Նշենք, որ ավելի վաղ Վայոց ձորի մարզի «Արփա» պահպանվող լանդշաֆտին նույնպես հատկացվել էր 50 հազար եվրո՝ տարածքի պահպանության և օպերացիոն ծախսերի ֆինանսավորման նպատակով։

Ապրիլ 14, 2026 at 15:45

Ինչքան դեռ կարելի է երկարացնել ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետը, ներկայացնում է «Հայատոմ» գիտահետազոտական ինստիտուտի գլխավոր տնօրեն տեխ.գիտ.դոկտոր, պրոֆեսոր Վահրամ Պետրոսյանը

Ինչքան դեռ կարելի է երկարացնել ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետը, ներկայացնում է «Հայատոմ» գիտահետազոտական ինստիտուտի գլխավոր տնօրեն տեխ.գիտ.դոկտոր, պրոֆեսոր Վահրամ Պետրոսյանը

 «2036թ.-ից հետո, դա իմ անձնական կարծիքն է, կարելի է ատոմակայանը շահագործել ևս 5 տարի: Ատոմակայանը պետք է աշխատի բազիսում, ատոմակայանի հզորությունը չի կարելի բարձրացնել, իջեցնել։ Այսօր մենք ստանում ենք օպերատորից՝ իջացրեք 30%-ով առավոտյան, երեկոյան բարձրացրեք 30%-ով։ Սա անթույլատրելի է։ Գոյություն ունի չափաքանակ, թե քանի անգամ կարող են բարձրացնել, իջեցնել հզորությունը, այն գերազանցելու դեպքում կարող ենք վնաս հասցնել ռեակտորի ջերմանջատիչ էլեմենտներին». «Հայատոմ» գիտահետազոտական ինստիտուտի գլխավոր տնօրեն, «ՀԱԷԿ» ՓԲԸ-ի տնօրենների խորհրդի նախագահ Վահրամ Պետրոսյան։

2026թ․ մարտի 12-ին «Էկոլուր» տեղեկատվական ՀԿ-ի մամուլի ակումբում տեղի ունեցավ «Ատոմային էներգետիկայի խնդիրներն ու հեռանկարները Հայաստանում» թեմայով մասնագիտական քննարկում։ «Հայատոմ» գիտահետազոտական ինստիտուտի գլխավոր տնօրեն, «ՀԱԷԿ» ՓԲԸ-ի տնօրենների խորհրդի նախագահ Վահրամ Պետրոսյանը հանդես եկավ «Հայկական ատոմային էլեկտրակայանի վիճակի մասին» զեկուցմամբ։

ՀԱԷԿ-ի վերաթողարկման մասին

Հայկական ԱԷԿ-ը բաղկացած է երկու էներգաբլոկներից` ՋՋԷՌ-440 տիպի (В-270 մոդելի) ռեակտորներով: ՀԱԷԿ-ի առաջին էներգաբլոկն արդյունաբերական շահագործման հանձնվեց 1976թ-ին, իսկ երկրորդը` 1980թ-ին: Էներգաբլոկների դրվածքային հզորությունը կազմում է 440 ՄՎտ, շահագործման նախագծային ժամկետը` 30 տարի:

ԽՍՀՄ մինիստրների խորհրդի որոշմամբ Սպիտակի ավերիչ երկրաշարժից հետո 1989թ. փետրվարին և մարտին կանգնեցվեցին №1 և №2  էներգաբլոկները, որին հաջորդեցին ԽՍՀՄ փլուզումը, Հայաստանի շրջափակումը, ծանր էներգետիկ ճգնաժամը։ Ստեղծված իրավիճակով  պայմանավորված՝ Հայկական ԱԷԿ-ի աշխատանքը վերսկսելու մասին որոշում ընդունվեց:  

«Վերագործարկման համար այս տիպի կայանների համար պետք է անպայման անվտանգության միջոցառումների շարք կատարվեր։ 3 հիմնական հարց կար դրված, 1-ին՝ կայանի շինհրապարակի սեյսմիկ վիճակի գնահատում, 2-րդ՝ ռեակտորի իրանի՝ հատկապես 4-րդ կարի գնահատում, և 3-րդ՝ ինչ դիագնոստիկ ախտորոշիչ համակարգեր կան՝ հատկապես արտահոսքերի հայտնաբերման ու գնահատման։ Այս ուղղությամբ բոլոր աշխատանքները կատարվելուց հետո՝ 1995թ. նոյեմբերի 5-ին, վերաթողարկվեց ՀԱԷԿ 2-րդ էներգաբլոկը»,- ասաց Վահրամ Պետրոսյանը։

Այնուհետև, որոշ ժամանակ անց ՄԱԳԱՏԷ-ն առաջարկեց TECDOC-640 փաստաթուղթը, որով առաջարկվում էր ՋՋԷՌ-440 էներգաբլոկների անվտանգության մակարդակի բարձրացումն իրականացնել՝ համաձայն նշված փաստաթղթի: «2015թ. TECDOC-640 փաստաթղթով պահանջված բոլոր միջոցառումները ՀԱԷԿ 2-րդ էներգաբլոկում իրականացվեցին: Այսինքն՝ ՄԱԳԱՏԷ-ի կողմից ներկայացված բոլոր պահանջները, որոնք վերաբերում էին ՋՋԷՌ-440  ռեակտորներով ԱԷԿ-ներին, կատարվեցին»,-  ասաց Վահրամ Պետրոսյանը։ Նա հիշեցրեց, որ ՀՀ նախագահին կից ստեղծվեց անկախ խորհրդակցական մարմին` ատոմային էներգետիկայի անվտանգության խորհուրդ, որի կազմում էին 8 երկրների 12 մասնագետ։ «Խորհրդի գլխավոր նպատակն այն էր, որ այդ մասնագետները ճիշտ գնահատեն անվտանգության մակարդակը և առաջարկություններ տան հայկական կողմին, այդ թվում նաև արտերկրների համապատասխան կազմակերպություններին ՀԱԷԿ-ի անվտանգության մակարդակի և հետագա անելիքների վերաբերյալ, որն իրականացվեց»,- ասաց Վահրամ Պետրոսյանը։

ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացում

2016թ․ լրանում էր Հայկական ատոմային էլեկտրակայանի շահագործման 30 տարվա նախագծային ժամկետը։  ՀՀ կառավարությունը որոշում կայացրեց երկարացնել ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետը։ Այս քայլին գնացել են աշխարհի մի շարք երկրներ։ Վահրամ Պետրոսյանը թվեց դրանցից մի քանիսին՝ Հունգարիա, Ռուսաստան, Ֆինլանդիա, Ուկրաինա, ԱՄՆ։ «Ամերիկայում 30 տարի նոր ատոմակայան չեն կառուցել, այլ իրենց ամբողջ ֆինանսական և մտավոր կարողությունները դրել են եղած բլոկների շահագործման ժամկետների երկարացման վրա և երկարացնում են», – ասաց Վահրամ Պետրոսյանը։

ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման համար ՀԱԷԿ-ում կատարվեցին մեծածավալ արդիականացման և վերազինման աշխատանքներ շուրջ 270 միլիոն ԱՄՆ դոլար ՌԴ-ից ստացված վարկի և 30 միլիոն դրամաշնորհի  միջոցներով:

ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի արդիականացման միջոցառումներից Վահրամ Պետրոսյանն առանձնացրեց հետևյալները․ Այստեղ ի՞նչ գլխավոր խնդիր մենք այդ պահին ունեինք: Առաջին կոնտուրում ունենք ДУ 32, ДУ 100, ДУ 200 և ДУ 500 մմ տրամագծով խողովակներ։ Ըստ նախագծի՝ կար մինչև ДУ 32 միլիմետրանոց խողովակից արտահոսքի կոմպենսացիա: Եվ այստեղ  համար մեկ խնդիրը դրվեց՝ հասցնել այն վիճակի, որ ДУ 100-ի պատռվածքի դեպքում մենք կկարողանանք կոմպենսացնել այն։ 2-րդ ամենակարևոր խնդիրը ռեակտորի մետաղի ստուգումն էր։ Ընտրեցինք այն տարբերակը, որ գնանք մետաղի թրծման։ Այնպես չէ, որ ամբողջ ռեակտորի մետաղը թրծվեց։ 4-րդ կարի երկու կողմից՝ մոտավորապես մի 50-40 սմ  վերև և ներքև, 475 աստիճան ջերմաստիճանի տակ թրծում կատարվեց Ռուսաստանի Դաշնության կազմակերպությունների կողմից: Արդյունքում ունեցանք մետաղի վերականգնում  և հիմնավորոււմ, որ ռեակտորի իրանը կարելի է շահագործել մինչև 2039թ.։ Ամբողջությամբ փոխվեցին երկրորդ կոնտուրի հիմնական սարքավորումները՝ շոգետուրբինը, գեներատորը, կոնդենսատորը և այլն»,- ասաց Վահրամ Պետրոսյանը։ Նա նշեց, որ իրականացված միջոցառումներից բացի անհրաժեշտ էր հիմնավորում ՀՀ միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի կողմից արտոնագիր ստանալու համար: Դրա համար պետք էր ունենալ անվտանգության հիմնավորման հաշվետվություն։ «Այդ անվտանգության հիմնավորման հաշվետվությունը 20 էջ չէ, 1000 էջ  չէ, 2000 էջ չէ։ Եթե բոլորը շարենք իրար գլխի, մոտավորապես 16 000 էջ՝ ներառյալ տարբեր տեսակի հաշվարկներով։ Եվ հաշվարկներով հիմնավորվեց, որ ատոմակայանի կյանքի տևողությունը կարելի է երկարացնել, և դրա հիման վրա ՀԱԷԿ-ը ստացավ արտոնագիր մինչև 2031թ.: Բայց դեռևս պահպանվում են անվտանգության որոշ դեֆիցիտներ։ Այդ դեֆիցիտները պետք է ժամանակի ընթացքում վերացվեն: Այսպես, ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի ժամկետը երկարացվեց 10 տարով մինչև 2026թ.։ Այս տարվա սեպտեմբերին 10 տարին կլրանա, և հիմա ընթանում են աշխատանքներ ևս 10 տարով մինչև 2036թ. երկարացնելու շահագործման ժամկետը»,- ասաց Վահրամ Պետրոսյանը։

Անվտանգության հիմնավորման հաշվետվության վերանայված տարբերակը մինչև մարտի վերջ պետք է ներկայացվի կարգավորող մարմին։ 2026թ․ապրիլի 1-ից ՀԱԷԿ-ը կանգնում է 5 ամսով պլանային վերանորոգման։ «Այս 5 ամսվա ընթացքում պետք է կարողանալ բոլոր փոփոխությունները կատարել, և այդ փոփոխությունների մեջ կա մի շատ լուրջ աշխատանք՝ կապված ДУ 200 միլիմետրանոց խողովակի հետ։ Այսինքն՝ առաջին կոնտուրը վերազինել և արդիականացնել այնպես, որ դրա պատռվածքի դեպքում կարողանանք արտահոսքը կոմպենսացնել: Իսկ ինչ վերաբերում է ДУ 500 մմ խողովակաշարերի պատռվածքին, առայժմ այդ հարցը չենք քննարկում: Այսինքն՝ մենք գնում ենք նրան, որ մինչև 2036 թիվը երկարացնենք ատոմակայանի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետը։ Մտածում ենք 2031թ-ին նորից մետաղի թրծում անել։ Արտոնագիրը տրված է մինչև 2031 թիվ։  Կարգավորող մարմնի կողմից ստանալ արտոնագիր մինչև 2041 թիվը։ Ինչ ասեմ, մոտ 49 տարի եմ աշխատել, շատ մասնագետների հետ եմ  աշխատել և շատ ճանաչված գիտնականների հետ եմ առիթ ունեցել գործնական քննարկումներ անցկացնել։ Իմ բազային կրթությունը «Ատոմային էլեկտրակայաններ և տեխնոլոգիաներ» է։ Ես ասում եմ, դա իմ անձնական կարծիքն է, որ 2036թ-ից հետո կարելի է ևս 5 տարի երկարացնել շահագործման ժամկետը, իսկ 2041թ-ից հետո՝ ոչ»,- ասաց Վահրամ Պետրոսյանը։

Ինչ ռիսկեր կան ատոմակայանի հզորության իջեցնելու և բարձրացնելու դեպքում

Վահրամ Պետրոսյանը խոսեց նաև ՀԱԷԿ-ի հզորության իջեցնելու և բարձրացնելու ռիսկերի մասին։ Հզորության փոփոխման, պատճառը, ըստ մասնագետի, արևային էներգետիկայի զարգացումն է մեր երկրում։

«Ատոմակայանը պետք է աշխատի բազիսում, ատոմակայանի հզորությունը չի կարելի բարձրացնել, իջեցնել։ Գոյություն ունի այսպիսի մի տերմին՝ ռեակտորի «թունավորում» (отравление реактора)։ 10 %-ով, թե 20 % ես իջեցնում հզորությունը, դու ինչ-որ չափով թունավորում ես ռեակտորը: Կար միջուկային ռեակտորների կինետիկայի մի համաշխարհային դեմք, ով ասում էր, որ ատոմակայան շահագործող մասնագետը միշտ պետք է ուղեղում ունենա, որ անցողիկ ռեժիմներում կարող են ի հայտ գալ այնպիսի պահեր, որ ռեակտորը հայտնվի ոչ ռեգլամենտային իրավիճակում»,- ասաց Վահրամ Պետրոսյանը:

Ինչ մոդելի ատոմային էներգաբլոկ է նախընտրելի կառուցել Հայաստանում

«Մենք, մեր երկրի էներգետիկ անվտանգությունն ապահովված կլինենք, եթե ունենանք նոր միջուկային էներգաբլոկ։ Հիմա հարց կծագի, ո՞րը», – ասաց Վահրամ Պետրոսյանը։ Նա ներկայացրեց տարբեր մոդելներ, որոնք դիտարկվում են։ Մոդուլային ատոմակայանների վերաբերյալ ասաց, որ փոքր մոդուլային ռեակտորներով ատոմակայանները գտնում են նախագծման, իսկ որոշները՝ լիցենզավորման փուլում։ Դեռ կառուցված նման կայան չկա։ «Կառուցվելուց հետո մի 2, 3 տարի շահագործվելուց հետո միշտ ծագում են խնդիրներ, որոնք լուծման կարիք են ունենում: Մեզ ավելի ցանկալի է, որ փորձն ունենալուց հետո նոր որոշում կայացնենք դրանց ընտրման և կառուցման վերաբերյալ»:

Նա նշեց, որ հետաքրքրական են նաև ջուր-ջերմատարով աշխատող 600-ՄՎՏ էներգաբլոկները,  որոնք կառուցվելու են Ռուսաստանի Դաշնությունում: Դրանք 1000 մեգավատտանոց կորպուսի մեջ  են հավաքվում, հուսալի են անվտանգության տեսակետից և կառավարման նոր մոտեցումներ են կիրառված: 600-ՄՎՏ հզորությունը համահունչ և ընդունելի է ՀՀ էլեկտրական ցանցերի համար:  ՌԴ-ում պլանավորում են մինչև 2035թ. կառուցել այն «Կոլա»  ԱԷԿ-ի հարակից տարածքում: Այս ուղղությամբ նույնպես պետք է մտածել:

Ապրիլ 14, 2026 at 11:14

Հայաստանի կենսաբազմազանության պահպանման օրակարգը COP17-ին ընդառաջ

Հայաստանի կենսաբազմազանության պահպանման օրակարգը COP17-ին ընդառաջ

ge.boell.org, Ին­գա Զա­րա­ֆյան, Վիկ­տո­րյա Բուռ­նա­զյան

2026թ. հոկտեմբերին Հայաստանը կհյուրընկալի ՄԱԿ-ի կենսաբազմազանության կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը՝ COP 17-ը: Սա պատմական իրադարձություն է, երբ կքննարկվեն Կունմին-Մոնրեալի շրջանակի «Գլոբալ վերանայման » (Global Review) մեխանիզմների վերաբերյալ:

Այս նպատակով Հայաստանը մշակել է Ազգային ռազմավարություն և գործողությունների պլան՝ ուղղված գլոբալ նպատակի իրականացմանը՝ մինչև 2030 թ-ն ապահովել Երկիր մոլորակի ցամաքային և քաղցրահամ ջրային էկոհամակարգերի առնվազն 30%-ի արդյունավետ պահպանումը: Այս նպատակին հասնելու ճանապարհին Հայաստանը բախվում է բազմաթիվ մարտահրավերների՝ հանքարդյունաբերության և էներգետիկայի ոլորտների բիզնեսի շահերի բախման, անտառի և այլ կենսառեսուրսների վերաբերյալ վստահել ի տվյալների բացակայության, գենետիկ ռեսուրսների անբավարար վերահսկողության ։

Հոդվածում ուսումնասիրվել են Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորությունները: Վերլուծվել է հանքարդյունաբերության, փոքր ՀԷԿ-երի և անտառահատումների ազդեցությունը էկոհամակարգերի վրա, ընդգծվել են օրենսդրական բացերն ու քաղաքական կամքի անհրաժեշտությունը կենսաբազմազանության պահպանության համար։

Ուսումնասիրությունը՝ այստեղ։

Այս հոդվածում արտահայտված մտքերը հեղինակինն են և չեն արտահայտում Հայնրիխ Բյոլ հիմնադրամի Հարավային Կովկասի տարածաշրջանի երևանյան գրասենյակի տեսակետը։

Ապրիլ 13, 2026 at 15:42

Հարկատուները՝ Իշխան Զաքարյանի բիզնեսի համաֆինանսավորող

Հարկատուները՝ Իշխան Զաքարյանի բիզնեսի համաֆինանսավորող

www.azatutyun.am, Մկրտիչ Կարապետյան

Հայաստանի կառավարությունը մտադիր է 5 տարի շարունակ իր վրա վերցնել պատգամավոր Իշխան Զաքարյանի հասարակական կազմակերպության ներդրումային ծրագրով նախատեսված կառուցապատման տարեկան վճարը. այդ գումարը կկազմի ավելի քան 165 միլիոն դրամ։ Որոշումն ընդունվեց այսօր կառավարության նիստում։

Զաքարյանը մտադիր է սպորտային ավան կառուցել Ջրվեժում՝ հենց անտառպարկում։ Դրա համար տարածքը կառավարությունը տրամադրել էր անցած տարի՝ արագացված կարգով։ Հիմա էլ գործադիրը որոշեց մուծել իր իսկ տրամադրած տարածքի կառուցապատման վճարը՝ ազատելով Զաքարյանին ներդրումային ծրագրի որոշակի ֆինանսական բեռից։

Անտառպարկի 23 հեկտարը՝ Իշխան Զաքարյանին

Անցած օգոստոսին կառավարությունը որոշեց Երևանի մերձակա «Ջրվեժ» անտառպարկի տարածքից ավելի քան 23 հեկտար հատկացնել Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտե հասարակական կազմակերպությանը, որի նախագահը Իշխան Զաքարյանն է։ Վերջինս այժմ անկախ պատգամավոր է, սակայն 2021-ին խորհրդարան էր մտել Սերժ Սարգսյանի «Պատիվ ունեմ» դաշինքի ցուցակով, ապա՝ ամիսներ անց լքել ընդդիմադիր խմբակցությունը։

Կառավարությունը անտառային պարկի հսկա տարածքը տրամադրել է, որպեսզի Զաքարյանի կազմակերպությունը բազմաֆունկցիոնալ սպորտային ավան կառուցի։ Ըստ նախագծի՝ այս ավանում պետք է ապրեն Համահայկական խաղերի՝ Հայաստան ժամանող մասնակիցները. նախատեսվում է տարածքում կառուցել 600 տնակ, բժշկական կենտրոն, լեռնադահուկային ուղի, ճոպանուղի, մարզասրահներ, հեծանվահրապարակներ և այլն։ Ծրագրի ընդհանուր բյուջեն կառավարությունը գնահատել է մոտ 20 միլիարդ դրամ, որը ներդնելու են «գործընկեր կազմակերպություններն ու անհատները»։ Ներդրումային ծրագիրը պետք է ավարտվի 13 տարի անց՝ 2038-ին:

Կառավարությունը կվճարի Զաքարյանի ՀԿ-ի փոխարեն

Կառավարության որոշման հիմնավորումներից տեղեկանում ենք, որ «Ջրվեժ» անտառպարկի ավելի քան 23 հեկտար տարածքի կառուցապատման իրավունքի տարեկան վճարը կազմելու է 24.5 միլիոն դրամ՝ հիմք ընդունելով շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքի հաշվարկի բանաձևը։ Գործադիրը հիմնավորել է, թե «ծրագրի իրականացման սկզբնական փուլը ենթադրում է զգալի նախապատրաստական աշխատանք ու կապիտալ ներդրումներ…դեռևս առանց գործունեությունից համարժեք եկամուտների ձևավորման»։ Ու քանի որ ներդրողը այս փուլում եկամուտ չի ստանում, կառավարությունը որոշել է կառուցապատման իրավունքով հողի տրամադրման տարեկան վճարի բեռը վերցնել ՀԿ-ից և 5 տարի՝ 60 ամիս, պետական աջակցության հատուկ մեխանիզմ ներդնել։ Սա ենթադրում է 24.5 միլիոն դրամի (մոտ 65 000 դոլարի) աջակցություն։

Երկրորդ ուղղությունը, որով կառավարությունը նախատեսում է փոխհատուցում տրամադրել, անտառային հողերը Զաքարյանի ՀԿ-ին տրամադրող «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ին է վերաբերում. ըստ որոշման՝ Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի փոխարեն տարեկան կառուցապատման վճարը վճարելուց հետո ՊՈԱԿ-ը ևս պետք է հարկ վճարի՝ տարեկան 9.8 միլիոն դրամի ավելացված արժեքի հարկ և 3.5 միլիոն դրամի շահութահարկ։ Ընդհանուր՝ տարեկան 13 միլիոն դրամը ևս կվճարի կառավարությունը։

Երևանից 11 կիլոմետր հեռավորության վրա գտնվող անտառպարկը հիմնադրվել է մոտ կես դար առաջ՝ 1977 թվականին՝ Երևանի էկոլոգիական վիճակի առողջացման նպատակով։ Այս տարածքում են աճում Հայաստանի Կարմիր գրքում գրանցված անհետացող ու հազվագյուտ 21 բուսատեսակներ։

«Հետք»-ը նոյեմբերին ներդրումային ծրագրի վերաբերյալ զրուցել էր Իշխան Զաքարյանի հետ, ով վստահեցրել էր՝ կառուցապատումն իրականացվելու է պարկի այն տարածքում, որտեղ անտառ չկա: «Անտառին որևէ մեկը չի կպնում, որևէ ծառ չի վնասվում, որևէ բան չի խաթարվում, ընդհակառակը՝ անտառազուրկ, ամայի տարածքը սարքելու ենք անտառ»,- վստահեցրել էր նա ու ասել, որ տարածքում 20 հազար ծառ է տնկվելու։

Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեին հատկացված տարածքը ներառում է նաև անտառպարկի ոռոգման համակարգի մի մասը։ Զաքարյանն ասել էր, որ մտադիր են ոռոգման նոր համակարգ ներդնել։

Ո՛չ կառավարության կողմից, ո՛չ ՀԿ-ի կողմից դեռ չի բացահայտվել, թե ովքեր են ֆինանսավորելու այս ներդրումային նախագիծը, խոսվում է միայն սփյուռքահայ բարեգործների ներգրավվածության մասին։

Այսօր կառավարությունում հարցի քննարկման ժամանակ Նիկոլ Փաշինյանը անդրադարձավ անտառպարկի տարածքում այս ծրագրի իրականացմանը. «Սա դե յուրե անտառային հող էր, բայց երբ մենք դա ուսումնասիրում ենք, այնտեղ քար ու քռի տրամաբանության մեջ գտնվող հող է…..ֆունկցիոնալ առումով ես գնահատականները կարդացել եմ։ Այն տեղերում, որտեղ հողերը անտառային նշանակության են, մենք նույնիսկ փոքր ներդրումները արգելափակում ենք, որը պրոբլեմ է։ Չվնասելով որևէ համակարգի՝ մենք պիտի այստեղ վերագնահատում ու քարտեզագրում անենք»:

Ծրագրին կողմ արտահայտվեցին ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, որը նաև հայտարարեց՝ ոչ ոք չի կարող անտառի պահպանմամբ ավելի շահագրգռված լինել, քան այն անձը, որը, օրինակ, 10 միլիոն դոլար է ներդնելու այնտեղ։

Ե՛վ ներդրող, և՛ ապօրինի ծագում ունեցող գույքի պատասխանող

Իշխան Զաքարյանը մի կողմից կառավարության աջակցությամբ ներդրումային ծրագիր է իրականացնում, մյուս կողմից՝ Գլխավոր դատախազության կողմից կասկածվում ապօրինի ծագմամբ գույք ունենալու մեջ։ 2024-ից դատախազությունը պահանջում է Վերահսկիչ պալատի նախկին նախագահ Զաքարյանից ու նրա ընտանիքի անդամներից բռնագանձել 1 անշարժ գույք Կոտայքի մարզում, երկու անշարժ գույք Երևանում, 2 ընկերություններում մասնակցություն, ավելի քան 43 մլն դրամի ավանդներ։ Զաքարյանի գույքերի վրա 755 միլիոն դրամի չափով արգելանք է դրվել։ Դատաքննությունը դեռ շարունակվում է։

Ընդ որում, քրեական այս գործը հարուցվել էր նախորդ ընտրություններից անմիջապես հետո՝ 2021-ի հուլիսին։ Թեև ԿԸՀ-ն այդ ժամանակ արդեն ամփոփել էր ընտրությունների արդյունքներն ու բաշխել մանդատները, դատախազությունը ընդդիմադիր Զաքարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու միջնորդությամբ այդպես էլ ԱԺ չմտավ։ Փոխարենը ամիսներ անց՝ նոյեմբերին, ինքը՝ Իշխան Զաքարյանը, հայտարարեց ընդդիմադիր «Պատիվ ունեմ»-ից դուրս գալու մասին։ Արդյունքում, 107 պատգամավոր ունեցող խորհրդարանում առանձնացավ մեկ «անկախ» ձայն, որը վճռորոշ նշանակություն ուներ ՔՊ-ի համար սահմանադրական մեծամասնությամբ ընդունվող որոշումների դեպքում։ Օրինակ՝ ՀՀ նախագահի ընտրության ժամանակ, երբ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը նախագահում էր նիստը և չէր կարող քվեարկել, հենց Զաքարյանն օգնեց, որ ապահովվի անհրաժեշտ 71 ձայնը։ ՔՊ թեկնածու Վահագն Խաչատուրյանն ընտրվեց՝ իշխանական 70-պատգամավորների և անկախ Իշխան Զաքարյանի ձայներով։

Տարիներ անց՝ 2024-ի հունիսին, սակայն, երբ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման օրերին ընդդիմությունը սկսեց քննարկել վարչապետ Փաշինյանի պաշտոնանկության հարցը, Զաքարյանը նրանց պակասող մեկ ձայնը այդպես էլ չապահովեց։ Իմփիչմենթի նախագիծ ներկայացնելու համար անհրաժեշտ էր 35 քվե, ընդդիմությունն ուներ 34։ Զաքարյանն այդ օրերին «անհետացավ»՝ ոչ խորհրդարան էր գալիս, ոչ էլ լրագրողների զանգերին արձագանքում։ Ճիշտ այդ ժամանակ հայտնի դարձավ, որ երեք տարի առաջ նրա նկատմամբ հարուցված փողերի լվացման, պաշտոնեական դիրքի չարաշահման, հայտարարագրում կեղծ տվյալներ ներկայացնելու քրեական գործը կարճվել է։ Թե ինչ հիմքով՝ հայտնի չդարձավ։

Ի դեպ, Իշխան Զաքարյանը լիազորություններն ավարտող այս խորհրդարանի ամենաշատ բացակայող պատգամավորն էր։ «Ազատություն»-ը գրել էր, որ այս բացակայությունները ԱԺ նախագահի կողմից համարվել են հարգելի, և Զաքարյանը մյուս պատգամավորների պես լիարժեք աշխատավարձ, ավելին՝ պարգևավճարներ է ստացել՝ չմասնակցելով նիստերին։

2024-ին Զաքարյանը պարգևատրվել էր նաև Ռուսաստանի նախագահի կողմից։ Պուտինը Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահին արժանացրել էր «Բարեկամության» շքանշանի՝ Ռուսաստանի և Հայաստանի մերձեցման, համագործակցության խորացման ու մշակույթի տարածման համար։

Ապրիլ 13, 2026 at 14:13