Մարզպետ դառնալուց հետո հողամասեր ու տներ է նվեր ստացել

Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը, ով այս պաշտոնին նշանակվել է 2022թ-ի հունվարին, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացրած հայտարարագրում 7 անշարժ գույք է հայտարարագրել։ Այս գույքերից 2-ը նա սկսել է տնօրինել 2003թ-ից, իսկ մնացած 5-ը՝ 2023թ-ին և դրանից հետո։ Որպես գույքերի ձեռքբերման աղբյուր Մովսիսյանը նշել է ժառանգություն կամ նվիրատվություն, իսկ մեկ գույքը հիփոթեքով ձեռք բերված բնակարան է։

Մովսիսյանը որևէ տվյալ չի հրապարակել բանկային հաշիվների մնացորդների վերաբերյալ, իսկ որպես կանխիկ գումար 5,5 մլն դրամ է հայտարարագրել։ Նրա տարեկան եկամուտները կազմել են 21 մլն 914 հազար 224 դրամ, որից 17 մլն 695 հազար 276 դրամը աշխատավարձ է ստացել, իսկ 4 մլն 218 հազար 948 դրամը գոյացել է եկամտահարկի վերադարձից։ Նրա հիփոթեքային վարկի մնացորդը կազմել է 41 մլն 18 հազար դրամ։

Մովսիսյանի կինը՝ Մարիանա Մկրտչյանը «Աշտարակի մշակույթի պալատ» ՀՈԱԿ-ի տնօրենն է։ Նա նախորդ տարի KIA մակնիշի 2022թ-ի արտադրության մեքենա է գնել՝ 3 մլն դրամով։ Նրա բանկային հաշիվներին եղել է 235 հազար 314 դրամ, իսկ կանխիկ ունեցել է 2 մլն դրամ։ Մկրտչյանի տարեկան եկամուտները կազմել են 4 մլն 243 հազար 621 դրամ, որից 3 մլն 562 հազար 400 դրամը գոյացել է աշխատավարձից, իսկ 681 հազար 221 դրամը՝ եկամտահարկի հետվերադարձից։ Նա նաև ունի 490 հազար վարկ։

Քրեական օրենսդրությունը կվերանայեն – Հրապարակ

Գերմանիան մտադիր է վերանայել իր Քրեական օրենսգրքի 188-րդ պարագրաֆը, որը նախատեսում է պատիժ՝ քաղաքական գործիչներին հանրայնորեն վիրավորելու համար։ Նման որոշում կայացվել է այն բանից հետո, երբ մի քանի գործեր են արդեն հարուցվել՝ կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հասցեին վիրավորական արտահայտություններով քննադատություններ հնչեցնելու համար։ Այս մասին հայտնում է Politico պարբերականը։ «Մենք ուշադրությամբ ուսումնասիրում ենք 188-րդ պարագրաֆի ձեւակերպումն ու կիրառման ձեւերը»,- հայտարարել է պարբերականի հետ զրույցում՝ Քրիստոնեա-Դեմոկրատական միություն կուսակցությունից ընտրված պատգամավոր Սյուզաննա Հիրլը։ Հոդվածում ասված է, որ առայժմ որեւէ օրենսդրական նախաձեռնություն այս առումով չի ձեռնարկվել։ ՔԴՄ/ՔՍՄ քաղաքական դաշինքը հակված է նրան, որ սկսի նախաձեռնություն՝ 188-րդ պարագրաֆը ՔՕ-ից հանելու համար։ Սակայն գործնական որեւէ քայլ դեռեւս չի արվել, քանի որ համարժեք փոխարինող հոդվածը դեռ չի ձեւակերպվել, որով կարելի լիներ այն փոխարինել։

Քաղաքակիրթ ձեւով մերժել է Աննա Հակոբյանին

Այսօր Աննա Հակոբյանը Քրեական օրենսգիրքում փոփոխություններ կատարելու և ընտանեկան բռնությունը որպես առանձին հանցագործություն ճանաչելու գործընթացի քննարկմանը հրավիրել էր մասնակցելու նաև ընդդիմադիր կին պատգամավորներին։ Հակոբյանն իր առաջարկը քննարկելու համար հանդիպման էր հրավիրել «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանին և «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանին ։
Մենք տեղեկացանք, որ Նարեկ Կարապետյանը քաղաքակիրթ ձեւով մերժել է հանդիպման առաջարկը, Աննա Գրիգորյանը դեռ չի պատասխանել, բայց ամենայն հավանականությամբ նա էլ կմերժի: Մեր զանգերին «Հայաստան» խմբակցության ղեկավարը չպատասխանեց, իսկ խմբակցության անդամները հայտարարեցին, թե պատասխան ունեն, բայց կոմպետենտ չեն` իրենք հայտարարել այդ մասին: Մի բան պարզ է, «նոր» խորհրդարանական ընդդիմության հետ լրագրողների հարաբերությունները շատ են բարդացել` հեռախոսազանգերին պատասխանելը, մանավանդ` հոդաբաշխ պատասխան ստանալը գրեթե անհնարին է դարձել:

Անահիտ Ավանեսյանի որդու գերթանկարժեք մեքենայով զորացրվելը՝ համացանցի վրդովմունքի առիթ

Հազարավոր տղաներ այդպես էլ չեկան, չեկան այդ շքեղ մեքենաներով, շատերս անգամ հրաժեշտ չտվեցինք մեր գանձերին։ Ձեր «խաղաղությունը» չպակասեցրեց զինվորների մահը։ Միայն այս ամիս, եթե չեմ սխալվում կա երեք մահ, ինքնասպանության ավարտով։ Ձեր փնթի քաղաքականության արդյունքում շատերս կարոտ մնացինք գրկախառնության։

Զսպեք ձեր ցուցամոլությունը

Այս մասին գրել Աստղ Գալեյանը

Նշենք, որ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի որդին զորացրվել է բանակից և տուն է վերադարձել գերթանկարժեք ավտոմեքենայով՝ Tesla Cybertruck-ով։ Համացանցում նրա այս կերպ վերադարձը ևս մեծ վրդովմունք է առաջացրել։

Հրմշտոցը կրոնական ծիսակատարության ժամանակ 7 մարդու կյանք է խլել

Հրմշտոցը Հնդկաստանում՝ Աշոկ Դհամի տաճարում տեղի ունեցած կրոնական ծիսակատարության ժամանակ՝ առնվազն յոթ մարդու մահվան պատճառ է դարձել։ Հիշեցնենք, որ Աշոկ Դհամի տաճարը գտնվում է Բիհար նահանգում՝ Հնդկաստանի հյուսիս-արեւելքում։ Այս մասին հայտնում է ANI լրատվական գործակալությունը։ Համաձայն հաղորդման, արարողության ժամանակ ընկել է էլեկտրասյունը, մարդիկ էլեկտրահարվել են, սկսվել է հրմշտոց եւ խուճապ։ Դեպքի առնչությամբ սկսվել է հետաքննություն։

Դեպքը տեղի է ունեցել առավոտյան ծիսակատարության ժամանակ, երբ տաճարի տարածքը մարդաշատ է լինում սովորաբար։ Ծիակատարությունը նվիրված է եղել հնդուիստական Շիվա «աստծուն» եւ այդ պահին տաճարի տարածքում 50 հազար մարդ է եղել։

Թրաֆիկինգի՞ են ենթարկել – Հրապարակ

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանին հարցում էի արել․ «Հունիսի 25-ին դուք մարզպետի խորհրդական Մանանա Գալստյանին «հատուկ առաջադրանքները եւ աշխատանքները ժամանակին եւ որակյալ իրականացնելու համար» խրախուսել եք մեկ ամսվա աշխատավարձով, Մ․ Գալստյանն ի՞նչ «հատուկ առաջադրանքներ եւ աշխատանքներ» իրականացնելու համար է դրամական խրախուսանքի արժանացել»։

Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից պատասխանել են․ «Գեղարքունիքի մարզպետի խորհրդական Մ․ Գալստյանը պարգևատրվել է «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 9-րդ կետի պահանջների համաձայն՝ 2026 թվականին իր պարտականությունները և իր պարտականություններից դուրս տրված հանձնարարականները որակյալ և ժամկետից շուտ կատարելու համար։ 2026 թվականի առաջին կիսամյակում իրենց պարտականությունները որակյալ և ժամկետից շուտ կատարելու համար պարգևատրում են ստացել նաև աշխատակազմի ևս 88 աշխատակիցներ»:

Գեղարքունիքի մարզպետի խորհրդականին՝ նրա պարտականություններից դուրս հանձնարարականներ տալը և կատարելը անձին թրաֆիկինգի ենթարկելու է նմանվում, մինչդեռ ցանկացած պաշտոնյա պարտավոր է եւ իրավասու է կատարել միայն օրենքով իրենց վերապահված աշխատանքներ եւ հանձնարարություններ։

Նարեկ Կարապետյանը հանդիպել է Ալեքսանդրա Քոուլի հետ

«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը հանդիպել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդրա Քոուլին

Երևան – Օգոստոսի 17-ին Ազգային ժողովում «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Միացյալ Թագավորության դեսպան Ալեքսանդրա Քոուլի հետ։ Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի տեղակալ Արամ Վարդևանյանը։

Կողմերը քննարկել են Հայաստանի առջև ծառացած անվտանգային և այլ մարտահրավերները, տնտեսական համագործակցության ակտիվացման հնարավորությունները, կրթական համակարգի զարգացման և այլ հարցեր։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել իրավունքի գերակայության ապահովմանը, մարդու իրավունքների պաշտպանությանը և դատական համակարգի զարգացմանն ու քաղաքական անկախության ապահովմանը։

Աշխատանքից ազատել են Ինֆանտինոյին քննադատած ՖԻՖԱ-ի պաշտոնյային

ՖԻՖԱ-ն հայտարարել է, որ աշխատանքից ազատվել է Քեւին Լամուրը։ Նա զբաղեցնում էր կառույցի օպերացիոն տնօրենի պաշտոնը։ «Կարող ենք հաստատել, որ աշխատանքային հարաբերությունները ՖԻՖԱ-ի եւ Քեւին Լամուրի միջեւ դադարեցված են»,- ասված է հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ Լամուրն էր ամենից թունդ քննադատողը եղել Ինֆանտինոյին՝ Աշխարհի առաջնության հետ կապված իրավունքների մի մասը մասնավոր ներդրողներին վաճառելու նրա ներկայացրած առաջարկի մասով։

Վթարի պատճառով 16 ժամ ջուր չի լինի․ հասցեներ

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ընկերության կողմից իրականացվող վթարավերականգնողական աշխատանքներով պայմանավորված, ս.թ օգոստոսի 18-ին ժամը 18:00-ից մինչև օգոստոսի 19-ը ժամը 10:00-ն կդադարեցվի Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Աղանդավորական գրասենյակում մոտ 30 միլիոն դոլարի ոսկեղեն է հայտնաբերվել

Թուրքիայում ոստիկանությունը կրոնական աղանդներից մեկի ղեկավար Ալիխան Քուրիշի ներգրավվածությամբ հետաքննվող փողերի լվացման գործով խուզարկություններ է իրականացրել այդ կրոնական աղանդի գրասենյակում եւ հայտնաբերել է ու առգրավվել 200 կգ ոսկյա ձուլակտորներ։ Ոսկու ձուլակտորների ընդհանուր արժեքը կազմում է 28 միլիոն դոլար։ Այս մասին հայտնում է TRT Haber-ը։ Ոսկու ծագումը դեռ անհայտ է։ Գործով ձերբակալվել է 38 անձ։ Նրանցից 32-ը կալանավորված են։ Կալանավորված է նաեւ աղանդի ղեկավարը։

Ձերբակալվածները եւս աղանդում ներգրավված անձինք են։ Վեց անձ ազատ է արձակվել, սակայն գտնվում է դատական հսկողության ներքո։ Թուրքիայի ՆԳ նախարարությունը հայտնել է, որ Անկարայի դատախազությունը 43 անձի ձերբակալության սանկցիա է տվել։ Մի մասի նկատմամբ հայտարարվել է հետախուզում։ Գործում ներգրավվածների մեջ կան նաեւ արտասահմանում գտնվողներ։